• am
  • ru
  • en
Версия для печати
01.07.2015

ՀԱՅ ԵՎ ՀՈՐԴԱՆԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՄԻՆՉԵՎ 25 ԿՐԹԱԹՈՇԱԿ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարությունն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով կողմերը ամրապնդում են բարեկամական կապերը կրթության, գիտության և տեխնոլոգիաների բնագավառում:

2015-2020թթ. համար նախատեսված հուշագրով կողմերը կաջակցեն երկու երկրների համալսարանների և գիտական ու հետազոտական կազմակերպությունների միջև անմիջական կապերի հաստատմանն ու զարգացմանը, տարեկան մինչև 25 կրթաթոշակ կտրամադրեն տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարապետաշինարարության, հնագիտության, լեզվաբանության, բժշկության ոլորտներում արաբերենի ու իսլամագիտության և համապատասխան վերապատրաստման դասընթացների համար, ներկայացնելով ծրագրի առանձնահատկությունը նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լաբիբ Խադրան էլ իր հերթին կարևորելով այս երկկողմ հուշագիրն ու համագործակցությունը՝ նշեց, որ Հորդանանում ներկայում սովորում են ավելի քան 50 ազգությունների ներկայացուցիչներ:

«Մենք ուրախ կլինենք Հորդանանում տեսնել նաև բազմաթիվ հայ ուսանողների, քանի որ Հորդանանում մենք ունենք միջազգային ուսանողական մթնոլորտ, միջազգային կրթական համակարգ: Իհարկե մենք ցանկություն ունենք էլ ավելի ընդլայնելու օտարերկրյա ուսանողների քանակը : Կարծում եմ նմանատիպ համաձայնագրերի ստորագրմամբ կողմերի միջև ստեղծվում է նաև յուրահատուկ մշակութային կամուրջ»:

Ռադիոլուրի հարցին, թե ինչու են համագործակցության ծրագրում ընդգրկվել միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարապետաշինարարության, հնագիտության, լեզվաբանության, և բժշկության մասնագիտությունները, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ 3 տարիների համատեղ աշխատանքի արդյունքում ի մի են բերվել ընդհանուր հետաքրքրութունները և ըստ այդմ է ընտրվել մասնագիտությունների ցանկը: Նշենք, որ փոխադարձ կապերը ամրապնդելու, փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցությունը զարգացնելու նպատակով՝ կողմերը կկազմակերպեն նաև փորձագետների խմբի տարեկան փոխանակում:

http://artsakhpress.am/arm/news/21431/