• am
  • ru
  • en
Версия для печати
17.04.2014

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻՆ

   

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ

Թուրքիայի տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամը (TESEV) արտաքին քաղաքականության հարցերով հերթական հարցախույզն1 է իրականացրել Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Իրանում, 2013թ. օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում: Հարցախույզին մասնակցել է 18 տարին բոլորած 2800 մարդ: Հարցախույզն անցկացվել է 16 երկրում՝ Եգիպտոս, Հորդանան, Լիբանան, Պաղեստինի Ինքնավարություն, Սաուդյան Արաբիա, Սիրիա, Իրաք, Իրան, Թունիս, Ծոցի երկրներ (Բահրեյն, Քուվեյթ, ԱՄԷ, Կատար, Օման), Լիբիա, Եմեն:
Հարցախույզի համաձայն, «արաբական գարնան» վրա ունեցած ազդեցության համար բավականաչափ դրական կարծիք կա Աղյուսակ 1-ում նշված երկրների հանդեպ (%)։

Սա վկայում է, որ Թուրքիայի ու Արևմուտքի ցուցանիշը նվազել է: Աչքի է զարնում այն, որ 2011-2012թթ. առաջատարը Թուրքիան է, ինչը պայմանավորված է «արաբական գարնան» ժամանակ Թուրքիայի որդեգրած դիրքորոշմամբ (բռնապետերին քննադատելով), սակայն 2013թ. դիրքերը զիջել է Ռուսաստանին ու Չինաստանին: Դա, իր հերթին, պայմանավորված է նրանով, որ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ այդ երկրները շարունակում են աջակցել Սիրիային և քանիցս վետո են դրել հակասիրիական բանաձևերի վրա:

2011թ. Թուրքիայի դերակատարությունն ամենադրականն ընդունվել է Լիբիայում, ապա գալիս են Թունիսն ու Եգիպտոսը: Վերջին շրջանում Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանը ստանձնել է «մուսուլմանների իրավունքների պաշտպանի» դերը` «մոռանալով» իր երկրում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների մասին: 2013թ. տարածաշրջանային ուժ դիտված երկրներն են (%).

Մենք տեսնում ենք, որ քաղաքական առումով առաջատարները Թուրքիան և Սաուդյան Արաբիան են (սիրիական ընդդիմության գործուն աջակիցները), իսկ միջազգային պատժամիջոցների ենթարկված Իրանը միայն երրորդն է: Նավթային պաշարներով աշխարհի առաջատար Սաուդյան Արաբիան տնտեսական առումով առաջին տեղում է, G20-ի անդամ Թուրքիան երկրորդն է, իսկ ԱՄԷ-ն` երրորդը: Ռազմական ոլորտում առաջատարը Եգիպտոսն է, սեփական ռազմական արդյունաբերությունը վերջին շրջանում լայնորեն զարգացնող Իրանը` երկրորդը, իսկ ՆԱՏՕ-ում երկրորդ խոշոր բանակն ունեցող Թուրքիան` միայն երրորդը:

«Թուրքիան կրոնական հենքով քաղաքականությո՞ւն է վարում» հարցին պատասխանել են հետևյալ կերպ (%).

2013թ. զգալիորեն (28%-ից 39%-ի) ավելացել է նրանց թիվը, ովքեր կարծում են, որ Թուրքիան վարում է կրոնական հենքով արտաքին քաղաքականություն: Դա ակնառու է Եգիպտոսի և Սիրիայի պարագայում: Երբ 2013թ. հուլիսին Եգիպտոսում տապալվեց իսլամիստ նախագահ Մոհամեդ Մուրսիի վարչակարգը, Թուրքիան կտրականապես դատապարտեց դա, ինչն էլ հանգեցրեց երկու երկրների միջև լարվածության առաջացման ու դեսպանների հետկանչման:

Սիրիայի պարագայում Թուրքիայի (սուննի) կառավարությունը (բացառությամբ Սիրիական հակամարտության սկզբնամասի) հանդես է գալիս ալավիական (Բաշար Ասադի) վարչակարգի տապալման օգտին: Հենց այս գործոններով է պայմանավորված այն, որ Եգիպտոսում գրեթե կրկնապատկվել է Թուրքիայի մասին նման կերպ մտածողների թիվը, Սիրիայում նույնպես զգալի աճ է արձանագրվել:

Թուրքիայի մասին բավականաչափ դրական կարծիք ունեն (%).

Երեք տարվա ընթացքում Թուրքիայի ցուցանիշը նվազել է 19%-ով: Ուշագրավ է, որ Եգիպտոսում մեկ տարվա ընթացքում (2012-2013թթ.) այդ ցուցանիշը նվազել է միանգամից 46%-ով: Ինչպես արդեն նշվեց, դա կապված է Եգիպտոսում իրականացված ռազմական հեղաշրջման հետ, ինչը հանգեցրեց Մոհամեդ Մուրսիի պաշտոնանկությանը: Թուրքիան ամենաքիչ աջակցությունը (22%) ստացել է Սիրիայից:

2011-2013թթ. Թուրքիայի վարկանիշը որոշակիորեն նվազել է նաև Պաղեստինում (որը վերջին շրջանում հույսեր չի կապում Իսրայելի հետ հարաբերություններում Թուրքիայի միջնորդության հետ, ինչի պատճառը թուրք-իսրայելական ճգնաժամի չկարգավորված բնույթն է), Թունիսում, Ծոցի երկրներում և Եմենում (թուրքական մամուլի հաղորդմամբ՝ 2012թ. նոյեմբերի կեսին Եմենի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Թուրքիայից նավով Եմեն ուղարկված խմորեղենի տուփերում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք՝ 3000 ատրճանակ, որն առգրավվել է):

Ուշագրավ է, որ վերջին մեկ տարում Իրանում և Իրաքում աճել է Թուրքիայի աջակիցների թիվը: Եթե 2012թ. Իրաքում այդ ցուցանիշը կազմել է 55%, ապա 2013թ.` 67%: Իրանում 59%-ից հասել է 69%-ի: Եթե հաշվի չառնվի Եգիպտոսի և Սիրիայի գործոնը, ապա 2013թ. Թուրքիան ընդհանուր առմամբ աճ է գրանցել:

Հարկ է նշել, որ վերջին ամիսներին թուրք-իրաքյան հարաբերություններում նկատվում են կարգավորման որոշակի միտումներ` կապված նրա հետ, որ Անկարան սկսել է հայտարարել, թե Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարության հետ էներգետիկ բնույթի (նավթի և գազի ներկրում) շփումներում հաշվի է առնում Բաղդադի դիրքորոշումը (պատճառի մասին կխոսվի ստորև), որին անտեսում էր դրանից առաջ, ինչն էլ, իր հերթին, լարվածություն էր առաջացնում Անկարայի ու Բաղդադի, Բաղդադի ու Էրբիլի միջև: Թուրքիան սկսել է նաև ավելի քիչ միջամտել Իրաքի ներքին գործերին:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա Թուրքիան կողմ է նրա միջուկային ծրագրի խաղաղ կարգավորմանը, շարունակում է աջակցել Իրանի ու «վեցյակի» միջև բանակցություններին, Ստամբուլում հյուրընկալում է դրանք, հավատում, որ Իրանը չի ստեղծում միջուկային զենք, Իրանի հանդեպ էներգետիկ պատժամիջոցների դեպքում շարունակում է էներգակիրներ գնել և ընդհանրապես զարգացնում է այդ երկրի հետ առևտրային կապերը:

«2013թ. Թուրքիայի կառավարության և սեփական երկրի ղեկավարության միջև ջերմ հարաբերություններ ունենալու» մասին հարցի պատասխաններն ունեն հետևյալ տեսքը (%).

Թուրքիայի կառավարությանն ամենաշատը ոչ բարեկամական են համարում Սիրիայում (88%) ու Եգիպտոսում (68%): Ուշագրավ է, որ դեռևս 2012թ. (Մուրսիի նախագահության ժամանակ) Եգիպտոսում Թուրքիայի կառավարությունը ոչ բարեկամական է համարել հարցվածների ընդամենը 8%-ը: Երրորդ տեղում Իրաքն է, որտեղ հարցվածների 58%-ը ոչ բարեկամական է համարել Թուրքիայի կառավարությանը: Ինչպես նշվեց, թուրք-իրաքյան հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռ նոր է մեկնարկել: Բացի այդ, Իրաքի կառավարությունը բացասաբար է վերաբերվում նրան, որ թուրք-քրդական հաշտեցման գործընթացի շրջանակներում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները 2013թ. մայիսի սկզբին սկսեցին լքել Թուրքիան և հետ քաշվել Հյուսիսային Իրաք: Իրաքի ղեկավարությունը հայտարարեց, որ դա Թուրքիայի ներքին խնդիրն է, և որ չի ցանկանում, որ PKK-ականները հայտնվեն իր տարածքում, քանի որ նրանք սպառնալիք են իրաքցիների համար:

Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լիբիայում (Թուրքիան վերջին 40 տարում ամուր դիրքեր ունի այդ երկրում և ժամանակին կարողացավ հայտնվել Քադաֆիի հակառակորդների թվում), ապա գալիս են Թունիսը, Հորդանանը, Պաղեստինը և Եմենը: Իրանում մեկ տարում գրանցվել է 10%-անոց աճ:

«Թուրքիան մերձավորարևելյան քաղաքականությունում օրեցօր դառնում է առավել ազդեցիկ». սրան համակարծիք է հարցվածների 64%-ը (2012թ.` 61%-ը, 2011թ.` 70%-ը): Եթե 2012թ. Եգիպտոսում այդ ցուցանիշը կազմել է 73%, ապա 2013թ. այն նվազել է մինչև 60%: Մուրսիի տապալումը (Եգիպտոսի կորուստը) ամուր հարված հասցրեց Մերձավոր Արևելքում Թուրքիայի դիրքերին:

«Թուրքիան մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան երկրների համար կարող է ծառայել որպես մոդել երկիր». սրան համակարծիք է հարցվածների 51%-ը (2012թ.` 53%-ը, 2011թ.` 61%-ը), 34%-ը համակարծիք չէ դրան, 14%-ը դժվարացել է պատասխանել: Դրան ամբողջովին կամ մասնակիորեն համաձայն են. Եգիպտոսում` 42%-ը (մեկ տարի առաջ` 67%), Հորդանանում` 66%, Լիբանանում` 49%, Պաղեստինում` 72%, Սաուդյան Արաբիայում` 65%, Սիրիայում` 21%, Իրաքում` 62%, Իրանում` 44%, Թունիսում` 74%, Ծոցի երկրներում` 58%, Եմենում` 70%, Լիբիայում` 67%:

«Թուրքիան իսլամի և ժողովրդավարության հաջող խառնուրդ է». սրան համակարծիք է 55%-ը (2012թ.` 58%-ը, 2011թ.` 67%-ը): Այս հարցում անկում է գրանցվել Սիրիայում և Եգիպտոսում: Եթե 2012թ. Եգիպտոսում այդ ցուցանիշը կազմում էր 80%, ապա 2013թ. կազմել է 49%:

«Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման մեջ Թուրքիայի միջնորդական դերն ունենալուն» կողմ է հարցվածների 61%-ը, (2012թ.` 66%-ը, 2011թ.` 75%-ը): Այս հարցում ամենաշատը Սիրիայում հարցվածները չեն աջակցում Թուրքիային` 62%-ը դեմ է: Եգիպտոսում աջակիցների թիվը 75%-ից նվազել է մինչև 53%-ի: Այս հարցում Թուրքիային ամենաշատն աջակցում են Պաղեստինում` 79%: Մյուս երկրներում աջակցության ցուցանիշը կազմում է 60% և ավելի:

Չնայած 2013թ. մարտին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «Մավի Մարմարայի» միջադեպի (2010թ.) համար ներողություն խնդրեց Թուրքիայից, այնուամենայնիվ, կողմերի միջև հարաբերությունները վերջնականապես չեն կարգավորվել` կապված նրա հետ, որ Իսրայելը դրանով իսկ կատարել է թուրքական երեք նախապայմաններից միայն մեկը: Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ միջադեպի հետևանքով զոհվածների ընտանիքներին և տուժածներին փոխհատուցելու չափի շուրջ: Բացի այդ, Իսրայելը դեռ չի վերացրել Գազայի հատվածի ծովային շրջափակումը: Թուրքական երեք նախապայմաններից ամենադժվար իրագործելին հենց սա է:

«Թուրքիան պետք է ավելի մեծ դեր խաղա Մերձավոր Արևելքում». սրան համակարծիք է 60%-ը (2012թ.` 66%-ը, 2011թ.` 71%-ը): Այս հարցում մեկ տարում անկում է գրանցվել Եգիպտոսում, Սիրիայում, Ծոցի երկրներում և Լիբիայում: Եթե 2012թ. Եգիպտոսում այդ ցուցանիշը կազմել է 74%, ապա 2013թ.` 47%: Սիրիայում վերջին մեկ տարում այդ ցուցանիշը 39%-ից նվազել է 33%-ի: Ծոցի երկրներում գրանցվել է ավելի փոքր անկում, իսկ Լիբիայում 75%-ից նվազել է 62%-ի:

Բնականաբար, Թուրքիայի հետ բարդ հարաբերությունների մեջ գտնվող Եգիպտոսը և Սիրիան չեն կարծում, որ Թուրքիան պետք է ավելի մեծ դեր խաղա Մերձավոր Արևելքում: Դա կարելի է ասել նաև Իրաքի մասին, որի վարչապետ Նուրի ալ-Մալիքին քանիցս հայտարարել է, թե Թուրքիան միջամտում է հարևան երկրների ներքին գործերին, ինչն էլ նրան հարևան երկրների համար վերածում է թշնամական երկրի: Ինչ վերաբերում է Իրանին, ապա այն Թուրքիայի հետ շարունակ պայքարում է տարածաշրջանում և իսլամական աշխարհում առաջատար դեր ստանձնելու համար:

Թուրքիայում ժողովրդավարական վարչակարգի բացակայության հարցում առաջատարը Սիրիայում և Լիբանանում հարցվածներն են: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը 2013թ. կողմ է արտահայտվել հարցվածների 43%-ը, 2012թ.` 39%-ը, 2011թ.` 51%-ը: Այս հարցում ամենաբացասաբարը տրամադրված է Սիրիան` 46% (աջակիցների թիվը կազմել է 26%), որն, ի դեպ, Թուրքիայի անդամության դեպքում կսահմանակցի ԵՄ-ի հետ: Իրանում և Եգիպտոսում գրանցվել է ցածր ցուցանիշ` 36-ական %: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանն ամենաշատն աջակցում են Լիբիայում` 62%, Թունիսում և Պաղեստինում` 60-ական %: Ի դեպ, ներկայումս Թուրքիան իրեն առաջարկում է որպես երկու քաղաքակրթությունների՝ Արևմուտքի ու Արևելքի հաշտարար:

Թուրք-քրդական հաշտեցման (PKK) գործընթացի մասին իրազեկվածությունն ունի հետևյալ տեսքը (Տե՛ս Աղյուսակ 6, %):

Տարածաշրջանային մասշտաբով այդ գործընթացի մասին իրազեկված լինելու աստիճանը կազմում է 31%: Ինչպես երևաց, ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Սիրիայում, ապա գալիս են Իրաքն ու Հորդանանը: Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Իրանում, որտեղ գործում է PKK իրանական թևը` PJAK-ը.

Ստացվում է, որ տարածաշրջանի մասշտաբով իրազեկվածների 85%-ն աջակցում է թուրք-քրդական հաշտեցման գործընթացին: Ուշագրավ է, որ թուրք-քրդական հաշտեցման գործընթացին ամենաքիչն աջակցում են այն երկրները, որոնք ունեն քրդական ստվար բնակչություն: Խոսքն Իրանի, Սիրիայի (որտեղ գործում է PKK սիրիական թևը` PYD-ը) և Իրաքի (որտեղ բազավորված են PKK ճամբարները) մասին է որոնք քանիցս քրդերին օգտագործել են որպես հարևան երկրի վրա ազդեցության ու ճնշման լծակ:

Տարածաշրջանում Թուրքիայի հետ մրցակցող Իրանը շահագրգռված է թուրք-քրդական հաշտեցման գործընթացի տապալմամբ, քանի որ դա կարձակի Թուրքիայի (որոշակիորեն կաշկանդված) ձեռքերը: 2013թ. ապրիլի կեսին թուրքական «Զաման» թերթը գրել էր, որ Թուրքիայի հետ հաշտվելու դեպքում PKK թիրախում կհայտնվի Իրանը, և որ Իրանում կհայտնվի «թարմ արյուն»՝ PKK հարյուրավոր զինված և փորձառու զինյալները, ինչի համար էլ Թուրքիայի տարածքից PKK զինյալների դուրս գալու հավանականությունը չի կարող չանհանգստացնել Իրանին, ինչպես նաև Սիրիային:

Թուրքիայից Բենիամին Նեթանյահուի ներողություն խնդրելուն բավականաչափ դրականորեն մոտեցող հարցվածների տվյալներն ունեն հետևյալ տեսքը (Տե՛ս Աղյուսակ 8, %).

Հարցվածների 47%-ը կարծում է, որ այդ ներողությունը դրականորեն կազդի Մերձավոր Արևելքում Թուրքիայի դերակատարության վրա, 25%-ը հակառակ կարծիքին է, իսկ 16%-ը դժվարացել է պատասխանել: Սիրիայում հարցվածների 46%-ը կարծում է, որ դա բացասաբար կանդրադառնա Մերձավոր Արևելքում Թուրքիայի դերակատարության վրա, 28%-ը հակառակ կարծիքին է: Իրանում գրանցվել է ամենացածր ցուցանիշը. հարցվածների միայն 35%-ն է կարծում, որ Թուրքիայի համար դրական կլինի այդ ներողությունը, 16%-ը հակառակ կարծիքին է, իսկ 30%-ը դժվարացել է պատասխանել: Ամենաշատը դրականորեն են տրամադրված Իրաքում և Պաղեստինում` 76% և 62%:

Այստեղ պետք է մեջբերել «Գեզի» այգու համար բողոքի ակցիաների (նաև ներկայիս կոռուպցիոն սկանդալի) ժամանակ Ռ.Էրդողանի արած այն հայտարարությունը, որ այդ ամենը կազմակերպել են Թուրքիայի հզորացումը չցանկացող արտաքին ուժերը: Չնայած Ռ.Էրդողանը չէր նշել կոնկրետ երկրի անուն` թուրքական մամուլը նրա հնչեցրած մեղադրանքն առաջին հերթին հասցեագրեց ԱՄՆ-ին: Բնականաբար, առանց կոնկրետ փաստեր ունենալու, անհնար է պնդել, որ «Գեզի» այգու համար բողոքի ակցիաները (ավելի ճիշտ` դրանց զարգացումը) կազմակերպել են արտաքին ուժերը (ԱՄՆ), սակայն այս հարցում աչքի է զարնում ժամանակային գործոնը. «Գեզի» այգու համար բողոքի ակցիաները Թուրքիայում մեկնարկեցին 2013թ. մայիսի 28-ին, որին նախորդեց երկու խոշոր և ուշագրավ իրադարձություն, որոնց հարկ է անդրադառնալ:

Առաջին իրադարձությունը գրանցվեց 2013թ. մարտի 22-ին, երբ Բենիամին Նեթանյահուն զանգահարեց Ռ.Էրդողանին և ներողություն խնդրեց «Մավի Մարմարայի» միջադեպի համար: Ռ.Էրդողանն այդ միջադեպի համար Իսրայելին անվանել էր «ծովահեն»` գտնելով, որ այդ երկիրը Միջերկրական ծովում «զբաղվում է ծովահենությամբ», իսկ Ահմեթ Դավութօղուն այդ միջադեպը որակել էր որպես «թուրքական սեպտեմբերի 11»` ուշադրություն հրավիրելով այն բանի վրա, որ իր երկրի քաղաքացիները սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից:

Դրանից հետո թուրքական կողմը հարաբերությունների կարգավորման համար Իսրայելին ներկայացրեց վերոնշյալ երեք նախապայմանները: Սակայն Իսրայելը գրեթե երեք տարի Թուրքիային պատասխանում էր մերժմամբ. իսրայելական կողմը հայտարարել էր, որ «Մավի Մարմարայի» համար ներողություն խնդրելը կնշանակի հանձնվել ահաբեկչությանը: Իսկ 2011թ. օգոստոսի կեսին Իսրայելի փոխվարչապետ Մոշե Յաալոնը հայտարարել էր. «Ազգային արժանապատվությունն ունի ռազմավարական նշանակություն։ Դա այն է, ինչն անհնար է փողով գնել։ Եթե մենք ներողություն խնդրենք, ապա դրանից հետո Էրդողանը կդառնա Կենտրոնական Արևելքի առաջնորդը։ Անգամ եթե մենք ներողություն խնդրենք, ապա նա հանգիստ չի թողնի Իսրայելին»: Եվ ահա այս ամենից հետո` նախորդ տարվա գարնանը, Իսրայելը ներողություն խնդրեց «Մավի Մարմարայի» միջադեպի համար, ինչը, բնականաբար, տարածաշրջանում և ընդհանրապես բարձրացրեց Թուրքիայի (Էրդողանի) հեղինակությունը:

Երկրորդ իրադարձությունն առնչվում է թուրք-քրդական հաշտեցման գործընթացին: 2013թ. մայիսի 8-ին («Գեզիի» դեպքերի սկսվելուց օրեր առաջ) Թուրքիայում մեկնարկեց PKK զինյալների կողմից Թուրքիան լքելու գործընթացը: Հարկ է ընդգծել, որ Թուրքիայում դա աննախադեպ իրադարձություն էր վերջին 14 տարվա համար: Վերջին անգամ PKK-ականները Թուրքիան լքել էին 1999թ., երբ կալանքի տակ էր վերցվել PKK հիմնադիր և առաջնորդ Աբդուլա Օջալանը: 2013թ. փետրվարին MIT ղեկավարի նախկին տեղակալ Ջևաթ Օնեշը, մեկնաբանելով PKK խնդրի հնարավոր լուծումը, հայտարարել էր. «Քրդական հարցի լուծման դեպքում Թուրքիան խոշոր ոստյուն կգործի տարածաշրջանում: Ապա կարող է օրակարգ բերվել սահմանի ու քարտեզի փոփոխության հարցը, կամ էլ կվերաձևավորվի տարածաշրջանը»:

Ելնելով այս ամենից` թվում էր, թե Իսրայելին ու PKK-ին թեկուզև որոշակիորեն ծնկի բերելուց հետո վրա է հասել Ռ.Էրդողանի աստեղային ժամը, որը կարող էր գնալ անկանխատեսելի քայլերի, որոնք կհակասեին տարածաշրջանում ԱՄՆ շահերին: Այդօրինակ քայլերի թվում կարելի է նշել Իրանի (էներգետիկ և առևտրային) ու Չինաստանի (ռազմական) հետ հարաբերություններն էլ ավելի զարգացնելը, Իսրայելի հետ հարաբերություններն ավելի վատթարացնելը, Սիրիայի հանդեպ սահմանային սադրանքների շարունակումը (որոնք միտված են ամեն գնով ՆԱՏՕ-ին Սիրիական հակամարտության մեջ ներքաշելուն` հենվելով նրա կանոնադրության 5-րդ հոդվածի վրա, ըստ որի՝ ՆԱՏՕ անդամ մեկ կամ մի քանի երկրի դեմ հարձակումը դիտվում է որպես հարձակում ողջ ՆԱՏՕ-ի դեմ), Էրբիլի հետ էներգետիկ ոլորտի համագործակցությունում Բաղդադին վերստին անտեսելը, ինչին դեմ է ԱՄՆ-ը, քանի որ կարծում է, թե դա ստեղծում է Իրաքի մասնատման սպառնալիք (2012թ. դեկտեմբերին ԱՄՆ-ը թույլ չտվեց, որ նավթագազային համաձայնագրեր ստորագրելու նպատակով Հյուսիսային Իրաք մեկնող Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի ինքնաթիռը հասնի Էրբիլ): Եվ վերջապես, Թուրքիայում ցայժմ հրաժեշտ չեն տվել Մոսուլն ու Քիրքուքը վերադարձնելու մտքին (2013թ. հոկտեմբերի վերջին դրա հնարավորության մասին հայտարարեց Թուրքիայի պատմագիտական ընկերության (TTK) նախագահ Մեթին Հյուլագյուն):

Սակայն ծագեցին «Գեզի» այգու դեպքերը, որոնք Ռ.Էրդողանի ուշադրությունն արտաքին քաղաքական դաշտից տեղափոխեցին ներքաղաքական դաշտ և, թերևս, նրան «երկնքից իջեցրին երկիր»` ցույց տալով իր իրական տեղը: Վերջին շրջանում Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալը նույնպես զգալիորեն ծառայում է այդ նպատակին (կոնկրետ Ռ.Էրդողանի դիրքերի թուլացմանը): Թուրքական մամուլի պնդմամբ` այդ սկանդալի հետևում կանգնած է ԱՄՆ-ում բնակվող, իսլամի մասին ավելի քան 50 գրքերի և հոդվածների հեղինակ Ֆեթհուլա Գյուլենը, որի հիմնած (Գյուլենական) շարժումը համարվում է Թուրքիայում գործող «խորքային» կամ «զուգահեռ» պետություններից մեկը (պետություն պետության մեջ):

1 http://www.tesev.org.tr, Ortadoğu'da Türkiye Algısı 2013.

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 3, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր