• am
  • ru
  • en
Версия для печати
29.01.2009

Գ.ԳՈՒԱՐՉ. «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՏԱԿ»

   

Արթուր Ղուկասյան

Գոնսալո Գուարչի Հայոց ցեղասպանությանը նվիրված երկրորդ՝ «Հայկական կտակ» գիրքը (առաջինի վերնագիրն էր «Հայկական ծառ») կարդալով՝ պարբերաբար Ֆրանց Վերֆելին էի մտաբերում ու հավակնում կարծել, որ իսպանալեզու և ոչ մի գրող չի թափանցել մեր ազգի ինքնության և պատմության մեջ այն աստիճան, որքան վերոհիշյալ հեղինակը:

Նկարագրվող ողբերգական իրադարձությունների գլխավոր հերոսն Անրի դը Լատուրն է` հանգամանքների բերումով Կոստանդնուպոլսում հայտնված ֆրանսիացի լրագրողը, հետագայում նաև` նույն երկրի դեսպանատան ներկայացուցիչը: Տեղ հասնելուն պես (1885թ.) նա ծանոթանում է եվրոպական դիվանագետների հետ, որոնք փորձում են որոշ «դասեր» տալ նորեկին, և ամենաշատը նրան ապշեցնում է վերաբերմունքը հայության նկատմամբ։ «Այո, թեև նրանք քրիստոնյաներ են, բայց...»: Հայերն ի՞նչ։ Վատ չէ նրանց առնչությամբ աչքերը փակել, հարկ եղած դեպքում էլ` փոշի փչել աչքերին: Դրա համար թուրքերը նույնիսկ որոշ գումար էլ են վճարում: Եվ ահա, Անրիին էլ է խորհուրդ տրվում` զգուշանալ այդտեղ հայասերի դիրքերից հանդես գալու: «Կարիք չկա՜»,- համառում էին հատկապես իրենք իրենց ընտրյալ հռչակած գերմանացիները, որոնք համակրում էին, այդուհանդերձ, համանման համոզմունքներ ունեցող օսմանցիներին, չնայած որ սրանք հարցը բոլորովին այլ կերպ էին դնում. շատ են շատացել քրիստոնյաներն աշխարհում, երբ պետք է ընդհանրապես չլինեին: Ստացվում էր հետևյալ պատկերը. մինչ մի ցեղ զբաղված է մյուս ազգի ոչնչացման ծրագրերով, եվրոպացիներն այդ նույն պահին իրենց խնդիրներն են լուծում: Ցինիզմի գագաթնակե՞տն էր արդյոք, թե՞ խոսքը չեզոք հանդիսատեսների մասին էր, որոնք ամբողջն իբրև ընդամենը մի ներկայացում էին պատկերացնում. ահա կբարձրանա վարագույրը, ու ձեռք ձեռքի բռնած նորից զոհերը մարդասպանների հետ միասին բեմ դուրս կգան՝ ապացուցելու, որ ամենը, իհարկե, պարզապես մի խաղ էր: Դերերը հաստատ բաժանված էին, իսկ իրադարձությունները, դժբախտաբար, ավելի քան իրական: Ասենք, այնքան իրական, որ հիմք ծառայեցին Հիտլերի համար հորդորելու սեփական զինվորներին. «Կոտորե՛ք անխնա, ո՞վ է հիշում այսօր հայերի մասին»:

Դա, սակայն, հետագայում (երբ ֆաշիստները գործնականապես ցուցադրեցին Նիցշեի դիպուկ նկատողության իրավացիությունը. «Ես դեռ ոչ մի գերմանացու չեմ հանդիպել, որ հրեաների նկատմամբ բարեհաճ տրամադրված լիներ»): Իսկ այժմ դեռ դը Լատուրի հետ միասին Փարիզից դեպի Կոստանդնուպոլիս և Արևմտյան Հայաստան տանող երկար ճանապարհորդություն է սպասվում:

Ինչ խոսք, Թուրքիան բնավ այն երկիրը չէ, ուր հաճույքով ես մեկնում աշխատելու։ «L'Aurore»-ի խմբագրությունն, այնուամենայնիվ, հենց այնտեղ է գործուղում Անրիին և առանց դժգոհություն հայտնելու, ֆրանսիացին ընդունում է այդ առաջարկը՝ լավ հասկանալով, թե ի՛նչ ասել է կայսրությունը և բնիկ ո´ր ժողովուրդների հաշվին է այն այդքան ընդարձակվել: Շատ չանցած, Հովհաննես Օհանյանի հյուրընկալ տանը գտնվելու ժամին, թղթակիցը արյունարբու Աբդուլ Համիդի հրամանով կիրառվող սարսափելի ճնշումների մասին իր առաջին նյութը կստանա: Սուլթանի անօրինակ ատելությանն էին արժանանում հատկապես հայերը, տեղեկացնում էին նրան, որոնց հանդեպ անդադար բռնություններն ուղեկցվում էին մշտապես բազմաթիվ հրեշավոր տեսարաններով: Սկզբից ևեթ դը Լատուրն առնվազն զարմանք է վերապրում, որ նման անհանդուրժելի կերպարանքով հանդես եկած պետությունը ոչ միայն Բեռլինի կողմից է ընդունելի, այլև Լոնդոնի և այլոց: Իրերի դրությանը ծանոթ գրողն այս պարագայում տեղ է տալիս Իբրահիմ Ջեմոյին, որն այսպես է բացատրում. «Տեսեք, ես ինքս ալբանացի եմ, բարձրաստիճան սպա և համապատասխան դիրք ունեմ այստեղ, սոցիալական ու տնտեսական վիճակս նույնպես բարվոք է, բայց և այնպես, թուրք չեմ: Չնայած այդ ամենին, ինձ վերից վար են նայում»: Պատկերն ամբողջացնելու համար հեղինակը խոսքն անգլիացի հյուպատոսին է փոխանցում, որը կիսվում է արդեն Ֆրանսիայի դեսպանատան մամլո խոսնակ նշանակված Անրիի հետ, թե նոր չէ այդ վիճակը ստեղծվել այդտեղ, այլ Մահմուդ Բ-ի ժամանակվանից: Որպեսզի եկող հարյուրամյակների ընթացքում կյանքը ոչ թուրքերի շրջանում իսկապես դառնա անտանելի: «Քրիստոնյան,- նշում է նա,- շարիաթի օրենքներով դատվել չի կարող։ Նրա իրավունքները, հետևաբար, վերջինիս կողմից ճանաչված չեն»:

Ամենաթողության առաջին վկայությունը Գ.Գուարչը ներկայացնում է հերոսին Բայբուրթի մոտակայքում պատանդ վերցնելու դրվագում։ Ո՞ւմ հոգսերից խոսել. քուրդ խանի՞, թե՞ անմեղ «մեղավոր» Դավիթ Մուրադյանի, որի ապրած ամեն վայրկյանն արդեն գոյապայքար է: «Ավելի լավ է թողնել Թուրքիան և վերադառնալ Փարիզ՝ մոռանալով այս ամենը...»,- ինքն իր մեջ խորհում է մարդը ու գնում... դեպի Վան` տեսնելու այն ամբողջ ճշմարտությունը, որը քողարկվում էր ամեն տեսակ բեյերի կողմից: Տեսնելու՝ սլացող փամփուշտներն ու մահը: Բաց չե՞ն թողնի թուրքերի ձեռքերում հայտնված Դ.Մուրադյանին: Պարզ դարձավ շուտով. չնայած տրված խոստումներին, Դավիթի հարազատները փայտե մի արկղ ստացան, որի մեջ էր նրա... գլուխը:

Եվ թե որքանով է լավ կռահել գրողը մեր տրամադրությունները տվյալ մթնոլորտում, պարզ երևում է գործարար Սիմոն Չիլինգարյանի խոսքերից. «Մենք` հայերս, չենք հավատում այլևս ազգերին, որքան էլ նրանք իրենց բարեկամության մասին հավաստիացնեն: Մենք հավատում ենք անհատներին»: Քանզի ազգերն անհաղորդ էին, երբ անզեն «գյավուրներ»-ի վրա դիտմամբ սոված պահված գայլեր էին արձակում: Անհատ դը Լատուրը շուտով հեռանում է սարսափներով լի այդ վայրից: Նախ Փարիզ է վերադառնում, այնուհետև մեկնում Նյու Յորք: Սակայն այնտեղ էլ հանդիպում է իր հին հայ ծանոթներին։ Ի՞նչ կա այնտեղից: Նա՛վթ: Նավթ կա այնտեղ, որն ըստ Ջ. Ղազարյանի, «որոշելու է մարդկության ապագան։ Թուրքիան էլ բնական կամուրջն է դառնալու Ասիայի և Եվրոպայի միջև»: Նշանակում է` կամք թելադրելու հնարավորություն թուրքերն էլ են ստանում: Պանիսլամիզմի գաղափարախոսներից Սաիդի մոտեցումն այս է. «Հայերը եվրոպական մշակույթին մոտ քրիստոնյաներ են: Պետք է, ուրեմն, զանգվածներով դեպի Եվրոպա գաղթեն»: Եվ շարունակում է. «Ռուսաստան թող գնան կամ Ամերիկա, որովհետև ո՛չ Թուրքիայում նրանք ապագա ունեն, ո՛չ էլ մահմեդական որևէ այլ երկրում»: Ահա, բուն օսմանյան տրամաբանությունը. խարդախությունը խրախուսող, թշնամանքով լի, այլոց հանդեպ անհամբեր, տարբեր մշակույթներն արհամարհող, այլ դավանանքների նկատմամբ բռնություն քարոզող, մարդկային ու ազգային արժանապատվությունները ոտնահարող: Ամենը կոչված էր իրենցների վայրենի ախորժակները հարկ եղած դեպքերում գրգռելու: Իսկ սպասելի օգնությունը հայության համար չէր. նույնիսկ Սասունի ինքնապաշտպանության օրոք: Դրանից հետո էր` 1894թ., երբ գրքի հերոսը կրկին Կոստանդնուպոլիս է մեկնում՝ իբրև Ֆրանսիայի դեսպանատան առաջին քարտուղար, ուր, հարկավ, բարեհամբույր ընդունելության է արժանանում տեղի պաշտոնական շրջանակների կողմից` շռայլ հաճոյախոսությունների, որոնք, առանց բացառությունների, բոլոր տերությունների ներկայացուցիչներին են ուղղում: Փորձված և արդյունավետ միջոց է: Նրան ամեն թուրք պատրաստ է ասես ի ծնե... «Իսկ այժմ եկեք...»,- հրավիրում են: Գնանք իրենց մտքերի հետևից, որոնք զրկանքների և նոր սպանությունների երազանքներն են մատնում: Անգամ միևնույն մահմեդականների շրջանում նրանք միակն են եղել այդ հարցում: Եվ, ինչպե՞ս գոյատևել նման պայմաններում: «Խե~ղճ Հայաստան»,- ափսոսում է Անրին: Ինչո՞ւ են այստեղ այդքան խաղաղասեր գտնվել: Իսկ սրա՞նք: Դիվային մտահղացում չէի՞ն արդյոք փոքրիկ հայերի հափշտակման փաստերը, որոնց տարել, դաստիարակել են հայատյացության ոգով ու բերել, որպեսզի նրանք իրենց ձեռքերով գլխատեն իրենց հարազատներին, միանգամայն անտեղյակ, թե ում են մորթում: Այն իրողությունն է, որի կապակցությամբ հետագայում թուրքերն իրենք իրենց համար հպարտության առիթներ են տեսել: Որովհետև հաշիվ անող չկա` «անհավատներն» ընդհանրապես հաշվի մեջ չեն: Ո՛չ եղել են, ո՛չ կան հաշիվներում: Մշակվել էր քաղաքական այդպիսի մի գիծ, որն օգնելու էր իրենց պատկերացված ապագան մտնել առանց մեր ժողովրդի: Եվ երբ պարբերաբար հարց էր բարձրացվում այս ազգի մասին, անմիջապես առաջարկվում էր, թե` «Անցնենք դրանից»: Անցնելով էլ ո՞ւր կհասնենք: Ֆրանսիացի ինժեների վկայություններին. «Բացահայտորեն սպանե՛լ մարդկանց, բռնաբարե՛լ կանանց ու հետո նրանցից շատերին մահվան մատնել, ոչնչացնե՛լ երիտասարդներին, գողանա´լ երեխաներին...»:

Մի դրվագ Մուշից: Զարգացած պետությունները կայսրության հետ էին ցանկանում տևական համագործակցություն հաստատել: Հնարավո՞ր էր համաձայնությունը հինն ու նորը մի տեղ խառնած առաջնորդների հետ, որոնք ապրում էին դեռ նախնադարյան բնազդներով: Քաղցրահունչ խոսքերով եվրոպացիներին խաբելով՝ միևնույն պահին կոտորում էին հայերին, որոնք, ըստ նրանց, «Թուրքիա եվրոպացիների ներխուժման պատճառ դարձան»: Գցած սերմերը կարմիր պտուղներ էին տալիս` հոսող արյան և տանջամահությունների կարմիր պտուղները: «Հայ ժողովուրդը նման էր Դավթի, որը պայքարում էր հզոր ու դաժան Գողիաթի դեմ»,- համեմատություններ էր անում դը Լատուրը՝ Քրիստափոր Միքայելյանի աչքերի մեջ նայելով: Սուլթան Գողիաթին բավարար էր լոկ մի կասկած կամ ընդամենը վատ տրամադրություն որևէ պալատականին ու թե մի ամբողջ բնակավայր և ազգաբնակչություն վերացնելու համար, եթե նա գտնում էր, որ նրանք վստահության, ներման ու... գոյության իրավունքը չունեն: 1895թ. սեպտեմբերի 30-ին ՀՅԴ-ի, Հնչակյանների և Իզմիրլյան պատրիարքի գլխավորությամբ հազարավոր հայեր դուրս եկան Կոստանդնուպոլսի փողոցները՝ բողոքելով քրիստոնյաների նկատմամբ կիրառվող բազում հանցագործությունների դեմ: «Հազիվ կես ժամ անց այդտեղ միայն գլխատված ու մինչևիսկ մասնատված դիակներն էին մնացել»,- հիշում է Անրին:

Ահավասիկ, սուլթան Գողիաթը` նա, ով հրամայում է անդադար կոտորել տեր ու տիրական չունեցող ազգերին, որպեսզի վերջիններս չկամենան հանկարծ ելք կամ լուծումներ փնտրել: Գրեթե նույնն էր պատմում Տրապիզոնից լուր բերած ֆրանսիական դեսպանը. «Ընդամենը մի քանի րոպեների ընթացքում փողոցները լի էին դիակներով»:

Ինչ խոսք, հերոսը գիտեր, որ Թուրքիայում հավատարմագրված բոլոր դիվանագետներն էլ լավ են հասկանում իրերի դրությունը և որքան էլ ջանան թաքցնել սեփական տպավորությունները այս կամ առանձնազրույցում, այդուհանդերձ, մատնում էին: Նա և յուրաքանչյուրը, պարզ տեսնում էին, որ նպատակ է դրված ոչ ավելի, ոչ պակաս մի ամբողջ ազգ ջնջել երկրի երեսից՝ միանգամայն իրավացիորեն նկատելով զրույցներից մեկի ժամանակ. «Ուժի միջոցով հաստատվել են և ուժն այդ շարունակում են կիրառել բոլոր ոչ մահմեդականների դեմ»: «Տեսե՛ք,- փորձում է այնժամ իրենն ասել բարոն Բյեբերշտեյնը,- անգլիացիների համար Եգիպտոսը, Պաղեստինը և Արաբիայի մի մասը... մինչև Պարսկական ծոց, Բալկանների մի մասը և այս գոտին, որ Հայաստան է կոչվում»: Անրիի հարցմանն էլ հայության մասին նույն զրուցակիցը պատասխանում է. «Միշտ այնքան լուրջ հարցեր կան քննարկումների համար, որ հիմա առաջարկում եմ հանգստանալ»: Թերևս դը Լատուրը նույնպես կարիք ուներ առաջնորդվել «չեմ տեսնում, չեմ լսում, չեմ խոսում» հայտնի սկզբունքով: Մանավանդ որ կար մի պահ, երբ իր կյանքին էր վտանգ սպառնում: Այդ նույն օրը նա ծանոթացավ կնոջ` Մարիցա Փիլիպոսյանի հետ, որից և ունեցավ Էդուարդ անունով զավակին:

Բնավ հաճելի ժամանցի համար չէ Գ.Գուարչի գիրքը, այլ գեղարվեստավավերագրական լուրջ աշխատասիրություն, որի էջերում նկարագրված դժոխքը Դանթեն էլ չէր կարող պատկերացնել: Որպես հեղինակ՝ նա քաջատեղյակ է հայկական հարցին և հրեշավոր Եղեռնի անպատմելի փաստերին ու Եվրոպայի լռությանը տեղի ունեցածի կապակցությամբ: Նա ծանոթ է մեր պատմությանը: Մի գլուխ կա գրքում, որը նկարագրում է Օսմանյան բանկի գրավումը: Ֆրանսիացին փորձում է համոզել, թե պայքարի այլ ուղիներ ևս կան: «Եվ ո՞րն է այլընտրանքը,- դառնալով նրան` հարցնում է Ք.Միքայելյանը։- Հավատափոխվենք իսլամի ու գնանք սուլթանի ոտքը համբուրելո՞ւ»: Գրողը մեջբերում է սուլթանի հրամանը մի խումբ ճարահատյալ հայորդիների՝ այդ քայլը կատարելուց հետո. ռմբակոծել բանկը: Մինչդեռ եվրոպացիները... առողջ ախորժակներով մարդիկ էին և խոհանոցային գործերով էին զբաղված. հունական ճաշատեսակ, ալժիրյան ափսե, սիրիական համեմունքներ... Այո, իսկ հայկակա՞նը: «Բայց հայերը վերածվել են արդեն մի պատմական անաքրոնիզմի»,- ամփոփում է էջերից մեկում իր համոզմունքը կայսր Վիլհելմը: Եթե վերջինիս լսենք, քիչ է մնում հավատանք, թե սուլթանը մի «բարի պապիկ է», որն «արդարությամբ և խղճով է» իշխում իր երկրում: Իթթիհաթ նորաստեղծ կուսակցությունը տվյալ համոզմունքները չի կիսում: Նա իբր թե հանդես է գալիս յաթաղանները պահելու առաջարկով, իբր հավասարության և ազատությունների կոչերով է առաջնորդվում։ Իթթիհաթը պատրաստվում է իշխանությունն իր ձեռքը վերցնել ու լրջորեն հավատում է, որ տվյալ իրավունքն ունի: Այս է նոր ուժի հայտնության հենց սկիզբը, երբ շատերն էին հավատում դեռ տրված խոստումներին, սա է գտնվում Գուարչի ուշադրության կենտրոնում: Հավատում էին նախ և առաջ, թե ինչ էլ եղած լիներ մինչ այժմ, չէ՞ որ ի վերջո, մարդկային բանականությունը պետք է հաղթեր: Թեև քիչ չէին նաև թերահավատները։ Ինչպես, օրինակ, Հակոբ Սարգսյանը, որն ասում է. «Ես համամիտ չեմ, որովհետև չեմ հավատում թուրքերին: Իթթիհաթի Ռիզան եղել ու միշտ էլ կմնա որպես սուլթանի մարդ, նա չի դադարում խոսել կայսրության մասին... սուլթանի ներքո... Նազիմն էլ պանթուրքիզմից բացի ոչ մի այլ բանի մասին չի մտածում»: Նույն կարծիքին է և Զորավար Անդրանիկը. «Ով կուզի, թող լսի ինձ, թուրքերը ցանկություն ունեն ազատվել բոլոր այն ազգերից, որոնք իրենց ցեղին չեն պատկանում»:

Երկու տարի անց` 1906-ին, դը Լատուրը մեկնում է Սալոնիկ՝ ներկա գտնվելու Իթթիհաթի հերթական ժողովին: Եվրոպան վստահ է այլևս, որ երիտթուրքերն են նրանք, ովքեր զարկ կտան իրենց երկրում XX դարին վայել փոփոխություններին: Իրենք` կուսակցականներն էլ, կասկած չունեն, թե կարող են նման հեռանկարներ ստեղծել սեփական երկրում: Իրականում, անշուշտ, այդ մարդկանց ուրախացնում է իշխանության ղեկը ձեռքը վերցնելու հնարավորությունը: Անրին այդտեղ կորցնում է հանկարծ գիտակցությունը, բայց մինչևիսկ այդ վիճակում շարունակում է տեսնել Թալեաթի անփոփոխ մռայլ հայացքը, «որն իր բիբերով ասում էր ինձ, թե դա ինչ-որ ժողովի ավարտ չէր բնավ, այլ եկող մի նոր սարսափի սկիզբը, որն ավելի ահավոր է լինելու»:

Մարդկային կյանքեր, եկեղեցիներ, դպրոցներ... Ամեն ինչ են ոտքի տակ արել: «Իսկ քանի~ հազար խաչքարեր են ոչնչացրել»,- բացականչում է դաշնակահար Գասպար Բաբիկյանը, սակայն... «Սակայն դուք շատ կարևոր մի բան ունեք,- դիմում է Անատոլ Ֆրանսը Մարիցային,- պատմական ճշմարտությունը»: Գոնե երիտթուրքերը հասկանո՞ւմ էին, որ հայերն ունեին պատմական արդարության իրավունքը: Ֆրանսիացի պաշտոնյա Ժան Կառնոն այսպես է դատում. «Անձնական կարծիքս այն է, որ հայերին փորձում են խաբել, թեև մյուս կողմից այդ մարդկանց վիճակն այնքան անհույս է, որ նրանք պատրաստ կլինեին հավատալ մինչևիսկ սատանայի կողմից տրված խոստումներին»: Սատանայական այդպիսի խոստումներ 1907թ. մասոն Թալեաթի շուրթերից լոջիայում էին հնչում, որոնցից, այդուհանդերձ, հերոսը ստանում է զգոնությունը քնեցնելու տպավորություն: Հենց այդպես էլ նա գրում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը հղած հաղորդագրությունում. «Կարծում եմ, որ նրանք անկեղծ չեն, և որ վտանգի տակ են բոլոր նրանք, ովքեր թուրք չեն կամ թուրքացված են»: Դոկտոր Նազիմի հավաստիացումը` տրված Աբդուլ Համիդին վերջինիս միապետության շրջանի ավարտից քիչ առաջ, դը Լատուրի անհանգստության հիմնավորման ապացույցն էր: «Ձե՛րդ Մեծություն,- ասել էր,- ո՛չ հայերը, ո՛չ էլ հույները կկազմեն մեր ապագա երկրի մի մասը»: Խոսում է ապագա ազգասպանը:

Եվ ի՞նչ վիճակով է հանդես գալու միևնույն ազգը: Մեզ արդեն հայտնի Կառնոն նկատում է, որ հայերը «թվում է, ունակ չեն, միավորվելու»: Հազիվ պետք է անելիքների վրա կենտրոնանային, երբ վրա հասան նոր ջարդերը` Ադանայի կոտորածը: Տրված խոստումների դիմաց:

Անիմանալի են Աստծո ճանապարհները. նույն ժամանակներում է մահանում հանկարծ Անրիի կինը, ում նա այդքան սիրում էր: «Էդուարդ,- հարցնում է հայրը,- դու քեզ ֆրանսիացի՞ ես զգում, թե՞ հայ»: «Մայրս հայ էր,- պատասխանում է որդին,- ես` նույնպես»: Սույն հարցում հայտնի դեր էին խաղացել ոչ միայն մայրը, այլև նրա հայ ուսուցիչները, և արյան այն կանչն է նրա մեջ ուժեղ, որը թափվում ու թափվում է հեռավոր Արևելքում: Ե՞րբ է դադար լինելու: «Այնպիսի տպավորություն ունեմ, որ 1895-ի և 1896-ի կոտորածները մանկական խաղ կհամարվեն այն բանի համեմատությամբ, ինչ դեռ սպասվում է»,- չարագուշակում է հերոսներից մեկը: Վրա էր հասել Առաջին համաշխարհային պատերազմը: Էնվերը, Թալեաթն ու Ջեմալը եռակառավարություն էին կազմել, միջազգային շրջանակները Թուրքիայի համար «հիվանդ մարդու» մասին են խոսում` այն, որ է՛ր ի սկզբանե: Հիվանդին թույլ չտվեցին, իհարկե, ոչ հանգիստ, ոչ էլ անդերակատարություն. նրան ստիպեցին մասնակցությունը: «Հիմա Թուրքիան վերջնականապես կմիանա Գերմանիային»,- վերլուծում է դը Լատուրը: Թալեաթի ու Նազիմի ժամն էր: Դաշնակահար Բաբիկյանը տեղեկացնում է Հատուկ բաժանմունքի ստեղծման մասին, «որը կազմվում է թուրք բանտարկյալների թվից` մարդասպանների, բռնաբարողների, ավազակների, որոնցից էլ դեռ ընտրում են վատթարագույններին»: Ըստ նրանց, ոչ մի հայ չէր մնալու աշխարհում. միայն մեկը, այն էլ` թանգարանում: Իսկ ահա Հ.Օհանյանն էլ գրում է Վանից. «Տեղեկություններ ունենք անդադար սպանությունների, ոչնչացված այգիների, կենդանի թաղված գյուղացիների և խաչված հոգևորականների մասին»: Հատորի «1915-ի գարուն» գլխում բերվում է, հապա, այն հրամանը, որի իրականացումը ցնցեց համայն մարդկությանը. թվով հազար հայ մտավորականների ձերբակալությունն ու նրանց գնդակահարումը ապրիլի 24-ի գիշերը, բոլոր հայկական կազմակերպությունների արգելումը, մահմեդականների կրքերի գրգռումները հայերի կոտորածները վերսկսելու նպատակով, հայ ընտանիքների արտաքսումը երկրից, հայ զինվորականների սպանությունը... Այնժամ համայն մարդկության հայացքի ներքո դեպի Գողգոթա տարան քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած ժողովրդին: Ի՞նչ էր դա: Դը Լատուրը նույն օրերին մի նամակ-կտակ է ստանում Ռիտա Հակոբյան հայուհուց, որի հետ ժամանակին կապ էր ունեցել: Նշված նամակի պատճառով է գիրքն իր վերնագիրը ստացել: Այնտեղից հանկարծակի եկած հերոսը տեղեկանում է, որ նրանք երկուսով Սոֆյա անունով աղջիկ ունեին, որն անհետացավ գաղթի ճանապարհին: «Հիմա, երբ մահս մոտ է,- գրում էր կինը,- աղաչո՛ւմ եմ անհանարինն էլ անել՝ նրան գտնելու համար»։

Եթե ա՛յս է ապագա պատմությունը, որքան ահավոր բաժիններ կան այդ դեպքում նրա մեջ: Մանավանդ այս մեկը, որում դահիճներն ու մահը մի ամուր դաշինք են կազմել և ուր դաժանությունն այնքանով է հրեշավոր, որ հայրերը դանակներն առած գնում էին արագ հարևանի երեխաներին մորթելու: Կարծես բավարար չէր մեկը, Անրին ուրիշ նամակ էլ է ստանում: «Սիրելի՜ հայր,- դիմում էր Էդուարդը։- Ափսոսում եմ և ուզում, որ հասկանաս ինձ ու ներես, բայց ես որոշել եմ մեկնել Թուրքիա...»: Ստացվում է, որքան էլ տարբեր արյուններ հոսեն մարդու մեջ, միշտ մեկն է ամենաազդեցիկը: Մեր դեպքում այն, որը կանչեց Էդուարդին հայ ազատամարտիկների շարքերը: «Ճակատագրի քմահաճույքով,- դառնությամբ խոստովանում է հերոսը,- իմ երկու զավակները` երկուսն էլ հայկական արյունով, գտնվում են հիմա գայլի երախում...»: Նորից Պոլիս դառնալով՝ դը Լատուրը ծանր հիվանդանում է: Այժմ ասես տեսնելու լիներ չարիքի հաղթական երթը: Կարծես ցանկացած բան աշխարհի վերջի մասին հիշեցներ։ «Երբեք չի՛ կարելի հանձնվել»,- խրատ է տալիս նրան մահից հազիվ փրկված Լիզա Ջամբազյանը, և Անրին ձեոքերով փակում է աչքերը, որպեսզի զրուցակիցը չտեսնի նրա արցունքները: Սկզբից Ռիտային է գտնում... Բուլղարիայում։ Բայց նա... դիակ էր արդեն: «Առանց տապանաքարի թաղեցինք նրան,- պատմում է ֆրանսիացին,- քանզի չկար որևէ մեկը, որ պատրաստեր այն»: Իր վերջին ուժերը հավաքելով՝ Ռ.Հակոբյանը մի նամակ էլ էր գրել: «Հիմա,-կարդում էր դը Լատուրը այն,- երբ չարն է իշխում աշխարհում, չե՛ն ծաղկի այլևս Հայաստանի հոյակապ այգիները»:

Նա, թեև պաշտոնապես չի ներկայացնում այլևս իր երկիրը, շարունակում է, այդուհանդերձ, հարազատ զավակների թաքուն որոնումները: Նրանց գտնելուց հետո միայն կարող էր հանգստանալ, որովհետև գոյության ողջ իմաստը հետագայում նրանցով էր պայմանավորված և որովհետև այդքան ու այդքան հալածանքներից հետո կյանքն առանց նրանց առհասարակ ոչ մի արժեք չէր ունենա: Գույժը Նազիմն է բերում. Էդուարդը զոհվել է: «Սուտ է,- գոռում է հայրը,- գիտե՛ք, դը Լատուր, հետը Էդուարդ դը Լատուրի անունով ֆրանսիական մի անձնագիր կար և Նյու Յորքի համալսարանի մի տոմս...»: Ինչպե՞ս հայրն էլ հենց տեղում չփչեց իր վերջին շունչը: Չփչեց, սակայն հիվանդանոցներն ընկավ:

Եվ մի՞թե իրոք հնարավոր չէր գորշագույնից անընդհատ սևի ու կարմիրի փոխվող այս ամբողջ ֆոնը ջնջել: Ինչպե՞ս, ասացեք, կարող է այն ընդունելի լինել մյուսների կողմից: «Երբեք չէի կարող երևակայել, որ այդքան զարգացած և քաղաքակիրթ մի երկիր կարող էր այդչափ ցածրանալ»,- չի թաքցնում իր զարմանքը Հենրի Մորգենթաուն՝ խոսելով թուրքերին պաշտպան կանգնած Գերմանիայի մասին: «Մեկ ու կես միլիոն հայեր երբեք այլևս արև չեն տեսնելու, չեն գալու այլևս այցելության իրենց հարազատներին, չեն վայելելու այլևս կյանքի և ոչ մի լավ պահ: Չարության, ատելության, նախանձի, ագահության, անհասկացողության քամիներն են նրանց առել-տարել, և աշխարհը հիմա ավելի վատն է դարձել` ավելի աղքատ ու խավար»:

Բայց եթե հենց այդ տողերով գիրքն ավարտվեր, կնշանակեր վե՛րջ: Կնշանակեր, որ թուրքերը հասան իրենց նպատակին, ու չմնաց ոչինչ: Հեղինակը լավ գիտի, որ դա այդպես չէ: Գիտի, որովհետև Անրի դը Լատուրի աղջիկ Սոֆյա Հակոբյանը փրկվում է հրաշքով և հասնում հորը: Յուրաքանչյուր հայ ընտանիքից է մի-մի Սոֆյա կամ Հակոբ փրկվել, որոնցից մեկը Փարիզում է ապրում, մյուսը` Կալիֆոռնիայում, երրորդը` Բուենոս Այրեսում ու այլուր՝ կազմելով Արևմտյան Հայաստան ու հայ ժողովուրդ և պայքարելով հայոց խնդրի համար:


դեպի ետ