• am
  • ru
  • en
«21-րդ ԴԱՐ» N 6, 2016 18.11.2016

«21-րդ ԴԱՐ» N 6, 2016

Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2016թ. 6-րդ համարը։

Այն բազմաբովանդակ է, ներկայացվող հոդվածներում քննարկվել են արևելահայերեն-արևմտահայերեն մտահոգիչ վեճերի, ազգային անկախության, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, հոգևոր անվտանգության, մեդիատիզացիայի առանձնահատկությունների հարցերը։ Ուշագրավ են Չինաստանի՝ որպես պատասխանատու ուժի, Իսրայելի ուղեղային կենտրոնների, մրցունակության տնտեսագիտական բովանդակության, գիտության ֆինանսավորման նվազագույն շեմի և այլ հարցերի վերաբերյալ հոդվածները։


Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71


ԱՀԱԶԱՆԳ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

Զավեն Եկավյան

ԱԶԳԱՅԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ. ՆՊԱՏԱԿ ԵՎ ՄԻՋՈՑ

Հրանտ Տեր-Աբրահամյան

Ամփոփագիր

Հոդվածում պաշտպանվում են այն դրույթները, որ՝ ա. ազգերի վերջնական կայացումը տեղի է ունենում պետություններում և պետությունների միջոցով, բ. Պետության մեջ ազգերը կայանում են այլազան՝ քաղաքական, ռազմական, հոգևոր, տնտեսական համակարգերի միջոցով, գ. պետության անկումից հետո պահպանվող ազգային համակարգերը նպաստավոր պայմաններում դառնում են ազգային անկախության վերականգնման հիմք, դ. ազգերը պահպանվում և զարգանում են իրենց ազգային համակարգերի գոյությամբ ու գործունեությամբ, իսկ դրանց մաշվելով և խորտակվելով՝ անկում է ապրում նաև «ազգային կարգավիճակը», ե. ազգը նախ և առաջ քաղաքական՝ ինքնուրույն որոշումներ ընդունելու և գործադրելու կարողություն ունեցող միավոր է, զ. որպես քաղաքական միավոր՝ ազգի բնական միտումն է կազմավորվել կամ վերակազմավորվել իբրև պետություն:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ 2008-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

Էդգար Հովհաննիսյան

Ամփոփագիր

Վերջին 25 տարիներին Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման դինամիկան որոշակիորեն կապված է եղել ՀՀ երեք նախագահների՝ հայկական սփյուռքի նկատմամբ ունեցած դիրքորոշումների հետ: Այդ դիրքորոշումներում գլխավոր է եղել այն հարցադրումը, թե ինչ դերակատարում պետք է ունենա հայկական սփյուռքը Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքական կյանքում:
Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերի կարևոր մաս է կազմել հայկական սփյուռքի հետ հարաբերությունների ակտիվացումը: Այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք գործնական քայլեր, ստեղծվել է Սփյուռքի նախարարությունը, տեղի են ունեցել Հայաստան-Սփյուռք համաժողովներ և այլն:
Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին հարաբերությունները Սփյուռքի հետ ոչ միշտ են ընթացել հարթ և առանց խնդիրների, սակայն մի բան հստակ է, որ Սփյուռքը և նրա կարծիքը միշտ էլ կարևորվել են համազգային նշանակություն ունեցող կարևոր հարցերում: Ավելին, ՀՀ երրորդ նախագահը հանդես է եկել նոր համահայկական կառույցի՝ Համահայկական խորհրդի ստեղծման առաջարկով, որը կդառնա նոր ձևաչափ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:
Այսպիսով, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին հասել են որակական նոր մակարդակի:

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ 21-ՐԴ ԴԱՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈՒԺ

Մհեր Սահակյան

Ամփոփագիր

Հոդվածը նվիրված է արդի դարաշրջանում Չինաստանի՝ որպես պատասխանատու ուժի ունեցած դերակատարությանը, որը նպաստում է համընդհանուր խաղաղության, անվտանգության և կայունության պահպանմանն արդի աշխարհի տրանսֆորմացիայի պայմաններում։
Չինաստանն ակտիվորեն մասնակցում է Իրանի և ԿԺԺՀ-ի միջուկային խնդիրների վերաբերյալ բանակցություններին, շարունակում է ակտիվացնել իր դերակատարությունը ՄԱԿ խաղաղապահ առաքելություններում։ Չինաստանը մասնակցում է նաև ծովահենության և ահաբեկչության դեմ պայքարին։ Ասվածը նկատի ունենալով՝ նշվում է, որ Չինաստանը պատասխանատու ուժ է, որն ակտիվորեն նպաստում է խաղաղության պահպանմանը և փորձում է իրականացնել տնտեսական ծրագրեր, որոնք ընդհանուր առմամբ կարող են բարելավել տնտեսական իրավիճակն աշխարհում։

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ. ՄԵԾ ԽԱՂԻ ՓՈՔՐ ՄԱՍԸ

Աստղիկ Գևորգյան

Ամփոփագիր

Ապրիլի 2-ին ղարաբաղյան հակամարտության սրումը տեղիք տվեց վերլուծելու միջազգային աշխարհաքաղաքական դրությունը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչու ղարաբաղյան հակամարտությունը լարվեց հենց այս ժամանակահատվածում և ինչ խնդիրներ լուծելու նպատակով: Հոդվածում ղարաբաղյան հակամարտությունը քննարկվում է սիրիական պատերազմում և ուկրաինական հեղափոխությունում աշխարհաքաղաքական կենտրոնների միջև հարաբերությունների համատեքստում:
Մասնավորապես, հիմնվելով պաշտոնական հաղորդագրությունների, մամուլի հրապարակումների, պետությունների գործողությունների, Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ կարող ենք հանգել այն եզրակացության, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերություններն իրենց արտացոլումը գտան Ղարաբաղում: Սրանից ամենևին չի բխում, թե Ադրբեջանը բռնությունների սանձազերծման գործում կրավորական դեր է ունեցել: Աշխարհաքաղաքական կենտրոնների միջև հարաբերություններն ազդում են տարածաշրջանային գործընթացների վրա, բայց ագրեսիան գալիս է Ադրբեջանից:
Ուստի տարածաշրջանում արտացոլված միջազգային դրության փոփոխությունը հարկադրում է Հայաստանի Հանրապետությանը դիմելու վճռական քայլերի ղարաբաղյան հակամարտությունը հնարավորինս հօգուտ Հայաստանի լուծելու համար: Նման քայլ կարող է լինել Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն ու ներգրավումը բանակցային գործընթացում, որի ընթացքում էլ կմշակվեն բանակցությունների նոր օրակարգ և նպատակներ:

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԵՄԸ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Աշոտ Թավադյան

Ամփոփագիր

Անհրաժեշտ է ապահովել համապատասխան ֆինանսավորում մեկ համակարգում գտնվող ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական գիտության ու փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունավետ իրականացման համար: Գիտության ֆինանսավորումը պետք է լինի ոչ պակաս, քան նրա «զգայունության շեմը», այսինքն՝ այն նվազագույն ծախսերը, որոնք անհրաժեշտ են իրար հետ սերտ փոխկապակցված հիմնարար և կիրառական էական արդյունքներ ստանալու համար: Առաջնահերթ պետք է դառնա գիտության գերակա ֆինանսավորման սկզբունքը, սակայն գերակա ընտրված ուղղություններն անհրաժեշտ է ֆինանսավորել հնարավորինս լայն միջակայքում, այլ ոչ թե կետային ձևով:

ԻՍՐԱՅԵԼԻ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Վարդան Աթոյան, Ռուզաննա Թադևոսյան

Ամփոփագիր

Աշխատանքը նվիրված է իսրայելական ուղեղային կենտրոնների գործունեության ուսումնասիրությանը: Այդ նպատակով առավել մանրամասն ներկայացվում են իսրայելական առավել ազդեցիկ ուղեղային կենտրոններից երեքը:
Հոդվածում քննարկվում է իսրայելական ուղեղային կենտրոնների ոլորտում առկա իրավիճակը, ներկայացվում են իսրայելական ՈւԿ-ների առանձնահատկությունները, հետազոտությունների ուղղվածությունը, դերակատարությունը հանրային քաղաքականությունում, փոխառնչությունները պետական կառավարման մարմինների հետ և ազդեցությունը որոշումների կայացման գործընթացում:
Հեղինակների կարծիքով՝ իսրայելական ՈւԿ-ներն աչքի են ընկնում հանրային քաղաքականության ոլորտում նշանակալի դերակատարությամբ, իսկ վերջիններիս թվաքանակի պարբերական ավելացումը և քաղաքական վերնախավի հետ փոխառնչությունների ուսումնասիրությունը թույլ են տալիս եզրակացնել վերջիններիս ազդեցության կայուն աճի մասին:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՏԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

Նունուֆար Ստեփանյան

Ամփոփագիր

Այսօր քաղաքագիտական գրականության մեջ մեծ ուշադրություն է դարձվում քաղաքական որոշումների ընդունման կառուցակարգերին, այսինքն՝ թե ովքեր են որոշումների ընդունման գործող անձինք (ակտորները), ինչպես է տեղի ունենում որոշումների ընդունման բուն գործընթացը, որոնք են դրա վրա ազդող գործոնները: Այս հոդվածի շրջանակներում անդրադարձել ենք որոշումների ընդունման արտախորհրդարանական ազդեցության կենտրոններին, այսինքն՝ այն արտաքին ազդեցության կենտրոններին, որոնք պառլամենտի անդամ չեն, սակայն ամենաանմիջական ազդեցությունն են ունենում պառլամենտում որոշումների ընդունման գործընթացի վրա:

«ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ

Գևորգ Մկրտչյան

Ամփոփագիր

Ուսումնասիրությունը «Հոգևոր կյանքի առանձնահատկությունները Երևանում» հետազոտության արդյունքների ամփոփ վերլուծությունն է։ Ուսումնասիրության նպատակն է հստակեցնել ՀՀ երիտասարդության շրջանում հոգևոր անվտանգության հասկացության, կրոնական կազմակերպությունների գործունեության, հոգևոր կյանքի առանձնահատկությունների, նոր սերնդի կրոնական պատկերացումներում Հայ Առաքելական եկեղեցու տեղի, դերի և նշանակության հիմնախնդիրների շրջանակը և դրանց ուսումնասիրության հետագա ընթացքը: Անդրադարձ է կատարվել հետևյալ հարցերին. հոգևոր անվտանգությունն ի՞նչ հասկացություններ է ներառում; Երևանում ընդհանուր առմամբ որքանո՞վ է վտանգված երիտասարդների հոգևոր անվտանգույթունը; վտանգավո՞ր են արդյոք կրոնական կազմակերպությունները մարդու հոգևոր անվտանգության համար; եթե այո, ապա ո՞ր խմբերի համար են դրանք առավել շատ վտանգ ներկայացնում; պե՞տք է պայքարել կրոնական այդ կազմակերպությունների դեմ:

«ՄԵԴԻԱՏԻԶԱՑԻԱՅԻ» ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Լիլիթ Շաքարյան

Ամփոփագիր

Հոդվածում ներկայացվում է հասարակության և մշակույթի վրա ԶԼՄ-ի ունեցած ազդեցության տեսությունը՝ փորձելով պատասխանել այն հարցին, թե մշակութային և հասարակական ինստիտուտներն ինչպես են փոխգործում ԶԼՄ-ի միջամտության պայմաններում։ Այս համատեքստում նախ վերլուծության են ենթարկվել սոցիոլոգիական տեսությունները, այնուհետև` ընդունելով մեդիատիզացիան որպես ԶԼՄ-ի, մշակույթի և հասարակության միջև փոխգործողության ըմբռնման առանցքային դրույթ և տեսական հիմք, բացահայտվել են սոցիալական նոր պայմանները։
Ավանդաբար համարվել է, որ զանգվածային լրատվամիջոցները տարանջատված են հասարակությունից և մշակույթից, և արդյունքում՝ հետազոտողներն ավելի շատ հակված են եղել դեպի անհատների և հասարակական ինստիտուտների վրա միջնորդավորված առանձին հաղորդագրությունների ուսումնասիրմանը (օրինակ` գովազդի ազդեցությունը սպառողների նախասիրությունների ձևավորման վրա, կամ քաղաքական կարգախոսների ներգործությունն ընտրողների վարքագծի վրա)։ Սակայն արդի հասարակությունն այն աստիճան է հագեցված ԶԼՄ-ով, որ վերջիններս այլևս չեն կարող ընկալվել մշակութային և հասարակական ինստիտուտներից զատ։ Այս հանգամանքներում առավել կարևորվում է այն հարցը, թե ի պատասխան ԶԼՄ-ի համատարած ներկայության, ինչ փոփոխությունների են ենթարկվել հասարակական ինստիտուտների և մշակութային գործընթացների բնույթը, կառուցվածքը և գործառույթները։

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սասուն Սարիբեկյան

Ամփոփագիր

Պետության աշխարհաքաղաքական անվտանգությունը միջազգային իրավունքի սկզբունքներով, միջազգային պայմանագրերով, սահմանադրական, օրենսդրական և գործնական միջոցներով աշխարհաքաղաքական լարվածության էսկալացիայից պետության պաշտպանվածությունն ու ապահովվածությունն է, հասցված վնասն արագ համակշռելու կարողությունը:
Պետության աշխարհաքաղաքական անվտանգության հետազոտության համար հատկապես կարևոր են կենսագործունեության տարբեր ոլորտների (քաղաքական, տնտեսական, ռազմական, ժողովրդագրական, մշակութային, էկոլոգիական), տարաբնույթ ակտորների (հատկապես պետությունների և էթնոսների) և աշխարհագրական տարածության ենթակարգային տարբեր մակարդակների (համաշխարհային տարածության, մակրոտարածաշրջանների, պետական տարածքների) անվտանգության հետազոտության տեսական-մեթոդաբանական ժառանգությունն ու գործնական նշանակության արդյունքները:
Կարևոր են նաև աշխարհաքաղաքական ծրագրերի, դրանցով պայմանավորված գաղափարների, հայեցակարգերի, տեսությունների, միջազգային պայմանագրերի և աշխարհաքաղաքական գործընթացների (աշխարհաքաղաքական էքսպանսիա, գլոբալացում, ռեգիոնալացում, ֆրագմենտացում և այլն) ազդեցության մասին գիտելիքները:

ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հասմիկ Խուրշուդյան

Ամփոփագիր

Հոդվածում ուսումնասիրվում են վերջին երեք տասնամյակներում գլոբալ տնտեսության մեջ տեղի ունեցած փոփոխությունները և դրանց հետևանքները զարգացող երկրների մրցունակության վրա։ Հիմնվելով տարբեր հեղինակների աշխատությունների վրա` ներկայացվում են մրցունակության սահմանումը և մրցունակության խնդրին վերաբերող մոտեցումներն ու բազմաթիվ, բայց և հակասական կարծիքները տնտեսագիտական գրականության մեջ։ Դիտարկելով և համեմատելով տարբեր տեսական մոտեցումների թերություններն ու առավելությունները` փորձ է արվում հասկանալ մրցունակության բնույթը և հստակեցնել այն գործոնները, որոնցով պայմանավորված է մրցունակությունը:


   

EnglishРуский