• am
  • ru
  • en
Версия для печати
22.08.2025

ՇՎԵԴԱԿԱՆ ԱՊՏԱԿԻ ԳԻՆԸ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 3,25 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍՏՈԿՀՈԼՄԻ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՀ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

   

Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել էին Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը, որը նախաձեռնվել էր Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։

Հրատապ արբիտրաժը պարտավորեցրել էր Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Արբիտրաժը եկել էր այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել ապահովման անհետաձգելի միջոցներ, քանզի Հայաստանի Հանրապետության գործողությունները «Հայաստանի և Կիպրոսի միջև գործող փոխադարձ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու լուրջ կասկածներ են առաջացնում»։

Արբիտրաժը նաև նշել էր, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատերը»։ Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։

Մենք գրել էինք, որ սա, ըստ էության, սենսացիոն զարգացում էր, որը, ի թիվս այլ ազդեցությունների, ծանրագույն ապտակ է ՀՀ իշխանությանը։

Եվ, ահա, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 21-ի նիստում հավանություն տվեց ամերիկյան փաստաբանական «Arnold & Porter» ընկերությանը պետական բյուջեից 3 մլն 250 հազար դոլար տրամադրելու որոշմանը։ Ընկերությունը պետք է պաշտպանի Հայաստանի Հանրապետության շահերը Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում։

Այս հարցն ընդգրկված էր կառավարության այսօրվա՝ օգոստոսի 21-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո Սամվել Կարապետյանի ընտանիքը դիմել էր https://168.am/2025/07/23/2250163.html Ստոկհոլմի արբիտրաժային դատարան։

Ս. Կարապետյանի եղբորորդին` Նարեկ Կարապետյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր .

«Սամվել Կարապետյանը հաղթել է ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանում:

Դատարանը արգելել է ՀՀ կառավարությանը՝

  • բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները
  • փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը
  • հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները
  • որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը:

Այս վճիռը ցույց է տալիս, որ աշխարհում արդարությունը գործում է, և այն չի իրականացվում Facebook-ով, ինչպես այսօր Հայաստանում»։

Համաձայն Կառավարության այսօր ընդունած որոշման հիմնավորման՝ որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) վարույթում գտնվող Liormand Holdings Limited et al. v. The Republic of Armenia թիվ SCC Arbitration V 2025/129 արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության ապահովմամբ։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ամերիկյան փաստաբանական ընկերությանն այս տարվա պետական բյուջեից կփոխանցի 1 մլն 93 հազար դոլար։ Գումարը կփոխանցվի Կառավարության պահուստային ֆոնդից։

«Սույն արբիտրաժային գործով հայցվորները ս․թ․ հունիսի 30-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ) են ներկայացրել միջազգային ներդրումային վեճի մասին ծանուցում, որին հաջորդել են արտակարգ արբիտրաժային վարույթին (Emergency Arbitration) առնչվող գործընթացներ։

Արտակարգ արբիտրաժային վարույթի արդյունքում որոշումը ս․թ․ հուլիսի 22-ին ստանալուց հետո Գրասենյակը ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության նպատակով միջազգային իրավախորհրդատուի ներգրավման աշխատանքներին։

SCC վեճերի լուծման կարգավորումների համաձայն՝ արտակարգ արբիտրաժային վարույթի շրջանակներում որոշումը ստանալու պահից 30-օրյա ժամկետում կողմը կարող է ներկայացնել արբիտրաժային ծանուցում։ Իրավաբանական ընկերությունների թեկնածուների ուսումնասիրման ընթացքում՝ ս․թ․ օգոստոսի 12-ին Գրասենյակը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից տեղեկացվել է արբիտրաժային ծանուցման մասին, որով արդեն իսկ սահմանվել են ընթացակարգային սեղմ ժամկետներ։

Ուստի, իրավաբանական և փաստաբանական խորհրդատվություն մատուցող ընկերությանը ներգրավելու հրատապությունը պայմանավորված է արբիտրաժային վարույթի շրջանակներում սահմանված ժամկետներում պատշաճ իրավական դիրքորոշումների ներկայացման և ՀՀ շահերի արդյունավետ պաշտպանության ապահովմամբ»,-նշված է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից ներկայացված հիմնավորման մեջ։

Ամերիկյան ընկերությունից ծառայության ձեռքբերումը տեղի է ունենալու մեկ անձից գնման ընթացակարգով։ «Գնումների մասին օրենքի» 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում ասվում է, որ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե իրականացվում է ՀՀ տարածքից դուրս։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ գնառաջարկների ուսումնասիրման փուլում հաշվի են առնվել հետևյալ չափորոշիչները՝ ընկերության փորձառությունը միջազգային ներդրումային արբիտրաժային գործերով՝ հատկապես էներգետիկ ոլորտում, առաջարկվող իրաբանական ծառայությունների արժեքի մրցունակությունը և հնարավոր շահերի բախման հանգամանքը։

«Նշված հանգամանքների ներքո գնառաջարկների ուսումնասիրման արդյունքում իր ծառայությունների համար սահմանված արժեքի և հարուստ փորձառության բացառիկությամբ աչքի է ընկել Ամերիկայի Միացյալ նահանգներում գործող Arnold & Porter ընկերությունը, որը հատկապես ներդրումային արբիտրաժային վարույթների շրջանակներում պետությունների շահերի պաշտպանության գործերով հաջողել է վերջին 60 որոշումներից 53-ում (հաջողություն շուրջ 93% դեպքերում)»,- նշված է հիմնավորման մեջ:

Նշենք, որ 3 մլն 250 հազար դոլարը չի ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը, փորձագիտական ծախսերը, արբիտրաժային վարույթի ծախսերը, թարգմանչական ու տպագրական ծախսերը և այլ վճարներ (ճանապարհածախս և կացարան) և այլն։

168.am


դեպի ետ