• am
  • ru
  • en
Версия для печати
05.03.2010

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

   

Արտյոմ Տեր-Հարությունյան

Հոդվածը նվիրված է տնտեսական անվտանգության ապահովման իրավական կարգավորման հիմնախնդիրներին: Վերհանվել և հիմնավորվել է անցումային և նոր սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում տնտեսական հարաբերությունների նորովի իրավական կարգավորման անհարժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել նաև ներկայիս պայմաններում ՀՀ-ում գործող տնտեսական անվտանգության ապահովման իրավական հիմքերին (իրավական դաշտին): Բացի այդ, տնտեսական անվտանգության ապահովման ոլորտում ամբողջական և արդյունավետ օրենսդրություն ապահովելու համար ներկայացված են կոնկրետ առաջարկներ:

«Տնտեսական անվտանգություն» եզրը, ինչպես և «ազգային անվտանգություն»-ը, առաջացել է 20-րդ դարի կեսերին: Մինչև երկրորդ աշխարհամարտն ավելի շատ խոսվում էր «պաշտպանության» և «պաշտպանունակության» մասին: Սակայն արդեն 1947թ. ԱՄՆ-ում ընդունվեց օրենք «Ազգային անվտանգության մասին» և ձևավորվեց նախագահին առընթեր համապատասխան խորհուրդ: Վերջինիս հանձնարարվեց հիմնավորել ոչ միայն արտաքին, պաշտպանությանն առնչվող, այլև տնտեսական քաղաքականությանը վերաբերող որոշումներ [1, էջ 67-68]:

Համաշխարհային տնտեսություն ինտեգրվելու ժամանակակից պայմաններում ՀՀ տնտեսական անվտանգության ապահովման իրավական բազան (դաշտը) նոր է սկսում ձեռք բերել ավելի պրագմատիկ մոտեցումներով պայմանավորված գործընթացի տեսք:

Նշենք, որ տնտեսական անվտանգության ապահովման հիմնական պատասխանատվությունը դրված է պետության` որպես քաղաքական համակարգի կենտրոնական և կարևորագույն ինստիտուտի վրա: Սակայն դա չի նշանակում, որ տնտեսական անվտանգության ապահովման առանձին գործառույթներ վերապահված չեն այլ ինստիտուտների (սուբյեկտների) և դրանք չեն մասնակցում այդ գործընթացին: Տնտեսական անվտանգության ապահովման համակարգը հանդիսանում է ԱԱ ապահավման համակարգի անբաժանելի մասը, որտեղ գործառույթներ են վերապահված բազմաթիվ և տարաբնույթ, պետական և ոչ պետական ինստիտուտների համար:

Տնտեսական անվտանգության ապահովման ընդհանուր իրավական սկզբունքները հենվում են ՀՀ Սահմանադրության, օրենքների և այդ ոլորտը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերի վրա:

Տնտեսական անվտանգության ապահովման մեխանիզմի գործունեությունը կարելի է պատկերացնել այսպես. պետությունն ընկալում է սպառնալիքը, գնահատում այն, մշակում քաղաքականություն և կոնկրետ միջոցառումներ ուղղված ի հայտ եկած կամ հնարավոր սպառնալիքների արգելափակմանը կամ չեզոքացմանը և իրագործում այն իրավական ձևերով ու միջոցներով:

Տնտեսական անվտանգության մեխանիզմի գործունեության հիմքը սպառնալիքի չեզոքացումը և վերացումն է:

ՀՀ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներն են պետության, հասարակության, ընտանիքի և անհատի գոյության դեմ ուղղված, դրանց հիմքերը խարխլող կամ հեռանկարային վտանգ ներկայացնող երևույթները, գործողություններն ու անգործությունը: Նման սպառնալիքներ կարող են ծագել երկրի ներսում (ներքին սպառնալիքներ) և երկրի սահմաններից դուրս (արտաքին սպառնալիքներ) [2, էջ 17]:

Պետության անվտանգության սպառնալիքների ձևավորման համար նախադրյալ են երկրում, միջազգային արենայում, մարդկային գործունեության տարբեր ոլորտներում հասարակական զարգացման արտաքին և ներքին հակասությունների բազմազանությունը: Դա միաժամանակ և գլխավոր ելակետային չափանիշն է այն հասարակական հարաբերությունների վերհանման, որոնք և ձևավորում են տնտեսական անվտանգության ապահովման ոլորտում սոցիալական փոխազդեցության համակարգը:

Հակասությունները և անհամապատասխանություններն այսօր առավել վառ դրսևորվում են սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում: Առանձնացնենք նրանցից մի քանիսը.

- ՀՀ սահմանադրությամբ հռչակված քաղաքացիների սեփականության իրավունքի և սեփականաշնորհման արդյունքում նրանց ռեալ բաշխման միջև,

- լիբերալ տնտեսական ռեֆորմների և բնակչության սոցիալական վիճակի միջև,

- նախկինում ձևավորված և ներկայումս ձևավորվող շուկայական տնտեսության և այդ հարաբերությունները կարգավորող իրավական բազայի գործընթացներից հետ մնալու միջև,

- ռեֆորմների հայտարարված նպատակների և խնդիրների ու դրանք լիարժեք իրականացնելու պետության անկարողության միջև,

- բնակչության մեծ մասի աղքատացման և հասարակության նեղ շերտի մոտ հարստության կուտակման միջև,

- երկրի տնտեսական ներուժի, արդյունաբերական համալիրի, գյուղատնտեսության, գիտության, բնական ռեսուրսների պահպանման և համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու խնդրի միջև:

Հակասությունների հարթումը, անհրաժեշտ հավասարակշռության պահպանումը, որը կհամապատասխանի անձի շահերին, ներդաշնակված բոլոր սոցիալական և մասնագիտական խմբերի շահերի հետ, կազմում է անվտանգության ապահովման հիմնական բովանդակությունը:

Հակասությունների հարթումը իրականացվում է այն կրողների փոխգործակցության դեպքում: Փոխգործակցությունը իրականացվում է երկու ձևով.

- պայքար (կոնֆլիկտային ուղի),

- համագործակցություն (փոխզիջումային ուղի):

Անկասկած, ցանկացած հասարակության համար նախընտրելին համագործակցության ուղին է, որը ենթադրում է տարբեր խմբերի հետաքրքրությունների հավասարակշռում, հակասությունների լուծման օպտիմալ ուղու ընտրություն, այդ թվում` փոխզիջման հիմքով:

Տնտեսության ոլորտում հակասությունների հարթեցումը և լուծումը հնարավոր է այդ ոլորտի հասարակական հարաբերությունների վրա արդյունավետ, նպատակաուղղված և պոզիտիվ ազդեցության ճանապարհով: Դրանց կարգավորման հիմնական կարևոր միջոցը իրավական նորմերն են:

Իրավական նորմերը հասարակության զարգացման արդյունք են: Նրանք սահմանում են վարքագծի պոզիտիվ կանոններ, կազմակերպում են հասարակական հարաբերությունները և կոորդինացնում սոցիալական կապերը [3, с. 776]:

Իրավական նորմերի հասարակական հարաբերությունների վրա ազդեցությունը իրացվում է հասարակական հարաբերությունների մասնակիցների իրավական մշակույթի և իրավագիտակցության միջոցով: Այդ կապակցությամբ արժե նշել տնտեսության ոլորտում հասարակական հարաբերությունների մասնակիցների իրավական մշակույթի և իրավագիտակցության որոշ առանձնահատկություններ:

Պատմականորեն ձևավորվել է այնպես, որ նախկին խորհրդային ռեժիմի գոյության ընթացքում ծնվել է այնպիսի յուրահատուկ մասսայական իրավագիտակցություն, որ տնտեսական ոլորտի իրավական նորմերըն իրենցից ներկայացնում էին աբստրակցիա և նրանց խախտումը ինչ-որ աստիճանով նույնիսկ չէր համարվում դատապարտելի: Քաղաքացիների վարքագծում այդ ստերեոտիպը մինչ այժմ չի հաղթահարվել:

Շուկայական տնտեսության ուղու վրա կանգնած ցանկացած երկիր ունի շուկայական հարաբերությունների իր առանձնահատկությունը, որը տարբերվում է շուկայական այլ մոդելներից: Շուկան տարբեր երկրներում աշխատում է տարբեր կերպ: Մի դեպքում շուկայական մոդելը տալիս է լավ արդյունքներ, մյուս դեպքերում` պրակտիկորեն ոչ մի: Դա վկայում է, որ տնտեսության արդյունավետությունը կախված է ոչ միայն շուկայական հարաբերություններից, այլև հասարակության ընդհանուր մշակութային մակարդակից և իրավագիտակցությունից:

Անհրաժեշտ է նշել, որ տնտեսական անվտանգության սպառնալիքներին հակազդումը պահանջում է ոչ միայն տնտեսական և քաղաքական բարձր պրոֆեսիոնալ գործողություններ, այլև հասարակությունում գերիշխող սոցիալ-հոգեբանական ձևավորված պատկերացումների փոփոխություն:

Տնտեսական անվտանգության տեսանկյունից նյութական և հոգևոր բարիքների արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման ոլորտներում հասարակական հարաբերությունների զարգացման դինամիկան կարող է կրել ինչպես պոզիտիվ, այնպես էլ նեգատիվ բնույթ:

Տնտեսական անվտանգության ամրապնդման համար շատ կարևոր նշանակություն ունի տնտեսության վիճակի շեմային ցուցանիշների, որը սահմանում է տնտեսական անվտանգության ռիսկի գոտիները, իրավական ամրագրումը: Սակայն այսօր դեռևս օրենսդրորեն չեն ամրագրվել տնտեսության վիճակի շեմային ցուցանիշները:

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունում ընդհանուր գծերով սահմանված են տնտեսական անվտանգությանն առնչվող հասկացություններ, մասնավորապես՝ որպես ազգային անվտանգության հիմնարար արժեքներին ծառայող գործոններ ու գործողություններ, որոնց նպատակը տնտեսության կայուն աճն է1:

Տնտեսական անվտանգության ապահովման իրավական մեխանիզմը մեկ ամբողջության մեջ ընդգրկված իրավական և այլ միջոցների համակարգ է, որի օգնությամբ իրականացվում է նպատակաուղղված պետա-իրավական ազդեցություն նյութական և հոգևոր բարիքների արտադրության, փոխանակման, բաշխման և սպառման ոլորտներում հասարակական հարաբերությունների վրա:

Տնտեսական անվտանգության ապահովման իրավական մեխանիզմը բաղկացած է հետևյալ հիմնական տարրերից. իրավական նորմեր, հասարակական հարաբերություններ, ՀՀ տնտեսական անվտանգության սպառնալիքների ծագմանը նպաստող գործոնների պարտադիր մոնիտորինգ, իրավաստեղծություն, իրավակիրառում:

Դինամիկայում այն ունի հետևյալ տեսքը.

1. Իրավական նորմերը կարգավորում են նյութական և հոգևոր բարիքների արտադրության, փոխանակման, բաշխման և սպառման ոլորտներում հասարակական հարաբերությունները՝ տնտեսական անվտանգության արտաքին և ներքին սպառնալիքների ծագման պատճառով առաջացած հակասությունների լուծման և հարթեցման նպատակով:

2. Արտաքին և ներքին սպառնալիքներից պաշտպանվածության աստիճանը հնարավորություն է տալիս գնահատել տնտեսական անվտանգության սպառնալիքների ծագմանը նպաստող գործոնների մոնիտորինգի որակը:

3. Մոնիտորինգի արդյունքներով, տնտեսական անվտանգության սուբյեկտներն ընդունում են հետևյալ որոշումները.

- գոյություն ունեցող իրավական նորմերի կիրառման ակտիվացման մասին (իրավակիրառման ասպեկտ),

- համապատասխան իրավական նորմերի ընդունում, փոփոխում և կասեցում (իրավաստեղծում):

Տնտեսական անվտանգության ոլորտի կարգավորման, տնտեսական ռեֆորմների ապահովման հարցերում ներգրավված են իրավունքի մի շարք ճյուղեր. սահմանադրական, քաղաքացիական, վարչական, ֆինանսական, քրեական և այլն:

Տնտեսական անվտանգության իրավական հիմքերն ընդգրկում են նրա նորմատիվային իրավական բազան, ինչպես նաև իրավաբանական նորմերի իրացման ամբողջ իրավական մեխանիզմը, որը կարգավորում է դրա ապահովման գործունեությունը: Տնտեսական անվտանգության ապահովման իրավական հիմքի կառուցվածքն իրենից ներկայացնում է այդ բնագավառում իրավունքի, օրինականության և իրավակարգի դիալեկտիկական միասնությունը:

Ընդհանրացնելով վերոգրյալը՝ կարելի է առաջարկել ՀՀ տնտեսական անվտանգության իրավական հիմքերի հետևյալ սահմանումը` ՀՀ տնտեսական անվտանգության իրավական հիմքը տնտեսական անվտանգության ապահովման ոլորտում անձի, հասարակության և պետության շահերն արտահայտող ելակետային իրավական դրույթների ամբողջությունն է:

Ներկայումս տնտեսական անվտանգության ապահովման նորմատիվ իրավական խնդիրները թույլ են մշակված՝ կայացման գործընթացում են:

Տնտեսական անվտանգության ապահովման իրավական կարգավորման հիմնախնդիրների նկատմամբ գոյություն ունի այնպիսի մոտեցում, որ տնտեսական հարաբերությունները կարգավորող ՀՀ սահմանադրության և օրենքների, ինչպես նաև ՀՀ նախագահի «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» հրահանգի համապատասխան դրույթներին և նորմերին զուգահեռ, տնտեսական անվտանգության ապահովման իրավական աղբյուրներին պետք է դասել նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին», «Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքները, Քրեական օրենսգրքի համապատասխան նորմերը, Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը, տարաբնույթ սպառնալիքներից (հրդեհներ, արտակարգ պատահարներ, աղետներ) անվտանգության ապահովմանն ուղղված հատուկ նորմատիվ ակտեր, որոնք սահմանում են տնտեսական անվտանգության տարաբնույթ սուբյեկտների և օբյեկտների իրավական կարգավիճակը և այլն:

ՀՀ սահմանադրությունն ամրագրում է. ՀՀ-ում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը, երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը (հոդ. 8), յուրաքանչյուր ոք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը (31), պետությունը պաշտպանում է սպառողների շահերը, իրականացնում օրենքով նախատեսված միջոցառումներ` ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի վերահսկողության ուղղությամբ (31.1), յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք (33.1), յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ (45) [4, էջ 7, 14-15, 18]:

Անհրաժեշտ է նշել նաև, որ տնտեսական անվտանգությունն իրավական տեսանկյունից ներառում է երկու բաղկացուցիչ.

- հասարակական հարաբերությունների այնպիսի վիճակ, որի դեպքում նյութական բարիքների արտադրության, փոխանակման, բաշխման և սպառման ոլորտներում նրա մասնակիցների վարքագիծը համապատասխանում է սահմանված իրավական նորմերին,

- տնտեսական հարաբերությունները կարգավորող այնպիսի օրենսդրություն, որը համապատասխանում է տվյալ ոլորտում անվտանգության ապահովման պահանջներին:

ՀՀ Սահմանադրությունում ուղենշված է տնտեսական հարաբերությունների տեսակը, ինչն արտացոլված է Հիմնական օրենքի 8, 10, 31, 31.1, 32, 33.1, 34, 37, 45, 48 և այլ հոդվածների բովանդակությամբ: Բոլոր այս նորմերն ամրագրում են ՀՀ տնտեսական համակարգի հիմքերը և շուկայական հարաբերությունների կազմակերպման մոդելը:

Տնտեսական անվտանգության իրավական ապահովման գործում զգալի դեր են կատարում նաև.

- ՀՀ նախագահի «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին», «ՀՀ անվտանգության խորհրդի մասին» հրամանագրերը,

- ՀՀ կառավարության որոշումները «ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կանոնադրության հաստատման մասին», «ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության կանոնադրության հաստատման մասին», «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության հաստատման մասին» և այլն,

- տնտեսական անվտանգության ապահովման ոլորտներին վերաբերող պետական կառավարման մարմինների համապատասխան գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը:

Սակայն անհրաժեշտ է արձանագրել, որ նշված նորմատիվ իրավական բազայի վերլուծությունը վկայում է, որ նրանք չեն ստեղծում բավարար իրավական պայմաններ տնտեսական անվտանգության ապահովման համար: Հիմնական բացթողումները կարելի է ընդհանրացնել այսպես.

- այդ նորմատիվ ակտերի մի մասը չի բավարարում շուկայական հարաբերությունների պայմաններում օբյեկտների տնտեսական անվտանգության ապահովման պահանջներին,

- օրենսդրությունը չի դարձել ամբողջական համակարգ, որն ընդունակ է ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը տնտեսական անվտանգության նոր սպառնալիքներից,

- օրենսդրության մեջ առկա բացթողումների, հակասությունների վերացման ուղղությամբ դանդաղկոտությունը հանգեցնում է այդ «դատարկությունների»` պետական իշխանության և կառավարման մարմինների կողմից միմյանց հակասող ակտերի ընդունման,

- ավարտված չէ տնտեսական անվտանգության ապահովման սուբյեկտների գործունեության և կազմակերպման իրավական ապահովումը:

Ընդհանրացնելով տնտեսական անվտանգության ապահովման ոլորտում անձի, հասարակության և պետության շահերը ուղղակի կամ անուղղակի արտացոլող նորմատիվ իրավական ակտերի հիմնական ուղղվածությունը և բովանդակությունը՝ այն կարելի է բաժանել երեք խմբի.

1. Նորմատիվ իրավական ակտեր, որոնք կանոնակարգում են տնտեսական գործունեության բոլոր սուբյեկտների գործունեությունը. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, «ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենք, հարկային օրենսգիրք, վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք, հողային օրենսգիրք և այլն:

2. Նորմատիվ իրավական ակտեր, որոնք կանոնակարգում են տնտեսական անվտանգության առանձին ասպեկտներն ապահովող պետական մարմինների գործունեությունը. ԱԺ կանոնակարգ, «ԱԺ վերահսկիչ պալատի մասին», «ԱԱ մարմինների մասին», «Ոստիկանության մասին», «Մաքսային ծառայության մասին» և ՀՀ այլ օրենքներ:

3. Նորմատիվ իրավական ակտեր, որոնք սահմանում են տնտեսական անվտանգության ապահովման ռազմավարությունը և մեխանիզմները: Այդ խմբի հիմնարար փաստաթուղթը պետք է հանդիսանա «ՀՀ ազգային անվտանգության հիմնական դրույթների մասին» ՀՀ օրենքը, որը գտնվում էր մշակման և քննարկումների փուլում:

«Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքում սահմանվում է ՀՀ ազգային անվտանգություն հասկացությունը. «Պետության և հասարակության այնպիսի կացություն է, երբ ապահովված է անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին ու արտաքին սպառնալիքներից» [5]:

Ազգային անվտանգության տվյալ սահմանումը ընդհանրական է, հետևաբար և տեսական ու պրակտիկ նշանակության տեսանկյունից նաև սահմանափակ:

Այսպիսով, մեր երկրի տնտեսական անվտանգության ապահովման ոլորտում ամբողջական և արդյունավետ օրենսդրություն ապահովելու համար անհրաժեշտ ենք համարում հետևյալը.

- արագացնել «ՀՀ ազգային անվտանգության հիմնական դրույթների մասին» ՀՀ օրենքի ընդունման աշխատանքները,

- արագացնել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության իրացման համար ՀՀ կառավարության կողմից համապատասխան ծրագրերի մշակումը և ընդունումը (մասնավորապես՝ տնտեսական անվտանգության ապահովման հայեցակարգի մշակում),

- նոր օրենսդրությանը համապատասխանեցնել տնտեսական անվտանգության ապահովման ոլորտում ազգային անվտանգության մարմինների գործունեությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերը,

- մշակել և հրապարակել նոր նորմատիվ իրավական ակտեր, որոնք անհրաժեշտ են տնտեսական անվտանգության ապահովման ուղղությամբ գործող օրենսդրության իրացման համար,

- կազմակերպչական ռեսուրսների զարգացում և արդյունավետ օգտագործում [6, էջ 10]:

Նկատի ունենալով հայության զգալի ռեսուրսային ներուժի առկայությունը քաղաքակրթական, տեխնոլոգիական և նյութական ոլորտներում, ներկայումս առավել հրատապ է դառնում կազմակերպչական ռեսուրսի զարգացումը և արդյունավետ օգտագործումը, որն առանցքային խնդիր է արդյունավետ պետության ստեղծման ճանապարհին, ինչն էլ իր հերթին կհանդիսանա ազգային տնտեսության անվտանգ զարգացման հիմնական երաշխավորը [7, էջ 72]:

Օրենսդրական բարեփոխումները նախապայման են կայուն և զարգացած քաղաքացիական հասարակության կայացման համար: Նրանք կոչված են կարգավորելու պետության, հասարակության և անձի գործունեության բոլոր ոլորտները միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան: Ներկայումս իրականացվող օրենսդրական բարեփոխումները պետք է ծառայեն միջազգային ինտեգրման և գլոբոլ ֆինանսատնտեսական տուրբուլենտության պայմաններում Հայաստանի Հանրապետության կայուն ու անվտանգ զարգացման ապահովման նպատակներին:

1Տե՛ս Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն, 07.02.2007։

Աղբյուրներ և գրականության ցանկ

1. Ա.Սմբատյան, Ա.Տեր-Հարությունյան, Գլոբալացման պայմաններում տնտեսական անվտանգության առանձին տեսական հիմնախնդիրների շուրջ, «21-րդ ԴԱՐ», տեղեկատվական-վերլուծական հանդես, 4 (26), Ե., 2009:

2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն, ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես, 2007:

3. Теория государства и права: Курс лекций /Под ред. Н.И.Матузова и А.В.Малько. 2-е изд., перераб. и доп. М., 2003.

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, Ե., 2007:

5. Հոդված 1-ին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենք, 28.12.2001:

6. Գ.Հարությունյան, Հայության կազմակերպման և տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները, «21-րդ ԴԱՐ», տեղեկատվական-վերլուծական հանդես, 2 (20), Ե., 2008:

7. Ա.Սմբատյան, Ա.Տեր-Հարությունյան, Գլոբալացման պայմաններում տնտեսական անվտանգության առանձին տեսական հիմնախնդիրների շուրջ, «21-րդ ԴԱՐ», տեղեկատվական-վերլուծական հանդես, 4 (26), Ե., 2009:


դեպի ետ