• am
  • ru
  • en
Версия для печати
13.10.2025

ՔԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ Է ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՌԱՋԻԿԱ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

   

Որ քաղաքական ուժերն են հայտարարել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին եւ ինչ ձեւաչափով, «Իրավունք»-ը ներկայացնում է ողջ համապատկերն առ այս պահը: Նշենք, որ մասնակցության հայտ ներկայացնողների թիվն արդեն հատել է տասնյակը եւ միտում ունի հասնելու քսան եւ ավելիի, ինչպես եղավ 2021 թվականի ընտրությունների ժամանակ:

1. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում իշխանությունը մտադիր է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը ևս մեկ անգամ ստանալուց հետո նախաձեռնել համաժողովրդական հանրաքվե՝ նոր Սահմանադրություն ընդունելու համար, որի արդյունքում իշխանության բոլոր ճյուղերը և երկրում հաստատված իրավակարգը օրգանական կապով կկապվեն սահմանադրի՝ այսինքն՝ ժողովրդի հետ՝ Հայաստանի պետականությունը դարձնելով հարատեւ եւ ժողովրդակենտրոն։

2. «ՆԺԱՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ

«Նժար» շարժումը, որը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է իրավապաշտպան Նինա Կարապետյանցի վարչապետության թեկնածությամբ, հանդես է գալու որպես կուսակցությունների դաշինք։ Այս մասին հայտարարել է շարժման համահիմնադիրներից, գյուտարար Արտաշես Իկոնոմովը:

3. ԴՕԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԴՕԿ կուսակցության լրատվական գրասենյակը տեղեկացնում է, որ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը մասնակցելու է 2026 թվականին նախատեսված ՀՀ խորհրդարանական ընտրություններին։

«ԴՕԿ կուսակցությունը մտնում է քաղաքական պայքարի նոր փուլ՝ առաջնորդվելով համոզմամբ, որ Հայաստանի ապագան հնարավոր է կառուցել միայն արդարության, ազնվության եւ ազգային համերաշխության հիմքի վրա», - ասված է հայտարարության մեջ։

4. «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ»

Արդեն պաշտոնապես ազդարարելով «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության մասին, որը նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրապայքարին մասնակցելու հայտ կներկայացնի՝ ենթադրաբար որպես կուսակցություն, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը նշել է. «Մենք հավակնում ենք իշխանություն ձեւավորելու, ես հավակնում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին: Մենք որպես ինքնուրույն քաղաքական ուժ այդ օրակարգով ենք շարժվելու»:

5. «ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը վերահաստատում է, որ ընտրություններին մասնակցելու են առանձին. «Մինչ այս պահը որեւէ փոփոխություն այդ առումով տեղի չի ունեցել, իսկ խորհրդակցություններ մշտապես ունեցել ենք եւ կշարունակենք ունենալ ընդդիմադիր մյուս ուժերի հետ»։

6. «ԱՌԱՋԱՐԿ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Նա այդ մասին հայտնել է լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան: Լրագրողը հետաքրքրվել է` ի՞նչ ձեւաչափով է լինելու մասնակցությունը` դաշինքո՞վ, թե՞ կուսակցությամբ, իսկ արձագանքը եղել է հետեւյալը. «Ասել եմ, որ բոլոր կուսակցություններն իրենց վաղեմության ժամկետը կորցրել են, վստահությունը չկա, էս վիճակից երկիրը հանելու համար ո՛չ այդպիսի մարդ կա, ո՛չ էլ այդպիսի կուսակցություն։ Պետք է համախմբում լինի գաղափարի, ծրագրի շուրջ։ Լինելու է առաջարկ Հայաստանին։ Կարող է` մարդը քաղաքականությամբ չզբաղվի, բայց ցանկություն ունենա, որ մեր երեխաները, մեր թոռներն այս խեղճացած, պարտված իրավիճակից դուրս գան։ Անհնարին ոչինչ չկա։ Ոչ թե պետք է դատարկ–դատարկ խոսել, այլ լիարժեք ծրագիր, գործ իրականացնել»:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին պատրաստակամություն են հայտնել միանալ «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը:

7. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՍ ԵՄ» ԴԱՇԻՆՔ

«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը 2026–ին կայանալիք ընտրություններին մասնակցելու է դաշինքի ձեւաչափով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։ Նրա խոսքով, իրենք կհամագործակցեն բոլոր այն անձանց հետ, որոնց նպատակն իրապես այս իշխանությանը հեռացնելն է, որոնք քաղափարային առումով դեմ են այս իշխանության արժեհամակարգին։ Նաիրի Սարգսյանը հայտարարել է, որ իրենց ուժի հետեւում չեն կարող գտնել ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Արեւմուտքին:

8. «ՆՈՐ ՈՒԺ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունը մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Մարությանը հայտարարել է իր հարցազրույցներից մեկում: Ընտրություններին մասնակցելու որոշումը, նրա խոսքով, կայացվել է՝ ելնելով այն գիտակցումից, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ի վիճակի չէ դիմակայել Հայաստանի առջեւ ծառացած լուրջ մարտահրավերներին։ Նա նաեւ մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի դերն իր քաղաքական կարիերայում եւ հայտարարել, որ «իրեն քաղաքականություն է բերել ոչ թե Փաշինյանը, այլ հակառակը»։

9. ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ԹԻՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը կմասնակցի ընտրություններին, իսկ նախընտրական ցուցակը կգլխավորի նա, ով կունենա առավելագույն շանսեր՝ սոցիոլոգիական հարցումների համաձայն: Այս մասին նա հայտարարել է իր վերջին ասուլիսի ժամանակ: Թե ի՞նչ ձեւաչափ այն կունենա, Քոչարյանը չի մանրամասնել:

10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանն ասել է, որ ընտրությունների հետ կապված՝ Շնորհապետական կուսակցությունը ծրագրում է իրականացնել համագումար: Այդ համագումարում իրենց մասնակցության հարցը կքննեն: «Ամենայն հավանականությամբ մասնակցելու ենք, բայց համագումարի վճիռ պետք է լինի, եւ համագումարը պետք է որոշի, թե ով է առաջին համարը: Ճիշտ է, կուսակցության նախագահին պետք է առաջարկեն, բայց ընթացակարգը պահանջում է, որ համագումարը պիտի առաջադրի», - ասել է նա:

11. ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը դեռեւս նախորդ տարի կայացած համագումարին նշել է. «Ստիպված գնալու ենք 2026 թվականի ընտրություններ եւ համարում ենք, որ հնարավոր է լավ արդյունք գրանցել, քանի որ փողոցում պրոցեսները բավականին բարդ են ընթանում: Հաշվի առնելով տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմաններ՝ մեր նման ուժերը նախընտրական քարոզարշավը հիմիկվանից պետք է սկսեն»:

12. «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրապետություն» կուսակցությունը եւս, ամենայն հավանականությամբ, կմասնակցի խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում ընդգծել է, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության իր տեսլականը դիտարկում է որպես 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հիմնական ուղերձ:

13. «ՄԵՐ ՁԵՎՈՎ»

Գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժումը, հավանաբար դաշինքի տեսքով եւս կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Մասնակցելու ենք 2026 թվականին կայանալիք ընտրություններին», - հաստատել է «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի փոխնախագահ, Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը:

14. «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ»

«Իրավունք»-ի հետ զրույցում «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը եւս նշել է, որ անպայման մասնակցելու են ընտրություններին: Նա բացառում է նախկին եւ ներկա իշխանությունների հետ համագործակցությունը:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ