• am
  • ru
  • en
«21-й ВЕК», №3, 2016 05.10.2016

«21-й ВЕК», №3, 2016

Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2016թ. երրորդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված տեղեկատվական պատերազմներին և գունավոր հեղափոխություններին (Գ.Հարությունյան, Ս.Գրինյաև, Հ.Արզումանյան, Գ.Տերտերով), հայության գաղափարախոսական դիսկուրսին՝ Ղարաբաղյան հակամարտության և ՀՀ անվտանգության ռազմավարական մոդելի համատեքստում (Է.Աթանեսյան, Ա.Հարությունյան, Ա.Թևիկյան)։ Առանձին ուշադրություն է հատկացվել նաև տնտեսության, առևտրի և էներգետիկայի հարցերին (Ա.Սաֆարյան, Ա.Կարապետյան, Ա.Աթաև, Վ.Դավթյան, Գ.Կոլարով), պետական քաղաքականության ինտելեկտուալ ապահովմանը (Վ.Աթոյան, Ի.Բաղիրյան) և Ադրբեջանի աղվանից եկեղեցու պատմաազգագրական հետազոտությանը (Գ.Այվազյան):


Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71


ՆՈՐ ՀԱՍԱՐԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

Գագիկ Հարությունյան, Սերգեյ Գրինյաև, Հրաչյա Արզումանյան

Ամփոփագիր

Հոդվածում համառոտ ներկայացված են երկրորդ և երրորդ սերնդի տեղեկատվական պատերազմների հիմնադրույթները։ Մեկնաբանվել են «հաղթանակ» և «պարտություն» հասկացությունները «նոոքաղաքականության» համատեքստում վարվող շարունակական և տոտալ պատերազմում։

«ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Գագիկ Տերտերով

Ամփոփագիր

Քննարկվել են «թիրախ» հասարակություններում «գունավոր հեղափոխություններ» կատարելու ներքին նախապայմանները, նման հեղափոխություններ կազմակերպող կողմերի աշխարհաքաղաքական դրդապատճառները, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները։ Ներկայացվել և վերլուծվել են «գունավոր հեղափոխություններ» իրագործելու տեխնոլոգիաները։

ՀԱՅՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍԻ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐ 2016Թ. ԱՊՐԻԼՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Էդուարդ Աթանեսյան

Ամփոփագիր

Հոդվածում դիտարկվում են հայության գաղափարախոսական դիսկուրսի որոշ միտումներ, որոնք առկա են ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի հաստատումից հետո։ Հարաբերական խաղաղության հաստատումը 1994թ. փոխեց քաղաքական գերակայությունները և հասարակական-քաղաքական կյանքի տրամաբանությունը հայկական հանրությունում՝ այն բացելով տարբեր աշխարհայացքային համակարգերի և արդիականության գաղափարախոսական, նախևառաջ՝ լիբերալ բնույթի հոսանքների համար։ 2016թ. ապրիլյան իրադարձությունները նշանավորեցին ղարաբաղյան դիսկուրսի վերարթնացումը հայկական հանրությունում՝ ի ցույց դնելով ԼՂՀ անվտանգության գաղափարի մեծ ինտեգրատիվ պոտենցիալը։

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐՈՒՄ

Արա Հարությունյան

Ամփոփագիր

Ղարաբաղյան պատերազմից հետո անցել է ավելի քան 20 տարի։ Կարելի է պնդել, որ այդ ընթացքում ռազմական գործողությունների փոխարեն ծավալվել է գաղափարախոսական «պատերազմ», և պատմության մեկնաբանությունը դարձել է գլխավոր գործիքներից մեկն այդ պատերազմում։ Ինչպես գրում է Թ.Էրիկսենը, «պատմությունն անցյալի արտադրանքը չէ, այլ ներկայի հարցերի պատասխանը»։ Պատմության մեկնությունն օգնում է լուծել երկու խնդիր։ Նախ՝ մարդկանց թույլ է տալիս հայտարարել իրենց իրավունքների մասին՝ հենվելով պատմության վրա։ Երկրորդ՝ հենվելով պատմության վրա՝ նրանք ջանում են ապահովել իրենց ապագան։ Անհրաժեշտ է թվում դիտարկել Լեռնային Ղարաբաղի պատմության մեկնաբանության ադրբեջանական տարբերակը, քանի որ պատմության ընկալումն ու մեկնությունն են ձևավորում արդի հակամարտությանն ադրբեջանական մոտեցման սկզբունքները։

ՈՒԴԻՆԵՐԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՂՎԱՆԻՑ ԵԿԵՂԵՑԻՆ

Գրիգորի Այվազյան

Ամփոփագիր

Հոդվածը նվիրված է Ադրբեջանի Աղվանից եկեղեցու «վերստեղծմանը», այս գործընթացի ճշմարիտ պատճառներին, նպատակներին և դրանում ներգրավված հիմնական դերակատարներին, ինչպես նաև դրան առնչվող պատմության հարցերին ու իրադարձություններին: Հոդվածում ներկայացվում են առաջարկություններ, որոնք ապահովում են նշված հարցերի կոնկրետ և իրական լուծումները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1992-2013ԹԹ.

Արամ Սաֆարյան, Աշոտ Կարապետյան, Արթուր Աթաև

Ամփոփագիր

Հայաստանի և Ղազախստանի առևտրատնտեսական հարաբերություններն անկախության ձեռքբերումից հետո առաջին տարիներին աննշան էին։ Սակայն 20-րդ դ. 90-ական թթ. ստեղծվեց անհրաժեշտ պայմանագրային-իրավական բազա այդ հարաբերությունների զարգացման համար։ 2000-ական թթ. նկատվում է առևտրատնտեսական համագործակցության աճ։ Ավելանում է երկրների հետաքրքրությունը միմյանց հանդեպ։ Երկկողմ հարաբերություններն ամենատարբեր ոլորտներում, այդ թվում և առևտրի, զգալի աճ գրանցեցին Երևանում Ղազախստանի դեսպանության բացումից և դեսպան Ա.Ե. Բոզժիգիթովի գործունեությունից հետո։ 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո, երբ Հայաստանի նախագահ Ս.Ա. Սարգսյանը հայտարարեց Հայաստանի՝ Մաքսային միության և ապագա Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու ցանկության մասին, հայ և ղազախ գործարար շրջանակների՝ միմյանց հանդեպ հետաքրքրությունը զգալիորեն մեծացել է։

ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ

Աշոտ Թևիկյան

Ամփոփագիր

Երկրի բնակչության մեծ մասի սոցիալական շերտավորման խորացումը և իրական բարեկեցության բացակայությունը հասարակության ֆրուստրացիայի, թշնամական դասերի բաժանման, սոցիալական ապատիայի կարևոր գործոն են հանդիսանում։ Հարվածի տակ է ընկնում հայկական սոցիումի և ազգի միասնությունը։ Մեր տնտեսությունը գտնվում է տնտեսական անկման վիճակում։ Մեր երկրի և ազգի ապագան այժմ անմիջականորեն կախված է «մեծ թռիչք» կատարելու հնարավորությունից, որն անհրաժեշտ է բաց թողնվածն արագ վերականգնելու, զարգացած և դինամիկորեն զարգացող երկրների հետ առաջացած խզումը վերացնելու համար։ Այդ թռիչքի իրականացման համար սկզբունքորեն կարևոր է մոբիլիզացնող հանրային նախագիծ, որը ենթադրում է սոցիումի համախմբում անվտանգության, զարգացման և ազգային ընդհանուր բարիքի գաղափարախոսության ընդհանուր նպատակների շուրջ։ Այդպիսի նպատակ պետք է ծառայեն արտադրա-նորարարական՝ ռազմավարական առումով նշանակալի քաղաքականության մշակումն ու իրագործումը, որը հիմնված պետք է լինի գիտատեխնոլոգիական ձեռքբերումների վրա։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Վահե Դավթյան

Ամփոփագիր

Հիմնավորվել է վերականգնվող էներգետիկայի խթանման անհրաժեշտությունը պետության էներգահամակարգի կայուն և անվտանգ աշխատանքի համար: Ուսումնասիրվել են աշխարհում վերականգնվող էներգետիկայի զարգացման հիմնական միտումները: Բացահայտվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներուժը: Տրված է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի առանցքային ճյուղերի` հիդրոէներգետիկայի, արևային, հողմային, գեոթերմալ և կենսաէներգետիկայի ընդհանուր բնութագիրը: Վերլուծվել է ոլորտի զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական բազան, առաջարկություններ են արվել դրա կատարելագործման համար: Ներկայացվել է վերականգնվող էներգետիկայի խթանման շվեդական մոդելը՝ որպես առավել արդյունավետ ու համակարգակերտ մոդել: Հիմնավորվել է, որ «գիտություն – պետություն – բիզնես – հասարակություն» համակարգն անհրաժեշտ է դիտարկել որպես շվեդական էներգետիկ բարեփոխումների հայեցակարգային հիմք: Բացահայտվել է Հայաստանի Հանրապետությունում սեփական մոդելի մշակման և ներդրման անհրաժեշտությունը: Սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգետիկայի համակարգային խթանման համար անհրաժեշտ է պետական-մասնավոր համագործակցության բարելավում:

ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

Վարդան Աթոյան

Ամփոփագիր

Հոդվածում քննարկվում են պետական քաղաքականության ինտելեկտուալ ապահովման հարցերը և, այդ համատեքստում, պետության և փորձագիտական հանրության փոխգործակցության կարևորությունը: Դիտարկվում է այդ ոլորտում տարբեր երկրների կողմից վարվող քաղաքականությունը, ինչպես նաև փորձագիտական հանրության պետական կառավարման ոլորտ ներգրավման մեխանիզմները: Վերլուծության հիման վրա ներկայացվում են որոշումների կայացման գործընթացում գիտելիք կրողների ներգրավման միջոցով պետական կառավարման ոլորտի արդյունավետության բարձրացման հնարավորությունն ու անհրաժեշտությունը:

ԻՌԱՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

Իգոր Բաղիրյան

Ամփոփագիր

Իռացիոնալ-ռացիոնալ հարաբերակցությունը կարևոր դոմինանտ է, որը որոշում է հանրային կյանքի հիմնական միտումը։ Այդ հարաբերակցությունն առկա է և արտացոլվում է բոլոր հասարակական ինստիտուտներում, և առաջին հերթին՝ ամենահիմնարար ինստիտուտներում՝ կրոն, գիտություն, արվեստ։ Հոդվածում իռացիոնալ-ռացիոնալի հիմնարար հարաբերակցության դրսևորումը ռացիոնալ կերպով դիտարկվում է հանրային կյանքի երեք ոլորտների օրինակով՝ քաղաքականություն, ֆինանսական սեկտոր-իրական սեկտոր համակարգ, տնտեսագիտություն՝ տնտեսական մոդելների օգտագործման ասպեկտով։ Հետևություն է արվում, որ արդի տնտեսությունն ունի երկչափ ժամանակով նկարագրման նոր մոդելների սուր կարիք։

ԴԻԼՄԱՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է, «ՊԵՏՐՈԲՐԱԶԸ» ԿԿՈՐԾԱՆԻ ՄՅՈՒՍՆԵՐԻՆ

Գեորգի Կոլարով

Ամփոփագիր

Հոդվածում դիտարկվում են Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի պատճառները և հետևանքները՝ Բրազիլիայում սոցիալական, քաղաքական և տնտեսական իրավիճակի համատեքստում։ Անդրադարձ է կատարվում նրա ընտանիքի, մասնավորապես՝ Դիլմա Ռուսեֆի կայացման գործում հոր ունեցած ազդեցության պատմությանը։


   

EnglishРуский