• am
  • ru
  • en
Версия для печати
Harutyun_Marutyan10.11.2009

ԻՍՐԱՅԵԼԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ

   

Հարություն Մարության

Փոքր տարածք և սահմանափակ բնական ու ֆինանսական ռեսուրսներ ունեցող Իսրայել պետությունը, որը նաև շարունակական ռազմական հակամարտության մեջ է իր հարևանների մի մասի հետ, ստիպված է անընդհատ որոնել ոչ ստանդարտ՝ ստեղծագործական լուծումներ երկրի առաջընթացի ապահովման համար։ Եվ այստեղ Իսրայելին օգնության է գալիս գիտությունը, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում գրանցվող հաջողությունները։ Ընդ որում՝ դրանք տեղ են գտնում ռազմական արդյունաբերությունից և համալսարանական ու այլ հետազոտական կենտրոններից դուրս։ Այս առումով բնութագրական է, որ Իսրայելն աշխարհում գրավում է ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղը բարձր տեխնոլոգիաների բնագավառում ինովացիոն և շուկայական ուղղվածություն ունեցող ապրանք արտադրող նոր ընկերությունների ստեղծման գործում1:

Արդ, ո՞րն է պատճառը, որ Իսրայելն արագընթաց տեմպերով զարգացումներ է գրանցում բարձր տեխնոլոգիաների ասպարեզում։ Հասկանալու համար Իսրայելի գիտական ու, հատկապես, միջազգային գիտական քաղաքականությունը և դրա դերը երկրում ինովացիաների զարգացման մեջ, գնահատելու համար միջազգային գիտական կապերի2 կոնցեպցիայի ձևավորման բարդությունները, անհրաժեշտ է լիարժեք պատկերացում ունենալ երկրի զարգացման պատմության փուլերի մասին3:

Իսրայելի տնտեսագիտական պատմությունը ներկայացնում է սկզբում կարծր տնտեսական կուրսից անցում դեպի ներմուծմանը փոխարինող արդյունաբերության, ապա և արտահանմանն ուղղված տնտեսության վերափոխման վառ օրինակ։ Չունենալով օգտակար հանածոներ և ոչ էլ բերքատու հողեր, Իսրայելը հույսը, շեշտը դրեց կոմերցիոն գիտության վրա որպես ազգային տնտեսության զարգացման հիմնական աղբյուրի։ Դրա շնորհիվ Իսրայելն իր տնտեսական և սոցիալական զարգացման մեջ իրականացրեց ֆանտաստիկ առաջանցում` դառնալով ժամանակակից հետինդուստրիալ հասարակության ճանաչված լիդերներից մեկը։

Այսօր Իսրայելը տեղ է գրավում աշխարհի քսան ամենազարգացած երկրների ցանկում և հայտնի է ամբողջ աշխարհում իր բարձրտեխնոլոգիական արդյունաբերությամբ, պատրաստված ինժեներներով4, զգալի գիտական նվաճումներով։ Հաստատուն տնտեսական աճը ձեռք է բերվում ի հաշիվ տնտեսական մեխանիզմի մեջ նոր լուծումներով պայմանավորված ներդրումների գործընթացի արագացման և ինովացիոն գործունեության անընդհատության ապահովման։ Եթե վերցնենք «ինովացիոն ինդեքսի» ցուցիչը, որը բնութագրում է գիտության և բիզնեսի փոխազդեցության մակարդակը և գիտական մշակումների՝ տնտեսության մեջ ներդրման արագությունը, ապա համաշխարհային առաջատարներն են ԱՄՆ-ը, Թայվանը, Ֆինլանդիան, Շվեդիան և Ճապոնիան։ Իսրայելը 6-րդ տեղում է5, Գերմանիան՝ 10-րդ, Մեծ Բրիտանիան՝ 14-րդ, Ֆրանսիան՝ 18-րդ։ Իսրայելի ներդրումները գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների մեջ (Research and Development – R&D)6 աշխարհում ամենաբարձրերից մեկն են, իսկ 2008թ. տվյալներով, թերևս, ամենաբարձրն են և կազմում են համախառն ներքին արտադրանքի 4.74%-ը (համեմատության կարգով նշենք, որ երկրորդ տեղում գտնվող Շվեդիայում այն կազմում էր ՀՆԱ 3.63%-ը)7։ Երկրում գործում են ավելի քան 3000 բարձրտեխնոլոգիական ընկերություններ։

1960-ական թթ. վերջին իսրայելական տնտեսության կառուցվածքի մեջ տեղի ունեցան էական փոփոխություններ. զարգացման մեջ առաջնայնություն ստացավ գիտատար արդյունաբերությունը, համապատասխանաբար գիտահետազոտական ծրագրերի շրջանակներում՝ կիրառական հետազոտությունները։ Հենց այդ ժամանակ էլ սկսվեց նորագույն տեխնոլոգիաների և գիտահետազոտական մշակումների վրա հենված արտադրանքի արտահանումը, ճիշտ է, բավականին համեստ ծավալներով։

Եվ չնայած Իսրայելն այն փոքրաթիվ երկրներից է, որտեղ համալսարաններն ու այլ գիտական հաստատությունները բացվել էին պետական ինքնիշխանության հռչակումից շատ առաջ, Իսրայել պետության հռչակման առաջին տարիներին երկրում չկար թե՛ բավարար գիտատեխնիկական ներուժ, թե՛ կազմակերպական կառույցներ8: Երկիրը փաստորեն պայքար էր մղում տնտե-սության կենդանի մնալու համար։

Որոշ երկրներում տեղ գտած ինովացիոն գործընթացները գրավեցին իսրայելցի մասնագետների ուշադրությունը։ Բարձրակարգ մասնագետների առկայությունը և պետության քաղաքականությունը, ուղղված արտասահմանյան (գերազանցապես ամերիկյան) ներդրումների ներգրավմանը, հանգեցրին իսկական վերելքի։ Պետք է նշել, որ բարձր տեխնոլոգիաների և ազդեցիկ տնտեսական ձեռքբերումների հարցում կարևոր դեր խաղացին ռազմական բնագա-վառում իրականացված մշակումները։ Մասնավորապես, ռազմական ոլորտում իրականացված գիտական հետազոտությունները նշանակալից ազդեցություն ունեցան իսրայելական արդյունաբերական սեկտորի, գիտական ըն-կերակցության վրա և այլն։ Սակայն ռազմական ծախսերի իջեցումն ուղեկցվում էր խոր կառուցվածքային փոփոխություններով և գործարար ոլորտի գիտահետազոտական հնարավորությունների նկատելի բարելավումներով։

Միջազգային համագործակցությունը գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների բնագավառում իսրայելական արտաքին քաղաքականու-թյան կենտրոնական բաղկացուցիչներից է։ Վերջին տարիներին այն էականորեն ընդլայնվել է ու խորացել, և ներկայումս Իսրայելը համագործակցում է աշխարհի շատ երկրների հետ ինչպես պետական, նույնպես և բիզնես ոլորտի մակարդակում։ Հետազոտությունների գների անընդհատ աճն ու պետական ֆինանսավորման նվազումը բերեցին նրան, որ իսրայելական համալսարանները վերջին տարիներին փնտրում են լրացուցիչ միջոցների աղբյուրներ։ Իսրայելի գրեթե ամեն մի բուհում գործում են միջազգային կապերի բաժիններ, որոնք պատասխանատու են միջազգային գիտական համագործակցության զարգացման, համատեղ start-up ընկերությունների ստեղծման համար և այլն9: Բարձրագույն ուսումնական, գիտահետազոտական հաստատությունների և ձեռնարկությունների գիտաշխատողների անմիջական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր երկրների երիտասարդ գիտաշխատողների, ուսանողների հանդիպումները ևս մի կարևոր նախադրյալ են արդյունավետ երկկողմանի գիտական կապերի զարգացման համար։

Իսրայելի հետաքրքրվածությունը միջազգային գիտական կապերի զարգացմամբ թելադրվում է նրանով, որ սահմանափակ նյութական ռեսուրսներ ունեցող փոքր երկիրը չի կարող հասնել նկատելի գիտական հաջողություն-ների բացառապես սեփական ջանքերով։ Աշխարհում ճանաչում ունեցող իսրայելական գիտության բարձր մակարդակն այն հիմնական գործոնն է, որը դրդում է զարգացած երկրներին որոնել Իսրայելի հետ գիտական համագոր-ծակցության և կոոպերացիայի եզրեր։ Միջազգային գիտական համագործակցության մեջ Իսրայելի մասնակցությունն ընդգրկում է բոլոր մակարդակները՝ անհատական գիտական շփումներից և արտասահմանյան ու միջազգային գի-տական ծրագրերում իսրայելական մասնագետների խմբերի մասնակցու-թյունից մինչև համագործակցություն միջպետական մակարդակում։

Միջազգային համագործակցության մեջ կապող օղակի դեր է կատարում իսրայելական արդյունաբերության MATIMOP (Israeli Industry Center for R&D) գիտահետազոտական կենտրոնը։ Այն ոչ կոմերցիոն կազմակերպություն է և իրականացնում է միջազգային գիտական համաձայնություններ բարձր տեխնոլոգիաների բնագավառի հանրության հետ Արդյունաբերության և առևտրի նախարարության գլխավոր գիտնականի բյուրոյի անունից10: Կենտրոնը գործում է իբրև մի օղակ, որը կապում է իսրայելական ընկերություններին և նրանց միջազգային գործընկերներին։ Այն իսրայելական կազմակերպությունների և Եվրոպական միության միջև տեղեկատվության և ամեն ինչում աջակցության իրականացման գլխավոր խողովակն է։

Իսրայելի՝ կառավարական կազմակերպությունների մակարդակով միջազգային գիտական կապերի զարգացման պատասխանատվությունը դրված է Գիտական հետազոտությունների և զարգացման ազգային խորհրդի, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարության մշակութային և գիտական կապերի բաժնի վրա։ Դեռևս 1972թ. նշյալ Ազգային խորհուրդն առաջ քաշեց «Իսրակոն» ծրագիրը՝ ուղղված բնական և հասարակական գիտությունների և տեխնոլոգիաների բնագավառներում իսրայելական և արտասահմանյան առաջատար մասնագետների միջև գիտական տեղեկատվության կանոնավոր փոխանակման և քննարկումներին նպաստելու խնդրով իսրայելական գիտահետազոտական կոնֆերանսների կազմակերպման օժանդակությանը։ Իսրայելական գիտությունների ակադեմիան ներկայացնում է Իսրայելը Գիտական միությունների միջազգային խորհրդում, Եվրոպական գիտական հիմնադրամում, անմիջական կապեր է պահպանում արտասահմանյան ազգային գիտական կազմակերպությունների հետ, մասնակցում է արտերկրում կազմակերպվող գիտաժողովներին և օժանդակում նման կոնֆերանսների հրավիրմանը Իսրայելում։ Արտաքին գործերի նախարարության միջազգային կոոպերացիայի բաժինը զբաղվում է նաև Իսրայելի գյուղատնտեսության, բժշկության, առողջապահության, կրթության ոլորտի ձեռքբերումներով հետաքրքրված զարգացող երկրների մասնագետների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպման հարցերով։

Քանի որ բարձր տեխնոլոգիաների բնագավառում Իսրայելի հիմնական գործընկերը Միացյալ Նահանգներն է, զարմանալի չէ, որ այդ երկիրն արդյունաբերության մեջ ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման և գիտական հետազոտությունների ոլորտում երկկողմանի միջպետական համագործակցության հիմնական գործընկերն է։ Ամերիկա-իսրայելական «հատուկ գիտա-կան հետաքրքրություններն» ունեն համեմատաբար երկար պատմություն։

Երկու երկրների միջև քաղաքական հարաբերություններ հաստատելուց հետո հնարավոր դարձավ ձեռնամուխ լինել գիտական կապերի զարգացմանը։ Սակայն սկզբնական փուլում՝ 1950-ական թթ., այդ հարաբերությունները կառուցվում էին առանձին գիտնականների և որոշ արդյունաբերական ընկերությունների գիտական կապերի հենքին։ Իսրայելում նոր-նոր էր ձևավորվում գիտելիքը առևտրային ապրանք դարձնելու մոդելը։ 1959թ. Վեյցմանի գիտահետազոտական ինստիտուտի (Weizmann Institute of Science) շրջանակներում հիմնադրվեց YEDA կազմակերպությունը11, որն առաջին իսրայելական և ընդհանրապես աշխարհում առաջին կազմակերպություններից էր` ուղղված գիտական ձեռքբերումների առևտրայնացմանը նպաստող տեխնոլոգիաների փոխանցմանը։ 1964թ. Motorola ընկերությունը ստեղծեց գիտահետազոտական կենտրոն Իսրայելում12: 1965թ. հիմնադրվեց Իսրայելա-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատը։

1960-ական թթ. վերջերից Վաշինգտոնում հասկացան, որ Իսրայելը կարող է ծառայել իբրև անփոխարինելի խոչընդոտ Մերձավոր Արևելքում խորհրդային ազդեցության ծավալման դեմ։ Հենց այդ ժամանակ էլ սկսվեց ԱՄՆ զանգվածային օգնությունը Իսրայելին։ 1967թ. պատերազմից հետո, երբ Իսրայելը ցույց տվեց իր հարևանների նկատմամբ որակական ռազմական և տեխնոլոգիական գերակշռություն, ԱՄՆ-ը փոխեց քաղաքականությունն Իսրայելի նկատմամբ և հետաքրքրվեց նրա հետ համագործակցության հնարավորություններով։ Համաձայն պարբերաբար անցկացվող հարցումների, 1967թ. ի վեր Իսրայելը վայելում է ամերիկյան հասարակության զգալի օժանդակությունը։

Բազմաթիվ քննարկումներից հետո գիտական համագործակցությունը սկսեց ձեռք բերել կոնկրետ ձևաչափեր։ Արդյունքում ձևավորվեցին մի շարք խոշոր համատեղ գիտական ծրագրեր, ինչն այն ժամանակների համար միջազգային գիտական կապերի նոր ձև էր։ Գիտության և տեխնիկայի բնագավառում ԱՄՆ-ը դարձավ Իսրայելի համար կարևորագույն գործընկերը, ինչն անմիջապես իր դրսևորումը գտավ մի քանի համաձայնագրերում։ Ավելի ու ավելի շատ իսրայելցի երիտասարդ գիտնականներ սկսեցին անգլերեն լեզվով գիտելիքներ ձեռք բերել և կատարելագործվել ԱՄՆ-ում` այդպիսով հիմք դնելով սերտ գիտական և արտադրական կապերի կադրային բազայի։

1974թ. Intel ընկերությունը բացեց հետազոտական կենտրոն Հայֆայում։ Այն ժամանակ այդտեղ աշխատում էր ընդամենը հինգ ինժեներ։ Ներկայումս Intel-ը Իսրայելում ունի ութ գիտաարտադրական կենտրոն, որոնցում մշակվել են մի շարք համակարգչային պրոցեսորներ, որոնք լայնորեն հայտնի են ողջ աշխարհում13:

Համատեղ հետաքրքրություն ներկայացնող քաղաքացիական ոլորտում հետազոտությունները խրախուսելու նպատակով 1972թ. հիմնադրվեց Ամերիկա-իսրայելական գիտական հիմնադրամը (The U.S. – Israel Binational Science Foundation – BSF)14։ Այդ հիմնադրամը դարձավ առաջին կառույցը, որը տրամադրում էր ֆինանսական օժանդակություն և թեթևացնում էր ԱՄՆ-ի և Իսրայելի գիտնականների գիտական համագործակցությունը։ Հիմնադրամի շահույթները գոյանում են 100 մլն դոլար դրամագլխի տոկոսադրույքներից։ Երկու կառավարությունները 1972թ. կատարեցին 30-ական մլն դոլարի ներդրումներ, իսկ 1984թ. ավելացրին ևս 20-ական մլն դոլար։ Այդ հիմնադրամի նշանակությունը Իսրայելի և ԱՄՆ-ի միջև գիտատեխնիկական համագործակցության մեջ դժվար է գերագնահատել, քանի որ հիմնադրամը սուբսիդավորում է գիտության տարբեր ոլորտներին առնչվող հետազոտական ծրագրեր՝ մարդաբանությունից մինչև բիոբժշկական ինժեներիա, ֆիզիկա և շրջակա միջավայրի պահպանության հարցեր։ Հիմնադրման օրվանից BSF-ը տրամադրել է ավելի քան 4000 հետազոտական դրամաշնորհներ շուրջ 480 մլն դոլարի չափով։ Դրանցից շատ-շատերը բերել են կարևորագույն գիտական, բժշկական և տեխնոլոգիական ճեղքումների պրակտիկ դրսևորումների լայն սպեկտրի մեջ։ Բավական է նշել, որ 1959-ից ի վեր բժշկության, ֆիզիկայի, քիմիայի և տնտեսագիտության բնագավառի Նոբելյան մրցանակակիրներից 38-ը առնվազն մեկ անգամ դրամաշնորհ են ստացել BSF-ից15:

Հիմնադրամի աշխատանքներին ակտիվ մասնակցության շնորհիվ Իսրայելը բավականին զգալի օգուտներ է ստանում, քանի որ աջակցելով համատեղ հետազոտական ծրագրերին` երկիրը կարողացավ ընդլայնել և կատարելագործել իր հետազոտական բազան, հասնելու համար զարգացման այնպիսի մակարդակի, որն անհնարին կլիներ հետազոտությունների ինքնուրույն իրականացման պարագայում։ Կարևոր հանգամանք էր և այն, որ իսրայելցի գիտնականների համար մատչելի, հասանելի դարձան ամերիկյան հնարավորությունները և գիտափորձարարական սարքավորումները, որոնք անհասանելի էին Իսրայելում։ Այդպիսով է, որ իսրայելցիները կարողացան առաջիններից մեկը տեղեկատվություն ստանալ ամերիկյան հետազոտությունների արդյունքների մասին, ինչը նույնպես նպաստեց Իսրայելում գիտական առաջընթացին։

Նշյալ հիմնադրամին հաջորդեց 1978թ. Գյուղատնտեսության բնագա-վառում ամերիկա-իսրայելական հետազոտությունների և մշակումների համատեղ հիմնադրամը (United States-Israel Binational Agricultural Research and Development Fund – BARD), որը կոչված էր իրականացնել և աջակցել երկու երկրների գյուղատնտեսության համար էլ մեծ նշանակություն ունեցող հետազոտություններին և ինովացիաների զարգացմանը։ Այն ձևավորվեց երկու կառավարությունների կողմից համատեղ 40-ական մլն դոլար ներդրումից, որին 1984թ. ավելացվեց 15-ական մլն դոլար։ Իր գործունեության սկզբնավորումից ի վեր BARD-ը ֆինանսավորել է ավելի քան 1000 ծրագիր (250 մլն դոլար ընդհանուր գումարի չափով) աշխարհի ավելի քան չորս տասնյակ երկրում։ Հաշվարկված է, որ իրականացված միայն 10 ծրագրի օգուտները լոկ ԱՄՆ-ի համար կազմում են շուրջ 450 մլն դոլար, ևս 300 մլն դոլարի օգուտներ են արձանագրված Իսրայելի համար16։

1977թ. հիմնվեց Արդյունաբերության ոլորտում հետազոտությունների և մշակումների ամերիկա-իսրայելական միջպետական հիմնադրամը (Israel-U.S. Binational Industrial Research and Development Foundation – BIRD–F)։ Հիմնադրամի նպատակն է արտադրության մեջ տեխնիկական նորույթների ներդրմանն օժանդակելու միջոցով նպաստել բարձր տեխնոլոգիաների բնագավառում ամերիկյան և իսրայելյան գիտնականների փոխշահավետ համագործակցությանը։ Ներկայումս այդ հիմնադրամի միջոցները շուրջ 110 մլն դոլարի կարգի են։ Այդ հիմնադրամն ամեն տարի օժանդակում է մոտ 20 ծրագրերի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 11 մլն դոլար։ Հիմնադրման օրվանից BIRD–F-ը օժանդակել է 740 ծրագրի` ներդնելով 245 մլն դոլար։ Ծրագրերի արդյունքների ապրանքաշրջանառության գումարը կազմում է ավելի քան 8 մլրդ դոլար17:

Իսրայելում այդ հիմնադրամը համագործակցում է մեծությամբ տարբեր ընկերությունների հետ, այդ թվում նաև համեմատաբար վերջերս ստեղծված, որոնք ունեն առաջավոր տեխնիկական և արտադրական ներուժ, ճկուն են իրենց կորպորատիվ քաղաքականության մեջ և պատրաստ են միավորել իրենց ջանքերն ամերիկյան ֆիրմաների հետ գիտատար արտադրանքի մշակման և առևտրային օգտագործման համար։ Հիմնադրամը ձեռք է բերել՝ հատկապես երիտասարդ ինովացիոն ֆիրմաների համար, ցանկալի գործընկերոջ իմիջ` թույլ տալով նրանց կիսել իր հետ նախագծային ռիսկերը և թեթևացնել R&D-ի ծախսերը։

1980-ական թթ. կեսերից պայմանները փոխվեցին։ Բարձր տեխնոլոգիա-ների արագ զարգացմանը զուգընթաց, շատ ամերիկյան ընկերություններ սկսեցին դրսևորել ավելի մեծ հետաքրքրություն, շահագրգռություն համատեղ գիտական արդյունքների օգտագործման մեջ։ Իսրայելում ստեղծվեցին Infenon, Vishay, Texas Instruments, Tower Semicon-ductor, National Semiconductor, Applied Materials և այլ վերազգային (transnational) կորպորացիաների գիտահետազոտական կենտրոններ և արտադրություններ։

Ռեյգանի վարչակազմի տարիներին Իսրայելի և ԱՄՆ հարաբերությունները նկատելիորեն զարգացան։ Ի լրացումն նախորդ պարտավորությունների, ստորագրվեցին փոխըմբռնման հուշագրեր (1981, 1988թթ.), որոնք դարձան պրակտիկ գործունեության հիմքեր ռազմական և քաղաքացիական ոլորտնե-րում։ 1980-ական թթ. սկզբից Իսրայելն արդեն հաշվվում էր ԱՄՆ-ի «ռազմավարական դաշնակից», իսկ 1987թ. անվանվեց «ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի գլխավոր դաշնակից»։ 1985թ. կնքվեց համաձայնություն ազատ առևտրի մասին, ինչպես նաև հուշագիր բիոտեխնոլոգիաների գծով իսրայելական կազմակերպության և բիոգիտության գծով կալիֆոռնիական հանձնաժողովի հետ։

1980-ական թթ. երկրորդ կեսին Իսրայելն ավելի հայտնի է դառնում իր գիտական նվաճումներով։ ԱՄՆ օգնությամբ Իսրայելը ձգտում էր գիտական կապեր հաստատել և փորձի փոխանակություն իրականացնել զարգացող երկրների հետ18: Այդ նպատակով 1985թ. ստեղծվում է Զարգացման բնագավառում համատեղ հետազոտությունների ամերիկա-իսրայելական գիտահետազոտական ծրագիր։ USAID կազմակերպությունն ամեն տարի այդ ծրագրի բյուջե է փոխանցում 3 մլն դոլար։ Ծրագրի գործունեության ժամանակահատվածում տրվել են ավելի քան 350 դրամաշնորհներ (2005թ. տվյալներ)։

ԱՄՆ նահանգներից Իսրայելի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խնդրում առաջին տեղում է գտնվում Կալիֆոռնիան։ Վերջինիս համար՝ որպես սպառման շուկա, Իսրայելը գրավում է 25-րդ տեղը (1997թ. տվյալներով դա կազմում էր 810 մլն դոլար)։ Կալիֆոռնիայում բնակվում են շուրջ քառորդ միլիոն նախկին իսրայելցիներ, այստեղ գործում են ավելի քան 60 իսրայելական ընկերություններ19, այդ թվում նաև այնպիսի հայտնիները, ինչպիսիք են 4th Dimension Software, Advanced Recognition System, CI Systems, Tadiran և այլն։ Կալիֆոռնիական մի շարք խոշոր ընկերու-թյուններ, այդ թվում նաև Intel, Monster Cable, Applied Materials, Bay Networks, Cisco, ունեն դուստր ընկերություններ Իսրայելում։ Առևտրական շրջանառության մեծ ծավալները, ինչպես նաև այդ ընկերություններում ներգրավված աշխատողների մեծ թվաքանակն այն գործոնների թվում էին, որոնք նպաստեցին երկու երկրների պետական կառույցներին ավելի մոտիկից հետաքրքրվելու բարձր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության հարցերով։

1993թ. ստեղծվեց Գիտության և տեխնոլոգիաների գծով ամերիկա-իսրայելական հանձնաժողով (US-Israel Science and Technology Commission)20: Երկու կառավարությունները ներդրեցին 15-ական մլն դոլար։ Հանձնաժողովի առաքելությունն է օժանդակել երկու երկրներում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը համատեղ ծրագրերի իրագործման ճանապարհով, համալսարանների և հետազոտական ինստիտուտների միջև իրականացնել գիտական փոխանակում, ինչպես նաև օժանդակել ռազմական տեխնոլոգիաները քաղաքացիական արդյունաբերության մեջ հարմարեցնելու գործին։ Հանձնաժողովի գործունեության հիմնական թիրախներն են ինֆորմացիոն և բիոտեխնոլոգիաները, ինչպես նաև համագործակցությունն ամերիկյան Մթերքների և դեղամիջոցների գործակալության (FDA – Food and Drug Administration) հետ։ Հանձնաժողովը հիմնեց Գիտության և տեխնոլոգիաների ամերիկա-իսրայելական հիմնադրամ՝ կոչված վերաբաշխելու այն դրամաշնորհները, որոնք տրամադրվում էին երկու պետությունների կառավարությունների կողմից։ Հիմնադրամն ամեն տարի ֆինանսավորվում է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի բյուջեից։ Հանձնաժողովի կարևորագույն խնդիրներից մեկն է օգնել մասնավոր բիզնեսին համագործակցություն ծավալելու բարձր տեխնոլոգիաների բնագավառում։ Համատեղ ձեռնարկություններին օժանդակելու ծրագիրն օգնում է համատեղ բարձրռիսկային ամերիկա-իսրայելական տեխնոլոգիական արտադրությունների ֆինանսավորմանը։ Վերջին տվյալներով` այդ կերպ իրականացվում էին վեց ծրագրեր, որոնց համար տրամադրվել էր 24 մլն դոլար։

Համատեղ ձեռնարկություններին օժանդակության ծրագիրը շատ ընդհանուր գծեր ունի Արդյունաբերության ոլորտում հետազոտությունների և մշակումների ամերիկա-իսրայելական միջպետական հիմնադրամի (BIRD) հետ։ Երկուսն էլ մշակված են ինովացիոն տեխնոլոգիաների առևտրայնացման բնագավառում մասնավոր բիզնեսին օժանդակելու համար։ Սակայն կան նաև էական տարբերություններ։ Այն դեպքում, երբ BIRD հիմնադրամն օժանդակում է տեխնոլոգիաների զարգացմանը առևտրայնացման վերջնական փուլում, Գիտության և տեխնոլոգիաների հանձնաժողովն օգնում է գաղափարը կոմերցիոն ապրանք դառնալու սկզբնական փուլում։ Նման ծրագրերն ավելի մեծ ռիսկեր են կրում և պահանջում են ավելի նկատելի կապիտալ ներդրումներ։ Այդ պատճառով էլ նշյալ հանձնաժողովի դրամաշնորհները տրամադրվում են ոչ թե երկու տարով, ինչպես BIRD-ի պարագայում է, այլ չորս։

Այս ծրագրի շնորհիվ Իսրայելը խթանում է մասնավոր բիզնեսին՝ զարգացնելու առաջատար տեխնոլոգիաները և իսրայելական ընկերություններին հնարավորություն է տալիս մուտք ունենալ ինովացիաների ամերիկյան փորձին։

1995թ. սկզբին Երուսաղեմում բացվեց Կալիֆոռնիայի նահանգի առևտրի դեպարտամենտի ներկայացուցչություն։ Իսրայելն իր հերթին Կալիֆոռնիայում՝ Լոս Անջելեսում և Սանտա Կլարայում (Սիլիկոնյան հովտի կենտրոնում) ունի տնտեսական հարցերով ներկայացուցչություն։

Իսրայելի ավանդական ուղղվածությունը դեպի ԱՄՆ բերեց նրան, որ Իսրայելը սկսեց պարզապես վերցնել ամերիկացի գործարարների և ներդրողների փորձը, ինչպես նաև ինովացիոն զարգացման ամերիկյան փորձը։ Արդյունքում` բարձր տեխնոլոգիաների բնագավառում այսօր Իսրայելը ճանաչված է որպես համաշխարհային առաջատար և ունի չափերով երկրորդ «սիլի-կոնյան հովիտը»։ Այն տեղակայված է Թել Ավիվից հյուսիս գտնվող արդյունաբերական գոտում, որտեղ գտնվում են բազմաթիվ խոշորագույն արևմտյան ընկերությունների (այդ թվում` Digital Equipment, Motorola, Intel և այլն) մասնաճյուղերը։ Սակայն ընկերությունների մեծամասնությունը ոչ մեծ, քիչ հայտնի, երիտասարդ ֆիրմաներ են և հիմնականում մասնագիտանում են համակարգչային ցանցերի անվտանգության ապահովման, ինտերնետ տեխնոլոգիաների, ծրագրաշարային ապահովման և ռոբոտատեխնիկայի բնագավառներում։ 2005թ. Բիլ Գեյթսը բնութագրեց Իսրայելը որպես «Սիլիկոնային հովտի» մաս` այդպիսով ճանաչելով հրեական պետության արդյունաբերական ոլորտի հաջողությունները21:

ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ռազմարդյունաբերական կոոպերացիան Իսրայելի համար նաև տեխնոլոգիաների տրանսֆերտի հնարավո-րություն է։ 1980-1990-ական թթ. ԱՄՆ-ը ավելի ու ավելի շատ էր ձգտում պահպանել Իսրայելի որակական առավելությունն իր հարևանների նկատմամբ, և այդ նպատակն իրագործվում էր գերազանցապես իսրայելական ինովացիաների, այլ ոչ նորագույն ամերիկյան ռազմական համակարգերի տրամադրման շնորհիվ։ Ռազմարդյունաբերական հաջող կոոպերացիան կարող է օժանդակել տեխնոլոգիաների ավելի ազատ տեղափոխմանը ԱՄՆ-ից Իսրայել, որպեսզի ինչպես ԱՄՆ-ի, նույնպես և Իսրայելի համար մշակված համակարգերը լինեն ամենանորերը։

Իսրայելը ձգտում է զարգացնել նորագույն ռազմական տեխնոլոգիաներն այն նկատառումով, որպեսզի հասնի որակական տեխնոլոգիական գերակայության։ Դա համապատասխանում է նաև ամերիկյան քաղաքականության նպատակներին։ Միայն ԱՄՆ-ը կարող է ֆինանսավորել բարձր տեխնոլոգիաների բնագավառի իսրայելական գիտական հետազոտությունները, որպեսզի հետագայում կարողանա կազմակերպել իսրայելական համակարգերի արտադրությունն ԱՄՆ-ում։

Վերջապես, եթե տնտեսական անհրաժեշտությունը բերի նրան, որ Իսրայելը ստիպված լինի բացահայտել իր մշակումների որոշ տեխնոլոգիական գաղտնիքներ, որոնք որ ցանկալի կլիներ դեռևս գաղտնի պահել, ապա դրանց փոխանցումը մերձավոր դաշնակցին՝ ԱՄՆ-ին, երևի թե կլինի ամենահարմար տարբերակը։ Այդ պատճառով էլ երկու երկրների միջև կնքված են հատուկ երկկողմանի համաձայնագրեր, որոնք կարգավորում են ռազմական տեխնոլոգիաների տրանսֆերտները։

Այսպիսով, Իսրայելի օրինակը ցուցում է, թե ինչպես կարելի է սահմանափակ ռեսուրսներ ունենալու պարագայում, օգտագործելով գիտական համագործակցության ներուժը, հասնել նշանակալի նվաճումների տնտեսության բնագավառում։ Այդ փորձը նաև հուշում է, թե որքան սերտորեն են կապված քաղաքականությունն ու գիտությունը, թե ինչ աստիճանի են դրանք փոխպայմանավորված միմյանցով։

1Տես. Саймон Грайвер. Грани израильской экономики. http://www.posolstvo.narod.ru/lib/ hitech.html

2Հայաստանում գիտությամբ զբաղվող բոլոր սուբյեկտների համար համագործակցության մթնոլորտի և մեխանիզմների ապահովման մասին, ինչպես նաև աշխարհի լավագույն գիտական կենտրոնների հետ ՀՀ ԳԱԱ ինտեգրման խնդիրների անհրաժեշտության վրա վերջերս ուշադրություն հրավիրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Տես. Արմենուհի Մելքոնյան, ՀՀ ԳԱԱ. տարեկան հաշվետու ժողով։ Եթե տաշած քար լինի, գետնին չի մնա. – Հայաստանի Հանրապետություն, 23 ապրիլի 2009թ., թիվ 75 (4666)։ Նույն խնդիրներին մեծ ուշադրություն նվիրելու անհրաժեշտությունը շեշտեց նաև ՀՀ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը «Նորավանք» ԳԿՀ-ում ս.թ. մայիսի 22-ին ունեցած զեկուցման մեջ։

3Մանրամասն տես. Н. В. Жадовец. Международный аспект инновационного развития Израиля. - Вестник Томского государственного университета, 2008, октябрь (№ 315), с. 83-87. http://sun.tsu.ru/mminfo/000063105/315/image/315-083.pdf

4Իսրայելն աշխարհում գրավում է առաջին տեղն ինժեներների քանակով. այստեղ բնակչության 10 հազ. շնչին ընկնում է 135 ինժեներ, մինչդեռ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը 85 է։ Տես. Саймон Грайвер, նշվ. աշխ.։

5Տես. http://abcdefgh.livejournal.com/397059.html Հայաստանի մասով մանրամասն տես. Оганес Ваганян, Незнание и бюрократизм – угроза национальной безопасности Армении, ее устойчивому и конкурентоспособному развитию. http://www.iatp.am/ovahanyan /economica.htm

6Սրանք ենթադրում են միջոցառումների համալիր, որոնք իրենց մեջ ներառում են ինչպես գիտական հետազոտություններ, այնպես էլ փորձարարական ու քիչ քանակությամբ թողարկվող արտադրություն, որոնք նախորդում են նոր ապրանքի կամ համակարգի արդյունաբերական թողարկմանը։ R&D-ի ուղղությամբ արվող ծախսերը կարևոր ցուցիչ են ինչպես առանձին ընկերության, այնպես էլ պետության ինովացիոն գործունեության։

7Մանրամասն տես. http://www.tekes.fi/eng/publications/A_technopol/RD-OECD.PPT#504, R&Dinvestments in some countries Մեկ այլ աղբյուրում նշված է, որ Իսրայելի տնտեսության միայն քաղաքացիական ոլորտին տարեկան հատկացվում է ՀՆԱ 4.9%-ը։ Տեխնոլոգիական պատրաստականության ցուցանիշով (2006թ. տվյալներ), որն արտացոլում է տնտեսության և կյանքի բոլոր ոլորտներում բարձր տեխնոլոգիաների ներգրավվածության մակարդակը, Իսրայելն աշխարհում գրավում է երրորդ տեղը` զիջելով միայն Շվեդիային և Սինգապուրին։ Ստեղծագործական ներուժի տնտեսական ինդեքսով, որն արտացոլում է բարձր տեխնոլոգիաների զարգացման մակարդակը, ինչպես նաև այդ բնագավառում նոր ձեռնարկությունների ստեղծման պայմանները, Իսրայելն աշխարհում գրավում է չորրորդ տեղը՝ ԱՄՆ-ից, Ֆինլանդիայից և Սինգապուրից հետո։ Տես. Страны и регионы мира: экономико-политический справочник. Израиль http://slovari.yandex.ru/dict/countries/article/cun-0194.htm& stpar1=1.1.1

8Իսրայելում գիտության և բարձրագույն կրթության զարգացման պատմության հիմնական դրվագներն արտացոլված են Հրեական էլեկտրոնային հանրագիտարանի էջերում։ Մանրամասն տես. http://www.eleven.co.il/article/11747

9Աշխարհում start-up ընկերություններ (բնակչության թվաքանակին համեմատ) ամենաշատն ունի Իսրայելը։ Նման ընկերությունների բացարձակ թվով Իսրայելն աշխարհում զիջում է միայն ԱՄՆ-ին։ Տես. Israel – a Land of Tech Promise. – Israel High-Tech and Investment Report. March 2009. http://www.ishitech.co.il/0309 ar7.htm

10Մանրամասն տես. http://www.matimop.org.il/1/index.html MATIMOP-ի տվյալների բազան ընդգրկում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի իսրայելական տարբեր չափի այն ընկերությունները, որոնք շահագրգռված են R&D ծրագրերում միջազգային համագործակցության մեջ։

11Yeda Research and Development Company Ltd. Միայն 2007-2008թթ. ընկերությունն իրականացրել է Վեյցման ինստիտուտի մշակումների ավելի քան 3000 ներկայացումներ (presentations) տարբեր ընկերությունների, կոնֆիդենցիալ տեղեկատվություն պարունակող ավելի քան 250 ներկայացումներ հետաքրքրված ընկերություններին, կնքել է ավելի քան 40 լիցենզավորման համաձայնություններ և այլն։ Տարբեր ընկերությունների, ինչպես նաև Արդյունաբերության և առևտրի նախարարության գլխավոր գիտնականի կողմից YEDA-ի խողովակներով ֆինանսավորվել են Վեյցման ինստիտուտի ավելի քան 80 ծրագրեր։ Մանրամասն տես. http://www.yedarnd.com, ինչպես նաև http://www.weizmann.ac.il/acadaff/ Scientific_Activities/current/weizmann.html

12Motorola ընկերության բջջային հեռախոսները մշակվել են Իսրայելում, այդ ընկերության ամենամեծ զարգացման կենտրոնը ևս գտնվում է Իսրայելում։ Տես. Israel – a Land of Tech Promise. – Israel High-Tech and Investment Report.

13Իսրայելում տեղակայված Intel-ի կենտրոններում են ստեղծվել Pentium MMX, Dothan/Centrino and Pentium տեխնոլոգիաները։ Մայքրոսոֆթ ընկերության՝ ԱՄՆ-ից դուրս գտնվող ստրատեգիական երեք կենտրոններից մեկը տեղակայված է Իսրայելում։ Իսրայելական M-Systems ընկե-րությունն է մշակել USB-Flash Drive համակարգը։ Տես. Israel – a Land of Tech Promise.

14Մանրամասն տես. http://www.bsf.org.il/BSFPublic/DefaultPage1.aspx?PageId=11&innerText ID=11

15Մանրամասն տես. http://www.bsf.org.il/BSFPublic/DefaultPage1.aspx?PageId=13&innerText ID=13

16Մանրամասն տես. http://www.bard-isus.com/local.aspx?lfidl=2

www.jewishvirtual library.org/jsource/US-Israel/BARD.html

17Մանրամասն տես. www.birdf.com/Index.asp?CategoryID=22&ArticleID=79։ Բնութագրական է, որ Իսրայելի արտահանման շուրջ 66%-ը կազմում է արդյունաբերության ոլորտի արտադրանքը (2002թ. տվյալներով՝ 28 մլրդ դոլար ծավալի մեջ այն հասնում է 20 մլրդ.)։ Տես. Самуил Гиль. Надежда на малые бизнесы. – Русский базар, N 8 (304), 14-20 февраля 2002г. http://www.russian-bazaar.com/Article.aspx?ArticleID=419

18Հարցի շուրջ տես նաև. И.В. Кокушкина, Л.В. Пукшанский. Израиль в системе международных инвестиционных отношений. Вестник СПбГУ. Сер. 5. 2003. Вып. 3 (№ 21). http://www.econ. pu.ru/wps/wcm/resources/file/eb4f3f0529366e7/paper.doc

19Տես նաև. Сотрудничество США и Израиля в области Hi-Tec http://www.souz.co.il/israel/read. html?id=247

20Մանրամասն տես. http://www.usistc.org/fs_index.asp?currentFrame=2

21Տես. Israel – a Land of Tech Promise. Այս առիթով նկատենք, որ այս տարվա նոյեմբերին Սիլիկոնային հովտում նախատեսվում է անցկացնել «Արմթեք կոնգրես 2009» գիտաժողովը։ Մանրամասն տես. http://www.asbarez.com/arm/2009/06/02/59786


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր