• am
  • ru
  • en
Версия для печати
25.09.2015

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ՉԼՈՒԾՎԱԾ

Թուրքական «Cumhuriyet» թերթի հոդվածագիր Ումուր Յեդիքարդեշն անդրադարձել է Թուրքիայում փոքրամասնությունների կրթական հաստատությունների խնդիրներին: Հոդվածում առանձին անդրադարձ է կատարվել նաև հայկական դպրոցներին, որոնք 16-ն են փոքրամասնություններին պատկանող 24 դպրոցների շարքում:

Հեղինակը նշում է, որ այս տարվանից սկսած ազգային փոքրամասնությունների դպրոցներում «ազգային կոդի» վերացումն ու դպրոցների տնօրեններին աշակերտների ընդունելությունն ինքնուրույն կատարելու իրավունքի վերապահումը կարևոր զարգացում է հայկական դպրոցների համար:

Թուրքիայի հայկական դպրոցների այլ խնդիրների շուրջ հեղինակը զրուցել է Հիմնադրամների համերաշխության և հաղորդակցության պլատֆորմի կրթական հանձնաժողովի համակարգող Նուրհան Փալաքօղլուի հետ: Վերջինս նշել է, որ հայկական դպրոցների ամենահրատապ խնդիրն այս պահին հյուր աշակերտների (Թուրքիայում բնակվող, սակայն դեռևս քաղաքացիություն չունեցող-EH) հարցի լուծումն է: Լուրջ խնդիր է նաև դասագրքերի պակասությունը: Փալաքօղլուն նշել է, որ Հայաստանից դրանց բերելը նույնպես նպատակահարմար չէ, քանի որ այնտեղի գրքերն արևելահայերենով են, իսկ իրենց հարկավոր են արևմտահայերեն դասագրքեր:

Նա նաև նշել է, որ Թուրքիայում վերջին շրջանում տիրող անկայուն տնտեսական վիճակն իր ազդեցությունը է ունեցել դպրոցներին հանգանակություններ կատարող որոշ հայ ընտանիքների վրա, ինչի հետևանքով դպրոցները ֆիանսական դժվարություններ են կրում:

http://www.ermenihaber.am/am/news/2015/09/24