• am
  • ru
  • en
Версия для печати
06.10.2015

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՉԻՆԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մամլո հաղորդագրություն

2015թ. սեպտեմբերի 29-ին Երևանում Չինաստանի հայկական համայնքի (Չինահայ) նախագահ Հենրի Արսլանյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Տեր Կյուրեղյանը Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, ըստ որի՝ չինացի ուսանողներին կտրամադրվի կրթաթոշակ ՀԱՀ-ում սովորելու համար:

2016 թվականից Չինաստանի հայկական համայնքը կրթաթոշակ կտրամադրի այն չինացի ուսանողներին, ովքեր կցանկանան ուսումը շարունակել Հայաստանում: Կրթաթոշակը կներառի թռիչքի, առողջությունն ապահովագրելու և Հայաստանում ապրելու ծախսերը: ՀԱՀ-ն իր հերթին ևս կտրամադրի կրթաթոշակ, որը կծածկի ուսման վարձը: Չինահայի և ՀԱՀ միացյալ ջանքերը կօգնեն չինացի ուսանողների շրջանում հետաքրքրություն առաջացնել ՀԱՀ-ի նկատմամբ, այն դարձնել հայտնի։ Այս նախադեպը ևս մեկ խթան կարող է հանդիսանալ Արևելյան Ասիայից ուսանողներ հրավիրելու գործում:

«Մենք հպարտությամբ ենք առաջարկում այս կրթաթոշակը մեր չինացի ընկերներին: Սա նաև շնորհակալական քայլ կլինի՝ ուղղված մեր չինացի ընկերներին, ովքեր դարեր շարունակ ընդունում են հայերին: Մենք հավատում ենք կրթության ուժին և հուսով ենք, որ այս կրթաթոշակը կքաջալերի տաղանդավոր չինացի ուսանողներին ուսումը շարունակել Հայաստանում: Չինաստանի հայկական համայնքի գաղափարական հիմնաքարերն են անկախությունը, թափանցիկությունը, կառավարումը: Մեր նպատակն է՝ դառնալ գերազանց հայկական կազմակերպություն, որը լավ օրինակ կհանդիսանա ապագա սերունդների համար։ Մենք հպարտ ենք, որ համագործակցում ենք միևնույն գաղափարաները կիսող ՀԱՀ-ի հետ»,- ասել է Հենրի Արսլանյանը։

ՀԱՀ-ում ուսանում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր իրենց հետազոտությունները կատարում են ՀԱՀ բազմաթիվ գիտական կենտրոններում: Արդեն երկար տարիներ ՀԱՀ-ն առաջարկում է 8 մագիստրոսական ծրագիր, իսկ 2013-ից ՀԱՀ-ում կարելի է ստանալ նաև բակալավրի կոչում: Բակալավրիատը գործում է 2013 թվականից, որի շնորհիվ, 2012թ. ուստարվա համեմատ, 2013-ին արտասահմանից դիմորդների թիվը եռապատկվեց:

ՀԱՀ-ը տեղակայված է նախկին ԽՍՀՄ-Իրան խաչմերուկում գտնվող երկրում և կարող է հրապուրիչ դառնալ Չինաստանի ու Արևելյան Ասիայի ուսանողների համար: Արտասահմանցի ուսանողները կարող են հետազոտել տարածաշրջանային զարգացումները, ապրել անվտանգ միջավայրում, սովորել ԱՄՆ-ի կողմից հավատարմագրված բուհում, նշել է ՀԱՀ ղեկավարներից Ռանդալ Ռհոդեսը:

Չինաստանի հայկական համայնքի կայքն է՝ http://www.chinahay.com











English