• am
  • ru
  • en
Версия для печати
25.02.2013

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԱՆՈՒՂՂԱԿԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ

EnglishРуский

   

Սերգեյ Սարգսյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փոխղեկավար,
ավագ փորձագետ

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններն այն ընթացքում, երբ նրանք գտնվել են պատերազմական վիճակում, հիշեցնում են ռազմաքաղաքական շախմատի միաժամանակյա խաղ աշխարհագրորեն բաժանված խաղատախտակների վրա. յուրաքանչյուր պարտիա իր տրամաբանությունն ունի, իր ինտրիգը, իր խաղաքարերը, բայց դրանք բոլորն էլ փոխկապակցված են և նույն մեծ խճանկարի մասերն են հանդիսանում։ Ընդ որում, որքան ավելի շատ է Անկարան ինքնուրույն, արտադաշինքային արտաքին քաղաքական ակտիվություն ցուցաբերում, այնքան ավելի հաճախ ու ավելի նկատելիորեն է նրա վարած քաղաքականությունը հակասում Մոսկվայի շահերին։

Միջնորդավորված դիմակայության տարրերը տարբեր ինտենսիվությամբ դրսևորվում են Մոլդովայից, Ղրիմից, Հյուսիսային ու Հարավային Կովկասից մինչև Ուրալ և Կենտրոնական Ասիա։ Վերջին երկու տարիներին այս պետությունների արտաքին քաղաքականության մեջ նրանց շահերի բախման նոր կետ դարձավ Սիրիան։

Ռուսաստանը խիստ շահագրգռված է, որ, առաջին հերթին, շարունակվի, իսկ այնուհետև՝ նաև ինտենսիվացվի Տարտուսի իր ռազմածովային բազայի շահագործումը և պահպանվի սպառազինությունների ու ռազմատեխնիկայի սիրիական շուկան իր ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի համար։

Թուրքիայի շահերը պայմանավորված են նրանով, որ այդ երկիրը ջանում է առհասարակ ակտիվացնել իր արտաքին քաղաքականությունը բոլոր ուղղություններով, հատկապես նախկին Օսմանյան կայսրության սահմաններում։ Եվ Սիրիայում այդ երկիրը նպատակ ունի լուծել հետևյալ խնդիրները.

- թույլ չտալ, որպեսզի քրդական հոծ բնակչություն ունեցող շրջաններն օգտագործվեն որպես Թուրքիայի Քրդական բանվորական կուսակցության թիկունքային բազաներ,

- թույլ չտալ, որպեսզի ՔԲԿ-ն այս կամ այն ճանապարհով արդիական սպառազինություն ձեռք բերի սիրիական ռազմական պահեստներից,

- իշխանազրկել Սիրիական Արաբական Հանրապետության ալավիական վերնախավին,

- դիմակայել Իրանին՝ նպատակ ունենալով միանձնյա առաջատար լինել տարածաշրջանում և այլն։

Դրանց հիմնանպատակը Ռուսաստանի շահերին վնասելը չէ, բայց օբյեկտիվորեն և անկախ Թուրքիայի նպատակադրություններից՝ փաստորեն, դրան են հանգեցնում։

Թուրքիայի (ինչպեսև Իսրայելի) գործողությունների տրամաբանությունը հիմնված է այն բանի վրա, որ Սիրիայում ներքաղաքական իրավիճակը հանգի ապակայունացման անդառնալի գործընթացի, որն անցում կկատարի շարունակական անկայունության վիճակի՝ միտում ունենալով սպառնալիորեն վերաճելու սոցիալ-տնտեսական և քաղաքական հիմնախնդիրների։

Ներկայում Բաշար Ասադի իշխող ռեժիմին դիմակայող զինված ընդդիմությունը բաղկացած է.

- Սիրիական ազատ բանակից,

- «Մուսուլման եղբայրներ» շարժման զինյալներից,

- «Ալ-Քաիդայի» հետ կապված ծայրահեղականներից և ջիհադականներից,

- ինքնուրույն գործող մանր, տարանջատված խմբավորումներից։

Դրանցից յուրաքանչյուրը Սիրիայի տարածքում աջակցության իր հենակետն ունի, ինչպես նաև կարգավորված են արտասահմանյան օգնության ուղիները։ Այդ խմբերն ընդհանուր առմամբ կամ մասնավորապես պատրաստ են, ելնելով իրենց մարտավարական շահերից, ստեղծել ժամանակավոր իրավիճակային դաշինքներ։ Դրանցից յուրաքանչյուրում զգալի բաժին են կազմում կամավորականներն ու վարձկանները՝ հիմնականում սուննիադավան մի շարք երկրներից։

Այս իրավիճակում առանց սահմանի հուսալի պաշտպանության, ինչը Սիրիայի պայմաններում գրեթե անիրականանալի է, դեռ կարելի է նվազեցնել ծայրահեղականների ակտիվությունը, բայց լիակատար հաղթանակ տանել նրանց հանդեպ հազիվ թե հաջողվի։ Նրանք դեռ բավականաչափ նյութական, ֆինանսական և մարդկային ռեսուրսներ ունեն՝ ներքաղաքական իրավիճակի «խափանումը» շարունակելու համար։ Երկարատև քաղաքացիական պատերազմից, գաղափարախոսական տարբեր հոսանքների պատկանող խմբավորումների ահաբեկչական ակտիվությունից, սոցիալ-տնեսական դրության վատթարացումից առաջացող հոգեբանական հոգնածության աստիճանական խտացումը կհանգեցնի այն բանին, որ ճգնաժամից ելքի որոնումը կուղղվի գործող իշխանությունը փոխելու կողմը։

Սակայն Սիրիայի անգամ վերահսկելի և չափավոր (ինչպես երազում են Արևմուտքում) իսլամացումը՝ երկրի հակաասադյան դեմոկրատացման տեսքով, ինչպես թուրքական, այնպես էլ եգիպտական ձևով, անպայման կհանգեցնի ինչպես ՍԱՀ ալավիների, այնպես էլ քրիստոնյաների և քուրդ բնակչության դրության վատթարացման։ Ուստի, երկրում իրավիճակի կայունության պահպանմամբ (գործող իշխանական վերնախավի պահպանմամբ), ինչը պնդում է Ռուսաստանը, շահագրգիռ է նաև սիրիահայ համայնքը։

Պաշտոնական Դամասկոսին աջակցության և Բ.Ասադի ուժային իշխանազրկումը չընդունելու դրսևորում էր հունվարի երկրորդ կեսին Միջերկրածովյան և Սևծովյան ջրավազաններում ռազմածովային զորավարժությունների անցկացումը՝ երեք նավատորմերի (Սևծովյան, Բալթյան և Հյուսիսային) ավելի քան 20 նավերի և երեք սուզանավերի (այդ թվում և մեկ ատոմային) մասնակցությամբ։ Դրանց թվում էին՝ Հյուսիսային նավատորմի «Սևերոմորսկ» մեծ նավը, Սևծովյան նավատորմի դեսանտային մեծ «Ազով», «Սարատով» նավերը և գվարդիական «Մոսկվա» հրթիռակիր հածանավը։ Ռուսաստանի արտգործնախարար Ս.Լավրովի խոսքերով՝ «Մենք շահագրգռված չենք, որպեսզի Միջերկրածովի շրջանն էլ ավելի ապակայունանա, և մեր նավատորմի ներկայությունն այնտեղ իրադրության կայունացման անվերապահ գործոն է»1։

Իսկ եթե սցենարը զարգանա երկրի վերջնական ապակայունացման և ապաինտեգրման ուղով, ալավիա-քրիստոնեական պետության առաջացումը Միջերկրական ծովի ափին ավելի նախընտրելի է թվում, քան սիրիահայերի վերջնական դուրսմղումը Սիրիայից՝ մերձավորարևելյան մի քանի այլ պետությունների օրինակով։

Օգտվելով այն փաստից, որ Սիրիային սահմանակից տարածքում, որտեղ ինտենսիվ մարտեր էին մղվում կառավարական զորքերի և զինյալների միջև, իր սահմանամերձ շրջաններն ականանետային գնդակոծության են ենթարկվել, Թուրքիան չսահմանափակվեց սիրիական զինվորականների դիրքերին պատասխան հրետանային հարվածներ հասցնելով, որոնց մասնակցությունը միջադեպերին այդպես էլ չապացուցվեց, և պահանջեց ՆԱՏՕ գծով գործընկեր պետություններից օգնություն ցուցաբերել և ՀՕՊ միջոցներ տեղակայել։

Ըստ պաշտոնական վարկածի՝ ժամանակավորապես և բացառապես Սիրիայի հետ հարավային սահմանն ապահովելու համար ընդհանուր առմամբ Թուրքիային է մատակարարվել «Փեթրիոթ» զենիթահրթիռային համալիրի վեց մարտկոց (երկուական ԱՄՆ-ից, Գերմանիայից և Նիդեռլանդներից), իսկ հունվարի վերջից դրանք սկսել են մարտական հերթապահություն իրականացնել։

Ուշագրավ է նաև դրանց տեղակայման վայրը՝ Ադանա (սիրիական սահմանից մոտ 120 կմ հեռավորությամբ), Քահրամանմարաշ (մոտ 90 կմ հեռու) և Գազիանթեփ (մոտ 45 կմ հեռու) քաղաքների շրջանում։ Հաշվի առնելով այն, որ զենիթահրթիռային այս համալիրի հեռահարությունը կազմում է 80 կմ-ից ոչ ավելի, կարելի է ենթադրել, որ «Փեթրիոթ» մարտկոցների առաջնահերթ խնդիրը, այնուամենայնիվ, դառնալու է ՆԱՏՕ ռազմական օբյեկտների և, մասնավորապես, «Ինջիրլիք» ավիաբազայի, այլ ոչ թե երկրի սահմանամերձ բնակավայրերի ծածկումը։

Սակայն Սիրիայի՝ ՆԱՏՕ անդամ Թուրքիային կենտրոնացված հարվածներ հասցնելու հեռանկարը ներքաղաքական ռազմական շարունակվող հակամարտության պայմաններում գրեթե զրոյի է հավասար, և դա այլ կերպ, քան Բ.Ասադի ինքնասպանություն չես անվանի։ Բայցև չարժե լիովին բացառել սիրիական զինյալների և նրանց աջակցող արտաքին ուժերի՝ ինչպես Թուրքիային, այնպես էլ ընդհանրապես ՆԱՏՕ-ին սիրիական կառավարական զորքերին պատասխան ռազմական գործողության սադրելու փորձերը։ Հատկապես սիրիական «Ալ-Վաթան» թերթի այն տեղեկատվության ֆոնին, թե զինյալների խմբի աջակցությամբ չորս թուրքական կործանիչ օդաչուներ2 գաղտնի ներխուժել են ռազմական «Քոերց» օդանավակայան (Հալեպի նահանգ). Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը նույն օրը3 պաշտոնապես հերքեց լուրը, նույնիսկ չստուգելով այն։

Սիրիայից բացի, Ռուսաստանի համար Թուրքիայի և Ադրբեջանի տհաճ դեմարշ էր Ռազմավարական համագործակցության բարձր մակարդակով անցկացվող երկրորդ նիստի տեղափոխումը Բաքվից Գաբալա։ Հանդիպումը, որին մասնակցում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ավարտվեց 2012թ. սեպտեմբերի 11-ին, «յոթ փաստաթղթերի ստորագրմամբ, որոնք իրենց նշանակալիությամբ առանձնապես չեն համապատասխանում հանդիպման բարձր կարգավիճակին»4. դրանք վերաբերում էին չափագիտությանը, հեռուստաընկերություններին, բեռնափոխադրումներին, փրկարար ծառայություններին և սերմնաբուծությանը։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը Ռուսաստանին նախապես անընդունելի պայմաններ է առաջարկել Գաբալայի ՌԼԿ շահագործումը շարունակելու և կայանն սպասարկող զինծառայողներին ու նրանց ընտանիքներին տարհանելու վերաբերյալ, և այս ֆոնին դա ոչ միայն պարզապես մանր խայթոց էր Մոսկվայի համար, այլև վկայություն, որ Բաքուն վերջնականապես փոխում է իր արտաքին քաղաքական գերակայությունները։

Գաբալայի ՌԼԿ-ի հետ կապված՝ Ռուսաստան-Ադրբեջան համագործակցության դադարեցման հնչեցվող պատճառներից մեկն էլ այն փաստն է, որ դրա հսկողության գոտում են գտնվում Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող գրեթե բոլոր մահմեդական պետությունները, այդ թվում և Թուրքիան։ Ինքը՝ Թուրքիան, դեռ 2011թ. սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ի հետ հուշագիր էր ստորագրել իր տարածքում AN/TPY-2 ռադիոլոկացիոն կայան (նախկին անվանումը՝ FBR-T - Forward Based Radar -Transportable) տեղակայելու մասին, որը նախատեսված է թռիչքի ակտիվ գոտում բալիստիկ հթրիռների հայտնաբերման, ճանաչման և ուղեկցման համար։ Մտահղացման համաձայն՝ ստացված տվյալներն այն պետք է փոխանցի ԱՄՆ ՌԾՈւ նավերին, որոնք կրում են «Aegis» ՀՀՊ համակարգ, որն էլ անմիջապես որսալու է դրանք։ Շուտով ռադարը տեղակայվեց Թուրքիայի հարավ-արևելքում, Մալաթիայի նահանգի (իլ) Քուլունջակ (թուրք.՝ Kuluncak) գավառում։ Սակայն, ռուս փորձագետների կարծիքով, թիրախի հայտնաբերման 2000 կմ հեռահարություն ունեցող այդ ռադարի հիմնական խնդիրներից մեկը նաև Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի մի մասի, ինչպես նաև Ռուսաստանի հարավի օդային տարածքի վերահսկումն է, մասնավորապես՝ հրաձգարաններից փորձնական նպատակներով բաց թողնված ռուսական հրթիռներին հետևելը։

Ինչևէ, Թուրքիայում ԱՄՆ ՀՀՊ համակարգի ռադարի, «Փեթրիոթ» ԶՀՀ ի հայտ գալը, մեր կարծիքով, կարող է հարմար առիթ հանդիսանալ ՌԴ-ի համար՝ հզորացնելու Հայաստանի տարածքում գտնվող 102-րդ ռուսական ռազմակայանը ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի ինչպես ռադիոէլեկտրոնային, այնպես էլ անմիջականորեն կրակային ճնշման միջոցներով։

2013թ. հունվարի վերջին օրերին ՌԴ պաշտպանության նախարար Ս.Շոյգուի Հայաստան կատարած այցի ընթացքում հերթական անգամ հաստատվեց երկու կողմերի՝ համատեղ անվտանգության, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման ձգտումը՝ այդ թվում ուղղված նաև այն բանին, որպեսզի չթույլատրվի Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ռազմական տարբերակը։

Ռուսաստանի ասիմետրիկ պատասխանի մեջ օրգանապես ներգրվում է նաև Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարության առաջարկությունը «Բաստիոն» մերձափնյա շարժական հրթիռային համալիրների չորրորդ մարտկոցով 11-րդ առանձին մերձափնյա հրթիռահրետանային բրիգադի 25-րդ առանձին հրթիռային դիվիզիոնը (Ուտաշ ավան, ՌԴ Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքից ոչ հեռու) հզորացնելու մասին։ Մինչ այդ քննարկվում էր այն տեղակայել Կուրիլյան կղզիներում։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության ծրագրերի՝ չորս «Բաստիոն» համալիր ունեցող մարտկոցը սպառազինության մեջ է մտնելու 2014 թվականից։

Համալիրը կարող է ոչնչացնել վերջրյա ամեն տեսակ նավեր, ինչպես մեկ, այնպես էլ դեսանտային թիրախներ, ավիակիրներ, հարվածային խմբեր կրակային և ռադիոէլեկտրոնային հակադարձման պայմաններում։ «Բաստիոնը» թիրախը կարող է ոչնչացնել հականավային «Օնիքս» հրթիռներով 300 կմ հեռավորությունից5 և 600 կմ երկայնքով մերձափնյա տարածք ծածկել հակառակորդի դեսանտային գործողություններից։

Դա հավասարակշռության կբերի ռազմածովային ուժերը, ինչը Սևծովյան նավատորմի բաժանումից և վերջին երկու տասնամյակների տնտեսական դժվարություններից հետո փոխվել էր ոչ հօգուտ Ռուսաստանի։ Սև ծովի ջրավազանում պարբերաբար և կարճ ժամանակով մտնող ՆԱՏՕ նավերի (բացի Բուլղարիայի և Ռումինիայի ՌԾՈւ-ից) հետ մեկտեղ՝ «Բաստիոնի» պոտենցիալ թիրախ են Թուրքիայի ՌԾՈւ նավերը։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի և Թուրքիայի ռազմաքաղաքական հարաբերություններում առկա և անընդհատ խորացող միջնորդավորված տարաձայնությունները, արևելյան դիվանագիտության բոլոր կանոնների համաձայն, ուղեկցվում են ուղղակի քաղաքական-դիվանագիտական ակտիվությամբ և փոխշահավետ տնտեսական համագործակցությամբ։ Իրականացվում են «Հարավային հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարությունն սկսելուն ուղղված մի շարք միջոցառումներ, բանակցություններ են վարվում Թուրքիայի Հանրապետությանը մատակարարվող բնական գազն ավելացնել տարեկան 3 մլրդ մ3-ով, աճում է ապրանքաշրջանառությունը (2012թ.՝ 11%-ով, մինչև $33 մլրդ)։

Ավելին, երկու երկրների փոխհարաբերությունների նոր փուլ դարձավ այն, որ Անկարան հրավիրվեց մասնակցելու եվրասիական ինտեգրացիոն նախագծին, թեև այն նույն պատճառներով, որոնք առկա են այդ երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցում, Թուրքիան գրեթե շանս չունի դառնալու ձևավորվող Եվրասիական միության լիիրավ անդամ։ Ցանկացած այլ կարգավիճակ ենթադրում է այստեղ Թուրքիայի գտնվելը որպես կրտսեր գործընկեր, ինչը ձեռնտու է Մոսկվային, Աստանային և Մինսկին, բայց ոչ երբեք Անկարային։

Եվ թեև իր արտաքին քաղաքականության «արևմտյան» վեկտորին իրական հակակշիռ կամ վիրտուալ հավասարակշռություն ստեղծելու համար Անկարան կփորձի կամ, գոնե, կձևացնի, թե ամրապնդում է «արևելյան» վեկտորը, նրա շահերի հիմնական կիզակետը, այնուամենայնիվ, կգտնվի ավելի ճկուն աշխարհաքաղաքական նախագծում, որտեղ Ռուսաստանը (որի հետ հարաբերություններում Թուրքիան ավելի շատ խնդիրներ ու հակասություններ է կուտակում) միանձնյա առաջատարը չէ. այն է՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում։

1 «Ռոսբալթ» լրատվական գործակալություն, 23 հունվարի 2013թ., http://www.rosbalt.ru/main/2013/01/23/1084750.html

2 В Сирии арестованы четыре турецких летчика-истребителя, ИА «Interfax», 31 декабря 2012 года, http://www.interfax.ru/russia/news.asp?id=283671

3 Турция отрицает арест своих летчиков в Сирии, ИА «Новости», 31 декабря 2012, http://evrazia.org/news/24843

4 Азербайджано-турецкий саммит под сенью российской РЛС, Аналитическая служба Туран, 12 сентября 2012 г., http://www.contact.az/docs/2012/Analytics/091200010898ru.htm#.URf5p2LPzeM

5 Հրթիռի թռիչքի կոմբինացված հետագծով (վերջնական կետի երկարությունը՝ 40 կմ)՝ 300 կմ; ցածր հետագծով (15 մ բարձրության վրա)՝ 120 կմ։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 2, 2013

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր