• am
  • ru
  • en
Версия для печати
06.05.2009

ԼԵԶՎԻ ԴԵՐԸ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԱԶԳԱԿԵՐՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

   

Հարություն Մարության

1.Harutyun_Marutyan (original)Ցանկացած ազգի ազգակերտման գործընթացում անգնահատելի է մայրենի լեզվի դերը։ Լեզուն ազգի անդամների՝ մեկ ընդհանրության մեջ միավորման կարևորագույն գործոններից է։ Ամեն ազգի կյանքում այդ գործոնի ձևավորումը գործընթաց է իր բազմաթիվ ու բազմապիսի դրսևորումներով։ Պատմության ելևէջների ընթացքում, տարաբնույթ հանգամանքների թելադրանքով կարող է էապես նեղանալ մայրենի լեզվի գործածության շրջանակը, ինչի հետևանքով այն կարող է, օրինակ, գործածական մնալ գերազանցապես միայն հոգևոր (պատմիչներ, եկեղեցու սպասավորներ և այլն) ոլորտում (օրինակ, լատիներենը, գրաբարը և այլն)։ Լինում են նաև դեպքեր, երբ մի լեզվի մեջ զարգանում են նրա տարբեր բաղադրամասերն այն աստիճան, որ ձևավորվում են առնվազն տարբեր ուղղագրություն ունեցող երկու լեզուներ (արևմտահայերեն և արևելահայերեն)։ Մյուս կողմից, լեզուն կարող է այնչափ ազդվել գերիշխող դիրք ունեցող այլ մշակույթներից, այդ թվում և լեզուներից, որ կարող է իրենից արտածել մեկ այլ, անգամ ինքնուրույն լեզվի կարգավիճակ ունեցող լեզվական համակարգ (օրինակ, յիդիշը կամ հրեական գերմաներենը)։ Քիչ չեն հանդիպում դեպքեր, երբ փոխվում են այբուբենի տառերը, ինչը բերում է փոփոխությունների նաև տվյալ լեզվի թե՛ քերականության, թե՛ բառապաշարի մեջ (ինչպես եղավ, օրինակ, թուրքերենի, ադրբեջաներենի, մի շարք այլ լեզուների պարագայում)։ Այսինքն՝ լեզվական համակարգերի մեջ կատարվող փոփոխությունները՝ արմատական կամ ոչ այնքան, ոչ հազվադեպ հանդիպող երևույթներ են և, որպես կանոն, պայմանավորված են լինում էթնիկ կամ ազգային ընդհանրությունների կյանքում տեղ գտած վերափոխումներով, այդ թվում և քաղաքական գործոններով ու աշխարհաքաղաքական զարգացումներով։ Այդ փոփոխությունները, սակայն, երբեք էլ հեշտ ու հանգիստ չեն անցնում, ուղեկցվում են անհարմարություններով՝ երբեմն հասարակական ցնցումների աստիճան, կարող են բերել ճգնաժամային իրավիճակների և տևում են տարիներ, եթե ոչ տասնամյակներ։

Հայության առջև, ի թիվս տարաբնույթ խնդիրների, այսօր կանգնած է նաև արևմտահայ ու արևելահայ լեզուների միասնության կամ, ավելի ճիշտ, «դասական» և «հայաստանյան» ուղղագրությունների միջև ընտրության կամ միասնականացման ուղիների հարցը1։ Այդ խնդրի լուծումը կարող է հզոր ազդակ դառնալ հայոց ազգակերտման շարունակական գործընթացը մի նոր, ավելի բարձր մակարդակի վրա դնելու գործում։ Խնդրի լուծման ուղիներում մեծապես կարևորվում է օտարների փորձը։ Ահա այդ տեսանկյունից, կարծում ենք, կարող է օգտակար լինել նաև հրեից փորձառության դիտարկումը։

Արդ, ի՞նչ վիճակում էր գտնվում համաշխարհային հրեությունը 19-րդ դարի երկրորդ կեսին ու, մասնավորապես, ինչպիսի՞ն էր լեզվական իրավիճակը հրեից մեջ։ Շուրջ երկու հազարամյակ առաջ կորցնելով պետականությունը և ցրվելով աշխարհով մեկ՝ 19-րդ դարի կեսին հրեության մեծագույն մասը բնակվում էր Եվրոպայում ու, հատկապես, Արևելյան Եվրոպայում, նաև Ռուսաստանում։ Մի քանի տասնյակ հազար հրեաներ բնակվում էին «Ավետյաց երկրի»՝ Պաղեստինի տարածքում, որն այդ ժամանակ մաս էր կազմում Օսմանյան կայսրության ու գերազանցապես բնակեցված էր արաբներով։ Եվրոպայում բնակվող հրեաները՝ աշքենազի, խոսում էին գլխավորապես յիդիշ (yiddish) լեզվով, իսկ Պաղեստինի հրեաները՝ եբրայերենով կամ իվրիտով (hebrew, ivrit)։ Արդ, ի՞նչ էին իրենցից ներկայացնում այդ լեզուները և ի՞նչ վիճակում էին դրանք գտնվում 19-րդ դարի երկրորդ կեսին։

Անդրադառնալով 19-րդ դարի կեսերին իվրիտի տարածվածության աստիճանի խնդրին՝ նախ նկատենք, որ այդ լեզուն ունեցել է զարգացման տարբեր աստիճաններ։ Մասնագետների դիտարկմամբ, աստվածաշնչային (հինկտակարանային) իվրիտի ակունքները գտնվում են մ.թ.ա. 12-րդ դարում, իսկ դասական (կամ թալմուդյան) իվրիտով գրականություն գոյություն է ունեցել առնվազն 3-րդ դարից։ Աշխարհիկ իվրիտալեզու գրականությունը վերելք ապրեց 18-րդ դարի ընթացքում։ Երևույթի սկզբնավորման խնդրում կան տարբեր գնահատականներ, սակայն մասնագետները գտնում են, որ այդ հարցում մեծ նշանակություն ունեցան Վերածննդի շրջանի հումանիստական գաղափարները և գրական զարգացումներն Իտալիայում ու Հոլանդիայում2։ Նոր ժամանակների իվրիտալեզու գրականության զարգացումը մասնագետները կապում են 18-րդ դարի երկրորդ կեսին Գերմանիայում հրեական լուսավորական շարժման՝ Հասկալայի (Haskalah) սկզբնավորման հետ3։ Հասկալայի գործիչները (մասկիլիմ) Գերմանիայում (գլխավոր կենտրոնները՝ Բեռլին և Քյոնիգսբերգ) խնդիր դրեցին հրեական զանգվածներին ծանոթացնել եվրոպական մշակույթին՝ ենթադրելով, որ դա կօգնի հրեաներին հասնելու իրավահավասարության։ Չհրաժարվելով հուդաիզմի հոգևոր արժեքներից և հիմնական պատգամներից՝ հրեա լուսավորիչները կոչ էին անում դրանց վերանայման, առաջնորդվելով բանականությամբ և «լավ ճաշակով», ինչպես նաև աշխարհիկ գիտությունների ուսումնասիրությամբ։ Չնայած հրեական զանգվածների լեզուն գերմանական հիմքով յիդիշն էր, Հասկալայի շրջանի գրողները գերադասեցին հինկտակարանային իվրիտը, քանի որ Աստվածաշնչի լեզվում մարմնավորված էին համապարփակ արժեքներ՝ յուրացված աշխարհի բնակչության նշանակալի մասի կողմից, և այն ուներ հսկայական պրեստիժ լուսավորյալ քրիստոնյաների մեջ, մինչդեռ յիդիշը գնահատվում էր որպես լոկալ ժարգոն, որի հիման վրա ազգային մշակույթը չի կարող հաջողությամբ զարգանալ։ Այդ պատճառով հենց բիբլիական իվրիտը որոշեց Հասկալայի շրջանի նոր գրականության բառապաշարային և ոճական յուրահատկությունները՝ դրան հաղորդելով վերամբարձություն։ Մինչդեռ Թալմուդի և միջնադարյան գրականությանը բնորոշ իվրիտին մասկիլիմներն անդրադառնում էին գլխավորապես բարոյախրատական բնույթի ստեղծագործություններում։

18-րդ դարի երկրորդ կեսից սկսած՝ գերմանական, ավստրիական, իտալական, ռուսաստանյան Հասկալայի գրական գործիչները՝ արձակագիրներ և բանաստեղծներ, առակագիրներ և դրամատուրգներ, հաշվվում են տասնյակներով (Մ. Մենդելսոն, Շ. Մայմոն, Ն. Գ. Վեսսելի, Է. Լուցցատո, Ի. Լ. Նևախովիչ, Մ. Ի. Լեբենսոն, Ի. Լ. Գորդոն, Պ. Սմոլենսկի և այլք)։ Իվրիտով լույս էին ընծայվում պարբերականներ, գրական ալմանախներ, տարեգրքեր։ 19-րդ դարի սկզբին Գերմանիայում ստեղծագործող Հասկալայի ներկայացուցիչները սկսեցին գրել գերմաներեն, և իվրիտով նոր գրականության կենտրոնը դարձավ Գալիցիան, նույն դարի կեսերից խոշոր կենտրոն դարձավ Վիլնյուսը։ Հրեա հետազոտող Խաիմ Ռաբինի կարծիքով, 1870-ական թվականների վերջին մեծահասակ հրեաների գրեթե կեսը հասկանում էր Հնգամատյանը, ամենօրյա աղոթքները և այլ նման տեքստեր, իսկ մոտավորապես 20 տոկոսը կարողանում էր կարդալ իվրիտով գրված միջին դժվարության գիրք, ընդ որում՝ Արևելյան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում և Եմենում նման հրեաների զանգվածն ավելի շատ էր, քան թե արևմտյան երկրներում։ 1880-ական թվականներից, Ռուսաստանի հարավում տեղ գտած հրեական ջարդերից հետո, գրական գործիչների մի մասը հարեց սիոնիզմի նախորդների քարոզչությանը, երբ կոչ էր արվում վերաիմաստավորել հրեից պատմությունը և հրեության ազգային կեցության խնդիրները։ Օդեսայում գործող «հրեական գրականության պապիկ» կոչմանն արժանացած Շալոմ Յակով Աբրամովիչը (Մենդելե Մոխեր Սֆարիմա՝ «Մենդելե գրավաճառ» գրական կեղծանունով) ստեղծագործում էր ինչպես յիդիշով, այնպես էլ իվրիտով։ 19-րդ դարի վերջի – 20-րդ դարի սկզբի իվրիտով հրեական հրապարակախոսության կարևոր գործիչ է համարվում Ախադ-խա-ամը։ 1880-ական թթ. սկզբի տվյալներով աշխարհում լույս էր տեսնում 19 իվրիտալեզու թերթ։ Իվրիտագիր ստեղծագործողների թիվն առանձնապես աճում է 19-րդ դարի վերջին (Ի. Բերշադսկի, Բեն-Ավիգդորա, Յեհուդա Շտեյնբերգ և այլք)։ Մեծ թափ է ստանում թարգմանական գրականությունը. իվրիտով թարգմանվում են Շեքսպիրի, Բայրոնի, Հայնեի, Իբսենի, Նիցշեի, Պուշկինի և այլոց ստեղծագործությունները։ Եվրոպական շրջանի իվրիտալեզու նոր գրականության բարձրակետն է համարվում Խ. Ն. Բյալիկի պոեզիան։

Շուրջ մեկ հազարամյակ յիդիշը առաջնային, երբեմն էլ միակ լեզուն էր, որով խոսում էին աշքենազի (եվրոպաբնակ) հրեաները։ Իր օգտագործման բարձրակետին յիդիշով խոսում էին աշխարհով մեկ բնակվող միլիոնավոր հրեաներ։ 20-րդ դարի կեսերը նշանավորում են յիդիշի լայնորեն օգտագործման ժամանակաշրջանի ավարտը՝ պայմանավորված եվրոպական հրեաների Հոլոքոստի փաստով։

10-րդ դարից սկսած՝ Գերմանիայում սկսեցին ձևավորվել Ֆրանսիայից և Հյուսիսային Իտալիայից ներգաղթած հրեաների ընդարձակ համայնքներ4։ Մինչ այդ առկա փոքր հրեական համայնքներում խոսում էին գերմաներեն, սակայն նորեկները խոսում էին հրեական-ֆրանսիական բարբառով, որը հայտնի էր լաազ անունով, ամենօրյա խոսակցական լեզվում օգտագործում էին նաև հոգևոր գրականությունից փոխառված արտահայտություններ։ Այդպիսով, արևմտաեվրոպական հրեաների մեջ աստիճանաբար սկսեց ձևավորվել և գերակշռող դիրք գրավել միջնադարյան գերմաներենի բարեփոխված տարբերակը, որը ներառում էր լաազի տարրեր, աստվածաշնչային եբրայերեն, և արամեերեն։ 13-րդ դարում հրեաները, խուսափելով հետապնդումներից, տեղաշարժվում են դեպի Արևելյան Գերմանիա, Լեհաստան, մյուս արևելաեվրոպական երկրներ։ Աստիճանաբար սահմանազատվում են սլավոնական երկրներում բնակվող հրեաների յիդիշը և Ֆրանսիայում ու Գերմանիայում դեռևս բնակվող հրեաների արևմտյան յիդիշը։ 16-րդ դարում Արևելյան Եվրոպան ու, մասնավորապես, Լեհաստանը դառնում են համաշխարհային հրեության կենտրոն, այդպիսով հրեերենն ավելի է ներառում սլավոնական տարրեր, և տարբերությունները երկու յիդիշների միջև մեծանում են։ Այդ ժամանակաշրջանում էր, որ յիդիշը դառնում է նաև գրավոր լեզու՝ օգտագործելով եբրայերեն այբուբենը5։

18-րդ դարի սկզբներին արևմտյան յիդիշը սկսում է դանդաղորեն ու անվերապահորեն զիջել իր դիրքերը, մինչդեռ յիդիշի արևելյան բարբառը դառնում է ավելի ու ավելի կարևոր ու խոսակցական լեզվում գերիշխող դիրք գրավող։ Դա պայմանավորված էր նաև 18-րդ դարավերջին սկսված Հասկալայի գործընթացով, ինչի շնորհիվ մեծ թվով հրեաներ գերադասում էին ձեռք բերել աշխարհիկ կրթություն, որի լեզուն գերմաներենն էր։ Այդ պարագայում յիդիշը դիտվում էր որպես ժարգոն, որպես աղքատիկ լեզու, որպես միջնադարից եկող ժառանգություն, որից անհրաժեշտ էր ձերբազատվել։ Այս հանգամանքը ևս նպաստեց երկար ժամանակ նիրհող իրավիճակում գտնվող եբրայերենի վերակենդանացմանը, որը դիտվում էր որպես ավելի «մաքուր» լեզու։ Հասկալայի շարժման ներկայացուցիչների՝ մասկիլիմների կողմից արևմտյան հրեության մեջ յիդիշը ավելի ու ավելի էր ներկայացվում որպես հրեաների «բարոյական անկման» ցուցիչ։ Մինչդեռ Եվրոպայի արևելյան հատվածում, որտեղ հրեական բնակչությունը պակաս առաջադիմական էր, այն շարունակում էր մնալ հրեական համայնքների հիմնական լեզուն։ Յիդիշով գրականությունը, որը բանավոր շարադրմամբ գոյություն ուներ մի քանի հարյուրամյակ հեքիաթների, լեգենդների, կրոնա-բարոյախրատական զրույցների ձևով, 19-րդ դարում ծաղկում ապրեց արդեն գրավոր տարբերակով։ Մենդելե Մոխեր Սֆարիման հավասարապես համարվում է յիդիշագիր գրականության հայրը։ Յիդիշով էին ստեղծագործում Շալոմ Ալեյխեմը և Իսահակ Պերեցը, ծաղկում էր ապրում, հատկապես Ռուսաստանում և Լեհաստանում, յիդիշախոս թատրոնը։ Մեծ տպաքանակներ ուներ յիդիշալեզու պարբերական մամուլը, որոնցից The Forward-ը առ այսօր հրատարակվում է ԱՄՆ-ում։ Քաղաքական շարժումներից ռուսական հրեա սոցիալիստների Բունդ շարժումը նույնպես որդեգրել էր յիդիշը՝ հակադրվելով ռուսերենին ու եբրայերենին։ Որոշ հաշվարկներով, յիդիշախոս հրեության թիվը Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին կազմում էր 11-13 մլն։

Ինչպես վերը նշվեց, յիդիշը մահացու հարված ստացավ Հոլոքոստի հետևանքով։ Չնայած միլիոնավոր յիդիշախոսներ վերապրեցին Հոլոքոստը, սակայն ԱՄՆ-ում և ԽՍՀՄ-ում ընթացող ասիմիլյացիոն գործընթացները, ինչպես նաև սիոնիստական շարժման որդեգրած մեկ լեզվի գերապատվություն տալու քաղաքականությունը հանգեցրին նրան, որ արևելյան յիդիշի օգտագործումը մեծապես նվազեց։

Վերածնված լեզուների և այդ գործը ձեռնարկողների մասին խոսելիս ամերիկացի լեզվաբան, «Լեզվաբանությունը և լեզվական պլանավորումը» աշխատության հեղինակ Էյնար Հաուգենը (Einar Haugen) նշում է, որ ցանկացած լեզվի պարագայում նման երևույթի ակունքներում, որպես կանոն, գտնվում է մեկ էնտուզիաստ, որը բոլորից ավելի սուր ձևով է զգում իր ժողովրդի մեծագույն մասի անբավարարվածությունը։ Դուրս գալով այն ժողովրդի ծոցից, ում լեզուն որ ստորադասված է, վերափոխումներ ձեռնարկողը, ձգտելով բարձրացնել իր լեզվի դերը, սովորաբար ղեկավարվում է ոչ միայն զուտ տեսական մոտեցումներով։ Նա ձգտում է իր ժողովրդի ազատագրման գործում ներդրում ունենալ՝ դարձնելով լեզուն մարտական զենք և նրա միասնության խորհրդանիշ6։ Այս առումով պետք է նշել, որ Իսրայելի տարածքում իվրիտի վերածնման, այն խոսակցական, հրեաների միջև հաղորդակցման լեզու դարձնելու գործում, ինչը արդիականության ամենախոշոր սոցիոլեզվաբանական երևույթներից էր, մեծագույն առաքելություն ունեցավ Էլիէզեր Բեն-Եհուդան (Էլիէզեր-Իցխակ Պերելմանը)։ Նա ծնվել է 1858 թ. լիտվական (բելոռուսական) Լուժկի գյուղում։ Ինչպես և այդ ժամանակների բոլոր հրեա երեխաները, մանուկ տարիքից Էլիէզերը սովորել է հինհրեերեն լեզուն՝ իվրիտը, ինչը կրոնական դաստիարակության պարտադիր տարրերից մեկն էր։ Երեխան դրսևորում է փայլուն ունակություններ, և նրան ուղարկում են բարձրագույն կրոնական ուսումնարան (յեշիվոտ), որի ավարտին նա պետք է դառնար ռաբբի։ Սակայն նրա մոտ գերակշռեցին աշխարհիկ հետաքրքրությունները (նրան «բռնել» էին իվրիտի 17-րդ դարի քերականության մասին ընթերցանության ժամանակ), ինչի արդյունքում նրան հեռացրին ուսումնարանից, որից հետո ընդունվեց ռուսական գիմնազիա, որը էքստերն եղանակով ավարտեց 1877 թ.։ Այդ տարի Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը՝ օժանդակելու համար «սլավոն եղբայրներին»՝ բուլղարներին անկախություն ձեռք բերելու գործում։ Բուլղարներին իրենց իրավունքների վերադարձման և հայրենիքում բուլղարական ազգի վերածնման գաղափարը խորապես համակեց Բեն-Եհուդային։ 19-րդ դարում արդեն իսկ իրենց անկախությունը վերագտել էին մի քանի եվրոպական պետություններ, այդ թվում հունական և հռոմեական քաղաքակրթությունների ուղղակի ժառանգորդներ Հունաստանն (1829 թ.) ու Իտալիան (1849 թ.)։ Այդ իրադարձությունները Բեն-Եհուդայի վրա մեծ տպավորություն էին գործել և բերել էին այն մտքին, որ ազգային իրավունքների համար Եվրոպայում տարվող պայքարը սկզբունքորեն հնարավոր է կիրառել նաև հրեության պարագայում։ Նա անկեղծորեն համոզված էր, որ եթե անգամ բուլղարները, որոնք դասական քաղաքակրթությունների ժառանգորդների թվում չէին, կարողացան հասնել սեփական պետության կերտմանը, առավել ևս դրան ի զորու են հասնել հրեաները՝ Աստվածաշնչի ժողովուրդը, հին Երուսաղեմի ժառանգները։ Ճիշտ է, 19-րդ դարում Էրեց-Իսրայելում հրեաները շատ քիչ էին, իսկ նրանց հին լեզուն՝ իվրիտը, գործնականում դարձել էր միայն գրավոր լեզու, ոչ խոսակցական, բայց Բեն-Եհուդան հավատում էր, որ այդ խոչընդոտները հաղթահարելի են7։ Եվ նա որոշում է ընդունում ձեռնարկել հնարավորը օժանդակելու համար, որպեսզի հրեաները վերադառնան իրենց հայրենիք և խոսեն իվրիտով8։

Եվ այսպես, տոգորված Պաղեստինում իվրիտի վերածնման գաղափարներով, Բեն-Յեհուդան 1878 թ. Ռուսաստանից մեկնում է սկզբում Փարիզ՝ բժշկագիտություն ուսանելու, որպեսզի օգտակար լինի պաղեստինցի իր հայրենակիցներին։ Սակայն նրա առողջական վիճակը (նա տառապում էր թոքախտով) խանգարում է ավարտին հասցնել ուսումը, սակայն չի խոչընդոտում իր համոզմունքներին հետևելուն, և նա 1881 թ. տեղափոխվում է Պաղեստին։ Դեռևս Եվրոպայում, խորհելով հրեական վերածննդի խնդիրների շուրջ, Բեն-Եհուդան հրեական պարբերականներում հրատարակում է մի քանի հոդվածներ ազգի, պետության և լեզվի վերածնման մասին։ Նկատենք, որ այդ վաղ շրջանի հոդվածները հետազոտողները դիտում են ժամանակակից քաղաքական սիոնիզմի նախադրյալների շարքում։ Այսպես, դեռևս 1879 թ. հրատարակած հոդվածում նա առաջին անգամ խոսում է իվրիտի և հրեական ազգային վերածննդի միջև կապի մասին։ Բեն-Եհուդան բնակություն է հաստատում Երուսաղեմում։ Նա մշակում է միաժամանակ մի քանի ծրագրեր, որոնցից երեքը՝ «Իվրիտը տանը», «Իվրիտը դպրոցում» և «Բառեր, բառեր, բառեր», թերևս, կարևորագույններն էին։

Ինչ վերաբերում է «Իվրիտը տանը» ծրագրին, ապա դեռևս Փարիզի սրճարաններից մեկում մի անգամ նա երկարատև զրույց էր ունեցել հրեա ընկերներից մեկի հետ իվրիտով։ Համոզվելով, որ ընկերների ու ծանոթների հետ կարելի է զրուցել իվրիտով, նա որոշում էր կայացրել Պաղեստինում խոսել միայն այդ լեզվով։ Նկատենք, որ այդ հարցում նա նկատելի դժվարություններ չունեցավ, եթե չհաշվենք որոշ թեմաների շուրջ խոսակցություններում բառապաշարի պակասությունը։ Եվ իրոք, Բեն-Եհուդան ոգևորված նկարագրում է Հայֆայի նավահանգստում իր ունեցած առաջին զրույցները իվրիտով տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց՝ դրամափոխի, հյուրանոցատիրոջ, կառապանի հետ, որոնք, ինչպես պարզվում է, իվրիտով կարողանում էին զրուցել բավականին ազատ, չնայած և սխալներով։ Երբ մեկ տարի անց ծնվում է Բեն-Եհուդայի որդին, նա կնոջից խոստում է վերցնում, որ վերջինս զավակի հետ կխոսի միայն եբրայերեն։ Նա այն համոզմանն էր, որ եթե գեթ մեկ նման օրինակ իրականություն դառնա, ուրեմն սկզբունքորեն հնարավոր է հին եբրայերենի վերածնունդը։ Քանի որ աշխարհիկ եբրայերենի բառապաշարը համեմատաբար աղքատիկ էր, իր երեխայի մեծանալուն զուգընթաց Բեն-Եհուդան ստիպված է լինում հորինել հարյուրավոր9 նոր բառեր կենցաղային տարաբնույթ իրերի համար։ Բեն-Եհուդան ու նրա իվրիտախոս ընտանիքը դարձան կենդանի լեգենդ, նմանակման համար վառ օրինակ10։ Վերլուծելով անհետացող լեզուների փրկության քսան փորձեր՝ հայտնի հետազոտող Ջ. Ֆիշմանը հանգել է այն կարծիքին, որ այդ գործընթացում ամենաբարդն ու ամենակարևորը ընտանիքում մայրենի լեզվի բնական փոխանցման վերականգնումն է11։

Բեն-Եհուդայի մշակած «Իվրիտը դպրոցում» ծրագիրը ունեցավ շատ մեծ նշանակություն։ Ծրագիրը մշակելիս նա ելնում էր ռուսական գիմնազիաներում ռուսերենի դասավանդման փորձից, երբ երիտասարդներին, ում համար այն մայրենի չէր, այն մատչելի էին դարձնում մյուս առարկաները միայն ռուսերեն մատուցելու եղանակով։ Բեն-Եհուդան առաջարկեց, որ նույն սկզբունքը կիրառվի Պաղեստինի հրեական դպրոցներում թե՛ կրոնական, թե՛ աշխարհիկ առարկաների դասավանդման ժամանակ։ Նա հասկանում էր, որ լեզվի վերածննդի գլխավոր, եթե ոչ միակ նախապայմանը կապահովվի միայն այն ժամանակ, երբ իվրիտով ազատորեն կխոսի նոր սերունդը, երբ դպրոցական տարիքի երեխաների համար այն կդառնա միակ լեզու ու այդտեղից էլ կգնա տուն ու կվերակենդանանա12։ Այդ պատճառով էլ նա այդ մեթոդը սկսեց կիրառել 1882 թ., երբ որպես ուսուցիչ սկսեց աշխատել երուսաղեմյան դպրոցներից մեկում։ Չնայած ոչ երկարատև աշխատանքին, ընդամենը մի քանի ամիս անց նրա աշակերտները սկսեցին ազատորեն կիրառել իվրիտը կենցաղային թեմաներով խոսակցություններում։

Աստիճանաբար կրթական հաստատությունները դարձան «լեզվական պատերազմի» հիմնական թատերաբեմերը, որտեղ իվրիտը ստիպված էր մրցակցել գերմաներենի, ֆրանսերենի և անգլերենի հետ։ Բեկումնային դարձավ 1913 թ., երբ Հայֆայի տեխնոլոգիական ինստիտուտում (Տեխնիոն) ուսանող իվրիտի կողմնակիցները կարողացան հաղթել գերմաներենի (որը համարվում էր գիտության և տեխնոլոգիայի լեզու) կողմնակիցներին։ Այդ հաղթանակը հատկապես նշանակալից էր այն առումով, որ գերմաներենի ջատագովների գլուխ կանգնած էին Տեխնիոնի հովանավոր մեկենասները։

Բեն-Եհուդայի անձնական օրինակը շատ մեծ տպավորություն գործեց մյուս ուսուցիչների վրա։ Ճիշտ է, իվրիտի ուսուցումն ուղեկցվում էր մեծ դժվարություններով, քանի որ չկային պատրաստված ուսուցիչներ, դասագրքեր, օժանդակ նյութեր (օրինակ, խաղեր և երգեր), տերմինաբանություն և այլն։ Ինչպես հետագայում հիշում էին ուսուցիչները, «մենք ուսուցումը տանում էինք խիստ դժվարին պայմաններում՝ առանց գրքերի, առանց անհրաժեշտ արտահայտությունների և բառերի, առանց բայերի և հարյուրավոր գոյականների։ Մենք կիսով չափ համր էինք, անընդհատ լեզվական սայթաքումներ էինք թույլ տալիս, բառերը փոխարինում էինք ձեռքերի շարժումներով ու հայացքներով։ ...Ամեն ուսուցիչ իր բնակավայրում ինքն իր համար ակադեմիկոս էր, զբաղվում էր բառաստեղծագործությամբ իր ճաշակով»։ Սակայն ժամանակի ընթացքում այդ բոլոր լեզվական խնդիրները լուծվեցին, և աճեց միայն իվրիտով խոսող երիտասարդ սերունդ, ինչը նշանակում էր լեզվի վերածննդի լիակատար հաջողություն։

Իվրիտը խոսակցական դարձնելու խնդրում առկա օբյեկտիվ դժվարություններից էր այն հարցը, թե որ մի արտասանությանը առավելություն տալ՝ աշքենազյանին, սեֆարդականին, թե եմենականին։ Չնայած Բեն-Եհուդան ու նրա համախոհները Եվրոպայից էին, սակայն ընտրությունը կատարվեց հօգուտ սեֆարդյան առոգանության՝ որպես աստվածաշնչյան ժամանակների իվրիտն առավել ճշմարիտ անդրադարձնողի13։

Երիտասարդությանը իվրիտ սովորեցնելուն զուգընթաց, Բեն-Եհուդան ձգտում էր իր գաղափարներով ոգևորել և մեծահասակներին։ Մի քանի տարի շարունակ նա հոդվածներով հանդես էր գալիս երուսաղեմյան պարբերականներից մեկում, մինչև որ 1884 թ. սկսեց հրատարակել իր սեփական թերթը, որն ուղղված էր հենց մեծահասակներին։ Որպես նախօրինակ ընդունելով փարիզյան «Ֆիգարո» թերթը՝ նա սկսեց իր թերթում լուսաբանել բոլոր այն հարցերը, որոնք կարող էին հետաքրքրել մարդկանց, այդ թվում և արտասահմանյան իրադարձությունները, եղանակը, նորաձևությունը և նման այլ թեմաներ։ Այդպիսով նա հասավ այն բանին, որ 19-րդ դարի վերջերին պաղեստինյան գրեթե ամեն հրեա առանց մեծ դժվարության կարողանում էր կարդալ և հասկանալ իվրիտալեզու թերթ։ Ինչպես ենթադրում էր Բեն-Եհուդան, իր հրատարակած ոչ թանկ ու այդպիսով իսկ մատչելի թերթը կարող էր համոզել մարդկանց, որ նրանք ի զորու են իվրիտով արտահայտել իրենց բոլոր մտքերը՝ այդ կերպ խրախուսելով նրանց նաև հաղորդակցվել իվրիտով։ Իր թերթը Բեն-Եհուդան օգտագործում էր նաև իվրիտում նոր բառեր շրջանառության մեջ դնելու համար, որոնք բնորոշում էին նախկինում գոյություն չունեցող հասկացություններ, ինչպես, օրինակ, «թերթ», «խմբագիր», «հեռագիր», «բաժանորդ» և այլն։ Հրեաները սիրում են թերթ կարդալ, և Բեն-Եհուդայի թերթը նպաստեց նրա գաղափարների տարածմանը ոչ միայն Պաղեստինում, այլ նաև հրեական սփյուռքում։

Իվրիտով խոսող ու կարդացող սկսնակներին ի աջակցություն Բեն-Եհուդան ձեռնամուխ եղավ բառարանի ստեղծմանը։ Որպեսզի նորաստեղծ բառերը չլինեին զուտ դրանք կերտողների ճաշակով, այլ համապատասխանեին լեզվական կանոններին, նա ստիպված յուրացնում է բառարանագրի մասնագիտությունը։ Նրա դժվարին աշխատանքի տպավորիչ արդյունքն էր 17 հատորանոց «Հին և արդի իվրիտ լեզվի ամբողջական բառարանի» կազմումը։ Այդ բառարանը, որը նրա մահից հետո ավարտին հասցրին Բեն-Եհուդայի երկրորդ կինն ու որդին, առ այսօր եզակի է իվրիտյան բառարանագրության մեջ։ 1890 թ. Բեն-Եհուդան հիմնում է Իվրիտ լեզվի կոմիտե, որը կոչված էր օժանդակելու բառարանի կազմման գործին, լուծելով եզրաբանության, արտասանության, ուղղագրության, կետադրության և այլ հարցեր։ Կոմիտեի հիմնական խնդիրներից էր պայքարել օտար լեզուներից կուրորեն կատարվող փոխառությունների դեմ։ Այդ խորհուրդը դարձավ նախակարապետը ներկայում գործող Իվրիտի ակադեմիայի, որը այդ լեզվի հետ կապված հարցերում բարձրագույն հեղինակություն ունեցող մարմինն է։

Բեն-Եհուդան իվրիտի վերակենդանացման գործն արել է ոչ միայնակ։ Նա օգտվում էր տեղական հրեական բնակչության օժանդակությունից, որն, ընդ որում, այնքան էլ մեծաքանակ չէր և միշտ չէ, որ բարյացակամ էր նրա նկատմամբ։ Սակայն Բեն-Եհուդայի սխրագործությանն առավելապես նպաստել է այն հանգամանքը, որ 1881 թ., երբ նա ժամանեց Պաղեստին, նշանավորվեց նաև հրեական զանգվածային ներգաղթով։ Այդ մարդկանց մեծամասնությունը երիտասարդներ էին, կրթված ու հրեական վերածննդի գործին նվիրված։ Ու նրանք ամեն կերպ աջակցում էին Բեն-Եհուդայի նորարարական գաղափարներին։ Նրանցից շատերն արդեն կարող էին խոսել իվրիտով, մյուսներն էլ ձգտում էին տիրապետել դրան և սկսեցին այն ուսումնասիրել։ Նրանք երեխաներին իվրիտ էին սովորեցնում թե՛ տանը, թե՛ իրենց իսկ կողմից ողջ երկրում բացված մանկապարտեզներում ու դպրոցներում։ Այդ պատճառով էլ 40 տարվա ընթացքում՝ 1881–1921 թթ., ձևավորվեց իվրիտախոս երիտասարդ էնտուզիաստների կորիզը, որոնց համար իվրիտը դարձավ ազգի վերածննդի խորհրդանիշ։ Ինչպես հաշվարկել են հետազոտողները, բրիտանական մանդատի ամենասկզբում՝ 1917 թ., Պաղեստինի հրեա բնակչության շուրջ 40%-ը (34.000 մարդ) միմյանց հետ խոսում էր իվրիտով, 36%-ը՝ յիդիշով, 18%-ը՝ արաբերեն և 4%-ը՝ լադինո լեզվով14։ Վերը նշված «լեզվական պատերազմը» ավարտվեց 1922 թ. նոյեմբերի 29-ին, երբ բրիտանական մանդատային իշխանությունները փաստորեն հաստատեցին իվրիտն իբրև Պաղեստինի (Էրեց-Իսրայելի) հրեա բնակչության պաշտոնական լեզու։ Իվրիտի վերածնունդն այդպիսով ձեռք բերեց նաև իրավական կարգավիճակ, և Բեն-Եհուդայի կյանքի երազանքն իրականացվեց15։ Շուրջ 1700 տարի (3-19-րդ դարեր) լոկ գրավոր և մշակույթի լեզու լինելուց հետո, իվրիտը վերստացավ իր նախկին գործառույթը, այն է՝ դարձավ մի ողջ ժողովրդի կենդանի և անընդհատ զարգացող գրական և խոսակցական լիարժեք լեզու։ Բեն-Եհուդայի դերը գնահատելիս շատ բնութագրական մի համեմատություն է պատկանում բրիտանացի հրեա պատմաբան, պրոֆեսոր Սեսիլ Ռոտին (Cecil Roth), ում ձևակերպմամբ. «եթե մինչև Բեն-Եհուդան հրեաները կարողանում էին խոսել իվրիտով, ապա նրանից հետո այն [նրանց համար] դարձավ հաղորդակցման միջոց» (“Before Ben-Yehuda... Jews could speak Hebrew; after him they did.”)։ Վերածնված իվրիտը մեծապես նպաստեց հրեա ժողովրդի զգալի մասի համախմբմանը իր պատմական հայրենիքում։ Ուստի և պատահական չէ, որ հրեա մասնագետները գտնում են, որ 20-րդ դարը, որն արժանացել է բազմաթիվ վառ մակդիրների, շնորհիվ իվրիտի վերածնման երևույթի, իրավամբ կարող է ստանալ մեկ այլ մակդիր ևս՝ իվրիտի դար։

Մի խոսքով, Բեն-Եհուդան և՛ տեսաբան էր, և՛ ստրատեգ, և՛ մարգարե էր, և՛ քարոզիչ, իվրիտի վերածնության խորհրդանիշն էր ու միաժամանակ նաև առաջնեկը16։

Իվրիտի վերածննդի գաղափարը նաև սիոնիստական գաղափարախոսության անքակտելի մասն էր կազմում այն իմաստով, որ այդպիսով կտրվում էր կապը հրեական աքսորի գաղափարական ժառանգության, ինչպես նաև այն լեզուների հետ, որոնցով խոսում էին հրեաները օտար տիրապետության ներքո։ Այս տեսանկյունից բնութագրական է Համաշխարհային սիոնիստական կազմակերպության նախագահ Խաիմ Վեյցմանի 1935 թ. վերաբերող հետևյալ միտքը. «Մենք եկել ենք Էրեց-Իսրայել ոչ թե նրա համար, որ նմանակենք Վարշավայի, Պինսկի և Լոնդոնի կյանքը։ Սիոնիզմի էությունը բոլոր այն արժեքների փոփոխումն է, որոնք հրեաները յուրացրել են օտար մշակույթների ճնշման ներքո»։ Պետք է նշել, որ հրեաների բազմամյա հետապնդումները նրանց բնակության երկրներում ոչ պակաս կարևոր գործոն էին, որոնք դրդում էին Պաղեստին եկած վերաբնակիչներին հրաժարվել իրենց նախկին բնակության երկրների լեզվական և մշակութային նույնացումից և նպաստում էին հրեական ազգային լեզվի՝ իվրիտի ընդունմանը որպես մի յուրահատուկ հենք, որի շուրջը պետք է կառուցվեր նրանց նոր ազգային և մշակութային ինքնությունը17։

Իսրայել պետությունում իվրիտի հետ կապված կարծես թե ամեն ինչ պարզ է. այն երկրի պետական լեզուն է, դասավանդվում է դպրոցներում և բուհերում, նրանով են լույս տեսնում գրքեր, թերթեր, ամսագրեր և այլն։ Քանի որ Իսրայելը վերաբնակիչների երկիր է, հսկայական միջոցներ են հատկացվում նորեկներին իվրիտ սովորեցնելու գործին18։ Ինչպես դիպուկ նկատել է գրող Էֆրաիմ Կիշոնը, «Իսրայելը աշխարհի միակ երկիրն է, որտեղ ծնողները սովորում են իրենց մայրենի լեզուն իրենց երեխաներից»19։ Կազմակերպչական լուրջ քայլեր են ձեռնարկվում նաև ապագա վերաբնակիչներին՝ մեծահասակ թե երիտասարդ, իրենց բնակության երկրներում իվրիտ սովորեցնելու համար։

Ներկայումս յիդիշը յուրատեսակ վերակենդանացում է ապրում շնորհիվ Հոլոքոստը վերապրողների ժառանգների, ինչպես նաև Նյու Յորքում և Իսրայելի որոշ մասերում բնակվող ծայրահեղ ուղղա0փառ (հիմնականում հասիդիզմի հետևորդների մեջ) հրեա բնակչության շնորհիվ։ Իսրայելում յիդիշը մայրենի է ավելի քան 200.000 մարդկանց համար (բնակչության շուրջ 6%-ը), մոտավորապես այդքան յիդիշախոսներ են բնակվում նաև ԱՄՆ-ում (հրեա բնակչության մոտ 3%-ը), Ռուսաստանում նման մարդկանց թիվը մոտ 30.000 է (հրեա բնակչության մոտ 13%-ը), Կանադայում՝ շուրջ 20.000 (հրեա բնակչության մոտ 5,5%-ը)։ Յիդիշը պաշտոնապես ճանաչված է որպես փոքրամասնության լեզու միայն Մոլդովայում, Նիդեռլանդներում և Շվեդիայում։ Այն նկատելի ուշադրության է արժանանում նաև գիտնականների կողմից որպես իրական, այլ ոչ «աղավաղված լեզու»։ Նույնիսկ գերմանացի լեզվաբանները սովորում են յիդիշ, քանի որ միջնադարյան գերմաներենի նրբությունները պահպանված են միայն այդ լեզվի մեջ20։

Մյուս կողմից՝ նկատելի են նոր զարգացումներ։ Արդի իսրայելական հասարակության հետազոտողները նշում են, որ իվրիտյան մոնոլինգվալիզմի գաղափարախոսությունը չբռնեց ժամանակի քննությունը։ Մասնավորապես, վերջին տասնամյակների գլոբալացման գործընթացները քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև Իսրայելի և ԱՄՆ-ի միջև խորացող համագործակցությունն ապահովեցին Իսրայելում անգլերեն լեզվի բարձր կարգավիճակը։ Բացի այդ, հրաժարումը «ձուլման կաթսայի» քաղաքականությունից նպաստեց այն բանին, որ Իսրայել մշտական բնակության եկողներն արդեն օրինական ճանապարհով հնարավորություն ունեցան պահպանել իրենց նախկին բնակության երկրի լեզուն21, որ որոշակի վերածնունդ ապրեցին այն հրեական լեզուները, որոնց պահպանումն ու զարգացումը չէր նախատեսվում իվրիտի գերիշխանության գաղափարախոսների կողմից։ Եթե համառոտ ամբողջացնենք, ապա իվրիտի դիրքերի թուլացումը տեղի էր ունենում երկու փուլով. սկզբում պրագմատիկ նկատառումները «բնականորեն» բերեցին անգլերենի դիրքերի նկատելի ուժեղացման, իսկ հետագայում լեզվական տարբեր ընդհանրությունների ներկայացուցիչները սկսեցին գաղափարախոսության մակարդակով վիճարկել իվրիտյան մոնոլինգվալիզմի սկզբունքները։ Արդյունքում՝ ներկայում Իսրայելի լեզվական քաղաքականությունը գտնվում է մոնոլինգվիստական գաղափարախոսությունից բազմալինգվալիզմին անցման փուլում։ Փոխվում է տարբեր լեզուների վարկանիշը։ Անգլերենն, օրինակ, ոչ միայն սկսել է դուրս մղել իվրիտին գիտության մեջ, մշակույթում և գիտատար արտադրության մեջ, այլ նաև վեր է ածվել սոցիալական աստիճանով վեր բարձրանալու պարտադիր բաղադրամասի։ Իվրիտի «հեղափոխական» վերածնունդն այսօր բախվել է հետաքրքիր մի պարադոքսի հետ. հենց այն պահին, երբ իվրիտը դարձել է մայրենի ողջ բնակչության համար, այն սկսում է կորցնել իր դերը որպես մի լեզու, որի միջոցով «կարելի է ամեն ինչ ասել ու ստեղծել»։ Եվ դա տեղի է ունենում Իսրայելում սիոնիստական գաղափարախոսության և «ձուլման կաթսայի», «խառնարանի» տեսության ընդհանուր անկման հենքին։ Այսօր Իսրայելը վերադառնում է ավանդական հրեական բազմալեզվությանը, որն արտացոլում է հրեական մշակույթների հարստությունն ու բազմազանությունը՝ այդպիսով հարցականի տակ դնելով միասնական իսրայելական ազգի ձևավորման հաջողությունը22։

Արդ, որոնք են յիդիշի ու իվրիտի կիրառման պատմության դասերը հայոց ազգակերտման գործընթացի համար։

Նախ նկատենք, որ առկա են մի շարք ընդհանրություններ թե՛ պատմական առումով, թե՛ ներկայում տեղ գտնող գործընթացների իմաստով։ Մի բան հստակ է բավականին որոշակի. լեզվական գործընթացները, որպես կանոն, արդյունք կամ դրսևորումն են հասարակության մեջ տեղ գտնող փոփոխությունների։ Հրեից պարագայում լեզվի մեջ ընթացող երևույթները ժամանակային իմաստով համապատասխանում էին արևմտաեվրոպական նացիոնալիզմի ոգով կերտվող սիոնիստական գաղափարախոսության ձևավորման շրջանին։ Աբեղյանական, ապա և հայաստանյան ուղղագրության ներդրման ժամանակները նույնպես կրում են իրենց ժամանակաշրջանի՝ խորհրդային գաղափարախոսության կնիքը։ Արդ, առկա՞ է արդյոք այսօր համահայկական ընդգրկում ունեցող կամ նման միտումներ նախանշող գաղափարախոսություն, որին կարող էր հետևել կամ էլ զուգահեռ ընթանալ լեզվի ոլորտին առնչվող քիչ թե շատ արմատական փոփոխություն։ Թվում է, թե ոչ։ Հետևաբար, լեզվական բնագավառում նախանշվելիք կամ արվելիք փոփոխությունները կարող են ունենալ ավելի շուտ կոսմետիկ բարեփոխումների տեսք, քան թե արմատական բնույթ։ Այսինքն, եթե հարցը տեղափոխում ենք «դասական» և «հայաստանյան» ուղղագրության ոլորտ, ապա գործընթացները կարող են զարգանալ ոչ թե մեկը մյուսին փոխարինելու ճանապարհով, այլ դրանց փոխադարձ իմացությանն ամեն կերպ նպաստելու, օժանդակելու ուղիով։ Ընդ որում, նման պարագայում պետք է համակերպվել այն բանին, որ դա լինելու է ոչ թե կարճատև «միջոցառում», այլ մի շարք տարիներ, գուցե և մեկ-երկու տասնամյակ տևող, շարունակական գործընթաց, որտեղ հաջողության գրավականը լինելու է դպրոցական տարիքի երեխաների իմացության, երկու ուղղագրություններին հավասարաչափ տիրապետելու ունակության աստիճանը։ Իսկ ուսանողների ու ավելի մեծահասակների սերունդը կարող է շարունակել «հայաստանյան» ուղղագրության օգտագործումը, ինչպես որ եղավ խորհրդային իշխանության տասնամյակներին, երբ շարքային հայաստանցիների ավագ սերունդը մինչև իր կյանքի վերջը այս կամ այն չափով դիմում էր «դասական» ուղղագրության առանձին կանոններին։ Միանշանակ է, որ Հայության տարբեր հատվածների կողմից հայկական ուղղագրությունների եթե ոչ հավասարարժեք, ապա գոնե բավարար իմացությունը կարող է հզոր ազդակ դառնալ հայոց ազգակերտման շարունակական գործընթացը մի նոր, ավելի բարձր մակարդակի վրա դնելու գործում։

1Խնդրի շուրջ համառոտ տե՛ս. Հ. Պօղոս Գոճանեան, Ի սէր մայրենի լեզուին, Վիեննա-Երեւան, 2002։

2Որոշ հետազոտողներ (Շլոմո Հարմատի) ապացուցում են, որ միջին դարերում բազմաթիվ եվրոպական համալսարաններում բժշկությունը դասավանդվում էր իվրիտով, այսինքն՝ իվրիտը լոկ կրոնական արարողությունների լեզու չէր։ Այդ նույն հետազոտողի պնդմամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգների «հայրերը» լրջորեն քննարկում էին իվրիտը պետական լեզու հռչակելու հնարավորության հարցը։ Նրանք նաև հրեական անուններով էին անվանակոչում երեխաներին ու բնակավայրերը։ Տե՛ս. Ариэль Бульштейн. 22 факта о возрождении иврита. http://booknik.ru/colonnade/facts/?id=27157&print

3Հարցի շուրջ մանրամասն տե՛ս. Иврит. Новая литература. http://www.eleven.co.il/article/ 11676#top

4Յիդիշի պատմության շրջանավորման մասին մանրամասն տե՛ս. David Shyovitz. The History and Development of Yiddish.
http://www.jewishvirtuallibrary.org/jsource/History/yiddish.html

5Կարծում ենք, որ յիդիշի ծագումն ու օգտագործման օրինաչափություններն ինչ-որ իմաստով համադրելի են հայատառ թուրքերենի ծագման ու զարգացման գործընթացի հետ։ Հարցի բոլոր նրբությունների հաշվառմամբ նեղմասնագիտական համադրումը դուրս է սույն հրապարակմամբ առաջ քաշվող խնդիրների շրջանակներից, դրա իրականացման համար չունենք նաև բավարար մասնագիտական իմացություններ, ուստի և ընթերցողի ուշադրությանն ենք հրամցնում տվյալներ՝ քաղված հայատառ թուրքերեն գրականության ճանաչված մասնագետ Հասմիկ Ստեփանյանի երկու աշխատություններից։ Հեղինակի իրականացրած ուսումնասիրությունները թույլ են տալիս նրան եզրակացնել, որ հայատառ թուրքերեն գրականությունը ծնունդ է առել Օսմանյան կայսրության իրականության մեջ որպես ինքնապահպանման ու ուծացման դեմ պայքարի միջոց։ Հայատառ թուրքերենը ստեղծվել է հայերի կողմից որպես հաղորդակցության միջոց ոչ միայն հայերեն չիմացողների, այլ նաև մասամբ հայերենին տիրապետողների համար։ Հայատառ թուրքերեն գրականության սկզբնավորումն ու զարգացումն ընթացել է բուն հայ գրականությանը զուգահեռ և երբեք պայմանավորված չի եղել հայ գրականության վերելքով կամ վայրէջքով, այլ թելադրված է եղել միայն Արևմտյան Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակով։ Հայատառ թուրքերեն գրականությունը, բնականաբար, թե՛ քանակական և թե՛ որակական առումներով զիջում է բուն հայ գրականությանը և կազմում է ինքնուրույն արտահայտչաձև գտած նրա անբաժանելի մի մասը։ Հայատառ թուրքերեն գրականությունը ստեղծվել է հայ ժողովրդի ոչ թե հիմնական մասի, այլ այն հայերի համար, որոնք կորցնելով սեփական լեզուն՝ այնուհանդերձ, պահպանել էին իրենց հավատքը, քրիստոնեական դավանանքը։ 19-րդ դարում հայատառ թուրքերեն գրականությունն այնպիսի բուռն վերելք ապրեց, քանակական և որակական այնպիսի բարձրակետի հասավ, որ այդ գրականությամբ հետաքրքրվեցին նաև թուրքերը, քանի որ լեզուն իրենցն էր, իսկ հայկական այբուբենն անհամեմատ դյուրին էր սովորելը քան օսմաներենի արաբական բարդ գրաֆիկան։ Թերևս պատահական չէ, որ թուրք առաջավոր մտավորականությունը դեռևս 1870-ական թթ. սկսած մտածել է արաբերեն տառերը հայերենով փոխարինելու մասին։
Հաշվարկված է, որ ավելի քան 250 տարիների ընթացքում հայատառ թուրքերեն տպագրված գրքերի թիվն անցնում է 2000-ից։ Դրանք հրատարակվել են աշխարհի ավելի քան 50 քաղաքների 200-ից ավելի տպարաններում։ Միայն Ստամբուլում հայատառ թուրքերեն գրքեր հրատարակվել են մոտ 85 հայկական տպարաններում։ Միայն 1850-1890-ական թթ. Կ. Պոլսում հրատարակվել են ավելի քան 100 անուն հայ պարբերականներ, որոնցից մոտ 54-ը՝ հայատառ թուրքերեն։ Հայատառ թուրքերեն թերթերից շատերը ֆրանսիական պարբերականների օրինակով ունեցել են թերթոնների բաժին, ուր շարունակաբար, օրը օրին տպագրվել են հիմնականում ֆրանսիական հայտնի վեպեր, երբեմն էլ հայ և նույնիսկ թուրք հեղինակների գործեր։ Այս ամենի շնորհիվ հայատառ թուրքերեն պարբերականները բազմաթիվ բաժանորդներ են ունեցել ոչ միայն խոշոր քաղաքներում, այլև ողջ երկրով մեկ։ Հայատառ թուրքերեն որոշ պարբերականների հեղինակությունն այնքան մեծ է եղել, որ Օսմանյան կայսրության մյուս ազգերի առաջադեմ մտավորականությունը, մասնավորապես թուրքերը, ոչ միայն համագործակցել են դրանց, այլև սովորել են հայկական այբուբենը և կարդացել այդ թերթերը։
Հայատառ թուրքերեն գրականությունն անչափ բազմազան է եղել իր բովանդակությամբ և ժանրային առումով։ Դուրս գալով հայ ազգային շրջանակներից՝ հայատառ թուրքերեն գրականությունը միաժամանակ դարձել էր թուրքերի և թուրքերենին տիրապետող այլ ազգերի սեփականությունը՝ դրանով իսկ տարածաշրջանային արևելագիտական կարևոր նշանակություն ձեռք բերել։
Հայատառ թուրքերեն գրականությունն ուշադրության է արժանի նաև իր լեզվական առանձնահատկությունների առումով (մասնավորապես գեղարվեստական գրականությունը)։ Այն պարունակում է հայերեն բառանյութ և ոճեր, հայկական ազգային ինքնագիտակցության կնիք։ Հատկապես թարգմանական գեղարվեստական հայատառ թուրքերեն գրականությունը ստեղծվել է ժողովրդական, խոսակցական թուրքերենի հիման վրա։ Սա յուրատեսակ համաձուլում է ժողովրդական «կոպիտ թուրքերենի» (kaba türkçesi) և գրական թուրքերենի՝ «հետօսմաներենի»։
Հայատառ թուրքերեն գրականությունն ընդգրկում է ավելի քան վեց հարյուրամյակ՝ 14-րդ դարից գրեթե մինչև մեր օրերը։ Այսպես, գուցե թերևս դրա դրսևորման կերպ կարելի է համարել, օրինակ, Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթում «Լուցիքա տուտու» շարքում տպագրվող, թուրքերեն բառերով ու թուրքերեն քերականական ձևերով հագեցած խոսակցական արևմտահայերենով տեքստի առկայությունը։ Հայատառ թուրքերեն գրականության զարգացումը պայմանավորված է եղել մի կողմից հայ ժողովրդի պատմական ճակատագրով, իսկ մյուս կողմից՝ բուն հայ կյանքում տեղի ունեցած քաղաքական ու սոցիալ-տնտեսական վայրիվերումներով։
Կարծում ենք, որ համապատասխան հետազոտություններով հայատառ թուրքերեն գրականության համադրումը աշխարհին ծանոթ նմանատիպ այլ երևույթների հետ մեծապես կարող է նպաստել այդ ազգային ակունքներ ու դրսևորումներ ունեցող երևույթի ըստ ամենայնի մատուցմանը միջազգային գիտական հանրությանը։
Մանրամասն տե՛ս. Հասմիկ Ստեփանյան, Հայատառ թուրքերեն գրականությունը, Երևան, 2001։ Նույնի, Հայատառ թուրքերեն թարգմանական գեղարվեստական գրականությունը Թանզիմաթի շրջանում. - Արևելագիտության հարցեր. գիտական աշխատությունների միջբուհական ժողովածու։ Պրակ 1, Երևան, 1983, էջ 223։

6Jack Fellman. Eliezer Ben-Yehuda and the Revival of Hebrew (1858-1922). Նույն հոդվածի ռուսերեն թարգմանությունը տե՛ս. Джак Фелман. Элиэзер Бен-Йехуда: возрождение иврита. – “Ариэль” журнал израильской культуры. 1997, октябрь
http://www.stra.teg.ru/library/strategics/7/2/2

7Որպեսզի գոնե որոշ չափով հասկանալի լինի, թե այդ ժամանակ որքան անսովոր, տարօրինակ և նույնիսկ վայրենի էր թվում իվրիտը խոսակցական լեզվի վերածելու գաղափարը, ստորև ներկայացնում ենք խնդրի շուրջ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայտնի գրող և իվրիտի հետազոտող Շիմոն Բեռնֆելդի կարծիքը. «Ըստ իս, դարձնել իվրիտը սովորական խոսակցական լեզու բնավ հնարավոր չէ։ Նման բան դեռևս չի եղել աշխարհի և ոչ մի լեզվի հետ։ Կոտրված ապակյա անոթը հնարավոր չէ վերականգնել, և լեզուն, որը դադարել է բնական ճանապարհով զարգանալ և ժողովրդին իբրև կենդանի լեզու ծառայել՝ կարող է, պատմությունից հայտնի այլ օրինակների նման, դառնալ պատմական, գրական կամ կրոնական լեզու, բայց ոչ երբեք կենդանի, ժողովրդական լեզու»։ Տե՛ս. Иврит – язык возрожденный. Введение. http://62.0.35.69/il4u/hebrew/foreword.htm։
Թեոդոր Հերցլը, ով համարվում է քաղաքական սիոնիզմի հիմնադիրը, իր օրագրում նշել է, որ «ապագա հրեական պետությունում պետք է մտածել ժողովրդի համար [նախատեսվող] լեզվի մասին..., քանի որ մեզնից ո՞վ է տիրապետում իվրիտին այնքան, որ կարող է բացատրվել տոմսավաճառի հետ՝ գնացքի տոմս գնելու համար»։ Տե՛ս. Нина Хеймец и Алек Эпштейн. Языковая палитра современного Израиля. – Евреи Евразии (Бюллетень Евро-Азиатского еврейского конгресса), N 3 (4) [октябрь – декабрь 2003], стр. 24–31. Մեր ձեռքի տակ է հոդվածի էլեկտրոնային տարբերակը, ուստի և կոնկրետ էջերը չեն հղվում։

8Տե՛ս. Хаим Рабин. Очерки по истории иврита. Возрождение языка. http://www.jafi.org.il/education/russian/culture/Hebrew/10.html

9Հրապարակումներից մեկում նշվում է, որ Բեն-Եհուդան հորինել է շուրջ 220 բառ, որի շուրջ քառորդ մասը այնպես էլ չամրապնդվեցին իվրիտում։ Տե՛ս. Ариэль Бульштейн, նշվ. աշխ.։ Համեմատության համար նշենք, որ իվրիտի՝ խոսակցական գործառույթները վերստանալուց ի վեր նրա բառապաշարում ավելացել է շուրջ 20.000 բառ։ Տե՛ս. Иврит – язык возрожденный. Введение.

10Բայց և այնպես գործը դժվար էր ընթանում, քանի որ հաջորդող 20 տարիների ընթացքում ընդամենը տասը ընտանիք որոշում կայացրին նույնությամբ հետևել Բեն-Եհուդայի ընտանիքի օրինակին։ Տե՛ս. Ариэль Бульштейн, նշվ. աշխ.։

11Տե՛ս. J. Fishman. Reversing Language Shift: Theoretical and Empirical Foundations of Assistance to Threatened Languages. Clevendon, 1991. Հղվում է ըստ. Нина Хеймец и Алек Эпштейн, նշվ. աշխ.։

121920-ական թթ. Պաղեստինի տարածքի հրեա երեխաների 54%-ը իվրիտալեզու էր, իսկ կիբուցներում այդ տոկոսը հասնում էր 77-ի։ Տե՛ս. Нина Хеймец и Алек Эпштейн, նշվ. աշխ.։

13Տե՛ս. Ариэль Бульштейн, նշվ. աշխ.։

14R. Bachi. A Statistical Analysis of the Revival of Hebrew in Israel // Scripta Hierosolymitana, vol. 2 (1956), pp. 179–247. Հղվում է ըստ. Нина Хеймец и Алек Эпштейн, նշվ. աշխ.։

15Բնութագրական է, որ դրանից մեկ ամիս անց նա մահացավ թոքախտից, որով նա հիվանդացել էր դեռևս Փարիզում։

16Джак Фелман. Элиэзер Бен-Йехуда: возрождение иврита.

17Տե՛ս. Нина Хеймец и Алек Эпштейн, նշվ. աշխ.։

18Մանրամասն տե՛ս. Հ. Մարության, Հայրենադարձության և աբսորբցիայի իսրայելական փորձից. - 21-րդ դար. «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես, 2009, թիվ 1, էջ 88-102։

19Տե՛ս. Ариэль Бульштейн, նշվ. աշխ.։

20Տե՛ս. David Shyovitz, նշվ. աշխ.։

21Թերևս այդ երևույթի հայաստանյան զուգահեռների շարքում կարելի է դասել, օրինակ, արևելագիտության զարգացման, արևելյան լեզուների մասնագիտական իմացության համեմատաբար բարձր մակարդակը Խորհրդային Հայաստանում։ Այսինքն՝ մենք հակված ենք այդ երևույթը բացատրել ո՛չ միայն և ո՛չ այնքան որպես դրևորում խորհրդային կայսերական քաղաքականության, որին անհրաժեշտ էին բարձրորակ կադրեր իր մերձավորարևելյան ակտիվ քաղաքականության համար, որքան որ 1920-40-ական թթ. հայրենադարձների ցանկության, որ իրենց զավակները տիրապետեն այն երկրի լեզվին, որտեղից իրենք տեղափոխվել են Հայաստան։

22Տե՛ս. Нина Хеймец и Алек Эпштейн, նշվ. աշխ.։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր