• am
  • ru
  • en
Версия для печати
21.07.2014

ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Руский

   

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Սփյուռքը՝ որպես հայության կարևորագույն բաղկացուցիչ, անուրանալի դեր ու նշանակություն ունի հայրենի պետության՝ Հայաստանի համար, ինչի դրսևորման ձևերն ու միջոցները բազմազան են։ Հայեցակարգային առումով այն դերն ու նշանակությունը, որ խաղացել և խաղում է սփյուռքը Հայաստանի համար, կարելի է ներկայացնել ըստ քաղաքական, սոցիալ-տնտեսական և մտավոր ոլորտների։

Քաղաքական ոլորտ

Քաղաքական ոլորտում սփյուռքի նշանակությունը Հայաստանի համար արտերկրում վերջինիս շահերը պաշտպանելու և առաջ մղելու մեջ է։ Հայաստանի առջև ծառացած այնպիսի խնդիրները, ինչպիսիք են նրա ապաշրջափակումը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, արցախյան հակամարտության արդարացի կարգավորումը, տարբեր երկրների հետ երկկողմ հարաբերությունների խորացումը, Հայաստանին հատկացվող օգնությունների ծավալների մեծացումը, Ադրբեջանի հակահայ ագրեսիվության զսպումը, հակահայկական փաստաթղթերի ընդունման կանխումը և այլն, ոչ միայն արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի գործադրած ջանքերի, այլև սփյուռքի գործուն աջակցության կարիքն ունեն1։

Քաղաքական ասպարեզում Հայաստանին սփյուռքի աջակցության միջոցներն են լոբբիստական աշխատանքը, ազգությամբ հայ քաղաքական գործիչների (հատկապես նրանց, որոնք բարձր դիրքերի են հասել այլ երկրներում) հայանպաստ գործունեությունն իրենց երկրներում և քարոզչական աշխատանքը։

Մասնավորապես՝ լոբբիստական գործունեությունն արդյունավետ է այն դեպքում, երբ այն համընկնում է կամ գոնե չի հակասում տվյալ երկրի ազգային շահերին։ Ուստի, լոբբիստական գործունեության արդյունավետության ապահովման նպատակով անհրաժեշտ է շեշտը դնել այդպիսի հարցերի վրա։ Իսկ այն հարցերը, որոնք հակասության մեջ են մտնում տվյալ երկրի ազգային շահերի հետ, լոբբիստական ռեսուրսները խնայելու և անտեղի չօգտագործելու նպատակով, կարելի է ժամանակավորապես մղել երկրորդական պլան, մինչև դրանց հետապնդման համար ստեղծվեն միջազգային նպաստավոր պայմաններ։

Հետևաբար, լոբբիստական գործունեություն իրականացնելիս նպատակահարմար է, որ սփյուռքի յուրաքանչյուր հայ համայնք ցուցաբերի անհատական վարքագիծ՝ հաշվի առնելով առկա քաղաքական իրողությունները և ելնելով տվյալ երկրում հաջողության հասնելու իր հնարավորություններից։ Օրինակ՝ Հայաստանի շահերը պաշտպանելու տեսակետից կարևոր քայլ էր 1992թ. ամերիկահայ համայնքի ջանքերով ԱՄՆ կոնգրեսում Ազատության աջակցության ակտի 907 բանաձևի ընդունումը, որով արգելվում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին որոշ տեսակների ուղղակի օգնության տրամադրումը վերջինիս ագրեսիվ գործողությունների, ՀՀ-ն ու ԼՂՀ-ն շրջափակելու և այլ պատճառներով2։

Ինչ վերաբերում է օտար երկրներում և միջազգային կազմակերպություններում բարձր պաշտոններ զբաղեցնող հայ անհատներին, ապա նրանք նշանակալի դեր կարող են ունենալ մի քանի առումներով՝ Հայաստանին ցուցաբերվող օգնության, երկկողմ քաղաքական, տնտեսական, գիտական, մշակութային և այլ հարաբերությունների խորացման, Հայաստանի համար օտար երկրներում և միջազգային կառույցներում դրական մթնոլորտի ստեղծմանը նպաստելու և այլն։

Քարոզչական աշխատանքի բնագավառում սփյուռքն իր տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներով, վերլուծական պարբերականներով և այլ հրատարակություններով պետք է ապահովի Հայաստանի շահերի պաշտպանությունը տեղեկատվական դաշտում։ Սա մի կողմից ենթադրում է թուրք-ադրբեջանական հակահայ քարոզչությանը հակազդեցություն, մյուս կողմից՝ հայկական շահերի պոզիտիվ առաջմղում արտերկրի տեղեկատվական դաշտում։

Ընդհանուր առմամբ, քաղաքական առումով սփյուռքի գործունեությունը Հայաստանի համար կարևորվում է հատկապես այն երկրներում, որոնք հանդիսանում են ժամանակակից միջազգային հարաբերությունների ազդեցիկ դերակատարներ կամ ուժի կենտրոններ։ Դրանք այն երկրներն են, որոնք հզոր ռազմական և տնտեսական պոտենցիալի հաշվին կարողացել են ընդլայնել իրենց շահերի գոտիները՝ դրանք հասցնելով մեր տարածաշրջան, և այստեղ ունեն իրենց ազդեցությունն իրականացնելու հնարավորություններ (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և այլն)։

Հայ համայնքներն ամենաստվարաթիվն ու ամենակազմակերպվածն են այս երկրներից շատերում։ Ռուսաստանում հայերի թիվը հասնում է մոտ 2.5 մլն-ի, ԱՄՆ-ում՝ 1.2 մլն-ի, Ֆրանսիայում՝ մոտ 450 հազարի։ Իսկ եթե Եվրոպական միությունը դիտարկենք որպես մեկ միասնական ուժի կենտրոն, ապա հայերի թիվն այստեղ էլ ավելի է մեծանում։ Չինաստանում նույնպես առկա է թեև փոքրաթիվ, սակայն լավ կազմակերպված հայ համայնք3։ Այն նույնպես պետք է լծվի ակտիվ աշխատանքի, քանի որ «ի դեմս Չինաստանի այսօր մենք գործ ունենք միջազգային ասպարեզում ամրապնդվող այնպիսի գերտերության հետ, որի քաղաքական և տնտեսական շահերը համագործակցության հնարավորություն են ստեղծում ինչպես մեր (Հայաստանի- Վ.Հ.) ասիական քաղաքականության շրջանակներում, այնպես էլ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող միջազգային խնդիրների կարգավորման ուղղությամբ»4։

Բացի համաշխարհային ուժի կենտրոններից, հայկական համայնքների հայաստանանպաստ առաքելությունը կարևոր է նաև մեր տարածաշրջանի ուժի կենտրոններում (Իրան, Սիրիա, Իսրայել և այլն), ինչպես նաև Հայաստանին հարևան երկրներում (Վրաստան)։ Հաշվի առնելով, որ Թուրքիայի (Կ.Պոլսի) հայ համայնքն ավելի շատ պատանդի դերում է թուրքական պետության ձեռքում, որոշ վերապահումներով հանդերձ վերջինս դուրս ենք թողնում տարածաշրջանային այն տերությունների շարքից, որտեղ հայ համայնքն ի զորու է իրականացնել հայանպաստ առաքելություն։

Սփյուռքի հայաստանանպաստ գործունեության օրինակ է ԱՄՆ հայ համայնքի գործունեությունը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համար։ Հաշվի առնելով, որ դեռևս քաղաքական և այլ առումներով չի հասունացել ԱՄՆ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման ժամանակը, հայ համայնքը գնում է ԱՄՆ առանձին նահանգների կամ քաղաքների մակարդակով Արցախի անկախության ճանաչման համար պայքարի ճանապարհով5։ ԱՄՆ հինգ նահանգ արդեն ճանաչել է Արցախի անկախությունը։ Վերջինը Կալիֆորնիայի նահանգն էր, որը դա արեց 2014թ. մայիսին։

Սոցիալ-տնտեսական ոլորտ

Սոցիալ-տնտեսական ոլորտում սփյուռքի նշանակությունը Հայաստանի համար վերջինիս տնտեսական վերելքին, հետևաբար՝ նաև սոցիալական հարցերի լուծմանը նպաստելու մեջ է։ Այս նպատակների իրականացման համար գոյություն ունի երկու ճանապարհ՝ բարեգործություն և ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ։ Եթե անկախության առաջին տարիներին պատերազմի, շրջափակման, երկրաշարժի, խորհրդային տնտեսական համակարգի փլուզման հետևանքով խոր սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված Հայաստանին ցուցաբերվող օգնության՝ հիմնականում բարեգործական բնույթը տրամաբանական էր, ապա հետագայում շեշտը պետք է դրվի արդեն զարգացման ծրագրերի վրա։

Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը սփյուռքը կարող է մասնակցել երկու մակարդակով՝ անհատական և ինստիտուցիոնալ։ Անհատական մակարդակում սփյուռքահայ գործարարների ներդրումներն են Հայաստանի տնտեսության մեջ, որի արդյունքում շահում են և՛ երկիրը, որի տնտեսությունը զարգանում է, և՛ տվյալ գործարարը, որի բիզնեսը ծաղկում է։

Ինստիտուցիոնալ մակարդակով սփյուռքի ներդրումը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործին կայանում է սփյուռքի կառույցների (ՀԲԸՄ և այլն) կողմից տարատեսակ ծրագրերի իրականացման մեջ։ Այդ ծրագրերը կարող են լինել բարեգործություններ, ներդրումներ տնտեսության մեջ, ներդրումներ Հայաստանի տնտեսական ենթակառուցվածքների (ճանապարհներ, էլեկտրակայաններ, երկաթուղիներ, ջրամբարներ և այլն) զարգացման գործում։

Մտավոր ոլորտ

Պակաս կարևոր չէ նաև սփյուռքի նշանակությունը մտավոր ոլորտում։ Խնդիրն այստեղ սփյուռքի մտավոր ներուժը Հայաստանի շահերին համադասելն է։

Հայաստանը միշտ էլ վարել է սփյուռքի մտավոր ներուժը համազգային շահերին համադասելու քաղաքականություն։ Այդպիսի քաղաքականության իրականացման ձևերից է սփյուռքի տարբեր մասնագիտական ոլորտների ներկայացուցիչների (ճարտարապետներ, բժիշկներ, իրավաբաններ, դիվանագետներ և այլն) հայրենադարձությունը և նրանց ներգրավումը տարբեր ոլորտների աշխատանքներին։ Դեռևս 1920-ական թթ. սկզբներին այդպիսի քաղաքականության արդյունքում մեծ թվով մտավորականներ վերադարձան Հայաստան և լծվեցին Հայրենիքի զարգացման գործին։ 1991թ. Հայաստանի անկախացումից հետո նման քաղաքականության առկայությունը ցույց տալու համար բավական է նշել, որ ՀՀ 5 արտաքին գործերի նախարարներից երկուսը (Րաֆֆի Հովհաննիսյան՝ 1991-92թթ. և Վարդան Օսկանյան՝ 1998-2008թթ.) սփյուռքից էին։

Սփյուռքի մտավոր ներուժն ունի անհատական և ինստիտուցիոնալ մակարդակներ։ Անհատական մակարդակը կազմում են արտերկրի գիտական կառույցների գործունեության մեջ ընդգրկված անհատ սփյուռքահայերը։ Իսկ ինստիտուցիոնալ մակարդակում գտնվում են սփյուռքի գիտական կառույցները (հայագիտական կենտրոններ և այլն)։

Հատուկ անդրադարձ կատարենք հասարակական-քաղաքական ոլորտում սփյուռքի գիտական ներուժը կազմող ընդհանրության՝ սփյուռքի գիտա-փորձագիտական հանրության վրա։ Այսօր արտերկրում առկա է հայկական զգալի գիտավերլուծական ներուժ, որն արդյունավետ օգտագործվելու պարագայում կարող է էական օգուտ բերել ինչպես Հայաստանին, այնպես էլ ողջ հայությանը6։

Սփյուռքի գիտա-փորձագիտական հանրության ներուժը հասարակական-քաղաքական թեմատիկայի բոլոր բնագավառներում էլ օգտակար է Հայաստանի համար։ Այնուամենայնիվ, այդպիսիների շարքում կարելի է առանձնացնել Հայաստանի զարգացման ծրագրերի և դրանց հիման վրա՝ զարգացման ռազմավարության մշակումը, քանի որ ներկայումս մեր երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է նրա զարգացման ապահովումը։ Խոսքը վերաբերում է թե՛ տնտեսական, թե՛ ենթակառուցվածքների (էներգետիկ համակարգ, հաղորդակցության համակարգ և այլն), թե՛ ժողովրդագրական, թե՛ գիտության, թե՛ ռազմական (բանակի հզորացում) և թե՛ այլ ոլորտների զարգացմանը։

Ավելորդ չէ հիշատակել, որ գիտավերլուծական կառույցների խնդիրը ոչ միայն հետազոտական և վերլուծական գործունեությամբ զբաղվելն է, համապատասխան կանխատեսումներով և խորհրդատվությամբ հանդես գալը, այլև տարատեսակ բարեփոխումների փաթեթների, զարգացման ծրագրերի, ռազմավարությունների և անգամ օրենքի նախագծերի մշակումը։ Այս հանգամանքը գիտակցվել է նաև ՀՀ իշխանությունների կողմից։ ՀՀ նախագահի՝ դեռևս 1993թ. մարտի 9-ի հրամանագրով ԳԱԱ-ին վերապահվում էր հետևյալ կարևոր դերը. «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան հանրապետության իշխանությունների պաշտոնական գիտական խորհրդատուն է, որի կողմից ներկայացված երաշխավորություններն ու առաջարկությունները ենթակա են պարտադիր քննարկման պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից»7։ Կամ խոսելով ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի դերի մասին՝ նրա նախկին տնօրեն Ն.Հովհաննիսյանը հայ արևելագիտությունը համարում է մեր երկրի համար ստրատեգիական և կիրառական նշանակություն ունեցող գիտություն, «որի արդյունքները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի երրորդ Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և ազգային անվտանգության հայեցակարգի մշակման տեսանկյունից»8։ Խոսելով ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արևելյան Ասիայի բաժնի մասին՝ նույն հեղինակը գրում է. «Բաժնի պարտականությունների մեջ է մտնում նաև ՀՀ կառավարության, արտաքին գործերի նախարարության և պետական այլ մարմինների համար վերլուծական համապատասխան նյութերի, առաջարկությունների և հանձնարարականների պատրաստումը»9։

Նշվածը վերաբերում է նաև «ուղեղային կենտրոններին» և փորձագիտական հանրությանը, որոնք, լինելով միջնորդավորող օղակ «գիտություն-պետություն» հարաբերություններում, իրենց գործունեության մեջ ավելի մեծ տեղ են տալիս կիրառական հետազոտություններին։

Սփյուռքի գիտավերլուծական հանրության ներգրավումը Հայաստանի զարգացման ծրագրերի և ռազմավարության մշակման գործում նպատակահարմար է հետևյալ առումներով.

• Լինելով տարբեր երկրների (Ֆրանսիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Ռուսաստան, Իսրայել և այլն) քաղաքացիներ՝ նրանք որոշակիորեն տիրապետում են իրենց կեցության երկրների զարգացման փորձին, ինչը կարող է ուսանելի լինել Հայաստանի համար։ Այս տեսակետից կարևոր է հատկապես Հայաստանի հետ համեմատելի (տարածքային, բնակչության թվաքանակի, քաղաքական միջավայրի, աշխարհագրական դիրքի և այլ առումներով) երկրների, օրինակ՝ Իսրայելի փորձը։

• Լինելով Սփյուռքի ներկայացուցիչներ՝ նրանք, թերևս, ավելի լավ են պատկերացնում իրենց համայնքների կարողությունները Հայաստանի զարգացմանը նպաստելու գործում։ Այս հանգամանքը նույնպես կարևոր է այն առումով, որ Սփյուռքի հնարավորությունների ներգրավումն էական նշանակություն ունի Հայաստանի զարգացման գործում։

Ամփոփելով՝ նշենք, որ քաղաքական ոլորտում սփյուռքի առաքելությունը Հայաստանի համար կայանում է արտերկրում նրա շահերը պաշտպանելու և առաջ մղելու մեջ։ Դրա համար կա երեք միջոց՝ լոբբիստական աշխատանք, օտար երկրներում և միջազգային կառույցներում բարձր դիրքերի հասած հայ անհատների հայանպաստ գործունեություն և քարոզչություն։ Սոցիալ-տնտեսական ոլորտում սփյուռքի դերը Հայաստանի համար կայանում է վերջինիս տնտեսական բարգավաճմանը և սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելու մեջ։ Այդ նպատակի իրականացման միջոցներն անհատական և ինստիտուցիոնալ մակարդակով իրականացվող ներդրումներն են Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաև բարեգործությունները։ Մտավոր ոլորտում սփյուռքի դերը Հայաստանի համար կայանում է անհատական և ինստիտուցիոնալ մակարդակներով իր մասնագիտական ներուժը համազգային խնդիրների լուծմանը համադասելու մեջ, որտեղ կարևոր տեղ ունի Հայաստանի զարգացման ծրագրերի մշակումը։

1 Մենք այստեղ չենք անդրադառնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Հայ դատի խնդիրներին, քանի որ դրանք սփյուռքի օրակարգի առանձին ուղղություն են։

2 2001թ. այդ բանաձևը կասեցվեց։

3 Սահակյան Մ., Չինաստանի հայկական համայնքը մեր օրերում, «Գլոբուս» վերլուծական հանդես, 2014, թիվ 5, էջ 48-52։

4 Սաֆարյան Մ., Հայ-չինական հարաբերությունները նոր պատմական իրողությունների ներքո, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ (XXII), Եր., Զանգակ-97, 2003, էջ 136։

5 Գրեթե նույն մարտավարությունն է որդեգրված նաև ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, այն տարբերությամբ, որ եթե Արցախի անկախության համար պայքարը հիմնականում տարվում է ԱՄՆ առանձին նահանգների և քաղաքների մակարդակով, ապա ցեղասպանության ճանաչման հարցում նահանգային և քաղաքային մակարդակներով պայքարը զուգորդվում է համապետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարի հետ։

6 Հարությունյան Գ., Սիմավորյան Ա., Հովյան Վ., Ղանալանյան Տ., Սփյուռքի գիտավերլուծական հանրությունը. կազմակերպչական խնդիրներ և համագործակցության հեռանկարներ, Եր., 2013։

7 Տեր-Պետրոսյան Լ., Ընտրանի։ Ելույթներ, հոդվածներ, հարցազրույցներ, Եր., Հայաստանի Հանրապետության Առաջին Նախագահի արխիվ, 2006, էջ 414։

8 Հովհաննիսյան Ն., Բոսֆորից մինչև Խաղաղ օվկիանոս. մտորումներ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի 35-ամյակի առթիվ, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ (XXV), Եր., Զանգակ-97, 2006, էջ 18։

9 Նույն տեղում, էջ 20։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 6, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր