• am
  • ru
  • en
Версия для печати
07.07.2025

Ի՞ՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԸ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՃ ՏԵՎԵՑ

   

Տնտեսական ակտիվության տեմպերը տարեսկզբից Հայաստանում էապես դանդաղել են, ու դա էր պատճառը, որ երկար ժամանակ Նիկոլ Փաշինյանը խուսափում էր որևէ բան ասել տնտեսական աճի ընթացիկ ցուցանիշների մասին։ Բայց կառավարության վերջին նիստում հանկարծ «զարթնեց» ու հայտարարեց, թե մեր տնտեսությունը լավ ցուցանիշներ է արձանագրում, ճկունություն է ցուցաբերում ու արագ արձագանքում է առկա իրադարձություններին։

«Մայիսին մենք բավական լավ տնտեսական ցուցանիշներ ենք արձանագրել։ Մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադրություններին ու դրանց փոփոխությանը, ինչը իմ կարծիքով՝ ամենակարևոր արձանագրումը կարող է լինել, եթե, իհարկե, հետազոտական մակարդակում կարողանանք վերահաստատել այս ընկալումը»,- կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Թե որքանո՞վ «հետազոտական մակարդակում» կհաստատվեն Նիկոլ Փաշինյանի ասածները, նույնիսկ սպասել պետք չէ։

Մայիսին, նախորդ տարվա մայիսի նկատմամբ արձանագրված տնտեսական ակտիվության աճը, ինչպես կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարարը՝ սառը ջուր լցնելով Նիկոլ Փաշինյանի չարդարացված ոգևորության վրա, պայմանավորված է եղել գերազանցապես շինարարության ու ծառայությունների աճերով, որոնք բոլորովին էլ չեն խոսում առկա իրողություններին հարմարվելու մեր տնտեսության դրսևորած ճկունության մասին։ Սրանք տնտեսության այն ոլորտներն են, որոնք հավելյալ արդյունք գրեթե չեն ստեղծում ու կապված չեն նոր իրողություններին հարմարվել-չհարմարվելու հետ։ Առավել ևս՝ շինարարությունը, որը նախորդ շրջանից եկած իներցիայով դեռևս շարունակում է աճել՝ էական ազդեցություն թողնելով տնտեսական ակտիվության ցուցանիշների վրա։

Այնինչ՝ իրական տնտեսությունը մնում է գահավիժման մեջ, ինչքան էլ էկոնոմիկայի նախարարը փորձի արդյունաբերության որոշ ճյուղերում արձանագրվող աճերով թաքցնել տնտեսության արտադրական հատվածի անմխիթար վիճակը։

Ասում է՝ չնայած այն հանգամանքին, որ արդյունաբերություն մեջ 5,9 տոկոս կրճատում կա, մենք Վիճակագրական կոմիտեի հետ աշխատանք իրականացրեցինք և տեսանք, որ մի շարք ոլորտներում մեծ աճ ունենք, օրինակ՝ քիմիայի, ծխախոտի, սննդի արդյունաբերության, հանքագործության և այլ ոլորտներում։ Պարզապես նախորդ տարի եղել է ոսկու, այսպես ասած, վերամշակման ինչ-որ պրոցես, որն այս տարի 41 տոկոսով կրճատվել է, և դրա հետևանքով է, որ արդյունաբերության մեջ 5 տոկոսից ավելի նվազում ունենք։ Իսկ որ ոսկու վերամշակումից բացի, արդյունաբերության մի շարք առանցքային ճյուղերում ոչ պակաս մեծ անկումներ կան, միտումնավոր թաքցնում է։

Օրինակ՝ նույն խմիչքների արտադրությունը, որը մեծապես կրճատվել է։

Տարեսկզբի 5 ամիսների տվյալները դեռևս չեն հրապարակել, բայց 4 ամիսների արդյունքում ունենք գրեթե 15 տոկոսի անկում։ Կասկած չկա, որ նույնը եղել է նաև 5 ամիսների արդյունքում։

Խմիչքների արտադրության անկման հիմնական գործոնը կոնյակի արտադրության ծավալների կտրուկ կրճատումն է։ Գիտի՞ արդյոք էկոնոմիկայի նախարարը, որ այս տարի Հայաստանում 32,3 տոկոսով պակաս կոնյակ է արտադրվել, քան անցած տարի։ Ու դրա հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի կոնյակագործներն ամիսներ շարունակ բախվել են մի արհեստական խնդրի, որին Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ կառավարության կազմով ոչ մի կերպ չի կարողանում լուծում գտնել։

Խոսքը Վրաստանի որոշ մարմինների կողմից՝ հայկական կոնյակի արտահանման համար արդեն ամիսներ շարունակ ստեղծած խոչընդոտների մասին է։ Չհիմնավորված պատճառաբանություներով՝ «քնեցնում» են հայկական բեռները, ամիսներով պահում են տեմինալներում, գումարներ են պահանջում, տրանզիտ բեռի որակի ստուգում են իրականացնում։ Թե այս ամենի հետևանքով ինչքա՞ն վնասներ են կրել կոնյակագործներն ու Հայաստանի տնտեսությունը, տեսնում ենք կոնյակի արտադրության ու արտահանման ցուցանիշներում։

Այս բացահայտ անօրինականությունը վերացնելու ու հայկական արտադրողներին անտեղի քաշքշուկներից ազատելու փոխարեն՝ Գևորգ Պապոյանը գլուխ է գովում, որ Վրաստան կատարած այցի արդյունքում հաջողացրել է պայմանավորվել կոնյակով բարձած 55 մեքենա, հետո մեկ շաբաթում՝ էլի 72 մեքենա բաց թողնելու մասին։ Այն դեպքում, երբ խնդիրը ոչ թե տարբեր ճանապարհներով այս կամ այն քանակությամբ մեքենաներ բաց թողնելու, այլ ստեղծված իրավիճակին համալիր լուծում տալու, արտահանողների համար անխոչընդոտ տեղաշարժի պայմաններ ապահովելու մեջ է։ Այնպես, ինչպես նախկինում էր, երբ ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում ստուգել տարանցվող հայկական կոնյակի որակը։

Այսօր էլ կոնյակով բարձած բազմաթիվ հայկական մեքենաներ արգելափակված են Վրաստանում։ Արտադրողներն ու արտահանողներն անորոշության մեջ են ու չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում Վրաստանում։ Չկա ոչ մի երաշխիք, որ վաղը նույն խոչընդոտները չեն ստեղծի հայկական այլ բեռների համար։

Սրա պատճառն իշխանությունների անկարողությունն է, որի հետևանքով է, որ կոնյակի արտադրությունն այս տարի մեկ երրորդով կրճատվել է։ Բայց այնպես չէ, որ միայն կոնյակի արտադրությունն է կրճատվել։ Արդյունաբերության բազմաթիվ ճյուղերում նույն իրավիճակն է՝ հագուստի արտադրություն, կոշիկի արտադրություն, թղթի ու թղթե իրերի արտադրություն, կահույքի արտադրություն, հիմնային մետաղների արտադրություն և այլն։ Փաստն այն է, որ ինչպես մայիսին, այնպես էլ այս տարվա ընթացքում արդյունաբերությունը գտնվել է խոր անկման վիճակում։

Տարեսկզբի 5 ամիսներին արդյունաբերության անկումը կազմել է ավելի քան 14 տոկոս, ու դա պայմանավորված է ոչ միայն ոսկու, այլև բազմաթիվ այլ արտադրատեսակների արտադրության ծավալների կրճատմամբ։ Մի բան, ինչն ուղղակի ազդեցություն է ունեցել նաև արտաքին առևտրի և հատկապես արտահանման վրա։

Արտահանումն այս տարի ավելի քան 57 տոկոսով նվազել է։ Մայիսին նույնիսկ ավելի քիչ արտահանում է իրականացվել, քան նախորդ ամիս։ Գրեթե 20 տոկոս անկում է գրանցվել։

Մայիսին մեծապես նվազել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Ու դատելով տնտեսության աճի այն ձևախեղված կառուցվածքից, որն ունենք, սա բոլորովին էլ զարմանալի չէ։

Վերջին շրջանում ոչ միայն կտրուկ կրճատվել է արտաքին առևտուրը, այլև գրեթե դադարել է ներքին առևտրի ակտիվությունը։ Մայիսին, նախորդ տարվա համեմատ, նույնիսկ 1 տոկոսից ցածր աճ է գրանցվել, ինչը նշանակում է, որ հասարակությունը գնալով կորցնում է սպառողունակությունը։ Համատարած թանկացումների ու ցածր եկամուտների պայմաններում՝ սա միանգամայն օրինաչափ է, որին բախվում են բազմահազար քաղաքացիներ։

Հակոբ Քոչարյան
168.am


դեպի ետ