• am
  • ru
  • en
Версия для печати
17.09.2007

ՀՐԵԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԻՑ. ԱԼԻՅԱ. 1

   

Հարություն Մարության

Buchenwald survivors arrive in Haifa to be arrested by the British (medium) Ալիյա (Aliyah) բառը եբրայերեն (իվրիտ) լեզվում նշանակում է «վերելք», «վեր բարձրանալ» և օգտագործվում է հրեաների ներգաղթը Պաղեստին և Իսրայել մատնանշելու համար։ Այն լայն առումով հրեական մշակութային կոնցեպտ է, հայացքների հիմնարար համակարգ սիոնիզմի տեսության մեջ, ինչպես և ամրագրված է Իսրայելի Վերադարձի օրենքում (Law of Return), որն իրավունք է վերապահում ցանկացած հրեայի ներգաղթել, ստանալ համապատասխան օժանդակություն և բնակվել Իսրայելում, ինչպես նաև ավտոմատիկորեն ստանալ Իսրայելի քաղաքացիություն։ Ալիյան այս համատեքստում ունի ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր իմաստ. մասնավորապես, բոլոր հրեաները կրթված են այն հավատով, որ այս «վերելքը» հուդաիզմի էական մասն է կազմում։ Շատ հրեաներ դիտում են ալիյան իբրև վերադարձ դեպի Ավետյաց երկիր, որպես Աստծո աստվածաշնչային խոստման, որ տրվել էր եբրայական նահապետներ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, իրականացում՝ նրանց ժառանգների նկատմամբ։

«Ալիյա» տերմինը ներառում է ինչպես կամավոր ներգաղթ գաղափարական, զգացմունքային կամ գործնական պատճառներով, նույնպես և հալածական հրեա բնակչության զանգվածային ներգաղթ։ Մերօրյա իսրայելցի հրեաների գերակշռող մեծամասնության համար իրենց տոհմի արմատները գտնվում են երկրից դուրս։ Մինչդեռ հրեաներից շատերն ընտրել են բնակությունը Իսրայելում, շատերն էլ ընդհանրապես հնարավորություն չունեն լքելու իրենց բնակության երկիրը։ Իսրայելը սովորաբար ճանաչված է որպես «ներգաղթողների երկիր», սակայն այն, լայն առումով, ինչպես կերևա ստորև, նաև արտագաղթողների երկիր է։

Ալիյան ընթացել է մի շարք փուլերով։ Դրանցից յուրաքանչյուրի կողմից բերված ավանդույթները, փորձը անգնահատելի արժեք են ունեցել այն գործում, որ Իսրայելը դառնա բազմակարծիք, ժողովրդավարական հասարակություն արդիական տնտեսությամբ։

Իրենց արտաքսմանը հաջորդող ժամանակներում, ինչպես նաև 70թ. Երուսաղեմի անկմանը հաջորդող դարերի ընթացքում, հրեաների մեծամասնությունը ցրվեց աշխարհով մեկ։ Հրեական ազգային գաղափարը երբեք, սակայն, չէր հրաժարվել հայրենիք վերադառնալու մտքից։ Դարերի ընթացքում հրեաները պահպանում էին իրենց ներկայությունը Պաղեստինում, իսկ չընդհատվող կապն արտերկրում բնակվող հրեաների հետ մեծապես հարստացնում էր երկու համայնքների մշակութային, հոգևոր և մտավոր կյանքը։

Հրեական սփյուռքից Պաղեստին վերադարձող հրեաների թիվը նշանակալիորեն աճեց 13-19-րդ դարերի ընթացքում, ինչը մեծապես պայմանավորված էր Եվրոպայով մեկ հրեաների նկատմամբ տարվող մերժողական քաղաքականությամբ ու հետևանք էր կրոնական հետապնդումների։ Դրանց դրսևորումներն էին հրեաների վտարումն Անգլիայից (1290), Ֆրանսիայից (1391), Ավստրիայից (1421), Իսպանիայից (1492)։ Սիոնիզմը, որն իրենց հայրենիք հրեաների վերադարձն ապահովող քաղաքական շարժում էր, ձևավորվում է 19-րդ դարի երկրորդ կեսին։ Ի պատասխան հրեաների նկատմամբ Արևելյան Եվրոպայում շարունակվող ճնշումներին ու հալածանքներին, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայում նրանց ձուլման գործընթացներին և ոգևորված սիոնիստական գաղափարախոսությամբ՝ 19-րդ դարի վերջերից հրեաները սկսեցին ներգաղթել Պաղեստին, որն այդ ժամանակ Օսմանյան կայսրության կազմում էր։ Դա նոր ժամանակների ալիյայի առաջին ալիքն էր՝ կազմակերպված ոչ փորձառու իդեալիստների կողմից։ Ներգաղթողների մեծամասնությունը Ռուսական կայսրությունից էր, մասամբ նաև Եմենից։ Ներգաղթողների զգալի մասը հիմնադրեց գյուղատնտեսական համայնքներ՝ մոշավոտներ, հողի մասնավոր սեփականության վրա հիմնված ֆերմերների գյուղեր։ 1882թ. եմենցի հրեաները Երուսաղեմի Հին քաղաքի պատերից հարավ-արևելք հիմնեցին նոր արվարձան. նրանք սկզբում աշխատում էին իբրև շինարարության բանվորներ, ավելի ուշ՝ մոշավոտների ցիտրուսային պլանտացիաներում։ Առաջին ալիյայով եկածները հանդիպեցին մեծ դժվարությունների։ Նրանց կողմից հնչած օժանդակության խնդրանքին արձագանքեց բարոն Էդմոնդ դը Ռոտշիլդը, որը մոշավոտների բնակիչներին տվեց տնտեսական աջակցություն՝ այդպիսով կանխարգելելով նոր բնակավայրեր հիմնելու գործի տապալումը։

Ամբողջությամբ վերցրած՝ Առաջին ալիյայի ընթացքում մոտ 35 հազ. հրեաներ ներգաղթեցին Պաղեստին։ Նրանց շուրջ կեսը լքեց երկիրը հաջորդող մի քանի տարիների ընթացքում, սակայն մոտ 15 հազարը մնացին և հիմնադրեցին նոր գյուղական բնակավայրեր, մնացածն էլ տեղավորվեցին քաղաքներում։

Երկրորդ ալիյա, 1904-1914. Հրեաների՝ հայրենիք վերադարձի այս փուլն ընթանում էր ցարական Ռուսաստանում սկսված հրեական ջարդերի և հակասեմականության չդադարող դրսևորումների հենքի վրա։ Ներգաղթողներից շատերը երիտասարդ մարդիկ էին՝ տոգորված սոցիալիստական գաղափարներով։ Հետագայում Իսրայելում գոյատևող գյուղական բնակության տիպերի շատ բաղադրիչներ առաջ եկան հենց այս տարիներին, ինչպես, օրինակ, առաջին կիբուցը (1909) և առաջին հրեական ինքնապաշտպանական կազմակերպությունը Պաղեստինում, որ նպատակ ուներ պաշտպանել ներգաղթողներին արաբների աճող թշնամական վերաբերմունքի դրսևորումներից։ Յաֆֆայի արվարձանում հիմնադրված բնակավայրը վերաճեց Թել Ավիվի՝ առաջին ժամանակակից ամբողջովին հրեական քաղաքի։ Եբրայերենն աստիճանաբար սկսեց ձեռք բերել հաղորդակցության լեզվի կարգավիճակ, դրանով սկսեցին հրատարակվել գրականություն ու թերթեր։ Հիմնադրվեցին քաղաքական կուսակցություններ, ստեղծվեցին գյուղատնտեսական բանվորների կազմակերպություններ։ Ձևավորվեց Յիշուվը (Yishuv)՝ հրեական համայնքը, որն ապագա պետականության հիմնարկեքի նախադրյալներից մեկը դարձավ։

Շուրջ 40 հազ. հրեաներ ներգաղթեցին Երկրորդ ալիյայի ընթացքում, սակայն ինտեգրման դժվարությունները և կայուն տնտեսական հենքի բացակայությունը ստիպեցին նրանց մոտավորապես կեսին լքել երկիրը։ Այս փուլի ավարտը պայմանավորված է Առաջին համաշխարհային պատերազմի սկզբնավորմամբ։

Երրորդ ալիյա, 1919-1923. Ներգաղթի այս փուլը սկզբնավորվեց ի հետևանս Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխության, Ռուսաստանում, նաև Լեհաստանում ու Հունգարիայում ընթացող հրեական ջարդերի ազդեցությամբ։ Այս ալիյայի ընթացքում շուրջ 40 հազ. հրեաներ, հիմնականում Ռուսաստանից, ժամանեցին Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում բրիտանացիների կողմից նվաճված Պաղեստինի տարածք։ Ներգաղթյալներից շատերը վերապատրաստված էին գյուղատնտեսական գործունեության մեջ և ի վիճակի էին հիմնել ինքնաբավ տնտեսություններ։ Ներգաղթողները կառուցում էին նաև ճանապարհներ, քաղաքներ, իրականացնում էին ճահիճների չորացում և այլն, ինչի շնորհիվ նշանակալի տարածքներ սկսեցին օգտագործվել գյուղատնտեսական նպատակներով, գյուղատնտեսական նշանակության բնակավայրերն ընդարձակվեցին, հիմնվեցին առաջին արդյունաբերական ձեռնարկությունները։ Չնայած բրիտանական վարչակազմի սահմանած ներգաղթային քվոտաներին՝ Երրորդ ալիյայի վերջում հրեաների թիվը Պաղեստինում հասավ 90 հազ. մարդու։ Ձևավորվեցին նոր ազգային հաստատություններ, նաև ներկայացուցչական մարմիններ, ինչպես, օրինակ, Ընտրովի ժողով (Elected Assembly), Ազգային խորհուրդ (National Council), հրեական կիսառազմական կազմակերպություն՝ Haganah, որը գործեց մինչև 1948թ.։ Այս փուլում ներգաղթողներից համեմատաբար քչերը լքեցին Պաղեստինը։

Չորրորդ ալիյա, 1924-1929. Ներգաղթի այս ալիքը հետևանք էր մի շարք հանգամանքների, այդ թվում՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի, Լեհաստանում տարվող հակահրեական քաղաքականության, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից հրեաների ներգաղթի հարցում գործադրվող քվոտաների խիստ քաղաքականության։ Ներգաղթողների մեծ մասը միջին դասի ներկայացուցիչներ էին և իրենց հետ բերում էին համեստ կապիտալ, ինչը նրանց հնարավորություն էր տալիս հիմնադրելու լոկ փոքր բիզնես և արհեստանոցներ։ Այդ տարիներին ընդլայնվեց Թել Ավիվը։ Չնայած ճգնաժամով պայմանավորված տնտեսական դժվարություններին՝ Չորրորդ ալիյան նպաստեց հրեաբնակ քաղաքների հզորացմանը, դրանց հետագա արդյունաբերական աճին, շարունակվեց գյուղական բնակավայրերի ամրապնդման գործը։

Ընդհանուր առմամբ, Չորրորդ ալիյայի ընթացքում 82 հազ. հրեաներ ժամանեցին Պաղեստին, որոնցից 23 հազարը (28%) hետ վերադարձան։

Հինգերորդ ալիյա, 1929-1939. Այս փուլի սկիզբը համընկնում է Գերմանիայում նացիստների իշխանության գալու գործընթացին։ Հրեաների հալածանքները, նրանց գնալով ահագնացող վիճակը նպաստեցին այն բանին, որպեսզի ընդարձակվի Գերմանիայից իրականացվող ալիյան և վերսկսվի այդ գործընթացն Արևելյան Եվրոպայից։ Գերմանիայից ներգաղթողների մեծ մասը մասնագետներ էին, նրանց ազդեցությունը պետք է որ շուտով զգացվեր տնտեսության տարբեր ոլորտներում։ Ընդամենը չորս տարվա ընթացքում՝ 1933-1936թթ., 174 հազ. հրեաներ հաստատվեցին Պաղեստինի տարածքում։ Հիմնվեցին նոր արդյունաբերական ձեռնարկություններ, քաղաքները ծաղկում ապրեցին, Հայֆայի նավահանգստի ու նավթի վերամշակման գործարաններն ամբողջացվեցին։ Ողջ երկրով մեկ միայն 1936-1939թթ. ընթացքում հիմնվեցին «պարիսպ և աշտարակ» (“stockade and tower”) անվանվող, այսինքն՝ ամրացված բնույթ ունեցող շուրջ 60 բնակավայրեր։ Այս գործընթացը հետևանք էր առաջին հերթին այն բանի, որ այդ ժամանակ աճել էին հարձակումները հրեաների նկատմամբ, ինչը բրիտանական վարչակազմի կողմից ներկայացվում էր սոսկ որպես «խախտումներ, հուզումներ», և դրանք կանխելու համար բրիտանացիները բավարար կտրուկ միջոցներ ձեռք չէին առնում։

Նոր տիպի բնակավայրերի չափերը 35x35 մետր էին, դրանք կառուցվում էին արդյունաբերական եղանակով պատրաստված փայտյա կառուցվածքներից և շրջապատվում էին խճով լցված փայտե կրկնակի պաշտպանական պատով, ինչը թույլ կտար պաշտպանվել հրազենից։

Բրիտանական կառավարությունն այդ տարիներին արգելակում էր ներգաղթը, ինչի հետևանքով տեղ գտավ, այսպես կոչված, Ալիյա-Բեթը (Aliya-Bet), այսինքն՝ ոչ օրինական, գաղտնի ներգաղթը։ Արդյունքում՝ Հինգերորդ ալիյայի ընթացքում, մինչև 1940թ., շուրջ 250 հազ. հրեաներ ներգաղթեցին (նրանցից ընդամենը 20 հազարը կամ 8%-ը հետագայում հետ վերադարձան), և Յիշուվի բնակչությունը հասավ 450 հազ. մարդու։ Այս ժամանակից սկսած՝ դադարեց ներգաղթի ալիքների համարակալումը, ինչը, սակայն, չէր նշանակում, թե ալիյաները սպառեցին իրենց։

Երիտասարդական ալիյա (Youth Aliya). Հիմնադրվել է 1933թ.՝ փրկելու համար նացիստական Գերմանիայի հրեա երիտասարդությանը։ Այս ծրագրով, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը, հաջողվեց Պաղեստինի տարածք տեղափոխել շուրջ 5 հազ. պատանիների։ Նրանք կրթվեցին ալիյայի երիտասարդական պանսիոնային բնույթի դպրոցներում (Youth Aliya boarding schools)։ Հետագայում նրանց ավելացան Հոլոքոստը վերապրած ևս 15 հազ. երիտասարդներ։ Այսօր նույնպես Youth Aliya դպրոցները շարունակում են կենսականորեն կարևոր դեր խաղալ նորեկ երիտասարդության ինտեգրման գործում։

Ալիյան Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո, 1939-1948. Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ալիյայի կազմակերպիչների ջանքերն ուղղված էին նացիստների կողմից օկուպացված Եվրոպայում հրեաներին փրկելու գործին։ Նրանց որոշ մասը Պաղեստինի տարածք էր ներթափանցում՝ օգտվելով բրիտանական վարչակազմի կողմից սահմանված 75 հազ. քվոտայի տրամադրած հնարավորություններից («White Paper» quota), սակայն մեծամասնությունը գալիս էր իբրև անօրինական ներգաղթող։ Այս ներգաղթը, որն, ինչպես վերը նշվեց, անվանվեց Aliya Bet, իրականացվում էր ցամաքով և ծովով, Եվրոպայից և Միջին Արևելքից, ի խախտումն մանդատային կառավարության հրամանների։ Շատ նավեր, որ ժամանում էին Պաղեստին, hետ էին ուղարկվում բրիտանական իշխանությունների կողմից, ինչի հետևանքով ոչ քիչ թվով հրեաներ կորցրին իրենց կյանքը ծովում։

1944-1948թթ. Արևելյան Եվրոպայի հրեաները ստիպված էին բոլոր հնարավոր միջոցներով հեռանալ այդ երկրներից։ Յիշուվի էմիսարները, հրեա պարտիզանները, սիոնիստական երիտասարդական կազմակերպությունները համագործակցում էին հրեաներին փրկելու գործում «Փախուստ» (Beriha) կազմակերպության միջոցով, որն օգնեց շուրջ 200 հազ. հրեաների լքել Եվրոպան։ Նրանց մեծամասնությունը բնակություն հաստատեց Պաղեստինում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մինչև Իսրայել պետության ստեղծումը (1945-1948թթ.) անլեգալ ներգաղթը հայրենիք վերադառնալու գլխավոր ձևն էր, քանի որ բրիտանական իշխանությունը, հաստատելով տարեկան միայն 18 հազ. մարդու ներգաղթի հնարավորություն, էապես սահմանափակում էր օրինական ներգաղթը (ցանկացողներն ավելին էին)։ Այդ տարիներին դեպի Պաղեստին կազմակերպվեց վաթսունվեց անլեգալ նավարկություն, սակայն դրանցից մի քանիսին միայն հաջողվեց հաղթահարել բրիտանական բլոկադան և ուղևորներին ափհանել։ Միայն 1947թ. շուրջ 45 հազ. ներգաղթյալներ հետ ուղարկվեցին Եվրոպա մանդատային կառավարության կողմից։ Բրիտանացիները նրանց նավակները կանգնեցնում էին ծովում, hետ ուղարկում Կիպրոսում ստեղծված հատուկ ճամբարներ, որտեղից նրանցից շատերը կարողացան ժամանել Իսրայել միայն պետության կազմավորումից հետո։ Ինչևիցե, շուրջ 80 հազ. ոչ լեգալ ներգաղթյալներ եկան ու հաստատվեցին Պաղեստինում 1945-1948թթ.։ Ընդհանուր առմամբ, բրիտանական ղեկավարման ողջ ժամանակահատվածում լեգալ և անլեգալ ներգաղթյալների թիվը կազմում է շուրջ 480 հազ. մարդ, որոնց մոտ 90%-ը՝ Եվրոպայից։ Այնպես որ, Յիշուվի (Պաղեստինի հրեական համայնքի) բնակչությունը՝ պետության կազմավորմանը նախորդող ժամանակահատվածում, հասել էր 650 հազ. մարդու։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր