• am
  • ru
  • en
Версия для печати
23.07.2007

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՀՈԼՈՔՈՍՏԻ ՄԵՄՈՐԻԱԼ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

   

Հարություն Մարության

United States Holocaust Memorial Museum (medium) Այն փաստը, որ Հոլոքոստի թանգարան գոյություն ունի Իսրայելում, միանգամայն տրամաբանական է, սակայն որ այդպիսի թանգարան է գործում նաև ԱՄՆ մայրաքաղաքում, ցուցիչն է այն բանի, թե ինչպես կարելի է խորապես ազգային ողբերգությունը միանգամայն ընդունելի ձևով մատուցել համաշխարհային հանրությանը։

Թանգարանի ստեղծման մասին առաջին մտահղացումները մեջտեղ եկան դեռևս ԱՄՆ նախագահ Քարթերի իշխանության տարիներին։ Սաուդյան Արաբիային F16 կործանիչներ վաճառելուց և Պաղեստինի ազատագրության կազմակերպության հետ խորհրդակցություններ սկսելուց հետո ԱՄՆ հարաբերությունները Իսրայելի և ամերիկյան հրեական կազմակերպությունների հետ բավական վատթարացան։ Նախագահի վարչակազմը՝ հարաբերությունները բարելավելու միտումով, Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր կառուցելու պլաններ մշակեց։ Նման քայլի դիմելուն նպաստել էր նաև այն հանգամանքը, որ դրանից քիչ առաջ ԱՄՆ հեռուստատեսությամբ ցուցադրվել և մեծ ընդունելության էր արժանացել «Հոլոքոստ» հեռուստատեսային բազմամասանոց կինոնկարը։

1978թ. մայիսի 1-ին, Իսրայելի վարչապետ Բեգինի ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ընթացքում, նախագահ Քարթերը հայտարարեց Հոլոքոստի հուշահամալիրի պլանի մշակման հանձնաժողովի ստեղծման մասին։ Հանձնաժողովի ձևավորման համար պահանջվեց վեց ամիս։ Վերջինիս նախագահ ընտրվեց Elie Wiesel-ը, որը Հոլոքոստի վերապրող էր և այդ թեմայի շուրջ բազմաթիվ գրքերի հեղինակ։ Մտավախություն կար միայն, թե արդյոք նա կհաջողի հարցի քաղաքական արծարծումներում և դրամահավաքի գործում։ Հանձնաժողովը ձևավորվեց 25 մարդուց, այդ թվում՝ վերապրողներ, պատմաբաններ, հրեական համայնքների ներկայացուցիչներ, ռաբբիներ։ Կային նաև հինգ հոգի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատից և Սենատից։ Լոբբիստական կազմակերպությունները ևս ներգրավված էին այս գործում։

Հանձնաժողովի առաջին կարևոր նպատակն էր ցույց տալ ամերիկացիներին նման թանգարանի անհրաժեշտությունը։ Այդ հարցում հատկապես հետաքրքրված էին երկրի հրեական համայնքները, որոնց համար Հոլոքոստն ուներ ձևավորիչ նշանակություն։ Նրանք շահագրգռված էին այն բանում, որ Հոլոքոստը Միացյալ Նահանգների արժեքային համակարգի մասը կազմի՝ որպես նման բնույթի արժեքների մերժման օրինակ։ Տարբեր մոտեցումներ էին դիտարկվում հուշային կառույցի գաղափարը ԱՄՆ պատմության հետ կապելու համար։ Այսպես, սկզբում ենթադրվում էր ինտեգրել այն ԱՄՆ պատերազմի վետերանների պատմությունների հետ։ Երկրորդ ճանապարհ էր դիտվում Հոլոքոստի իրողությունները պատերազմից հետո ԱՄՆ տեղափոխված վերապրողների պատմությունների միջոցով ներկայացնելը։ Երրորդ ուղին էր ԱՄՆ արժեքներին ուղղակիորեն հղումը։ Ենթադրվում էր այդ կերպ փաստարկել, թե ինչ է պատահում, երբ բացակայում, ոտնահարվում են հիմնարար ամերիկյան արժեքները։ Այդ ուղղակի կապն արտահայտված է թանգարանի մուտքին արված երկու արձանագիր մեջբերումների միջոցով, որոնցից մեկը վերցված է Ջորջ Վաշինգտոնից. «ԱՄՆ կառավարությունը... չի ողջունում անհանդուրժողականությունը, չի աջակցում հալածանքներին», իսկ մյուսը՝ Անկախության հռչակագրից. «Բոլոր մարդիկ հավասար են ստեղծված... նրանք իրենց Արարչից օժտված են որոշակի անկապտելի իրավունքներով, այդ թվում կյանքի, ազատության և երջանկության ձգտման»։ Այսպիսով, հիմնական շեշտադրումը եվրոպական պատմության իրադարձությունը ամերիկյան հասարակությանը փոխանցելն էր։

Հոլոքոստի պատմությունն ամերիկյան իրականություն ներմուծելը բավական արդյունավետ էր նաև այն պատճառով, որ ներգաղթյալների տարբեր էթնիկ համայնքներ ակտիվորեն ներգրավված էին գործի պլանավորման մեջ։ Դրանք գերազանցապես հրեական համայնքներն էին, սակայն լեհական, ուկրաինական և հայկական, ինչպես նաև այլ համայնքներ նույնպես մասնակցում էին ծրագրի իրականացմանը։ Որոշ դեպքերում դա հանգեցնում էր քաղաքական բնույթ ունեցող վիճաբանությունների, կոնֆլիկտների։ Նման կոնֆլիկտներից մեկը հայերի և հայկական աղետը թանգարանում ներկայացնելու ձևի հարցն էր։ Հարցը դրվում էր հետևյալ կերպ. արդյո՞ք հայերը պետք է ունենային իրենց հատկացված բաժինը, թե՞ պարզապես պետք է հիշվեին։ Վերջապես կողմերը գտան փոխզիջումային լուծում. հայերը նշվեցին Հիտլերից բերված հայտնի մեջբերման մեջ. «Ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացման մասին»։

Նման բանավեճերից զատ, հարց էր բարձրացվում, թե որը պետք է լինի Հոլոքոստի համարժեք սահմանումը։ Իսրայելում այս հարցն ուներ հստակ պատասխան՝ Հոլոքոստը վեց միլիոն հրեաների ոչնչացումն է։ Գերմանիայում ընթացող քննարկումներում հարցն ավելի լայն համատեքստում էր դիտարկվում, քանի որ Գերմանիան պարտադրված էր հիշել նացիստական դաժանությունների բոլոր զոհերին։ Միացյալ Նահանգներում իրավիճակն ավելի բարդ էր։ Հոլոքոստի բնութագրումից, ներկայացումից էր կախված, թե որ խմբերը ձեռք կբերեին զոհի կարգավիճակ ու, այդպիսով, կներկայացվեին թանգարանում։ Բավական էական տարբերություն կար, թե Հոլոքոստը կբնորոշվեր իբրև վեց միլիոն հրեաների՞, թե՞ տասնմեկ միլիոն զոհերի սպանություն, այն է՝ վեց միլիոն հրեաներ, գումարած հինգ միլիոն այլ զոհեր, այդ թվում՝ երեք միլիոն լեհեր, հարյուր հազարավոր հունգարացիներ և այլն։ Կար նաև այլ տարբերակ, այն է՝ եղել են միլիոնավոր զոհեր, միաժամանակ նշելով, որ հրեաների դեպքը հատուկ է, քանի որ կար նրանց իսպառ բնաջնջման նացիոնալ-սոցիալիստների պլանը։

Այս հարցերը քննարկման առարկա էին բավական երկար ժամանակ։ Ի վերջո որոշվեց, որ շեշտադրումը պետք է արվի եվրոպական հրեաների հալածանքների և բնաջնջման խնդիրների վրա։ Սակայն մշտական ցուցադրության մեջ պետք է լինեն մի քանի բաժիններ, որտեղ պետք է առնվազն հիշատակվեն նաև զոհերի այլ խմբեր՝ նացիստների քաղաքական հակառակորդները, համասեռամոլները, Եհովայի վկաները, մտավոր և ֆիզիկական թերություններ ունեցող հաշմանդամները, այլ էթնիկ խմբեր, պատերազմի խորհրդային գերիները և նույնիսկ հայերը։

Ինչպես նկատել է թանգարանի պատասխանատու աշխատակիցներից մեկը, թանգարանի գործառույթներում հաջողվել է միավորել Հոլոքոստի պատմությունը, պատերազմի մասնակից ամերիկյան զինվորների անձնական փորձառությունը և ներկա քաղաքական քննարկումները։ Բացումից ի վեր (1993թ.) Միացյալ Նահանգների Հոլոքոստի մեմորիալ թանգարանը մեծ դեր է խաղում քաղաքական հարթությունում։ Այն տարաբնույթ բռնությունների դեմ պայքարի առաջամարտիկների թվում է, և դա միանգամայն տեղավորվում է թանգարանի առաքելությունների շրջանակում։ Միացյալ Նահանգների պարագայում սա նշանակում է Հոլոքոստի համընդհանուր դասերի ուսուցում և այն հարցի պարբերաբար բարձրացում, թե ինչ կլինի, եթե բացակայեն ամերիկյան հիմնարար արժեքները։1

Միացյալ Նահանգների Հոլոքոստի մեմորիալ թանգարանն (The United States Holocaust Memorial Museum) ԱՄՆ ազգային հաստատություն է (national institution)՝ ուղղված Հոլոքոստի պատմության վերաբերյալ փաստաթղթերի հավաքմանը, ուսումնասիրությանն ու մեկնաբանմանը և այս երկրի կողմից ստեղծված հուշային կառույց է։

Թանգարանի առաջնային առաքելությունն է նպաստել Հոլոքոստի ողբերգության մասին գիտելիքների տարածմանը, պահպանել դաժանագույն տանջանքները վերապրողների հիշողությունները և աջակցել այցելուներին խորհելու բարոյական և հոգևոր այն հարցերի շուրջ, որոնք վեր են հառնում Հոլոքոստի իրադարձություններին տեղեկանալուց, ինչպես նաև այդ համատեքստում մտածելու իրենց՝ որպես ժողովրդավարության քաղաքացիների, պարտականությունների շուրջ։

Հոլոքոստի թանգարանի քառահարկ շինության երեք հարկերի ցուցադրությունը իրերի, լուսանկարների, ֆիլմերի և ականատեսների վկայությունների միջոցով ներկայացնում է Հոլոքոստի համապարփակ պատմությունը։ «Հոլոքոստը» (The Holocaust) վերնագրված ցուցադրությունը, որտեղ, որպես կանոն, այցելուները մնում են մեկից երեք-չորս ժամ, սկսվում է վերին հարկից և բաժանված է երեք ժամանակագրական հատվածների։ Ցուցադրության առաջին բաժինը՝ «Նացիզմի գրոհը. 1933-1939» (The Nazi Assault – 1933 to 1939) նվիրված է մինչհոլոքոստյան տարիների կյանքի նկարագրությանը և ընդգրկում է նացիստական կուսակցության իշխանության գալուց մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը ներառող հատվածը։ Այստեղ ցույց է տրված, թե ինչպես են ամբողջատիրական պետության գործիքները՝ քարոզչությունը, տեռորը, բռնությունը և պետականորեն օժանդակվող ռասիզմը բերում հալածանքների սաստկացման։ Ցուցադրության այս հատվածից սկսած ներկայացվում է, թե ինչպես են ամերիկացիներն արձագանքում նացիստական հալածանքների մասին նորություններին, փախստականական խնդիրներին և այն իրադարձություններին, որոնք բերեցին հրեաների ցեղասպանությանը։ Այստեղ այցելուներին առաջարկվում են երկու ֆիլմեր՝ «Նացիստների իշխանության գալը» (13 րոպե) և «Հակասեմականություն» (14 րոպե)։

Հաջորդ հարկը զբաղեցնող հատվածը վերնագրված է «Վերջնական լուծումը. 1940­1945» (The «Final Solution» – 1940 to 1945)։ Այստեղ ներկայացվում է նացիստական քաղաքականության՝ պատերազմի տարիներին տեղ գտած էվոլյուցիան՝ հալածանքներից մինչև զանգվածային սպանություններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նացիստներն ու նրանց հետ գործակցողները՝ Եվրոպայում արդեն ոչնչացրել էին շուրջ վեց միլիոն հրեաների, ինչը կազմում էր մինչպատերազմյան Եվրոպայի հրեա բնակչության երկու երրորդը։

Այս հարկում տեղակայված աուդիո-թատրոնը ներկայացնում է Հոլոքոստը վերապրողների վկայությունները՝ «Ձայներ Աուշվիցից» (Voices from Auschwitz)։ Ցուցադրության այս բաժնում գլխավոր ուշադրությունը բևեռված է համակենտրոնացման ճամբարներին, որոնք մեծ արագությամբ աճեցին 1940-ական թթ.։ Այստեղ է գտնվում նաև մի եռահարկ, բրգաձև սրահ՝ «Դեմքերի աշտարակը» (The Tower of Faces), որի պատերին փակցված են լիտվական Էյսիսկես (Eisiskes) քաղաքի ոչնչացված հրեական համայնքի մինչպատերազմյան տարիների շուրջ 3500 բնակիչների մոտ 1000 լուսանկարների վերատպությունները։

Մշտական ցուցադրության վերջին մասը՝ թանգարանի երկրորդ հարկի ցուցադրությունը, վերնագրված է «Վերջին գլուխը» (Last Chapter) և վերաբերում է համակենտրոնացման ճամբարների ազատագրմանը հակահիտլերյան կոալիցիայի ուժերի կողմից, Գերմանիայի պարտությանը, հրեաների դիմադրության և նրանց փրկության փորձերին, Հոլոքոստի հետևանքներին։ Այստեղ այցելուների ուշադրությանն է առաջարկվում ևս մեկ ֆիլմ՝ նվիրված պատերազմի տարիներին Հոլոքոստի առթիվ ամերիկյան արձագանքներին, ինչպես և «Վկայություն» (Testimony) վերնագրով ֆիլմ, որտեղ վերապրողները, հրեաներին փրկելու համար իրենց կյանքը վտանգողները, ինչպես նաև ազատարարները «կիսվում» են փորձառությամբ։ Ցուցադրության այս մասում շոշափվում է վտանգի մեջ գտնվող ծանոթ կամ անծանոթ մարդկային էակների նկատմամբ անհատական պատասխանատվության խնդիրը։

Թանգարանի առաջին հարկում է գտնվում «Հիշեք երեխաներին. Դանիելի պատմությունը» (Remember the Children: Daniel’s Story) ցուցահանդեսը, որը ներկայացնում է Հոլոքոստի պատմությունը նացիստական Գերմանիայում մեծացող պատանու տեսանկյունից և նյութի մատչելիության առումով ուղղված է առաջին հերթին ցածր և միջին տարիքի դպրոցականներին։

Թանգարանում գործում են նաև մի քանի հատուկ ցուցահանդեսներ։ Ժամանակակից ցեղասպանություններին նվիրված ցուցահանդեսները տեղակայված են թանգարանի ստորին հատվածում գտնվող Մեյերհոֆ թատրոնում (Meyerhoff Theater) և երկրորդ հարկում գտնվող Վեքսների ուսուցման կենտրոնում (Wexner Learning Center)։

Թանգարանում կան հուշային գործառույթ իրականացնող մի քանի հատուկ տարածքներ։ Դրանցից առաջինը երկրորդ հարկում գտնվող Հիշողության սրահն է (Hall of Remembrance) հավերժական կրակով։ Երկրորդը Գոնդա ուսուցողական կենտրոնում (Gonda Education Center) գտնվող Հիշողության պատն է (Երեխաների սալիկների պատը) (Wall of Remembrance (Children’s Tile Wall)՝ կազմված սալիկներից, որոնք ամեն տարի նկարազարդում են շուրջ 3000 ամերիկացի դպրոցականներ։

Վեքսների ուսուցման կենտրոնում, ինտերակտիվ խցիկների միջոցով հաղորդակցվելով թանգարանի ռեսուրսներին, կարելի է հետազոտել անցյալի և ներկայի իրադարձությունների տարբեր տեսանկյունները։ Վերապրողների Միդի գրանցման բաժինը (Meed Survivors Registry) նացիստական ռեժիմի պայմաններում ապրած մարդկանց և նրանց ընտանիքների անդամների համար հնարավորություն է ստեղծում գրանցել իրենց պատմությունները կամ էլ հետազոտել արդեն գրանցված իրողությունները։ Այստեղ (ինչպես նաև վեբկայքում տեղակայված) լրացման թերթիկները 18 լեզուներով են։ Բացումից ի վեր այս բաժնում գրանցվել են 195 հազար վերապրողներ ու նրանց ընտանիքներ ԱՄՆ բոլոր նահանգներից և աշխարհի վեց տասնյակ երկրներից։

Հոլոքոստի մեմորիալ թանգարանը նաև հետազոտական խոշոր կենտրոն է։ Մասնավորապես, թանգարանի հինգերորդ հարկում է տեղակայված գրադարանը (65 հազար կտոր գրականություն շուրջ երեք տասնյակ լեզուներով), արխիվները (փաստաթղթերի շուրջ 38 միլիոն էջեր), լուսանկարների հավաքածուն (74 հազար պատմական լուսանկարներ, 15 հազարը հասարակությանը մատչելի են թանգարանի վեբկայքի միջոցով)։ Այստեղ է գտնվում նաև Հոլոքոստի արդիական ուսումնասիրությունների կենտրոնը (The Center for Advanced Holocaust Studies)։ Այն միտված է Հոլոքոստի հետազոտման գործում դրամաշնորհների տրամադրմանը և հրատարակությունների օժանդակմանը, նպաստում է ամերիկյան համալսարաններում տարվող Հոլոքոստի ուսումնասիրություններին, ուղղված է ամերիկյան և աշխարհի այլ գիտնականների միջև կապերի ամրապնդմանը, ծրագրեր ապահովելու համար Հոլոքոստի հարցերով զբաղվող գիտնականների երիտասարդ սերնդի մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը։ Կենտրոնը սերտորեն համագործակցում է Հոլոքոստի մեմորիալ թանգարանի խորհրդի ակադեմիական կոմիտեի հետ, որի անդամներն ամերիկյան և եվրոպական համալսարանների շուրջ երկու տասնյակ հայտնի հետազոտողներ են։ Կենտրոնն իր առաքելությունն իրականացնում է.

ա) աջակցելով հետազոտական ծրագրերին և հրատարակություններին, այդ թվում՝ համագործակցելով Oxford University Press-ի հետ՝ տպագրում է Holocaust and Genocide Studies պարբերականը (լույս է տեսնում տարին երեք անգամ, մինչ օրս հրատարակվել է 21 համար),

բ) Հոլոքոստին առնչվող արխիվային նյութերի հավաքագրմամբ և պահպանությամբ՝ հնարավորություն ստեղծելով, որպեսզի նախկինում դժվարամատչելի նյութերը ենթակա դառնան հետազոտության համար,

գ) հետազոտություններ իրականացնելու հնարավորություններ է ստեղծում սկսնակ և հասուն հետազոտողների համար, որպեսզի նրանք կարողանան աշխատել թանգարանի արխիվային և այլ հավաքածուների հետ, օժանդակում է Հոլոքոստին վերաբերող նրանց աշխատանքների հրատարակությանը,

դ) կազմակերպում է դասախոսություններ, սեմինարներ, գիտաժողովներ քոլեջների և համալսարանների դասախոսների մակարդակով։

Կենտրոնը գործում է 1998 թվականից և նպատակ ունի, հաշվի առնելով Հոլոքոստի ժամանակակիցների և ականատեսների անխուսափելի հեռացումը, ձևավորել նրանց գործն առաջիկա տասնամյակներին շարունակողների սերունդ։

Այս սերնդափոխության հետևանքով ամերիկյան քոլեջներում և համալսարաններում Հոլոքոստին առնչվող դասընթացների մեծ պահանջ է նկատվում։ Ի լրումն՝ վերջին տարիներին Եվրոպայի, նախկին ԽՍՀՄ, ԱՄՆ արխիվներից ու մասնավոր հավաքածուներից նախկինում ոչ մատչելի արխիվային նյութեր են բացահայտվել։ Այս փաստաթղթային հավաքածուները նախկինում նմանը չունեցող հնարավորություններ են բացել Հոլոքոստի ժամանակաշրջանի պատմության նորովի լուսաբանման, ինչպես նաև Հոլոքոստի գիտական և էթիկական նշանակության վերհանման համար։

Կենտրոնում գործում են մի շարք ծրագրեր. հրավիրյալ հետազոտողների (visiting scholar programs), արխիվային հավաքածուների (archival collection program), դասախոսական անձնակազմի համար նախատեսվող սեմինարների (seminars for faculty), հետազոտական աշխատանքային սեմինարների (research workshops) և այլն։ Կենտրոնը դրամաշնորհներ է տրամադրում Հոլոքոստին նվիրված կարևոր հետազոտությունների անցկացմանը և շարադրմանն օժանդակելու համար։ Դրանք տրվում են մրցութային հենքով։ Ծրագրերը կարող են վերաբերել Հոլոքոստին առնչվող բոլոր կարևոր թեմաներին, այդ թվում՝ պատմությանը, քաղաքագիտությանը, գրականությանը, հրեական հետազոտություններին, փիլիսոփայությանը, կրոնին, հոգեբանությանը, ցեղասպանությունների համեմատական ուսումնասիրությանը, իրավունքի հարցերին և այլն։ Հրավիրյալ հետազոտողների համար մատչելի են Հոլոքոստին առնչվող վերը հիշատակված փաստաթղթային մեծածավալ նյութերը, գրադարանը, բանավոր պատմություններին (այստեղ պահվում են շուրջ 9 հազար պատմությունների ձայնագրություններ), ֆիլմերին, լուսանկարներին ու հուշերին առնչվող հավաքածուները, Հոլոքոստը վերապրողների տվյալների շտեմարանը։ 1994թ. ի վեր կենտրոնը հյուրընկալել է 235 հետազոտողների, անց են կացվել շուրջ 370 սեմինարներ և գիտաժողովներ։

Թանգարանի վեբկայքում տեղադրված է Հոլոքոստի արդիական ուսումնասիրությունների կենտրոնի օժանդակությամբ 12 տարվա ընթացքում հրատարակված շուրջ հինգ տասնյակ գրքերի ցուցակը՝ յուրաքանչյուրի մասին համառոտ տեղեկություններով, ինչպես նաև ավելի քան չորս տասնյակ դասախոսությունների կամ գիտաժողովներում հնչած ելույթների PDF տարբերակները։ Կենտրոնն ունի նաև էլեկտրոնային լրատու (electronic newsletter), որին կարող է բաժանորդագրվել ցանկացած ոք ու պարբերաբար ստանալ թանգարանի գործունեությանն առնչվող թարմ լուրեր։ Կենտրոնի վեբկայքում է տեղակայված թանգարանում պահվող շուրջ ութ տասնյակ հավաքածուների գրեթե կեսի համառոտ նկարագրությունը, ինչպես նաև թանգարանի նյութերի թեմատիկ-առարկայական բավական ընդարձակ ցանկը։ Ամեն ամիս ինտերնետային այցելուները նայում են թանգարանի վեբկայքի 10 մլն 100 հազար էջեր, ամեն տարի ներկայացվում են արխիվներից օգտվելու 17 հազար, լուսանկարային ֆոնդերից օգտվելու շուրջ 1800 դիմումներ։

Միացյալ Նահանգների Հոլոքոստի մեմորիալ թանգարանի կառուցումը սկսվել է 1989թ. հուլիսին և ավարտվել 1993թ. ապրիլին։ Կառուցումն արժեցել է $90 մլն, ևս $78 մլն ծախսվել է ցուցադրության կազմակերպման համար։

Թանգարանի կառավարումն իրականացվում է խորհրդի կողմից, որի 65 անդամները (այդ թվում՝ 10 կոնգրեսական և սենատոր, ներկայացուցիչներ պետական, կրթության և ներքին գործերի դեպարտամենտներից) նշանակվում են ԱՄՆ նախագահի կողմից։ Թանգարանի խորհրդի ներկայիս նախագահ Fred S. Zeidman-ը, որն այդ պաշտոնում նշանակվել է 2002թ., Հյուսթոնից է (Տեխասի նահանգ)։ Նա բիզնեսի ոլորտից է և ներկայումս ղեկավարում է թանգարանի համար մշտական եկամուտ ապահովող ֆոնդի (endowment fund) ձևավորման գործը։ Խորհրդի փոխնախագահ Joel M. Geiderman-ը Լոս Անջելեսից է, Հոլոքոստը վերապրողի որդի է, բժշկական էթիկայի մասնագետ, ինչպես նաև շտապ բուժօգնության համերկրային ճանաչում ունեցող անձնավորություն։ Թանգարանի հինգերորդ, 1989թ. ի վեր գործադիր տնօրենն է Sara Bloomfield-ը։ Ամենամյա շուրջ $70 մլն բյուջեի կեսը թանգարանը, որպես կանոն, ստանում է դաշնային կառավարությունից, իսկ մասնավոր սեկտորն օժանդակում է կրթական և գիտական հետազոտությունների գործը։ Ներկայումս թանգարանի բյուջեի $43,8 մլն-ը ստացված է դաշնային բյուջեից, $25,9 մլն-ը՝ մասնավոր սեկտորից։ Ցանկացողների համար ստեղծվել է հնարավորություն՝ իրականացնելու դրամական նվիրատվություններ։

1993թ. ապրիլին բացվելուց հետո թանգարան է այցելել 24,4 մլն մարդ, այդ թվում՝ 17 մլն ոչ հրեաներ։ Թանգարան են այցելել պետությունների 85 ղեկավարներ և պատվիրակություններ 131 երկրներից։ Կարևոր հանգամանք է դիտվում 8 մլն դպրոցականների այցելության փաստը։

Թանգարանի օժանդակողների (բարեկամների) պաշտոնական թիվը 145 հազար մարդ է, հաստատության գործունեությանն աջակցում են ավելի քան 320 կամավորներ, այդ թվում՝ 86 վերապրողներ։ Կամավորներն իրենց գործունեությամբ թանգարանին՝ տարեկան կտրվածքով, նվիրում են 60 հազար ժամ։ Թանգարանի աշխատակիցների կողմից տարվող ամենամյա մասնագիտական դասընթացներին (թրեյնինգ) մասնակցում են ավելի քան 3000 ուսուցիչներ ԱՄՆ բոլոր նահանգներից։ 1991-ից սկսած՝ թանգարանի կազմակերպած ութ տարբեր ցուցադրություններ շրջել են ԱՄՆ 36 նահանգների գրեթե հարյուր քաղաքներով։

ԱՄՆ Կոնգրեսը, որպես ամերիկյան ազգի կողմից Հոլոքոստի զոհերի ամենամյա նշման օրեր, սահմանել է Հիշատակի օրեր (Days of Remembrance), որոնք նշվում են 2001թ. ի վեր։ Այդ նույն տարվանից Հոլոքոստի հիշատակի օրը նշվում է նաև Մեծ Բրիտանիայում։ 2007թ. Հոլոքոստի հիշատակի օրը ապրիլի 15-ն էր, կիրակի, սակայն տարաբնույթ հանդիսություններն իրականացվում էին մեկ շաբաթ տևողությամբ։ Որպես 2007թ. հանդիսությունների հիմնական թեմատիկ շեշտադրում՝ թանգարանն ընտրել էր «Երեխաները ճգնաժամի պայմաններում. ձայներ Հոլոքոստից» (Children in Crisis: Voices from the Holocaust) վերնագիրը։

2007թ. ապրիլի 18-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ելույթ է ունեցել թանգարանում։ ԱՄՆ նախագահին ներկայացնելիս թանգարանի խորհրդի նախագահը նկատել է, որ Ջ.Բուշի աները՝ որպես երիտասարդ զինվոր, Երկրորդ համաշխարհայինի տարիներին մասնակցել է համակենտրոնացման ճամբարի ազատագրմանը։ Նախագահի շուրջ տասը էջանոց ելույթի խոսքում Հոլոքոստի իրողությունը դիտարկվել է լայն համատեքստում, շեշտվել է Հոլոքոստի թանգարանի գործունեության այժմեականությունը, մեծ ուշադրություն է հատկացվել Դարֆուրում (Սուդան) մեր օրերում ընթացող ցեղասպանությանը։

Նկատենք, որ թանգարանի վեբկայքում կա հատուկ էջ, որտեղ համապատասխան նյութերի մատուցմամբ բավական մանրամասն խորհուրդներ են տրվում, թե ինչպես է պետք կազմակերպել Հոլոքոստի հիշատակի օրվա նշումը։

2006թ. հոկտեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունեց հունվարի 27-ը որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի նշման ամենամյա միջազգային օր (Annual International Day of Commemoration in Memory of the Victims of the Holocaust) սահմանելու որոշում։ Այդ օրը 1945թ. ազատագրվեց Աուշվից-Բիրկենաուն՝ նացիստների ստեղծած ամենամեծ համակենտրոնացման ճամբարը։

1 Վերոշարադրյալի հենքը կազմում է Գերմանական և եվրոպական ուսումնասիրությունների կանադական կենտրոնի (The Canadian Centre for German and European Studies) աշխատակից, անկախ հետազոտող Մատիաս Հասի ծավալուն աշխատանքի մի մասը։ Տե՛ս Matthias Haβ. The Politics of Memory in Germany, Israel and the United States of America. The Canadian Centre for German and European Studies, Working Paper Series Number 9, pp. 12-15.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր