• am
  • ru
  • en
Версия для печати
03.12.2007

ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՀՈՒՅՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Руский

   

Արման Հակոբյան

Greek_youths_who_are_being_converted_to_Islam-Young_Greeks_at_the_Mosque (original) Տարբեր գնահատականներով` մահմեդական հույների թիվը Թուրքիայում հասնում է մինչեւ 700 հազարի: Որպես կանոն, մահմեդականություն դավանող հույները բաժանվում են մի քանի խմբերի: Օսմանյան տիրապետության շրջանում քրիստոնյաների նկատմամբ Կրետե կղզում իրականացված բռնությունների, ճնշումների հետեւանքով հազարավոր հույներ ստիպված եղան ընդունել մահմեդականություն` հետագայում ձուլվելով կղզի տեղափոխված թուրք բնակչության հետ: Իսլամացած հույների այս խմբին բնորոշ է թուրքական ինքնագիտակցությունը: Վերջիններս բնակվում են Թուրքիայի հարավային եւ հարավարեւելյան` Այդընի, Անթալիայի, Դենիզլիի, Մերսինի, Իսքենդերունի շրջաններում, ինչպես նաեւ Չանաքքալեում, Մանիսայում եւ Թեքիրդաղում: Կրետե կղզու իսլամացած հույները Թուրքիայում հաստատվել են 1908թ.: Նրանց թիվը հասնում է 300 հազարի: Այս խմբի ինքնանվանումն է Girit Muslumanlari։ Կրետե կղզուց տեղափոխված իսլամացած հույների մի զգալի մաս ապրում է Թուրքիայի կողմից զավթված, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսում», ուր նրանք գրեթե ձուլվել են տեղացի թուրքերին:*

Թուրքիայում մահմեդական հույները բնակվում են նաեւ Սեւ ծովի առափնյա շրջաններում` Սամսունից մինչեւ Ռիզե: Իսլամացած հույներով առավել հոծ բնակեցված է, այսպես կոչված, «Սեւ գետի» ավազանը, ուր համատարած կրոնափոխությունը պոնտոսցի հույների եւ համշենահայերի շրջանում սկսել է Ղուռուֆօղլի Մեհմեդը, որը ենիչերիների խմբերով մի քանի անգամ ներխուժել է Սեւ գետ, որտեղ 10 տարի մահմեդականություն է քարոզել: Ընդունված է համարել, որ պոնտոսցի հույները դավանափոխվել սկսել են 16-րդ դարի կեսերին, սակայն կրոնական ճնշումներն ուժեղացել են հատկապես 18-րդ դարում, ինչի հետեւանքով բազմաթիվ հունական բնակավայրեր ամբողջությամբ մահմեդականացվել են:

Հունական ծագում ունեցող թուրք լրագրող, հրապարակախոս Օմեր Ասանի գնահատականներով` իսլամացած պոնտոսցի հույների թիվը Թուրքիայում այսօր հասնում է 300 հազարի, այլ գնահատականներով` շուրջ 500 հազարի: Ըստ մի շարք հեղինակների` Բալթաչի եւ Սոլաքլի գետերի ավազանում այժմ էլ աղավաղված հունարենով խոսող բազմաթիվ գյուղեր կան: Հասան Ումուրը, որը եւս զբաղվում է իսլամացած հույների խնդրով, նշում է, որ Տրապիզոն քաղաքի բնակչությունն այսօր էլ հիմնականում թրքախոս հույներից է բաղկացած: 1977թ. հրատարակված մի տեղեկագրում նշվում է, որ իսլամացած հույները կազմում են Տրապիզոն քաղաքի բնակչության 70%-ը: 1987թ. հրատարակված մեկ այլ տեղեկագրում նշվում է, որ մահմեդականություն դավանող հույները կենտրոնացած են Տրապիզոն, Սամսուն, Օրդու, Գիրեսուն, Ռիզե, Ֆաթսա, Ունիե քաղաքներում, ինչպես նաեւ` Տոնիայի, Սյուրմենեի, Չայքարիի, Ուզունգյոլի եւ Շերիխոյի շրջաններում: Մահմեդականացված պոնտոսցի հույները գերակշռում են նաեւ Մաճկայում, Թորուլում, Յաղըլդերեում, Սանտայում, Կրոմնիում եւ Օֆի շրջանում: Օֆի շրջանում ապրող պոնտոսցի հույները տարբերվում են իրենց ազգակիցներից առավել մոլեռանդ մահմեդականներ լինելով:

Ինչ վերաբերում է իսլամացած հույների մյուս խմբերին, ապա Թուրքիայի կենտրոնական շրջաններում եւս գոյություն ունեն համայնքներ, որոնք, սակայն, գրեթե ձուլվել են թուրքերին: Այդպիսի համայնքներ նախկինում կային Կեսարիայի, Մալաթիայի, Սեբաստիայի, Ամասիայի, Կոնիայի շրջաններում: Քահրամանի շրջանի գերակշիռ մասը կազմում են, այսպես կոչված, Քահրամանլիդ-հույները, որոնք բաժանվում են երկու խմբի: Առաջինը դավանում է քրիստոնեություն, թեեւ ամբողջությամբ թրքախոս է եւ դեռեւս 1920-ականներին արտագաղթել է Թուրքիայից` հաստատվելով Հունաստանի տարբեր շրջաններում: Քահրամանլիդների մյուս խումբն իսլամացվեց օսմանյան տիրապետության շրջանում` գրեթե ամբողջությամբ ձուլվելով թուրքերին եւ յուրյուքներին:

Բացի վերոնշյալ խմբերից, մահմեդական հույներ են ապրում նաեւ Թուրքիայի այլ շրջաններում, որոնք, սակայն, մեծաթիվ չեն եւ գրեթե ձուլված են: Մինչ այժմ Թուրքիայի որոշ քաղաքներում, օրինակ` Անկարայում, Բուրսայում, Աֆյոնում, գոյություն ունեն թաղամասեր, որոնց բնակիչները, ըստ տեղացիների, նախկինում քրիստոնյաներ էին` առավելապես հույներ եւ հայեր: Հույն լրագրողներն իսլամացած հույներով բնակեցված շրջաններ են նշում նաեւ Անտիոքում` Իսքենդերունի, Սամանդաղի եւ Ալթնզյուի հատվածներում:

Շատ հետազոտողներ մահմեդականացված հույներին վերաբերող իրենց ուսումնասիրություններում նշում են այն մասին, որ դեռեւս Բյուզանդական կայսրության օրոք թուրք-հունական եւ հակառակը` հույն-թուրքական միաձուլման գործընթացները զարգացել են բավական ակտիվ, ինչի արդյունքում արդեն Բյուզանդիայի անկումից հետո նախկին կայսրության տարածքում բնակվում էին հունադավան թյուրքական ցեղեր, ինչպես նաեւ մահմեդականություն ընդունած հույներ:

Իսկ սեւծովյան շրջանում հաստատված թուրքմենական Չեփնի ցեղը մեծ դեր խաղաց տեղի հույների ինքնագիտակցության փոփոխման հարցում: Այսօր էլ Տրապիզոնի հույների մի մասը տարբերվում է շրջանի իսլամացած հույների այլ խմբերից` Չեփնի թուրքմենների հետ ավելի սերտ հարաբերությունների մեջ գտնվելով: Շատ ուսումնասիրողներ նշում են իսլամացած հույների խիստ ծայրահեղական վերաբերմունքը քրիստոնյաների հանդեպ, չնայած այն հանգամանքին, որ իրենք էլ դեռեւս 2-3 դար առաջ դավանել են քրիստոնեություն: Օրինակ` Մարաշլին Օֆի շրջանի այն կրոնական մոլեռանդ գյուղերից է, որտեղ իսլամի ուսուցումը սկսել է դասավանդվել տեղի մահմեդական հույների կողմից դեռեւս 1737թ.:

Թուրքիայում բնակվող իսլամացած հույների մեծամասնությունը խոսում է աղավաղված թուրքերենով: Կրետե կղզու հունարենով այժմ խոսում են միայն տարեցները, այն էլ ոչ բոլոր շրջաններում: Պոնտոսցի հույների մի մասը խոսում է բացառապես թուրքերեն, իսկ մյուս մասը` հունարեն: Օրինակ` Չայքարիի եւ Օֆի գյուղերի բնակիչներն անգամ աղոթատեղերում գործածում են հունարենը: Սակայն հույների այս խումբն իրեն խիստ առանձնացնում է մնացյալ հույներից` իր խումբը կոչելով «թուրքոս» եւ լեզուն` «ռոմաիկա», իսկ հույներին` առհասարակ «օրոմեոս»:

Թուրքիայում բնակվող իսլամացած հույներն ակտիվացման նշաններ ցույց տվեցին անցյալ դարի 90-ականների սկզբին, երբ շատ երիտասարդներ փնտրելով իրենց արմատները` փորձում էին հաստատվել Հունաստանում, սակայն այդ գործընթացը զանգվածային բնույթ չկրեց: Արդյունքում` ազգային ինքնագիտակցության վերածնունդը գրեթե մարեց: Միայն վերջին շրջանում հունական ծագում ունեցող որոշ թուրք գիտնականներ, պատմաբաններ, լրագրողներ սկսել են խոսել մահմեդականացված հույների մասին` խնդրի վերաբերյալ հետաքրքրություն առաջացնելով թուրքական հասարակության շրջանում:

*Իսլամացած հույների մեկ այլ խումբ, որը եւս արտագաղթել է Կրետե կղզուց, բնակվում է Լիբանանում եւ Սիրիայում: Հույների այս խումբը ժամանակին դիմում է սուլթան Աբդուլ Համիդին իրենց Լեւանտի շրջանում բնակեցնելու խնդրանքով: Սուլթանն ընդունում է վերաբնակեցման ծրագիրը, եւ 1896թ. Սիրիայում հիմնադրվում է առաջին բնակավայրը, որն ի պատիվ սուլթանի կոչվում է Համիդիե։ Այն այժմ ունի 3000-ից ավելի բնակչություն, որի 60%-ը կազմում են Կրետեի իսլամացած հույները: Վերջիններս բնակվում են նաեւ Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքում, ուր նրանց թիվը, ըստ տարբեր տեղեկությունների, հասնում է 8000-ի: Հետաքրքրական է, որ Սիրիայում եւ Լիբանանում բնակվող հույն մահմեդականներն ընտանիքներ ձեւավորում են իրենց համայնքի շրջանակներում եւ, ի տարբերություն Կրետե կղզուց Թուրքիայի տարբեր շրջաններ տեղափոխված մյուս հայրենակիցների, պահպանել են հունարեն լեզուն ու սովորույթները:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր