• am
  • ru
  • en
Версия для печати
14.07.2017

Դ.Մ. ԼԱՆԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

   

Էդուարդ Լ.Դանիելյան
Պատմ. գիտ. դոկտոր

Զեկուցում` կարդացված «Օտարազգի հայագետների ավանդը Հայաստանի հին և միջնադարյան պատմության ուսումնասիրության բնագավառում» գիտաժողովում, Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 28 հոկտեմբերի, 2016թ.:


Հայաստանի քաղաքակրթական ժառանգության արժևորման գործում հայագետների, արևելագետների և կովկասագետների շարքում իր ուրույն տեղն ունի բրիտանացի պրոֆեսոր, պատմաբան Դ.Մ. Լանգը (1924-1991թթ.), որը հեղինակել է Հայաստանի և հայ ազգի պատմությանը նվիրված մի շարք աշխատություններ1. «Հայերը» (1976թ.), «Հայաստանը քաղաքակրթության բնօրրան» (1970, 1978թթ.), «Բարձունքների ժողովուրդներ: Հին Արարատը և Կովկասը (1988թ.):


Դ.Լանգը, բարձր գնահատելով Հայաստանի քաղաքակրթական նշանակությունը, «Հայաստանը քաղաքակրթության բնօրրան» գրքում նշել է. «Հնագույն երկիր Հայաստանը տեղադրված է բարձր լեռներում... Թեև Միջագետքն իր հնագույն՝ Շումերի և Բաբելոնի քաղաքակրթություններով, Եգիպտոսի հետ մեկտեղ, սովորաբար համարվում է քաղաքակրթական կյանքի հիմնական աղբյուրը ժամանակակից իմաստով, Հայաստանը նույնպես իրավունք ունի որակվելու որպես մարդկային մշակույթի օրրաններից մեկը։ Նախ, ինչպես Ծննդոց Գրքում է ասվում, Նոյյան տապանը կանգ է առել Արարատ լեռան գագաթին` Հայաստանի հենց կենտրոնում... Անկախ այն հանգամանքից, թե մենք Ծննդոց Գրքին, որպես պատմական սկզբնաղբյուրի, կարևորություն տալիս ենք, թե ոչ, ոչ մեկը չի կարող ժխտել Նոյյան տապանի մասին դրա հաղորդման խորհրդանշական կարևորությունը, որին ակնածանքով են մոտենում հավատացյալները և անհավատներն ամբողջ աշխարհում: Դրա հետ մեկտեղ, Հայաստանը մեր ուշադրությունն է պահանջում` որպես մետաղագործության հնագույն հիմնական օջախներից մեկը, սկզբնավորվելով, առնվազն, հինգ հազար տարի առաջ։ Ավելի ուշ Հայաստանը դարձավ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին ընդարձակ թագավորությունը՝ լինելով եկեղեցական ճարտարապետության այն ոճի սկզբնավորողը, որը կանխագործում է մեր սեփական արևմտյան գոթիկան»2:

Լանգն ուշադրություն է դարձրել Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից քաղաքակրթական զարգացումներին նպաստած աշխարհագրական, բնակլիմայական, մշակութային և բնական պաշարներով պայմանավորված գործոնների վրա: Նա աշխատում էր այնպիսի ժամանակաշրջանում, երբ հնագիտության և պատմագիտության մեջ գերիշխող էր հայերի «եկվորության» դրույթը: Սակայն նրա հայեցակարգին բնորոշ է Հայկական լեռնաշխարհում հնագիտական պեղումներից ստացվող տվյալների շարունակականության հիման վրա, տարբեր դարաշրջանների առումով հայկական տերմինի օգտագործումը, որով նա ճեղքում է «եկվորության» դրույթի թմբիրը և իր մեթոդաբանական որոշ հարցադրումներով մոտենում հայերի տեղաբնիկության հայեցակարգին, որը հայագիտական հետազոտությունների ոլորտում3 և այսօր ամրագրվում է նաև հնդեվրոպաբանական լեզվաբանության զարգացմամբ և հնագիտական նոր հայտնագործություններով4:

Դավիդ Լանգը լայնորեն կիրառում է ամբողջական նշանակությամբ Հայաստան անվանումը։ Այսպես, հիշատակելով Հայկական լեռնաշխարհի հնագիտական մշակույթի ժամանակագրությունը՝ Միջին քարի դարից մինչև Ուշ պղնձի-քարի դարը, նա նշել է․«Հայաստանի հարավային` Վանա լճի շրջակայքի մասերը շահում էին մ.թ.ա․5500-4400թթ․բարգավաճող՝ նրբագեղ և զարգացած «հալաֆյան մշակույթի» հետ շփումներից..․Մելարտի կարծիքով՝ «հայաֆյան մշակույթը» ստեղծվել է հյուսիսից նոր եկածների կողմից, և դրա հայրենիքը հավանաբար գտնվում է Տիգրիսի և Եփրատի վերին հովիտների շրջանում, այն տարածքում, որը հետագայում կազմեց Մեծ Հայքի մի մասը..․Հալաֆի ժողովուրդը հացահատկի մեծ աճեցնող էր և կառուցում էր ինքնատիպ տներ սալապատ ճանապարհների երկայնքով… Նման տներ նաև հանդիպում են Հայաստանի տարբեր մասերում։ Հալաֆյան մշակույթը թեպետ կենտրոնացած էր Ասորիքում և Իրաքում, կարևոր և արդյունավետ կապեր ուներ Հայաստանի Վանի շրջանի հետ»5:

Ելնելով Նոր քարի դարի հնագիտական մշակույթի տվյալներից՝ Լանգը Հայաստանը համարել է միջազգային առևտրի հանգույց՝ միևնույն ժամանակ նշելով, որ Հայկական վանակատը հանդիպում է ոչ միայն արևմտյան Փոքր Ասիայում, այլև նույնիսկ ստորին Վոլգայի ավազանի երկայնքով գտնվող հնավայրերում»6: Նա դիտարկել է, որ Հայաստանում Նոր քարի դարի բնակավայրերը շարունակել են բարգավաճել Պղնձի-քարի դարի, Բրոնզի դարի և հետագա ժամանակներում և, որ նման հարուստ հնավայրերից է Մոխրաբլուրը, որը գտնվում է հին հայկական Նախիջևան քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք և այն «մի քանի արժեքավոր հնարավորություններ է ընձեռում պղնձի և բրոնզի մետաղագործության առաջացումը հասկանալու համար»7։ Հայաստանը և Փոքր Ասիան Լանգը համարել է այն կենտրոնները, որտեղից մետաղամշակության գաղտնիքները թափանցել են Ասորիքի և Միջագետքի հարթավայրեր։

Լանգը բարձր է գնահատել Հայաստանում մետաղագործության առաջացումը և զարգացումը, ու պատմության ուսումնասիրությանը քաղաքակրթական մեթոդաբանության մոտեցմամբ «Հայկական մշակութային պատմության մեծ փուլ» է համարել, «այսպես կոչված, Կուր-Արաքսյան` Վաղ բրոնզի դարի մշակույթը» (“…great phase in Armenian cultural history - the so-called ‘Kuro-Araxes’ Early Bronze Age culture”)8: Այստեղից հետևում է, որ Լանգը վերջինս դիտել է որպես Հայկական մշակութային պատմության նշանակալից փուլ։ Այդ ժամանակաշրջանի հոգևոր պատմության առումով Լանգը նշել է. «Հայաստանը մեծ տեղ ուներ շումերների գիտակցության մեջ…» (“Arrmenia bulked large in the consciousness of the Sumerians...”)9։

Քաղաքակրթական պատմության շարունակականության բնույթից ելնելով՝ Լանգը, Բրոնզի դարի մասին գրելուց հետո, անդրադառնալով Հայոց պատմության (Armenian history) մեջ «համեմատելի մշակութային միասնականացմանը» (“comparable cultural unification”), դրա փուլերից է համարել «Ուրարտական թագավորության ծաղկման` մոտ մ.թ.ա. 750թ. և ապա` Տիգրան Մեծ արքայի գահակալության (մ.թ.ա. 95-55թթ.)» ժամանակաշրջանները10:

Լանգը բարձր է գնահատել Հայաստանի շինարարական արվեստը՝ նշելով. «այսպես կոչված Կուր-Արաքսյան հայկական քաղաքաշինության լավ օրինակ է Շենգավիթը՝ տեղադրված Հրազդան գետի ձախ ափին»11: Ինչպես տեսնում ենք, այսպես կոչված «Կուր-Արաքսյան մշակույթը» Լանգն անվանել է «Հայկական Կուր-Արաքսյան մշակույթ»12՝ նշելով, որ դրա ազդեցությունը հասել է մինչև Դնեստր գետի ավազանի Տրիպոլյան մշակույթը, որի հնավայրերում հայտնաբերված հողի պաշտամունքի հետ կապված կանացի արձանիկների պատկերում որոշ հետազոտողներ տեսնում են արմենոիդ (Armenoid) մարդաբանական տիպին բնորոշ յուրահատուկ գծեր13։

Դ.Լանգը, կիրառելով իր մշակած տերմինաբանական չափանիշները, օգտագործում է «Հայկական Վաղ բրոնզի դար», «Հայկական Միջին բրոնզի դար», «Հայկական Ուշ բրոնզի դար» և «Հայկական Երկաթի դար» տերմինները (“Armenian Early Bronze Age,” “Armenian Middle Bronze Age,” “Armenian Middle and Late Bronze Age”, “Armenian Iron Age”)14: Այսպիսով, քաղաքակրթական գործոնները նա դիտում է Հայաստանի հնագույն պատմության առանցքում:

Անդրադառնալով Մարիա Գիմբուտասի «կուրգանային» վարկածից15 բխող հնդեվրոպական ցեղերի (հյուսիսային Մերձսևծովյան տափաստաններից) դեպի խնդրո առարկա տարածաշրջան մ.թ.ա․III հազարամյակի երկրորդ կեսի գաղթին, Լանգը միևնույն ժամանակ Վաղ բրոնզի դարի ակներով կառքերի ստեղծողներ է նշել «հայերի նախնիներին»16: Հնագույն ժամանակներից սկսած պատմության շարադրանքում Լանգը կիրառել է Հայաստան երկրանունը: Դրանով իսկ նրա պատմական հայեցակարգը հնարավորություն է տալիս ամբողջականության մեջ դիտարկել Հայաստանի հնագիտական տվյալներով վավերացված մշակութային պատմությունը հնագույն ժամանակներից:

Դ.Մ. Լանգը, մեծ տեղ տալով Հայասայի ժամանակաշրջանին Հայոց պատմության մեջ, նշել է․ «Հայերը իրենց կոչում են Հայք և իրենց երկիրը՝ Հայաստան»։ Հետևելով այն կարծիքին, որ հիմքեր կան այս էթնիկ անունը կապելու խեթական աղբյուրներում հիշատակվող Հայասայի հետ17, նա այն նշել է Հայաստանի արևմտյան լեռնային մասում, Եփրատի վերին ավազանի շրջանում: Լանգը այնուհետև գրել է. «Հայասայի ժողովրդի լեզուն ակնհայտորեն ազգակից էր Փոքր Ասիայի հին հնդեվրոպական լեզուներին, այսինքն` խեթերենին, լուվիերենին, լյուդիերենին, լիկիերենին և փռյուգիերենին, ու այս կարևոր է, նկատի ունենալով հայերենի` հնդեվրոպական մյուս լեզուների հետ ազգակցությունը»18։

Անհրաժեշտ է նշել, որ Լանգը «Ուրարտու» անունը դիտել է թե´ Հայաստան անվանը զուգահեռ և թե´ որպես թագավորություն՝ «Հայաստանի առաջին ազգապետություն»19։ Այս կապակցությամբ նա շոշափել է «հայ ազգի ձևավորման» խնդիրը և, կասկած հայտնելով «եկվորության»20 դրույթի հանդեպ, նշել․ «Հնագիտական և լեզվաբանական արդի հայտնագործությունները ցույց են տալիս, որ պարզունակ գաղթի տեսությունը չի կարող համապատասխանել փաստերին։ Ուրարտական քաղաքակրթության շատ գծերը մասնավորապես պահպանվել են հին հայկական մշակույթում։ «Ուրարտու» անունը երկար ժամանակ գոյատևեց տարբեր ձևերով Վանի թագավորության անկումից հետո»։ Կարևոր է նշել, որ Լանգը Արարատ անունը դիտելով որպես «Ուրարտու» անվան նախնական ձև, նշել է․«Իրոք, մինչև այսօր հայկական ազգային գիտակցության կիզակետի` Արարատ լեռան անվան լոկ այլ ձևն է «Ուրարտուն»21։

Դ.Մ. Լանգի աշխատությունում նկատվում է Մովսես Խորենացու երկի վրա հիմնված ավանդական մոտեցում՝ «Վանի հիմնադրման և Ուրարտական թագավորության» ժամանակաշրջանի առումով։ Նա գրել է. «Արքայազն Արա Գեղեցիկը կարող է նույնացվել պատմական Արամե կամ Արամու թագավորի (մ.թ.ա․880-844թթ.) հետ»22։

Այսպիսով, Լանգի աշխատությունում երկու մոտեցում է դիտարկվում Հայաստանի հնագույն պատմության առումով։ Քաղաքակրթական հետազոտության մեթոդաբանությամբ Հայաստանի պատմամշակութային պատկերը՝ հիմնված հնագիտական պեղումներից ստացվող արդյունքների վրա, նա ներկայացնում է ամբողջականության մեջ՝ այն բնութագրելով հայկական տերմինով, սկսած Վաղ բրոնզի դարից։ Իսկ էթնիկական պատմությունը շարադրելիս, չնայած իր ժամանակ գերակայող հնդեվրոպական ցեղերի գաղթի տեսությանը, նա իր հարցադրումներով փորձում է հայերի էթնիկական ծագումնաբանության հարցը լուծել ոչ թե «պարզունակ գաղթի տեսության», այլ էթնոմշակութային ժառանգության շարունակականության սկզբունքով՝ ակունքներում, առնվազն, տեսնելով Հայասայի ժամանակները։

Դ.Մ. Լանգը, հիմնվելով Հերոդոտոսի հաղորդումների վրա, անդրադարձել է Հայաստանի և Աքեմենյան կայսրության միջև եղած հարաբերություններին: Այնուհետև նա նշել է հատկապես Երվանդյանների մայրաքաղաք Արմավիրի բարձրացման կարևորությունը և միջազգային առևտրում Հայաստանի հանգուցային դերը, քանզի այնտեղով էին անցնում հիմնական ուղիները դեպի հյուսիս և հարավ։ Գիտնականը մասնավորապես շեշտադրում է հայերի հյուրընկալության հատկանիշը։

Մ.թ.ա. IVդ. երրորդ քառորդից Առաջավոր Ասիայում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխմամբ՝ Լանգը նշել է, որ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից Հայաստանը դուրս էր, սակայն շուտով չկարողացավ խուսափել նոր՝ հունա-արևելյան աշխարհի քաղաքակրթության՝ հելլենիզմի ազդեցությունից և տնտեսական ու սոցիալական նոր փուլ ապրեց՝ շփվելով մի շարք հարևան հելլենիստական երկրների հետ։ Հայոց պատմության` Մեծ Հայքի և (նրա բնական մաս) Ծոփքի թագավորությունների ժամանակաշրջանի կարևոր առանձնահատկությունը Լանգը համարել է նոր քաղաքների հիմնադրումը և հների վերականգնումը։ Քաղաքաշինությունը շարունակվեց նաև Արտաշեսյանների օրոք։ Լանգը գրել է Արտաշես I-ի հիմնած Արտաշատի կառուցման գործում կարթագենացի զորավար Հանիբալի ցուցաբերած օգնության մասին։

Հայոց պետականության անընդմեջ զարգացման տեսանկյունից ուշագրավ է Լանգի հետևյալ միտքը. «Արտաշեսը հիմնադիրն էր երրորդ և մեծագույն Հայոց միապետության, շարունակելով Արամեի հիմնադրած (ըստ Մովսես Խորենացու), որպես առաջինը` Ուրարտական թագավորությունը և Երվանդյաններինը` երկրորդը»23։

Տիգրան Բ Մեծի գահակալության ժամանակաշրջանը հետևյալ կերպ է բնութագրել Դ.Լանգը․ «Հայաստանը կարճ ժամանակով հասավ կայսերական հզորության և հաջողության գագաթնակետին Տիգրան Մեծի օրոք..․Հայկական գերիշխանությունը շատ առումներով նախընտրելի էր հռոմեականից, որը լավ ճանապարհների և ընդհանուր արդյունավետության հետ մեկտեղ բերեց տնտեսական շահագործում, ստրկություն և քաղաքական հպատակեցում։ Տիգրան Մեծի տիրույթները ձգվում էին Կասպից ծովից մինչև Միջերկրականը, Միաջագետքից մինչև Պոնտական Ալպերը..․Հարևան երկրները, որոնք ճանաչել էին Տիգրանի` որպես «արքայից արքայի» գերիշխանությունը, պարտավորված էին նրան վճարել հաստատված հարկ և ուղարկել օժանդակ զորքեր պատերազմի ժամանակ...»24։ Տիգրան Մեծի կայսրության կենտրոնում էր իր հիմնած Տիգրանակերտ մայրաքաղաքը25:

Մեծ Հայքի թագավորության Արշակունյաց ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրության առումով Լանգը կարևորել է Գառնիի պեղումները՝ հատկապես բարձր գնահատելով այնտեղ գտնվող դասական տաճարը26։ Նա հայկական քաղաքակրթության նախաքրիստոնեական շրջանի առավել ուշագրավ խնդիրներից է համարել հայ հեթանոսության բնույթը։ Նկարագրելով Արայի, Աստղիկի, Անահիտի, Տիրի, Արամազդի կերպարները՝ գիտնականն անդրադառնում է նաև Վահագնին որպես արեգակնային աստվածություն բնութագրող տեսակետին` հիմնված Վահագնի երգի վրա27։

Քրիստոնեության ընդունման պատմությունը դիտարկելով որպես հայ ազգի ամենից սիրելի ավանդություններից մեկը՝ Լանգը նշել է. «Այս սրբազան ավանդությունների գիտելիքը անհրաժեշտ է հայկական որմնանկարների և մանրանկարչության սրբապատկերները հասկանալու համար»28:

Արքայական և հոգևոր կառույցների թվում Լանգը հիշատակել է «Հայաստանի ամենից սուրբ քաղաք Էջմիածինը` գերագույն կաթողիկոսի29 նստավայրը Արարատի տեսարանով: Այն սկզբնապես կոչվել է Վաղարշապատ` Վաղարշ I-ի (117-140թթ.) անունով, որը Արտաշեսյան հարստությանը հաջորդած Արշակունյաց հարստության ներկայացուցիչն էր»30:

Հայ ճարտարապետությանը և արվեստին նվիրված բաժնում Լանգը նշել է, որ հայերը մեծ վարպետներ էին ամրոցների և ռազմական շինությունների կառուցման գործում: Այդ են վկայում Ամբերդը և Կիլիկիայի ամրոցներն ու բերդերը: Իսկ եկեղեցաշինության մեջ Տրդատ ճարտարապետի կառուցած Անիի Մայր տաճարը Լանգը (1001թ.) համարել է հայ ճարտարապետության գլուխգործոցը:

Լանգը բարձր է գնահատել խաչքարային արվեստը՝ որպես միջնադարյան հայկական քանդակագործության փառքի դրսևորում, ինչպես նաև մանրանկարչությունը և որմնանկարչությունը31: Նա հիացած էր նաև հայ ոսկերիչների ստեղծած զարդերով, որոնք մինչև այսօր մեծ համբավ են վայելում: Լանգը հատուկ անդրադարձել է հայ գորգագործության պատմությանը և հայկական գորգերի տարածմանն աշխարհում:

XIX-XX դարերի հայ գեղանկարիչներից Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Արշիլ Գորկու, կոմպոզիտորներից` Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի և Արամ Խաչատրյանի վերաբերյալ մեծ հիացմունքով է արտահայտվել Դ.Լանգը: Կոմիտասի մասին նա մասնավորապես գրել է. «Կոմիտասի վոկալ ստեղծագործությունները երբեք չեն դադարում զարմացնել և հիացնել իրենց վեհությամբ և ոճով` հարուստ հարմոնիայով և երաժշտական նուրբ ներշնչանքով»32:

Հնագիտական, պատմագիտական և մշակութաբանական տվյալներին քաղաքակրթական չափանիշներով մոտենալով՝ Լանգը բարձր է գնահատել հին և միջնադարյան Հայաստանում (Մեծ Հայք, Փոքր Հայք, Կիլիկյան Հայաստան) հայ ժողովրդի` ճարտարապետության (քաղաքաշինություն, ամրոցաշինություն, տաճարաշինություն և եկեղեցաշինություն), խաչքարային արվեստի և մանրանկարչության, գորգագործության, դրամագիտության, դպրության, գիտության և կրթության (պատմագիտություն, փիլիսոփայություն, տիեզերագիտություն և աշխարհագրություն, աստղագիտություն, մաթեմատիկա) բնագավառներում մշակութակերտ գործունեությամբ համաշխարհային մշակույթի գանձարանը ներդրված արգասիքները:

Հայոց հնագույն և միջնադարյան պատմության հետ մեկտեղ, Լանգը անդրադարձել է նոր և նորագույն ժամանակաշրջաններին՝ հատկապես ընդգծելով օտար նվաճողների ներխուժումների և տիրապետության ու հատկապես 1915թ. Հայոց ցեղասպանության33` հայ ժողովրդի և քաղաքակրթության համար աղետավոր հետևանքները:

Դ.Մ. Լանգն իր գիրքը ժամանակագրորեն հասցրել է մինչև 1968թ., երբ «հայ ժողովուրդը տոնում էր Երևանի հիմնադրման 2750-ամյակը… Այս հոբելյանին մասնակցեցին հազարավոր հայեր ամբողջ աշխարհից, և այն վերածվեց ազգային հպարտության և համերաշխության տարերային դրսևորման: Այս ամենը լավագույնս կանխատեսում է այս հիասքանչ ժողովրդի և նրա` մեծ վնասներ կրած, սակայն հավերժ սրբազան երկրի` իրոք մարդկության քաղաքակրթության բնօրրանի ապագա ճակատագիրը»34:

1 Danielyan E.L., The Contribution of D. M. Lang to the Appreciation of Armenia’s Civilizational Heritage, Issue 2 (4) 2016, pp. 7-17 http://www.fundamentalarmenology.am/datas/issues/ISSUE-2-2015.pdf

2 David M. Lang, Armenia: Cradle of Civilization, London, 1970, p. 9.

3 Ալիշան Ղ., Յուշիկք հայրենեաց Հայոց, հ. Ա, Վենետիկ, 1869, էջ 79-81, 94-96, Մարտիրոսեան Ն., Հայերէնի յարաբերութիւնը հեթիդերէնի հետ (Հանդէս ամսօրեայ, 1924, N 9-10, էջ 453), Մարտիրոսեան Ն., Նպաստ մը հեթ և հայ բառաքննության (ՊԲՀ, 1972, N 2, էջ 163-186), Капанцян Гр., Хайаса – колыбель армян. Этногенез армян и их начальная история, Е., 1956, Պետրոսյան Լ.Ն., Հայ ժողովրդի փոխադրամիջոցներ (տե՛ս Հայ ազգաբանություն և բանահյուսություն. ժողովածու, 6, Ե., 1974, էջ 123, Иванов Вяч. Вс., Выделение разных хронологических слоев в древнеармянском и проблема первоначальной структуры гимна Вахагну (ՊԲՀ, 1983, N 4, էջ 32-33), Kavoukjian M., Armenia, Subartu and Sumer. The Indo-European Homeland and Ancient Mesopotamia, Montreal, 1987, Խաչատրյան Վ., Հայաստանը մ.թ.ա. XV-VII դարերում, Ե., 1998, Ղազարյան Ռ.Պ., Հայասայի քաղաքական և մշակութային պատմությունը, Ե., 2009, Դանիելյան Է.Լ., Հայաստանի պատմաքաղաքակրթական ամբողջականության փաստն ընդդեմ թուրք-ադրբեջանական կեղծարարությունների, Լրաբեր հաս. գիտ., № 1, 2016, էջ 29-44 և այլն:

4 Խանզադյան Է., Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ.թ.ա. III հազարամյակում, Երևան, 1967, Խանզադյան Է., Մկրտչյան Կ.Հ., Պարսամյան Է.Ս., Մեծամոր, Ե., 1973, Ավետիսյան Պ., Գասպարյան Բ., Ագարակի հուշարձանախմբի 2001թ. պեղումները (Հին Հայաստանի մշակույթը, XII, Ե., 2002, էջ 9-12), Гамкрелидзе Т., Иванов Вяч., Индоевропейский язык и индоевропейцы, II, Тбилиси, 1984, с. 865, 895, Gray R.D., Atkinson Q.D., Language-tree Divergence Times Support the Anatolian Theory of Indo-European Origin, Nature, vol. 426, 2003, pp. 435-438, Remco Bouckaert, Philippe Lemey, Michael Dunn, Simon J. Greenhill, Alexander V. Alekseyenko, Alexei J. Drummond, Russell D. Gray, Marc A. Suchard, Quentin D. Atkinson, Mapping the Origins and Expansion of the Indo-European Language Family. - www.sciencemag.org SCIENCE, VOL 337, 2012, p. 957-960. Бадалян Р., Аветисян П., Ломбард П., Шатенье К., Поселение Араташен (неолитический памятник в Араратской равнине), Культура древней Армении, XIII, Материалы республиканской научной сессии, Е., 2005, с. 34-41, Սիմոնյան Հ., Վերին Նավեր, գիրք Ա, Ե., 2006, նույնի` Ներքին Նավերի N 4 դամբարանը (Հուշարձան, տարեգիրք, 5, Ե., 2010, էջ 7-20), G.E. Areshian, B. Gasparyan, P.S. Avetisyan, R.Pinhasi, K.Wilkinson, A.Smith, R.Hovsepyan, D.Zardaryan, The Chalcolithic of the Near East and South-Eastern Europe: Discoveries and New Perspectives from the Cave Complex Areni-1, Armenia, - Antiquity, vol. 86, N 331, March, 2012. etc.

5 D.M. Lang, նշվ. աշխ, p. 63.

6 Նույն տեղում, p. 64.

7 Նույն տեղում, pp. 64, 66.

8 Նույն տեղում, p. 70.

9 Նույն տեղում։

10 Նույն տեղում, p. 73.

11 Նույն տեղում, p. 74.

12 Նույն տեղում։

13 Նույն տեղում, p.76.

14 Նույն տեղում, pp. 76, 78, օրինակ` «Այս հիասքանչ դիլիջանյան անոթի զարդարումը վկայում է Հայկական Բրոնզի դարի մեկ այլ կարևոր հատկանիշի մասին` դիցուք, երկրի հույժ առաջադիմած դիրքին անվավոր փոխադրամիջոցների և մարտակառքերի բնագավառում… Էդինբուրգի համալսարանի պրոֆ. Ս.Պիգոթը և Բրիտանական թանգարանի դոկտոր Ռ.Բարնեթը արևմտյան այն հնագետների թվին են պատկանում, որոնք տեղում հետազոտել են Հայկական Բրոնզի դարի այս կառքերը» (Նույն տեղում, pp. 82-83):

15 Նույն տեղում, p. 76.

16 Նույն տեղում, p. 82.

17 Հիմնվելով Հայասային նվիրված հետազոտությունների, սեպագիր սկզբնաղբյուրների, հնագիտական նյութերի և մասնագիտական գրականության վրա՝ Ռ.Ղազարյանը եզրակացրել է. «Բրոնզի դարի ընթացքում Հայաստանի արևմտյան մասը մտավ ակտիվ տնտեսական, քաղաքական և մշակութային հարաբերությունների մեջ Փոքր Ասիայի և Միջագետքի երկրների հետ: Այդ մեծագույնս նպաստեց պետական միավորների ստեղծմանը. Հայասա (Ազզի), Իսուվա (Ծոփք) և Ալզի (Աղձնիք): Ուշ բրոնզի դարում Հայասան հզոր պետություն էր Հայկական լեռնաշխարհում: Այն կարող էր դիմակայել Խեթական պետությանը, որը Առաջավոր Ասիայի մեծ տերություններից էր: Քաղաքական, մշակութային և տնտեսական բնագավառներում զգալի փոխհարաբերություններ էին հաստատվել վերջինիս և Հայասայի (Ազզի) թագավորության միջև: Հայասայի (Ազզի) թագավորությունը, շնորհիվ իր անկախ քաղաքական իշխանության, տնտեսության և մշակութային արժեքների, Հայոց պետականության մասն էր, մեծագույն ներդրում կատարելով Հայոց պատմության մեջ» (Ghazaryan R.P., The development of the Armenian statehood: Kingdom of Hayasa (the 14th-13th cc. BC), Fundamental Armenology, Issue 1, 2015, pp. 16-20):

18 D.M.Lang, նշվ. աշխ., p. 114.

19 Նույն տեղում, p. 85.

20 Հայերի «եկվորության» դրույթի քննադատության, Հայկական լեռնաշխարհում հայերի տեղաբնիկության և Հայոց ավելի քան հինգհազարամյա պետականության մասին տե՛ս Դանիելյան Է.Լ., Հայ ժողովրդի ազատագրական պայքարի ակունքները, Գիտություն և տեխնիկա, 1990, N4, էջ 1-9, Մովսիսյան Ա., Հնագույն պետությունը Հայաստանում, Արատտա, Ե., 1992, Դանիելյան Է.Լ., Հայոց պետականությունը և նախարարական համակարգը հնագույն ժամանակներից վաղ միջնադար, Գիտություն և տեխնիկա, 1993 N9, էջ 5-6, N 10, էջ 4-8, Դանիելյան Է.Լ., Հին Հայոց պետականությունը Առաջավոր Ասիայի երկրների համակարգում, Գիտություն և տեխնիկա, 1994, N7-9, էջ 5-7, Զուլալյան Մ., Հայոց պատմության խեղաթյուրումը արդի թուրք պատմագրության մեջ (հին և միջին դարեր), Երևան, 1995, Այվազյան Ա., Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ (քննական տեսություն), Երևան, 1998, էջ 117-121, Մովսիսյան Ա.Ե, Սրբազան լեռնաշխարհը: Հայաստանը Առաջավոր Ասիայի հնագույն հոգևոր ընկալումներում, Երևան, 2004, Դանիելյան Է.Լ., Հայոց պատմական և քաղաքակրթական արժեհամակարգի պաշտպանության անհրաժեշտությունը, Լրաբեր հաս․գիտ, № 3, 2010, էջ 53-74:

21 D.M. Lang, նշվ. աշխ., p. 112.

22 Նույն տեղում, pp. 85-86.

23 Նույն տեղում, p. 125.

24 Նույն տեղում pp. 130-131.

25 Նույն տեղում, p. 123.

26 Նույն տեղում, p. 144.

27 Նույն տեղում, p. 148

28 Նույն տեղում, p. 155.

29 Ամենայն Հայոց կաթողիկոս:

30 D.M. Lang, նշվ. աշխ., p. 123.

31 Նույն տեղում, pp. 227-228.

32 Նույն տեղում, p. 261.

33 Ինչպես նշել է Դ.Մ. Լանգը, մոտ մեկ ու կես միլիոն արևմտահայեր սպանվեցին նախապատերազմյան ընդհանուր երեք միլիոնից (Նույն տեղում, p. 288).

34 Նույն տեղում, p. 296.

Հունիս, 2017թ.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր