• am
  • ru
  • en
Версия для печати
03.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՒՄ

Руский

   

Լիլիթ Հակոբյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ

Այսօր Հայաստանում տեղի են ունենում հետազոտման արժանի տարաբնույթ սոցիալական և մշակութային փոփոխություններ, որոնք ուղեկցվում են արժեքային առանձնահատկությունների վերաբերյալ ակտիվ քննարկումներով: Հաճախ քննարկման առարկա է դառնում այն, թե ինչ արժեքներ ունենք, այդ արժեքներից որոնք են ակտուալ, որոնք՝ ժամանակավրեպ: Արժեքներն անձի կառուցվածքի բաղադրիչներ են, որոնք հանդես են գալիս որպես ինքն իրեն և աշխարհն ընկալելու պրիզմա, գնահատման չափանիշներ, վարքի հարաբերականորեն կայուն կողմնորոշիչներ: Արժեքներն իրականացնում են նպատակների և դրդապատճառների ձևավորման գործառույթներ, պայմանավորում վարքի որոշակի տիպի նախընտրելիությունը` ապահովելով իրականության նկատմամբ ընտրական վերաբերմունք: Անձնային արժեքները դրսևորվում են անձի արժեքային կողմնորոշումների մեջ, վերջիններս սերում են հասարակական, ազգային, մշակութային արժեքներից: Յուրաքանչյուր ժամանակաշրջան բնութագրվում է արժեքների բնորոշ հավաքակազմով, որն ապահովում է հանրության կենսագործունեության կարգը:

Արժեքների կարևորությանն անդրադառնում են մի շարք համաշխարհային հետազոտություններ: Դրանցից մեկն է Համաշխարհային արժեքային հետազոտությունը (World Value Survey)1, որը սոցիալ-մշակութային և քաղաքական չափումների ընդհանրացված համակարգ է։ Այն իրականացնում է հետազոտություններ տարբեր երկրներում անհատական հարցազրույցների մեթոդով: WVS-ն համագործակցում է EVS-ի (European Values Study) հետ` նպատակ ունենալով ընդգրկել հնարավորինս լայն աշխարհագրական տիրույթ: Հետազոտությունները կատարվում են նույն գործիքաշարով, ինչը հնարավորություն է տալիս համեմատական վերլուծություններ կատարել։ Այս հետազոտությունները ցույց են տալիս համաշխարհային փոփոխությունները` պարզելով, թե ինչ են ուզում մարդիկ կյանքում և ինչին են հավատում։ WVS-ն իրականացվել է 1981-2014թթ.` ներառելով 6 հետազոտական ալիք (1. 1981-1984թթ., 2. 1990-1994թթ., 3. 1995-1998թթ., 4. 1999-2004թթ., 5. 2005-2009թթ., 6. 2010-2014թթ.), ևս 4 ալիք՝ EVS շրջանակներում (1981, 1990, 1999, 2008թթ.)։ Հետազոտություններ իրականացվել են շուրջ 100 երկրում։ Հետազոտությունը ներառում է հետևյալ ոլորտները.

Անհատական կյանք (ինքնազգացողություն, երջանկության զգացում, բավարարվածություն կյանքից, լոկուս վերահսկողություն)

Ընտանիք (ամուսնություն, երեխաներ, սեր, կնոջ դերն ընտանիքում, արժեքների փոխանցում)

Աշխատանք (կարևորությունը, որակը, բավարարվածությունն աշխատանքից)

Կրոն (հաճախումը եկեղեցի, վստահությունը եկեղեցուն, Աստծո կարևորությունը)

Քաղաքականություն (հետաքրքրությունը քաղաքականությամբ, քաղաքական ակցիաներին մասնակցելու պատրաստակամությունը, ընդդիմադիր-իշխանական ուժերին հարելը, ժողովրդավարության պաշտպանումը)

Հասարակություն (սոցիալական ցանցեր, վստահություն, համերաշխություն, հանդուրժողականություն)։

Հայաստանը WVS-ին մասնակցել է 1997 և 2010թթ., ինչպես նաև 2008թ. EVS հետազոտությանը։ WVS կայքում 2014թ. մայիսի 5-ից ներկայացվել են 2010-2014թթ. հետազոտական ալիքի արդյունքները2։ Արժեքների համաշխարհային հետազոտությունն ամենամասշտաբայիններից մեկն է, որը ղեկավարում է ամերիկացի քաղաքագետ Ռ.Ինգլհարթը: Արժեքների ուսումնասիրության կարևորությունն Ինգլհարթը տեսնում է մոտիվացիայի բարձրացման հնարավորության մեջ3։ Ըստ Ռ.Ինգլհարթի, հասարակությունները կարելի է համեմատել հետևյալ չափումներով.

1. ավանդական և աշխարհիկ-ռացիոնալ արժեքներ,

2. գոյապահպանման և ինքնարտահայտման արժեքներ (տե՛ս Պատկեր 1

Ինչպես երևում է Պատկեր 1-ից, Հայաստանն աշխարհիկ-ավանդական արժեքների առանցքում զբաղեցնում է միջանկյալ դիրք, իսկ գոյապահպանում-ինքնարտահայտում արժեքների առանցքի վրա առավել մոտ է գոյապահպանման բևեռին՝ նույն տարածքում գտնվելով խորհրդային երկրների և կաթոլիկ Եվրոպայի երկրների հետ: Տարածաշրջանային երկրներից Հայաստանի հետ նույն արժեքային տիրույթում են գտնվում Վրաստանը, Ադրբեջանը: Շ.Շվարցի բազային արժեքների միջմշակութային հետազոտության արդյունքները ևս վկայում են Հայաստանի և Վրաստանի արժեքային նմանությունների մասին, ինչին անդրադարձել ենք «Հայաստանի արժեքային կողմնորոշումները միջմշակութային ուսումնասիրությունների համատեքստում» հոդվածում4։

Գոյապահպանման արժեքների կարևորումը, ըստ գիտնականի, բխում է սոցիալական ծանր պայմաններից: Ինգլհարթը գոյապահպանման բևեռին մոտ հասարակություններին բնորոշ է համարում նաև կասկածամտությունը, ինչի հիմքում ընկած է անվտանգության զգացման պակասը: Երբ հասարակությունն անցում է կատարում տնտեսական զարգացածության այլ փուլ՝ դառնալով տնտեսապես ավելի կայուն (փողի անհրաժեշտությունը մնում է, բայց դրա դերը նվազում է), մարդկանց սկսում են հետաքրքրել այլ արժեքներ ևս, օրինակ՝ իրենց հետաքրքրող գործով զբաղվելը (այս դեպքում արդեն պարտադիր չէ բարձր վարձատրվող), ազատ ընտրության հնարավորությունը, համերաշխությունը մարդկանց հետ, որոնք բնորոշ են ինքնարտահայտման բևեռին։

Ըստ 2010-2014թթ. հետազոտական ալիքի արդյունքների՝ հայ հասարակության համար առավել կարևոր են ընտանիքը, աշխատանքը և կրոնը։ Ինգլհարթն իր հարցազրույցներից մեկում նշում է, որ երբ անապահովության զգացումը մեծ է և կան գոյությանը սպառնացող ռիսկեր, բարձրանում է կրոնի դերը, քանի որ այն օգնում է մարդուն իրեն ավելի վստահ զգալ5: 1997 և 2011թթ. WVS տվյալների համեմատությունը նույնպես խոսում է այն մասին, որ տևական սոցիալական դժվարությունների արդյունքում կրոնի դերը հայ հասարակությունում մեծացել է։ Եթե 1997թ. «Որքանո՞վ է Ձեզ համար կարևոր կրոնը» հարցին հարցվողների 25%-ը պատասխանել է խիստ կարևոր է, ապա 2011թ. այն խիստ կարևոր է համարել 58%-ը (տե՛ս Պատկեր 2

Ի տարբերություն կրոնի, ընտանիքի կարևորությունը 1997 և 2010թթ. նշանակալի փոփոխություն չի կրել՝ շարունակելով մնալ գերակայող արժեքային կողմնորոշումներում (1997թ.՝ 86%, 2014թ.՝ 91%)։ Աշխատանքը ևս հարցվածների մոտ 70%-ի համար շարունակում է մնալ կարևոր (եթե 1997թ. այն կարևորում էր 67%-ը, ապա 2011թ. դրա կարևորության մասին նշել է 71%-ը)։

Նմանատիպ պատկեր է ստացվել նաև «Արժեքներ, համոզմունքներ և սոցիալական վարք. դինամիկան և յուրահատկությունը ժամանակակից հայ հասարակությունում»6 հետազոտության արդյունքներում, որտեղ հեղինակները նշում են. «...Առկա գոյապահպանման արժեքների ֆոնին, երբ ակտիվանում է անվտանգության պահանջմունքի բավարարման կարիքը, տնտեսական բարեկեցությանն ուղղված նոր վարքային ռազմավարությունները դառնում են ավելի «աշխատող»։ Տվյալները վկայում են, որ «...արժեքային կողմնորոշումներում գերակա են առաջնային խմբի հետ կապվածության և նրանց ակնկալիքներին համապատասխան նորմատիվ վարքի ցուցաբերման դրդապատճառները»։ Հետազոտության հեղինակները նշում են, որ սոցիալական վարքի վերաբերյալ համոզմունքներում շեշտադրված են անորոշությունն ու կանոնների երկակիությունը, անվստահությունը սոցիալական ինստիտուտների ու խմբերի նկատմամբ, ինչի արդյունքում ակտիվանում են նաև անվտանգության և ապահովության պահանջմունքները: Այս իրավիճակում կյանքի որակը բարելավելու յուրաքանչյուր քայլ, օրինակ՝ միգրացիան, ընդունելի ու խրախուսելի է դառնում հասարակության անդամների կողմից։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է գիտակցել, որ չնայած արժեքները դինամիկ են ու կախված են սոցիալական, տնտեսական, քաղաքական գործոններից, այնուամենայնիվ, դրանք արագ չեն փոխվում, ուստի պետք է ստեղծել համապատասխան հասարակական-գաղափարական, մշակութային միջավայր, որի շրջանակներում կխրախուսվեն «նորմատիվ վարքի» այլ ձևերը:

1 WORLD VALUES SURVEY 1981-2014 OFFICIAL AGGREGATE v.20090901, 2009. World Values Survey Association (http://www.worldvaluessurvey.org)

2 Հայաստանի կողմից 3-րդ հետազոտական ալիքի ժամանակ (1997թ.) հետազոտությունն իրականացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան (ՀՍԱ), ղեկավարել է Գևորգ Պողոսյանը, 6-րդ հետազոտական ալիքի ժամանակ (2011թ.)՝ ՀՌԿԿ-Հայաստան-ը, ղեկավարել է Հեղինե Մանասյանը։

3 Инглхарт Р., Вельцель К., «Модернизация, культурные изменения и демократия: Последовательность человеческого развития», М., Новое издательство, 2011, գիրքն ամբողջությամբ տե՛ս http://www.hse.ru/data/2012/02/24/1266136909/inglehart_welzel.pdf

4 Ա.Ժամակոչյան, Լ.Հակոբյան, «Հայաստանի արժեքային կողմնորոշումները միջմշակութային ուսումնասիրությունների համատեքստում», «Նորավանք» ԳՀԿ, «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 7, 2013թ., հոդվածն ամբողջությամբ տե՛ս http://www.noravank.am/arm/articles/security/detail.php?ELEMENT_ID=12279

5 Տե՛ս «Ի՞նչ արժեքներ են կարևոր ռուսների համար. արժեքների համաշխարհային հետազոտության արդյունքներ» հարցազրույցն ամբողջությամբ՝ http://www.echomsk.spb.ru/interviews/tsennosti-rossiyan.html#, «Էխո Պետերբուրգ» ռադիոկայան, 04.12.12։

6 «Արժեքներ, համոզմունքներ և սոցիալական վարք. դինամիկան և յուրահատկությունը ժամանակակից հայ հասարակությունում» հետազոտությունն իրականացրել է ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի հետազոտական խումբը 2011-2013թթ. ընթացքում։ Հետազոտության արդյունքներն ամփոփվել են «Մշակույթ, արժեքներ, համոզմունքներ. վարքի կողմնորոշիչները փոփոխվող հայ հասարակությունում» գրքում։ Գիրքն ամբողջությամբ տե՛ս https://docs.google.com/file/d/0B6RwRQx-ACtaenU1VnRxTXJvQms/edit?pli=1

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 6, 2014

դեպի ետ