• am
  • ru
  • en
Версия для печати
16.04.2015

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ

   

(Գիտաժողովի ամփոփում)

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո 2015թ. ապրիլի 7-ին Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ «Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունը Հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով։ Այն կազմակերպել էին ՀՀ Սփյուռքի նախարարությունը և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը՝ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության, Հայ Կաթողիկե եկեղեցու, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի գրասենյակի և «Նորավանք» ԳԿՀ աջակցությամբ։

Գիտաժողովը սկսվեց ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի բացման խոսքով, որից հետո հնչեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի օրհնության ուղերձները։ Ողջույնի խոսքով հանդես եկան Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ, հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ, վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանը և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Բացի հայաստանյան ներկայացուցիչներից, գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ նաև Սփյուռքից։ Վերջիններիս աշխարհագրական ներկայացուցչականությունն ուներ հետևյալ պատկերը.

1. ԱՄՆ, Լոս Անջելես, ի դեմս Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար Վահրամ Շեմմասյանի,

2. Իրան, Սպահան, ի դեմս Սպահանի Հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանի,

3. Սիրիա, Դամասկոս, ի դեմս Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի,

4. Լիբանան, Բեյրութ, ի դեմս Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանի։

Գիտաժողովի մասնակիցները ներկայացնում էին ինչպես եկեղեցական կառույցները, այնպես էլ աշխարհիկ գիտակրթական հաստատությունները։ Եկեղեցական կառույցները ներկայացնում էին Հայ Առաքելական եկեղեցու երեք հոգևորականներ՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը և Սպահանի Հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը։

Աշխարհիկ գիտակրթական հաստատությունները ներկայացնում էին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Աննա Մարմարյանը, «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ Վահրամ Հովյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի գիտաշխատող Վարդի Քեշիշյանը, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Գոհար Խանումյանը, Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար Վահրամ Շեմմասյանը և Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը1։

Ինչ վերաբերում է զեկուցողների դավանանքային կազմին, ապա նրանց հիմնական մասը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ էին։ Հայ Ավետարանական եկեղեցին գիտաժողովում ներկայացնում էին Վահրամ Շեմմասյանը և Փոլ Հայդոստյանը։

Գիտաժողովի ժամանակ հնչեց տասը զեկույց, որոնք ընդհանուր խորագրի շրջանակում անդրադառնում էին տարբեր թեմաների (տե՛ս Հավելվածը)։ Դրանք ներկայացնում էին Հայոց ցեղասպանության տարիներին հայ հոգևորականության խաղացած դերը։ Ընդհանուր առմամբ, գիտաժողովի ժամանակ հնչած ելույթները բովանդակային առումով վերաբերում էին երեք հիմնական խնդրի.

1.Եկեղեցական կառույցների գործունեությունը։ Այս խնդրին նվիրված էր 3 զեկույց։ Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն անդրադարձավ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ծավալած դիվանագիտական գործունեությանը 1914-1918թթ.՝ հայ ժողովրդի գլխին կախված վերահաս աղետը կանխելու և դրա հետևանքները մեղմացնելու նպատակով։ Տեր Ասողիկն այս համատեքստում մասնավորապես ներկայացրեց Մայր աթոռի նամակագրական կապերը Ռուսաստանի և Գերմանիայի կայսրերի հետ։

Հայոց ցեղասպանության տարիներին Հալեպի առաջնորդարանի մարդասիրական միջամտությունն իր զեկույցում ներկայացրեց դոկտոր Վահրամ Շեմմասյանը։ Իսկ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Գոհար Խանումյանն իր զեկույցում ներկայացրեց Ազգային խնամատարության որբահավաք գործունեությունը։

Ընդհանուր առմամբ, զեկույցներում անցնում էր այն միտքը, որ Հայոց ցեղասպանության տարիներին Հայ եկեղեցին մեծ ճիգեր է գործադրել իր ժողովրդին օգտակար լինելու և վերահաս աղետից փրկելու գործում։ Այդ ճիգերը գործադրվել են ինչպես դիվանագիտական ճակատում, այնպես էլ սոցիալական աջակցության բնագավառում (որբահավաք առաքելություն, աջակցություն աղետյալներին և այլն)։

2. Հայ հոգևորականների գործունեությունը։ Հիշյալ խնդրին նվիրված էր 6 զեկույց։ Վերջիններս անդրադառնում էին ինչպես առանձին հայ հոգևորականների, այնպես էլ խմբային և հավաքական առումով վերցրած՝ հայ հոգևորականության ծավալած գործունեությանը։ Այս համատեքստում Սպահանի Հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց ընդհանուր առմամբ վերցրած՝ հայ հոգևորականության տուրքը Ցեղասպանության տարիներին։ Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը խոսեց Սիրիայի հայ հոգևորականության առաքելության, իսկ Կալիֆորնիայի Նորթրիջ նահանգային համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար, դոկտոր Վահրամ Շեմմասյանը՝ Ցեղասպանության տարիներին Սիրիա տարագրված հայերի փրկության գործում հայ ավետարանական հոգևորականների դերի մասին։

Ինչ վերաբերում է անհատ հայ հոգևորականների գործունեությանը, ապա Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց վերապատվելի Ենովք Հատիտյանի՝ 1920-1940թթ. ծավալած անխոնջ գործունեությունը լիբանանահայության կազմակերպման գործում։ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Աննա Մարմարյանը և Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող Վարդի Քեշիշյանը անդրադարձան համապատասխանաբար՝ Սահակ Բ Խապայան Կիլիկիայի կաթողիկոսի (1902-1939) և Ներսես եպիսկոպոս Դանիելյանի իրականացրած առաքելություններին։

3. Միջդավանական համագործակցությունը։ Սույն խնդրին անդրադարձավ «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ Վահրամ Հովյանը՝ հարցը դիտարկելով միկրոմակարդակում, այն է՝ Քեսապի օրինակով։ «Միջդավանական համագործակցությունը Քեսապում Հայոց ցեղասպանության տարիներին» թեմայով զեկույցում բանախոսը ներկայացրեց Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների միջև ծավալված համագործակցությունը կոտորածների ու տեղահանության կանխման, գաղթի ճանապարհին աղետյալ հայերին օգնելու, նրանց դրությունը թեթևացնելու, ինչպես նաև աղետից հետո Քեսապի վերականգնման (տարագիրների վերադարձի կազմակերպում, որբանոցների, կրթական հաստատությունների հիմնում, օգնություն կարիքավոր ընտանիքներին, սոցիալական այլ հարցերի լուծում) գործում։ Զեկուցողը կոնկրետ օրինակների վրա ցույց տվեց հայկական երեք հարանվանությունների գործադրած միասնական ջանքերը բանակցութուններ վարելու, ինքնապաշտպանության, հանգանակություններ հավաքելու, կազմակերպչական և այլ հարցերում։

Ընդհանուր առմամբ, գիտաժողովի ժամանակ հնչած թեզերը հանգում են հետևյալին.

- Ցեղասպանության տարիներին հայ հոգևորականությունը կտրված չի եղել իր ժողովրդից, այլ կազմել է նրա անբաժանելի մասը։

- Ցեղասպանության տարիներին հայ հոգևորականությունն իր վրա կրել է այն բոլոր դժվարություններն ու զրկանքները, որոնք բաժին են հասել հայ ժողովրդին (սպանություն, կտտանքներ, սով, ցրտահարություն, վարակիչ հիվանդություններ և այլն)։

- Ցեղասպանության տարիներին հայ հոգևորականությունը (ինչպես եկեղեցական կառույցները, այնպես էլ հոգևորականները՝ անհատական, խմբային և հավաքական իմաստով) իր անգնահատելի ծառայությունն է մատուցել աղետյալ հայ ժողովրդին՝ փրկելով բազմահազար կյանքեր։

- Ցեղասպանության տարիներին ակտիվ համագործակցություն է եղել հայկական երեք հարանվանությունների՝ Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների միջև, ինչը բնութագրում է այն հանգամանքը, որ, չնայած դավանանքային որոշակի տարբերություններին և մրցակցությանը, հայկական երեք եկեղեցիները՝ իրենց առաջնորդներով և հոտերով հանդերձ, այնուամենայնիվ, գլխավոր հարցերում եղել են միասնական՝ կողք կողքի։ Դա առավել բնորոշ էր հատկապես այնպիսի ճգնաժամային իրավիճակին, ինչպիսին է Ցեղասպանությունը։

Ամփոփելով գիտաժողովի արդյունքները՝ «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը նշեց, որ այն ոչ միայն կարևոր միջոցառում էր պատմությունն արժևորելու տեսանկյունից, այլև ունի խիստ արդիական և կիրառական նշանակություն։ Բանն այն է, որ, ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ ներկայումս Մերձավոր Արևելքում տիրում է ցեղասպանական իրավիճակ։ Դրա վառ ապացույցն այդ տարածաշրջանում բազմահազար զոհերի ու միլիոնավոր փախստականների առկայությունն է, ինչպես նաև քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի թվաքանակի աղետալի նվազումը։ Ուստի, հայ հոգևորականությունը ներկայումս էլ կանգնած է նույն խնդիրների ու մարտահրավերների առջև, ինչպես հարյուր տարի առաջ, և իր առաքելությունը պատվով կատարելու համար ունի անցյալի փորձի ուսումնասիրության և արժևորման կարիքը։

Հավելված

ՑԱՆԿ

«Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունը Հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով միջազգային գիտաժողովում հնչած զեկույցների

(Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան, 7 ապրիլի 2015թ.)

1. Հանուր հայության հոգևոր կենտրոնը 1914-1918թթ. (զեկուցող՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյան)

2. Սիրիայի հայ հոգևորականության առաքելությունը (զեկուցող՝ Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան)

3. Հայ հոգևորականության տուրքը (զեկուցող՝ Սպահանի Հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Բաբկեն արքեպիսկոպոս Չարյան)

4. Ցեղասպանության տարիներին հայ Ավետարանական հոգևորականների դերը Սիրիա տարագրված հայերի փրկության գործում (զեկուցող՝ Կալիֆորնիայի Նորթրիջ նահանգային համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար, դոկտոր Վահրամ Շեմմասյան)

5. Ազգային խնամատարության որբահավաք գործունեությունը (զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության ինստիտուտի գիտաշխատող Գոհար Խանումյան)

6. Վերապատվելի Ենովք Հատիտյանը՝ 1920-1940թթ. լիբանանահայության կազմակերպման անխոնջ ռահվիրան (զեկուցող՝ Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյան)

7. Միջդավանական համագործակցությունը Քեսապում Հայոց ցեղասպանության տարիներին (զեկուցող՝ «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ Վահրամ Հովյան)

8. Սահակ Բ Խապայան Կիլիկիայի կաթողիկոս 1902-1939թթ. (զեկուցող՝ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Աննա Մարմարյան)

9. Հալեպի առաջնորդարանի մարդասիրական միջամտությունը Հայոց ցեղասպանության առաջին հանգրվանի ժամանակ (զեկուցող՝ Կալիֆորնիայի Նորթրիջ նահանգային համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար, դոկտոր Վահրամ Շեմմասյան)

10. Տիպար հոգևորականը՝ Ներսես եպիսկոպոս Դանիելյան (զեկուցող՝ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող Վարդի Քեշիշյան)։

1 Չնայած վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը հայ ավետարանական հոգևորական է, այնուամենայնիվ, որպես Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ այստեղ տողերիս հեղինակի կողմից նա դասվում է աշխարհիկ գիտակրթական կառույցները ներկայացնող զեկուցողների շարքը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր