• am
  • ru
  • en
Версия для печати
11.07.2020

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

   

Արամ Սաֆարյան
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան


Վերջին օրերին հայաստանյան հասարակության մեջ կրկին աշխուժացան հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ժամանակակից վիճակին սպառնալիքների և մարտահրավերների շուրջ բանավեճերը: Ընդդիմադիրները պնդում են, որ պետք է հակահարված տալ քիչ հայտնի քաղաքական խմբերի անպատասխանատու հայտարարություններին Հայաստանի տարածքից 102-րդ ռուսական ռազմական հենակետը դուրս բերելու իբր անհրաժեշտության մասին: Հայաստանի ռուսաստանյան բարեկամները զարմանում են, թե ինչու՞ են մեր երկրում «փորձարկումներ» անում երկկողմ հարաբերությունների թեմաներով և թե ինչպե՞ս է հայաստանյան իշխանությունը համադրում իր քաղաքականության հյուսիսային վեկտորը Արևմուտքի հետ հարաբերությունների հետ: Այս ամենը վերջին օրերին հող են ստեղծում հայ-ռուսական ռազմավարական դաշինքի իրական խորության և հեռանկարների շուրջ մտորումների համար և, ակնհայտ է, որ մթնոլորտը լարված է իրարամերժ, իրենց մակարդակով և խորությամբ տարբեր մեկնաբանություններով:

Ռուսաստանյան սահմանադրության լրացումների քվեարկության արդյունքը ժամանակակից Ռուսաստանը ավելի ուժեղ դարձրեց

Ռուսաստանն անցավ իր քաղաքական զարգացման ևս մեկ փուլ: Ռուսաստանյան հասարակության ակտիվ մասի ավելի քան երեք քառորդը քվեարկեց երկրի հիմնական օրենքում փոփոխությունների և լրացումների օգտին: Կառավարությունը և Խորհրդարանը ստացան նոր լիազորություններ: Սահմանադրությունում կձևակերպվի ռուս ժողովրդի դերը որպես պետականաստեղծի: Ընդլայնվել են տերության հզորացման օգտին աշխատող հասարակական կազմակերպությունների իրավունքները: Նշվել է ավանդական կրոնների, ավանդական արժեքների՝ ռուսաց և այլ լեզուների, ընտանիքի, երեխաների, արժանապատիվ և ապահովված ծերության հանդեպ հարգալից ու հոգատար վերաբերմունքի կարևորությունը: Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանա կրկին մասնակցել նախագահական ընտրություններին, ապա նա կարող է դա անել: Այս և այլ նորամուծությունները ակնհայտորեն Ռուսաստանը դարձնում են միաժամանակ և՛ ժամանակակից, և՛ ավելի տերունական: Կարևոր է, որ ռուսաստանյան քաղաքացիների մեծամասնությունը համարժեքորեն հասկացավ և պաշտպանեց այդ սահմանադրական նորամուծությունները: Մեծ պետության քաղաքացիները վստահության քվե տվեցին Վ.Պուտինին և նրա թիմին զարգացման և ուժեղացման ճանապարհով մեծ երկիրը տանելու համար:

Քվեների հաշվարկի հաջորդ օրը Վ.Պուտինը շնորհակալություն հայտնեց ռուսաստանցիներին հանրաքվեին մասնակցելու և վստահություն հայտնելու համար: Չնայած այս փոփոխություններին հակառակորդների թիվը նույնպես փոքր չէր, սակայն երկրի բնակիչների մեծամասնությունը, Ռուսաստանի սովորական քաղաքացիները հերթական անգամ, ինչպես և հազարամյա պատմության բոլոր ճակատագրական-բեկումնային պահերին, համախմբվելով ապացուցեցին, որ թույլ չեն տալու վնասել իրենց երկիրը, թույլ չեն տալու թուլացնել երկրի պետական հաստատությունները և պատրաստ են հաղթահարել ցանկացած դժվարություններ հանուն դրա: Ռուսաստանյան հազարամյա պետությունը Պուտինի օրոք անում է հերթական հզոր թռիչքը արդիականացման, նորացման և ժամանակակից դեմքի ձևավորման համար երկարաժամկետ հեռանկարի կտրվածքով: Իրադարձությունների աղմկոտ ընթացքի, սոցիալական ցանցերում գերլարված բանավեճերի, միջազգային անբարենպաստ իրադրության մեջ այդ սկզբունքային դիրքորոշումները կարող էին և աննկատ մնալ: Սակայն տարբեր երկրներում բոլոր այն փորձագետները, իսկ նրանց հետևից նաև քաղաքական գործիչները, ովքեր գիտեն և ուսումնասիրում են Ռուսաստանը, խորամուխ եղան, հասկանալով, որ այդ ամենը հենց այդպես էլ կա և պետք չէ գործել սխալներ, մտածելով, որ Ռուսաստանը կարող է ավելի թույլ դառնալ և որ կարելի է նրա հետ բարեկամություն փորձել անել մինչև վերջ անկեղծ չլինելով, և որ կարելի է նրան թերագնահատել ու վիրավորել, հուսալով, որ դա անպատասխան կմնա: Այս վերջինը կուզենայի առանձնակի նշել Հայաստանում արևմտամետ այն խմբերի համար, որոնք հաճույքով նախկինում էլ տրամադրել և այժմ էլ տրամադրում են իրենց ռեսուրսները Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների հիմքերը սասանելու փորձերի համար: Եվ վերջինը. շնորհակալություն հայտնելով իր կողմնակիցներին (իսկ նրանք կրկին Ռուսաստանում մեծամասնություն են) Վ.Պուտինը նշեց, որ ժամանակ է պետք երկրի տնտեսական ներուժը զարգացնելու և հասարակական-քաղաքական համակարգը ամրապնդելու համար և որ նորացված սահմանադրությունը լիուլի տրամադրում է նման հնարավորություն և որ ռուսաստանյան իշխանությունը դա անպայման անելու է: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահին հղած ուղերձում շնորհավորեց քվեարկության արդյունքների առիթով և համոզմունք հայտնեց, որ դա հիմք կդառնա Ռուսաստանի քաղաքական և տնտեսական հզորությունը ամրապնդելու համար: Հույս ունեմ, որ հայկական պետության ղեկավարի այս շնորհավորանքը հրապարակային դրսևորումն է այն անկեղծ ընկալման, որ Ռուսաստանի հզորացումն ու ամրապնդումը միանշանակ օգտակար և շահավետ է Հայաստանի ու հայ ժողովրդի համար:

Ամառային կրքեր հայ-ռուսական ռազմավարական դաշինքի թեմայով

Խորհրդարանական ընդդիմադիր խոշորագույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը անցյալ շաբաթ աննախադեպ կոշտ հայտարարություն արեց Հայաստանից 102-րդ ռուսական ռազմական հենակետը դուրս բերելու պահանջների անթուլատրելիության մասին: Այդ թեմայով հերթական սադրիչ հայտարարությունները (այլ կերպ դա չես էլ անվանի) ստիպեցին «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական վերնախավին և նրա հետ հավասարապես հայ հասարակության ակտիվ մասի ակնհայտ մեծամասնությանը արձանագրել, որ բացի այն բանից, որ հաճույք է պատճառվում թուրք-ադրբեջանական շրջանակներին և տարբեր երկրներում հայերի հակառակորդներին, այդ ելույթները որևէ այլ հաջողություն չեն կարող ունենալ: Պարզ է, որ մեր օրերում, երբ միջազգային մթնոլորտը ծայրահեղ լարված է, երբ գլոբալ Արևմուտքի դիրքորքշման մեջ գերազանցում են հակառուսաստանյան միտումները, երբ նույնիսկ կորոնավիրուսի համավարակը չի խանգարում գաղափարական դիվերսիաներ և տեղեկատվական գրոհներ իրականացնելուն, հայկական մեդիա տարածքի մեջ նման արտանետումները պարզապես չեն կարող լինել պատահական: Կարևոր է, որ մեր հասարակության առողջ մասը, որ եզրակացություններ է արել պատմության դաժան դասերից, բավական աշխույժ համախմբվեց և անմիջապես հակահարված տվեց անպատասխանատու գործողություններին:

Հայաստանի հետ հարաբերությունները, ետխորհրդային տարածքում ինտեգրման խորացման հարցերը շարունակում են մնալ ռուսաստանյան բարձրագույն իշխանության ուշադրության կենտրոնում: 10 օր առաջ ուղիղ հանրաքվեի նախօրէին նախագահ Պուտինը խորհրդակցություն անցկացրեց ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որտեղ քննարկման թեման էր եվրասիական ինտեգրումը: Մամուլում այդ քննարկումների վերաբերյալ մանրամասներ չկան: Սակայն ակնհայտ է, որ ԵԱՏՄ և ՀԱՊԿ-ի ներսում հարաբերությունները շարունակում են մնալ ռուսաստանյան արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններ և այդպիսիք են լինելու տեսանելի հեռանկարում: «Ազգի» էջերում այդ մասին մենք գրել ենք երեք շաբաթ առաջ և պարզապես ուրախ ենք, որ մեր կանխատեսումները հաստատվում են և որ դա բխում է Հայաստանի Հանրապետության կենսական շահերից:

Ի՞նչ է մտադրությունների անկեղծությունը մեծ քաղաքականության մեջ

Այսպիսով, հայկական քաղաքական դիսկուրսում վիճաբանությունների և փոխադարձ մեղադրանքների առարկա վերջին օրերին կրկին դարձան հայ-ռուսական հարաբերությունների հարցերը: Մի կողմից, պաշտոնական աղբյուրների հաղորդումների համաձայն այս ուղղությամբ անհանգստության առիթ չկա: Նորմալ ընթանում են եվրասիական տնտեսական ինտեգրման կառավարման գործընթացները, որտեղ Հայաստանը հանդես է գալիս իբրև հետաքրքրված և կառուցողական դեր խաղացող երկիր: Մեր տնտեսական հարաբերությունները ամենալուրջ քննությունն են բռնում կորոնավիրուսի պանդեմիայի ավերիչ հետևանքների պայմաններում: Եվրասիական փորձագիտական ակումբը մտադիր է այս տարվա հուլիս-օգոստոս ամսիներին իրականացնել իր թվով վեցերորդ, արդեն ավանդական հետազոտությունը ԵԱՏՄ-ում մեր երկրի կիսամյակի կտրվածքով մասնակցության տնտեսական տվյալների և հեռանկարների մասին: Մենք իրավունք ունենք հպարտանալու մեր առաջատար տնտեսագետների հետազոտությունների բարձր մակարդակով, որոնց արդյունքում արդեն ավանդաբար բացահայտվում են մեր երկրի համար եվրասիական ինտեգրման նշանակության խորքային հարցերը: Հայաստանում աննպաստ համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս մեր արտագնա աշխատողներին Ռուսաստան մեկնել սեզոնային աշխատանքների: Արդեն պարզ է, որ դա մեր ՀՆԱ-ի վրա շատ բացասական ազդեցություն է ունենալու 2020թ.: Սակայն շատ կարևոր է, որպեսզի հարաբերությունների Ռուսաստանի այնքան վստահելի լինեն, որպեսզի դրանց դրական ազդեցությունը հետագայում զգան նաև մեր հարյուր հազարավոր աշխատանքային միգրանտները:

Հայաստանը հնարավորություն ունի օգտագործելու համավարակով պայմանավորված պաուզան ներհասարակական երկխոսություն ծավալելու համար առավելագույն թվով մասնագետների և քաղաքացիական ակտիվիստների ներգրավմամբ ռուսաստանյան ամենատարբեր կառույցների հետ վստահության խողովակներ ստեղծելու նպատակով: Ոչ թե թշնամանալ, ոչ թե նախանձել, ոչ թե ատել ու խանգարել մեկմեկու, դատողությունների հիմքում չդնել ընդդիմախոսներին ոչնչացնելու ցանկությունը, ամեն կերպ թուլացնելը միմյանց, միմյանց դավաճան ու թշնամի անվանել, այլ ընդհակառակը՝ նախաձեռնել քաղաքացիական համախմբման գործընթացներ, երկրի ներսում արտաքին ազդեցությունները ներդաշնակեցնել, բացահայտել ամբողջ աշխարհին հայտնի հայկական բնավորության դրական գծերը հանուն այն բանի, որ այդ ամենը ծառայի Հայաստանին: 2020թ. տնտեսական առումով շատ բարդ է լինելու: Դա արդեն հասկանալի է: Բայց հայկական բնավորությունը միշտ պատրաստ է եղել արժանապատվորեն, ատամներն ամուր սեղմած դիմակայել զրկանքին ու դժվարություններին, եթե առջևում հստակ երևում է հուսադրող հեռանկարը:

Մեր աշխարհի մեծ պետությունները շտապում են հուսադրել իրենց քաղաքացիներին, որ իրենց երկրների տնտեսությունը 2021թ. կվերականգնվի և նույնիսկ կգնա զարգացման ճանապարհով: Ռուսաստանի պարագայում դա կարելի է ասել էլ ավելի մեծ համոզմունքով: 2021-2025թթ. ռուսական տնտեսությունը կշարժվի վստահ և հարգանքի արժանի զարգացման ուղիով: Դա նաև այն պատճառով, որ երկիրը գտնվում է նախագահական ընտրությունների նախաշեմին: Ահա թե ինչու է կարևոր մտածել մեր տնտեսական համակարգը ռուսաստանյան տնտեսության հետ համակողմանի կոոպերացնելու, մեծ ու փոքր համատեղ նոր նախագծեր կյանքի կոչելու մասին: Ինչպես դա բազմիցս պատահել է մեր նոր ու նորագույն պատմության մեջ, պետք է ի հայտ գան հանճարեղ հայեր իրենց պայծառ ուղեղներով և պետք է կանգնեն այդ գործընթացների գլխին, թույլ չտալով Հայաստանը դարձնելու մերձավորարևելյան ետնախորշ: Հայաստանի բնակչության մեծ մասը Ռուսատանի հետ ամենասերտ հարաբերությունների կողմնակիցն է: Հայկական վերնախավում (հատկապես նոր սերնդի) այդ հոգեկերտվածքի կրողները այնքան էլ շատ չեն: Բայց եթե հայկական բարձրագույն իշխանությունները կարողանան իմաստուն կերպով Ռուսաստանի հետ դաշինքը համատեղել գլոբալ Արևմուտքի հետ գործընկերությամբ, չխորամանկել, չլինել երկերեսանի, գիտակցաբար կամ անգիտակցորեն չվնասել այդ հարաբերություններին, ապա Հայաստանը իսկապես կարող է զարգացման և բարգավաճման հնարավորություն ստանալ նույնիսկ ժամանակակից անբարենպաստ պայմաններում:


soyuzinfo.am


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր