• am
  • ru
  • en
Версия для печати
19.05.2008

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀՐԵՈՒԹՅԱՆԸ.ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ

Руский

   

Հարություն Մարության

Harutyun_Marutyan (medium) Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսությամբ առաջնորդվող ֆաշիստական Գերմանիայի կողմից իրականացվեց շուրջ 6 մլն եվրոպական հրեաների ցեղասպանությունը, որը պատմության մեջ մտավ Հոլոքոստ (ողջակիզում, եբրայերեն Հա-Շոա) անվամբ։ Պատերազմի ավարտին հաջորդեց Գերմանիայի օկուպացումը հաղթող տերությունների կողմից, կայացան մի շարք կոնֆերանսներ, ուր, ի թիվս հետպատերազմյան Եվրոպային առնչվող բազմաթիվ որոշումների, կայացվեցին որոշումներ Գերմանիայի կողմից վճարվելիք ռազմատուգանքների ձևերի ու չափերի շուրջ։

Մինչև Իսրայել պետության ձևավորումը գերմանական կողմից փոխհատուցումների վճարման հարցը բարձրացվել է 1945թ. սեպտեմբերին չորս օկուպացիոն տերություններին Հրեական գործակալության (Jewish Agency) կողմից նրա նախագահ Խաիմ Վեյցմանի (Chaim Weizmann) (որը 1935-1946թթ. նաև Համաշխարհային սիոնիստական կազմակերպության – World Zionist Organization նախագահն էր) հղած հուշագրում, որտեղ պահանջ էր դրվում ընդգրկել այդ հարցը ռազմատուգանքի շուրջ Գերմանիայի հետ տարվող բանակցությունների օրակարգում։ Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող առաջին տարիներին, երբ դեռ խիստ թարմ էր Հոլոքոստի հիշողությունը և հրեաները չէին ցանկանում որևէ շփում ունենալ գերմանացիների հետ, Իսրայելի արտաքին գործերի նախարար Մ.Շարեթի 1951թ. սկզբին Գերմանիային ուղղված պահանջը՝ փոխհատուցել (շուրջ $1,5 մլրդ-ի չափով) նացիստական հետապնդումներից փրկված կես միլիոն հրեաների Իսրայելում վերաբնակեցման հետ կապված ծախսերը, կրկին հղված էր ԱՄՆ-ին, ԽՍՀՄ-ին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Նշված գումարի չափը ձևավորվել էր այն հաշվարկից, որ մեկ ներգաղթողի լիարժեք ինտեգրմանն (աբսորբցիա) ուղղված գործունեությունն արժե $3000։ Հաշվվել էր նաև, որ $6 մլրդ արժողությամբ հրեական սեփականություն է թալանվել նացիստների կողմից, բայց նաև շեշտվում էր, որ գերմանացիները երբեք չեն կարողանա նյութական փոխհատուցում տալ իրենց այն արարքների համար, որոնց զոհ գնացին միլիոնավոր հրեաներ։

ԽՍՀՄ-ն ընդհանրապես անպատասխան թողեց Մ.Շարեթի պահանջը, իսկ արևմտյան տերություններն այն վերահասցեագրեցին Գերմանիայի դաշնային հանրապետության կառավարությանը։ Վերջինիս ֆեդերալ կանցլեր Կոնրադ Ադենաուերի՝ 1951թ. սեպտեմբերին արած պաշտոնական հայտարարության մեջ, որը պատգամավորները լսում էին հոտնկայս և որը հավանության արժանացավ խորհրդարանի պատգամավորական բոլոր խմբերի կողմից, ասվում էր, որ Գերմանիան պատրաստ է վճարել փոխհատուցումներ նացիստական հանցագործությունների համար։ Սակայն հրեական ժողովրդի ներկայացուցիչներին ուղղված Ադենաուերի կոչին՝ ԳՖՀ կառավարության հետ այս հարցի շուրջ բանակցություններ սկսելու մասին, Իսրայելի կառավարությունը սկզբում նույնիսկ չարձագանքեց։ Ճիշտ է, ի պատասխան այդ կոչին, ընդամենը մեկ ամիս անց, 1951թ. հոկտեմբերին, Նաում Գոլդմանը, որը Հրեական գործակալության համանախագահն էր և Հրեական համաշխարհային կոնգրեսի (World Jewish Congress) նախագահը, Նյու Յորքում կազմակերպեց Արևմուտքի երկրներում գործող 23 հրեական ազգային և միջազգային կազմակերպությունների հավաքը։ Վերջինիս մասնակիցները պարզորոշ հասկանալ տվեցին, որ խոսակցությունը կարող է գնալ միայն նյութական փոխհատուցումների շուրջ, ու այդպիսով հանդիպման արդյունքում ստեղծված կազմակերպությունը կոչվեց Գերմանիային ուղղված հրեական նյութական պահանջների մշտապես գործող մարմին կամ կրճատ՝ Պահանջների կոնֆերանս (The Conference on Jewish Material Claims Against Germany – the Claims Conference)։ Այս նոր կոնֆերանսի Տնօրենների խորհուրդը բաղկացած էր հիմնադիր կազմակերպություններից յուրաքանչյուրի կողմից գործուղված երկուական անդամներից։ Ինչպես նշված է նրանց հայտարարության մեջ, Պահանջների կոնֆերանսը խնդիր ունի բանակցել գերմանական կառավարության հետ ու ստեղծել Գերմանիայի կողմից Հոլոքոստի միջոցով անհատ հրեա մարդկանց և հրեա ժողովրդի նկատմամբ պատճառած նյութական վնասների փոխհատուցումների ծրագիր»։

1951թ. դեկտեմբերին Ն.Գոլդմանը Կ.Ադենաուերի հետ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ հասավ պայմանավորվածության, որ Մ.Շարեթի ներկայացրած գումարը դառնալու է բանակցությունների առարկա։ Սակայն կողմերի վերաբերմունքը բանակցություններին տարբեր էր։

Արևմտյան Գերմանիան, որպես Երրորդ ռեյխի փաստացի իրավահաջորդ, հրեաներին վճարվելիք փոխհատուցումների շուրջ տարվող բանակցությունների մեջ տեսնում էր կարևորագույն քայլ նացիստական անցյալի հաղթահարման ուղղությամբ և մտադիր էր նման կերպ գոնե մասամբ քավել գերմանական ժողովրդի մեղքը։ Ըստ կողմերի միջև կնքված համաձայնագրի, գումարները վճարվում էին Իսրայելին որպես փոխհատուցում Հոլոքոստի տարիներին հրեաների ստրկական աշխատանքի և նրանց նկատմամբ կիրառված հալածանքի, հետապնդումների, ինչպես նաև հրեական սեփականության դիմաց, որը գողացվել, թալանվել էր նացիստների կողմից։ Միևնույն ժամանակ, Իսրայելում և աշխարհի այլ երկրներում գերմանացիների հետ որևէ բանակցություն վարելու հնարավորության, առավել ևս վարման հարցն առաջ բերեց բողոքի մեծ ալիք։ Դրանում նրանք տեսնում էին վիրավորանք՝ ուղղված նացիստական ցեղասպանության զոհերի հիշատակին և աջակցություն մարդասպանների ռեաբիլիտացիային։ Ավելի պրագմատիկ էր Իսրայելի վարչապետ Դ. Բեն-Հուրիոնի (Ben-Gurion) դիրքորոշումը, որը մի քանի ամիս տևող տատանումներից հետո գերմանական փոխհատուցումների հարցը 1952թ. հունվարին դրեց Իսրայելի Կնեսետի օրակարգում։ Իր որոշումը նա փաստարկում էր նրանով, որ չի կարելի թույլ տալ ոճրագործներին մնալ իրենց զոհերի ժառանգորդներ, և որ հրեական պետությունն իրավասու է Երրորդ ռեյխի իրավահաջորդներից պահանջել միջոցներ, որոնք անհրաժեշտ էին թեթևացնելու աբսորբցիայի գործընթացը նրանց համար, ովքեր փրկվել էին նացիստական ցեղասպանությունից։ Ընդ որում, իսրայելական ղեկավարը նշում էր, որ խոսքը բացառապես թալանված հրեական գույքի արժեքի փոխհատուցման մասին է, այլ ոչ թե «արյան դիմաց վճարվող փողերի», և որ նյութական պահանջները չեն վերաբերվում պատմաբարոյական խնդիրներին, որոնք հավերժ կմնան չվճարված։ Եռօրյա բուռն քննարկումների արդյունքում, որոնք արտացոլում էին հրեական հասարակության մեջ այս հարցի շուրջ առկա սուր տարաձայնությունները, Բեն-Հուրիոնի առաջարկը, որը ենթադրում էր (չնայած բացեիբաց այդ մասին չասվեց և ոչ մի խոսք) Արևմտյան Գերմանիայի հետ ուղղակի բանակցություններ վարելու համաձայնություն, ընդունվեց Կնեսետի կողմից 61 ձայն կողմ, 50՝ դեմ հարաբերակցությամբ։

Գերմանական փոխհատուցումների մասին բանակցությունները կայացան 1952թ. մարտ-սեպտեմբեր ամիսներին։ Դրանց արդյունքում 1952թ. սեպտեմբերի 10-ին Լյուքսեմբուրգում Կ.Ադենաուերի, Մ.Շոմետի և Ն.Գոլդմանի միջև կնքվեց համաձայնություն, ըստ որի՝ Արևմտյան Գերմանիան պարտավորվեց 12-14 տարիների ընթացքում վճարել $845 միլիոն կամ 3 մլրդ մարկ (հրեական կողմը պահանջեց, որպեսզի $500 մլն-ը պարտավորվի վճարել Արևելյան Գերմանիան, սակայն մինչև Գերմանիայի վերամիավորումը այդ պահանջը մնաց անպատասխան), որոնցից $110 մլն-ը նախատեսվում էին Գերմանիային ուղղված հրեական նյութական պահանջների մշտապես գործող կոնֆերանսին, ինչպես նաև ուղղակի փոխհատուցումների վճարումներ ընտրված անհատներին։ Գերմանիան մեկանգամյա փոխհատուցում էր վճարում 275 հազար վերապրողների։ Այսօր նրանց թիվը կազմում է 120 հազ. մարդ։

Արաբական երկրները սպառնում էին բոյկոտ հայտարարել Արևմտյան Գերմանիային, եթե այդ համաձայնությունը վավերացվեր Բունդեսթագի կողմից։ Սակայն այդ սպառնալիքը հետաձգեց համապատասխան որոշման ընդունումը ընդամենը կես տարով, և այն ուժի մեջ մտավ 1953թ. մարտի 27-ին։ Գերմանական խորհրդարանը 1953թ. սեպտեմբերին ընդունեց հատուկ օրենք գերմանական փոխհատուցումների մասին, որը հետագայում մի քանի անգամ ճշտվեց ու լրացվեց։ Իսրայելի կառավարությունն այդ գումարները ներդրեց երկրի ենթակառուցվածքների զարգացման մեջ, դրանք մեծ դեր ունեցան նոր պետության տնտեսության հիմնադրման և զարգացման համար։ Գումարներն օգտագործվում էին տնտեսության հիմնարար ճյուղերի՝ գյուղատնտեսության, արդյունաբերության, տրանսպորտի և էլեկտրական ցանցերի զարգացման համար։ Ծրագրի իրականացումը հանձնարարվեց հատուկ ստեղծված Գերմանական փոխհատուցումների պետական ընկերությանը։ Ծրագրի շրջանակներում ԳՖՀ-ից Իսրայել էին փոխանցվում նաև անհրաժեշտ ապրանքներ ու ծառայություններ՝ ուղղված գլխավորապես գյուղատնտեսության մեխանիզացմանը, արդյունաբերության գիտատար ճյուղերի զարգացմանը և առևտրական նավատորմիղի ստեղծմանը։ Լյուքսեմբուրգյան համաձայնության (1953-65) գործողության ժամանակահատվածում, որը կետառկետ իրականացվեց ԳՖՀ-ի կողմից, գերմանական փոխհատուցումների հաշվին իրականացված մատակարարումները կազմեցին Իսրայելի ամենամյա ներմուծումների 12-20%-ը։

Գերմանիային ուղղված հրեական նյութական պահանջների մշտապես գործող կոնֆերանսը լյուքսեմբուրգյան համաձայնությամբ իրեն տրամադրված միջոցները (ԳՖՀ կառավարությունը 110 մլն-ին ավելացրեց $16 մլն) գլխավորապես օգտագործեց նացիստական ցեղասպանությունից փրկված և Իսրայելից դուրս՝ եվրոպական բազմաթիվ երկրներում բնակվող Հոլոքոստը վերապրողներին օգնելու նպատակով։ (Փակագծերում նկատենք, որ ծրագրի իրագործման ընթացքում բացարձակապես ոչինչ չհասավ Խորհրդային Միությունում և նրա արևելաեվրոպական դաշնակից երկրներում բնակվող հրեաներին, որոնք պակաս չէին տուժել նացիստական հետապնդումներից։) Այդ միջոցներից Կոնֆերանսը վճարեց շուրջ 50 հազ. հրեաների հայրենադարձության, համակենտրոնացման ճամբարների բազմահազար նախկին բանտարկյալներին տրամադրվող բուժօգնության, շուրջ 200 հազ. մարդկանց անհատական փոխհատուցման պահանջների բավարարմանն ուղղված իրավաբանական օգնության կազմակերպման համար, նացիստական օկուպացիայի ենթարկված եվրոպական երկրներում հրեական համայնքային կյանքի վերակենդանացմանն ուղղված ծախսերը և այլն։ Սրան զուգահեռ, իրականացվում էին խոշոր կրթական և մշակութային ծրագրեր, ինչպես, օրինակ, նացիզմի զոհերի բազմահազար ընտանիքների երեխաներն ապահովվում էին կրթաթոշակներով, 18 երկրներում հիմնվեցին 150 հրեական ուսումնական հաստատություններ, 13 լեզուներով հրատարակվեցին Հոլոքոստը վերապրած հեղինակների շուրջ 400 ստեղծագործություններ և այլն։ Այդ նույն աղբյուրից զգալի չափով ֆինանսավորվեցին նաև Յադ Վաշեմում և այլուր տարվող՝ Հոլոքոստին նվիրված գիտական ուսումնասիրությունները, սկզբնական կապիտալ առանձնացվեց 1965թ. Նյու Յորքում հրեական մշակույթի հուշային ֆոնդ հիմնելու համար և այլն։

1952թ. մարտին ԳՖՀ-ն վերցրեց նաև հրեա անհատներից պատերազմի ընթացքում թալանված, բռնագրավված գույքի վերադարձման պարտավորությունը, որն օրենսդրական ձևակերպումներ ստացավ 1953թ., ապա պարբերաբար լրացումներ ունեցավ 1956-1963թթ. ընթացքում և վերջնականապես ձևակերպվեց 1965թ. (Արևմտագերմանական փոխհատուցման օրենքներ - West German Indemnification Laws (BEG)։ Համաձայն այդ օրենքների, անհատական փոխհատուցումներ վճարվեցին Իսրայելում և աշխարհի տարբեր երկրներում բնակվող հարյուր հազարավոր հրեաների, իսկ ԳՖՀ ծախսերն այդ նպատակով հաշվվում էին միլիարդավոր գերմանական մարկեր։ Անհատական փոխհատուցումները (չնայած և հրեական պաշտոնական մոտեցումների մեջ ոչինչ չի փոխվել) առ այսօր վճարվում են ոչ միայն ունեցվածքի, այլ նաև կյանքի կորստյան (զոհերի ժառանգներին), առողջությանը պատճառած վնասի, ազատության կորստի և նույնիսկ մասնագիտական ու տնտեսական առաջընթացին խոչընդոտելու համար։

1952թ. սեպտեմբերին Իսրայելի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ իր ներկայացուցիչների ստորագրությունը գերմանական փոխհատուցումների համաձայնության ներքո բնավ չի նշանակում, թե իրենք հաշտվում են գերմանական ժողովրդի հետ կամ ճանաչում են որևիցե գերմանական պետության գոյությունը։ Սակայն միջպետական հարաբերությունների մակարդակում նման դիրքորոշման մնալն այն բանից հետո, երբ Իսրայելը գնաց շփումների ԳՖՀ-ի հետ փոխհատուցումների հարցում, բավական դժվար էր։ Տնտեսական կապերի առկայությունը, դրանց խորացումը, ինչպես նաև միջազգային իրադրությունը բերեցին նրան, որ 1965թ. երկու պետությունների միջև հաստատվեցին դիվանագիտական կապեր։

1990-ական թթ. հրեաները սկսեցին պահանջներ ներկայացնել Արևելյան Եվրոպայում իրենցից խլված-թալանված սեփականության դիմաց։ Բազմաթիվ խմբեր սկսեցին հետազոտել, թե ինչ է պատահել այն գումարներին, որոնք պահ են տրվել շվեյցարական բանկերին Շվեյցարիայից դուրս բնակվող հրեաների կողմից, որոնք հետագայում սպանվել են Հոլոքոստի տարիներին։ Ի լրացումն առանձին կազմակերպություններ, որոնցից շատերը հիմնավորված էին հենց Գերմանիայում, սկսեցին ճնշման ենթարկվել վերապրողների խմբերի կողմից՝ իրենց կողմից բռնի կատարված աշխատանքի գումարները փոխհատուցելու պահանջով։ Դրանց թվում էին Deutsche Bank AG-ը, Siemens AG-ը, Bayerische Motoren Werke AG (BMW)-ը, Volkswagen AG-ը, Adam Opel GmbH-ը։ Ի պատասխան, 1999թ. սկզբին գերմանական կառավարությունը հայտարարեց այդ ընկերություններից վերցրած գումարներով դրամական ֆոնդի ստեղծման մասին՝ օգնելու համար Հոլոքոստը վերապրածներին։ Նման մի ֆոնդ ստեղծվեց նաև Շվեյցարիայում, ապա և Հունգարիայում, որոնց նպատակն էր փոխհատուցել Հոլոքոստի զոհերին և նրանց ժառանգորդներին։

1990-ական թթ. վերջերին տեղի ունեցան քննարկումներ ապահովագրական այն ընկերություններում, որոնք ապահովագրել էին հրեաներին պատերազմից առաջ և որոնք հետագայում սպանվեցին նացիստների կողմից։ Այդ ընկերությունների թվում էին Allianceը, AXA-ն, Assicurazioni Generali-ն, Zurich Financial Services Group-ը, Winterhur-ը, Baloise Insurance Group-ը։ Յադ Վաշեմի հետազոտությունների շնորհիվ ճշտվում էին Հոլոքոստի զոհերի մասին տեղեկությունները, իսկ ԱՄՆ նախկին պետքարտուղար Լոուրենս Իգլբերգերի (Lawrence Eagleburger) նախագահությամբ ստեղծված միջազգային հանձնաժողովը փորձում էր ճշտել ապահովագրված, ապա և Հոլոքոստի տարիներին զոհված մարդկանց անունները։ Ստեղծվեց Համաշխարհային հրեական փոխհատուցման կազմակերպություն, որը պետք է համակարգեր այս ջանքերը։ Որպես հրեական ծագմամբ ԱՄՆ քաղաքացիների շահերի ներկայացուցիչ՝ ԱՄՆ Արտաքին փոխհատուցումների պահանջի լուծման հանձնաժողովը (US Foreign Claims Settlement Commission) 1998 և 1999թթ. գերմանական կառավարության հետ հասավ համաձայնության համապատասխան վճարումներով փոխհատուցելու համար Հոլոքոստի այն զոհերին, որոնք ներգաղթել էին ԱՄՆ պատերազմից հետո։

Ինչպես վերը նշել էինք, դեռևս 1952թ. տարվող բանակցությունների ժամանակ Արևմտյան Գերմանիան սկզբունքորեն ճանաչեց իր պարտավորությունները փոխհատուցումներ վճարելու Հոլոքոստը վերապրողներին։ Մինչդեռ Արևելյան Գերմանիան, չնայած Պահանջների կոնֆերանսի բազմաթիվ ջանքերի, վճռականորեն մերժում էր վերցնել որևիցե նման պարտավորություն։ 1990թ., երբ Արևմտյան և Արևելյան Գերմանիաները բանակցում էին իրենց միավորման համաձայնության շուրջ, Պահանջների կոնֆերանսը հարց բարձրացրեց, որպեսզի միավորված Գերմանիան կատարի իր պարտավորությունները և փոխհատուցումներ վճարի Հոլոքոստի այն վերապրողներին, որոնք մինչ այդ ստացել էին փոխհատուցում կամ շատ քիչ չափով, կամ ընդհանրապես չէին ստացել։

ԱՄՆ կառավարության ակտիվ օժանդակության շնորհիվ, Պահանջների կոնֆերանսը ինտենսիվ բանակցություններ սկսեց Գերմանիայի կառավարության հետ։ Արդյունքում 1990թ. հոկտեմբերի 3-ի Գերմանիայի վերամիավորման պայմանագրի իրագործման համաձայնագրի 2-րդ հոդվածում (Article 2 of the Implementation Agreement to the German Unification Treaty of October 3, 1990) ձևակերպվեց հետագայում վճարվելիք փոխհատուցումների մասին խոստում, որը հնչում է հետևյալ կերպ. «Դաշնային կառավարությունը պատրաստ է, ի շարունակություն ԳՖՀ քաղաքականության, համաձայնության գալ Պահանջների կոնֆերանսի հետ՝ հատկացնելու լրացուցիչ ֆոնդեր վճարումներ կատարելու համար այն զրկանքների դիմաց, որ կրել են հետապնդումների ենթարկվածներից նրանք, ովքեր մինչև այժմ՝ համաձայն ԳՖՀ օրենսդրությամբ ընդունված որոշումների՝ կամ բնավ չեն ստացել, կամ ստացել են նվազագույն փոխհատուցումներ»։

Այս համաձայնությունը, որը հայտնի է իբրև Ֆոնդի հոդված 2 (Article 2 Fund), հետևանք էր ընդհանուր առմամբ ավելի քան 16 ամիս շարունակվող դժվարին բանակցությունների։ Այս հոդվածի հիմամբ փոխհատուցումներն իրականացվում են ամենամսյա €270 վճարումների ձևով, որի չափն աճել է 2003թ. վարված բանակցություններից հետո։ Պահանջների կոնֆերանսը կառավարում է ֆոնդը՝ համաձայն գերմանական կառավարության սահմանած ձևի։

Արդ, որո՞նք են Ֆոնդի հոդված 2-ի հիմնական արդյունքները։ Արդեն 1990- ական թթ. կեսերին այդ հոդվածի կիրառման շնորհիվ թեթևացան համապատասխան ցուցակներում ընդգրկվելուն ուղղված պոտենցիալ պահանջատերերին ներկայացվող պահանջները (eligibility criteria), ինչի շնորհիվ լրացուցիչ 25 հազ. մարդ սկսեցին թոշակներ ստանալ։ Մինչ այդ բանակցությունները, հոդված 2-ը տարածվում էր միայն այն վերապրողների վրա, ովքեր բավարարում էին ֆոնդի կողմից առաջ քաշվող բոլոր չափանիշներին, այդ թվում և այն կետին, որ լրացուցիչ գումարներ ստանալու իրավունք ունեն նրանք, ում անհատական եկամուտները չեն գերազանցում տարեկան $16.000-ը, կամ այն ամուսնական զույգերը, ում եկամուտները չեն գերազանցում տարեկան $21.000-ը։ Այս սահմանափակումները բավական ազատականացվեցին, երբ Պահանջների կոնֆերանսը 70 տարեկան և ավելի մեծահասակների համար, ովքեր համապատասխանում էին ֆոնդի մյուս չափանիշներին, պահանջեց եկամուտների գումարները հաշվարկելուց բացառել սոցիալական ապահովության համար կատարվող վճարումները։

2000-2004թթ., շնորհիվ Պահանջների կոնֆերանսի կողմից տարվող բանակցությունների, տարեցտարի ընդլայնվեցին ամենամսյա լրավճարներ ստանալու իրավունք ունեցող անձանց (eligible applicants) ցուցակները՝ ի հաշիվ այն հրեաների, ովքեր բանտարկված են եղել հատուկ ավստրիական, ինչպես նաև նախկինում որպես այդպիսին չճանաչված ռումինական, հունգարական, բուլղարական ճամբարներում, կամ աշխատել են Հարավսլավիայում գտնվող պղնձահանքերում, կամ հունգարացիների համար Ուկրաինական ռազմաճակատում գործող աշխատանքային գումարտակներում, կամ Ռումինիայում գործող աշխատանքային գումարտակներում և այլն։ 2004թ. ձեռք բերվեց համաձայնություն, որպեսզի փոխհատուցումներ տրվեն պատերազմի տարիներին Բուլղարիայում բնակվող 18 տարեկանը լրացած այն հրեաներին, ովքեր ստիպված էին ունենալ կեղծ ինքնություն կամ այլ կեղծ փաստաթղթեր և բնակվում էին ոչ լեգալ, ինչպես նաև համապատասխանում էին մի շարք այլ ցուցանիշների։ 2005թ. գերմանական կառավարությունը համաձայնվեց Հոլոքոստը վերապրածների ցուցակում ընդգրկել այն անձանց, ովքեր ամենաքիչը վեց ամիս ներկալված էին Հունգարիայում, Թունիսում, Մարոկոյում և Ալժիրում գործող աշխատանքային ճամբարներում և համապատասխանում էին ցուցակում ընդգրկվելու համար անհրաժեշտ դիտվող մի շարք այլ ցուցանիշների։ 2006թ. Պահանջների կոնֆերանսը բանակցում էր, որպեսզի ցանկում ընդգրկվեն նաև թունիսյան երեք ներկալված անձանց համար նախատեսված ճամբարներում մնացող հրեաներին, որոնք համապատասխանում էին անհրաժեշտ դիտվող մի շարք այլ ցուցանիշներին։

1998թ. Պահանջների կոնֆերանսը գերմանական կառավարության հետ բանակցությունների արդյունքում ձեռք բերեց համաձայնություն, ըստ որի հիմնադրվեց Կենտրոնական և Արևելաեվրոպական հիմնադրամ (Central and Eastern European Fund - CEEF), որը պետք է փոխհատուցումներ վճարեր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, նաև նախկին ԽՍՀՄ այն հրեա բնակչությանը, որոնք ենթարկվել էին հալածանքների նացիստների կողմից։ Նախատեսվում էր փոխհատուցումներ ստանալու իրավունք ունեցողներին վճարել ամսական 250 գերմանական մարկ։ 1999թ. հունվարի 1-ից գերմանական կառավարությունը որոշեց նշված հիմնադրամին չորս տարի անընդմեջ հատկացնել 50-ական մլն գերմանական մարկ։ Պահանջների կոնֆերանսը հաշվարկեց, որ շուրջ 18 հազ. վերապրողներ կօգտվեն այդ հիմնադրամից, բայց առ այսօր բանակցում է, որպեսզի ազատականացվեն իրավունքների տրամադրման ցուցանիշները։ Ներկայումս վճարումները կազմում են ամսական €135 այն երկրների բնակիչների համար, որոնք Եվրամիության անդամ չեն և 2006-ից ի վեր (կրկին Պահանջների կոնֆերանսի բանակցությունների արդյունքում) ամսական €175 Եվրամիության նորանդամ երկրների (Չեխիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա, Սլովենիա) համապատասխան կատեգորիայի քաղաքացիների համար։ Պահանջների կոնֆերանսը շարունակում է բանակցությունները՝ ավելացնելու համար վճարների գումարների չափը։

Վերը հիշված Արևմտագերմանական փոխհատուցման օրենքների (BEG) պայմանները ենթադրում էին, որ ուղղակի փոխհատուցումների վճարումները սահմանափակվում էին նախկին գերմանական քաղաքացիների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց համար։ Նաև նշեցինք, որ խորհրդային բլոկի երկրներում բնակվող Հոլոքոստը վերապրողները ոչ մի փոխհատուցում չէին ստացել։ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև լարվածության մեղմացման ժամանակաշրջանում բազմաթիվ վերապրողներ՝ փախստականի կարգավիճակով, արտագաղթեցին Արևմուտք։ Սակայն նրանք շարունակում էին դուրս մնալ գերմանական փոխհատուցման ծրագրերից, քանի որ, ըստ Արևմտագերմանական փոխհատուցման օրենքների, փոխհատուցումներ ստանալու իրավունք ունեցող անձանց ցուցակների կազմման վերջնաժամկետը սահմանված էր 1965 թվականը։

1975թ. սկսած՝ Պահանջների կոնֆերանսը սկսեց բանակցությունների մի նոր փուլ՝ ուղղված խորհրդային ճամբարի երկրներից փախստականների փոխհատուցումներ ստանալու իրավունքի հաստատմանը, այդպիսով երկարացնելով վերոնշյալ ցուցակների կազմման վերջնաժամկետը։ Վերջապես, 1980թ. ԳՖՀ-ն ստեղծեց «Զրկանքների [ենթարկվածների] հիմնադրամը» (Hardship Fund) 400 մլն գերմանական մարկ գումարով։ Նախատեսվում էր, որ այդ գումարներով Հոլոքոստը վերապրողներից յուրաքանչյուրին կտրվեն մեկանգամյա վճարումներ 5000 գերմանական մարկի (ներկայում՝ €2556) չափով, որից 5%-ի չափով գումար առանձնացվելու էր դրամաշնորհների համար։ Գերմանական կառավարությունը ստեղծեց այս հիմնադրամն այն պայմանով, որ Պահանջների կոնֆերանսը (և ոչ գերմանական կառավարությունը) կիրականացնի հիմնադրամի տնօրինումը և վճարների տրամադրումը։ Հաշվարկված է, որ Հոլոքոստի շուրջ 80 հազ. վերապրողներ կօգտվեն այս հիմնադրամի վճարումներից։ ԽՍՀՄ փլուզումից հետո ավելի շատ Հոլոքոստ վերապրողներ արտագաղթեցին Արևմուտք։ Համապատասխան բանակցություններից հետո Պահանջների կոնֆերանսը հասավ նրան, որ մինչև 1992թ. վերջը գերմանական կառավարությունը «Զրկանքների ենթարկվածների հիմնադրամին» լրացուցիչ տրամադրեց ևս 135 մլն գերմանական մարկ, ինչպես նաև 10 մլն գերմանական մարկ՝ կառուցվածքային բնույթ ունեցող դրամաշնորհների համար, Իսրայել պետությանը։

«Զրկանքների ենթարկվածների հիմնադրամն» այսօր ևս շարունակում է ֆինանսական օժանդակություն տրամադրել նացիստական հալածանքների բազմաթիվ տարիքավոր զոհերի։ Նկատվում է, որ նացիզմի այն զոհերը, որոնք որոշակի արևմտյան երկրների քաղաքացիներ էին հալածանքների տարիներին և այն ժամանակներում, երբ ձեռք էին բերվում համաձայնություններ այդ երկրների և Գերմանիայի միջև, ներկայում չեն ստանում որևիցե վճարում «Զրկանքների ենթարկվածների հիմնադրամից»։ Գերմանական կառավարությունը ներկայում չի նախատեսում վճարումներ իրականացնել նման տիպի մարդկանց համար, ինչը, թերևս, գործունեության նոր դաշտ է բացում Պահանջների կոնֆերանսի համար։

Գերմանիային ուղղված հրեական նյութական պահանջների մշտապես գործող մարմին Պահանջների կոնֆերանսը գործում է ավելի քան կես դար։ Առ այսօր էլ նրա գործունեության նպատակները նույնն են. ապահովել Հոլոքոստը վերապրողների և Հոլոքոստի զոհերի ժառանգների համար դրամական փոխհատուցումների ձևով իրականացվող վճարումները և խլվածի վերականգնումը (restitution)։ 1951թ. ի վեր Պահանջների կոնֆերանսը, համագործակցելով Իսրայել պետության հետ, բանակցել է և կազմակերպել է վճարումների իրականացում Գերմանիայի, Ավստրիայի, այլ երկրների ինչպես կառավարությունների, այնպես էլ արտադրության առանձին ոլորտների կողմից, հետ է բերել չպահանջված գերմանական-հրեական սեփականությունը և ֆոնդավորել ծրագրեր՝ օժանդակելու համար նացիզմի կարիքավոր հրեա զոհերին։

Այս ընթացքում, որպես արդյունք Պահանջների կոնֆերանսի աշխատանքի, 75 երկրներում բնակվող ավելի քան 500 հազ. Հոլոքոստը վերապրողներ ստացել են փոխհատուցման վճարներ։ Այդ վճարումների գումարը կազմել է ավելի քան $60 մլրդ։ Պահանջների կոնֆերանսը տրամադրել է շուրջ $1 մլրդ այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են Հոլոքոստը վերապրողների սոցիալական պահանջների բավարարման հարցերով, և ներգրավված են Շոային նվիրված հետազոտություններում, նրա մասին դասավանդելուն, և փաստաթղթերի ուսումնասիրությանը։ Կոնֆերանսը նաև գումարներ է տրամադրել վերականգնելու գերմանացիների կողմից ոչնչացված հրեական համայնքները և կազմակերպությունները։

Առ այսօր Պահանջների կոնֆերանսը շարունակում է գործել։ Մասնավորապես, շարունակվում են բանակցությունները Գերմանիայի և Ավստրիայի, ինչպես նաև առանձին արդյունաբերական կազմակերպությունների ու բանկերի ներկայացուցիչների հետ։ Պահանջների կոնֆերանսը շարունակում է կառավարել փոխհատուցման ծրագրերը և բաշխել վճարումները, նաև նացիստական հետապնդումների ենթարկված հրեաների ժառանգների երիտասարդ սերնդին օժանդակում է կազմակերպություններին տրվող դրամաշնորհների միջոցով, որոնք ձևավորվում են նախկին Արևելյան Գերմանիայում գտնվող հրեական չպահանջված սեփականության վաճառքի գումարներից։

Որոշ հետևություներ.

ա) ցեղասպանության պատճառած նյութական կորուստների համար փոխհատուցումների պահանջների ներկայացման և ստացման հարցը գործընթաց է, որը կարող է տևել տասնյակ տարիներ։ Հրեաների պարագայում այն շարունակվում է ավելի քան 55 տարի։

բ) Ցեղասպանության պատճառած նյութական կորուստների փոխհատուցումը ոչ մի կապ չունի «արյան գնի» հետ, որը ենթակա չէ վճարման։ Փոխհատուցման փաստը չի նշանակում ցեղասպանությունն իրականացրած գաղափարախոսությունը կրող ժողովրդի ներկայացուցիչների ներում ցեղասպանությունը վերապրողների կամ ցեղասպանության ենթարկված ժողովրդի կողմից։ Երկու կողմերը կարող են ունենալ նորմալ միջպետական հարաբերություններ, միևնույն ժամանակ, նման հարաբերությունների առկայությունը կամ բացակայությունը չի կարող խոչընդոտ դիտվել փոխհատուցման գործընթացի ձևավորման համար։

Ցեղասպանության հարցերին նվիրված վերլուծական, քարոզչական աշխատանքներում առավելապես շեշտվում է ցեղասպանությունն իրականցրած կողմին առաջնորդող գաղափարախոսության պահը, քան թե ցեղասպանությունն իրականացրած կողմի էթնիկ պատկանելության գործոնը։

գ) Ցեղասպանության պատճառած նյութական կորուստների նյութական փոխհատուցումների դրսևորումները տարաբնույթ են։ Դրանք կարող են լինել ինչպես դրամական ուղղակի և անուղղակի փոխհատուցումներ վերապրողներին ու զոհերի ժառանգներին (թե՛ միանվագ, թե՛ տարիներ ու տասնամյակներ շարունակվող), այնպես էլ նյութական փոխհատուցումներ (դրամի, ենթակառուցվածքների, դրամաշնորհների տրամադրման և այլ ձևերով) ցեղասպանության ենթարկված ժողովրդի իրավահաջորդը հանդիսացող պետական միավորմանը։

դ) Ցեղասպանության պատճառած նյութական կորուստների համար փոխհատուցումների պահանջների ներկայացման, ստացման ու բաշխման գործի իրականացման համար լավագույն ձևը միջազգային ոչ կառավարական կազմակերպության ստեղծումն է, որը կաշկանդված չէ շահառու հանդիսացող պետության օրենքներով։ Այդ մարմինը նաև հետազոտական-իրավական գործունեություն իրականացնող կառույց է, այն պետությունից ստանում է որոշակի իրավասություններ և գործում է դրանց շրջանակներում՝ միաժամանակ ներկայացնելով ցեղասպանության ենթարկված ժողովրդի աշխարհով մեկ սփռված ժառանգների շահերը։

ե) Ցեղասպանության զոհեր դիտվում են ոչ միայն ցեղասպանության իրականացման տարիներին զոհվածները, այլև նրանք, ովքեր 1. իրենց բնակության վայրերից ենթարկվել են բռնի տեղահանման, 2. տարհանվել են համակենտրոնացման ճամբարներ, 3. բռնի աշխատել են հանքերում, աշխատանքային գումարտակներում և այլուր, 4. ենթարկվել են որոշակի բարոյական կամ այլ բնույթի զրկանքների, հալածանքների, 5. հնարավորություն չեն ունեցել ստանալ համապատասխան կրթություն, զուրկ են եղել մասնագիտական աճի հնարավորություններից և այլն։

զ) Գերմանիային ուղղված հրեական նյութական պահանջների մշտապես գործող մարմնի՝ Պահանջների կոնֆերանսի գործունեության փորձը կարոտ է շարունակական ուսումնասիրության։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր