• am
  • ru
  • en
02.06.2015

«21-րդ ԴԱՐ» N 3, 2015

Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» հանդեսի 2015թ. 3-րդ համարը։ Հոդվածագիրներն անդրադարձել են թեմաների բավական լայն շրջանակի՝ փոքր և մեծ երկրների դիվանագիտական փոխակերպումներ, ղարաբաղյան հակամարտության իրավաքաղաքական փաստարկներ, Կիպրոսի խնդրի և ղարաբաղյան հակամարտության համեմատություն, Հայաստան-ԵՏՄ առևտրային հարաբերություններ, միգրացիոն գործընթացներ, հայոց հոգևոր արժեքների պաշտպանություն և այլն։

Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71


ՓՈՔՐ ԵՎ ՄԵԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ

Արման Նավասարդյան

Ամփոփագիր

Հոդվածում դիտարկվում են Թուրքիայի դիվանագիտության նպատակների և մեթոդաբանության այլակերպության գործընթացի երեք հիմնական շրջանները` Առաջին համաշխարհային պատերազմից մինչև մեր օրերը: Անդրադարձ է կատարվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի` որպես փոքր և թույլ պետության, քվազիչեզոք դիվանագիտական մանևրներին, որոնց հաջորդեց նրա կտրուկ շրջադարձը դեպի Միացյալ Նահանգներ: XXI դարասկզբին Թուրքիան վերակազմավորում է իր դիվանագիտությունը և ռազմաքաղաքական կոնցեպտը` փորձելով դառնալ Մեծ Մերձավոր Արևելքի քաղաքական հիմնական դերակատարներից մեկը` նորօսմանական աշխարհաքաղաքական հավակնություններով ու նկրտումներով, ինչը հղի է ապակայունացման և ռազմական բախումների վտանգով:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ

Հրայր Փաշայան

Ամփոփագիր

Ադրբեջանական Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման փաստաթղթերի իրավաքաղաքական վերլուծությունը հստակ ցույց է տալիս, որ նախկին Ադր. ԽՍՀ նորանկախ երկու պետություններից ԼՂՀ-ն հռչակել և ձևավորել է իր անկախությունը լեգիտիմ ճանապարհով։ 1991թ. սեպտեմբերի 2-ին ընտրելով անկախության ճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սկզբում ղեկավարվում էր ԽՍՀՄ դեռևս գործող Սահմանադրության և օրենքների լիազորություններով, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո՝ միջազգային իրավունքի ճանաչված սկզբունքներով։
Ի տարբերություն ԼՂՀ-ի՝ Ադրբեջանական Հանրապետությունը 1991թ. օգոստոսին ընդունեց «Պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը և սկսեց կեղծել հայտնի պատմական փաստերն ու իրողությունները և խախտելով ԽՍՀՄ գործող Սահմանադրությունն ու օրենքները՝ կասկածի տակ դրեց նոր ձևավորված ԱՀ իրավական հիմքերն ու լեգիտիմությունը։ Բաքուն կեղծիքների ճանապարհը շարունակեց նաև Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ խախտելով միջազգային իրավունքի հայտնի սկզբունքները՝ բացահայտ ագրեսիա նախաձեռնեց ԼՂՀ-ի դեմ՝ փորձելով զավթել այն տարածքները, որոնց հանդեպ նրա լիազորությունները դադարել էին գործել Ադր. ԽՍՀ իրավահաջորդությունից և Խորհրդային Միության փլուզումից հրաժարվելու պատճառով։

ԿԻՊՐՈՍԻ ԽՆԴԻՐԸ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Աննա Կարապետյան

Ամփոփագիր

Կիպրոսի խնդրի կարգավորման գործընթացում 2014թ. փետրվարին բանակցային նոր փուլ է սկսվել, հաջողվել է համաձայնեցնել կարգավորման նախնական սկզբունքները։ Հոդվածում ուսումնասիրվում են Կիպրոսի հիմնախնդրի էությունն ու բանակցային գործընթացի զարգացման դինամիկան, այս փուլի առանձնահատկությունները։ Դիտարկվում են կողմերի, ինչպես նաև շահագրգիռ երկրների շահերը։ Վերլուծության են ենթարկվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար կիպրական օրինակի կիրառելիությունը, դրա համար անհրաժեշտ պայմանները։

ԷԿՐԱՆԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՈՐՊԵՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՈՑԻՈՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Վարդան Աթոյան, Արփինե Մալքջյան, Սոֆյա Օհանյան

Ամփոփագիր

Էկրանային մշակույթը, հանդիսանալով արդյունաբերական հասարակության ծնունդը և կապված լինելով գիտատեխնիկական առաջընթացի հետ, իր դրսևորումն է ստանում տեղեկատվական հասարակությունում` դառնալով արդիականության առանցքային մշակութաստեղծ երևույթը: Այս մշակույթը փոխում է ոչ միայն մասնագիտական գործունեության բնույթն ու բովանդակությունը, այլև մարդկանց կենցաղն ու կենսակերպը, մասնակցում նրանց արժեքային կողմնորոշումների և սոցիոմշակութային պատկերացումների ձևավորման գործընթացին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՏՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀՈՍՔԵՐԻ ՀԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Գրիգոր Նազարյան, Դավիթ Հախվերդյան

Ամփոփագիր

Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարությունը պետք է հիմնվի արտահանման ներուժի խթանման վրա: ԵՏՄ անդամ երկրների հետ առևտրում Հայաստանն ունի արտահանման հսկայական չիրացված ներուժ: Կարելի է ենթադրել, որ նոր սակագնային քաղաքականության և արտաքին առևտրային կանոնների դյուրացումը կնպաստի ՀՀ-ից դեպի ԵՏՄ երկրներ արտահանման աճին: Մյուս կողմից, արտահանման աճն ինքնաբերաբար չի կարող տեղի ունենալ, այլ պահանջում է հստակ ամրագրված արտաքին առևտրային ռազմավարության կենսագործում:

ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ

Վահրամ Հովյան

Ամփոփագիր

Հոդվածում համառոտ անդրադարձ է կատարվել եգիպտահայ համայնքին, նրա անցյալին ու ներկային, համազգային կառույցներին ու նրանց գործունեությանը, Հայաստանի հետ եգիպտահայ համայնքի կապերին։

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎՐԱ

Արթուր Աթանեսյան, Մարիա Զասլավսկայա, Արեմ Մկրտչյան, Գագիկ Թումանյան

Ամփոփագիր

Հոդվածում ներկայացված է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի հատկացրած գիտական դրամաշնորհի շրջանակներում (2013-2015թթ.) իրականացված ուսումնասիրության արդյունքների մի մասը: Արդյունքները վերաբերում են հայաստանյան տեղական համայնքների ներքին խնդիրների ծագման և լուծման, համայնքային ինքնության փոխակերպման վրա միգրացիոն գործընթացների ազդեցությանը, ինչպես նաև համայնքի գործերին միգրանտների մասնակցության և միգրացիոն ցանցերի ներսում շփման միջոցների և նպատակների հիմնահարցերի բացահայտմանն ու քննարկմանը:

ՀԱՅՈՑ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Էդուարդ Լ. Դանիելյան

Ամփոփագիր

Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ պաշտպանել է իր զավակների հոգևոր կյանքն ազգային արժեքներին սպառնացող վտանգներից, մասնավորապես՝ աղանդավորությունից։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տեղական ծագման աղանդավորության նշույլ չկա: Վերջին տասնամյակների ընթացքում սնկի նման աճած՝ ներմուծված արհեստածին աղանդավորական կազմակերպությունների ի հայտ գալն անհարիր է Հայոց` հազարամյակների խորքային բովանդակությամբ առլեցուն ավանդական հոգեկերտվածքին: Այսօր աղանդավորության խնդիրը կրկին հայ հոգևոր դաստիարակչական օրակարգում է հայտնվել, որի լուծման համար կարևոր նշանակություն ունի պատմական փորձի ուսումնասիրությունը:

ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Կարինե Հակոբյան

Ամփոփագիր

Հոդվածը նվիրված է ազգայնականության արդի արևմտյան հայեցակարգերի համադրմանը և ազգի ու ազգային ինքնության երկու տարբեր մոտեցումների առանձնահատկությունների վերլուծությանը։ 20-րդ դարավերջին սկսված փիլիսոփայական և պատմական դիսկուրսը շարունակվում է նաև մեր օրերում։ Հոդվածում նոր փաստարկների օգնությամբ հիմնավորվում է մոդեռնիստական տեսության կոնստրուկտիվիստական էությունը։ Մոդեռնիստների՝ ազգերի հին պատմությունը ժխտելու միտումը դիտարկվում է արդի գլոբալիզացիոն գործընթացների և, մասնավորապես, նիհիլիզմի գաղափարախոսության համատեքստում։

ԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ԱՆՏԵՍՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Արամ Սարդարյանց

Ամփոփագիր

Պատմական յուրաքանչյուր շրջանում մարդկությունն ընդհանուր զարգացման ուղի ունի, որը կախված չէ անհատների ցանկություններից: Այդ ուղուց արտաքին քաղաքականության շեղումը ստեղծում է պետականության առաջընթացը խոչընդոտող հանգամանքներ: Պատմությունը հիշատակում է ազգեր, որոնք առանց պատերազմի կրել են պարտություն, իրենց պատմության այն սարսափելի փուլը, երբ խախտվել է հավասարակշռությունը: Քաղաքական անկախությունը կորցնելով՝ նրանք ձուլվել են ուրիշ ժողովուրդների ու անհետացել: Եվ հայտնի են ժողովուրդներ, որոնք քաղաքական անկախությունից զրկվելուց հետո էլ գոյատևել են՝ արժանապատվորեն հաղթահարելով արհավիրքները: Այդպիսին է հայ ժողովրդի անցած ճանապարհը, որը պահպանել է իր կերպն ու իմաստնությունը, ազգային դիմագիծը, առաքելությունը, ազգանպաստ ձեռքբերումները՝ ձգտելով քաղաքական անկախության, պահպանելով հոգևոր ինքնավարությունը: Խնդիրը վերաբերում է անկախ պետականության կերտման մշակութային արժեքների համալիրին, քանզի նոր իրողությունները ժողովրդի կենսակերպում փոփոխություններ, տվյալ պայմաններին հարմարվելու կարողություններ են ենթադրում:

   

EnglishРуский