• am
  • ru
  • en
Версия для печати
22.01.2018

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ

Руский

   


 «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը «Արմինֆո»-ին տված հարցազրույցում մեկնաբանում է Իրանում վերջերս տեղի ունեցած հուզումների փոխկապվածությունը տարածաշրջանային, գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացների հետ, անդրադառնում է Թուրքիայում տիրող իրավիճակին՝ քրդական հարցի հետ կապված, ինչպես նաև ներկայացնում է Հայաստանում գիտատար տեխնոլոգիաների զարգացման հարցը՝ որպես ազգային անվտանգության մակարդակի բարձրացման և երկիրը որպես նոր գաղութատիրական քաղաքականության օբյեկտ չընկալելու գրավական։

- Հուզումներն Իրանում հիմնականում ներքի՞ն պատճառներ ունեն, թե՞ դա, այնուամենայնիվ, ընդհանուր տարածաշրջանային կամ ավելի լայն գործընթացի մի մասն է։

- Իմ կարծիքով, այստեղ այդ երկու գործոնն էլ առկա է։ Այո, Իրանը, բնականաբար, իր սոցիալ-տնտեսական խնդիրներն ունի։ Եվ որոշ ապրանքների գների կտրուկ թանկացումն այս ֆոնին, բնականաբար, կարող էր ընդվզում առաջ բերել։ Իրանի վերջին իրադարձությունները ոչ մի կերպ չէին կարող հենց այնպես՝ առանց պատճառի առաջանալ։ Մենք պետք է հիշենք, որ բոլոր «նարնջագույն հեղափոխությունները» և դրանք իրականացնելու փորձերը տեղի են ունենում այնտեղ, և միա՛յն այնտեղ, որտեղ կան սոցիալ-տնտեսական կամ այլ կարգի խնդիրներ։ Ես իսկապես դժվարանում եմ «գունավոր» հեղափոխություն պատկերացնել ինչ-որ տեղ Շվեյցարիայում։ Իսկ նույնն Իրանում պատկերացնելը, որը միաժամանակ նաև ներգրավված է արաբական երկրների հայտնի զինված հակամարտություններում, միանգամայն հավանական է։ Ուստի, տրամաբանական է թվում Իրանում ընթացող ընդվզման փորձ նախաձեռնելն ու այն օգտագործելն այնպիսի ուժերի կողմից, որոնք ձգտում են քաոս ստեղծել այդ երկրում՝ ԻԼԻՊ ծաղկման տարիներին Սիրիայում և Իրաքում տիրող քաոսի նման։

- Ըստ Ձեզ, ԻԼԻՊ-ն իր ներկա վիճակով այլևս անկարո՞ղ է կատարել տարածաշրջանային «քաոս սերմանողի» դերը։

- Չնայած հիշյալ երկրներում իրավիճակը, ինչպես և նախկինում, հեռու է կայուն լինելուց, բայց դիմակայության մեջ ինչ-որ վերջակետներ այսօր արդեն դրվել են։ ԻԼԻՊ-ը կորցրել է ինքնուրույնությունը բազմաթիվ հարվածներից հետո, իսկ նրա անդամները ցրվել են աշխարհով մեկ՝ շարունակելով գործել ցանցային սկզբունքով։ Որպես արդյունք՝ այսօր արդեն առաջին պլան են մղվում էթնիկական, այլ ոչ թե կրոնական բնույթի խնդիրները։ Գաղտնիք չէ, որ իրադարձությունների այս ամբողջ շղթան տեղավորվում է ժամանակին ԱՄՆ-ում մշակված՝ ավելի քան պայմանականորեն «կառավարելի քաոս» անվանված ռազմավարության մեջ։

- Այլ խոսքով՝ «կառավարելի քաոսն» աստիճանաբար կրոնական երանգավորումը էթնիկականի՞ է փոխում։

- Համենայնդեպս, այսօր մենք նման միտում ենք տեսնում։ Եվ աստիճանաբար արդեն առաջին պլան է մղվում քրդական գործոնը։ Սկզբում Իրաքյան Քրդստանի անկախության հռչակման փորձ արվեց։ Այսօր ԱՄՆ-ն ակտուալացնում է Սիրիայում քրդերի ռազմական կազմավորումների հարցը։ Որ իրանական վերջին իրադարձություններում նույնպես առկա էր քրդական գործոնը՝ այդ մասին նշում են նաև իրանցի քաղաքական գործիչները։ Որպես կանխարգելիչ միջոց՝ Թուրքիան 150 կիլոմետրանոց պատ է կառուցում Իրանի հետ սահմանին, որտեղ հիմնականում քրդեր են ապրում։

- Չե՞ք կարծում, արդյոք, որ Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի ոչնչացմամբ և այդ կազմակերպության հետևորդներին ողջ աշխարհում սփռելով՝ ահաբեկչական սպառնալիքն ավելի է սաստկանում։ Ի վերջո, ԻԼԻՊ-ին ընդամենը հիմքից են զրկել, բայց իլիպականներն իրենք չեն չեզոքացվել և լիովին կարող են «աշխատանքի» համար հարմար լինել աշխարհի այլ կետերում...

- Ցավոք, իսկապես այդպես է։ Ընդ որում, աշխարհով մեկ ցրված իլիպականներից շատերին շատ են օգնել ոչ միայն խոսքով, այլև գործով։ Սակայն միասնական շտաբի, կոորդինացնող կենտրոնի բացակայությունը քանիցս նվազեցրել է այդ կազմակերպության դերն ու հնարավորությունները, որը բնավ էլ պատահականորեն չէր իրեն պետություն անվանում։ Եվ այդ «պետության» ոչնչացման հիմնական «մեղավորը» դարձան Սիրիայում Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը։ Կարծում եմ, որ հենց ռուսաստանցի զինվորականների գործողությունները ստիպեցին ամերիկյան կոալիցիային Սիրիայում հետևել իրենց օրինակին և լրջորեն զբաղվել ԻԼԻՊ-ով։ Չեմ կարող ևս մեկ անգամ չնշել այդ նույն էթնիկական՝ քրդական գործոնի ամրապնդման մասին ԻԼԻՊ ոչնչացումից հետո, հատկապես սահմանամերձ շրջաններում։ Ինչն արդեն անախորժ վերաբերմունք է առաջացրել ինչպես Սիրիայում, այնպես էլ Թուրքիայում և Իրանում։

- Արդյոք հնարավոր համարո՞ւմ եք գլոբալ քաղաքականության արտաքին «ճարտարապետների» կողմից մերձավորարևելյան աշխարհաքաղաքականության մեջ էթնիկական՝ քրդական գործոնի ավելի ակտիվ գործարկման հեռանկարը։

- Ըստ տարբեր հաշվարկների՝ Մերձավոր Արևելքում մոտ 40 միլիոն քուրդ է ապրում։ Եվ, ցավոք սրտի, այդ ժողովուրդը միշտ աշխարհիս հզորների կողմից «գործի է դրվել» որպես գործիք։ Եվ այսօր էլ քրդերը շարունակում են մնալ որպես մի ժողովուրդ, որն այդպես էլ չի կարողացել պատմական զարգացման ընթացքում կառուցել իր սեփական պետությունը։ Եվ դրանից շարունակում են օգտվել նաև այսօր։ Իրաքում ստեղծվել է քրդական ինքնավարություն, նույնը փորձում են անել Սիրիայում։ Գուցե այս ամենը քրդական պետականության կայացման փուլ է հանդիսանում, բայց այդ ամենը, նախևառաջ, նախաձեռնվում է արտաքին ուժերի, այլ ոչ թե հենց քրդերի կողմից։ Քրդերն, իհարկե, այս առումով իրենց սեփական մոտեցումներն ունեն, բայց, թերևս, առայժմ բավարար չափով աշխարհայացքային պոտենցիալ չունեն։

- Ձեր կարծիքով՝ աշխարհաքաղաքական ի՞նչ հեռանկարներ կան ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունները փչացրած, Ռուսաստանի հանդեպ «ճոճանակի քաղաքականություն» վարող և իշխանության՝ ցայժմ աննախադեպ կենտրոնացում չունեցած ևս մեկ տարածաշրջանային տերության՝ Թուրքիայի առումով։

- Իհարկե, Թուրքիայի փլուզման բազմաթիվ սցենարներ գոյություն ունեն՝ Ռեջեփ Էրդողանի քաղաքականության արդյունքում։ Անձամբ ես կարծում եմ, որ Էրդողանն այսօր Թուրքիան տանում է առնվազն Արևմուտքից անկախանալու ճանապարհով։ Ինչպես հայտնի է, նախկինում, եթե երկրում անկայուն վիճակ էր առաջանում, զինվորականները դրսի հրամանով պարզապես փոխում էին վարչապետին, և ամեն բան ընթանում էր մշակված սցենարով։ Այսօր, ամենայն հավանականությամբ, թուրքերը հոգնել են այս սցենարից, և նրանք որոշել են իշխանությունն իրենց ձեռքը վերցնել։ Սրա վկայությունն է այդ նույն զինվորականների խռովության ճնշումը։ Բազմաբևեռ իրողությունների ձևավորումն է, որ նպաստում է փսևդոանկախ շատ պետություննների ինքնավարության աստիճանի բարձրացմանը։ Մեր տարածաշրջանում գրեթե 40 տարի արդեն միայն մեկ միանգամայն ինքնավար գործող պետություն կա՝ հանձին Իրանի, իր գաղափարախոսությամբ և աշխարհայացքով։ Եվ Թուրքիան այսօր նույնպես փորձում է դառնալ նման երկիր՝ օգտագործելով նեոօսմանականության կայսերական գաղափարախոսությունը։ Ռեջեփ Էրդողանին այս համատեքստում ես գնահատում եմ որպես թուրք խոշոր քաղաքական գործիչ Քեմալ Աթաթյուրքից հետո։

- Այո, բայց փաստորեն հենց Էրդողանն է փլուզել Աթաթյուրքի Թուրքիան։

- Իսկապես այդպես է։ Բայց Էրդողանը միաժամանակ նոր Թուրքիա է ստեղծում, որը, հաստատ, ավելի է համապատասխանելու նոր իրողություններին, որոնցում բոլորը բոլորի դեմ են, որոնցում Թուրքիան, օրինակ, Սիրիայի հարցում համագործակցում է անգամ Իրանի հետ։ Եվ հարկ է ընդունել, որ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան բավական համարժեք է արձագանքում նոր «հիբրիդային» իրողություններին և սպառնալիքներին։

- Ձեր նշած «հիբրիդային» իրողությունները ոչ միայն սպառնալիքներ, այլև հնարավորություններ են պարունակում։ Արդյո՞ք Հայաստանի ղեկավարության կողմից քայլեր ձեռնարկվում են դրանց օգտագործման ուղղությամբ։

- Քաղաքական առումով մենք միանգամայն համարժեք ենք գործում այդ իրողություններին։ Շարունակելով կատարել իր դաշնակցային պարտավորությունները ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում՝ Հայաստանին անցած տարի հաջողվեց համատեղել դրանք եվրոպական ուղղությամբ ինտեգրացիոն քաղաքականության հետ։ Նման քաղաքականությունը ներկա անկայունության պայմաններում գրեթե անայլընտրանքային է։ Ոչ մեծ երկիրը միշտ դաշնակիցների և գործընկերների կարիք ունի։ Առաջինի դերում մենք ձեռք բերեցինք Ռուսաստանին, երկրորդի դեպքում՝ Եվրոպային։ Եվ ես անձամբ նման քաղաքականությունը ճիշտ եմ գնահատում։ Բայց միաժամանակ նաև խնդիրներ կան։ Հատկանշական է, որ համեմատաբար վերջերս ամերիկյան ռազմական հետախուզության ղեկավարը կոնֆերանսներից մեկի ժամանակ բավական մատչելի ներկաներին բացատրեց, որ արդի պատերազմներում գլխավոր զենքն են լինելու դիմակայող կողմերի բանականությունը և իմացական կարողությունները։ Եվ այս առումով Հայաստանի դիրքորոշումն ու վիճակը ինձ մտահոգում են։ Համալսարանների համաշխարհային վարկանիշում Հայաստանը զգալի հետ է մնում Ադրբեջանից։ Նշեմ նաև, որ սույն վարկանիշում նշված 250 բուհից մոտ 50-ը թուրքական է։ Եվ այն, որ գիտության ու տեխնոլոգիաների հարցում մեզ մոտ վիճակն այնքան էլ լավ չէ, փաստ է։ Իհարկե, նաև հուսադրող պահեր կան՝ արևային էլեկտրակայանների, որոշակի տեխնոլոգիաների, Big Datа կենտրոնի ստեղծման, հայկական ռազմարդյունաբերական համալիրում նոր տեխնոլոգիաների բավական հաջող ներդրման առումով։ Բայց այս ամենն առայժմ բավարար չէ, և մեզ անհրաժեշտ է համախմբվել Հայաստանի երբեմնի հզոր գիտական ներուժը վերականգնելու համար։ Հայաստանում տիրող վիճակը հասկանալու համար հարկավոր է պարզապես նայել մեր արտահանման կառուցվածքին։ Հայաստանը Եվրոպա, ինչպես հին, բարի գաղութատիրական ժամանակներում, արտահանում է հիմնականում հանքաքար, ԵԱՏՄ հիմնականում արտահանում է գյուղատնտեսական արտադրանք։ Զարմանալի չէ, որ վերլուծաբաններից ոմանք այսօրվա հարաբերությունները բնորոշում են որպես նեոգաղութատիրական։ Իմ կարծիքով, աշխարհաքաղաքական այն իրավիճակում, որում այսօր գտնվում է Հայաստանը, իրերի նման դրությունը մեզ գոհացնել չի կարող։ Եվ չպետք է գոհացնի։ Այնինչ, Հայաստանում գրեթե չկա գիտատեխնոլոգիական քաղաքականություն։ Շատերն այս ոլորտում հույսը դնում են լիբերալ օրենսդրության գործիքակազմի վրա, մինչդեռ ԱՄՆ-ում, օրինակ, գիտատեխնոլոգիական ոլորտին պատվերներն արվում են կոշտ վերահսկողության և պետության միջամտության ներքո։ Ուստի, ԱՄՆ և Արևմուտքի զուտ լիբերալ գործիքակազմն ընդհանուր առմամբ, ամենայն հավանականությամբ նախատեսված է ավելի շուտ ուրիշների՝ երրորդ երկրների համար։ Իսկ Հայաստանում շարունակում են նախկինի պես ապավինել ազատական շուկայի կողմից նշյալ ոլորտների կարգավորմանը։ Իմ կարծիքով՝ շուկան կարող է ինչ-որ բան կարգավորել «բազարում»։ Իսկ պետությունում գերակա ոլորտները պետք է կարգավորվեն նաև պետական կառավարմամբ։

- Այլ խոսքով՝ Հայաստանում գիտատար տեխնոլոգիաների ինքնուրույն զարգացումը ոչ միայն ազգային անվտանգության աստիճանի բարձրացման գրավականն է, այլ նաև լուրջ խթան՝ հօգուտ այն բանի, որ դադարեցվի մեր երկրի՝ որպես նեոգաղութատիրական քաղաքականության օբյեկտի ընկալո՞ւմը։

- Այո։ Եվ ոչ ոք մեր փոխարեն դա չի անի։ Մյուսներին դա ձեռնտու չէ և պետք էլ չէ։ Իզուր չէ, որ Արնոլդ Թոյնբին ժամանակին տեխնոլոգիաները բնորոշել է որպես Արևմուտքի ամենամեծ գաղտնիք։ Եվ այս համատեքստում Հայաստանում ստեղծվում են «առաջավոր» դպրոցներ, որոնց շրջանավարտները հետագայում հաջողության են հասնում Արևմուտքում, այսինքն՝ երկիրն աստիճանաբար վերածվում է ուսյալ երեխաների ինքնատիպ գենետիկ ինկուբատորի։ Իմ կարծիքով, գիտական քաղաքականությունը և կրթությունը պետք է ունենան իրենց առանձնահատկությունը և, այնուամենայնիվ, կառուցվեն վերևից ներքև, այլ ոչ թե ներքևից վերև։ Եվ առանց կշռադատված պետական քաղաքականության այստեղ ոչինչ չի ստացվի։ Ես սա հենց այնպես չեմ ասում, ասում եմ որպես մի մարդ, որը 10 տարի աշխատել է Նոբելյան մրցանակակրի կողմից ղեկավարվող լաբորատորիայում։

Դավիթ Ստեփանյան

http://arminfo.info/full_news.php?id=28998&lang=2



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր