
«21-րդ ԴԱՐ» N 2, 2017
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» հանդեսի 2017թ. 2-րդ համարը, որտեղ տեղ են գտել հոդվածներ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցության (Ռ.Կարապետյան, Է.Դավթյան), պատերազմի տնտեսագիտության (Թ.Մանասերյան), մեծ քաղաքականություն վերադարձող Ռուսաստանի (Մ.Սահակյան), հետարդիականության դարաշրջանի ինստիտուցիոնալ փոխակերպումների (Կ.Հակոբյան), օժանդակ կառավարչական ծառայությունների (Ա.Մարկոսյան, Գ.Կուրղինյան), Ատրպատականի հայոց առաջնորդ, արքեպիսկոպոս Ներսես Մելիք-Թանգյանի (Դ.Մելիքյան) մասին։ Ուշագրավ է Հ.Նահապետյանի անդրադարձը հայ-թուրքական երկխոսության ուղղությամբ Անկարայի գործադրած հնարքին։
Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԵՌԱԿՈՂՄ ԸՆԴԼԱՅՆՎՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ռոման ԿարապետյանԱմփոփագիր
Խորհրդային Միության փլուզումից հետո Անդրկովկասում ակտիվացան տարածքային հակամարտությունները, որոնք ոչ միայն խաթարեցին անվտանգության մթնոլորտը տարածաշրջանում, այլև կանխորոշեցին տարածաշրջանի երկրների միջև փոխհարաբերությունների հետագա ընթացքը: Անդրկովկասի երկրներն ունեին նաև միմյանցից տարբերվող դիրքորոշումներ արտաքին քաղաքական գործընկերների ընտրության հարցում:
Տարածաշրջանում ամրապնդվելու առաջին հաստատուն փորձերն արեց Թուրքիան, որը գրեթե յոթանասուն տարի սպասել էր այս հնարավորությանը: Առաջին քայլերն ուղղված էին տնտեսական բնույթի կապերի ձևավորմանը, որոնք հետագայում ամուր հիմքեր կտային քաղաքական ու ռազմական համագործակցության համար: 1990-ական թվականներին մշակվեցին, իսկ 21-րդ դարի մեկնարկին իրագործվեցին էներգետիկ, տրանսպորտային բնույթի մի շարք ծրագրեր: Ներկայում էլ այդ ծրագրերը գործնական ընթացքի մեջ են և ունեն շարունակականության միտումներ:
Ելնելով Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականից՝ հարց է առաջանում. որքանո՞վ են այդ ծրագրերը սպառնում Հայաստանի զարգացմանը, արդյո՞ք դրանք ուղղված չեն Հայաստանի դեմ, և ի՞նչ գործնական քայլեր են ձեռնարկվում դրանց բացասական հետևանքները չեզոքացնելու կամ հակընդդեմ ծրագրեր մշակելու ուղղությամբ:
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Էրիկ ԴավթյանԱմփոփագիր
Հոդվածում վերլուծվում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթի ու գազի խողովակաշարերի անվտանգության ապահովման նպատակով եռակողմ համագործակցության մակարդակում Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի կողմից իրականացված քայլերը, այդ համագործակցությունը պայմանավորող իրավապայմանագրային հիմքը: Ներկայացվում են խողովակաշարերի անվտանգության սպառնալիքները և այս համատեքստում եռակողմ համագործակցության մարտահրավերները: Անդրադարձ է կատարվում այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների դիրքորոշմանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի անվտանգության պահպանման, այդ ուղղությամբ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ձեռնարկած համատեղ քայլերի հանդեպ:
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» ՀՆԱՐՔԸ. Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԱՆԿԱՐԱՆ
Հայկարամ ՆահապետյանԱմփոփագիր
Դանիայի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումից հետո Թուրքիան պաշտոնապես առաջարկեց ստեղծել հայ-թուրքական հանձնաժողով՝ իբր, 1915թ. հարցի պատմական քննության համար։ Վերջին ավելի քան տասը տարվա ընթացքում Թուրքիան քանիցս նման առաջարկություններ է արել։ Որքանո՞վ են անկեղծ Անկարայի հայտարարությունները։ Հոդվածը նպատակ ունի հիմնավորելու այն թեզը, որ թուրքական կողմի համար նախընտրելի տարբերակը եղել և մնում են մերժողականությունը և հայկական հարցի թաբուն երկրի ներսում, այլ ոչ թե քնննարկումը։ Պատմությունը բաց քննարկելու իբր պատրաստակամության մասին հայտարարությունները, նշված բազմաթիվ օրինակների լույսի ներքո, Թուրքիայի դիվանագիտական հնարամիտ քայլն են հանդիսանում։ Վերլուծության համաձայն՝ Թուրքիան կարող էր նման «ճշմարտության» հանձնաժողով ձևավորել ավելի պարզեցված ձևով` իր երկրի ներսում, քանի որ այստեղ էլ արդեն քիչ թիվ չեն կազմում 1915թ. Հայոց ցեղասպանության փաստը և Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը հրապարակայնորեն ընդունող պատմաբանները, հասարակական-քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները։ Սակայն Թուրքիան ոչ միայն չի արել դա, այլև խուսափել է այդ ուղղությամբ միջազգային նախաձեռնություններից։
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թաթուլ ՄանասերյանԱմփոփագիր
Հոդվածում ներկայացվել է պատերազմի իրական սպառնալիքի պայմաններում ապրող հասարակության ընտրությունը` հաշվի չառնել պատերազմի սպառնալիքը և շարունակել ազատական ուղղվածության բարեփոխումները կամ պատրաստվել պարտադրված պատերազմի ցանկացած դրսևորման՝ ըստ այդմ մշակելով և կիրառելով զարգացման նոր մոդել: Ցույց է տրված, որ ինչպես ամեն ապրանք ու ծառայություն, ամեն արհավիրք ու աղետ, այնպես էլ պատերազմն ունի իր գինը: Եվ դրա հաշվարկն ամենևին էլ տնտեսագիտության դասական սահմանումներով կատարվող գնի հաշվարկ չէ:
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մհեր ՍահակյանԱմփոփագիր
Հոդվածը նպատակ ունի ուսումնասիրել Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական դրույթները, ներկայացնել, թե որ ուղղություններով է շարժվելու «ռուսական արջը», որ լծակներն են Մոսկվայի կողմից օգտագործվելու արտաքին քաղաքականությունում, ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ համաշխարհային ակտիվ քաղաքականություն Ռուսաստանի վերադառնալու պայմաններում:
ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ՀԵՏԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ
Կարինե ՀակոբյանԱմփոփագիր
Հաստատութենական (ինստիտուցիոնալ) փոփոխությունները պայմանավորված են տվյալ դարաշրջանի գաղափարական գերակայության հաստատման անհրաժեշտությամբ: Ներկայիս հետարդիականության դարաշրջանը հերքում է արդիականության մարդակենտրոն գաղափարաբանությունը, և ուրեմն, գաղափարական նոր գերակայություն հաստատելու անհրաժեշտությունը կա: Այն, որ հետարդիականության հարացույցի մեջ ժամանակի և տարածության գաղափարները տեղ չունեն, բացատրվում է մշակույթի, ուրեմն նաև ազգերի գոյության ի սկզբանե մերժմամբ: Դրանով է բացատրվում նաև այն, որ հետարդիական հասարակության մտայնությունը ոչ թե հաստատությունների վերարտադրությունը և զարգացումն է, այլ հաստատութենական փոփոխություններն ու փոխակերպումները: Երբ հետարդիական նիհիլիզմի և համաշխարհայնացման գործընթացների հետևանքով հասարակության մակրոմակարդակում (ազգային մակարդակ) կազմալուծվում են ազգային պետությունները՝ խաթարելով մշակութային ինքնությունների վերարտադրությունը, հասարակության մետամակարդակում (համամարդկային մակարդակ) առաջանում է մարդկային ինքնությունը պահպանելու խնդիրը:
ՕԺԱՆԴԱԿ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻՑ
Աշոտ Մարկոսյան, Գրիգոր ԿուրղինյանԱմփոփագիր
Վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում ձևավորված պետական ապարատը բնորոշվում է «թանկ» բառով: Բավական է նշել, որ ՀՀ «Պետական կառավարման մարմիններ» կառուցվածքային հատվածի ՀՆԱ-ն 2014թ. 2000թ. համեմատ ավելացել է 581.5%-ով (2000թ. 71.5 մլրդ դրամից 2014թ. հասնելով 415.8 մլրդ դրամի) և ընդհանուր ՀՆԱ կազմում 2000թ. 7.5%-ից 2014թ. հասել է 9.5%-ի: Ըստ որում, այդ նույն ժամանակահատվածում, տնտեսության ՀՆԱ աճի նկատմամբ «Պետական կառավարման մարմիններ» կառուցվածքային հատվածի ՀՆԱ առաջանցիկ աճը կազմել է 176.8%, իսկ «Ոչ ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների)» կառուցվածքային հատվածի ՀՆԱ-ի նկատմամբ` 167.7%:
Հեղինակների կարծիքով՝ «Պետական կառավարման մարմիններ» կառուցվածքային հատվածում առաջացել է բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն, որի արդյունքում պետք է օպտիմալացվեն կառավարման գործառույթների իրականացմանն ուղղվող ծախսերը և հատկապես օժանդակ կառավարչական ծառայությունների ծախսերը: Նշված են ծառայությունների այդ տեսակների խոշորացման, մեկ մարմնի ձեռքում կենտրոնացման, ինչպես նաև մասնավոր հատվածից դրանք ձեռք բերելու հնարավորությունները: Ոլորտում մրցակցային միջավայրի ստեղծումը կհանգեցնի օժանդակ կառավարչական ծառայությունների արժեքի նվազեցմանն ու դրանց մատուցման որակի բարձրացմանը:
ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՆԵՐՍԷՍ ԱՐՔ. ՄԵԼԻՔ-ԹԱՆԳԵԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ 1914-1918ԹԹ.
Դերենիկ ՄելիքեանԱմփոփագիր
Թէ՛ 1914թ. Ա. աշխարհամարտի եւ թէ՛ դրան անմիջապէս յաջորդող Հայոց ցեղասպանութեան հետեւանքով բազմահազար հայ գաղթականներ Արեւմտեան Հայաստանից ապաստանեցին հարեւան Պարսկաստանի Ատրպատական նահանգում:
Յօդւածում փորձ է արւել կարեւորել գաղթականութեան անվտանգութեանն ու դրանում մեծ դեր վերապահւած՝ Ատրպատականի Հայոց թեմակալ առաջնորդ Ներսէս արք. Մելիք–Թանգեանի վիթխարի գործունէութիւնը ոչ միայն որպէս հոգեւոր հովւի, այլեւ մանաւանդ որպէս հասարակական-քաղաքական առաջնորդի, որին յաջողւեց դժնդակ ու բարդագոյն պայմանները փոխարինել հայ գաղթական զանգւածների համեմատական անվտանգութեամբ: