• am
  • ru
  • en
Версия для печати
22.07.2010

ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

   

Արաքս Փաշայան

Միջին Արեւելքի արաբական մի շարք երկրներում ապրում են զգալի թվով հայեր, որոնց հանդեպ արաբական աշխարհում ավանդականորեն ձեւավորվել է դրական վերաբերմունք: Առավել ստվար են Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի եւ Հորդանանի հայ համայնքները, որտեզ ապրող հայերը համարվում են այդ երկրների լիարժեք քաղաքացիներ եւ զգալի ներդրում ունեն տնտեսական եւ մշակութային, Լիբանանի պարագայում` նաեւ քաղաքական կյանքում:

Ինչպես ողջ սփյուռքահայության, այնպես էլ Միջին Արեւելքի հայերի առաջ ծառացած են խնդիրներ, որոնք կապված են գլոբալացման, հայապահպանության, արտագաղթի, տարածաշրջանում առկա քաղաքական եւ սոցիալական հիմնահարցերի հետ:

Աստիճանաբար տարածաշրջանի հայության համար ուրվագծվում են նոր մարտահրավերներ, որոնք առնչվում են Միջին Արեւելքում Թուրքիայի հարաճուն ակտիվացմանը, արաբա-թուրքական հարաբերությունների ջերմացմանը: Ահա այդ համատեքստում հայ համայնքների կողմից շատ գործողություններ դիտարկվում են իբրեւ հակաթուրքական եւ որպես այդպիսին` տեղական իշխանությունների կողմից կասեցվում են: Այս պարագայում խոսքը, ըստ էության, հայերի ազգային գործունեության սահմանափակման մասին է:

Արաբական վարչակարգերի միջոցով Միջին Արեւելքի հայ համայնքների վրա արդեն որոշակի ճնշումներ ի հայտ եկան 2002-ից ի վեր, երբ իշխանության եկած Արդարություն եւ զարգացում կուսակցությունը շրջադարձ կատարեց երկրի արտաքին քաղաքականության մեջ` մեծ տեղ տալով միջինարեւելյան կամ իսլամական ուղղությանը: Արաբական առաջին երկրներից մեկը, որի հետ Թուրքիան կարգավորեց իր խրթին հարաբերությունները, Սիրիան էր: Թուրք-սիրիական հարաբերությունների ջերմացումն անհետեւանք չմնաց. Սիրիայում սկսեցին արգելել Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքերի տպագրությունն ու վաճառքը:

Բնականաբար, արաբական պետությունները, այդ թվում` Սիրիան, պետք է առաջնորդվեն սեփական ազգային շահերով` ձգտելով խուսափել Թուրքիայի հնարավոր բացասական արձագանքից: Իսկ դա նշանակում է կանխել Թուրքիայի ազգային շահերի դեմ ուղղված ցանկացած, առավել եւս` հրապարակային գործողություն:

Ըստ լիբանանյան «Զարթոնք» օրաթերթի` վերջերս լիբանանյան հեռուստաալիքներից մեկի անձնակազմին սահմանապահները չեն արտոնել մուտք գործել Սիրիա` Դեյր Զորում նկարահանումներ կատարելու համար, հակառակ այն հանգամանքին, որ Սիրիայի իշխանություններից նախօրոք անհրաժեշտ թույլտվություն էին ստացել: Այդ միջադեպը տեղի է ունեցել ամերիկյան CBS հեռուստաալիքի կողմից Հայոց ցեղասպանության մասին պատմող վաթսուն րոպե տեւողությամբ հաղորդման հեռարձակումից որոշ ժամանակ անց։ Հաղորդման մեջ ցուցադրվել են Դեյր Զորի անապատը, Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները։ Նշված հեռուստահաղորդման կապակցությամբ թուրքական իշխանությունները բողոք են ներկայացրել սիրիական կառավարությանը` իրենց երկրում CBS-ի կողմից հակաթուրքական ֆիլմ նկարահանելու թույլտվության համար։ Իսկ 2010-ի ապրիլին Հայաստանի նախագահի` Դեյր Զոր կատարած այցելությունը սիրիական զանգվածային լրատվամիջոցները գրեթե չեն լուսաբանել:

Հատկանշական է, որ Միջին Արեւելքի պետությունների արտաքին քաղաքական գծի փոփոխությունը կարող է խարխլել էթնոդավանական փոքրամասնությունների` առանց այդ էլ փխրուն դիրքերը: Ասվածի ապացույցն են վերջին տարիներին Իրաքում իսլամ արմատականների կողմից իբրեւ Արեւմուտքի դաշնակիցներ դիտարկվող հայերի եւ քրիստոնյա այլ փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող բռնությունները: Նույն Սիրիայում թուրք-սիրիական հարաբերությունների ջերմացումը բացասաբար է անդրադառնում նաեւ քրդերի վրա, որոնց նկատմամբ վերջին շրջանում իրականացվում են տարաբնույթ ճնշումներ:

Միջին Արեւելքում հայերի նկատմամբ սահմանափակումներ իրականացնելու մեկ այլ դեպք կապված է Հորդանանի իշխանությունների հետ: Վերջիններս չթույլատրեցին, որպեսզի Ամմանում հունիսի 3-6-ը կայանար Հայ բարեգործական ընդհանուր միության Միջին Արեւելքի երիտասարդ մասնագետների առաջին համագումարը, որին պետք է մասնակցեին շուրջ 150 հայ երիտասարդներ: Ըստ հայկական աղբյուրների` կազմակերպիչներն այդ մասին տեղեկացվել են համագումարի հրավիրման միայն նախորդ գիշերը, երբ մասնակիցներն այլեւս ժամանել էին Ամման: Համագումարին նախատեսվում էին զեկուցումներ Հայության խնդիրների վերաբերյալ, այդ թվում` Հայոց ցեղասպանության թեմայով: Համագումարի չեղյալ հայտարարվելու կապակցությամբ ՀԲԸՄ-ը պաշտոնական որեւէ բացատրություն չի տվել` ըստ ամենայնի չցանկանալով խնդիրներ ստեղծել Հորդանանի հայերի համար:

Այլեւս ակնհայտ է, որ նշված դեպքը նույնպես կապ ունի հորդանանա-թուրքական հարաբերությունների ջերմացման, իսկ առավել ստույգ` հունիսի 10-ին Հորդանանի, Լիբանանի, Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրային գոտու ստեղծման եւ վիզային ընթացակարգը վերացնելու մասին ստորագրված համաձայնագրի հետ:

Մեկ այլ միջադեպ կապված է լիբանանյան իրականության, ավելի ստույգ` Ցեղասպանությանը վերաբերող «Զարթի՛ր, որդեակ» երաժշտական տեսահոլովակի ցուցադրման հետ: Այլին Խաչատրյանի կողմից կատարվող երգի մեջ չնայած Թուրքիայի մասին որեւէ հիշատակում չկա, սակայն Լիբանանի իշխանությունները, մտահոգված լինելով, որ այն կարող է բացասաբար ազդել լիբանանա-թուրքական աշխուժացող հարաբերությունների վրա, արգելել են դրա ցուցադրումը: Տեսահոլովակը ցուցադրվել է միայն Ապրիլի 24-ին:

Միջին Արեւելքում Թուրքիայի արտաքին քաղաքականության վերարժեւորման եւ հայ համայնքների վրա դրա բացասական ազդեցության հարցը վերջին շրջանում քննարկման առարկա է դարձել սփյուռքահայ առանձին շրջանակներում, այդ թվում` մամուլում: Հնչող տեսակետների համաձայն` արաբական երկրներում ապրող հայերը պետք է ակտիվ աշխատանք տանեն` հակազդելու սահմանափակումներին, ինչպես նաեւ ի ցույց դնելու, որ Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացումը, Թուրքիայի կողմից պաղեստինյան խնդրին ցուցաբերվող աջակցությունը չի կարող անկեղծ լինել: Ըստ այդմ` Էրդողանը, օգտվելով քաղաքական այն վակուումից, որ ստեղծվել էր պաղեստինյան խնդրի հարցում արաբ ղեկավարների անգործությունից, կարողացավ Միջին Արեւելքում բարձրացնել թե՛ իր կուսակցության, թե՛ պետության վարկանիշը:

Սփյուռքահայ գործիչներից շատերը համոզված են, որ ապագայում հայերին առնչվող շատուշատ իրողություններ կախված կլինեն Թուրքիայի հետագա վարքագծից: Ի վերջո, արաբական աշխարհն անհամբերությամբ սպասում է, թե Թուրքիան երբ կվերանայի եւ արդյոք կվերանայի ռազմական համագործակցության պայմանագրերն Իսրայելի հետ:

Այսպիսով, Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթություն ձեռք բերած իսլամական ուղղությունը շահեկան չէ ինչպես Հայաստանի, այնպես էլ Միջին Արեւելքի հայ համայնքների տեսանկյունից: Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում նախապայմաններ առաջադրելուց եւ միջազգային մակարդակներում Հայաստանի դիրքերը թուլացնելու փորձերից հետո Թուրքիան ջանքեր է գործադրում` թուլացնելու նաեւ Միջին Արեւելքի հայկական սփյուռքը, որի օրակարգը խնդիրներ է ստեղծում Անկարայի համար: Եթե ԱՄՆ-ում կամ Արեւմուտքում հայկական քարոզչության դեմ Անկարան օգտագործում էր սեփական, նաեւ` հրեական եւ ադրբեջանական լոբբիները, ապա Միջին Արեւելքի հայերի նկատմամբ Թուրքիան լծակներ է ձեռք բերում արաբական վարչակարգերի միջոցով: Վերջիններս հայ համայնքների առանձին գործողություններ փորձում են չեզոքացնել կա՛մ թուրքական ճնշմամբ, կա՛մ Թուրքիային «չնեղացնելու» նկատառումով:

Մյուս կողմից, նման սահմանափակումները, ընդհանուր առմամբ, չեն վնասում արաբական միջավայրում հայերի գործունեությանը եւ նրանց նկատմամբ առկա ջերմ վերաբերմունքին: Նույն Հորդանանում իշխանությունները վերջին շրջանում հայերին քրիստոնյա այլ համայնքների կողքին հողակտոր են հատկացրել Հորդանան գետի ափին` Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում եկեղեցի կառուցելու համար:

Միջին Արեւելքի հայ համայնքների շուրջ ստեղծվող նոր իրավիճակը որքան էլ մտահոգիչ է, սակայն կարող է լրացուցիչ ազդակ դառնալ` առավել համախմբվելու համար:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր