
ՑԱՔՈՒՑՐԻՎ ԱՆԵԼՈՎ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԻՆԴՈՒՍՏՐԻԱԼ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ ՀԱՍԵԼ Է ԻՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՈՒՎԵՐԵՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՑԱԾՐ ԿԵՏԻՆ. Վահե Դավթյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկը վկայում է երկրում ինտենսիվորեն և բավականին արդյունավետ իրականացվող ապաինդուստրիալիզացման քաղաքականության մասին: Ցաքուցրիվ անելով խորհրդային հսկայական ինդուստրիալ ժառանգությունը՝ Հայաստանն այսօր հասել է իր տնտեսական սուվերենության ու անվտանգության թերևս ամենացածր կետին:
Երկրի ապասուբյեկտայնացումը տեղի է ունենում գրեթե բոլոր ճակատներում, այդ թվում՝ տնտեսական: Վերջինս, ինչպես վկայում է խոշոր հարկատուների առաջին տասնյակը, առավելապես խարսխված է առևտրի ու ծառայությունների ոլորտների վրա:
Սերվիս մատուցող երկիր: Սա՞ է հայկական երազանքը:
Աներկբա է, որ Հայաստանի հաջորդ քաղաքական իշխանությունների առանցքային խնդիրներից պետք է լինի սուվերեն տնտեսական քաղաքականության այնպիսի մոդելի մշակումը, որը թույլ կտա մեզ բարձր հավելյալ արժեք ապահովել, ինչպես նաև կայուն արտահանում իրականացնել՝ ազատվելով նետտո-ներկրողի կարծրացած կարգավիճակից:
Այսօրվա հետժողովրդավարական՝ լիբերալիզմի մահկանացուն կնքած աշխարհում այդպիսի մոդելի հիմքում անխուսափելիորեն պետք է դրվի պրոտեկցիոնիստական տնտեսական քաղաքականության հարացույցը, որի ներքո առանցքային է ոչ թե մասնավոր կապիտալի, այլ պետության անվտանգային շահը»:
դեպի ետ