• am
  • ru
  • en
Версия для печати
18.11.2008

ԿԻՊՐԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ

   

Վահրամ Հովյան

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կիպրոսում հաստատված հայությունը Սփյուռքի ամենահին և ավանդական համայնքներից է։ Ըստ Հայ սփյուռք հանրագիտարանի՝ դեռևս վաղ միջնադարում (4-5-րդ դդ.) Կիպրոսում եղել են առանձին հայ պաշտոնյաներ, զինվորականներ, առևտրականներ։ Հայկական համայնքն այստեղ ձևավորվել է 12-րդ դարում։ Կիլիկիայի հայոց թագավորության անկումից (1375թ.) և Հայոց ցեղասպանությունից (1915-23թթ.) հետո Կիպրոսում հայերի թվաքանակը ստվարացել է։ Ներկայումս, համաձայն վերոհիշյալ աղբյուրի, հայերի թիվն այնտեղ հասնում է մոտ 2000-ի1։ Կիպրոսի հայ համայնքի թվաքանակի մասին նմանատիպ ցուցանիշ (2000) է հրապարակված նաև Կիպրոսաբնակ հայության համացանցային հանգույցում2։ Իսկ ըստ Կիպրոսի հայ համայնքի պաշտոնական վեբկայքի՝ ներկայումս հայության թիվը կղզում տատանվում է 3000-3500-ի սահմաններում3։

Հայկական սփյուռքի ավանդական կառույցները (դպրոց, եկեղեցի, մամուլ) միշտ էլ ակտիվորեն են գործել՝ լինելով հայ համայնքի ինքնակազմակերպման և հայապահպանության արդյունավետ մեխանիզմներ։

Հայերը՝ որպես Կիպրոսի Հանրապետության քաղաքացիներ, լիովին ինտեգրված են այդ երկրի հասարակությանը և ակտիվ մասնակցություն են ցուցաբերում հատկապես հասարակական-քաղաքական կյանքին։ Դրա լավագույն վկայությունը, թերևս, այն է, որ սույն թվականի մարտի 6-ին հայազգի Մարիոս Գարոյանն ընտրվեց Կիպրոսի խորհրդարանի (Ներկայացուցիչների պալատ4) նախագահ։ Նա 2006թ. հոկտեմբերի 22-ից Կիպրոսի առաջատար քաղաքական կուսակցություններից մեկի՝ Ժողովրդավարական կուսակցության նախագահն է5։

Կիպրոսաբնակ հայությունն ունի կրոնական համայնքի կարգավիճակ6։ Հայ համայնքը Ներկայացուցիչների պալատում ունի 1 ներկայացուցիչ7։ Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչն է նշանավոր գործարար և հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Մահդեսյանը8։

Կիպրական հասարակությանը հայերի ինտեգրվածության մասին է վկայում թեկուզ այն, որ ս.թ. նոյեմբերի 5-ին Կիպրոսի նախագահ Դեմետրիս Քրիստոֆիասը գլխավորել է Լիմասոլում հայկական դպրոցի բացման արարողությունը9։

Կիպրահայությունը զերծ չէ Սփյուռքի հայ համայնքներին բնորոշ ընդհանուր հիմնախնդիրներից ու մարտահրավերներից. հայապահպանություն, ինքնակազմակերպում, համայնքային կառույցների կենսունակություն, ավանդական հայկական կառույցների կողքին արդիական՝ ժամանակի ոգուն ու պահանջներին համապատասխանող նոր կառույցների ստեղծում և այլն։ Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր համայնք յուրահատուկ է իր հիմնախնդիրներով ու մարտահրավերներով՝ կապված տվյալ երկրի մշակույթի, սոցիալ-քաղաքական միջավայրի և այլ գործոնների հետ։ Կիպրոսի հայ համայնքային վեբկայքերում (www.Gibrahayer.com, www.cyprusarmenians.com, www.hayem.org) զետեղված նյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս որոշակի ընդհանրական եզրակացությունների գալ այնտեղ տիրող իրավիճակի և հիմնախնդիրների վերաբերյալ։

Վերոհիշյալ վեբկայքերից առաջինը՝ www.Gibrahayer.com-ը, Gibrahayer էլ. պարբերականի վեբկայքն է։ Մյուս երկուսը՝ www.cyprusarmenians.com-ը և www.hayem.org-ը, տեղական համայնքային վեբկայքեր են։ Ինչպես նշված է www.cyprusarmenians.com-ի գլխավոր էջում, այն Կիպրոսի հայ համայնքի պաշտոնական վեբկայքն է։ Մինչդեռ www.hayem.org-ի գլխավոր էջում պարզապես նշված է, որ այն կիպրոսաբնակ հայերի հանգույց է։

Համայնքային հիմնախնդիրներ

Համայնքային իրավիճակին առնչվող հիմնահարցերից գլխավորը, թերևս, հայոց լեզվի պահպանման խնդիրն է։

Նշենք, որ կիպրահայությունը լեզուների տիրապետման առումով ունի երեք տարբերակ՝ հայերեն (որպես մայրենի լեզու), հունարեն (որպես Կիպրոսի պետական լեզու) և անգլերեն (որպես ժամանակակից ամենատարածված միջազգային լեզու, ինչպես նաև որպես նախկին մետրոպոլիայի լեզու, որը հնուց եկող ավանդույթներ ունի կիպրաբնակների կյանքում)։

Gibrahayer էլ. պարբերականը ս.թ. սեպտեմբերի 24-ի համարում հրապարակել է Կիպրոսի հայության շրջանում անցկացված համացանցային օնլայն հարցման արդյունքներ, որոնք վերաբերում են կիպրոսաբնակ հայության կյանքի տարբեր ոլորտներին10։ Հայոց լեզվի առումով, ինչպես ցույց են տալիս հարցման արդյունքները, Կիպրոսի հայ համայնքում իրավիճակը, Եվրոպայի այլ հայ համայնքների համեմատությամբ, ավելի մխիթարական է։

Ըստ հարցման արդյունքների՝ հարցվածների գերակշիռ մեծամասնությունը (70%) նշում է, որ ավելի լավ տիրապետում է հայերենին, քան հունարենին կամ անգլերենին։ Թեև լեզվի տիրապետման առումով Gibrahayer էլ. պարբերականը հարցման այլ տվյալներ չի հրապարակում, սակայն այս տվյալից կարելի է ենթադրել, որ հարցվածների մնացյալ 30%-ը նույնպես որոշակիորեն տիրապետում է հայերենին, քանի որ հունարենին կամ անգլերենին ավելի լավ տիրապետելը չի նշանակում մայրենի լեզվին տիրապետության իսպառ բացակայություն։ Այսպիսով, չնայած Կիպրոսի հայ համայնքում հայոց լեզվի նահանջի մասին առկա խոսակցություններին, որի մասին տեղեկացնում է կրկին Gibrahayer էլ. պարբերականը, ըստ վերոնշյալ հարցման արդյունքների՝ կարելի է ենթադրել, որ կիպրոսաբնակ հայությունն ընդհանուր առմամբ տիրապետում է հայերենին՝ կամ ազատ (մեծամասնությունը), կամ որոշակիորեն (փոքրամասնությունը)։ Փաստորեն, մայրենի լեզվին տիրապետելու առումով՝ Կիպրոսի հայ համայնքը Սփյուռքի հայ համայնքների մեջ գտնվում է շահեկան դիրքերում, քանի որ այն, ըստ էության, Սփյուռքի փոքրաթիվ հայախոս համայնքներից մեկն է։

Համայնքային կյանքին առնչվող հաջորդ կարևոր խնդիրը վերաբերում է Կիպրոսում հայկական կրթական հաստատությունների վիճակին։ Այս առումով վիճակը մտահոգիչ է։ 2005թ. ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական վարչության որոշմամբ փակվեց Մելգոնեան կրթական հաստատությունը, որը երկար տարիներ վճռորոշ դեր է խաղացել, ոչ միայն կիպրոսաբնակ, այլև առհասարակ սփյուռքահայ պատանիների ու աղջիկների կրթա-մշակութային կյանքում11։ Մելգոնեան կրթական հաստատության փակումից հետո «Նարեկ» կրթական հաստատությունների ցանցը, ըստ էության, դարձել է միակ կրթական կառույցը Կիպրոսի հայ համայնքում։

Սակայն վերջինիս դրությունն էլ բարվոք չէ։ Gibrahayer-ի հարցմանը մասնակցածների միայն 29%-ն է դրական գնահատել «Նարեկի» գործունեությունը, 71%-ը «Նարեկի» գործունեությանը տվել է բացասական գնահատական։ Դրական գնահատական տվածների (29%) մեջ միայն 4%-ն է «Նարեկի» գործունեությունը գնահատել շատ լավ կամ գերազանց։ Մնացյալ հատվածը՝ 25%, «Նարեկի» գործունեությունը գնահատել է պարզապես լավ։ Բացասական գնահատական տվածների (71%) 51%-ը համարել է, որ «Նարեկի» գործունեությունը կարող էր ավելի լավը լինել, մնացյալ 20%-ն այդ գործունեությունը համարում է շատ վատ։

Կրթական հաստատությունների մտահոգիչ իրավիճակի մասին է վկայում նաև այն, որ հարցման մասնակիցների մեծ մասը՝ 54%-ը, ցանկություն է հայտնել իրենց երեխաներին ուղարկել անգլիական մասնավոր միջնակարգ դպրոցներ12։

Այսպիսով, թեև Կիպրոսի հայ համայնքը, ընդհանուր առմամբ, հայախոս է, սակայն հայոց լեզվի պահպանման հեռանկարի առումով վիճակը մտահոգիչ է, քանի որ, ինչպես ցույց են տալիս հարցման արդյունքները, հայոց լեզուն կիպրոսաբնակ հայերի շրջանում միտում ունի զիջել դիրքերը անգլերենին։

Համայնքային կյանքին առնչվող հաջորդ հիմնահարցը կրոնի և մասնավորապես՝ եկեղեցու դերն է։ Gibrahayer էլ. պարբերականի՝ մեր կողմից կանոնավոր կերպով ստացվող համարներում զետեղված նյութերի դիտարկումը ցույց է տալիս, որ համայնքային կյանքում կրոնական բնույթի միջոցառումներն փոքր տեսակարար կշիռ ունեն13։ Այդ մասին է վկայում նաև Կիպրոսի հայ համայնքի պաշտոնական վեբկայքում համայնքային միջոցառումների մասին ազդարարող նյութը14։

Կրոնի ու եկեղեցու ունեցած դերի մասին որոշակի կարծիք կարելի է կազմել՝ դիտարկելով նաև վերոհիշյալ ինտերնետային օնլայն հարցման արդյունքները։ Gibrahayer էլ. պարբերականը սույն թվականի սեպտեմբերի 24-ի համարում տեղեկացնում է, որ հարցմանը մասնակցածների միայն 18%-ն է կանոնավոր հաճախում եկեղեցի։ Հարցվածների շուրջ 6%-ը նշել է, որ ընդհանրապես չի հաճախում եկեղեցի։ Մնացյալ հատվածը (գերակշիռ մասը՝ մոտ 76%) եկեղեցի է հաճախում տարին մի քանի անգամ՝ մկրտությունների, հարսանիքների և հուղարկավորությունների առիթով։

Այսինքն՝ ընդհանուր առմամբ կրոնի դերը փոքր է Կիպրոսի հայ համայնքում։ Մարդկանց մեծ մասի համար եկեղեցին ավելի շուտ մշակութային, քան կրոնական ինստիտուտ է, ինչն ասոցացվում է հիմնականում ծիսակատարությունների հետ։ Դա, թերևս, կարելի է բացատրել արդի դարաշրջանի ընդհանուր աշխարհիկացմամբ (հատկապես՝ Արևմուտքում) և մարդկային կյանքում կրոնի տեղի ու դերի նվազմամբ։

Համայնքային խնդիրներից հաջորդը վերաբերում է համայնքային կյանքի աշխուժությանը։ Չնայած կիպրահայության փոքրաթվությանը, համայնքային կյանքն այստեղ ակտիվ է ընթանում (հասարակական, մշակութային, սպորտային և այլ բնույթի բազմաթիվ միջոցառումներ)։ Համայնքային միջոցառումների մի մասն ունի մշտական, այսինքն՝ պարբերաբար կրկնվող բնույթ։ Այդպիսին է, օրինակ, ամեն չորեքշաբթի Լառնակայի հայկական ակումբում տեղի ունեցող համայնքային հավաքույթը, որին հաջորդում է ընթրիք։ Միջոցառումների մեծ մասը, սակայն, պարբերական բնույթ չի կրում։ Դրանք հիմնականում մեկ անգամ տեղի ունեցող միջոցառումներ են։ Այսպիսի միջոցառումներից է, օրինակ, ս.թ. նոյեմբերի 14-ին նախատեսվող ՀՕՄ Կիպրոսի «Սոսե» մասնաճյուղի 20-ամյակի նշումը Նիկոսիայի Կլեոպատրա հյուրանոցում15։

Ինչ վերաբերում է համայնքային միջոցառումներին կիպրահայերի ակտիվ մասնակցությանը, ապա այդ մասին վկայում են Gibrahaer էլ. պարբերականի անցկացրած հարցման արդյունքները։ Հարցվածների միայն 13%-ն է նշել, որ չի մասնակցում համայնքային միջոցառումներին։ Համայնքային միջոցառումներին պասիվ (ավելի քիչ, քան տարին երեք անգամ) է մասնակցում հարցմանը մասնակցածների ընդամենը 10%-ը։

Քաղաքական իրավիճակ

Համայնքում քաղաքական իրադրության հետ կապված հիմնախնդիրներն առավելապես վերաբերում են կիպրահայերի քաղաքական կողմնորոշումներին։

Թերևս, կարևոր է նախ բացահայտել Կիպրոսի հայ համայնքում առկա գաղափարական կողմնորոշումները։ Հարցմանը մասնակցածների 14%-ը խուսափել է անդրադառնալ իր գաղափարական կողմնորոշմանը։ Մնացյալ հատվածում գաղափարական կողմնորոշումն ունի հետևյալ պատկերը. 19%-ը իրեն համարում է աջ, 24%-ը՝ աջ-կենտրոնամետ, 49%-ը՝ ձախ-կենտրոնամետ և 9%-ը՝ կոմունիստ (ձախ)։ Փաստորեն, իրենց գաղափարական կողմնորոշման մասին արտահայտվածների հարաբերական մեծամասնությունն (49%) ունի ձախ-կենտրոնամետ դիրքորոշում։

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ կիպրահայության շրջանում արմատական կողմնորոշումները՝ աջ և ձախ, լայն տարածում չունեն։ Դրանք, ըստ հարցման արդյունքների, կազմում են համապատասխանաբար՝ 19% և 9%, միասին վերցրած՝ 28%։ Կիպրոսի հայ համայնքում առավել տարածված են չափավոր տրամադրությունները՝ աջ-կենտրոնամետ և ձախ-կենտրոնամետ, որոնք, համաձայն հարցման արդյունքների, կազմում են համապատասխանաբար՝ 24% և 49%, միասին վերցրած՝ 73%։

Կարելի է նշել, որ կիպրոսաբնակ հայությունն ունի ավելի շատ ձախ (58%, որից 49%-ը՝ չափավոր և 9%-ը՝ արմատական), քան աջ (43%, որից 24%-ը՝ չափավոր և 19%-ը՝ արմատական) գաղափարական կողմնորոշում։

Գաղափարական տեսակետից Կիպրոսի հայ համայնքում առկա չափավոր տրամադրություններն իրենց արտացոլումը գտնում են նաև կիպրոսաբնակ հայերի կուսակցական կողմնորոշումներում16։

Gibrahayer-ը հաղորդում է, որ իր անցկացրած համացանցային օնլայն հարցմանը մասնակցածների 18%-ը բաց է թողել կուսակցական կողմնորոշման հարցը։ Գաղափարական կողմնորոշման մասին հրաժարվել էր արտահայտվել հարցվածների 14%-ը։ Ինչպես տեսնում ենք, գաղափարական և կուսակցական կողմնորոշումների վերաբերյալ արտահայտվել չցանկացողների թվերը մոտավորապես համահունչ են միմյանց։

Իսկ հարցմանը մասնակցած այն կիպրոսաբնակ հայերի շրջանում, որոնք արտահայտվել են իրենց կուսակցական կողմնորոշման մասին, Կիպրոսի քաղաքական կուսակցությունների վարկանիշը հետևյալն է։ Հարաբերական մեծամասնությամբ՝ 34%, առաջին տեղում է Ժողովրդավարական կուսակցությունը (DICO)։ Այն աջ-կենտրոնամետ կուսակցություն է17։ 29% վարկանիշով երկրորդ տեղում է Կիպրոսի ժողովրդավարական միավորում (DISY) կուսակցությունը: Գաղափարական կողմնորոշմամբ այն նույնպես աջ-կենտրոնամետ կուսակցություն է18։ 25% վարկանիշով երրորդ տեղում է Աշխատավորների առաջադիմական կուսակցությունը (AKEL)։ Վերջինս կոմունիստական (ձախ) կուսակցություն է19։ Եվ վերջապես, հարցման արդյունքներով եզրափակիչ չորրորդ տեղում է Սոցիալ-դեմոկրատների շարժում (EDEK) կուսակցությունը, որի վարկանիշն է 15%։ Սա ձախ-կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն է20։ Այսպիսով, ինչպես երևում է հարցման արդյունքներից, կիպրահայությունն ավելի շատ հակված է դեպի կենտրոնամետ (չափավոր) կուսակցությունները։

Համեմատելով գաղափարական և կուսակցական կողմնորոշումներին վերաբերող հարցման արդյունքները՝ տեսնում ենք, որ դրանք մոտավորապես համահունչ են միմյանց։ Չափավորությունը (կենտրոնամետություն) գաղափարական կողմնորոշման առումով կազմում է մոտ 73%, կուսակցական կողմնորոշման առումով՝ մոտ 75%։

Հաջորդ կարևոր հարցը վերաբերում է Կիպրոսի հայ համայնքի կողմնորոշումներին հայկական կուսակցությունների նկատմամբ։ Բնականաբար, խոսքը Սփյուռքում գործող հայ ավանդական կուսակցությունների մասին է։ Հայ ավանդական կուսակցությունների նկատմամբ կիպրոսաբնակ հայերի կողմնորոշումների մասին պատկերացում կազմելու համար կրկին դիմենք Gibrahayer էլ. պարբերականի անցկացրած օնլայն հարցման արդյունքների օգնությանը։

Կիպրահայությունը հայ ավանդական կուսակցությունների նկատմամբ կողմնորոշման առումով իրեն համարում է չեզոք։ Այնուամենայնիվ, հարցմանը մասնակցած հայերը որոշակի դիրքորոշում արտահայտել են՝ պատասխանելով այն հարցին, թե որ կուսակցության օգտին կքվեարկեին, եթե լիներ նման առիթ։

Նշենք, որ 18%-ը բաց է թողել այս հարցը։ Մնացյալ հատվածի շրջանում ձայները բաշխվել են հետևյալ կերպ։ Ձայների գերակշիռ առավելությամբ առաջին տեղում է ՀՅ Դաշնակցությունը (70%)։ Նրան հետևում են ռամկավարները (14%), հնչակյանները (13%) և կոմունիստները21 (5%)։ Հարցման նման արդյունքներն անակնկալ չեն՝ հաշվի առնելով, որ Դաշնակցությունը միշտ էլ մեծ հեղինակություն է վայելել սփյուռքահայության շրջանում։

Քաղաքական իրավիճակի բացահայտման տեսակետից կարևոր է նաև կիպրոսաբնակ հայության գնահատականն այդ երկրի խորհրդարանում հայ համայնքը ներկայացնող պատգամավոր Վարդգես Մահդեսյանի գործունեությանը։ Հարցմանը մասնակցածների մեծամասնությունը (66%) դրական գնահատական է տվել վերջինիս գործունեությանը՝ համարելով այն լավ կամ գերազանց։ Հարցվողների 23%-ը կարծիք չի արտահայտել։ Եվ միայն հարցվողների 11%-ն է պատգամավոր Վարդգես Մահդեսյանի գործունեությունը գնահատել անբավարար։

 

Սոցիալական իրավիճակ

 

Հարցվածների միայն 10%-ն է նշել, որ գումարային խնդիրներ չունի։ Հարցվողների մոտ կեսը նշել է, որ ապրում է նորմալ։ Մինչդեռ մոտ 30%-ը նշել է, որ կարողանում է բավարարել պահանջմունքները։ 5%-ը չի կարողանում բավարարել պահանջմունքները։

Ամփոփում

Այսպիսով, Կիպրոսի հայ համայնքային վեբկայքերում առկա նյութերի ուսումնասիրությունը որոշակի լույս է սփռում այնտեղ առկա իրավիճակի վրա։ Կիպրոսի հայ համայնքը Սփյուռքի ամենակազմակերպված և ակտիվ համայնքներից է։ Դա հատկապես արտահայտվում է համայնքային կյանքի աշխուժությամբ։ Միաժամանակ, կիպրահայությունը՝ որպես ողջ կիպրոսյան հասարակության մի մաս, ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին և ունի իր դիրքորոշումները։ Կիպրոսի հայ համայնքը զերծ չէ նաև հիմնախնդիրներց ու մարտահրավերներից։ Վերջիններս վերաբերում են հայոց լեզվի պահպանման հեռանկարին, հայկական կրթական հաստատությունների իրավիճակին, կիպրոսաբնակ հայության սոցիալական դրությանը և այլն։

1Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003թ., էջ 343-344։

2http://www.hayem.org/ (դիտված է 29.10.08)։

3http://www.cyprusarmenians.com/index.htm (դիտված է 29.10.08)։

4Այսպես է կոչվում Կիպրոսի խորհրդարանը։ Տե´ս http://www.parliament.cy

5Մարիոս Գարոյանի մասին այս և այլ տեղեկություններ տե´ս http://www.parliament.cy/parliamenteng/ index.htm և http://en.wikipedia.org/wiki/Marios_Karoyian հասցեներում։

6http://www.hayem.org/ (դիտված է 29.10.08)։

7Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003թ., էջ 344։

8http://www.cyprusarmenians.com/index.htm (դիտված է 29.10.08)։

9Լիմասոլում բացվել է «Նարեկ» դպրոցը, Ազգ, 08.11.2008։

10Ինքնին հասկանալի է, որ համացանցային օնլայն հարցումները սոցիոլոգիական հետազոտությունների լավագույն մեթոդը չեն։ Այդ մասին հիշատակված է նաև հարցման արդյունքները հրապարակած Gibrahayer էլ. պարբերականում։ Պարզապես սոցիոլոգիական հետազոտության այլ մեթոդներ կիրառելու համար Gibrahayer էլ. պարբերականը չի ունեցել բավարար ռեսուրսներ (առաջին հերթին՝ մարդկային առումով)։ Այնուամենայնիվ, վերոհիշյալ հարցումների արդյունքները լույս են սփռում համայնքում առկա իրավիճակի վրա։

11http://www.cyprusarmenians.com/index.htm (դիտված է 29.10.08)։

12Ուշագրավ է, որ հարցմանը մասնակցածներից ոչ ոք ցանկություն չի հայտնել երեխաներին ուղարկել հունական կրթական հաստատություններ, թեև վերջին տարիներին, ինչպես նշում է Gibrahayer էլ. պարբերականը ս.թ. սեպտեմբերի 24-ի համարում, փորձեր կատարվում են խթանելու հունարենի տարածումը՝ ի հաշիվ հայերենի և անգլերենի։ Թե ում կողմից են կատարվում այդ փորձերը, Gibrahayer էլ. պարբերականը չի մանրամասնում։ Մնում է ենթադրել՝ ամենայն հավանականությամբ Կիպրոսի կառավարության կողմից։

13Այս մասին տե´ս նաև http://www.gibrahayer.com/index.php5?alias=news հասցեում։

14http://www.cyprusarmenians.com/index.htm (դիտված է 29.10.08)։

15Համայնքային միջոցառումների մասին պատկերացում կազմելու համար օգտագործվել են Gibrahayer էլ. պարբերականում, ինչպես նաև http://www.gibrahayer.com/index.php5?alias=news և http://www.cyprusarmenians.com/index.htm (դիտված է 29.10.08) հասցեներում զետեղված նյութերը։

16Խոսքը Կիպրոսի քաղաքական կուսակցությունների նկատմամբ կողմնորոշման մասին է։

17Ժողովրդական կուսակցության մասին այս և այլ տեղեկություններ տե´ս http://www.diko.org.cy/ DesktopDefault.aspx և http://en.wikipedia.org/wiki/Democratic_Party_(Cyprus) հասցեներում։

18Կիպրոսի ժողովրդավարական միավորում կուսակցության մասին այս և այլ տեղեկություններ տե´ս http://www.disy.org.cy/ և http://en.wikipedia.org/wiki/Democratic_Rally հասցեներում։

19Աշխատավորների առաջադիմական կուսակցության մասին այս և այլ տեղեկություններ տե´ս http://www.akel.org.cy/ և http://en.wikipedia.org/wiki/Progressive_Party_of_Working_People հասցեներում։

20Սոցիալ-դեմոկրատների շարժում կուսակցության մասին այս և այլ տեղեկություններ տե´ս http://www.edek.org.cy/ և http://en.wikipedia.org/wiki/Movement_for_Social_Democracy հասցեներում։

21Խոսքը Կիպրոսի հայ համայնքում գործող «Ստեփան Շահումյան» առաջադիմական շարժան մասին է, որը կիպրոսյան Աշխատավորների առաջադիմական կուսակցության ենթակառույց է։ Տե´ս http://www.hayem.org/ (դիտված է 29.10.08) և http://www.hayem.org/ (դիտված է 29.10.08)։ Բնականաբար, այդ կառույցը չի դասվում հայ ավանդական կուսակցությունների շարքին։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր