• am
  • ru
  • en
Версия для печати
26.11.2015

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԴԱՍ ՏԱԼՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՂԱՏՈՄՍԸ

Ռուս-թուրքական լարվածությունը հասնում է իր գագաթնակետին: Թե մինչեւ ուր կհասնի ռուսական Սու-24 ինքնաթիռի ոչնչացման պատմությունը, ինչ հետեւանքներ այն կունենա, «Իրավունքը» հետաքրքրվեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ.

–Կարծում եմ, որ սա տրամաբանական շարունակությունն է այն լարվածության, որ կար Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ` կապված սիրիական տարածքում ռուսական ավիացիայի գործողությունների հետ: Ըստ իս, պետք է պատասխանը քաղաքական ձեւերով խիստ կոշտ լինի, եւ որքան կոշտ, այնքան ավելի ճիշտ կլինի այս պարագայում` սկսած տնտեսական հարաբարությունների վրա ազդելուց եւ այլն: Բայց իրադրությունն այնպիսին է, որ գուցեեւ կիրառվեն ավելի ճկուն ձեւեր, որովհետեւ ստեղծված իրադրությունում Թուրքիայի հետ սրել հարաբերությունները, նույնպես բացասական կանդրադառնա:

– Իսկ հնարավո՞ր է, որ կոշտ քայլերից մեկն էլ լինի այն, որ ՌԴ-ն որոշի աջակցել քրդական ինքնապաշտպանական ուժերին` ընդդեմ թուրքական իշխանությունների:

– Նման կարծիք կա, եւ լավագույն մասնագետներից մեկը` Սեմյոն Բաղդասարովը (ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախկին անդամ-հեղինակ), նման դեղատոմս է առաջարկում: Բայց այս բոլորը պետք է լուրջ քննարկվի ռուսաստանյան կառույցների կողմից: Կարծում եմ, որ համենայնդեպս, ինչ-որ քայլեր պետք է արվեն, որովհետեւ, ըստ ամենայնի, ինչպես տարածված է ԶԼՄ-ների տեղեկություններում, Սիրիայի տարածքում է եղել ինքնաթիռը, որը խոցվել է թուրքական կողմից:

– Որքանո՞վ իրավիճակը կազդի տարածաշրջանի եւ մասնավորապես Հայաստանի վրա, թե՞ սա բացառապես ռուս-թուրքական հարաբերություններին են վերաբերում:

– Զուտ ռուս-թուրքական լարված հարաբերություններն արդեն երեք դարի պատմություն ունեն: Ռուսաստանը Թուրքիայի դեմ 14 պատերազմ է մղել: Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, բնականորեն, այս ամենն անդրադառնալու է նաեւ տարածաշրջանային խնդիրների վրա, մասնավորապես Թուրքիայի, այսպես կոչված, փոքր եղբոր` Ադրբեջանի քաղաքականության վրա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

http://www.iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=31488:2015-11-25-10-38-08&catid=41:lurer&Itemid=57


Руский