• am
  • ru
  • en
Версия для печати
03.07.2008

ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԾՊՏՅԱԼ ՀԱՅԵՐԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

   

Ռուբեն Մելքոնյան

image (medium) Թուրքիայում բնակվող ծպտյալ եւ իսլամացված հայերի հարցը ժամանակ առ ժամանակ հայտնվում է թուրքական մամուլի, քաղաքական, գիտական շրջանակների օրակարգում եւ պատճառ դառնում տարատեսակ շահարկումների։ Նույնիսկ մակերեսային դիտարկումները թույլ են տալիս ենթադրել, որ շահարկումների քաղաքականությունն աճելու եւ էլ ավելի ծայրահեղ դառնալու միտում ունի։

Ընդհանրապես, հայկական թեմատիկան նուրբ եւ զգայուն հարց է Թուրքիայում: Վերջին տարիներին դրան է ավելացել նաեւ ծպտյալ ու իսլամացված հայերի թեման, ինչը թուրքական քարոզչամեքենային կեղծիքի նոր ալիք բարձրացնելու հնարավորություն է տվել։ Թուրքական մամուլը, տարբեր վերլուծաբաններ, գիտնականներ վերջին մեկ ամսվա ընթացքում կրկին անդրադարձան ծպտյալ հայերի թեմային` օգտագործելով արդեն ավանդական շահարկման գործիքները, որոնք, կարելի է ասել, արդեն հնացել են։ Միգուցե նաեւ այդ է պատճառը, որ թուրքական քարոզչամեքենան, ձգտելով նորության, ավելի է խեղաթյուրում փաստերը եւ անհեթեթ տարբերակներ հրապարակ նետում։

Թուրքական Aktif Haber թերթի լրագրող Յուսուֆ Գեզգինը մեկն է նրանցից, ով ակտիվորեն զբաղվում է Թուրքիայի այլակրոնների եւ հատկապես ծպտյալների խնդրով։ Նրա հոդվածներն աչքի են ընկնում ծայրահեղական, կողմնակալ մոտեցումներով։ Յուսուֆ Գեզգինը, թեմային վերաբերող իր վերջին հոդվածում (18 ապրիլի), զարկ տալով երեւակայությանը, անդրադարձել է ծպտյալ հայերի մեջ իբրեւ թե գոյություն ունեցող երկու խմբերի` հոդվածը վերնագրելով «Ծպտյալ հայերը հայերի դեմ»։ Ըստ նրա, Թուրքիայում 35-50 հազար հաշվվող հայկական համայնքից բացի, որոնք քրիստոնյա են եւ պաշտոնապես ճանաչված են որպես փոքրամասնություն, կան իբրեւ մուսուլման ներկայացող ծպտյալ հայեր, որոնց թիվը, ըստ տարբեր աղբյուրների, 1 միլիոն է։ «1915-ի դեպքերից հետո Անատոլիայում մնացած այս հայերի մեծ մասը` ամենաքիչը կեսը, թուրքերի կամ քրդերի մեջ շարունակում են ապրել որպես իսկական մուսուլմաններ։ Եթե նույնիսկ գիտեն էլ իրենց նախկին ինքնության մասին, ապա, միեւնույն է, նպատակ չունեն վերադառնալ դրան։ Սակայն Եվրոպայից ֆինանսավորվող որոշ կազմակերպություններ ցանկանում են այս հատվածի կրթված երիտասարդներին հիշեցնել իրենց հայկական արմատները։ Այս մեկ միլիոնի զգալի մասը, իմանալով եւ գիտակցելով իր հայկական ինքնությունը, ներկայանում է որպես թուրք կամ քուրդ։ Այս մասը մի կողմից` քուրդ եւ քուրդիստ ինքնությամբ PKK-ի եւ նրա քաղաքական կազմակերպության ամենաառջեւում է տեղ զբաղեցնում, մյուս կողմից` ազգային, նույնիսկ ազգայնական ինքնությամբ ամենառասիստ թուրքիստների շարքերում է տեղ գտնում։ Սակայն ամենաազդեցիկ տեղը, որ զբաղեցնում են այս կրիպտո-հայերը, քաղաքացիական եւ զինվորական բյուրակրատիան են։ Քրդերի, թուրքերի, ալեւիների մեջ տեղ զբաղեցնող ծպտյալ հայերը բյուրոկրատիայի կարեւոր կետերում բավական ազդեցիկ են։ Դատական, ռազմական համակարգերում եւ համալսարաններում բավական թվով ծպտյալ հայեր կան, եւ համալսարաններում գտնվողները տեղ-տեղ բացահայտվում են։ Սակայն բանակի եւ դատական համակարգի մեջ եղածների անունները ոչ ոք համարձակություն չի ունենում արտասանել»։

Ըստ Յուսուֆ Գեզգինի` Թուրքիայի ծպտյալ հայերը բաժանվում են երկու խմբի. առաջինը նրանք են, ովքեր ցանկանում են ծպտյալ մնալով շարունակել իբրեւ թե թուրքական պետության ներսում իրենց ունեցած ազդեցությունը, եւ երկրորդը` նրանք, ովքեր ցանկանում են արձանագրել ծպտյալ հայերին եւ այդպիսով ստեղծել ուժեղ հայկական ներկայություն։ Եվ իբրեւ թե ծպտյալ հայերի այս երկու խմբերի միջեւ լուրջ պայքար է ընթանում։ «Ծպտյալ հայերի իրական ինքնությունը բացահայտելու եւ հայկական գաղութ ստեղծելու քաղաքականությունը պաշտպանվում է հայկական սփյուռքի կողմից, որը հավատում է հայկական ծագմամբ մարդկանց արմատներին վերադարձնելու անհրաժեշտությանը։ Ամերիկացի, եվրոպացի հետազոտողների, զբոսաշրջիկների, լրագրողների անվան տակ ուղեւորություններ են կազմակերպվում այն վայրեր, որտեղ բնակվում են հայկական ծագմամբ քաղաքացիները, այստեղի հայկական ինքնությունն ավելի ամրապնդելու, կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ են կատարում։ Եվրամիության ֆոնդերից օգտվելով` Անատոլիայի հայկական հուշարձանների վերականգնման համար ջանքեր են գործադրվում։ Հայկական մշակույթը վերակենդանացնելու խնդրում պետության մեջ տեղ գտած ծպտյալ հայերն էլ լուրջ աջակցություն են ցույց տալիս։ Ես կարծում եմ, որ Եվրատեսիլների ժամանակ Թուրքիայից Հայաստանին տրված բարձր միավորները հայկական ներկայությունն ապացուցելուն միտված ատրակցիոն են։ Իսկ մյուս խումբը կողմ չէ բացությանը եւ կարծում է, որ իր ուժը գաղտնի լինելու մեջ է։ Այս խումբը հավատում է, որ ծպտյալ հայերին պետության, PKK-ի, ազգայնականների մեջ ներդնելով` կկարողանա ավելի հեշտ ներսից ծնկի բերել, մասնատել թուրքական հասարակությունը, պետությունը։ Այս խումբն անհանգստանում է, որ բաց քաղաքականությամբ կգաղտնազերծվեն այն դիրքերը, որ նրանք ձեռք են բերել երկար տարիների աշխատանքով։ Նրանք կարծում են, որ ծպտյալ մնալն ավելի ազդեցիկ եւ ձեռնտու է, որ այն իրենց նպատակին հասնելու եւ թուրքերից վրեժ լուծելու համար ավելի հարմար մեթոդ է։ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացն սկսելու հետ մեկտեղ ծպտյալ հայերի այս երկու խմբերի միջեւ լուրջ պայքար է սկսվել»։ Հոդվածագիրը ավելի հեռուն է գնում եւ նույնիսկ Հրանտ Դինքի սպանությունը վերագրում ծպտյալ հայերին. «Ես այնքան էլ անհավանական չեմ համարում նաեւ այն, որ Հրանտ Դինքին, որը կողմ էր բաց լինելուն եւ խոսում էր ծպտյալ հայերի գոյության մասին, սպանել են ազգայնականների մեջ ներդրված ծպտյալ հայերը»։

Ըստ Գեզգինի, բաց քաղաքականություն վարող եւ հայկական ինքնությունը ի հայտ հանել ձգտող խումբը, ի տարբերություն մյուս խմբի, ավելի «մաքուր, անմեղ է»։ Նրա կարծիքով ինքնաբացահայտվող ծպտյալ հայերը անհամեմատ ավելի քիչ վնաս կարող են պատճառել Թուրքիային։ Հոդվածագիրը ավելի է բացում քարտերը եւ վերլուծում այն հնարավոր զարգացումները, որոնց կարող են հանգեցնել ծպտյալ հայերի ինքնաբացահայտումը եւ վերադարձը արմատներին. «Անատոլիայում մի ժամանակ բնակչության մոտավորապես մեկ չորրորդը հայերն են կազմել, շատ լավ բարեկամություն, հարեւանություն են արել, եւ նույնիսկ համարվել են «հավատարիմ ազգ»։ Այսօր եթե բոլորն էլ իրենց արմատներին վերադառնան, չեմ կարծում, թե Թուրքիայի բնակչության հազիվ 1 տոկոսը1 գերազանցող հայ բնակչությունը երկրի համար պրոբլեմ կլինի։ Սակայն ծպտյալ հայերն արդեն մեկ դար է` ոչ հայերին, ոչ էլ թուրքերին հանգիստ չեն տալիս»։

Վերջում Գեզգինը անդրադառնում է թուրքական այն հայտնի թեզին, թե ծպտյալ հայերը ներդրված են ամենուր եւ նրանցից մեծ վտանգ է սպառնում. «Այս երկրում ծպտյալ հայերը մեր մեջ են այն աստիճան, որ կարող են լինել թուրքական ազգայնականության ղեկավար, Լոզանում հայկական թեզերին թուրքական կողմի անունից պատասխան տվող,2 ազգայնական ցույցերին ամենաառջեւում թուրքական դրոշը թափահարող»։

Վերջերս տխրահռչակ պատմաբան Յուսուֆ Հալաչօղլուն, խոսելով Բոստոնի Հայ հեղափոխական դաշնակցության իբր թե փակ արխիվի մասին, նորից հայտարարեց, որ «1915-ի աքսորի ժամանակ մոտ 90-95 հազար հայ երեխա եւ կին ապաստան են գտել մուսուլման ընտանիքների մոտ եւ ժամանակի ընթացքում իսլամացել: Սրանք փոխում են անունները եւ իրենց գոյությունը այդպես շարունակում: Սակայն 1970-ականների կեսերին այս մարդիկ անունները փոխելով` կրկին սկսեցին հայկական անուններ ընդունել: Անատոլիայում բոլորը գիտեն, թե ով է հայ: Հրանտ Դինքը ասում էր, որ սրանց թիվը շուրջ 500 հազար է»:

Իսկ այս խնդրով զբաղվող մեկ այլ լրագրող` Մեհմեթ Շեւքեթ Էյգին (Milli gazete, 26.05.08) նշում է, որ հիշյալ խնդրի շուրջ պետք է զգույշ գրել եւ խոսել: Ըստ նրա` ծպտյալ հայերից պետք է տարանջատել բացահայտ հայերին, որոնք Թուրքիայում ապրում են որպես փոքրամասնություն։ «Ճիշտ չէ մեղադրել ծպտյալ հայերի մեծամասնությանը (լինեն 500 հազար կամ էլ 1.5 միլիոն)։ Նրանց մեծ մասը, իմ կարծիքով, իսկապես մուսուլման է դարձել: Սակայն փաստ է, որ այս կրիպտո-հայերի մեջ կան մարդիկ, որոնք վնաս են տալիս Թուրքիային»: Այնուհետեւ նա եւս, շարունակելով թուրքական բազմիցս հնչած այն կարծիքը, թե Թուրքիայում տեղի ունեցած գրեթե բոլոր բացասական երեւույթների համար մեղավոր են հայերը` լինեն բացահայտ թե ծպտյալ, նշում է. «1960թ. մայիսի 27-ի հեղաշրջման մեջ նրանք (ծպտյալ հայերը) մեծ դեր են ունեցել: PKK-ի շարժումն իրականում ոչ թե քրդական, այլ հայկական շարժում է: Վերջին 60 տարվա ընթացքում բոլոր ահաբեկչությունների, հեղաշրջումների, խռովությունների, հուզումների, բռնությունների մեջ դեր են ունեցել կրիպտո-հայերը: Կրկին հայկական փոքրամասնության անդամ իմ քաղաքացիներին առանձնացնելով` ասում եմ. այսօր իսլամի, մուսուլմանների, Ղուրանի, սրբության դեմ ամենակատաղի հարձակվողներն արտաքուստ թուրք եւ մուսուլման երեւացող կրիպտոներն են»:

Թուրքիայում հայերի թեմայի շահարկումն այն աստիճանի է հասել, որ նույնիսկ հայտնի թուրքասեր, պոլսահայ Լեւոն Փանոս Դաբաղյանը վերջերս հանդես եկավ հոդվածով (Once Vatan, 6.06.08)։ Այսպես, անդրադառնալով վերոնշյալ թուրք հեղինակներին, նա հարց է տալիս, որ եթե հայերը չլինեին, ինչո՞վ պետք է զբաղվեին ոմանք, նրանց համար ի՞նչը պետք է լիներ գրելու նյութ եւ այդպիսով նաեւ ապրուստ հոգալու միջոց։ Եվ ինքն էլ պատասխանում է իր հարցին` ասելով, որ այդ դեպքում այդ լրագրողների համար նյութ ուղղակի չէր լինի։ Նա անդրադարձել է նաեւ հայերի իսլամ ընդունելու խնդրին, նշելով, որ հայերի իսլամացումը ոչ թե 1915-ի, իր ձեւակերպմամբ` աքսորի ժամանակ, այլ թուրքերի եւ հայերի առաջին շփման ժամանակ է սկսվել, որը շարունակվել է նաեւ օսմանյան շրջանում։ Իսկ խոսելով ցեղասպանության ժամանակ իսլամ ընդունած հայերի մասին` նա մեջբերում է այդ տարիներին արձակված հրամանը, որով թուրք ոստիկանները շրջում էին մուսուլմանների տները եւ պահանջում հանձնել իրենց մոտ ապաստան գտած հայերին։ Այդ հրամանում հետագայում ավելացվել է, որ եթե հայերը նույնիսկ իսլամ էլ են ընդունել, ապա, միեւնույն է, պետք է հանձնել նրանց։ «Եվ այսքանից հետո փրկվածներին այսօր PKK-ական համարելը, պիտակ կպցնելը որքանո՞վ է պատվաբեր»:

Այս բոլոր շահարկումները, մեր կարծիքով, տեղավորվում են ավելի լայն հասկացողության մեջ. հանրապետական Թուրքիայում հայերը միշտ էլ ներկայացվել են որպես դավաճան, «5-րդ շարասյուն», եւ այս ամենը կատարվել է պետական ամենաբարձր մակարդակով։ Այս նույն համատեքստում կարելի է տեղավորել Թուրքիայում թշնամի ունենալու անհրաժեշտությունը, իսկ թշնամու ամենահարմար «թեկանածուն» հայերն են։ Անդրադառնալով այս խնդրին` թուրք հայտնի լրագրող Էջե Թեմելքուրանը հարց է տալիս, թե ինչ են անելու թուրքերը, երբ բոլոր հայերը լքեն երկիրը, այդ դեպքում ում են հռչակելու թշնամի։ Նրա կարծիքով` այդ ժամանակ թուրքերը սկսելու են միմյանց մեղադրել ավելի քիչ թուրք լինելու մեջ եւ իրար թշնամի հայտարարել։

1Հիշեցնենք, որ ըստ վերջին մարդահամարի` Թուրքիայի բնակչությունը կազմում է 70586256 մարդ:

2Այստեղ Գեզգինը, ըստ երեւույթին, նկատի ունի Թուրքիայի Բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին, որը Շվեյցարիայում դատապարտվել է Հայոց ցեղասպանությունը մերժելու համար։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր