• am
  • ru
  • en
Версия для печати
30.09.2010

«ՀԱՅԿԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ» ԱՄՆ-ՈՒՄ

EnglishРуский

   

ԱՄՆ հայագիտական կենտրոնները

ԱՄՆ հայագիտական կենտրոններն ունեն բազմաթիվ յուրահատկություններ, որոնք պայմանավորված են պատմական, աշխարհագրական, քաղաքական, հասարակական, մշակութային, կրթական բազմաթիվ գործոններով։ Այսօր ԱՄՆ հայկական համայնքի առջև ծառացել են բազմաթիվ մարտահրավերներ։ Առավել բնորոշ խնդիրներից են ազգային ինքնագիտակցության պահպանման, հայկական համայնքի միավորման, որպես քաղաքական գործոնի հզորացման և այլ հիմնախնդիրներ։ Այս հարցերի լուծումից է կախված ԱՄՆ-ում բնակվող հայության պահպանումը, ձուլման վտանգի չեզոքացումը, մասնակցությունը Հայության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը։ Հայկական համայնքն ունի կարևոր նշանակություն, ինչը կապված է և՛ համայնքի քանակական թվի, և՛ ունեցած քաղաքական ազդեցության նշանակության հետ1։ ԱՄՆ հայագիտական կենտրոններն ունեն կարևոր առաքելություն վերը նշված խնդիրների լուծման աշխատանքներում։

ԱՄՆ-ում գործում են հայ գիտնականների մասնագիտական կազմակերպություններ: Մի շարք համալսարաններում և քոլեջներում հիմնվել են հայագիտական դասընթացներ ու ամբիոններ, որտեղ հայ և օտար հայագետների կողմից կազմակերպվում են հայոց լեզվի, գրականության, պատմության, ազգային հոգևոր և աշխարհիկ երաժշտության, մշակույթի, արվեստի, ճարտարապետության պատմության և հայկական ուսումնասիրությունների առանձին դասընթացներ, թերավարտ (Undergraduate) և շրջանավարտ (Graduate) ծրագրերին առնչվող այլ դասընթացներ, շնորհվում են արվեստի պսակավորի (B.A.), գիտության պսակավորի (B.S.), ինչպես նաև արվեստի մագիստրոսի (M.A.) և փիլիսոփայության դոկտորի (Ph. D.) գիտական աստիճաններ: Հայագիտությունն ԱՄՆ-ում զարգանում է նաև հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոններում, որոնց նպատակն է օտարության մեջ խթանել հայոց պատմությանը, լեզվին, գրականությանը, մշակույթին, արվեստին, կրոնին, կրթությանը, ազգային, ընկերային, տնտեսական ու քաղաքական կյանքին առնչվող նյութերի ուսումնասիրությունը, հրատարակությունն ու տարածումը: Հայագիտական բարձրագույն ուսումնական հաստատությունները և հետազոտական կենտրոններն ունեն զգալի տպաքանակով լույս տեսնող երկլեզու (անգլերեն, հայերեն) պարբերական հրատարակություններ2:

ԱՄՆ հայագիտական կենտրոնները կարելի է բաժանել հետևյալ խմբերի.

  1. Հայագիտական ինստիտուտներ. այս խմբի մեջ են մտնում ԱՄՆ-ում գործող այն հայագիտական հաստատությունները, որոնք զբաղվում են գիտահետազոտական աշխատանքով։ Սրանց գործունեությունը, անշուշտ, նպաստում է հայագիտական առարկաների դասավանդմանը, սակայն այս կենտրոնները զուտ կրթական գործունեությամբ չեն զբաղվում։ Առավել նպատակահարմար ենք համարում այս խմբում ընդգրկել նաև Դիրբոռնի Միչիգանի համալսարանի հայագիտական կենտրոնը, որը չնայած գործում է համալսարանի կազմում, սակայն կրթադաստիարակչական խնդիրներ չի լուծում, այլ հիմնականում բավարարվում է գիտահետազոտական աշխատանքով։
  2. Հայագիտական ընկերակցություններ. առավելապես զբաղված են կրթական, գիտական կազմակերպչական աշխատանքներով։
  3. Հայագիտական ամբիոններ. այստեղ դասավանդվում են հայագիտական տարբեր առարկաներ։ Ամբիոնների գործունեությունը չի սահմանափակվում հայագիտական դասընթացների կազմակերպմամբ, այլ նաև ընդգրկում է գիտահետազոտական, հրատարակչական գործունեություն։
  4. Հայագիտական ծրագրեր. այս ծրագրերը կազմակերպում են հայոց պատմությանը, լեզվին, գրականությանը, մշակույթին նվիրված դասընթացներ, միջոցառումներ, դասախոսություններ, հրատարակում իրենց գործունեությունը լուսաբանող պարբերականներ, ինչպես նաև ուսումնական գործընթացն օժանդակող ձեռնարկներ։ Այս խմբի մեջ են մտնում ԱՄՆ տարբեր համալսարանների կազմում գործող հայագիտական ծրագրերն ու դասընթացները։

ԱՄՆ հայագիտական ինստիտուտները

ԱՄՆ-ում հայագիտության զարգացման մեջ կարևոր ներդրում ունեն Կոմիտաս, Զորյան և Հայկական ազգային ինստիտուտները։ Այստեղ կատարվող գիտահետազոտական աշխատանքները, մենագրությունների, ժողովածուների, պարբերականների հրատարակությունները գիտական մեծ արժեք են ներկայացնում։ Հատկապես աչքի են ընկնում հայոց պատմության ուսումնասիրման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

1982թ. Քեմբրիջում հիմնադրվեց Զորյան ինստիտուտը3 (Ժամանակակից հայագիտական ուսումնասիրությունների և փաստագրման Զորյան հիմնարկություն)։ Զորյան ինստիտուտն իրականացնում է երեք հիմնական գիտական նախագծեր` 1. Սփյուռքի ուսումնասիրություններ, 2. Ցեղասպանության փաստագրում, 3. Բաց համալսարան (անցկացվում են սեմինարներ, դասախոսություններ, գիտաժողովներ Հայաստանի և հայերի վերաբերյալ): Ինստիտուտի մասնաճյուղեր են գործում Լոս Անջելեսում, Տորոնտոյում, Փարիզում: Զորյան ինստիտուտը գործնական կապեր ունի ինչպես Սփյուռքի, այնպես էլ Հայաստանի հայագիտական մի շարք կազմակերպությունների և անհատ գիտնականների հետ։

Հայաստանի ու հայության, մասնավորապես՝ հայոց պատմության վերաբերյալ հրատարակություններ է իրականացնում Կոմիտաս ինստիտուտը4։ Այն հիմնվել է Փրինսթոնում 1992թ.։ Ինստիտուտը կազմակերպում է ցուցահանդեսներ, դասախոսություններ, գիտաժողովներ, իսկ 1998-ից հրատարակում է "Armenian Forum" հանդեսը:

Վաշինգտոնում գործում է Հայկական ազգային ինստիտուտը5 (Armenian National Institute, ANI), որը զբաղվում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրմամբ։

Հետազոտական աշխատանքներ են կատարվում նաև Դիրբոռնի Միչիգանի համալսարանի հայագիտական կենտրոնում։ Այս կենտրոնը, ի տարբերություն ԱՄՆ մյուս համալսարաններում գործող հայագիտական հաստատությունների (ամբիոնների ու ծրագրերի), զերծ է դասընթացներ կազմակերպելու գործառույթից։ Այստեղ կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ։ Դիրբոռնի Միչիգանի համալսարանի հայկական հետազոտության և հրատարակության կենտրոնը հիմնադրվել է 1985թ.։ Կենտրոնի տնօրենն է Դ.Փափազյանը: Ուսումնասիրվում են Հայոց պատմության, մշակույթի, լեզվի, գրականության զանազան խնդիրներ: Կենտրոնն աջակցում է հայագիտական ուսումնասիրություններին վերաբերող գիտաժողովների կազմակերպմանը, հրատարակում "ARC Newsletter" պարբերականը6:

ԱՄՆ հայագիտական ընկերակցությունները

ԱՄՆ-ում հայագիտության զարգացման մեջ կարևոր ներդրում ունեն Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային և Հայկական ուսումնասիրությունների ընկերակցությունները։

1955թ. Բելմոնդում՝ 60 հայ մտավորականների և Հարվարդի համալսարանի պրոֆեսորների նախաձեռնությամբ, հիմնադրվեց Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցությունը (National Association for Armenian Studies and Research, NAASR)7։ Ընկերակցության կենտրոնը գտնվում է Քեմբրիջում: NAASR-ն աջակցում է ԱՄՆ մի շարք համալսարանների հայագիտական ամբիոններին ու դասընթացներին։ Մասնավորապես, ձեռք է բերվում հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին նվիրված գրականություն, որը տարածվում է ԱՄՆ-ում։ NAASR-ը կազմակերպում է հայագիտական դասախոսություններ, օժանդակում հայագիտական ուսումնասիրությունների հրատարակմանը։ Ընկերության դրամահավաքների շնորհիվ հայկական ուսումնասիրությունների ամբիոններ են բացվել ԱՄՆ տարբեր համալսարաններում։ NAASR-ը հիմնել է «Հայկական ժառանգության հրատարակություն» ("Armenian Heritage Press") տպարանը: Ընկերակցությունը հրատարակում է «Հայկական ուսումնասիրությունների հանդես» ("Journal of Armenian Studies") հայագիտական հանդեսը (1975 թվականից) և "NAASR Newsletter" քառամսյան:

1974թ. պրոֆ. Ռ.Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Կալիֆորնիայի, Կոլումբիայի, Հարվարդի համալսարանների մի խումբ գիտնականների կողմից հիմնվել է Հայկական ուսումնասիրությունների ընկերակցությունը (Soceiety for Armenian Studies, SAS)։ Այն Դիրբոռնի Միչիգանի համալսարանից տեղափոխվել է Ֆրեզնոյի Կալիֆորնիայի համալսարան: Ընկերակցության նախագահն է դոկտ. Բ.Տեր-Մկրտչյանը: Ընկերակցությանն անդամակցում են ավելի քան 200 գիտնականներ և ուսանողներ: Ընկերակցության նպատակն է խթանել հայոց պատմության, մշակույթի, գրականության, ընկերային, քաղաքական հարցերի տարածումը, հայկական ուսումնասիրությունների վերաբերյալ սիմպոզիումների, գիտաժողովների կազմակերպումը: Ընկերակցությունը հրատարակում է "SAS Newsletter", ինչպես նաև մի շարք այլ գիտական պարբերականներ8:

ԱՄՆ հայագիտական ամբիոնները

ԱՄՆ մի շարք համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ։

Կոլումբիայի համալսարանի հայագիտության ամբիոնը հիմնվել է 1965թ.՝ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում: Ամբիոնի վարիչն է Մարկ Նշանյանը։ Դասավանդվող առարկաներն են՝ հայոց լեզու, գրականության պատմություն, հայ ժողովրդի պատմություն, արվեստի պատմություն: Ամբիոնը հրատարակում է հայագիտական ուսումնասիրություններ, կատարում թարգմանություններ9:

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնը հիմնվել է 1969թ., համալսարանի Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների ֆակուլտետում` Ավետիս Սանճյանի ղեկավարությամբ: Դասավանդում են գրաբար, հայ գրականություն, լեզվի և մշակույթի պատմություն, պատմագրություն: Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական ամբիոնը հովանավորում է մասնագետներին և ուսանողներին` մասնակցելու միջազգային գիտաժողովների, կազմակերպում է դասախոսություններ, հազվագյուտ հայկական ձեռագրերի և հատուկ թեմաներով պատրաստված նյութերի ցուցադրություններ: Ամբիոնն ունի գրադարան, ուսանողներին պատրաստում է մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճանների համար: Ամբիոնի վարիչն է Փիթեր Քաուին: Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Հայ կրթական հիմնարկության Արդի հայոց պատմության ամբիոնը [University of California, Los Angeles (UCLA) - AEF (Armenian Educational Foundation) Chair od Modern Armenian History] հիմնվել է 1988-ին, UCLA-ի պատմության ֆակուլտետում: Նույն ուսումնական ծրագիրը 1962-ից ի վեր` նախքան ամբիոնի ստեղծվելը, Ռիչարդ Հովհաննիսյանի ջանքերով իրականացվել է պատմության ֆակուլտետի կազմում: Ծրագիրն ընդգրկում է հայոց հին, միջնադարյան, արդի պատմությունը, Կովկասի պատմությանը, պատմագիտությանը, բանավոր պատմությանը վերաբերող թեմաներ: Ուսանողները ստանում են մագիստրոսի և դոկտորի աստիճան: Ամբիոնի վարիչն է Ռիչարդ Հովհաննիսյանը: Ամբիոնի գործունեության շրջանակներում պարբերաբար հրավիրվում են գիտաժողովներ, հրատարակվում գիտական հետազոտություններ10:

ԱՄՆ հայագիտական ծրագրերը

Հարվարդի համալսարանի հայագիտական ծրագիրը հիմնվել է 1960թ.` Հարվարդի համալսարանի (Քեմբրիջ) արևելյան լեզուների բաժնում: Ծրագիրն ընդգրկում է հայոց լեզվի, գրականության և պատմության դասընթացներ: Ղեկավարն է հայագետ Ջեյմս Ռասելը11:

Էն Արբորի Միչիգանի համալսարանի հայագիտական ծրագիրը հիմնվել է 1976թ., Միչիգանի համալսարանի սլավոնական լեզուների և գրականության ֆակուլտետում` արևմտահայերենի և հայոց պատմության դասընթացներով: Հայագիտական ծրագրերը համակարգում են 1981-ից պատմության ֆակուլտետում գործող Ալեք Մանուկյանի անվան հայ ժողովրդի արդի շրջանի պատմության և 1987-ից` Սլավոնական լեզուների և գրականության ֆակուլտետում` Մարի Մանուկյանի անվան հայոց լեզվի և գրականության (1981-ից` Մերձավորարևելյան ուսումնասիրությունների) ֆակուլտետում։ Ամբիոնները պարբերաբար հրավիրում են գիտաժողովներ, կազմակերպում դասախոսություններ։ Դասավանդում են հայոց պատմությանը, լեզվին, գրականությանը, մշակույթին վերաբերող բազմաթիվ առարկաներ։ Ամեն տարի Երևանում Հայոց լեզվի ամառային ինստիտուտն իրականացնում է հայոց լեզվի արագացված ուսուցման ծրագիր: Հրատարակվում է տեղեկատու պարբերաթերթ12:

Ֆրեզնոյի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնը՝ Կալիֆորնիայի նահանգային համալսարանի Հայագիտական ծրագրի շրջանակներում, սկսած 1960-ական թվականներից, անցկացնում է հայագիտական դասընթացներ: Հայագիտական ծրագիրը պաշտոնապես հիմնվել է 1988թ.` Տ.Գույումճյանի նախաձեռնությամբ, Հայկ և Իզաբել Բերբերյանների նյութական աջակցու-թյամբ: Ընդգրկում է հայոց լեզվին, գրականությանը, պատմությանը, մշակույթին, եկեղեցուն, ճարտարապետությանը, ամերիկահայ գաղութին, Հայաստանի այսօրվա վիճակին վերաբերող թեմաներ: Ծրագիրը հովանավորում է Սահակյան գրադարանին և Ավեդյան արխիվներին: Ֆրեզնոյի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի ջանքերով գործում են «Հայ ուժ» և «Ամեն ինչ հայերեն» ռադիոծրագրերը, հրատարակվում է "Hye Sharzhoom" պարբերականը: 1992թ. Կալիֆորնիայի նահանգային և Երևանի պետական համալսարանների միջև կնքվել է դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագիր։ Ֆրեզնոյի հայագիտական կենտրոնը դասընթացներ է անցկացնում նաև Հայաստանում13:

1994թ. Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի Սլավոնական և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնում հիմնադրվեց Վիլյամ Սարոյանի անվան հայագիտական ծրագիրը: Սահմանափակ պարապմունքներով սկզբնավորված այս ծրագիրն այժմ ընդարձակվել է` ընդգրկելով հայագիտական առարկաների գծով դասընթացներ և դասախոսություններ: Ծրագիրը ղեկավարում է Ստեփան Ասատուրյանը:

Հայագիտական դասընթացները Նորթրիջի Կալիֆորնիայի նահանգային համալսարանում սկսվել են 1983թ., ժամանակակից և դասական լեզուների բաժանմունքում։ Հայոց լեզվի և մշակույթի դասընթացների կազմակերպման գործում նշանակալի ավանդ ունեն համալսարանի Հայ ուսանողների միությունը և Հերմինե Մահսերճյանը: 2000թ. ծրագիրը պաշտոնապես ճանաչվել է համալսարանի կողմից և կցվել Արդի և դասական լեզուների և գրականության բաժնին: 2004թ. կապեր հաստատվեցին Երևանի պետական համալսարանի հետ14։

Աստվածաբանական բարձրագույն ճեմարանի Հայկական Աստվածաբանության բաժանմունքը հիմնվել է 1983թ., Փասադենայում, ամերիկյան Աստվածաբանական ճեմարանում՝ Գ.Հալեբլյանի ղեկավարությամբ: Շրջանավարտներին շնորհվում են մագիստրոսի և դոկտորի կոչումներ15:

Այսպիսով, ԱՄՆ հայագիտական կենտրոններն ունեն կարևոր նշանակություն այս պետությունում հայագիտության զարգացման, հայագիտական առարկաների դասավանդման, հայագիտական գրականության հրատարակման գործում։ Այս կենտրոնները պատրաստում են հայոց պատմության, լեզվի, գրականության, մշակույթի մասնագետներ։ Դասավանդման գործառույթներից զատ, հայագիտական բազմաթիվ կենտրոններ զբաղվում են գիտահետազոտական աշխատանքով, հրատարակում են գիտական պարբերականներ, հանդեսներ, գրքեր։ ԱՄՆ հայագիտական կենտրոններն ունեն զարգացման մեծ ներուժ։ Դրանց ակտիվ hամագործակցությունը հայաստանյան գիտական ու կրթական կազմակերպությունների հետ կարևոր նշանակություն ունի։ Հայաստանում կատարվող հայագիտական աշխատանքներին ԱՄՆ հայագիտական կենտրոններին հաղորդակից դարձնելը, փորձի փոխանակումը ևս առաջնակարգ նշանակություն ունեն։ Այս կենտրոնները կարող են էապես ընդլայնել գործունեության շրջանակը՝ առավել կազմակերպված, միավորված գործելու, ինչպես նաև Հայաստանի հետ կապերն ամրապնդելու շնորհիվ։ Այս առումով մեծ անելիքներ ունեն ինչպես ԱՄՆ հայագիտական կենտրոնները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կրթական և գիտական միավորները։

Հայազգի լրագրողներն ԱՄՆ-ում

Աշխարհի մեծ թվով լրատվամիջոցներում զգալի հաջողության են հասել մեր հայրենակից լրագրողները: Ինչպես տպագիր մամուլում, այնպես էլ ինտերնետային աղբյուրներում, բլոգներում, ռադիո կամ հեռուստատեսային ընկերություններում հնարավոր է հանդիպել հայ կամ կիսով չափ հայ լրագրողների անուններ:

Միայն Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում պետք է նշել առնվազն 5 անվանի հայ լրագրողների անուններ` Ֆիլիպ Թերզյան, Քեն Դիլանյան, Չառլի Մահդեսյան, Քարուն Դեմիրջյան և Դեյվիդ Իգնատիուս: Միանշանակ է, որ հայ լրագրողներն ավելի մեծ թիվ են կազմում։ Հայտնի է, որ Մերիլենդ նահանգում, որը մեծ Վաշինգտոնի տարածաշրջանում է, գործում է հայ հեռուստալրագրող, ծագումով հայ է CQ Quarterly-ի թղթակիցը Պենտագոնում, Ամերիկայի ձայն ռադիոկայանի անգլերեն ծառայությունում վերջերս աշխատանքի է անցել Շանթ Շավրիկյանը և այլն:

Ֆիլիպ Թերզյանի անձին արդեն իսկ առանձին անդրադարձ կա «Վիկիպեդիա» շտեմարանում: Ծնվել է Մերիլենդ նահանգի Քենսինգթոն քաղաքում 1950թ., աշխատել է Anniston Star թերթում, US News and World Report և Reuters գործակալություններում, այնուհետև խմբագրական ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Los Angeles Times-ում և Providence Journal հանդեսներում: Ֆիլիպ Թերզյանը 2 տարի` 1978-1979թթ. ԱՄՆ պետքարտուղար Սայրուս Վենսի սփիչռայթերն է եղել: Աշխատելով տարբեր լրատվամիջոցներում՝ նա նաև առաջադրվել է Պուլիցերյան հեղինակավոր մրցանակին և հասել է մինչև եզրափակիչ: Նշենք, որ այս հեղինակավոր մրցանակին ժամանակին արժանացել է նաև Վիլյամ Սարոյանը: Ներկայում մեր հայրենակիցը Weekly Standard հանդեսի գլխավոր խմբագիրն է, բնակվում է Վաշինգտոնի մերձակայքում, գրասենյակը քաղաքի կենտրոնական հատվածում է:

Քեն Դիլանյանը երկար տարիներ աշխատել է USA Today հեղինակավոր օրաթերթում, գերազանցապես հոդվածներ էր հրապարակում Կոնգրեսում ծավալվող իրադարձությունների, քաղաքական արշավներում և քաղաքական կյանքում փողի շրջանառության և կոռուպցիոն իրողությունների վերաբերյալ: Մեր հայրենակցի հրապարակումները USA Today-ի առաջին էջին տեսնելը սովորական բան էին: Ավելի վաղ աշխատել է Philadelphia Inquirer հանդեսում, գործուղվել է Իրաք, երկար տարիներ աշխատել է Հռոմում: 2007թ. հաղթող է ճանաչվել «Քեյսիի վաստակավոր ժուռնալիստի մեդալ» ամենամյա մրցույթում` Ֆիլադելֆիայի քաղաքային իշխանությունների կողմից քաղաքի երեխաների պաշտպանության և հոգատարության հարցերում թերանալու վերաբերյալ իր լրագրողական հետաքննության համար: Ճանաչված ամերիկահայ լրագրողը 2010-ից աշխատակցում է Chicago Tribune, Los Angeles Times և Baltimore Sun թերթերին:

Ամերիկյան ABC հեռուստաընկերությանը կից գործում է Politico քաղաքական օրաթերթը: Այն ԱՄՆ 10 ամենահեղինակավոր քաղաքական ուղղվածության լրատվամիջոցների ցանկում է: Այստեղ է աշխատում մեր հայրենակից Չառլզ Մահդեսյանը: Նա մեծ փարձառություն է կուտակել հատկապես ընտրությունների հետ կապված թեմաներում, առավել մասնագիտացած է Կոնգրեսի ընտրությունների ուղղությամբ: Չառլզ Մահդեսյանը նաև «Ամերիկյան քաղաքականության ալմանախ» տարեգրքի համահեղինակներից է և խմբագիրը: Մեր հայրենակիցը տիրապետում է հայերենին:

Քարուն Դեմիրջյանն աշխատում է Associated Press գործակալությունում, հոդվածներ է հրապարակում նաև Chicago Tribune, Congressional Quarterly, The Christian Science Monitor թերթերում և հանդեսներում, աշխատակցել է ԱՄՆ Հանրային ռադիոյին` National Public Radio, ինչպես նաև CSPAN հեռուստաալիքին, որն իրականացնում է ԱՄՆ Կոնգրեսում, պաշտոնական շրջանակներում ծավալվող և մամուլի համար մատչելի իրադարձությունների ուղիղ հեռարձակումը հեռուստատեսությամբ և ինտերնետի միջոցով: Քարուն Դեմիրջյանն աշխատել է նաև ՄԱԿ համակարգում, ավարտել է Հարվարդի համալսարանը և Թաֆթսի համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլեչերյան դպրոցը: Ըստ առկա տեղեկությունների, Քարուն Դեմիրջյանը վերջին ամիսներին բնակվում է Մասաչուսեթս նահանգում:

Դեյվիդ Իգնատիուսի անունը հատկապես հայտնի դարձավ 2009թ. փետրվարին Դավոսյան խորհրդաժողովի օրերին, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, խախտելով կանոնակարգը, վիճաբանություն սկսեց Իսրայելի վարչապետ Շիմոն Պերեսի հետ, ինչին ի պատասխան մոդերատոր Դեյվիդ Իգնատիուսը ստիպված եղավ միջամտել: Դեյվիդ Իգնատիուսը «Վաշինգտոն Փոստ» հեղինակավոր օրաթերթի փոխխմբագիրն է: Հայրը` Փոլ Իգնատիուսը կամ Պողոս Իգնատոսյանը, ԱՄՆ դաշնային կառավարությունում ամենաբարձր պաշտոնի հասած ամերիկահայ գործիչն է: 1967-1969թթ. Փոլ Իգնատիուսը ԱՄՆ Ռազմածովային ուժերի նախարարն էր, ավելի վաղ զբաղեցրել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը: Փոլ Իգնատիուսը նաև աշխատել է որպես The Washington Post թերթի նախագահ և The Washington Post Company հոլդինգի փոխնախագահ: Դեյվիդ Իգնատիուսի մայրը` Նենսի Իգնատիուսն, ամերիկուհի է: Նշենք, որ Դեյվիդ Իգնատիուսը նաև մեկ տասնյակի չափ գեղարվեստական գրքերի հեղինակ է: Գրքերից մեկը, որը վերնագրված է «Սիրո», ներկայացնում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գործունեությունն ընդդեմ ԽՍՀՄ ՊԱԿ-ի: Գրքում իրադարձությունների մի մասը ծավալվում է Խորհրդային Հայաստանում, ինչպես նաև Մոսկվայում, Ստամբուլում և Անկարայում: Հետաքրքիր և լարված սյուժեով գրքում անդրադարձ կա նաև Հայոց ցեղասպանության թեմային:

Նշենք, որ Վաշինգտոնից դուրս ևս մեծ թվով հայ լրագրողներ են աշխատում: Հյուսիսային Կարոլինա նահանգում է բնակվում նախկին հայաստանաբնակ Արմեն Հարեյանը: «Նյու Յորք թայմսում» ժամանակ առ ժամանակ հրապարակումներով է հանդես գալիս Վրաստանից մեր հայրենակից Օլեսյա Վարդանյանը: Նյու Յորքում է աշխատում Ֆլորանս Ավագյանը: Միանշանակ է, որ հայազգի լրագրողներ կան նաև այլ պետությունների տարբեր լրատվամիջոցներում` Կանադա, Ուրուգվայ, Արգենտինա, Ֆրանսիա, Չեխիա, Լիբանան, Իրան և այլն16:

Համաշխարհային լրատվամիջոցների հայ լրագրողների միջև կապերի զարգացման, գործընկերային և բարեկամական հարաբերությունների ձևավորման նպատակով է գործում Համահայկական լրագրողական կայքը: www.yeghishe.am կայքէջն արդեն այցելուներ ունի աշխարհի 2 տասնյակի չափ պետություններից և իր առջև խնդիր է դրել նաև վերահրապարակել հայ լրագրողների հոդվածները՝ դրանք կայքի միջոցով մատչելի դարձնելով աշխարհասփյուռ հայ ընթերցողին:

1Այս համատեքստում առավել նշանակալի է ԱՄՆ հայ համայնքի դերը Հայոց ցեղասպանության միջազգային և, մասնավորապես, ԱՄՆ-ի կողմից ճանաչման ու դատապարտման մեջ։

2Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003, էջ 68։

3Մանրամասն տե՛ս http://www.zoryaninstitute.org

4Մանրամասն տե՛ս http://www.gomidas.org

5Մանրամասն տե՛ս http://www.armenian-genocide.org

6Մանրամասն տե՛ս http://www.umd.umich.edu/dept/armenian/

7Մանրամասն տե՛ս http://www.naasr.org

8Մանրամասն տե՛ս http://armenianstudies.csufresno.edu/sas/

9Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003, էջ 69։

10Նույն տեղում, էջ 69-70:

11Մանրամասն տե՛ս http://www.fas.harvard.edu/~nelc/armenian.html

12Մանրամասն տե՛ս http://www.umich.edu/~iinet/asp/AboutUs/Program%20Information/history.html

13Մանրամասն տե՛ս Ղանալանյան Տ., Հայերն ԱՄՆ-ում (Ֆրեզնոյի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի օրինակով) - http://noravank.am/arm/issues/detail.php?ELEMENT_ID=2334

14http://asbarez.com/59153/csun-celebrates-25th-anniversary-of-armenian-studies-program-honors-former-director-hermine-mahseredjian/

15Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003, էջ 70:

16Բուլղարիայի 24 часа հեղինակավոր թերթում աշխատում են միանգամից առնվազն 3 հայ լրագրողներ` Անի Պարմակսիզյան, Պարսեղ Շուբարալյան և Եդվարդ Փափազյան, մեր հայրենակիցները հաջող վարչական դիրքեր են զբաղեցնում ՌԴ «Ռեգնում» գործակալութունում. Վիգեն Հակոբյանը, որը ներկայում գործակալության փոխխմբագիրն է, առժամանակ նաև զբաղեցրել է գլխավոր խմբագրի պաշտոնը:

Նյութը պատրաստեցին Տիգրան Ղանալանյանը և Հայկարամ Նահապետյանը

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 5

դեպի ետ