• am
  • ru
  • en
Версия для печати
05.11.2007

20-ՐԴ ԴԱՐԻ ԵՆԻՉԵՐԻՆԵՐԸ. ԽԵՂՎԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

   

Ռուբեն Մելքոնյան

Օսմանյան կայսրությունում դարեր շարունակ գործել է ենիչերիների ինստիտուտը, որը հիմնված էր, այսպես կոչված, «արյան հարկի» (դեւշիրմե) վրա։ Կայսրության ոչ մուսուլման բնակչությունից որպես հարկ ժամանակ առ ժամանակ հավաքվում էին առողջ, ամրակազմ տղա երեխաներ, որոնք ստանում էին իսլամական ու ռազմական համակողմանի կրթություն, եւ հետագայում նրանցից ընտրյալները կազմավորում էին ենիչերիական զորամիավորումները։ Վաղ հասակից մոլեռանդ իսլամի ոգով դաստիարակվող ոչ մուսուլման երեխաները, որոնց մոտ գրեթե ամբողջությամբ ոչնչանում էր էթնիկ ինքնագիտակցությունը, հետագայում դառնում էին ամենամոլի եւ դաժան զինվորներ, ինչպես նաեւ զբաղեցնում պատասխանատու դիրքեր։

Հայտնի է, թե ինչ մեծ դեր են ունեցել ենիչերիական զորամիավորումները Օսմանյան կայսրության պատմության ընթացքում` ներքաղաքական դավադրությունների ժամանակ եւ այլանման իրավիճակներում։ Բազմաթիվ աղբյուրների վկայությամբ` դեւշիրմեներ անցկացվել են նաեւ հայաբնակ վայրերում, եւ բնական է, որ մենք նույնպես եղել ենք «արյան հարկատուներ»։ Օսմանյան կայսրության պատմության ընթացքում տեղ գտած բազմաթիվ բիրտ երեւույթներ իրենց որոշակի դրսեւորումներն են ունեցել նաեւ կայսրության անկման տարիներին եւ, մասնավորապես, Հայոց ցեղասպանության ժամանակ։ Օրինակ, Օսմանյան կայսրությունն իր գոյության ամբողջ ընթացքում հայտնի է եղել ստրկավաճառության հարուստ ավանդույթներով, եւ այդպիսի բազում փաստեր արձանագրվել են նաեւ Մեծ եղեռնի տարիներին։

Առանձին եւ լուրջ ուսումնասիրության թեմա է Հայոց ցեղասպանության ընթացքում առեւանգված կամ ծնողների կոտորվելուց հետո մի կերպ փրկված հայ երեխաների հարցը։ Հայտնի է, որ փրկված երեխաների մի մասին մուսուլմանները որդեգրել կամ, ավելի ճիշտ կլինի ասել, վերցրել են ձրի աշխատուժ ունենալու եւ նման այլ նպատակների համար։ Սակայն առկա են որոշակի փաստեր, որոնք թույլ են տալիս խոսել որբ հայ երեխաներից կազմված Օսմանյան կայսրության, թերեւս, վերջին եւ Թուրքիայի Հանրապետության առաջին ենիչերիների մասին։

Այսպես, հայտնի է, որ տխրահռչակ թուրք զորավար Քազըմ Քարաբեքիրը, արեւելյան ճակատում հավաքելով որբ, անտուն, անխնամ մնացած հայ երեխաներին, նրանց տալիս է ռազմական բազմակողմանի կրթություն, ինչպես նաեւ դաստիարակում մոլի «թուրքականության» ոգով։ Հենց այս երեխաներից է հետագայում կազմավորվում, այսպես կոչված, «Գյուրբուզլեր օրդուսու» զորամիավորումը, որը թարգմանաբար նշանակում է «ամրակազմների բանակ»։ Թուրքական աղբյուրները մանկահավաքության այս գործընթացը ներկայացնում են որպես Քարաբեքիրի «մարդասիրական զգացումների» դրսեւորում, որ իբր այդ ամենը նա արել է` ելնելով հումանիստական նկատառումներից։ Որոշ աղբյուրներ էլ նշում են, թե վերոհիշյալ բանակում ոչ բոլորն են եղել հայ երեխաներ, եւ այնտեղ հավաքվել են նաեւ հայերի կողմից կոտորված թուրքերի որբ երեխաները։ Ինչեւէ, հայտնի է նաեւ, որ «Գյուրբուզլեր օրդուսու»-ի շատ անդամներ հետագայում որոշակի դիրքեր են գրավել թուրքական զինվորական համակարգում, բայց այդ մասին կոնկրետ տվյալների մենք դեռեւս չենք տիրապետում։

Սույն հոդվածում կենտրոնանալու ենք Թուրքիայի ռազմական համակարգում բարձր դիրքերի եւ մեծ ճանաչման հասած ու վերջերս բավական աղմուկ հանած Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի անվան շուրջ։ Առանց չափազանցության կարելի է ասել, որ Սաբիհա Գյոքչենը լեգենդար անուն է շատ թուրքերի համար։ Նա առաջին թուրք կին օդաչուն է, ավելին` աշխարհի առաջին ռազմական կին օդաչուն, որը երկար տարիներ կարեւոր դիրք է զբաղեցրել թուրքական ռազմաօդային ուժերի համակարգում, ճանաչվել է աշխարհի հայտնի 20 օդաչուներից մեկը, ընդ որում` այս տիտղոսին արժանացած առաջին եւ միակ կինն է։ Բավական է նշել, որ ներկայումս նրա անունով օդանավակայան կա Թուրքիայում։ Սակայն ամենակարեւոր հանգամանքը, որ հստակ առանձնացվում է նրա կենսագրության մեջ, այն է, որ 1938թ. Դերսիմի ալեւիների ապստամբության ժամանակ Սաբիհան օդանավով ռմբակոծել է ապստամբներին, ինչը մեծապես օգնել է թուրքական բանակին` վերահսկողության տակ վերցնել Դերսիմը եւ ճնշել խռովությունը։ Ժամանակի թուրքական մամուլը բազմիցս մեծ դրվատանքի է արժանացրել «հերոս Աթաթուրքի» «հերոս աղջկան»` հավելելով, որ նա որպես արժանավոր զավակ շարունակում է հոր գործը։

Թուրքական պաշտոնական աղբյուրներից տեղեկանում ենք, որ Սաբիհա Գյոքչենը ծնվել է 1913թ. մարտի 22-ին Բուրսայում, հայրը Հաֆըզ Մուսթաֆա Իզզեթն է, մայրը` Հայրիյեն։ Վաղ տարիքում կորցրել է ծնողներին եւ մնացել ավագ եղբոր խնամքի տակ։ Այնուհետեւ` 1925թ. Բուրսա ժամանած Քեմալ Աթաթուրքը որդեգրում է աղջկան եւ տանում Անկարա։ Հենց Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահի կամքով էլ Սաբիհան ստացել է կրթություն` ռազմաօդային ասպարեզում։ Ամենեւին էլ պատահական չէ նաեւ, որ Աթաթուրքը նրան տվել է Գյոքչեն (երկնային) ազգանունը, երբ 1934թ. Թուրքիայում օրենք է մտցվել ազգանուն ունենալու մասին։

Սակայն մի շարք այլ եւ գերազանցապես հայկական աղբյուրներ պնդում են, որ Սաբիհա Գյոքչենը իրականում այն հազարավոր հայ երեխաներից մեկն է, որ Հայոց ցեղասպանության ժամանակ կորցնելով ծնողներին` հայտնվել է որբանոցում։

Այսպես, 1972թ. Բեյրութում տպագրված «Լեռ եւ ճակատագիր» գրքում սփյուռքահայ գրող Սիմոն Սիմոնյանը փոքր-ինչ գեղարվեստականացված ներկայացնում է Սաբիհա Գյոքչենին` նշելով, որ նրանց ընտանիքը Այնթափի Ջիբին գյուղից է, եւ բերում է ընտանիքի անդամների անունները։ Սակայն Սաբիհա Գյոքչենի վերաբերյալ աղմկահարույց նյութը, որը տպագրվեց 2004թ. փետրվարի 6-ին Ստամբուլի «Ակոս» թերթում, արժանացավ սպասվածից ավելի բուռն արձագանքի։ Թերթում հայաստանաբնակ Հռիփսիմե Սեբիլջյանը հայտարարում էր, որ Սաբիհա Գյոքչենը իր հարազատ մորաքույրն է եւ այնուհետեւ ներկայացնում է իր մոր, այսինքն` Սաբիհայի քրոջ պատմությունը։ Այսպես, ըստ Հռիփսիմե Սեբիլջյանի մոր` Տիրուհու, իրենք բնիկ այնթափցիներ են, մայրը Մարիամ Սեբիլջյանն է, հայրը` Ներսես Սեբիլջյանը, որը սպանվել է 1915թ.։ Ինքը` Տիրուհին, ունեցել է հինգ եղբայր ու մեկ քույր` Խաթունը, որը հենց նույն Սաբիհա Գյոքչենն է։ Ցեղասպանությունից հետո մեծ ընտանիքը, ինչպես շատ ուրիշներ, ցրվել է, եւ Խաթուն ու Տիրուհի քույրերը հայտնվել են որբանոցում, որտեղից էլ Աթաթուրքը վերցնում է Խաթուն Սեբիլջյանին կամ վերանվանյալ Սաբիհա Գյոքչենին։

Այս ամենը` ընդհուպ մինչեւ որբանոցում իր եւ քրոջ բաժանումը, հետագայում իր զավակներին է պատմել Տիրուհի Սեբիլջյանը, որը 1946թ. Սիրիայից Հայաստան գաղթելուց հետո էլ շարունակել է փնտրել արդեն մեծ ճանաչում գտած քրոջը, սակայն նրա բոլոր փորձերն անհաջողության են մատնվել։ Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ ներկայումս Ջիբին գյուղի ինտերնետային կայքում տեղադրված են մոտ 30 հայ կանանց լուսանկարներ ու կենսագրական մանրամասներ։ Դրանք այն հայ աղջիկներն ու կանայք են, որոնք պահ են տրվել կամ ամուսնացել են մուսուլմանների հետ: Այդ ցուցակում հանդիպում ենք ջիբինցի Մարիամի լուսանկարին, որը շատ նման է «Ակոս» թերթում տպագրված Սաբիհա Գյոքչենի մոր` Մարիամի լուսանկարին։ Սակայն, մեր կարծիքով, Սաբիհա Գյոքչենի հայ լինելու մասին ամենավստահելի եւ արժանահավատ աղբյուրը հայտնի թուրքահայ լեզվաբան, պատմաբան Բարս Թուղլաջիի (Բարսեղ Թուղլաջյան)` այդ առիթով արած հայտարարությունն է։ Հայտնի է, որ նա ժամանակին մտերիմ հարաբերություններ է ունեցել Սաբիհա Գյքոչենի հետ ու «Ակոսի» աղմկահարույց հոդվածից ե՛ւ առաջ, ե՛ւ հետո պնդել է, որ իրականում հայտնի օդաչուն եւս իմացել է իր իսկական ծագման մասին։ Սաբիհա-Խաթունը նույնիսկ սովորել է մի քանի հայերեն բառ, որոնք օգտագործել է Բարս Թուղլաջիի հետ զրուցելիս։

Երբ համադրում ենք այս բոլոր փաստերը, ապա շատ հավանական է դառնում, որ իրականում Աթաթուրքի հոգեզավակ, հայտնի Սաբիհա Գյոքչենը հայուհի է եւ Հայոց ցեղասպանության հազարավոր իսլամացած որբերից մեկը։ Սաբիհա Գյոքչենի հայկական արմատներ ունենալու կարեւոր փաստարկ կարելի է համարել նույն Սիմոն Սիմոնյանի բերած այն տեղեկությունը, թե հայտնի օդաչուն տառապել է «երեւանյան» կոչված հիվանդությամբ, եւ Աթաթուրքը մահից կարճ ժամանակ առաջ ասել է իր հոգեզավակին, որ նա չի կարող բուժվել այդ հիվանդությունից եւ դա նրան ուղեկցելու է ամբողջ կյանքում։

«Ակոս»-ում տպագրված «Սաբիհա Գյոքչենի գաղտնիքը» հոդվածի հեղինակներն էին Հրանտ Դինքը եւ Տիրան Լոքմագյոզյանը, ու հենց այդ հրապարակումից հետո Թուրքիայում սկսվեց հալածանքների եւ քննադատությունների մի մեծ ալիք, որը հետագայում ավելի բեւեռվեց Հրանտ Դինքի անձի վրա։ Հոդվածը մի քանի օր հետո արտատպեց թուրքական «Հյուրիյեթ» թերթը, եւ այն երկար ժամանակ մնաց թուրքական մամուլի, քաղաքական գործիչների, հասարակության ուշադրության կիզակետում։ Բանը հասավ այնտեղ, որ պաշտոնական խիստ հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի գլխավոր սպայակույտը։

Սակայն, եթե զերծ մնանք անհարկի զգացմունքայնությունից, ապա կարող ենք ասել, որ Սաբիհա Գյոքչենը կամ Խաթուն Սեբիլջյանն իր կենսագրությամբ եւ ռազմաօդաչուական գործունեությամբ, որքան էլ կոպիտ հնչի, համապատասխանում է ենիչերի ձեւակերպմանը։ Նա վաղ հասակում թուրքացվել ու իսլամացվել է, նրան տվել են ռազմական կրթություն եւ դաստիարակել «թուրքերի հոր» աղջիկը լինելու հոգեբանությամբ։ Ազգային ինքնագիտակցության այն ենթադրյալ առկայծումները, որոնց մասին վկայում են տարբեր աղբյուրներ, միշտ ստորադասվել են թուրքական առաջին օդաչուի, այլ խոսքով` ենիչերիի կերպարին։ Ի դեպ, ասվածի ուղղակի կամ անուղղակի ապացույցը կարելի է համարել 2005թ. Ստամբուլում հրատարակված Մուրաթ Քահրամանի «Ճիչ» վեպում սպրդած որոշ փաստագրական պատմությունները։ Այդ գրքում ներկայացվում են Սաբիհա Գյոքչենի ծագման մասին նույն տվյալները, որոնք մեջբերվել են վերեւում։ Հեղինակը «Ճիչ»-ում անդրադառնալով նաեւ 1938թ. Դերսիմի ապստամբությանը` նկարագրում է թուրքական բանակի վայրագությունները, ինչպես նաեւ խոսում ապստամբներին օդից ոչնչացնող Աթաթուրքի աղջկա մասին։ Սակայն ուշագրավ է, որ դա արվում է Հայոց ցեղասպանության ժամանակ մահից մի կերպ փրկված եւ Դերսիմում ապաստանած հայի` Քալոյի շուրթերով։ Ըստ Քալոյի, Սաբիհա Գյոքչենի նետած ռումբերը ոչնչացնող հարվածներ էին հասցնում ոչ միայն ալեւի-քուրդ ապստամբներին, այլ նաեւ տակնուվրա էին անում 1915-ի ցեղասպանության ժամանակ Դերսիմի ալեւիների մոտ ապաստանած հայերի հոգեւոր աշխարհը։

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Օսմանյան կայսրության վերջին եւ Թուրքիայի Հանրապետության առաջին տարիներին, շարունակելով «փառավոր» անցյալի ավանդույթները, ձեւավորվել են տիպիկ ենիչերիական կերպար ու էություն ունեցող ռազմական ստորաբաժանումներ, ինչպիսին են Քազիմ Քարաբեքիրի «ամրակազմների բանակը» եւ առանձին անհատներ, որոնցից, թերեւս, ամենահայտնին Սաբիհա Գյոքչենն է։

Միաժամանակ, եթե փորձենք հասկանալ Սաբիհա Գյոքչենի հայ լինելու մասին հոդվածի տպագրվելուց հետո բարձրացված աղմուկի խորքային պատճառները, ապա կտեսնենք, որ թուրքական խորհրդանիշներից մեկի` հայտնի օդաչուի իրական էթնիկ պատկանելության քողազերծումն ուղղակիորեն կապված է ժամանակակից թուրքական պետության անվտանգության եւ գոյության հետ։ Հենց սրա հետ է պետք կապել նաեւ Թուրքիայի գլխավոր սպայակույտի կոշտ հայտարարությունը։ Ստի, կեղծիքի եւ արյան վրա ստեղծված պետության մեջ կեղծ են նաեւ խորհրդանիշները։ Եվ եթե գլխավոր խորհրդանիշներից մեկն ապացուցվում է, որ թուրքերի պատկերացմամբ` թշնամի «գյավուր» հայ է, ապա նրանց ինքնագիտակցության մեջ ինչ-որ բան, այնուամենայնիվ, կոտրվում է։ Միլիոնավոր թուրքեր, ովքեր մեծացել են հայերի հանդեպ ատելության մթնոլորտում եւ որպես խորհրդանիշ պատկերացրել Սաբիհա Գյոքչենին, հոգեբանական անհարմարություն են զգում, քանի որ պարզվում է, որ իրենց ազգային վեհության սիմվոլն իրականում հայ է կամ այլ ձեւակերպմամբ` հայն է եղել նրանց խորհրդանիշը։ Այստեղ տեղին է մեջբերել նաեւ Հրանտ Դինքի այն միտքը, որ եթե թուրքական պետությունը մի օր կործանվի, ապա դա կլինի ոչ թե զենքի, այլ էթնիկ ինքնության ճգնաժամի միջոցով։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր