• am
  • ru
  • en
Версия для печати
26.03.2014

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

   

Էդուարդ Լ. Դանիելյան
«Նորավանք» ԳԿՀ խորհրդական, պ.գ.դ.

Գարեգին Նժդեհը 1924 թվականին Կահիրեում լույս տեսած «Էջեր իմ օրագրէն» գրքույկում հայ երիտասարդության մասին իր մտահոգությունն արտահայտել է ապագային ուղղված խորհրդածությունների միջոցով, քանզի, ինչպես ինքն է նշել, ճշմարտություններից մեկն ասում է. «Ուզո՞ւմ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան՝ նայի՛ր նրա երիտասարդութեան»: Խորհելով իր ժամանակակից երիտասարդությանը սպառնացող հոգեկորույս արատների մասին՝ Նժդեհը, նախազգուշացնելով, գրել է. «Վաղը ազգովին պիտի հնձենք այն, ինչ որ սերմանում ենք այսօր - այսօր, երբ դու նւազ խոստմնալից ես, երբ քո մէջ, շնորհիւ մեր օրերի նիւթապաշտական ոգու եւ համատարած յուսալքութեան, թուլացել է պաշտամունքը երկու աստւածութիւնների՝ հայրենի ժողովուրդի եւ երկրի, քո շարքերում, գիտես այդ, օրէցօր աճում է յոգնածների, ուղեկորոյսների եւ դարպընթաց եղածների թիւը»1:

Գարեգին Նժդեհը մեծ տեղ է տվել պատմական անցյալից եկող դասերին, դրանց իմացությամբ եղած մարտահրավերներին պատասխան տալուն պատրաստ լինելու հրամայականով: Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանության, Հայաստանի Առաջին Հանրապետության անկման, 1921թ. Մոսկվայի ու Կարսի անօրինական խորհրդա-թուրքական պայմանագրերի և Կավբյուրոյի որոշման հետևանքով մարդկային և տարածքային ահավոր կորուստներ կրած Հայաստանի և բնիկ հայ ժողովրդի համար ստեղծված ծանրագույն վիճակից ելնելով՝ Գարեգին Նժդեհն իր երկասիրության տագնապով լի՝ «Մեր ապագան վտանգված է» վերտառությունը կրող բաժնում գրել է. «Պիտ ապրի՛ եւ հայ ժողովուրդը: Պիտ ապրի՛, որովհետեւ այդպէ՛ս է ուզում ինքը: Բայց ի՞նչպէս, ինչի՞ շնորհիւ, ի՞նչ տւեալներով, գրաւակա՞նը: Չգիտեմ, մեր ժողովուրդը գիտակցո՞ւմ է, թէ երբեք իր գլխովին կորչելու վտանգն այնքան մեծ չի եղել, ինչպէս այսօր… Արեւմտեան Հայաստանի նահանգներն այժմ անհայաբնակ են, ինչպէս մեծ գերեզմաններ: Արարատեան դաշտի մի մասն է այժմ հայի հայրենիքը, ընկած մահմեդական երկրների ճանապարհի վրայ - մի կամուրջ՝ Արեւմուտքի եւ Արեւելքի մահմեդականութեան համար: Այժմ նրա աշխարհագրական դիրքը աւելի մտահոգիչ է, քան իր քաղաքական ճակատագիրը»2:

Ելնելով երկրի համար ստեղծված այդ սպառնալից իրավիճակից՝ Նժդեհը գլխավոր վտանգը տեսնում էր պանթուրքական ուժերի ագրեսիվ ծրագրերի շարունակական իրագործման մեջ: 1918թ. մայիսի վերջից Իրանական Ադրբեջանից կողոպտված անվանումով արհեստածին «Ադրբեջանի թաթարական» կամ «Արևելա-կովկասյան մուսուլմանական հանրապետությունն»3 իր ստեղծման պահից Թուրքիայի պանթուրքիստական նպատակների իրագործման գործիքն է եղել: Գարեգին Նժդեհը, ելնելով այդ իրողությունից, գրել է. «Հանրածանօթ իրողութիւն է, որ ռուսական տիրապետութիւնից ազատւելու ցանկութեամբ թաթար Ադրբէյջանն երազել է եւ պիտ երազի մի օր թուրքերին տեսնելու Անդրկովկասում: Ծանօթ իրողութիւն է եւ այն, որ Թուրքիան փորձել է եւ պիտի փորձի մի օր Ադրբէյջանի եւ Դաղստանի իսլամութիւնը, ինչպէս եւ Անդրկովկասի բնական ամրութիւնները դարձնելու պատնեշ Ռուսաստանի դէմ: Ասել է՝ մեզ, մեր ժողովրդին վիճակւած է մի օր կենաց ու մահու կռիւ մղելու համիսլամ երկրների՝ մեր վրայով իրար միանալու ձգտման դէմ: Դժւարի՛ն պայքար»4:

Մերօրյա Արցախյան հաղթանակի՝ որպես հայկական տարածքների ազատագրման սկզբնավորման մասին էր երազում Գարեգին Նժդեհը, երբ յուրաքանչյուր անգամ նայելով քարտեզին՝ խոր ցավ էր զգում հայ ժողովրդի համար ստեղծված վտանգավոր վիճակի համար՝ գրելով. «Բացէ՛ք քարտեզը եւ ձեր տեսողութիւնը սևեռէ՛ք այն փոքրիկ տարածութեան վրայ, որը կազմում է այսօրւայ Հայաստանը՝ Արարատեան դաշտի մի մասը եւ Սիւնեաց երկիրը: Աչքի անցկացրէք այն գիծը, որը նրա արդի սահմաններն է կազմում: Թուրքերը Իգդիրում՝ էջմիածնի պատերի տակ: Թաթարը Շարուրում՝ Երեւանի պատերի տակ: Նոյնը Նախիջեւան-Օրդուբադում՝ դարանամուտ՝ Սիւնիքի թիկունքում: Արեւելքից էլ՝ Ադրբէյջանը: Տեսնո՞ւմ էք. դա այլ բան չէ, քան մի երկաթէ օղակ հայ երկրի շուրջը… Եթէ հաշւի առնէք նաեւ մեր ժողովրդի քանակը, նրա հատւածականութիւնը, նրա քաղաքական իդէալը, նրա եւ իր իսլամ հարեւանների փոխյարաբերութեանց առանձնայատկութիւնը, ձեզ համար իր բովանդակ սպառնալիութեամբ կը պարզւի մեր ժողովրդի վտանգւած ապագան… Բայց եւ այնպէս նա ուզում է ապրել որպէս ազգ եւ պիտ ապրի»5:

Գարեգին Նժդեհը, ինչպես և Եղիշե Չարենցը, փրկվելու գրավականը համարելով հայ ժողովրդի միասնական ուժը, գրել է. «Ապրե՞լ ենք ուզում՝ լինենք ուժեղ, ուժեղ ազգովին. ահա՛ հրամայականը: Լինենք ուժեղ այնքան, որ մեր անպարտելիութիւնը առ ոչինչ դարձնի մեզ ծանօթ այն բոլոր դժբախտ պայմանները, որոնք դժւարացնում են մեր ցեղի ինքնապաշտպանութեան գործը»6:

Գարեգին Նժդեհը, Հայոց ուժը տեսնելով սեփական ժողովրդի նյութականից վեր՝ ոգեղեն առաքինությունների մեջ, գրել է. «Ոյժը՝ միայն նիւթական ազդակները չեն, այլ եւ մի ժողովրդի առաքինութիւնները: Կայ հոգեբանական գերադասութիւնը, կայ բարոյական ոյժը - աշխարհի պէս հին, բայց միշտ էլ թարմ եւ հրաշագործ, որին տիրապետող ազգը քիչ անգամ է գլուխ ծռել իրենից նիւթապէս տասնապատիկ ուժեղ թշնամու առաջ: Բարոյական ոյժն է գոտեպնդում փոքր ժողովուրդներին ու բանակներին անհաւասար կռւում. նա՛ է դէպի հաջողութիւն ու յաղթանակ առաջնորդում թւապէս թոյլերին՝ մեծամեծ հակառակորդների դէմ…»7:

Բարոյական ուժի մարմնավորումն է, ըստ Գարեգին Նժդեհի, հայրենապաշտությամբ տոգորված հայրենասիրությունը, որը նա իր աշխատության «Հայրենապաշտութիւնը» վերտառությունը կրող բաժնում հետևյալ կերպ է բանաձևել. «Հայրենասիրութիւն - մարդկային առաքինութիւնների թագն ու պսակն է դա: Մարդկային բարոյական յատկութիւնները իր մէջ միացնող այդ գերագոյն առաքինութիւնն է ազգերի գոյութեան անհրաժեշտ պայմանը եւ անսպառ աղբիւրը նրանց ոյժի եւ մեծութեան… Հայրենիքներն ապրում են հայրենասիրութեամբ, ընկնում՝ նրանց պակասի պատճառով»8:

Գարեգին Նժդեհը, հայրենասիրությունը համարելով գերագույն արժեք, նշել է. «Դա մայրն է - իր նման փրկարար - մի շարք առաքինութիւնների՝ գաղափարականութեան, անձնւիրութեան, արիութեան: Դա պատերազմողի բարոյական ամրութիւնն է, կախարդական զրահը, անվրէպ զէնքը: Հայրենասիրութեամբ հարուստ ժողովուրդը դէպքերի խաղալիքը չէ, այլ՝ նրանց հրամայողը… Հայրենասիրութեան հետ բարձրանում են ազգերը, ընկնում՝ նրա հետ…»9:

5-րդ դարի Հայոց Վարդանանց պատերազմի պատմիչ Եղիշեն, խարազանելով տգիտությունը, գրել է. «Բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում անուսումնությունից: … տգիտությունը զրկվում է կատարյալ կյանքից: Լավ է աչքով կույր լինել, քան մտքով կույր: Ինչպես որ հոգին մեծ է մարմնից, այնպես էլ մտքի տեսողությունը մեծ է մարմնի տեսողությունից»:

Գարեգին Նժդեհը, հետևելով Եղիշեի դասերին, նույն ոգով թվարկելով այն բոլոր արատները, որոնք հակադրվում են հայրենասիրությանը, իր աշխատության «Վտանգաւոր մոլորութիւններ» ենթաբաժնում գրել է. «Տգիտութիւն, եսականութիւն եւ աշխարհաքաղաքացիութիւն – ահա երեքը հայրենասիրութեան անհաշտ թշնամիներից... Կոյրը մեղաւոր չէ, որ չի տեսնում: Մտաւոր կուրութիւն է տգիտութիւնը… Զզւելի է եսասէրը: Նա թշնամի է իր նմաններին, իր հասարակութեան, մարդկութեան: Նա ստանում է՝ առանց տալու: Նա անիշխանական է, որովհետեւ իրաւունքներ ունի՝ առանց պարտականութիւնների: Նա գող է, տզրուկ, որովհետեւ ապրում է ուրիշների հաշւին: Իր յանցաւոր եսի մէջ փակւած, ինչպէս խխունջն իր պատեանի մէջ, նա արհամարհում է եւ հեգնում այն ամէնը, ինչ որ հենց այժմ անձնապէս չի շահեցնում… Այլ պիտի լինէր աշխարհը, եթէ գոյութիւն չունենար այդ մարդատիպ հրեշը՝ եսասէրը: Դա՛ է առաջին դասալիքը, դա՛ է վախկոտը, փոքրոգին ու խաբեբան: Դա՛ է բարձրացնում անձնական կաշւի արժէքը, դա՛ է պսակազրկում սրբութիւնները, իդէալները, հայրենիքը: Դա հաճախ փորձում է իր հոգու այլանդակութիւնները քօղարկել այս կամ այն մոլար տեսութեամբ, այս կամ այն ուռուցիկ եւ գեղեցիկ խօսքով…»: Կանխազգալով աշխարհայնացման վտանգները և Հայրենիքին սպառնացող մարտահրավերները՝ Նժդեհը գրել է. «Հայրենիքի եւ հայրենասիրութեան թշնամին աշխարհաքաղաքացին է՝ կոսմոպոլիտը: Սրա հայրենիքը, իր յայտարարութեամբ, համայն աշխարհն է, ազգը՝ համայն մարդկութիւնը: Չկա՛ն ազգեր, կա մարդկութիւնը,- ասում է այդ միամիտ երազատեսը եւ հայեացքն ուղղում դէպ անորոշ հեռուները: Պիտ սիրել,- ասում է սա. պիտ սիրել բոլոր մարդկանց՝ առանց ցեղի, գոյնի, կուլտուրայի խտրութեան»10:

Գարեգին Նժդեհը, բարձր գնահատելով հայրենասերի զգացմունքները և քննադատելով աշխարհաքաղաքացու թերարժեք պահվածքը, գրել է. «Այո՛, պիտ սիրել, պիտ կարեկցել, ավելին՝ պիտ օգնութեան փութալ իր նմաններին: Սէրը դէպ մեր նմանները եղել է եւ կը մնայ կրոնների եւ յեղափոխութիւնների հռչակած առաքինութիւններից գերագոյնը: Պիտ ապրի մարդասիրութիւնը: Բայց մի՞թէ մեր՝ դէպ մարդկութիւնն ունեցած սէրը ազատում է մեզ եւ մե՛ր ժողովուրդը սիրելուց, հայրենասէր լինելուց… Իսկ եթէ բոլորն էլ, ի դժբախտութիւն աշխարհի, իրենց աշխարհաքաղաքացի յայտարարեին, այսինքն դադարէին իրենց ազգը սիրելուց, իրենց ազգային պարտականութիւնները կատարելուց - կը շահէ՞ր մարդկութիւնը: Եվ ինչո՞ւ միայն մե՛ր ազգը չսիրել, ինչո՞ւ միայն մերի՛ն չօգնել, չէ՞ որ դա էլ մի մասն է կազմում մարդկային ցեղի: Անհեթեթ վարդապետութիւն, որը պղատոնական սէր քարոզելով դէպ մարդկութիւնը, քար անտարբերութիւն է յանձնարարում դէպ մարդկութիւնը կազմող ազգերը: Չէ՛, լրջօրէն կաղում է այդ մոլար վարդապետութիւնը. նրան պակասում են տրամաբանութիւնը եւ բարոյականութիւնը: Հեռո՛ւ մեզնից այդ մոլորութիւնը»11:

Գարեգին Նժդեհը, անդրադառնալով հայրենասիրության ու մարդասիրության ամբողջական գաղափարին, եզրակացրել է. «Բացարձակապէս հաշտելի են հայրենասիրութիւնն ու մարդասիրութիւնը: Բարեկամներ են սրանք եւ ոչ թշնամիներ: Միայն ազգասէ՛րը կարող է սիրել ե՛ւ մարդկութիւնը…»12:

Ազգի առջև ծառացած խնդիրների լուծմանն ունակ հայրենասերի գործունեությունից կարող է մարդկությունը քաղել իր արգասիքները, քանզի, ինչպես նշել է Գարեգին Նժդեհը, «Ծառայելով իր ազգին, հայրենասէրը անուղղակի կերպով ծառայում է եւ մարդկութեանը»13: Դրա վառ վկայությունն է համաշխարհային քաղաքակրթական գանձարանում հայոց մշակութային արժեքների ներդրումը:

Հայրենիքի հանդեպ հայրենասիրության ոգով հայ երիտասարդությանը դաստիարակելու գերագույն պատասխանատվությամբ Գարեգին Նժդեհը կոչ է արել. «Մեր ժողովուրդն առանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին՝ առանց հոգու: Հայրենապա՛շտ պիտի լինենք մենք»14:

1 Տե՛ս Գարեգին Նժդեհ, Հատընտիր, Երևան, 2006, էջ 22:

2 Նույն տեղում, էջ 26:

3 “Christian Science Monitor”, 05.08.1919, Haykaram Nahapetyan, Publications in American Periodicals Concerning Nagorno-Karabakh in 1918-20, http://www.noravank.am/eng/articles/detail.php?ELEMENT_ID=3534, Հ.Ա. Ավետիսյան, Հայկական հարցը 1918թ., Երևան, 1997, էջ 285: Ամերիկյան նշված հրապարակումներում խոսքն ամբողջ Արցախի մասին է:

4 Գարեգին Նժդեհ, նշվ. աշխ., էջ 26:

5 Նույն տեղում, էջ 27:

6 Նույն տեղում, էջ 28:

7 Նույն տեղում:

8 Նույն տեղում, էջ 28-29:

9 Նույն տեղում:

10 Նույն տեղում, էջ 30-31:

11 Նույն տեղում, էջ 31:

12 Նույն տեղում, էջ 32:

13 Նույն տեղում:

14 Նույն տեղում, էջ 29:

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 2, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր