• am
  • ru
  • en
Версия для печати
10.04.2018

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ՝ ՈՐՊԵՍ ՀԶՈՐ ԶԵՆՔԻ ԹԵՐԸՆԿԱԼՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 2, 2018

Արմեն Ղալեչյան
Գնդապետ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի մարշալ Հ.Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի Առաջնորդում և կառավարում ամբիոնի ավագ դասախոս

Մարդիկ իրենց շրջապատող աշխարհը սկսել են ընկալել ոչ միայն համաձայն իրենց կրթական ցենզի, այլև ավելի հաճախ՝ ինչպես դա նրանց ներկայացնում է «արհեստածին» տեղեկատվական միջավայրը: Աշխարհն այլևս չի ղեկավարվում անցյալի «մնայուն» կանոններով` ենթարկվելով շարունակական սկզբունքային փոփոխությունների: Երբ այդ աշխարհում առկա ղեկավարման համակարգերն սկսում են ուշացումով արձագանքել նոր տիպի խնդիրների լուծմանը և աշխարհն այլևս ի վիճակի չէ ապահովել անվտանգության «բավարար» մակարդակը, ապա նա իր «արհեստածին» տեղեկատվական միջավայրի միջոցով սկսում է «վաճառել» սպառնալիքներ, որոնցից հետագայում փորձում է մեզ հերոսաբար «պաշտպանել»: Տեղեկույթը վերածվում է առաջին անհրաժեշտության ապրանքի, և դա է պատճառը, որ բոլոր համաշխարհային նորությունները կառուցված են զայրույթի և վախերի (հավանական պատերազմների վերսկսման) վրա: Այդ պատճառով էլ առաջին պլան է մղվում այդ խնդիրների լուծման այսպես կոչված «արտակարգ գործիքակազմը», որն, ըստ էության, բավական կոշտ է և ագրեսիվ:

Այսօր փոխակերպվում է նաև այդ «արտակարգ գործիքակազմը»` ներկայանալով ոչ թե ֆիզիկական, այլ տեղեկատվական տիրույթում: Անցյալում հասարակություններն իրենց գաղափարները հիմնականում զարգացրել են ռացիոնալ մոտեցումներով, որոնց հիմքն են հանդիսացել, օրինակ՝ գիտությունը և մարդկության էվոլյուցիան: Դրան հակառակ` ժամանակակից հասարակությունն իր ներկան կառուցում է հույզերով և զվարճանքներով (օրինակ՝ վեպերին փոխարինող հեռուստասերիալներով1) և դրանց տալով նախապատվություն՝ նպաստում է կրիտիկական մտածողության կորստին։ Տեղեկատվական պատերազմն իր մոտեցումների մեջ ունի երկու «հենասյուների» վրա հիմնված սկզբունքային տարբեր՝ տեղեկատվատեխնիկական2 և տեղեկատվահոգեբանական3 (տեղեկատվահումանիտար) մոդելներ: Առաջինի գործիքակազմը կիբեռգործողություններն են, իսկ երկրորդինը` ներազդմանն ուղղված օպերացիաները:

Երկու մոդելների հիմնական նպատակը մարդկանց ղեկավարումն է, բայց տարբեր ձևերով ու մեթոդներով: Այսինքն` վերը նշվածից հետևում է, որ մեր ժամանակներում տեղեկատվական պատերազմները դարձել են օրինաչափ երևույթ: Դրանց նպատակն է ներազդել մարդկության համար կարևորագույն բոլոր ոլորտների վրա: Այդ ոլորտներն են՝ քաղաքական, ռազմական, ֆինանսական, տնտեսական, միջազգային հարաբերություններ և այլն: Բանակային ներազդման օպերացիաների օրինակներից են «Փոթորիկ անապատում» գործողության ընթացքում հակառակորդին մոլորության մեջ գցելու նպատակով լայնորեն կիրառվող քողարկման լրակազմերը, այդ թվում սպառազինության և ռազմական տեխնիկայի հիմնական տեսակների և համակարգերի նմանակները: Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի սահմանի երկայնքով ծավալվել էին բազմաթիվ կեղծ նշանակետերի համակարգեր: Հիմնականում կիրառվել են զրահատանկային տեխնիկայի ստանդարտ նմանակիչներ, որոնք հնարավորություն ունեին գործնականում ցուցադրելու ապաքողարկիչ հատկություններ բոլոր սահմաններում՝ եռաչափ ստվերապատկեր, շարժիչի ջերմային ճառագայթում և նրա աշխատանքային աղմուկը, զրահատանկային տեխնիկայի կրակոցների նմանակում, կողային ռադիոկայանների պարբերաբար եթեր դուրս գալը և այլն: Նմանակների քանակը համապատասխանեցվել էր Պարսից ծոցում ԱՄՆ խմբավորումների կազմում առկա մարտական տանկերի քանակին:

Վերջին ժամանակներում կատարված բոլոր նշանակալից և քննարկվող իրադարձությունները ստեղծվել են նմանատիպ տեղեկատվական գործիքակազմի օգնությամբ4։ Այս բոլոր դեպքերում մարդու ինքնուրույնությունը թուլանում է, քանի որ նրան դիմակայում են հզորագույն տեղեկատվական մեխանիզմներ («համակարգեր»)՝ ապահովելով դրանց համար բոլոր պահանջվելիք մեկնաբանությունները: «Տեղեկատվական պատերազմ» նորաոճ տերմինով սկսել ենք բնութագրել ներազդման ամենատարբեր օպերացիաներ, որոնք ուղղված են անհատական և զանգվածային մտածողության վրա: Այսպես՝ սկզբունքորեն դրա կիրառման կապակցող գործիք է պարտադրման մեխանիզմը, որն անցյալում շատ կարևոր էր, օրինակ` բացահայտ կրոնական և գաղափարական հարկադրող ազդեցության ժամանակ, ինչը տարիների ընթացքում փաստորեն փոխակերպվեց՝ դառնալով ավելի քողարկված և թաքնված: 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի դեմ ահաբեկչական հայտնի գործողությունների օրինակը ցույց տվեց, որ դրանց տեղեկատվական հետևանքները ֆիզիկական իրադարձություններից ազդեցիկ էին: Ներկայում դա բնութագրում է Իսլամական պետության ահաբեկիչների (ժամանակակից) գործելակերպը, որը վերոնշյալ իրադարձություններից հետո ընդգծեց իր ուրույն գործիքակազմը: Ահաբեկիչները ստեղծեցին և շարունակում են կատարելագործել զանգվածային գիտակցության վրա ներազդման իրենց գործողությունները: Հետևաբար, այդ վիրտուալ տեղեկատվական հոսանքների հորձանուտն ընկած մարդն այլևս ի վիճակի չէ դրանց ինքնուրույն հակազդելու:

Բանակին վերաբերող մասով կարելի է բերել հետևյալ ուսուցանող օրինակը. մասնավորապես, վերլուծելով Իրաքյան պատերազմի արդյունքները՝ կարելի է հանգել այն եզրակացությանը, որ լավ կոորդինացված տեղեկատվահոգեբանական գործողությունների և օպերացիաների հետևանքները կարող են գերազանցել բուն ռազմական գործողությունների արդյունքները: Իրաքյան բանակի դասալիք կամ գերի հանձնված տասը զինվորից յոթը դիմել է այդ քայլին ամերիկյան տեղեկատվության ազդեցության տակ: Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ տեղեկատվահոգեբանական պայքարը պետք է տարվի օպերատիվ մարտավարական մակարդակների՝ շտաբների, զինվորական ղեկավարման մարմինների համատեղ ջանքերով:

Եթե մարդկությունն անցյալում հենվում էր կրոնի և գաղափարախոսության վրա, ապա այսօր նա տեղեկատվության հետևորդն է, որը նրան ուղղորդում է «դեպի ճիշտ պահվածք»՝ պատրանք ստեղծելով, որ դա նրա սեփական որոշումն է: Սոցիալական մեդիան5 և հեռուստասերիալները համակարգված ու անտեսանելի կերպով ձևավորում են նրա հույզերը, ինչը հիշեցնում է դպրոցական և բուհական տարիներին գիտելիքի (տեղեկատվության)՝ երբեմն անքննադատ, որպես բացարձակ ճշմարտության ընկալումը: Սոցիալական մեդիան և հեռուստասերիալները դարձել են հույզերի մեքենաներ, որոնք մարդուն ներքաշել են դրա ձևավորման արդյունաբերական գործընթացի մեջ6 Նկատենք, որ ֆանտաստիկ թեմաներով հեռուստասերիալների մեծ մասը մեզ նախապատրաստում է սարսափելի ապագայի գալստյանը, այդպես է նաև մուլտֆիլմերում և համակարգչային խաղերում7, որտեղ մարդը մարդու ոխերիմ թշնամին է: Հույզերի առաջացման անհատական պրոցեսները չեն կարող մրցակցել ինդուստրիալացված, հատուկ համակարգերի կողմից նպատակաուղղված ձևավորված հույզերի հետ, քանի որ անհատականները թույլ են և ոչ հստակ, իսկ ինդուստրիալացվածը՝ հզոր են և հստակ:

Այսօր շատերը մտածում են միանման` ոչ այն պատճառով, որ դա է քարոզում կրոնը կամ գաղափարախոսությունը, այլ որ հեռուստաէկրաններից դա են թելադրում հեռուստասերիալները կամ «հանրաճանաչ հեռուստատեսային մեկնաբանները»8։ Վերահսկելով և ձևավորելով զանգվածային (զանգվածների) գիտակցությունը` կարելի է քարոզել «ազատություններ ու իրավունքներ», կազմակերպել «բարեփոխումներ», հրահրել խռովություններ և գունավոր հեղափոխություններ9։

Ակնհայտ է, որ այս արհեստածին տեղեկատվական «նոր աշխարհի» մոդելը հասարակությունների մեջ ունենում է իր երկարաժամկետ բացասական հետևանքները: Նոր աշխարհը, որում ներկայում ընթանում են տարբեր պատերազմներ, կտրուկ մեծացրել է տեղեկատվական տարածության մեջ «ռազմական գործողությունների» հնարավորությունները: Այսօր ամեն ինչ կարող է կողմ կամ դեմ աշխատել ցանկացած պետությանը: Այս «նոր աշխարհի» ընդհանուր ուրվագծի փոփոխություններն արդեն յուրացվում են որոշ պետությունների կողմից: Վաղուց ընթանում են կիբեռ- և տեղեկատվական պատերազմներ: Ընդհանրապես, ըստ էության շատ է մեծացել «անվտանգություն» հասկացության դերը, քանի որ եթե անվտանգությունը դիտարկվում էր բացառապես ռազմական տեսանկյունից, իսկ նրա գործիքակազմը բացառապես 7ռազմական էր, մասնավորապես՝ ավիացիա, հրասայլեր, հրթիռներ, գերճշգրիտ սպառազինություն (ինքնակառավարվող հրթիռներ, ՌԷՊ ժամանակակից միջոցներ, անօդաչու թռչող հարվածային համակարգեր) և այլն, ապա պատկերացնենք. եթե հիմա գերճշգրիտ հրթիռ բաց թողնենք՝ ներկայիս պայմաններում այն բավական թանկ հաճույք է10, բայց դրա փոխարեն հիմա կարելի է բաց թողնել «տեղեկատվական գերճշգրիտ հրթիռ» և այդ գործողությունը կրկնել մի քանի անգամ, ապա դրա արդյունքը մի քանի անգամ կգերազանցի նախորդի արդյունքը, քանի որ այդպիսով կատարվում է հակառակորդի «ուղեղների լվացում», ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում հետագա գործողությունների համար: Դրա վառ օրինակներից է The Washington Post-ի 2008թ. հոկտեմբերի 3-ի հոդվածը, որում բառացիորեն գրված էր. «ԱՄՆ պաշտպանության նախարարությունն Իրաքում անհատ գործարարներին վճարել է մինչև $300 մլն՝ իրաքյան ԶԼՄ-ում քաղաքական նյութերի, նորությունների, ժամանցային ծրագրերի և սոցիալական գովազդների պատրաստման համար, որպեսզի տեղի բնակչությունը համակրի ԱՄՆ քաղաքականությունը»: Զուգահեռաբար, թե՛ մինչ մարտական գործողությունները սկսելը, թե՛ գործողությունների ընթացքում ԱՄՆ-ը, օգտագործելով տեղեկատվական բոլոր հնարավոր գործիքները, համաշխարհային հանրությունում Իրաքի ղեկավարության նկատմամբ, ի դեմս Սադամ Հուսեյնի, ձևավորել էր բացասական կարծիք՝ նրան ներկայացնելով որպես սատանայական կերպար:

Ներկայում աշխարհի մի շարք զարգացած պետությունների բանակներն արդեն ունեն հատուկ ստորաբաժանումներ, որոնք սոցիալական ցանցերը լցնում են «գրավիչ» տեղեկույթներով: Այդ պետությունները ստեղծում են հզոր համակարգեր, որոնք կարողանում են «վերամշակել» ցանկացած տեղեկատվություն իրենց օգտին: Այսօր այդ դերակատարմամբ հանդես է գալիս հեռուստատեսությունը11 (մասամբ նաև համացանցը)՝ ռազմավարական նպատակների օգտին արտաբերելով մարտավարական փաստեր:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ մարդկությունն այսօր ապրում է փափուկ և կոշտ ղեկավարման մոդելների ներքո: Կոշտ ղեկավարումը «ներարկվում» է մարդկանց, ովքեր կրում են «ծառայողական համազգեստներ», իսկ փափուկ ղեկավարումը՝ այն մարդկանց, ովքեր ունեն համացանցին միացված համակարգիչներ, որոնք անցյալում ունեցել են գրիչներ ու տպագրական մեքենաներ: Իրականում փափուկ ձևը կրթությունն է, գրականությունը, արվեստը, իսկ ներկայում` իհարկե, հեռուստասերիալները… Գաղափարախոսությունը և կրոնը նույնպես փափուկ ղեկավարման մոդելներ են, եթե մենք ենթարկվում ենք դրանց:

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ «Տեղեկատվական պատերազմը մի տեղեկատվության հարձակումն է մեկ այլ տեղեկատվության վրա, որի արդյունքում մեր գլուխներում առաջանում է իրականության այլ պատկեր և մենք դառնում ենք այլ մարդ»12: Աշխարհընկալման ցանկացած լղոզում մեզ դրդում է ոչ ճիշտ որոշումների, որն անթույլատրելի է ցանկացած մակարդակի, դիրքի և պաշտոնի մարդու համար:

1 Տե՛ս Ս.Մանուկյան, Դ.Գալստյան, Ինչ են մատուցում լսարանին Հայաստանի հեռուստաալիքները, «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս» ամսագիր, # 9 (88) 2017, էջ 21: Օրինակ՝ ՀՀ առավել դիտվող հեռուստաալիքներով հեռարձակվող սերիալների ընդհանուր ծավալը կազմում է 64,4%:

2 Տե՛ս Ա.Ղալեչյան, Տեղեկատվական պայքարը ռազմական ոլորտում, «Նորավանք» ԳԿՀ, 2016, էջ 77:

3 Նույն տեղում, էջ 76։

4 Օրինակ՝ ԱՄՆ և ՆԱՏՕ անդամ պետությունների ներխուժումը Հարավսլավիա, Իրաք, Լիբիա, Սիրիա և այլն:

5 Տե՛ս Ս.Մարտիրոսյան, Համացանցի և բջջային կապի ներթափանցումը, սոցիալական մեդիաները Հայաստանում (2017թ.), «Նորավանք» ԳԿՀ, «Գլոբուս» ամսագիր, # 9 (88), 2017, էջ 13: Մասնավորապես՝ ՀՀ –ում facebook.com կայքի այցելուների թիվը 2017թ. երրորդ կիսամյակում կազմել է 1 մլն 600 հազար օգտատեր` օրական մոտ 690 հազար օգտատեր: Նաև առաջընթաց է գրանցել youtube.com–ը, որը ՀՀ-ում դառնում է ակտիվ վիդեոբլոգերային հարթակ:

6 Տե՛ս Ա.Ղալեչյան, Տեղեկատվական մեթոդների միջոցով ԶՈւ անձնակազմի գիտակցության վրա ներազդելու որոշ հարցեր, «Նորավանք» ԳԿՀ, «21-րդ ԴԱՐ», #6 (76) 2017, էջ 19:

7 Օրինակ՝ համացանցում տարածված Ֆրեդի արջի մասին մանկական մուլտը կամ համակարգչային սարսափ խաղեր - Rezident Evil-ը, Evil within-ը և այլն:

8 Տե՛ս Ա.Ղալեչյան, Տեղեկատվական մեթոդների միջոցով ԶՈւ անձնակազմի գիտակցության վրա ներազդելու որոշ հարցեր, «Նորավանք» ԳԿՀ, «21-րդ ԴԱՐ», 6 (76), 2017:

9 Տե՛ս Գ.Հարությունյան, Գունավոր հեղափոխություններ, «Նորավանք» ԳԿՀ, «21-րդ ԴԱՐ», 4 (68), 2016:

10 Օրինակ՝ համեմատական կարգով ամենից էժան ինքնաղեկավարվող (ինքնաթիռներից արձակվող) մեկ «XA 25» հրթիռն արժե մոտ $10.000, իսկ «ցամաք-ցամաք» տիպի մեկ գերճշգրիտ հրթիռների արժեքը տատանվում է $2-ից 3 մլն-ի սահմաններում:

11 Տե՛ս Ս.Մանուկյան, Դ.Գալստյան, Լ.Հակոբյան, Աշխարհի կերպարը Հայաստանի հեռուստատեսային լուրերում, «Նորավանք» ԳԿՀ, «Գլոբուս» ամսագիր, #10 (89) 2017, էջ 11:

12 https://zn.ua/article/print/socium/informacionnyy-poedinok-ili-kak-chelovek-v-galstuke-pobezhdaet-ch...



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր