• am
  • ru
  • en
Версия для печати
03.10.2013

ՀԱՄԱՑԱՆՑԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ

EnglishРуский

   

Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետ

Հարավային Կովկասում ինտերնետի հետ կապված վիճակագրությունը բավական լուրջ խնդիրներ ունի։ Այսպես, օրինակ, Ադրբեջանում, ըստ պաշտոնական տվյալների, բնակչության 70%-ն օգտվում է ինտերնետից, իսկ 50%-ը՝ լայնաշերտ ինտերնետ կապից1։ Հայաստանում, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, 2011թ. դեկտեմբերի տվյալներով՝ բնակչության 60,6%-ն օգտվում է ինտերնետ կապից2։ Կառավարության տվյալներով՝ նույն թվականին ինտերնետ կապի 380 հազ. բաժանորդ կար3 (Նկար 1)։ Սակայն, քանի որ հստակ պարզ չէ, թե հասարակության որ հատվածն ինչ ինտերնետ կապի տեսակից է օգտվում, ինչ հաճախականությամբ, նման վիճակագրությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Նկար 1.
Ինտերնետ կապի բաժանորդների թվաքանակն ըստ http://report.gov.am/?id=10

Մյուս կողմից՝ գոյություն ունեն հասարակական հարցումների հիման վրա կատարված ուսումնասիրություններ, որոնք, մի կողմից, տարբերվում են պետական պաշտոնական տվյալներից, մյուս կողմից՝ ավելի շատ բովանդակային հարցերին են պատասխան տալիս։

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնները (CRRC, The Caucasus Research Resource Centers) հրապարակել են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ինտերնետ կապից օգտվելու համեմատական ուսումնասիրությունը4: Ըստ տվյալ ուսումնասիրության, 2012թ. Հայաստանի բնակչության 33%-ը, Վրաստանի՝ 26%-ը և Ադրբեջանի՝ 11%-ն ինտերնետն օգտագործում են շաբաթական մեկ անգամ կամ ավելի հաճախ։ Ընդհանուր ինտերնետից օգտվողների թվի տեսանկյունից Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 53% ցուցանիշով, Վրաստանում այս ցուցանիշը հասնում է 26%-ի, իսկ Ադրբեջանում ՝ 45%-ի: Նաև հետաքրքիր է, որ Հայաստանում արդեն գրեթե գոյություն չունեն մարդիկ, ովքեր տեղյակ չեն ինտերնետից, իսկ Ադրբեջանում և Վրաստանում անտեղյակ մարդիկ կազմում են համապատասխանաբար 20% և 7% (Նկար 2

Նկար 2.
Ինտերնետ կապի ներթափանցումը Հայաստան, Ադրբեջան և Վրաստան ըստ Caucasus Research Resource Centers

Ինչ վերաբերում է այն բանին, թե հիմնականում ինչի համար են օգտագործում ինտերնետը երեք երկրների բնակիչները, ապա ամենաշատը Վրաստանի բնակիչներն են ներգրավված սոցիալական ցանցերում՝ 70%, այն դեպքում, երբ Հայաստանում և Ադրբեջանում այս ցուցանիշը մոտավորապես օգտվողների կեսին է հասնում։ Ամենաշատը լուրեր կարդալու կամ նայելու համար ցանցն օգտագործում են հայաստանցիները՝ 25%: Յուրահատուկ առանձնանում է Skype-ի կիրառումը Հայաստանում՝ 52%, այն դեպքում, երբ Վրաստանում և Ադրբեջանում այս ցուցանիշը հասնում է 31%-ի և 23%-ի՝ համապատասխանաբար (Նկար 3

Նկար 3.
Ինտերնետ կապի կիրառման տեսակները Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում ըստ Caucasus Research Resource Centers

Հայաստանն առաջատարն է նաև տնային տնտեսություններում ինտերնետին կապված համակարգիչների քանակով՝ 48%, այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 32%, իսկ Ադրբեջանում՝ 17% (Նկար 4

Նկար 4.
Տնային տնտեսություններում ինտերնետին կապված համակարգիչների քանակը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում ըստ Caucasus Research Resource Centers-ի։
Գրաֆիկը՝ Քեյթի Փիրսի (Katy Pearce), http://www.katypearce.net/new-caucasus-internet-stats/

Ընդհանուր առմամբ, համակարգչի առկայությունը տնային տնտեսություններում Հայաստանում նույնպես առաջին տեղում է (Նկար 5

Նկար 5.
Տնային տնտեսություններում համակարգիչների քանակը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում ըստ Caucasus Research Resource Centers-ի։
Գրաֆիկը՝ Քեյթի Փիրսի (Katy Pearce), http://www.katypearce.net/new-caucasus-internet-stats/

Հաշվի առնենք, որ սա 2012թ. տվյալներն են։ 2013-֊ին ակնհայտորեն այս ցուցանիշները շարունակել են աճել։ Միայն սոցիալական ցանցերի կիրառման տեսանկյունից կարելի է ասել, որ տարածաշրջանում ինտերնետի օգտագործումը հասարակության մեծ հատվածի համար կարևոր գործոն է։ Հայաստանում Ֆեյսբուքից օգտվողների թիվը գերազանցում է կես միլիոն ցուցանիշը, իսկ Odnoklassniki, Mail.ru և «Мой Мир» ցանցերի միասնական լսարանը հասնում է 1,5 միլիոնի։

1 Проект по развитию широкополосного Интернета в Азербайджане находится на стадии согласования, http://novosti.az/obsh/20130729/299181563.html

2 http://www.internetworldstats.com/asia.htm

3 http://report.gov.am/?id=10

4 Internet Usage and Popularity in the South Caucasus, http://crrc-caucasus.blogspot.com/2013/09/internet-usage-and-popularity-in-south.html

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 9, 2013

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր