• am
  • ru
  • en
Версия для печати
08.05.2008

ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆԻԿՈՍԻԱՅՈՒՄ

   

Հարություն Մարության

Armenian church in Nicosia (medium) 2008թ. ապրիլի 18-20-ը Նիկոսիայում (Կիպրոս) տեղի ունեցավ «Արևմտահայության պահանջատիրության հիմնախնդիրները» խորագրով գիտագործնական միջազգային գիտաժողով, որը հրավիրել էր Հայոց մեծ եղեռնից փրկված արևմտահայերի ժառանգների ներկայացուցիչների համագումարի նախապատրաստման և անցկացման միջազգային կազմկոմիտեն։ Գիտաժողովն ընթացավ հետևյալ խորագրերն ունեցող երեք նիստերով. «Արևմտահայության հիմնախնդիրները միջազգային իրավունքի համատեքստում», «Էթնոքաղաքական հիմնախնդիրները ժամանակակից Թուրքիայում», «Արևմտահայության հիմնախնդիրները. պատմություն և արդիականություն»։

Գիտաժողովը բնութագրական էր նաև նրանով, որ ներկաների թվում էին ինչպես ճանաչված գիտնականներ, այնպես էլ հասարակական, քաղաքական գործիչներ։ Զեկուցումներով հանդես եկածների շարքում էին Ալֆրեդ դե Զայասը (Ժնևի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության դպրոցի միջազգային իրավունքի պրոֆեսոր, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի նախկին քարտուղար), Միհրան Դաբաղը (Բոխումի Ռուր համալսարանի սփյուռքի և ցեղասպանության ինստիտուտի տնօրեն), Վլադիմիր Հովհաննիսյանը (ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր, Միջազգային իրավունքի հայկական ընկերակցության խորհրդի նախագահ), Աշոտ Մելքոնյանը (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն), Ռուբեն Սաֆրաստյանը (ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն), Գևորգ Պողոսյանը (ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն), «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը և ուրիշներ։ Գիտաժողովին ներկա էին նաև տարբեր տարիներին ՄԱԿ-ի շրջանակներում ղեկավար պաշտոններ զբաղեցրած Բենոն Սևանը (ՄԱԿ-ի «Նավթ պարենի դիմաց» ծրագրի ղեկավար 1996-2005թթ.), Սուրեն Սերայդարյանը (Խորվաթիայում, Բոսնիա-Հերցեգովինայում, Լիբերիայում ՄԱԿ-ի կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ/տեղակալ), Հայկ Քոթանջյանը (ՀՀ պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական), Ռուսաստանի հայազգի գործարարներ։ Կազմկոմիտեի նախագահության անդամներին՝ Անուշավան Դանիելյանին, Կարեն Միքայելյանին, Անդրանիկ Արշակյանին, Արդեն Շելեֆյանին ընդունեցին Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը և խորհրդարանի նախագահ Մարիոս Գարոյանը։

Գիտաժողովին ողջույնի խոսքեր էին հղել Նյու Յորքի Կարնեգի հաստատության տնօրեն Վարդան Գրիգորյանը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Հայոց ցեղասպանության պատմության ճանաչված մասնագետներ Վահագն Դադրյանը և Ռիչարդ Հովհաննիսյանը, Եվրոպայի հայկական համայնքների դաշնության ղեկավար Հիլդա Չոբոյանը, Բեռլինի ազատ համալսարանի պրոֆեսոր Թեսա Հոֆմանը, Վենետիկի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Պողոս-Լևոն Զեքիյանը, Գյուլբենկյան հիմնադրամի հայկական համայնքների բաժնի տնօրեն Զավեն Եկավյանը, Նյու Յորքի քաղաքային համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր, ցեղասպանության հարցերի մասնագետ Ջոն Թորփին, Փարիզի ՀԲԸՄ Նուբարյան գրադարանի տնօրեն Հարություն Գևորգյանը, Գլենդեյլի համայնքային քոլեջի պրոֆեսոր Լևոն Մարաշլյանը, միջազգային քրեական իրավունքի և ցեղասպանության հարցերի մասնագետ Դավիդ Ներսիսյանը Հարվարդի համալսարանից, այլ ճանաչված մասնագետներ։

Գիտաժողովի առաջին նիստին հնչած զեկուցումներում անդրադարձ եղավ այն հարցին, թե արդյոք 1915թ. հայոց ցեղասպանության պահին միջազգային իրավական նորմերի և սկզբունքների համաձայն արդեն իսկ դատապարտելի էին հայերի նկատմամբ թուրքերի կողմից իրականացվող հանցագործությունները, որն էր Սևրի պայմանագրի «Պատիժներ» բաժնի նախատեսման նպատակը և այլն (Վլ. Հովհաննիսյան)։ Մեկ այլ զեկուցմամբ դիտարկվեց այն խնդիրը, որ հայերի դեմ Օսմանյան կայսրության մեջ իրագործված ցեղասպանության համատեքստում Թուրքիան միջազգային պարտավորություններ ունի ոչ միայն Հայաստանի և հայերի, այլ նաև միջազգային հանրության նկատմամբ (Ա. դե Զայաս)։ Ծավալվեց այնպիսի կարևորագույն խնդրի քննարկում, ինչպիսին են հայերի դեմ իրագործված ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվությանն առնչվող հիմնահարցերը ցեղասպանության համար պետությունների միջազգային իրավական պատասխանատվության ժամանակակից գորընթացների լույսի ներքո (Վլ. Վարդանյան, Սահմանադրական դատարան)։ Մեկ այլ զեկուցման մեջ իրավական քննարկման ենթարկվեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի միջպետական սահմանների վերաբերյալ և թե այս առնչությամբ ինչ պետք է արվի, որպեսզի հայոց պահանջատիրության համար նախանշվեն կայուն հիմքեր և նպաստավոր նախադրյալներ (Ա.Պապյան, Modus Vivendi քաղաքական հետազոտությունների կենտրոն)։ Առաջին նիստի վերջին զեկուցման մեջ դիտարկվեցին Հոլոքոստին հաջորդող հրեից պահանջատիրության փորձից բխող հայկական հնարավոր ձեռնարկումները (Հ.Մարության, «Նորավանք» ԳԿՀ)։

Երկրորդ նիստում հանգամանալից անդրադարձ եղավ ուշ միջնադարից մինչև 20-րդ դարի սկիզբը Արևմտյան Հայաստանի հայ բնակչության բռնի մահմեդականացման, դավանափոխության (ուղղափառություն և կաթոլիկություն), քրդացման երևույթներին (Ա.Մելքոնյան)։ Մեկ այլ զեկուցման մեջ մանրամասնորեն խոսվեց Արևմտյան Հայաստանի հայ էթնիկ տարրի գոյատևման առանձնահատկությունների, ինքնության խնդիրների ներկա վիճակի մասին, ներկայացվեցին հայության այդ հատվածի ներսում առկա խմբերը (Ռ.Մելքոնյան, «Նորավանք» ԳԿՀ)։ Քաղաքագիտական խոր վերլուծությամբ արծարծվեցին Հայ դատի բաղադրյալները (Նախիջևան, Արցախ և այլն)՝ առավելագույն արդյունավետությամբ դրանք միջազգային օրակարգ մտցնելու համար (Ա.Մանասյան, ԵՊՀ)։ Դիտարկվեց այնպիսի կարևոր խնդիր, ինչպիսին են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության տարրերը, նրա փորձերը՝ խնդիրը քաղաքական հարթությունից զուտ պատմագիտական քննարկումների ոլորտ տեղափոխելը, նաև այդ պետության կողմից ձեռնարկվող այլ այլընտրանքային մշակումներ (Ռ.Սաֆրաստյան)։ Քննարկվեց հայկական փորձառությունը եվրոպական հիշողության քաղաքականության շրջագծի մեջ (Մ.Դաբաղ)։

Երրորդ նիստին 1917 և 1919 թվերի Արևմտահայության համագումարների օրինակով դիտարկվեցին արևմտահայության ինքնակազմակերպման փորձերը (Վ.Մելիքյան, Ռուս-հայկական պետական համալսարան)։ Մեկ այլ զեկուցմամբ հանգամանորեն քննվեցին հայության կազմակերպման տեղեկատվական խնդիրները (Գ.Հարությունյան)։ Հիմնավորվեց այն դրույթը, որ քաղաքական կամ տարածքային պահանջներից զատ հայությունը պարտավոր է առաջադրել նաև ֆինանսանյութական փոխհատուցումների պահանջներ, և այդ առթիվ արվեցին գործնական առաջարկներ (Խ.Դադայան, «Նորավանք» ԳԿՀ)։ Մեկ այլ հաղորդման մեջ արծարծվեցին հայ սփյուռքի երրորդ սերնդի խնդիրները և այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել հետագա անելիքների ու զարգացման ծրագրերի ճշգրտման ուղղությամբ (Գ.Պողոսյան)։ Վերջապես, եզրափակիչ, թերևս ընդհանրացնող բնույթ ունեցող զեկուցման մեջ դիտարկվեց հայոց պահանջատիրության իրագործման ճանապարհի առավելապես քաղաքական քայլերի բովանդակությունը, նախանշվեցին (առաջարկի ձևով) դրանց հիմնական ուղղությունները (Կ.Միքայելյան)։

Ապրիլի 19-ին, Արևմտահայերի ժառանգների միջազգային կազմկոմիտեի նիստի շրջանակներում տեղի ունեցավ ՀԲԸՄ Մելգոնյան կրթական հաստատության փակման հետ կապված խնդիրների քննարկում։ Հարցի նախապատմությունը համառոտ հետևյալն է. Մելգոնյան վարժարանը պաշտոնապես հիմնվել է 1926թ. Գրիգոր և Կարապետ Մելգոնյան եղբայրների կտակի համաձայն։ Կտակի իրագործումը դեռևս 1921թ. հանձնվում է Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանին։ 1925թ. դեկտեմբերին կնքվում է իրավական համաձայնագիր, որով Մելգոնյան կտակի 4,6 մլն դոլարի մատակարարումը Պատրիարքարանից փոխանցվում է ՀԲԸՄ-ին, ու այդպիսով միությունն է դառնում հանձնառու Մելգոնյան եղբայրների կտակի վերահսկմանը և Մելգոնյան հաստատության գործերի կառավարմանը։ 1927թ. վաճառվում է Կ.Մելգոնյանի ծխախոտի գործարանը, և շուրջ 600 հազ. ֆունտ ստեռլինգ գումարը հավասար մասերով դրվում է երկու բանկերում որպես անձեռնմխելի գումար. դրանցից ստացվող շահույթն էր, որ հատկացվում էր ազգօգուտ նպատակների։ 1987թ. Կիպրոսի Հանրապետության նախագահի մասնակցությամբ կատարվել է հաստատության նոր համալիրի հիմնարկեքը։ Հաստատությունը զբաղեցնում է 125 հազ. մ2 տարածք, որտեղ տեղակայված են երկու եռահարկ ուսումնական մասնաշենքեր, մարզահամալիր, ուսուցիչների բնակելի շինություններ և այլն։ 2004թ. մարտին ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի որոշմամբ 2005թ. հունիսին, իր գոյության 79 տարիների ընթացքում 1650 շրջանավարտներ տված Մելգոնյան հաստատությունը՝ Եվրոպական միության տարածքում միակ հայկական ամենօրյա վարժարանը, փակվեց։ Փոխարենը ՀԲԸՄ-ն հանձն է առել Երևանում կառուցել երիտասարդական-ուսանողական համալիր սփյուռքահայ ուսանողության համար։

Հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցան կրթօջախի նախկին տնօրեն Ագապի Նասիբյան-Էքմեքջյանը, «Ազատ ձայն» ամսագրի գլխավոր խմբագիր Երան Գույումճյանը, Հայկազյան հայագիտական հանդեսի խմբագրական մարմնի անդամ Արմեն Ուռնեշլյանը, Մելգոնյանի շրջանավարտների ասոցիացիայի անդամ Մասիս Տեր-Բարթողը, լրագրող-իրավաբան Մանուկ Յլդըզյանը։ Քննարկումներին մասնակցեցին նաև Բ.Սևանը, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Ա.Պապյանը, Ա.Դանիելյանը, «Արևմտահայության պահանջատիրության հիմնախնդիրները» գիտաժողովի այլ մասնակիցներ։ Քննարկումների ավարտին Ա.Դանիելյանը հանձն առավ բանակցել ՀԲԸՄ ղեկավարության հետ և նախապատրաստել երկու կողմերի ներկայացուցիչների հանդիպում Երևանում։

Ապրիլի 20-ին տեղի ունեցավ Արևմտահայերի ժառանգների միջազգային կազմկոմիտեի ընդլայնված նիստ, որի ժամանակ գործնական հարթության վրա քննվեցին Հայոց մեծ եղեռնից փրկված արևմտահայերի ժառանգների ներկայացուցիչների համագումարի նախապատրաստման և անցկացման հարցերը։ Մասնավորապես, քննարկվեցին ինչպես հայեցակարգային, նույնպես և աշխատանքների հետագա կազմակերպման, համագումարի հրավիրման համար պատվիրակների ընտրության ձևերի, համագումարի հրավիրման ժամկետների խնդիրները։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր