05.11.2025
ՍԱ ՆՄԱՆ Է ՆԻԿՈԼԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԵՐՋԻՆ «ԴԵՂԻՆ», ԵԹԵ ՈՉ՝ «ԿԱՐՄԻՐ ՔԱՐՏԻՆ»
Այս օրերին ռուսական լրատվական դաշտը, այդ թվում՝ կենտրոնական հեռուստաալիքներն ակտիվորեն թիրախավորում են Նիկոլ Փաշինյանին` երկու հիմնական թեմայով: Նախ՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ կապված, ապա՝ Նիկոլի վերջին հայտարարություններից մեկի:
ԻՆՉ Է ԱԿՆԱՐԿՈՒՄ ՄՈՍԿՎԱՆ
Վարդան Ղուկասյանի մասով միանգամայն կոշտ քննադատության իմաստն այն է, որ նրան ձերբակալել են ընդամենը Ռուսաստան-Բելառուսին միանալու անհրաժեշտության մասին կարծիք հայտնելու համար, որը իրավապահները, հասկանալի է, ոչ առանց վերին ցուցումների, «ընկալել» են որպես Հայաստանի անկախության դեմ ուղղված քարոզ: Եվ ահա, ռուսական դաշտը, հաստատ էլի ոչ առանց վերին ցուցումների, այդ քայլը ամենակոշտ քննադատելով հանդերձ, նաեւ առաջ է քաշում մեկ այլ շատ պարզ հարց: Այն է, որ Հայաստանում պաշտոնական մակարդակով որոշումներ են կայացնում ԵՄ գնալու մասին, որը, իհարկե, իրավապահները չեն համարում երկրի անկախության դեմ քայլ: Այն դեպքում, երբ բացառապես բոլոր չափանիշներով ԵՄ-ն, որպես միութենական կառույց, անդամ երկրների սուվերենությունը բազմապատիկ անգամ ավելի մեծ չափերով է սահմանափակում, քան ՌԴ-Բելառուսը՝ էլի որպես միութենական կառույց: Այսինքն, ակնհայորեն այս ամենը Մոսկվան գնահատում է, որպես աշխարհաքաղաքական կողմնորոշման թեմա՝ ընդդեմ Ռուսաստանի եւ դեպի եվրոպական գլոբալիստներ:
Հաջորդ թեման նույն ընկալման մեջ է: Խոսքը` Նիկոլի վերջին հայտարարություններից մեկի մասին է, որի իմաստն այն է, թե հայերի, ադրբեջանցիների եւ թուրքերի միջեւ դարավոր թշնամանքը «ԿԳԲ-ի գործն» էր: Թե ինչու Նիկոլը գնաց-հասավ արդեն մոտ 35 տարի գոյություն չունեցող ԿԳԲ-ին, կամ թե ինչպես պետք է ներհայաստանյան դաշտում գնահատել երկրի վարչապետի աթոռին նստած անձնավորության նման մոտեցումները, առավել եւս, երբ ինքն էր ժամանակին հայտարարում՝ «Արցախը Հայաստան է, եւ՝ վերջ», դեռ հարցի մի կողմն է: Այս պահին ընդամենը ֆիքսում ենք՝ ռուսական լրատվական դաշտում երեւի թե չմնաց որեւէ քիչ թե շատ լուրջ աղբյուր, որը չքննադատեր Նիկոլին: Ավելին, անգամ ԱԳՆ մակարդակով «տարակուսանք» հայտնեցին՝ Փաշինյանին հիշեցնելով, որ նրա ասած ԿԳԲ-ն ստեղծվել է ընդամենը 1950-ականներին, մինչդեռ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 1915թ.-ին, էլ չասած թուրք-ազերիական տանդեմի մյուս բոլոր ծայրահեղ հայատյաց գործողությունների մասին: Ու ռուսական դաշտում գնահատումն այն է, որ Նիկոլը դրսեւորում է այն կարգի ռուսատյացություն, որ հանուն դրա պատրաստ է անգամ համագործակցել հայության դարավոր թշնամու հետ: Նաեւ, որ սա այն մոտեցումն է, որ գլոբալիստական դրածոները կրում են նաեւ ԱՊՀ (եւ ոչ միայն) այլ երկրներում եւ առաջին հերթին Ուկրաինայում եւ Մոլդովայում:
Բացի այս ամենից, ռուսական դաշտում նշված նույն ուղղվածության մեջ է ընկալվում նաեւ Հայոց եկեղեցու դեմ ուղղված փաշինյանական քայլերը: Այս դեպքում արդեն այդ ընթացքն ուղղակիորեն համեմատում են Զելենսկու գործողությունների հետ, որն ավանդական ուղղափառությունը տարավ դեպի եվրոպայահաճո ուղղություններով՝ սկսելով բանտարկել հոգեւորականներին: Այն դեպքում, երբ նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցին է, ի դեմս Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի խորհրդական, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովի, հանդես է եկել Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության օգտին՝ ընդգծմամբ, որ օրենքով եկեղեցին անջատ է պետությունից, հայ ժողովուրդը «մեծապես հարգում է» իր հոգեւոր ավանդույթը եւ Նիկոլ Փաշինյանին չի տվել այն իր հայեցողությամբ բարեփոխելու լիազորություն. «Աշխարհիկ պետության քաղաքական գործիչը իրավունք չունի միջամտել եկեղեցական կյանքի կառուցվածքին, որը որոշվում է եկեղեցու կանոնական օրենքներով։ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների ազատությունը եւ ընդգծում, որ դրանք ինքնավար են եւ անջատ պետությունից»:
Հանրագումարում, ստանում ենք նման պատկեր: Շատ նման է, որ Մոսկվայում եկել են այն գնահատմանը, որ Փաշինյանը, դեպի Ռուսաստան կամ Եվրոպա ուղղվածության հարցով վերջնականապես կողմնորոշվել է դեպի եվրագլոբալիստներ, կամ առնվազն դրա ամենավերջին շեմին է: Այսինքն, Մոսկվայից եկող այդ ողջ տեղեկատվական հոսքը կարելի է ընկալել կա´մ որպես հաստատումն այն բանի, որ հետայսու Նիկոլին տեսնում են հենց այդ դաշտում, կա´մ, եթե դեռ որոշ հույսեր կան, որ կփոխեն իրավիճակը, մի ամենավերջին նախազգուշացում: Ամեն դեպքում, մինչ այս էլ կային խոսակցություններ, որ ՌԴ նախագահի հետ վերջին հանդիպումներում Նիկոլը նման մեսիջներ ուղղակիորեն ստացել է: Եվ հաշվի առնելով, որ, օրինակ, հակաեկեղեցական ներկա «բեզպրեդելը», Ղուկասյանին ներկայացված մեղադրանքը, ՊԱԿ-ի թեմայով ելույթը հաջորդեցին այդ մեսիջներին, շատ ավելի հավանական է դառնում, որ խոսքն արդեն վերջնական կողմնորոշման մասին է:
ԻՆՉԻ՞ ՍՊԱՍԵՆՔ
Եթե այս վերջին տարբերակն է, ապա շատ պարզ հարց է առաջ գալիս ողջ հայ ժողովրդի համար՝ ի՞նչ պետք է հիմա սպասել:
Թերեւս, այստեղ հարցին պետք է մի փոքր այլ կողմից մոտենալ. իսկ տարածաշրջանային իրողությունները Նիկոլին հնարավորություն տալի՞ս են գլոբալիստական խաղերով կենտրոնանալ, հաշվի առնելով, որ այն հնարավորությունները, որոնք այս հարցում ունեն Զելենսկին եւ Սանդուն, Հայաստանը չունի. ուղիղ կապ Եվրոպայի հետ:
Նախ, մի կողմից շատ ակտիվ տեմպերով զարգանում են ռուս-իրանական հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական ուղղությամբ: Օրինակ բերենք իրանական աղբյուրի՝ նախօրեին ներկայացրած վերջին տեղեկություններից մեկը. «Ռուսաստանի ամենամեծ ռազմական տրանսպորտային ինքնաթիռը՝ Ան-124-ը, ժամանել է Իրան: Այս ինքնաթիռը կարող է տեղափոխել ծանր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ կործանիչներ, հակաօդային պաշտպանության համակարգեր եւ խոշոր հրթիռային բաղադրիչներ»: Այս համատեքստում, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ռուսաստանը իսկապե՞ս Իրանին մատակարարում է С-400 համակարգեր եւ Սու-35 կործանիչներ, ՌԴ արտգործնախարար Լավրովը միայն նշում է. «Մենք որեւէ սահմանափակում չունենք Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցում: Մենք արդեն բավարարում ենք նրա կարիքները՝ համաձայն ձեռքբերված պայմանավորվածությունների»: Իրանական աղբյուրներն էլ այնուհետեւ հաղորդեցին, որ Իրան է ժամանել երկրորդ Ան-124 ծանր տրանսպորտային ինքնաթիռը։ Իսկ ամսվա ընթացքում եւս հինգ Ան-124 եւ տասնյակ այլ բեռնատար ինքնաթիռներ հրապարակայնորեն վայրէջք են կատարել Իրանում:
Սա ինչպես Մոսկվայի կողմից թերեւս նաեւ ցուցադրական մեսիջ է՝ Իրանը ՌԴ-ի դաշնակիցն է, եւ այդ երկրի ռազմական մակարդակի աճը Մոսկվան (ասենք նաեւ Պեկինը) համարում են առաջնային ուշադրության թեմա: Ըստ այդմ ենթադրել, թե Մոսկվան նաեւ ինքնահոսի կմատնի դեպի Իրան տանող լոգիստիկայի հարցը, որը, չմոռանանք, անցնում է հարավ-կովկասյան տարածաշրջանով, միամտություն կլիներ: Ալիեւը դա լավ հասկանում է, եւ այն, որ ռուսների հետ հայտնի սրացումներից հետո գնաց կտրուկ շրջադարձի, դրա վկայությունն է: Թեեւ իրականում Բաքուն դեռ պահում է Լոնդոնի հետ սերտ կապերը, բայց դա ավելի շատ, թերեւս, ելնելով առկա անորոշություններից: Դա հասկանո՞ւմ է նաեւ Էրդողանը. Ամեն դեպքում, հավակնություններ ներկայացնելով հարավկովկասյան ուղղությամբ, նա պետք է պատրաստ լինի բախվել ռուս-իրանական տանդեմի հետ, հաշվի առնելով, որ, կրկնենք, Մոսկվան եւ Թեհրանը առանցքային կարեւորություն են տալիս փոխադարձ լոգիստիկայի խնդրին:
Մյուս կողմից, դեպի Եվրոպա՝ գլոբալիստական թեւ թեքումը մեկ այլ խնդիր ունի Նիկոլի համար: Այն է՝ Թրամփի եւ գլոբալիստների բախումը, որը, թերեւս, ամերիկյան ներկա վարչակազմի համար շատ ավելի էական է, քան անգամ Մոսկվայի հետ հակասությունները: Օրինակ, Թրամփի թիմը ներկայումս խոսում է քրիստոնեական արժեքների պաշտպանությունից: Եվ այդ ֆոնին, խոսակցություններ կան, որ Հայաստան կայցելի Թրամփ կրտսերը, որին, ասում են, թե ԱՄՆ-ում Նիկոլի դեսպանն է հաջողացրել հրավիրել (երեւի եղբոր հետ կապված սկանդալը հարթելու համար): Բայց ո՞րն է երաշխիքը, որ Թրամփ կրտսերին, որը, ի դեպ, ամենեւին էլ հիմար կամ գործից անտեղյակ մարդ չէ, չի հետաքրքրի, թե այդ ինչպե՞ս է լինում, որ Հայաստանում սկսել են հոգեւորականներին բանտ նստեցնել: Կամ, որտե՞ղ են դրա արմատները:
Կրկնենք, սա ընդամենը օրինակ է: Իսկ ընդհանրական իմաստով, դեպի գլոբալիստներ թեքվելը Նիկոլի համար նույն բախումնային հիմքն է առաջացնում թրամփականների հետ, որը կա նաեւ ռուսների հետ: Ժամանակին ենթադրելու առիթ ունեցել ենք, որ իր այս քաղաքական կուրսով Փաշինյանն իրեն ենթարկում է առնվազն երեք գերուժերի ճնշումների տակ մնալու ռիսկին, դեռ չհաշված Պեկինին, Անկարային, Թեհրանին: Ու ամեն ինչ ակնարկում է այն մասին, որ հենց այդ փուլին ենք հասել: