• am
  • ru
  • en
Версия для печати
09.03.2010

ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԲՌՆԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴՐԻՆ

EnglishРуский

   

Ռուբեն Մելքոնյան

Պատմական դեպքերի և զարգացումների արդյունքում 15-րդ դարում ստեղծված Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանը, բացի հոգևոր-կրոնականից, ունեցել է և ունի նաև աշխարհիկ-քաղաքական գործառույթներ` կապված Թուրքիայում ապրող հայության հետ: Օսմանյան կայսրությունում և այնուհետև Թուրքիայի Հանրապետությունում բնակվող հայության տարբեր խնդիրների նկատմամբ պատրիարքարանի կեցվածքին և արած քայլերին զուգահեռ` հետաքրքիր է դիտարկել նաև նրա մոտեցումներն ու քաղաքականությունը հատկապես Հայոց ցեղասպանության ժամանակ բռնի իսլամացված հայերի հարցի վերաբերյալ: Դիտարկելով Պոլսո Հայոց պատրիարքարանի քաղաքականությունը շուրջ հարյուր տարվա կտրվածքով` տեսնում ենք որդեգրած մոտեցումների և մարտավարության որոշակի տարբերություններ, փոփոխություններ, որոնք արվել են ժամանակի և հանգամանքների թելադրանքով:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո, պարտված Օսմանյան կայսրության ղեկավարության առջև Անտանտի ուժերի աջակցությամբ բարձրացվել է Հայոց ցեղասպանության տարիներին առևանգված և բռնի իսլամացված հայերի խնդիրը: Մասնավորապես, պահանջվել է մուսուլմանական ընտանիքների կողմից առևանգված հայ կանանց և երեխաներին վերադարձնել իրենց ընտանիքներին, իսկ այդպիսիք չլինելու դեպքում՝ հայկական կամ քրիստոնեական կազմակերպություններին: Այս հարցում լուրջ դերակատարում է վերապահվել Պոլսո Հայոց պատրիարքարանին, որը դարձել է Հայոց մնացորդաց փրկության գործի առաջամարտիկը: Մասնավորապես, ստեղծվել են հանձնախմբեր, որոնք ուսումնասիրել և տեղեկություններ են հավաքել այդ տարիներին առևանգված ու բռնի կրոնափոխված հայերի բնակության վայրերի և կարգավիճակների մասին, որից հետո սկսվել է այդ բեկորների փրկության, այն է` մուսուլմանական ընտանիքներից ազատելու գործընթացը:

Հայ որբերի և կանանց ազատելու հետ կապված աշխատանքներն առավել ակտիվ սկսվում են 1919թ., Պոլսո պատրիարք Զավեն Տեր-Եղիայանի (1913–1916, 1918–1922թթ.) երկրորդ գահակալության տարիներին: Այն ժամանակվա օսմանյան կառավարությունը` ի դեմս ներքին գործերի նախարարության, 1919թ. փետրվարի 5-ին հատուկ հրաման է ուղարկում նահանգներ, որտեղ ասվում էր. «Մուսուլման ընտանիքների մոտ գտնվող հայ կանանց և երեխաներին հանձնել հայերից կազմված հանձնաժողովին»1: Այս հրամանը, որը ներկայումս էլ պահվում է Թուրքիայի վարչապետի աշխատակազմի օսմանյան արխիվում, ոչ թե կառավարության բարի կամքի դրսևորումն էր, այլ լուրջ ճնշման և պարտադրանքի արդյունք: Ուշագրավ է, որ անդրադառնալով այս հրամանին` շատ թուրք գիտնականներ դա քննադատում և համարում են այն ժամանակվա կառավարության թուլության ապացույց:

Իհարկե, հայության բեկորներին փրկելու գործընթացը բախվում էր մի շարք խոչընդոտների, որոնցից էր, օրինակ, այն, որ շատ հայուհիներ երեխաներ էին ունեցել իրենց առևանգիչներից և կանգնած էին բարդ երկընտրանքի առջև` թողնել երեխային և վերադառնալ ակունքների՞ն, թե՞ մնալ ցկյանս գերության և տանջանքի ճիրաններում: Պետք է նշել, որ այդ ժամանակաշրջանում եղել են դեպքեր, երբ որոշ թվով հայուհիներ, անչափահաս հայ աղջիկ երեխաներ նախընտրել են մնալ իրենց առևանգիչների հետ: Հենվելով այս հանգամանքի վրա` թուրքական մի շարք աղբյուրներ պնդում են այն միտքը, թե այդ հայուհիները կամովին էին ընտրել իրենց ամուսիններին, և հանձնաժողովը բռնանում էր նրանց կամքի վրա ու ստիպողաբար վերադարձնում հայկականության: Թուրքական կողմը ներկայումս շրջանառության մեջ է գցել նաև այն անհեթեթ միտքը, թե մուսուլմանների կողմից առևանգված հայերի ազատման ընթացքում Պոլսո Հայոց պատրիարքարանի աջակցությամբ հավաքվել են նաև մուսուլման թուրք, քուրդ երեխաներ և ներկայացվել իբրև հայեր` նպատակ ունենալով ավելացնել հայերի թիվը2: Թուրք գիտնականները դա անվանում են բռնի քրիստոնեացման գործընթաց: Անշուշտ, չի բացառվում, որ այդ ընթացքում կարող էին որոշ անճշտություններ ի հայտ գալ, սակայն գերակշիռ դեպքերում որպես թուրք կամ քուրդ մուսուլման ներկայացվող երեխաները մանուկ հասակում իրենց արմատից կտրված և մի քանի տարի մոլի իսլամական ոգով դաստիարակված հայ երեխաներն էին, որոնց մոտ գրեթե կորել էր հայկական ծագման հիշողությունն ու գիտակցությունը:

Ինչևէ, ստեղծված հանձնախմբերի չորսամյա (1919–1922թթ.) գործունեության արդյունքում հազարավոր հայեր են ազատվում մուսուլմանական ընտանիքներից և վերադառնում իրենց ակունքներին ու կրոնին: Ամփոփելով աշխատանքների այդ փուլը` 1921թ. սկզբին Պոլսո Հայոց պատրիարքարանը պատրաստել է զեկույց, որի անգլերեն տարբերակն ուղարկվում է ԱՄՆ արտաքին գործերի նախարարություն: Ըստ այդ զեկույցի, 1921թ. դրությամբ մուսուլմանների ընտանիքներում դեռևս մնում էին 63000 հայ որբեր, որոնց բաշխվածությունը ըստ նահանգների ներկայացնում ենք ստորև.

1. Տեր-Զորի շրջան

ա) Զիբար, Էգաբար և Վարաքորա աշիրեթների մոտ` 500,

բ) Ջիբուր աշիրեթի մոտ` 600,

գ) Շեմմար աշիրեթի մոտ` 700,

դ) Անեզա աշիրեթի մոտ` 2000

2. Ռեսուլայն շրջանի չեչեն աշիրեթների մոտ` 2000

3. Ստամբուլում և շրջակայքում` 6000

4. Իզմիթ, Բուրսա, Բալըքեսիր` 2000

5. Ինեբոլու` 1500

6. Էսքիշեհիր և Կոնիա` 3000

7. Քասթամոնու` 500

8. Տրապիզոն` 2500

9. Սեբաստիա` 3500

10. Կեսարիա` 3500

11. Էրզրում` 3000

12. Դիարբեքիր և Մարդին` 25000

13. Խարբերդ` 3000

14. Բիթլիս և Վան` 50003:

Հայոց ցեղասպանության տարիներին բռնի իսլամացված հայ երեխաների և կանանց հարցով զբաղվել է նաև Ազգերի լիգան, որի որոշումով ստեղծվում է հետաքննող հանձնաժողով: Աշխատանքի արդյունքում պատրաստված զեկույցում նշվում է հայ երեխաներին և կանանց մուսուլմանական ընտանիքներից ազատելու հետ կապված տարատեսակ խոչընդոտների առկայության մասին և տրվում է նաև դրա բացատրությունը. «Այդ հանցանքին մեղսակից էր ողջ ժողովուրդը»: 1921թ. օգոստոսի 30-ին Լիգայի խորհրդին է ներկայացվում զեկույց, որի տվյալների համաձայն, մուսուլմանների տներից ազատվել են 90.819 հայ երեխա և կին, սակայն շուրջ այդքան էլ դեռ մնում են գերության մեջ4: Երբ համադրում ենք այս փաստերը, տեսնում ենք, որ Հայոց պատրիարքարանի ներկայացրած 63.000 հայ որբերի առկայության մասին տվյալները, ինչ-որ տեղ, համընկնում են Ազգերի լիգայի տվյալների հետ և էլ ավելի համոզիչ դառնում:

Գավառներում մնացած և ուծացման տարբեր մակարդակներում գտնվող հայերի հարցը, այս կամ այն չափով, եղել է Պոլսո Հայոց պատրիարքարանի ուշադրության կենտրոնում նաև հետագայում: Մասնավորապես, կրոնափոխ հայերի խնդրի ուսումնասիրման և նրանց իրենց ակունքներին վերադարձնելու աշխատանքներ են կատարվել Գարեգին Խաչատուրյան պատրիարքի (1951–1961թթ.) օրոք: Այդ տարիներին սկսում են գավառներից քրդախոս հայ երեխաներ բերել Ստամբուլի հայկական կրթօջախներ: 1961թ. Պոլսո Հայոց պատրիարք ընտրված Շնորհք Գալուստյանը (1961–1990թթ.) ոչ միայն ակտիվորեն զբաղվում է ուծացած հայության հարցերով, այլև գիտական հետազոտության է ենթարկում խնդիրը, տալիս Թուրքիայում բնակվող հայության խմբային բաժանումներ, որոնք մինչև այժմ էլ օգնում են թեմայով զբաղվողներին: Այսպես, 1980թ. Երուսաղեմում խոսելով Թուրքիայում բնակվող գավառահայության մասին` երջանկահիշատակ պատրիարքը նրանց բաժանում է չորս խմբի.

«ա. Հայեր, որոնք գիտակցաբար եւ կամաւոր կերպով իսլամացել են, խզուել են հայութիւնից և ապրում են թուրքերի մէջ: Սրանք են, որ մինչեւ միլիոնի հասնում են իրենց թուով:

բ. Հայեր, որոնք երեք սերունդ առաջ իսլամացել են եւ քրդական աշիրէթական ձեւերով ապրում են մեկուսի եւ չեն խառնւում: Խնուսի շրջանում հարիւր ընտանիքներ կան այդպիսիներից, որ գիտեն, թէ հայ են, գիտակցաբար իրենց մէջ ամուսնանում են եւ փափագում են վերադառնալ իրենց պապերի կրօնին, եթէ իրենց պայմանները ներեն:

գ. Կամայ թէ ակամայ իսլամացած հայեր, որոնք իրենց հայկական զգացումը պահել են եւ Պոլիս հաստատուելուն պէս` դատարանի միջոցով իրենց անձնագրի վրայի «իսլամ» գրութիւնը «էրմենի»-ով են փոխարինում:

դ. Բուն գաւառահայերը, որ պատիւ իրենց` հակառակ բոլոր զգալի եւ անզգալի դժուարութիւններին` հայ են մնացել եւ այսօր Ստամբուլի հայութեան մեծագոյն մասը նրանցից է բաղկանում»5:

Հատկանշական է, որ հենց Շնորհք պատրիարքի գահակալության տարիներին և մեծապես նրա ջանքերով է Էրմենի Վարթո հայտնի աշիրեթը տեղափոխվում Ստամբուլ, սկսում շփվել հայ համայնքի հետ:

Պոլսո ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ևս բազմիցս անդրադարձել է իսլամացված հայության խնդրին և, օրինակ, 2007թ. մայիսի 30-ին մի հանդիպման ժամանակ հայտարարել է. «Պետք չէ մոռնալ նաեւ, որ տեղահանութեան ընթացքին, տեղահան ըլլալէ փրկուելու համար, մեծ թիւով հայեր մահմետականութիւնը ընդունեցին: Մենք զանոնք եւս մեզմէ կը նկատենք»6:

Վերջերս Թուրքիայի իսլամացված հայերի խնդրին է անդրադարձել նաև Պոլսո պատրիարքարանը ներկայացնող և սպասվող աթոռակից պատրիարքի ընտրություններում հիմնական թեկնածուներից մեկը` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Թուրքական հեղինակավոր «Հյուրիյեթ» թերթին տված հարցազրույցում Արամ սրբազանը ասել է, որ իսլամացումներ տեղի են ունեցել նաև հանրապետական շրջանում, որից զերծ չի մնացել նաև իր ընտանիքը, որի մի հատվածը 1950-ական թվականներին ստիպված ընդունել է իսլամ և այսօր էլ ապրում է Դիարբեքիրում` որպես մուսուլման: Լրագրողի այն հարցին, թե քրիստոնեության և իր արմատներին վերադառնալ ձգտող էթնիկ հայերի նկատմամբ ինչպիսին է պատրիարքարանի վերաբերմունքը, Աթեշյանը պատասխանել է. «Թուրքիայում ցանկացած քաղաքացի կարող է դիմել անձնագրային բաժին և փոխել իր կրոնը: Սակայն չի նշանակում, որ քրիստոնեություն ընդունած մարդը մեր կողմից միանգամից հայ է ընկալվում: Դրա համար բավական ժամանակ է պահանջվում: Կա վեցամսյա դասընթաց, որի ընթացքում նայում ենք, թե նա ինչքան է հավատարիմ իր արմատներին, և եթե տեսնում ենք իր արմատներին վերադառնալու համառություն, ապա պատրիարքարանը տալիս է համապատասխան փաստաթուղթ, որով տվյալ անձը կարող է գնալ անձնագրային բաժանմունք և փոխել կրոնը` ընդունելով քրիստոնեություն: Այնուհետև այդ մարդը կնքվում է և դառնում Հայ Առաքելական եկեղեցու անդամ»7:

Հայտնի է, որ մոտ ժամանակներս սպասվում են Պոլսո աթոռակից պատրիարքի ընտրություններ, և կարող ենք ասել, որ բոլոր թեկնածուներն էլ (Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան, Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան, Արամ արքեպիսկոպոս Աթեշյան) այս կամ այն կերպ անդրադարձել են ուծացած հայության և նրա այսօրվա խնդիրներին:

Այսպիսով, տեսնում ենք, որ բռնի կրոնափոխված հայության հարցը տարբեր ժամանակներում եղել է Պոլսո Հայոց պատրիարքարանի մտահոգությունների թվում, և 20-րդ դարի սկբից Պոլսո բոլոր պատրիարքները, կամա թե ակամա, բախվել և բախվում են կրոնափոխ հայության խնդիրներին: Թուրքական իրականության պայմաններում այս ուղղությամբ գործելու հնարավորություններ չունենալով հանդերձ՝ նրանց կողմից արվել են որոշակի քայլեր: Միևնույն ժամանակ, հույս ենք հայտնում, որ այսուհետ ևս որդեգրված քաղաքականությունը կշարունակվի և էլ ավելի ակտիվ կլինի:

1Atnur İ., Türkiye’de Ermeni Kadınları ve Çocukları Meselesi (1915-1923), Ankara, 2005, s. 189.

2Başyurt E., Ermeni Evlatlıklar, İstanbul, 2006, s. 44-45.

3Özdemir H., Çiçek K., Turan Ö., Çalık R., Halaçoğlu Y., Ermeniler. Sürgün ve Göc, Ankara, 2004, s. 120, 122-123.

4Պարսամյան Ս., Միրզոյան Ա., Ազգերի լիգայի փաստաթղթերն ապացուցում են Հայոց ցեղասպանության փաստը, http://www.genocide-museum.am/arm/g_brief_09.php

5«Ալիք», Թեհրան, 18.12.1980, նույնը տե՛ս նաև Խանլարեան Կ., Հայ բնակչութեան էթնոկրօնական վերակերպումները Թուրքիայի Հանրապետութիւնում (1923-2005), Անթիլիաս, 2009, էջ 27:

6Սասունեան Յ., Ի՞նչն է Մեսրոպ պատրիարքին քաղաքական յայտարարութեանց դրդա¬պատ¬ճառը, «Ազդակ», Բեյրութ, 08.06.2007, նույնը տե՛ս նաև Վարդանյան Ս., Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը, Երևան, 2009, էջ 32:

7Konuralp O., Türkiye Ermenilerinin Gizli Kalmış Travması, Hürriyet, 22.11.2009.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր