• am
  • ru
  • en
Версия для печати
11.09.2018

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ

   

Հեղինակ՝ Անժելա Հարությունյան

05.09.2018

Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է շոկի մեջ մնալ «պոկերի արքա», ազգությամբ հայ, ԱՄՆ-ի քաղաքացի Դեն Բիլզերյանի Արցախի Հանրապետություն կատարած այցից:

Գործը հասավ նրան, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա հղեց երկրում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Գիլին, վերջինիս բողոքելով, թե Դեն Բիլզերյանը Հայաստանի տարածքով «ապօրինաբար» հատել է Արցախի սահմանը, խախտել երկրի միգրացիոն օրենսգիրքը, ապօրինաբար ձեռք է բերել զենք և ապօրինաբար կրակ արձակել:

Իսկ Հայաստանում ադրբեջանական ցնցումներին ժպիտով են վերաբերվում:

«Նոր բան չկա նրանց գործելաոճում, շատ հայտնի ձեռագիր է՝ Ալիևները այդ քաղաքականության իրականացնողներն են»,- ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց քաղաքական փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԸ:

Մեր դիտարկմանը, արդյոք, Ադրբեջանը չի փորձո՞ւմ նման դեպքերն օգտագործել սեփական քարոզչության տարածման համար, հայտարարություններում էլ զետեղել այն միտքը, թե ադրբեջանական հողերը, իրենց խոսքով ասած՝ օկուպացված են, Արցախն էլ ոչ հայկական հող է և այլն, վերլուծաբանը նկատեց՝ Ադրբեջանում մշտապես փորձում են միջազգային հնչեղություն տալ նման հարցերին և ԼՂ հիմնախնդիրը ներկայացնել իրենց շահերի դիրքերից:

«Ալիևը ուզում է ցույց տալ, թե Ադրբեջանն ի վիճակի է քաղաքական օրակարգ բերել նման հարցեր այնպիսի երկրների հետ՝ ինչպիսին ԱՄՆ-ն է: Ուզում են տպավորություն ստեղծել, թե Ադրբեջանն ունի այդ կշիռը, և կհասնի քաղաքական ինչ-որ նպատակների: Իհարկե, Լապշինի գործից հետո պարզ դարձավ, որ այս գործելաոճը զուտ իրավիճակային նշանակություն ունի, և չի կարող ռազմավարական լուրջ հեռանկարներ ունենալ: Երբ Լապշինին արտահանձնեցին Ադրբեջանին, հետո ձերբակալեցին, ի՞նչ եղավ՝ ոչինչ, բաց թողեցին: Այսինքն, իրավիճակային առումով, միգուցե Ադրբեջանը հասավ ինչ –որ բանի, բայց հեռանկարային առումով՝ որևէ լուրջ հաջողության չհասավ»,- նկատեց մասնագետը:

Պատասխանելով հարցին՝ մի՞թե Բիլզերյանը կարժանանա Լապշինի ճակատագրին, ԱՄՆ-ն հանուն Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների՝ կհանձնի՞ իր քաղաքացուն, Վերանյանն ասաց. «Իհարկե՝ ոչ: Բիլզերյանը միջազգային մասշտաբի մեծ հեղինակություն ունի, բացի այդ՝ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է: Հայկական կողմը կարող է այս իրողությունները օգտագործել փիառ նպատակներով, ինչպես նաև, աշխատել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում այդ խնդիրը օրակարգային դարձնելու ուղղությամբ»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս. «Հայկական կողմը կարող է օգտագործել Բիլզերյանի միջազգային հեղինակությունը, Թրամփի հետ մտերիմ հարաբերությունները և փորձել ԱՄՆ-ում հայկական լոբբիստական խմբերի ջանքերով, Ադրբեջանի կոշտ ռազմավարության հարցը բերել Վաշինգտոնի քաղաքական օրակարգ: Այս քայլը, կարծում եմ՝ շատ կարևոր է: Նման իրավիճակային փիառ քայլեր Ադրբեջանը բազմիցս է անում, հայկական կողմը, եթե փորձի օգտվել այդ հանգամանքից՝ շատ շահեկան դիրքում կհայտնվի»:

Մեր դիտարկմանը, թե հաշվի առնելով այն, որ երկու երկրները գտնվում են տեղեկատվական պատերազմի մեջ, արդյո՞ք, հայկական կողմն անհրաժեշտ չափով օգտագործո՞ւմ է նման իրավիճակները քարոզչական դաշտում հայանպաստ ֆոն ստեղծելու համար, փորձագետն ասաց՝ այս հարցերում Հայաստանի վարած քաղաքականությունը շարունակում է մնալ պաշտպանողական. «Մենք արձագանքում ենք միայն որևէ իրադարձությունից կամ հայտարարությունից հետո, երբեք առաջինը չենք օգտագործում ընձեռված հնարավորությունը: Շատ լավ կլիներ, եթե Բիլզերյանի այցը նախապատրաստելիս արդեն ունենայինք ծրագրեր, քանի որ սպասելի էր՝ Ադրբեջանը Բիլզերյանի այցի ավարտից հետո կանցնի իր հայտնի գործելաոճին:

Ինչու չէ, հետագայում, եթե հարցը, քննարկումների առումով, ավելի բարձր մակարդակի հասնի՝ դրան կարելի է նույնիսկ հետևել դիվանագիտական արձագանք: Այս պահին էլ կան ռեսուրսներ, որոնք հայկական կողմը կարող է օգտագոործել ընդդեմ ադրբեջանական քարոզչության»,- ասաց պարոն Վերանյանը:

Արցախ այցելող հայտնի դեմքերը, երբ հայտնվում են ադրբեջանական «սև ցուցակում», կամ երբ Ադրբեջանը նման անհիմն նոտաներով է հանդես գալիս, արդյոք դա ի ցույց չի դնո՞ւմ այդ երկրի անկարողությունն ու թուլությունը՝ հարցին Վերանյանը պատասխանեց. «Միանշանակորեն այդպես է: Ինչի՞ է հասել Ադրբեջանը այդ ամենի շնորհիվ՝ ոչնչի, միայն այդ ցուցակն է ավելանում: Ժամանակի ընթացքում այդ ցուցակն այնքան կավելանա, որ կկորցնի իր արդիականությունը, իմաստը: Այս տեսանկյունից՝ իհարկե, անհնար է զսպել զբոսաշրջիկների, թե տարբեր պաշտոնյաների հոսքը դեպի Արցախ: Ադրբեջանը չի կարող որևէ լուրջ զսպող ազդեցություն ունենալ այս հարցում: Իրենք ձգտում են, որ հոսքը Արցախ հնարավորինս դադարի, և Արցախը քիչ հայտնի լինի աշխարհում: Մինչդեռ վիճակագրությունը բոլորովին այլ պատկեր է ցույց տալիս»,- եզրափակեց Կարեն Վերանյանը:

http://haydzayn.am/p/71704



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր