• am
  • ru
  • en
«21-րդ ԴԱՐ» N 4, 2015 28.07.2015

«21-րդ ԴԱՐ» N 4, 2015

Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2015թ. 4-րդ համարը։ Ամսագիրը բովանդակային առումով բավական հարուստ է. արդի տեղեկատվական գործողություններից և պատերազմներից մինչև կիբեռանվտանգության խնդիրներ, անդրադարձ հայոց պատմաքաղաքակրթական ժառանգությանը, ղարաբաղյան հիմնախնդրին, բուհական վերլուծական կենտրոններին, Հունաստանի հայ համայնքին, ներկայիս պատերազմական իրողությունների՝ Հայաստանի համար պարունակած դասերին և այլ խնդիրների։

Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71


ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Հարությունյան

Ամփոփագիր

Հոդվածում դիտարկվում են տեղեկատվական իրողությունների էվոլյուցիան և արդի իրավիճակն այդ ոլորտում։ Տեղեկատվական պատերազմները և գործողությունները, դրանց նշանակությունն արդի քաղաքականությունում և կենսագործունեության այլ ոլորտներում այսօր դարձել են լայն քննարկումների առարկա։ Սակայն հաճախ նման պատերազմների էությունն ընկալվում և մեկնաբանվում է փոքր-ինչ պարզեցված, ինչն իր հերթին դժվարացնում է տեղեկատվական անվտանգության ապահովման ավելի քան բարդ խնդիրների լուծումը։ Այնինչ այսօր ձևավորվում է տեղեկատվական պատերազմների նոր տեսակ, որոնք պահանջում են բազմակողմանի և մանրակրկիտ ուսումնասիրություն։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սամվել Մարտիրոսյան

Ամփոփագիր

Ներկա աշխարհում կիբեռանվտանգությունը դառնում է ազգային անվտանգության կարևորագույն ոլորտներից մեկը, քանի որ կիբեռհարձակումները կարող են շարքից հանել երկրների կարևորագույն հանգույցները։
Հայաստանը նույնպես հանդիսանում է կիբեռհարձակումների թիրախ (ինչպես ընդհանուր կարգի հարձակումների, որոնք համաշխարհային բնույթ են կրում, այնպես էլ հենց Հայաստանի դեմ ուղղված կիբեռհարձակումների), որոնք հիմնականումիրականացվում են Ադրբեջանի և Թուրքիայի հաքերային խմբավորումների կողմից։
Նման իրավիճակում Հայաստանը պետք է զարգացնի կիբեռանվտանգության ոլորտը՝ իրականացնելով մի շարք կանխարգելիչ քայլեր։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Էդուարդ Լ.Դանիելյան

Ամփոփագիր

Հայոց պատմաքաղաքակրթական արժեհամակարգի արգասիքը՝ պատմական ժառանգությունը, կարևոր նշանակություն ունի տեղեկատվական անվտանգության ոլորտում:
Հայոց ցեղասպանության դատապարտման և, հատկապես, Հայաստանի մեծ մասը կազմող Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի` Հայոց հայրենի հողերի պահանջատիրության գործում անհերքելի և անժխտելի վկայություններն են 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը և հայկական պատմական ժառանգության ոչնչացումը՝ Թուրքիայի կողմից ցեղասպան քաղաքականության իրագործման հետևանքով: Հայկական լեռնաշխարհի պատմաաշխարհագրական տերմինաբանությունը, ներառելով Հայաստանի տեղանունների ամբողջականությունը, պատկանում է հայ ազգային լեզվամտածողության հիմնաշերտին: Հայաստանի պատմաքաղաքակրթական ամբողջական ժառանգությունն ազգային անվտանգության կենսական ոլորտում ունի էթնոպաշտպանական նշանակություն, որի պահպանության ազգապետական երաշխավորներն են Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՀՄ ՏՐՈՀՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Ալեքսանդր Մանասյան

Ամփոփագիր

Չկա այնպիսի թեմա, որն ավելի համարժեք ձևով բացահայտի ԽՍՀՄ ղեկավարության վարքը երկրի տրոհման գործընթացներում, ինչպիսին գերտերության քաղաքական օրակարգում հայտնված ղարաբաղյան հիմնախնդիրն է: Այն, անկասկած, ուներ միջազգային քաղաքական տեսանկյուններ: Բայց դարասկզբին սկսված և 1988-ին վերաբորբոքված կոնֆլիկտն այն հայելին դարձավ, որում անդրադարձան ԽՍՀՄ ներքին քաղաքական, ազգային և տնտեսական հիմնախնդիրները և երկրի ղեկավարության պահվածքը դրանք հաղթահարելու հարցում: Պարզվում է, որ նրանց գործողությունները և ձեռնարկած կոնկրետ քայլերը միշտ չէ, որ ուղղված են եղել ծագած խնդիրների լուծմանը: Ղարաբաղյան հակամարտության 1988-1991թթ. պատմությունը հսկայական նյութ է տրամադրում այն մասին, որ Կենտրոնի և անձամբ ԽՄԿԿ գլխավոր քարտուղարի գործունեությունն ավելի շուտ ուղղված է եղել ոչ թե կոնֆլիկտի հարթմանն ու կարգավորմանը, այլ ծավալմանը, որն, անշուշտ, պիտի դառնար ԽՍՀՄ տրոհման արագացուցիչ, ինչպես որ եղավ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

Վարդան Աթոյան, Սոֆյա Օհանյան, Արփինե Մալքջյան, Շուշան Մովսիսյան

Ամփոփագիր

Ժամանակակից քաղաքական, տնտեսական, սոցիոմշակութային մարտահրավերների համատեքստում կարևորվում է բուհերում գործող հետազոտական, վերլուծական, հատկապես հումանիտար կենտրոնների նշանակությունը: ՀՀ-ում երկար ժամանակ բուհական կրթությունը հիմնականում համարվում էր գոյություն ունեցող գիտելիքները վերարտադրող համակարգ: Այդ մտայնությունը, սակայն, փոխվում է, և հայկական բուհերն աստիճանաբար վերածվում են գիտահետազոտական կենտրոնների: Ներկայումս ՀՀ բուհերում գործում է 28 հումանիտար վերլուծական կենտրոն, որոնք թեև աշխատում են «ուղեղային կենտրոնների» ոճով, սակայն միմյանցից տարբերվում են կառուցվածքային առումով, հրապարակային թափանցիկությամբ, հետազոտական աշխատանքների բովանդակությամբ ու բնույթով:

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ

Վահրամ Հովյան

Ամփոփագիր

Հունաստանի հայ համայնքը ներառում է հայկական հոգևոր-մշակութային, հասարակական-քաղաքական հարուստ կյանքի գրեթե ողջ ներկապնակն ու բազմազանությունը։ Այստեղ առկա են Հայության քաղաքական, հոգևոր, սոցիալական գրեթե բոլոր շերտերն իրենց կառույցներով։ Հունաստանի հայ համայնքի ներքին բազմազանությունը երևում է հիմնականում երեք՝ սոցիալական, քաղաքական և հոգևոր հարթություններում, որոնց էլ անդրադարձ է կատարվում հոդվածում։

XX ԴԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ

Արծրուն Հովհաննիսյան

Ամփոփագիր

XX դարի վերջին աշխարհում տեղի ունեցած պատերազմներից և մարտական գործողություններից կան երկուսը, որոնք իրենց բնույթով և մարտական գործողությունների առանձնահատկություններով մեզ համար կարևոր են և օրինակելի:
1998թ. կրկին սկսվեց եթովպա-էրիթրեական նոր պատերազմը: Եթովպական բանակը սկզբում մեծ հաջողություններ չուներ, սակայն այն վերածվեց հյուծման պատերազմի երկու կողմերի համար էլ:
Այս պատերազմին զուգահեռ Հնդկաստանի հյուսիսարևմտյան մասում ընթացող պատերազմը ևս մեզ համար ուսանելի կարող է լինել:
Մենք կարծում ենք, որ հոդվածում քննարկված հարցերը և եզրակացություններն այժմեական են նաև մեզ համար: Այսօր մենք մեր բանակի պատրաստության և մարտական գործողությունների վարման հավանական սցենարներում այս օրինակների հետ համընկնող հարցեր ու խնդիրներ շատ ունենք:

ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ XXI ԴԱՐԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿ

Սերոբ Սուջյան

Ամփոփագիր

Հոդվածում ներկայացված են ժամանակակից պատերազմներին բնորոշ գծերը, որտեղ մեծ դերակատարություն են ստացել անհամաչափ պատերազմը և նրա բաղկացուցիչը կազմող ահաբեկչությունն ու անջատողականությունը: Համապատասխանաբար ակտիվացել են տեղեկատվական և տնտեսական պատերազմները: 21-րդ դարասկիզբն անհամաչափ պատերազմների և ակտիվ անջատողական գործողությունների ժամանակաշրջան է հանդիսանում: Անկախության և ինքնավարության համար զինված կամ ոչ զինված պայքար է ընթանում աշխարհի 95 երկրի շուրջ 300 տարածքներում:

ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՅԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Արման Մանասերյան

Ամփոփագիր

Ժամանակակից աշխարհում շուկայական տնտեսվարման հարուստ պատմություն և ավանդույթներ ունեցող երկրներում մրցակցային պաշտպանության մարմինները ապրանքային շուկաներում խոշոր իրացման ծավալներ և գերիշխող դիրք ունեցող ընկերությունների կողմից մրցակցային միջավայրի խաթարման գործողությունների կանխարգելման և պատասխանատվության միջոցների կիրառման նպատակով կատարվող աշխատանքում առկա ռեսուրսներն օգտագործում են ոչ թե գների բարձրացման հնարավոր չարաշահումների դեմ պայքարելու, այլ առավելապես շուկա ընկերությունների մուտքի խոչընդոտների բացահայտման և վերացման գործերում: Գնային չարաշահումների բացահայտման առումով, մրցակցային միջավայրի վրա ունեցած ազդեցությամբ, առավել խնդրահարույց է գների չհիմնավորված իջեցումը կամ պահպանումը, քան գների չհիմնավորված բարձրացումը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բարձր գները նշանակում են նաև շահութաբերության բարձր մակարդակ, ինչն իր հերթին տվյալ շուկա նոր ընկերությունների մուտքը դարձնում է ավելի գրավիչ:

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԻՆԴԵՔՍԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՄԻՋԵՐԿՐԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Արուսյակ Ալեքսանյան

Ամփոփագիր

Հոդվածում հաշվարկվում և ներկայացվում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Մոլդովայի 2012 և 2013թթ. Ժողովրդավարության մակարդակի ինդեքսը, կատարվում է համեմատական վերլուծություն: Հեղինակը վերլուծում և համեմատում է նաև վերոնշյալ ութ պետություններն ըստ քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական և առողջապահական գործոնների ինդեքսների: Հետազոտությունն ուղղված է բացահայտելու՝ արդյոք ինտեգրման եվրոպական և եվրասիական վեկտորներ ընտրած պետություններն ունեն ժողովրդավարության միանմա՞ն, թե՞ տարբեր մակարդակներ:

   

EnglishРуский