• am
  • ru
  • en
Версия для печати
23.02.2012

ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՍԻՐԻԱՅԻ ՇՈՒՐՋ

EnglishРуский

   

Արտաշես Տեր-Հարությունյան

Իրավիճակային դիտարկում

Վերջին շրջանում Սիրիայի շուրջ ծավալվող զարգացումներից ամենաուշագրավը Ռուսաստանի դիրքորոշման մեջ տեղի ունեցած որոշակի շարժն է:

Հայտնի է, որ Մերձավոր Արեւելքում ռուսական քաղաքականության համար Սիրիան ունի կարեւոր նշանակություն: Հենց Դամասկոսի միջոցով է, որ Մոսկվան կարողանում է իր ներկայությունն ապահովել տարածաշրջանային շատ զարգացումներում, եւ Սիրիայի կորուստը Ռուսաստանի համար լրջորեն կսահմանափակի վերջինիս հնարավորությունները Մերձավոր Արեւելքում: Ուստի, անցած տարվա մարտից, երբ Սիրիայում սկիզբ առան զանգվածային հուզումներ, իսկ անցած ամիսներին էլ ալ-Ասադի վարչակազմի նկատմամբ ԱՄՆ ու նրա գործընկերների ճնշումն աստիճանաբար աճում էր, Մոսկվայի դիրքորոշումն անփոփոխ էր` պահպանել status quo-ն1:

Սակայն վերջին շաբաթներին սիրիական հարցում Մոսկվայի մոտեցման մեջ, ինչպես ասացինք, սկսեց նկատվել որոշակի տեղաշարժ:

Այն բանից հետո, երբ փետրվարի 4-ին Մոսկվան ու Պեկինը վետո կիրառեցին ՄԱԿ Անվտանգության խորհրդում ԱՄՆ, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի առաջարկած բանաձեւի նկատմամբ2, փետրվարի 7-ին Դամասկոս ժամանեցին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը: Չնայած Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ վերջիններիս բանակցությունների վերաբերյալ պաշտոնական ձեւակերպումներից բացի ոչինչ չհրապարակվեց, սակայն այն փաստը, որ Մոսկվան Դամասկոս էր ուղարկել նման առանցքային գործիչների, ցույց է տալիս, որ ալ-Ասադի վարչակազմի հետ նոր որոշման հանգելու խնդիր կա3:

Բայց եթե սիրիական կողմի հետ բանակցություններում ռուսական կողմի նպատակներն առանձնապես գաղտնիք չեն` հասնել ալ-Ասադի վարչակազմի դիրքորոշման մեղմացմանը (դրա օգտին է, մասնավորապես, վկայում այն, որ Լավրովի ու Ֆրադկովի այցից հետո հայտարարվեց, թե առաջիկայում Սիրիայում ընդունվելու է նոր սահմանադրություն, որն ավելի լայն քաղաքական իրավունքներ կտա ազգաբնակչությանը), ապա հայտնի չէ, թե արեւմտյան տերությունների հետ բանակցություններում Մոսկվան ինչ նպատակ է հետապնդում: Իսկ որ այդպիսի բանակցություններ ընթանում են, երեւում է ոչ միայն արեւմտյան գործիչների հայտարարություններից («հասկանալ ու բացատրել Մոսկվային»), այլեւ ռուսական ու սիրիական կողմերի համար անտրամաբանական կլիներ ինչ-որ պայմանավորվածության հանգել իրար հետ, եթե պայմանավորվածություն չի կայացվելու ԱՄՆ-ի ու նրա գործընկերների հետ:

Պատահական չէ, որ Լավրովի ու Ֆրադկովի այցից հետո Դամասկոս մեկնեց Չինաստանի փոխարտգործնախարար Չժայ Ցզյունը, ուր նա բանակցություններ վարեց Սիրիայի նախագահի հետ: Ի վերջո` փետրվարի 18-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը հրավեր է ստացել մասնակցելու ամսվա վերջին Թունիսում կայանալիք «Սիրիայի բարեկամներ» անվամբ միջազգային համաժողովին, ուր պետք է քննարկվի ալ-Ասադի վարչակազմի դեմ նոր ճնշամիջոցների կիրառման հարցը:

Սիրիայի շուրջ զարգացող իրավիճակի առանցքային ցուցիչ է, իհարկե, ԱՄՆ ու նրա գործընկերների մոտեցումը կամ, ավելի ճիշտ` այդ մոտեցման էվոլյուցիան:

Եթե հարցին նայենք միայն արեւմտյան երկրների կողմից տարվող տեղեկատվական քաղաքականության համատեքստում, ապա ակնհայտ է, որ այսօր Սիրիան արեւմտյան օրակարգի առաջին կետում է: Լիբիայից հետո արեւմտյան հասարակություններին շարունակաբար նախապատրաստում են Դամասկոսում վարչակազմի փոփոխությանը:

Սիրիայում ալ-Ասադների վարչակազմի տապալումը, անշուշտ, աշխարհաքաղաքական հսկայական օգուտներ կբերի արեւմտյան երկրներին, եւ այդ առումով ամենագլխավորը, թերեւս, Իրանի մեկուսացման խորացումն է: Սակայն առկա է նաեւ հետեւյալ հանգամանքը. հաշվի առնելով, որ հակասիրիական կոալիցիայի երկու առանցքային երկրներում` Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում, շուտով նախագահական ընտրություններ են, իսկ արտաքին քաղաքականությունն ավանդաբար հանդիսացել է որպես հնարավորություն գործող թեկնածուի համար, ուստի, թե՛ Օբամայի, թե՛ Սարկոզիի վարչակազմերի համար ցանկալի չի լինի տանուլ տալը կամ նահանջը սիրիական հարցում:

Մինչդեռ, արեւմտյան կոալիցիան առայժմ միայն մեծացնում է ճնշումը Դամասկոսի նկատմամբ: Որոշ փորձագետներ, հաշվի առնելով վերջին շաբաթների մի քանի իրադարձություններ, արդեն իսկ խոսում են, թե Արեւմուտքը սկսել է կյանքի կոչել Բաշար ալ-Ասադի տապալման ծրագիրը:

Փետրվարի սկզբին Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու եվրոպական մի շարք երկրներ դուրս բերեցին իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Սիրիայից, ինչին հետեւեց Պարսից ծոցի արաբական բոլոր միապետությունների, Լիբիայի ու Եգիպտոսի նույն քայլը: Ուշագրավ է, որ նշվածից հետո պաշտոնական Մոսկվան իր անհանգստությունը հայտնեց. Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարեց, թե դիվանագիտական ներկայացուցչությունների դուրսբերումը Սիրիայից կարող է վկայել առաջիկա ռազմական գործողությունների մասին: Թերեւս պատահական չէ, որ Սիրիայից իրենց ներկայացուցչությունների դուրսբերման որոշումն Արեւմուտքում կայացվեց ՄԱԿ Անվտանգության խորհրդում սիրիական բանաձեւի նկատմամբ Ռուսաստանի ու Չինաստանի կիրառած վետոյից հետո, որը լուրջ դժգոհություն առաջացրեց արեւմտյան երկրների շրջանում:

Հաջորդ ուշագրավ փաստը սիրիական ընդդիմության առաջնորդի երեւան գալն է: Փետրվարի 16-ին հայտնի դարձավ, որ Սիրիայի հիմնական ընդդիմադիր միավորումը` Սիրիայի ազգային խորհուրդը, առաջնորդ է վերընտրել Բուրհան Գալյունին, որով եւ կարծես թե փակվեց այդ կառույցում առաջնորդության համար պայքարը: Գրեթե միաժամանակ Սիրիայում գործող ընդդիմադիր զինված կազմավորումները հայտարարեցին, թե ստեղծում են միավորող նոր կառույց` Հեղափոխական բարձրագույն խորհուրդ, որը պետք է կոորդինացնի իրենց գործողությունները:

Եվ որպես վերջին կարեւոր ցուցիչ նշվում են ամերիկյան, եվրոպական ու իսրայելական լրատվամիջոցներում հայտնված հրապարակումները, թե Պենտագոնը նախապատրաստվում է Սիրիայի դեմ ռազմական գործողություններին, ու այդ նպատակով ամերիկյան անօդաչու թռչող սարքերն արդեն իսկ հետախուզական թռիչքներ են իրականացնում սիրիական տարածքում, որ Սիրիայում արդեն իսկ գործում են բրիտանական եւ քաթարյան հատուկ նշանակության ջոկատներ: Իհարկե, հնարավոր է, որ նշվածը սոսկ տեղեկատվական-հոգեբանական ճնշում է ալ-Ասադի վարչակազմի նկատմամբ, սակայն, եթե Արեւմուտքում որոշել են տապալել Դամասկոսում առկա վարչակազմը, դա կարող են ի վերջո անել միայն ռազմական ճանապարհով, ինչպես որ տեղի ունեցավ Լիբիայում:

Ի դեպ, ներկայացվածի ֆոնին ուշադրություն գրավեց «Ալ-Քաիդայի» ներկայիս առաջնորդ Այման ազ-Զաուհիրիի` փետրվարի 12-ին համացանցում հայտնված տեսաուղերձը, ուր վերջինս կոչ է անում մահմեդականներին տապալել Բաշար ալ-Ասադի վարչակազմը:

Հետեւություններ

Իրադրությունը Սիրիայում հետզհետե ապակայունանում է, եւ ներկայում ժամանակն աշխատում է արեւմտյան երկրների օգտին: Մյուս կողմից, եթե դիտարկում ենք կողմերի ռեսուրսները, առավելությունը դարձյալ արեւմտյան երկրներինն է: Հետեւաբար` ԱՄՆ-ի ու նրա գործընկերների համար գոնե առայժմ անտրամաբանական է նահանջել, եւ առաջիկայում ճնշումն ալ-Ասադի վարչակազմի նկատմամբ պետք է որ միայն ուժեղանա:

Այս պարագայում Բաշար ալ-Ասադի համար գոյություն ունեցող տարբերակները կարծես թե այդքան էլ շատ չեն` շարունակել պատերազմը կամ հրաժարվել աթոռից: Սակայն կա նաեւ դաշնակիցների գործոնը: Միջազգային փորձագիտական հանրության ճնշող մեծամասնության գնահատականի համաձայն, միակ երկիրը, որը կարող է ռազմական օգնություն ցուցաբերել Սիրիային, Իրանն է, քանի որ թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի պարագայում Արեւմուտքի հետ հարաբերությունները ներկայում ունեն ավելի կարեւոր` ռազմավարական նշանակություն, քան սիրիական հարցն է: Բայց որքան արդյունավետ կլինի իրանական օգնությունը Դամասկոսին, դժվար է ասել` կրկին հաշվի առնելով ռեսուրսների անհամաչափությունը:

Հաջորդ կարեւոր հարցն այն է, թե որտեղից կարելի է նորություն սպասել: Քիչ հավանական է, որ նորություն ի հայտ գա Արեւմուտք–Սիրիա գծից. դատելով Սիրիայում ընդլայնվող արյունահեղությունից` այդտեղ առայժմ փակուղի է: Փոխարենը, հավանական է, որ նորություն ունենանք Ռուսաստանի (միգուցե` նաեւ Չինաստանի) հետ Արեւմուտքի բանակցություններից:

1 Այդ նպատակով Մոսկվան դիմեց անգամ վերջին 20 տարվա իր արտաքին քաղաքականության համար անսովոր մի քայլի` ուժի ցուցադրությանը. ռուսական ռազմանավերն այց կատարեցին Սիրիա:

2 Համաձայն այդ բանաձեւի, եթե 30 օրվա ընթացքում սիրիական իշխանությունները չէին դադարեցնում երկրում շարունակվող բռնությունները, ՄԱԿ Անվտանգության խորհուրդն իրեն իրավունք էր վերապահում պատժամիջոցներ կիրառել պաշտոնական Դամասկոսի նկատմամբ: Մոսկվան ու Պեկինը հայտարարեցին, թե իրենք մտավախություն ունեն, որ արեւտյան երկրները կօգտագործեն ՄԱԿ Անվտանգության խորհրդի այս բանաձեւը` Սիրիայում «լիբիական սցենար» կյանքի կոչելու համար:

3 Սիրիական խնդրում ռուսական դիրքորոշման մեջ տեղի ունեցող տեղաշարժի ցուցիչ է նաեւ մոսկովյան լրատվամիջոցներում խնդրի լուսաբանման փոփոխությունը: Եթե նախկինում իրադրությունը Սիրիայում ներկայացվում էր գրեթե բացառապես «օտարերկրյա ինտերվենցիայի» լույսի ներքո, ապա այժմ ավելի հաճախ կարելի է հանդիպել ալ-Ասադի վարչակազմին ուղղված քննադատություն:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր