• am
  • ru
  • en
«21-րդ ԴԱՐ» N 1, 2017 02.02.2017

«21-րդ ԴԱՐ» N 1, 2017

Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2017թ. առաջին համարը, որում տեղ են գտել պետական կառավարման համակարգում ռազմավարական մտածելակերպի կարևորության, ԶՈւ-ի նկատմամբ հասարակական հսկողության սահմանման, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում «դարի պայմանագրի» նշանակության, պանթյուրքիզմի՝ որպես աշխարհաքաղաքական մարտահրավերի, ուղեղային կենտրոնների տիպաբանության, զբաղվածության քաղաքականության, հայ-ռուսական, հայ-բելառուսական գիտական մրցույթների ուսումնասիրության, պետգնումների ֆինանսաիրավական կարգավորման վերաբերյալ հոդվածներ։
Ուշագրավ է նաև Առաջին համաշխարհայինի տարիներին մեծ զորավար Հովհ. Բաղրամյանի գործունեությանը նվիրված հոդվածը։


Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Արման Մկրտչյան

Ամփոփագիր

Հոդվածում ներկայացվում է պետական կառավարման համակարգում ռազմավարական մտածելակերպի զարգացման և հաստատութենացման կարևորությունը՝ պաշտպանական-անվտանգային խնդիրների լուծման արդյունավետության բարձրացման տեսանկյունից:
Քննարկվում և վերլուծվում է ռազմավարության մշակման գործընթացը, ներկայացվում են այդ գործընթացի առանձին բաղադրատարրերի դերը և հաջորդականությունը՝ ազգային շահերի պաշտպանության համար ռազմավարական նպատակներ, ռազմավարության իրականացման եղանակներ և միջոցներ մշակելիս:
Որակայալ ռազմավարության մասնագետների պատրաստման և վերապատրաստման առումով կարևորվում է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում միջգերատեսչական ձևաչափով ռազմաքաղաքական կրթության տրամադրման հանգամանքը, ինչը նպաստելու է պաշտպանական-անվտանգային խնդիրների ու մարտահրավերների միասնական ընկալում ձևավորելուն և ռազմապետական համակարգի գործունեությունն ավելի համակարգված և նպատակային դարձնելուն:

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Կարեն Վերանյան

Ամփոփագիր

Հոդվածը նվիրված է պաշտպանության ոլորտում քաղաքացիական-պաշտպանական հարաբերությունների կանոնակարգման, ոլորտի նկատմամբ հասարակության վերահսկողության սահմանման հիմնահարցերի ուսումնասիրությանը։ Ներկայացվում են պաշտպանական ինստիտուտների նկատմամբ հասարակական հսկողության հաստատման արևմտյան և այլ երկրների փորձը և գրանցված արդյունքները։
Հետազոտությունը կարող է նպաստել ՀՀ զինված ուժերում պաշտպանական-քաղաքացիական հարաբերությունների կարգավորման հարցերին, զինված ուժերի նկատմամբ հասարակության հսկողության իրավաքաղաքական, հայեցակարգային հիմքերի ամրագրմանը, հասարակությանը զինված ուժերի ինտեգրման գործընթացին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

Հայկարամ Նահապետյան

Ամփոփագիր

Մարշալ Հովհաննես Բաղրամյանը մասնակցել է Առաջին համաշխարհայինին, եղել Անդրանիկի զինվորը և կռվել Սարդարապատում. սրանք առավելապես հանրահայտ փաստեր են: Սակայն թե ինչ է տեղի ունեցել այդ իրադարձությունների միջև ընկած ժամանակահատվածներում՝ համեմատաբար քիչ է հայտնի: Առաջին աշխարհամարտի տարիներին Հովհաննես Բաղրամյանի գործունեությունը կարևոր է հիշել, քանի որ այն ավելի պարզորոշ է ի ցույց դնում նրա ազգային նկարագիրը: Որքան էլ Մեծ հայրենականում ու հետագա տարիներին գնդապետ, ապա գեներալ, իսկ հետո՝ մարշալ Բաղրամյանի ռազմական գործերը, ծառայելով Խորհրդային Միությանը, ըստ էության ծառայում էին նաև մեր ժողովրդին, hայերի համար ճակատագրական 1914-1918թթ. նրա կամավոր զինվորագրումն ու պայքարն Օսմանյան Թուրքիայի դեմ ավելի ուղղակիորեն են ցույց տալիս, որ Հովհաննես Բաղրամյանը նախ և առաջ հայ էր, իր ժողովրդի անմնացորդ հայրենասերը:

ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ. «ԴԱՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ»` ԱՇԽԱՐՀԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ

Լիա Էվոյան

Ամփոփագիր

Անցած դարավերջին Հարավային Կովկասի և Միջին Ասիայի տարածաշրջանի, մասնավորապես Ադրբեջանի շուրջ աշխարհաքաղաքական պայքարն ընթանում էր Կասպից ծովի էներգապաշարների և էներգակիրների տարանցման ուղիների վերահսկման իրավունքի համար: Նավթի պաշարների վերաբերյալ «դարի պայմանագիրը», էներգատնտեսական գործարք լինելուց զատ, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական կարևորագույն նշանակության նախագիծ էր: Դա, ըստ էության, Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում արտաքին և ներքին քաղաքականությունն ուղղորդող հիմնական գործոնն է, որը կանխորոշում է այդ երկրների տեղն ու դերն Արևմուտքի ծրագրերում:

ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄԸ ՈՐՊԵՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ

Տարոն Սաքոյան

Ամփոփագիր

Հոդվածում ներկայացվել են պանթյուրքիզմի գաղափարախոսության էությունն ու անցած պատմական ուղու համառոտ վերլուծությունը, ինչը սպառնալիք է նաև մեր օրերում: Ներկայացվել են նաև անվանի գիտնական Ա.Զինովևի հայացքներն Արևմուտքի աշխարհաքաղաքական ծրագրերի շուրջ, ինչի հիման վրա հեղինակի կողմից առաջ է քաշվել վարկած, որը նախատեսում է ՌԴ, ԻԻՀ և ՉԺՀ ջախջախումն ու տարածքային մասնատումը Թուրքիայի և ողջ պանթյուրքական ուժերի միջոցով: Վերջնական արդյունքում հեղինակը հանգել է այն տեսակետին, որ ներկայումս պահանջված է Մոսկվա-Պեկին-Թեհրան-Երևան առանցքի ձևավորումը, ինչը կաթվածի ազդեցություն կունենա պանթյուրքական տարրերի և նրանց սատարող ուժերի վրա:

ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍՈՒՄ

Վարդան Աթոյան

Ամփոփագիր

Հոդվածում ներկայացվում և քննարկվում են ոլորտի հետազոտողների դիտարկումներն ու մոտեցումներն ուղեղային կենտրոնների (ՈւԿ) գործառնական և ինստիտուցիոնալ տիպաբանության վերաբերյալ: Ուսումնասիրության արդյունքում դուրս են բերվել այն հիմնախնդիրները, որոնք խոչընդոտում են բոլոր առանձնահատկություններն ամփոփող համապարփակ մոդելի մշակմանը: Հիմնավորվում է, որ ի տարբերություն գործառնական մոտեցման՝ առավել համապարփակ է ՈւԿ-ների ինստիտուցիոնալ բնորոշիչների հիման վրա իրականացվող տիպաբանությունը:

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

Համլետ Զաքարյան

Ամփոփագիր

Հոդվածում համառոտ անդրադարձ է կատարվել զբաղվածության հասկացության նախապատմությանը, ընդգծվել են հատկապես ռացիոնալ զբաղվածության քաղաքականության բարեփոխումների հրատապությունն ու այժմեականությունը, որակավորված և երիտասարդ աշխատուժին ՀՀ զարգացման ոլորտներ ուղղորդելու կարևորությունը, կրթական համակարգի և ՀՀ միգրացիոն պետական ծառայության կարևոր ծրագրերը տնտեսության արդի պահանջներին համապատասխանեցնելու հրամայականը: Շեշտադրվել է բոլոր ոլորտներում նոր աշխատատեղեր ստեղծելու, եղածը պահպանելու և ընդհանուր առմամբ աշխատաշուկայի պետական կարգավորման առաջնահերթությունը:

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՏԵՂ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Էդիտա Գզոյան, Արամ Միրզոյան, Սոֆյա Ալեքսանյան, Լուսինե Հովհաննիսյան, Սիմոն Հունանյան, Մարիամ Մեհրաբյան, Շուշանիկ Սարգսյան

Ամփոփագիր

Սույն հոդվածում վերլուծվում են ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի, Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից կազմակերպված հայ-ռուսական և հայ-բելառուսական համատեղ գիտական մրցույթները: Հետազոտությունն իրականացվել է 6 երկկողմ համատեղ մրցույթների (4 հայ-ռուսական և 2 հայ-բելառուսական) հայտերի ուսումնասիրության, ինչպես նաև RINC, AINC և WOS շտեմարանների տվյալների հիման վրա։ Ուսումնասիրվել և համեմատվել են հաղթած և չհաղթած խմբերի գիտաչափական ցուցիչները, տարիքները, գիտական աստիճանները: Կարևորվել է համատեղ մրցույթների ազդեցությունը հայ-ռուսական և հայ-բելառուսական գիտական համագործակցության վրա:
Հայ-ռուսական համատեղ մրցույթներում հաղթած խմբերի գիտաչափական ցուցիչները ոչ միշտ են բարձր չհաղթած մասնակիցների նույնանման ցուցանիշներից, իսկ հայ-բելառուսական մրցույթներում հաղթող խմբերի գիտաչափական ցուցանիշներն ամբողջությամբ համընկնում են մրցույթների արդյունքների հետ:

ՀՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գրիգոր Ներսիսյան

Ամփոփագիր

Պետական գնումների ոլորտում պայմանագրային համակարգի գործառնման նպատակը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարիքների բավարարման համար իրականացվող գնումների գործընթացում առաջացող հարաբերությունների կարգավորումն է: Սույն հոդվածը նվիրված է այդ համակարգի՝ ժամանակի հրամայականով պայմանավորված շարունակական փոփոխություններին, ինչպես նաև համակարգի արդյունավետության բարձրացման առումով հասարակական հսկողության ինստիտուտի ստեղծման անհրաժեշտության հիմնավորմանը: Մասնավորապես, հղում է արվում խնդրո առարկայի վերաբերյալ ՌԴ-ում իրականացվող բարեփոխումներին:


   

EnglishРуский