• am
  • ru
  • en
«21-րդ ԴԱՐ» N 5, 2015 06.10.2015

«21-րդ ԴԱՐ» N 5, 2015

Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2015թ. 5-րդ համարը։ Հոդվածագիրներն անդրադարձել են աշխարհի վերափոխման գործընթացներին՝ աշխարհում ծայրահեղականության աճի համատեքստում (Գ.Հարությունյան), հետսառըպատերազմյան դարաշրջանում հարավկովկասյան փոքր պետությունների մարտահրավերներին (Ա.Նավասարդյան), միջազգային հիերարխիկ համակարգերի կառուցվածքային առանձնահատկություններին (Վ.Ագլյան)։ Հետաքրքիր է Սամվել Մանուկյանի «Հայաստանում երիտասարդական շարժումների զարգացումների շուրջ» հոդվածը «Ոչ թալանին» շարժման վերաբերյալ։ Համարում տեղ են գտել նաև Ն.Մելքոնյանի (լրատվամիջոցներում կիրառվող մանիպուլյացիոն հնարքների մասին), Գ.Պետրոսյանի (Թուրքիայում հայկական, հունական և հրեական համայնքների մասին), Ա.Գալոյանի (անդրադարձ «սամիզդատ» թերթերին) և Դ.Սարգսյանի (թե ինչպես է եվրոպական լրատվադաշտն ընկալում Հայաստանի եվրաինտեգրումը) հոդվածները։

Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71


ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՃԸ ԵՎ «ՄՏԱՎՈՐ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ» ԳՈՐԾՈՆԸ

Գագիկ Հարությունյան

Ամփոփագիր

Ծայրահեղականության նկատվող աճը պայմանավորված է ոչ միայն բազմաբևեռ աշխարհի ձևավորման ցավագին գործընթացով և բողոքի շարժման ակտիվացմամբ, այլև «խելացի տեխնոլոգիաներ» արտադրող ամերիկյան «ուղեղային կենտրոնների» գործունեությամբ, որն ուղղված է աշխարհաքաղաքական մրցակիցների դեմ։ Նման տեխնոլոգիաներին արդյունավետ հակազդեցությունն այլ պետությունների կողմից հնարավոր է համապատասխան հումանիտար տեխնոլոգիաների ոլորտում նրանց՝ «մտավոր հավասարություն» ձեռք բերելուց հետո միայն։

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԵՏՍԱՌԸՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Արման Նավասարդյան

Ամփոփագիր

Նոր աշխարհակարգի մարտահրավերները և գլոբալ փոփոխություններն իրենց մեջ առան նաև Հարավային Կովկասը, որը դադարեց միայն Ռուսաստանի ազդեցության տարածք լինելուց: Տարածաշրջանում հայտնվեցին նոր դերակատարներ` ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Թուրքիան, Իրանը, Չինաստանը: Ի լրումն՝ Հարավային Կովկասն սկսեց դիտվել Մեծ Մերձավոր Արևելքի բաղադրյալ` այստեղից բխող բոլոր հետևանքներով: Տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական փոփոխությունները հիմնովին փոխում են միջազգային իրավունքի նոր սուբյեկտներ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի քաղաքական իմիջը և արտաքին քաղաքականության գործելակերպը: Ժամանակակից աշխարհի քարտեզը վերաձևելու վտանգավոր միտումների ենթատեքստում, որի հիմքում գլխավորաբար ընկած են ածխաջրածնի պաշարների վերաբաշխման նկրտումները, տարածաշրջանի դերն ավելի ու ավելի է մեծանում: Հոդվածում հեղինակը շարադրում է Հարավային Կովկասում քաղաքական լարվածության թուլացման և պետությունների միջև բնականոն հարաբերությունների հաստատման իր տեսլականը:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻԵՐԱՐԽԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՈՐՈՇ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Վահագն Ագլյան

Ամփոփագիր

Միջազգային հարաբերությունների տեսական ուղղությունների մեծ մասի ավանդական թեզը հիմնվում է միջազգային հարաբերություններում անարխիայի կանխադրույթի վրա, որը ենթադրում է ոչ թե քաոս պետությունների միջև հարաբերություններում, այլ, ավելի շուտ, գլոբալ կառավարման ինստիտուցիոնալորեն ճանաչված մի ինչ-որ մեխանիզմի բացակայություն։ Միևնույն ժամանակ, ինչպես արդի միջազգային հարաբերությունների իրողությունները, այնպես էլ դրանց պատմական հեռանկարը վկայում են այն մասին, որ հիերարխիայի ֆենոմենը միջպետական հարաբերություններում ոչ միայն գոյություն ունի, այլև բավական արդիական է։ Միջազգային հարաբերությունների հիերարխիկ համակարգը և դրանց տարածաշրջանային չափումներն ընդհանուր առմամբ բխում են դոմինանտ պետության և փոքր երկրի միջև ասիմետրիկ փոխհարաբերությունների պրակտիկայից, ինչը միջնորդավորված կերպով ընդունում է «հեգեմոն» պետության հետ երկկողմանի հարաբերությունների սուբորդինացիոն բնույթ։ Միջազգային հարաբերություններում հիերարխիայի կարևոր ասպեկտ են հանդիսանում հիերարխիկ համակարգի պահպանման պայմանները, որոնք ներկայանում են իբրև այս կամ այն համակարգի օպերացիոնալ և քանակական չափումներ։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Սամվել Մանուկյան

Ամփոփագիր

Հոդվածագիրն անդրադարձել է 2015թ. մայիսին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված՝ Երևանում ի հայտ եկած «Ոչ թալանին» երիտասարդական շարժմանը։ Շարժման ընթացքը ցույց տվեց, որ չունենալով կոնստրուկտիվ հաղորդակցության համար անհրաժեշտ գիտելիքներ՝ ուսանողությունն ուներ կամ «կոնֆրոնտացիոն», կամ «անփառունակ» ընկրկման ճանապարհ: Ուսանող երիտասարդները համարում են, որ Հայաստանում անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ, ընդորում, դրա համար անհրաժեշտ են նոր քաղաքական դեմքեր։ Ակնհայտ է, որ Հայաստանում արդեն հասունացել է հասարակության և հատկապես երիտասարդության կողմից ընդունելի ազգային-պետական գաղափարախոսության անհրաժեշտությունը:

ԶԼՄ-ՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻՈՆ ՀՆԱՐՔՆԵՐՆ ՈՒ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

Նվարդ Մելքոնյան

Ամփոփագիր

Հոդվածում դիտարկվում են սոցիալ-հոգեբանական ներգործության հիմնական հնարքները և տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են զանգվածային լրատվամիջոցներում՝ հանրային կարծիքի վրա ազդեցության համար։ Բացահայտվում են մանիպուլյացիայի էությունը, գործառույթները և հնարավորությունները։ Ներկայացված են օտարերկրացի հետազոտողների (Ջ.Բրաուն, Ռ.Չալդինի, Հ.Շիլլեր և այլք) առաջարկած մանիպուլյատիվ տեխնիկաների և մեթոդների դասակարգումները։ Դիտարկվում են նաև ԶԼՄ-ում արդի միֆաստեղծման տեխնիկաները, քանի որ մանիպուլացումը հիմնականում հենվում է սոցիալական միֆաբանության վրա։ Բացի այդ, արդի մեդիայում աճել է մանիպուլացման հնարքների և միջոցների դերը, որոնք հենվում են զգացմունքային-հուզական ոլորտի վրա։ Աշխատանքում ներկայացված են նաև անհատական և զանգվածային հոգեբանության (սուգեստիվ տեխնիկաներ և ՆԼԾ) առանձնահատկությունները։

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ, ՀՈՒՆԱԿԱՆ, ՀՐԵԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ԵՎ ԱՌՑԱՆՑ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Գևորգ Պետրոսյան

Ամփոփագիր

Տասնամյակներ շարունակ Թուրքիայում ծանր պայմաններում գործող ազգային փոքրամասնությունների՝ հայերի, հույների և հրեաների պարբերական մամուլը դժվար ժամանակներ է ապրում: Ֆինանսավորման, ինչպես և ընթերցողների պակասը ստիպում է թերթերին կրճատել տպաքանակն ու ավելի մեծ ուշադրություն հատկացնել համացանցում աշխատանքին: Հայկական թերթերից Թուրքիայում այժմ գործում են «Ակօսը», «Նոր Մարմարան» ու «Ժամանակը», որոնք համացանցում ներկայացված են սեփական կայքերով: Թուրքիայի հունական համայնքը տպագրում է «Ապոևմատինի», «Իհո» թերթերը, իսկ հրեաները՝ «Շալոմ» թերթը: Թեև տպագիր տարբերակների տպաքանակի կրճատմանը, համացանցը նոր հնարավորություններ է ստեղծում Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մեդիայի համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ «ՍԱՄԻԶԴԱՏ» ԹԵՐԹԵՐՈՒՄ

Արման Գալոյան

Ամփոփագիր

Նախկին ԽՍՀՄ-ում 1960-ական թթ. ծավալված այլախոհական շարժումը լուրջ դրսևորումներ ունեցավ Հայաստանում: Սակայն հայկական այլախոհական խմբերն էապես տարբերվում էին խորհրդային մյուս երկրներում գործող նման կազմակերպություններից: Ի տարբերություն Ռուսաստանում 1960-ական թթ. ծավալված այլախոհական շարժման, որը հիմնականում իրավապաշտպան ուղղություն ուներ, Հայաստանում այլախոհ գործիչների պայքարն ավելի շատ ազգային բնույթ ուներ: Հայ այլախոհներն առաջնահերթ խնդիր էին համարում միակուսակցական ռեժիմի դեմ պայքարը, ազգային կերպարի և հայոց լեզվի անաղարտության պահպանումը, ԽՍՀՄ կազմից Հայաստանի դուրս գալն ու անկախ պետականության հռչակումը, ինչն էլ իր արտահայտությունն է գտել «սամիզդատ» թերթերում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼՐԱՏՎԱԴԱՇՏԻ ԸՆԿԱԼՄԱՄԲ

Դավիթ Սարգսյան

Ամփոփագիր

Հոդվածը ներկայացնում է արևմտյան առաջատար լրատվամիջոցների դիրքորոշումները Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման թեմայով, մասնավորապես՝ եվրոպական մամուլի կողմից Հայաստանի եվրոպական, ապա և եվրասիական ինտեգրացիոն ուղեգծերի մեկնաբանումները, Հայաստանի՝ որպես գործընկերոջ, կերպարի ձևավորման օրինաչափությունները, «Արևելյան գործընկերություն» ծրագրի ընթացքում պաշտոնական Երևանի քայլերի լուսաբանումները: Ուրվագծվում են եվրոպական մամուլում Հայաստանի ինտեգրացիոն ուղեգծերի լրագրային արձագանքների հիմնական օրինաչափությունները:

   

EnglishРуский