
ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ՞
Ադրբեջանի համար (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=321891&l=am), իհարկե, լուրջ խնդիր է դառնում նաեւ այն մթնոլորտը, որը տիրում է իր երկու առանցքային դաշնակիցների՝ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ: Ու այն, որ խոսքը թանձրացող մթնոլորտի մասին է, որը կարող է ամեն պահ պայթել, հասկանում են բոլորը, թեեւ դա վաղուց էր հասունացել:
Նեթանյահուի` Հայոց ցեղասպանության մասին խոսելը, իհարկե, ներկայիս թուրք-իսրայելյան հարաբերությունների վատթարացման եւս մեկ օրինակ է: Հասկանալի է, Նեթանյահուի այդ մեկ, ձեւական տեսք ունեցող հայտարարությամբ բան չի փոխվում: Բայց նաեւ չմոռանանք, որ Ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելում «տաբու» էր, հստակ «կարմիր գիծ», որի մասին իսրայելյան եւ ոչ մի վարչապետ, անկախ այդ պահին Թուրքիայի հետ հարաբերություններից, չի խոսել: Իսկ ահա Նեթանյահուն այդ «կարմիր գիծն» անցավ, եւ անկախ այն բանից, թե ինչ չափով, մեկ է, այդ փաստը շատ լուրջ ազդակ է թուրք-իսրայելյան հարաբերությունների վատթարացման մասին:
Առավել եւս, որ Թուրքիան եւս չհապաղեց նոր սրացումը՝ հայտարարելով, թե դադարեցնում է բոլոր առեւտրային եւ տնտեսական կապերը Թել Ավիվի հետ, փակել է իր օդային տարածքը իսրայելական ինքնաթիռների համար եւ արգելել թուրքական նավերի մուտքը իսրայելական նավահանգիստներ: Նման հայտարարություն Թուրքիան մեկ տարի առաջ եւս արեց, որը սակայն այդպես էլ կյանքի չկոչվեց: Այս հերթական հայտարարությունն էլ, հասկանալի է, իսլամական աշխարհում եւ, առաջին հերթին՝ Իրանում թերհավատություն, անգամ՝ ծաղր առաջացրեց: Չնայած դրան, ընդհանրական իմաստով Անկարայի նման քայլը ոչ միայն դիվանագիտական դեմարշի տպավորություն է թողնում, այլեւ ռազմավարական ճեղքման պատրաստակամության ցուցադրություն, որի հետեւանքները անխուսափելիորեն կարտացոլվեն ոչ միայն Մերձավոր Արեւելքում: Ու ընդհանրական տրամաբանությունը սա է. երբ Իսրայելն ու Թուրքիան փոխադարձաբար հասել են «կարմիր գծերը» անցնելու եւ իրար հանդեպ դիվանագիտական դեմարշների աստիճանի, ապա հենց դա է այն խորքային ազդակը, որ կողմերի հարաբերություններում, մեղմ ասած, ինչ-որ բան այն չէ:
Մի կողմից, Անկարան պարզ հասկանում է, որ այն «բեզպրիդելական» կուրսը, որը Թել Ավիվը վարում է Գազայում եւ Սիրիայում, ծանր հարված է իսլամական աշխարհի առաջնորդության հայտ ներկայացնող Թուրքիայի կշռին: Գումարած, Իսրայելի դեմ հաջող պատերազմի մեջ մտած Իրանի դիրքերը նույն՝ համաշխարհային իսլամի առաջնորդության համար պայքարում դարձել են չափազանց շահեկան:
Բայց դա խնդրի միայն մեկ կողմն է: Իսրայելի այդ գործողությունները դարձել են Թուրքիայի համար բացահայտ սպառնալիք, եւ եթե նաեւ հեղինակային կորուստներ ունենա, ապա այդ սպառնալիքը բազմապատկվում է: Եվ այդ ֆոնին, Իսրայելի հետ հարաբերությունները դադարեցնելն այս պահին շատ ավելի ռեալ տեսք է ստանում, քան մեկ տարի առաջ էր:
Ահա այս ֆոնին չմոռանանք, որ Վաշինգտոնը, որը ավանդաբար աջակցում է Թել Ավիվին, արդեն այդ աջակցության հարցում հասել է «Մեծ Իսրայել» քաղաքականության բացահայտ քարոզչության մակարդակի: Իսկ ներկա մի շարք դետալներ հուշում են, որ բացի քարոզչությունից, կան նաեւ գործնական քայլեր: Սիրիայում այս պահին ծայրահեղ ակտիվացել են իսրայելամետ դրուզներին ինքնավարության տանող գործընթացները, որը լիովին տեղավորվում է Իսրայելի «Դավթի միջանցքի» տրամաբանության մեջ: Մյուս կողմից, չափազանց ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում Իրաքում: Այն է, ԱՄՆ-ն, ըստ պայմանավորվածությունների, զորքերը հանում է Իրաքից, բայց անմիջապես էլ տեղափոխելով Իրաք: Պարադոքս չէ. հանում է Իրաքի հարավային գոտուց՝ տեղափոխելով նույնպես Իրաք հանդիսացող քրդաբնակ հյուսիսային գոտի: Ընդ որում, ոչ թե իրանական, այլ՝ սիրիական Քուրդիստանի հարակից հատվածներ: Կարճ ասած, եթե սիրիական Քուրդիստանում կարիք զգացվի, ամերիկացիները ժամեր անց տեղում կլինեն: Գումարած դրան «Դավթի միջանցքի» թեման, եւ շատ ավելի պարզ է ուրվագծվում Թուրքիայի համար ամենամեծ մղձավանջը՝ Քուրդիստանի ստեղծումը՝ Անկարային հղված պահանջատիրությամբ հանդերձ:
Կարճ ասած, թեեւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց այն վերաբերմունքը, որն ունի Թրամփը ՆԱՏՕ-ի հանդեպ, հուշում է, որ աշխարհում իրոք շատ բան է փոխվել: Ըստ այդմ, երբ Թուրքիայի 81 նահանգներում սկսում են ապաստարաններ, ավելի ստույգ՝ ռմբապաստարաններ կառուցել՝ առնվազն 21 օրվա համար կենսապահովման հաշվարկներով, ապա պարզ հարց է առաջանում՝ իսկ ինչի՞ համար, ո՞ւմ դեմ է դա, Անկարան մասշտաբային հարվածների՞ է սպասում, ումի՞ց: Գումարենք այն բացահայտ շահագրգռվածությունը, որով Էրդողանը հանդիպում ունեցավ Պուտինի հետ ՇՀԿ-ի գագաթաժողովում, ու հանդիպման շատ մանրամասներ այդպես էլ մնացին չմեկնաբանված:
Ամեն դեպքում, Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքն օրերս հայտարարեց. «Իսրայելն այլեւս չի ճանաչում Սայքս-Պիկո սահմանները եւ կգնա ուր ուզում է, երբ ուզում է»: Իսկ սա, ըստ նաեւ իրանական փորձագետների, մեկ բան է նշանակում՝ «Լայնածավալ պատերազմների սկիզբ եւ համաշխարհային պատերազմի նախապատրաստական փուլ»:
Իրաքում եւս լուրջ մտահոգություններ կան. Ալ-Իրաքիան օրերս հայտնեց, որ Իրաքի աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը հրահանգ է ուղարկել բոլոր պետական մարմիններին՝ սննդի եւ բժշկական պարագաների մեծ պաշարներ ստեղծելու համար: Նաեւ, թե՝ Իրաքի անվտանգության կառույցների աղբյուրը հայտնել է՝ Բաղդադը վերջին տասը տարիների ընթացքում անվտանգության ոլորտում ամենալարված եւ վտանգավոր օրերն է ապրում:
Այսպիսով, ակնհայտորեն ինչ-որ բան խորքերում եռում է, եւ կարող է ուր որ է պայթել:
Այս գործընթացները հատկապես զգայուն են Ադրբեջանի համար. Անկարայի եւ Թել Ավիվի միջեւ բաց հակամարտության պայմաններում Ադրբեջանի մանեւրելու տարածքը զգալիորեն նեղանում է. խաղացողներից մեկին աջակցելը կնշանակի սրել մյուսի հետ հարաբերությունները։ Իրավիճակի մեկ այլ կողմ է «Մեծ Թուրան» ստեղծելու Թուրքիայի ռազմավարության հնարավոր թուլացումը։ Իսրայելի հետ բախումը վտանգում է զգալի ռեսուրսներ շեղել Անկարայի երկարաժամկետ ինտեգրացիոն ծրագրերից Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում։ Շատ թյուրքալեզու պետությունների համար, որոնք Թուրքիան դիտարկում էին որպես ծանրության կենտրոն, սա կլինի ազդանշան, որ Անկարան ստիպված է անցնել ավելի ցավոտ մարտահրավերների:
դեպի ետ