• am
  • ru
  • en
Версия для печати
20.11.2007

ՆՈՐԱՎԱՆՔՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԹԱՄԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ.ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Tamara_Vardanyan (medium) Նոյեմբերի 14-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում, «Հայաստանը և հայությունը գլոբալ զարգացումներում. արդի վիճակը և մարտահրավերները» նորավանքյան ընթերցումների շրջանակներում տեղի ունեցավ «Նորավանք» ԳԿՀ հասարակագիտական ծրագրի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանի զեկուցումը «Ազգայնականության էությունն ու գործառույթները» թեմայով։

«Ազգայնական» բառն առաջացել է 18-րդ դ. Անգլիայում և սկզբնական շրջանում պարզապես նշանակել է պատկանելություն տվյալ ազգին, իսկ «ազգայնականություն» հասկացությունն առաջին անգամ գիտական շրջանառության մեջ է դրվել ճիզվիտական Իլյումինանտների օրդենի հիմնադիր, կրոնական իրավունքի պրոֆեսոր Ադամ Վայսհաուպտի կողմից 1798թ., որն այն օգտագործում էր բացասական իմաստով։

Անցած երկու հարյուրամյակների ընթացքում այս հասկացության իմաստային ընդգրկման սահմանները մեծապես ընդլայնվեցին։ Հետազոտողներն այդ գործընթացում նկատում են մի քանի փուլեր։ Առաջին փուլը՝ 1789-1871թթ., համարվում է ազգայնականության գաղափարախոսության առաջացման ժամանակաշրջան։ Սկսվելով Ֆրանսիական մեծ հեղափոխությամբ՝ այն փոխեց նախկին ընկալումները միապետական իշխանության հանդեպ. եթե մինչ այդ միապետական իշխանությունն էր համարվում Աստծուց շնորհված միակ լեգիտիմ իշխանությունը, ապա ֆրանսիական հեղափոխականները պահանջեցին այս սկզբունքների վերանայում, լեգիտիմ իշխանության աղբյուր հայտարարվեց ժողովուրդը և առաջ քաշվեց «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսը։ Այս փուլն ավարտվեց Գերմանիայի միավորումով Օտտո ֆոն Բիսմարկի օրոք։ Այս շրջանում է, որ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում ավարտվեց ազգ-պետությունների՝ Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի ձևավորման գործընթացը։ Այս փուլում «ազգայնականությունն» ընկալվում էր որպես դրական երևույթ, իսկ տերմինը դիտվում էր որպես հայրենասիրության հոմանիշ։

Երկրորդ փուլում՝ 1871-1945թթ., ազգ-պետությունները սկսեցին իրենց հետագա զարգացման և բարգավաճման նպատակով իրականացնել ագրեսիվ գործողություններ, ինչը դրսևորվեց խոշոր տերությունների կողմից Ասիայի և Աֆրիկայի գաղութացման մեջ։ Այս փուլում «ազգայնականությունը» որպես երևույթ սկսեց քննադատվել և ընկալումներում ձեռք բերեց բացասական երանգներ։ «Ազգայնականություն» բառեզրը դառնում է շովինիզմի, ռասիզմի հոմանիշ։ Եվ դա՝ չնայած այն հանգամանքին, որ հենց այս փուլում առաջին անգամ շրջանառության մեջ դրվեց ազգերի ինքնորոշման սկզբունքը 1878թ. Բեռլինի վեհաժողովում, երբ Օսմանյան կայսրությունից անջատվեց և անկախացավ Բուլղարիան, ինքնավարություն ստացան Սերբիան, Մակեդոնիան, Չեռնոգորիան։ 1918թ. ԱՄՆ նախագահ Վ.Վիլսոնը հրապարակեց իր հայտնի 14 կետերը, որոնք նույնպես ազդարարում էին ազգերի ինքնորոշման սկզբունքը որպես միջազգային իրավունքի գերակա գործոն։

Երրորդ փուլը՝ 1945-1975թթ., գաղութատեր պետությունների անկման և ազգային ազատագրական շարժումների վերելքի շրջանն է։ Այդ ժամանակահատվածում նշված շարժումները որակվեցին որպես դրական առաջադիմական երևույթ ինչպես կոմունիստական ճամբարի պետությունների, նույնպես և արևմտյան երկրների ձախ (այդ թվում՝ ոչ կոմունիստական) ազդեցիկ ուժերի կողմից։ Մինչդեռ 1975թ. կնքված Հելսինկյան համաձայնագիրը միջազգային հարաբերություններում որպես հիմնական գերակա սկզբունք հայտարարեց «սուվերեն պետությունների սահմանների ամբողջականության» սկզբունքը, որը լուրջ հակասությունների մեջ է ազգերի ինքնորոշման սկզբունքի հետ։

Ժամանակակից քաղաքագետների, հասարակագետների շրջանում աշխույժ քննարկումներ են ընթանում ազգայնականությունը որպես դրական կամ բացասական երևույթ որակելու հարցում։ Մի կողմից՝ արդարացի է համարվում սեփական մշակույթը, լեզուն, ինքնությունը պահպանելու մարդկանց բնական ձգտումը, մյուս կողմից՝ այս բնական պահանջները հաճախ վերածվում են իրենց ազգի համար հատուկ արտոնություններ շնորհելու պահանջների, որոնք հանգեցնում են քաղաքացիական անհավասարության։ Ազգայնականությանը բնորոշ է նաև անդրադարձն անցյալին, հին սովորույթներին, արմատներին, ինչը հաճախ ներկայացվում է իբրև մոդեռնիզացիայի և դեմոկրատացման գործընթացները կասեցնող երևույթ։ Մեզանում ազգայնականության մասին համեմատաբար լայն քննարկումներ սկսվեցին միայն ժողովրդավարացման գործընթացների շնորհիվ։ Սկսվեց ազատորեն ասվել, որ խորհրդային գիտության, հասարակագիտական-քաղաքագիտական պրակտիկայում «ազգայնականություն» բառեզրն օգտագործվում էր միայն բացասական իմաստով, երբ անհրաժեշտություն էր առաջանում քննադատել շեղումն ինտերնացիոնալիզմի սկզբունքներից, դրանց չհետևելը։ ԽՍՀՄ փլուզումից հետո էր, որ մեզանում թարգմանվեցին այս ոլորտի տեսության ճանաչված տեսաբաններ Է.Գելների, Է.Հոբսբաումի, Է.Սմիթի և այլոց մի շարք աշխատություններ։

Ազգայնականության տեսաբաններն այն դիտում են և՛ որպես գաղափարախոսություն, և՛ որպես քաղաքական հայեցակարգ, և՛ որպես հուզական մտորումներ ու զգացմունքներ։ Այսպես, Է.Հոբսբաումը գտնում է, որ «ազգայնականությունն ավելի շատ քաղաքական ծրագիր է», իսկ Կ.Դոյչը նշում է, որ «ազգայնականությունը մտքի այնպիսի իրավիճակ է, երբ հասարակական կապերում որոշումներ կայացնելիս հատուկ նշանակություն է տրվում «ազգային տեղեկատվությանը», հիշողությանը և կերպարներին»։ Ազգայնականության մյուս տեսաբան Է.Սմիթը խոսում է «ազգայնականության էթնիկ արմատների մասին» և իր ուսումնասիրություններում նշում, որ ազգայնականության հիմքում ընկած են էթնիկ առասպելները։ Մասնագիտական գրականության մեջ շրջանառվում են նաև ազգայնականության առավել ընդհանրացված բնորոշումներ։ Այսպես, օրինակ, «ազգայնականությունը ազգի և ազգության նորմատիվային կարևորության (նշանակության) մասին համոզմունքների ամբողջություն է» կամ էլ «ազգայնականության հաջողության կամ անհաջողության պատճառը հասկանալու համար այն պետք է դիտել որպես գաղափարախոսություն և շարժում՝ ուղղված այն ազգային շահերի պաշտպանությանը, որոնց ընդհանուր հայտարարը ազգի գոյության համար բարենպաստ պայմանների ապահովումն է»։

Ազգայնականությունն այնքան բազմադեմ ու բազմաբնույթ երևույթ է, որ տեսությունները, լինելով երբեմն իրարամերժ, այնուամենայնիվ, հաճախ բոլորն էլ ճշմարտացի են, ուստի սխալ չի լինի դրանք դիտարկելը որպես մեկը մյուսին լրացնող և հարստացնող։ Մեր կարծիքով, կարևոր է ազգային շարժումների մեջ տեսնել ու տարբերակել և՛ դրական, և՛ բացասական դրսևորումները և հաշվի առնել նշված երևույթի նկատմամբ առկա բազմաթիվ, երբեմն իրարամերժ գնահատականները։ Կարելի է համաձայնվել Վ.Պֆաֆի այն ձևակերպմանը, որ «ազգայնականությունը ինչպես սիրո, այնպես էլ ատելության արտահայտություն է, ժամանակակից քաղաքական կյանքի ու միջազգային հարաբերությունների հիմնաքարային տարր»։

Կան բազմաթիվ հեղինակներ (ամերիկյան՝ Բ.Շայֆեր, Լ.Դոուբու, Ռ.Էմերսոն, Ռ.Ստրաուս-Հյուպե), որոնք գտնում են, որ ազգայնական լինել՝ նշանակում է լինել իր հայրենիքի հանդեպ պարտքի զգացում ունեցող, հայրենիքը սիրող քաղաքացի, ազգայնականի և հայրենասերի միջև դրվում է հավասարության նշան։ Մի շարք հեղինակներ (ամերիկյան՝ Հանս Կոն, Հեյես, Սնայդեր, Էմերսոն, ֆրանսիացի՝ Ժիրարդո, գերմանացի՝ Լեյբերգ) որպես ազգայնականության հիմնական բնորոշիչ առաջին հերթին նշում են ծայրահեղ նվիրվածությունն ազգային հանրույթին, ազգային պետության ընկալումը որպես հասարակական կյանքի կազմակերպման իդեալական մոդել և իրենց գործունեությամբ նպաստում են ազգային պետության զարգացմանն ու բարգավաճմանը։ Մի շարք հետազոտողներ ազգը համարում են սոցիալական համաձայնության լավագույն մոդել, որի ներսում բացառվում է որևէ սոցիալական կոնֆլիկտ։ Ոմանց պատկերացմամբ՝ ազգն առանց ազգայնականության անհնար է, ազգայնականությունը միջոց է, որն ի զորու է պահպանել ազգը, հակառակ պարագայում ազգը կմնա առանց գաղափարական հիմքի և առանց ծնողների։ Ժամանակակից ռուս հեղինակներն այս երևույթին հիմնականում տալիս են բացասական երանգավորում։

Ազգայնականությունը ժամանակակից հզոր շարժումներից է, այն կարելի է համեմատել լիբերալիզմի և դեմոկրատիայի հետ, բայց այսօր շատ ուսումնասիրողներ ազգայնականությունը համարում են ժամանակակից աշխարհի հիմնական գլոբալ համընդհանուր գաղափարախոսությունը։ Այսպես, Բ.Անդերսոնը գտնում է, որ ազգայնականությունը չի կարելի համեմատել ոչ լիբերալիզմի, ոչ էլ ֆաշիզմի հետ։ Այն պետք է նույն հարթության վրա դիտարկել «կրոնի» կամ «ազգակցական կապերի» հետ, քանի որ ոչ լիբերալիզմը, ոչ էլ ֆաշիզմը չեն քննարկում անմահության գաղափարը, մինչդեռ ազգայնականությունը ձևավորվեց այն նպատակով, որ ազգի հավերժացման միջոցով ինքը՝ անհատը, նույնպես հավերժանա։ Եվ երբ կրոնական ուսմունքը թուլացավ Եվրոպայում, մարդը սկսեց փնտրել անմահանալու մեկ այլ ուղի։ Առաջացավ ազգը, որը պետք է կատարեր այս գործառույթը։ Ֆրանսիական մտածողներից մեկը՝ Դեբրեն, ասում է. «Այո, ես պատահաբար եմ ծնվել ֆրանսիացի, բայց չէ՞ որ Ֆրանսիան հավիտենական է»։ Ազգի ապրելու միջոցով սեփական անձի հարատևման գաղափարը հայ իրականության մեջ մենք տեսնում ենք դեռևս 451թ. Ավարայրի մարտիկների նշանաբանում՝ «Մահ չիմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն»։

Է.Հոբսբաումը նշում է, որ ազգայնականությունը շուտով, 21-րդ դ., կվերանա։ Նա բացատրում է իր տեսակետը հետևյալ կերպ. քանի որ ազգայնականության հիմնական գործառույթը պետության ստեղծումը և տնտեսության ձևավորումն է, այսօր այն արդեն ակտուալ չէ։

Ազգայնականությունն ուղղակի գաղափարների համադրություն չէ։ Այն սահմանում է որոշակի վարքագիծ, կենսակերպ և աշխարհայացք։ Ազգայնականի ըմբռնմամբ՝ ազգն ունի հետևյալ հատկանիշները.

1. Ազգը իր հայրենիքի սեփականատերն է

2. Ազգը իր հայրենիքում քաղաքական իշխանության միակ լեգիտիմ աղբյուրն է

3. Ազգը խմբային իդենտիֆիկացիայի առաջնային աստիճանն է։

Հիմնվելով այս հատկանիշների վրա՝ ազգայնականությունն իրականացնում է երեք հիմնական գործառույթ.

1. Սահմանում է (գոնե մոտավորապես) տվյալ ազգի հայրենիքը՝ աշխարհագրական սահմանները։ Ոչ թե ինչպիսին է տվյալ պատմական ժամանակահատվածում, այլ ինչպիսին է եղել և ինչպիսին պետք է լինի՝ համապատասխան արդարության սկզբունքի։ Այս առումով շատ կարևոր են պատմության դասագրքերը։

2. Սահմանում է այն քաղաքական ինքնակազմակերպման մոդելը, որը կլինի ամենաօպտիմալը ազգի գոյությունն ու զարգացումն ապահովելու համար։ Ազգայնականներն ազգային պետությունը համարում են ազգի գոյության ու զարգացման համար ներկայումս մարդկության կողմից ստեղծված ամենաարդյունավետ կառավարման մոդել, հետևաբար, ազգայնականության կարևորագույն գործառույթներց է ազգ-պետության ստեղծումը, իսկ եթե այն ստեղծվել է, ապա պահպանումն ու ամրապնդումը։

3. Գծում է ազգի անդամ հանդիսացող բնակչության սահմանները, այսինքն՝ ով կարող է համարվել տվյալ ազգի ներկայացուցիչ։ Հաստատվում է այն «մենք»-ը, որն իրավունք ունի վերահսկել հայրենիքի տարածքը և ռեսուրսները։

Բացի վերոնշյալներից, ազգայնականությունն ունի նաև ազգակերտման գործառույթ։ Ըստ կոնստրուկտիվիստական մոտեցման, ազգը ստեղծվել է ազգայնականների կողմից։ Բայց պետք է նշել, որ ոչ միշտ է հաջողվում կերտել ազգ։ Այսինքն՝ ազգայնականությունը ամեն տեղ չէ, որ կարող է ստեղծել ազգ։ Օրինակ՝ ինչո՞ւ բազմազգ կայսրություններում չի հաջողվում մեկ ազգ ձևավորել։ Պատմությունը գիտե բազմաթիվ կայսրություններ, որոնք փլուզվեցին, քանի որ մեկ ազգ չէր ապրում նրանց զբաղեցրած տարածքում։

Դասախոսության ավարտին ծավալվեց ավելի քան մեկուկեսժամանոց քննարկում։ Բանախոսի առաջ քաշած դրույթները փորձ արվեց տեղայնացնել հայաստանյան իրականության մեջ։


EnglishРуский