• am
  • ru
  • en
Версия для печати
20.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԻԼՆՅՈՒՍԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՑ ՀԵՏՈ. «ՀԱՆՈՒՆ ՍՐՏԵՐԻ ԵՎ ՄՏՔԵՐԻ» ՊԱՅՔԱՐԸ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ

EnglishРуский

   

Սերգեյ Սարգսյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ

Ինչպես ցույց տվեցին փետրվարյան իրադարձությունները Մոլդովայի Հանրապետությունում (հանրաքվեն Գագաուզիայում) և Ուկրաինայում (նախագահ Յանուկովիչի պաշտոնանկությունը), ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագրի ստորագրումը կամ չստորագրումն ինքնին Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից պետությունների արտաքին քաղաքականության և տնտեսական ինտեգրման ընտրության հարցի վերջնական փակում չի նշանակում։

Գագաուզիայում համաձայնագրի տեքստի նախաստորագրումը սպառնալիք համարեցին ինքնավարության համար։ Երկյուղները, թե Մոլդովայի Սահմանադրական դատարանը ցանկացած պահի կարող է հանել Գագաուզիայի ինքնավարության մասին ՄՀ օրենքի 4-րդ հոդվածը (որով ասվում է, որ «Մոլդովայի Հանրապետության՝ որպես անկախ պետության, կարգավիճակի փոփոխության դեպքում Գագաուզիայի ժողովուրդն իրավունք ունի արտաքին ինքնորոշման»), և այն, որ այդ դեպքում գագաուզներին հանրաքվե կազմակերպելու համար երկու ամիս կպահանջվի, հանգեցրին 2014թ. փետրվարին հանրաքվեի պրևենտիվ անցկացմանը։

Բնակչության ռեկորդային ակտիվության պայմաններում անցկացված հանրաքվեն (քվեարկությանը մասնակցել է ընտրողների ավելի քան 70,4%-ը) ցույց տվեց, որ Մաքսային միությանն ինտեգրման կողմնակից է Գագաուզիայի բնակչության 98,4%-ը, դեմ՝ 1,5%-ը։ ԵՄ մտնելու օգտին արտահայտվել է քվեարկությանը մասնակցածների 2,5%-ը, դեմ է եղել 97,4%-ը։

Մոլդովայի անկախությունը կորցնելու դեպքում Գագաուզիային ինքնորոշվելու իրավունք տվող «ինքնիշխանության հետաձգված կարգավիճակի» գաղափարը պաշտպանել է բնակչության 98,8%-ը։

Բայց բանը միայն Գագաուզիան չէ։ Գագաուզներին արդեն միացել են ՄՀ հարավի Տարակլիի շրջանի բուլղարները, մոլդովական գյուղերն ու քաղաքները, ինչպիսին են Բեսարաբկան և Կագուլը, հանրապետության արդյունաբերական կենտրոնը և «հյուսիսային մայրաքաղաքը» հանդիսացող Բելցին։ Քանի որ, Սահմանադրության համաձայն, լոկալ հանրաքվեներ անցկացնելու իրավունք նրանք չունեն, ապա դրանք, ամենայն հավանականությամբ, կանցկացնեն որպես «հարցումներ»։ Դրանք իրավաբանական հետևանքներ չեն ունենա, բայց բնակչության վերաբերմունքը Քիշնևի՝ ԵՄ-ին ասոցիացման համաձայնագրի հեռանկարի հանդեպ, այնուամենայնիվ, կպարզեն։ Եվ դրանց արդյունքները, անշուշտ, կօգտագործվեն հանրապետության խորհրդարանում տեղեր ունենալու՝ արդեն փաստացի սկսված նախընտրական արշավում։

Իսկ Ուկրաինայում կառավարությունը կտրուկ, չնախապատրաստված և թույլ հիմնավորումներով հրաժարվեց մի քանի տարի ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների (այդ թվում և նրա հետ ազատ առևտրի գոտու ստեղծման)՝ իր իսկ իրականացրած քաղաքական գծից, ինչն էլ բողոքի պայթյունի առիթ հանդիսացավ, որի գագաթնակետը դարձավ Մայդան-2013-ը։ Դրա վերածումը ավելի սակավաթիվ, բայց առավել արմատական տրամադրություններ ունեցող Մայդան-2014-ի հանգեցրեց զինված դիմակայության՝ ավելի քան 80 զոհով, երկրում գործադիր իշխանության զավթմամբ, նախագահ Յանուկովիչի պաշտոնանկությամբ և ԵՄ-ի հետ համաձայնագրի արագ ստորագրման հարցի վերակենդանացմամբ։

Վիլնյուսի գագաթաժողովից հետո նախկին ձևաչափով «Արևելյան գործընկերություն» ծրագրի շարունակումը կասկածի տակ դրվեց. մոլդովական և վրացական ուղղություններում ունեցած բոլոր հաջողություններով հանդերձ՝ ծրագիրը ձախողվել է ոչ միայն ադրբեջանական և բելառուսական (ինչն ավելի վաղ էր տեղի ունեցել), այլ նաև հայկական, և ինչը շատ անսպասելի էր՝ ուկրաինական ուղղություններում։

2014թ. փետրվարի սկզբին ԵՄ 13 պետությունները փաստաթուղթ պատրաստեցին, որը, հաշվի առնելով «հետվիլնյուսյան» իրողությունները, նպատակ ուներ դառնալ «Արևելյան գործընկերության» երկրների հետ համագործակցությունը շարունակելու հիմք։ Դա այսպես կոչված «եվրոպական փաթեթն» է։ Այն ընդլայնում է ծրագրի գործունեության ոլորտները, այն է՝ խթանվում է ԵՄ-ի հետ Վրաստանի և Մոլդովայի ասոցիացման համաձայնագրերի ստորագրումը, առաջարկվում է ավելի հաճախակի դարձնել Ծրագրի ներկայացուցիչների այցելությունները մասնակից երկրներ, նախատեսվում է ավելի ինտենսիվ երկխոսություն Ռուսաստանի հետ, Եվրամիության դերի ուժեղացում ձգձգված հակամարտությունների կարգավորման հարցում։

Ըստ էության, սա նշանակում է Ծրագրի տեղեկատվական աջակցության և անդամ պետությունների վրա տեղեկատվական ճնշման ուժեղացում։ Ինչպես Եվրոպական հարևանության թարմացված ծրագրի շրջանակներում ստեղծված կառույցների, «Արևելյան գործընկերություն» ծրագրի, հատկապես «Euronest» Խորհրդարանական վեհաժողովի, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի, Քաղաքացիական հասարակության հիմնադրամի (տեղերում իրենց ազգային պլատֆորմներով), այնպես էլ, ամենայն հավանականությամբ, ինչ-որ նոր կառույցների օգնությամբ։

«Արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում և ԵՄ հովանու ներքո մասնակից պետությունների տարածքներում արդեն ստեղծվել և ակտիվորեն գործում է կառավարական կազմակերպությունների լայն ցանց, որը՝

- ստանում է եվրոպական ինստիտուտների քաղաքական և կազմակերպչական-տեխնիկական ակտիվ աջակցությունը,

- լիովին կամ զգալիորեն չի վերահսկվում այդ պետությունների կողմից և երկար ժամանակի համար ֆինանսապես անկախ է դրանցից,

- նրա գործունեությունը, մասնավորապես, հանգում է ԵՄ-ի հետ պետությունների երկկողմ և բազմակողմանի համաձայնագրերի և պարտավորությունների կատարման մոնիթորինգին (փաստացի՝ վերահսկողությանը),

- այդ գործունեությունը կառավարվում և համակարգվում է եվրոպական կենտրոններից։

Այս ամենից բացի, «Եվրոպական փաթեթը» նախատեսում է համեմատական հետազոտությունների անցկացում «Արևելյան գործընկերության» մասնակից պետությունների հեռանկարների գնահատման հարցով՝ այն դեպքում, եթե նրանք ստորագրեն ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիրը, կամ էլ եթե դրանք մտնեն Մաքսային միություն։ Այսպիսով, ԵՄ-ն ակտիվացնում է Ռուսաստանի հետ մրցակցությունը այլընտրանքային ինտեգրացիոն նախագծերում նոր անդամ պետությունների ներգրավման համար և դա դուրս է բերում տեղեկատվական դաշտ, որտեղ աշխատանքի ավելի մեծ փորձ ունի, քան Ռուսաստանը, և որտեղ Բրյուսելը ծրագրում է հաղթել Մոսկվային։

Տարածաշրջանի տեղեկատվական հարթությունում Արևմուտքը վաղուց արդեն աշխատում է նպատակաուղղված, համակարգված և անընդհատ։ Իսկ Ռուսաստանը, փաստորեն, միայն վերջերս է սկսել այդ աշխատանքը, այն էլ՝ ընդհատումներով և «կետային» միջոցառումների միջոցով, որոնց արդյունքն է դառնում, ըստ էության, կարճաժամկետ համակրանքը դրանց սահմանափակ թվով մասնակիցների շրջանում։

Թեև պետք է խոստովանել, որ տեղեկատվական՝ առայժմ ոչ թե պատերազմի, այլ պայքարի առաջին ռաունդը, այսինքն՝ մինչվիլնյուսյան գագաթաժողովի շրջանը Մոսկվան, այնուամենայնիվ, շահել է Բրյուսելից։ Բայց ոչ միայն և ոչ այնքան այն պատճառով, որ լավ էր խաղում, այլև որովհետև Եվրոպան էր վատ խաղում (քանի որ հրաժարվել էր իր իսկ հռչակած թափանցիկության և բացության սկզբունքներից, ինչի պատճառով համաձայնագրերի տեքստերը ստորագրող երկրների հանրությունների համար անհասանելի գաղտնիք մնացին)։

Ընդհանուր առմամբ, սա նշանակում է, որ «Արևելյան գործընկերության» մասնակից պետությունների քաղաքացիների «սրտերի և մտքերի համար» պայքարը նոր է սկսվում։

Ինչ վերաբերում է «սրտերին», ապա քանի որ դա ավելի շուտ վերաբերում է հանրության անդամների հուզական վիճակին, պայքարի ելքը կորոշվի տեղեկատվական հոսքի քանակական ցուցանիշներով, ԶԼՄ աշխատակիցների և խարիզմատիկ ճառասացների համառությամբ և կողմնակալությամբ, ինչպես նաև նրանով, թե նրանք ինչ համամասնությամբ կբաշխվեն Արևելք-Արևմուտք (Հարավային Կովկասի համար՝ Հյուսիս-Արևմուտք) առանցքի շուրջ։

Իսկ «մտքերի համար» պայքարի առումով գործն անհամեմատ ավելի լուրջ է. այստեղ կպահանջվի գործել փաստերով, իսկ դրանք, ինչպես հայտնի է, համառ բաներ են։

Որպես օրինակ կարելի է բերել լայն տարածում ստացած և համառորեն շարունակվող այն կարծիքը, թե Հայաստանը, որը 2010 թվականից շահագրգռություն էր դրսևորում ԵՄ-ի հետ Համաձայնագրի կնքման հարցում, հրաժարվեց իր մտադրություններից բացառապես Ռուսաստանի ճնշմամբ և ելնելով սեփական ռազմական անվտանգության ապահովման առաջնահերթ անհրաժեշտության իրողությունից։

Բայց առաջարկվող այլընտրանքային ինտեգրացիոն նախագծերի իրականացման հեռանկարների հանգամանալի վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ Երևանի որոշման մեջ, ռազմաքաղաքականից բացի, պակաս կարևոր չեն նաև հօգուտ Մաքսային միության արվող տնտեսական փաստարկները։

Մասնավորապես, ինչպես հայաստանցի, այնպես էլ օտարերկրացի շատ փորձագետներ և վերլուծաբաններ որպես վառ օրինակ նշում են ՄՄ և ԵՄ տարբեր մոտեցումները առավել խոշոր հեռանկարային նախագծերի հանդեպ, որոնք ուղղակի կապ ունեն ոչ միայն պարզապես Հայաստանի տնտեսական զարգացման, այլ նաև նրա ազգային անվտանգության ապահովման խնդրի հետ։

Այսպես, եթե Բրյուսելը քանիցս հայտարարել է Հայկական ատոմակայանի փակման անհրաժեշտության մասին, ապա Ռուսաստանն առաջարկել է, նախ՝ միջազգային աջակցությամբ բարձրացնել դրա գործունեության անվտանգության մակարդակը, երկարաձգել նրա աշխատանքը, երկրորդ՝ աջակցել Երևանին կառուցելու նոր ԱԷԿ, որը կփոխարինի հնին և կլինի ավելի արդիական տեխնիկական առումով։

Վրաց-աբխազական և վրաց-հարավօսական հակամարտությունների իրողությունների, Հարավկովկասյան տարածաշրջանում անդրտարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման հեռանկարների հանդեպ Բրյուսելի և Մոսկվայի տարբեր մոտեցումները նկատի ունենալով՝ միակ գլոբալ դերակատարը, որն օբյեկտիվ պատճառներով, հիրավի, շահագրգռված է Աբխազիայի, Վրաստանի և Հայաստանի տարածքով միջանցիկ երկաթուղային կապի բացմամբ, հանդիսանում է Ռուսաստանը։

Թուրքիան և Ադրբեջանն իրականացնում են Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու (ԿԱԹԲ) երկաթուղու շինարարությունը, որն իր հիմնավորման մեջ զգալի աշխարհաքաղաքական և հակահայկական բաղադրիչ ունի։

Իրանի համար ևս Հայաստանով երկաթուղային միջանցքը միակը չէ Հյուսիս-Հարավ գործող և նախատեսվող տրանսպորտային միջանցքներից, որն իրեն կկապի Վրաստանի և Ռուսաստանի հետ։

ԿԱԹԲ նախագծի իրականացումը կանգնեցնելու Վաշինգտոնի ջանքերը՝ Հայաստանը հերթական տարածաշրջանային հաղորդակցային նախագծից բացառելու պատճառով, ինչը Թուրքիային թույլ է տալիս շարունակել Գյումրի-Կարս այլընտրանքային երկաթուղային հաղորդակցության շրջափակումը, թեև փոքր-ինչ արգելակել են շինարարությունը, բայց չեն կարողացել լիովին կանգնեցնել այն։

Այսպիսով, Հայաստանի տարածաշրջանային ինտեգրման հեռանկարների իմաստով, նկատի ունենալով ՀՀ և ԼՂՀ ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը՝ Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության հարցում և Թուրքիային՝ Ցեղասպանության ճանաչման խնդրում միակողմանի զիջումների առումով, նպատակահարմար է Երևանի միանալն այն նախագծերին, որոնցով հետաքրքրված է և որոնք առաջ է մղում Ռուսաստանը։ Թե՛ իր՝ Հայաստանի տարածքում գտնվող 102-րդ ռուսական ռազմակայանի կարիքների հուսալի ապահովման, թե՛ հանրապետության ռուսաստանյան և համատեղ, արտահանման կողմնորոշում ունեցող արդյունաբերական օբյեկտների գործարկման առումով։ Դրանցից կարելի է նշել «Մարս», «Արմենալ» և «Նաիրիտ» գործարանները, Ռուսաստանի մասնակցությունը թողարկվող արտադրանքի վերակառուցմանը և ընդլայնմանը։ Այս ամենն այժմ ակտիվորեն քննարկվում է։

Բացի այդ, ռուսական գազի ներմուծման հարցը ևս վճռական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։

ԵՄ-ին ասոցիացվելու համաձայնագրի ստորագրումը և Վրաստանի հետ համատեղ ազատ առևտրի միասնական գոտում գտնվելը նշանակում են, նախ, Հայկական ԱԷԿ-ի փակում, ընդ որում՝ որքան հնարավոր է սեղմ ժամկետներում, երկրորդ՝ Թբիլիսիի և Երևանի էներգետիկ քաղաքականության ազատականացում և զգալի չափով միասնականացում և տարածաշրջայնացում, ինչը ենթադրում է երկու երկրների էներգետիկ շուկաների միավորում ԵՄ էներգետիկ քաղաքականության «երրորդ փաթեթի» կանոններով, համաձայնագրի բոլոր մասնակիցների համար հասանելիությամբ և հավասար մրցակցությամբ։

Սա արդեն միջնաժամկետ հեռանկարում, Հայաստանի հանդեպ Ռուսաստանի հետաքրքրության նվազման և ռուսական գազի գնի անխուսափելի բարձրացման (մինչև շուկայական մակարդակ) պայմաններում, կհանգեցներ նրան, որ հայ-ռուսական և ռուսական արտադրահզորությունները (առաջին հերթին՝ ՀրազդանՋԷԿ-ի 5-րդ բլոկը) պահանջված չեն լինի ավելի էժան կամ, համենայնդեպս, գնային առումով մրցունակ էլեկտրաէներգիայի պատճառով, որը կարող է ստացվել Վրաստանից՝ արդեն առկա կամ նոր կառուցվող ՀԷԿ-երից։

Տնտեսական տեսակետից սա կարելի է ողջունել։ Բայց Հայաստանի էներգաշուկայում Վրաստանի գրեթե մոնոպոլ դիրքեր գրավելուց հետո մեր երկիրը խոցելի կդառնա ինչպես տնտեսական (էլեկտրաէներգիայի գների բարձրացում ընդհանուր լայն շահերի և փոխկախյալության բացակայության պատճառով, մինչդեռ այդ ամենն այսօր կա ռուս-հայկական հարաբերություններում), այնպես էլ քաղաքական տեսակետներից (նկատի ունենալով Թուրքիայի և Ադրբեջանի հետ Վրաստանի ամրապնդվող ռազմավարական գործընկերությունը)։ Ընդ որում՝ նման իրավիճակում հնարավոր վիճելի պահերը պետք է լուծվեն Բրյուսելում, որը սեփական (այսինքն՝ ԵՄ) էներգառեսուրսային շահերի առումով հաշվի կառնի ոչ այնքան Թբիլիսիի կամ Երևանի, որքան Բաքվի դիրքորոշումը։ Մանավանդ որ այս պարագայում Բաքվի և Թբիլիսիի շահերը կհամընկնեն։

Սա հատկապես ակտուալ կդառնա «Հյուսիս-Հարավ» գազամուղի վրացական հատվածի մասնավորեցումից հետո, որը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։ Այն ձեռք բերելու հարցում քանիցս համառ հետաքրքրություն է ցուցաբերել Ադրբեջանը։ Այստեղ նույնպես արժե հիշեցնել նաև 1990-ական թթ. սկզբներին այդ գազամուղի պայթեցման գործելակերպը Վրաստանի հիմնականում ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանում։ Հայկական ԱԷԿ-ի կանգնեցման և գազապահեստարանների բացակայության պայմաններում դա ուժեղ հոգեբանական ճնշում կգործադրեր Հայաստանի բնակչության վրա, որն Ադրբեջանի հետ բացահայտ զինված հակամարտության վիճակում է գտնվում։ Էներգաշրջափակման հետևանքներից մեկը՝ բնակչության զանգվածային արտագաղթը, ցայսօր անդրադառնում է հանրապետության վրա։

Բացի այդ, Հայաստանի՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումն ամենաանմիջական ձևով կանդրադառնար նաև հայ-իրանական հարաբերությունների վրա, որոնց զարգացմանը Վաշինգտոնում և Բրյուսելում ներկայում «ըմբռնումով» են մոտենում։ Բայց հետագայում ԵՄ-ի հետ ասոցիացված հարաբերությունները կպահանջեին, որ Հայաստանը միանար ԻԻՀ-ի հանդեպ Եվրամիության և ԱՄՆ մտցրած տնտեսական պատժամիջոցներին (դրանք հանելու հեռանկարը դեռ հարցականի տակ է), ինչը նույնպես բացասաբար կանդրադառնար ՀՀ իրադրության վրա։

***

Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, թերևս, պայմաններ է ստեղծում, որոնցում ինտեգրացիոն նախագծերին երկրի մասնակցության հանդեպ Հայաստանի քաղաքացիների գիտակցված, օբյեկտիվ և կայուն վերաբերմունքի ձևավորմանը կնպաստի ոչ այնքան Հայաստան-ԵՄ և Հայաստան-ՄՄ երկկողմ հարաբերությունների տեղեկատվական լուսաբանումը, որքան տարածաշրջանում ակտիվ բոլոր դերակատարների ռազմաքաղաքական և տնտեսական գործունեության վերլուծաբանական ուղեկցումը։

Փորձագետների և վերլուծաբանների փաստարկված, կշռադատված դիրքորոշումը հանրությանը թույլ կտա հայտարարվող կարծիքներից ընտրել նրանք, որոնք առավել շատ են համապատասխանում Հայաստանի շահերին և փոխշահավետ են մեր երկրի և նրա դաշնակիցների համար։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր