• am
  • ru
  • en
Версия для печати
10.06.2015

ՄԻՆՉԵՎ 2033Թ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

   

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ

2013թ. դեկտեմբերին թուրքական «Վաթան» թերթը գրում էր, թե երկրում պատրաստվում են 2033 թվականին` կապված Թուրքիայի զինված ուժերը (ԹԶՈւ) հիմնովին վերակազմավորելու հետ, ինչը նշանակում է, որ 2033թ. Թուրքիայի Հանրապետությունը (ԹՀ) կունենա «նոր ԶՈւ»: Թերթի պնդմամբ` այդ ամենի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են, և որ տվյալ ուղղությամբ առաջին քայլը կատարվել է 2013թ. նոյեմբերի 28-ին տեղի ունեցած Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստում: Վերակազմավորվելու են 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ (Էգեյան) բանակների հրամանատարությունները1:

Ի դեպ, ավելի վաղ չէր բացառվել, որ Թուրքիայում կարող է վերացվել 1975թ. (1974թ. ԹԶՈւ-ի կողմից Հյուսիսային Կիպրոսը գրավելուց հետո) ստեղծված Էգեյան բանակը, քանի որ Թուրքիան այլևս նախկինի նման սպառնալիք չի զգում Հունաստանից և ընդհանրապես Բալկաններից, ինչն էլ առաջացրել է Էգեյան բանակը վերացնելու անհրաժեշտություն:

2015թ. մարտի վերջերին ԹԶՈւ Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը հայտարարեց, որ աշխարհում «Պաշտպանական հայեցակարգից» արդեն անցում են կատարում «Անվտանգության հայեցակարգի», և որ իրենք նույնպես աշխատում են տվյալ ուղղությամբ. «Այդ տեսանկյունից մեր նպատակներն են՝ ամեն տիպի սպառնալիքներին դիմագրավելը, մերօրյա պայմաններին ադապտացվելու, արագ որոշում կայացնելու ունակ, ճկուն, ամուր և բարձր մարտունակությամբ ԶՈւ ունենալը: ԹԶՈւ-ն արդիականացնելու, վերափոխելու նպատակը մեր օրերում և ապագայում արդիական, պատերազմին պատրաստ, զսպիչ ուժ ունենալն է: Այդ փոփոխությունն ապահովելու համար էլ առաջ է քաշվել «ԹԶՈւ-ն 2033թ. վերակազմավորելու» նախագիծը: 2012թ. օգոստոսին ԳՇ-ում բացվեց նոր վարչություն, որը զբաղվում է միայն տվյալ խնդրով: 2013թ. նմանատիպ բաժիններ բացվեցին բոլոր զորատեսակների շտաբներում: Նախագծի վերաբերյալ Ռազմավարական պլանավորումը 2013թ. նոյեմբերին YAŞ-ի նիստում ներկայացվեց վարչապետին և YAŞ-ի անդամներին, իսկ 2014թ. հունվարին ներկայացվեց «ԹԶՈւ-2033թ. առաքելությունը և վերակազմավորման ճանապարհային քարտեզը»2:

2033 թվականն ընտրելու հետ կապված` թուրք զինվորականները նշում են, որ մոտ 20 տարի անց փոխվելու է պատերազմի ռազմավարությունը, և որ այն ցամաքային պատերազմներից վերածվելու է շատ երկրների ներաշխարհը խառնելուն միտված հարձակումների ռազմավարության: Պետք է հավելել, որ 2033թ. նշվելու է ԹՀ հիմնադրման 110-ամյակը:

Արդեն 2014թ. օգոստոսին Պաշտպանական բարեփոխումների աշխատանքային խումբը, որը ստեղծվել էր տվյալ ժամանակվա նախագահ Աբդուլա Գյուլի հրամանով, ներկայացրեց «ԹԶՈւ-2033» պլանի վերաբերյալ 220 էջանոց զեկույցը, որից նախագահական կայքում հրապարակվեց միայն ոչ գաղտնի մասը` 42 էջը: Զեկույցը բաղկացած է 8 գլխից (բաժնից):

Առաջին գլուխը ստացել է «Ռազմաքաղաքական վերափոխումը Սառը պատերազմից հետո» անվանումը, այն բաղկացած է 7 ենթագլխից` «Տարածաշրջանային և գլոբալ վերափոխում», «Թուրքիայի փոփոխվող անվտանգության միջավայր (շրջակայք)», «Առաջիկա 20 տարվա հետ կապված ընդհանուր գնահատականներ», «Անվտանգության և պաշտպանության ոլորտի վերափոխում», «Նոր պատերազմներ», «Աշխարհում կատարված պաշտպանական ոլորտի բարեփոխումները Սառը պատերազմից հետո», «ԹԶՈւ արդիականացման գործընթացը Սառը պատերազմի ավարտից հետո»:

Երկրորդ գլուխն անվանվել է «ԹԶՈւ գործառույթները և անհրաժեշտ հմտությունները»: Այս գլխում տեղ է գտել 3 ենթագլուխ` «ԹԶՈւ գործառույթները», «Զարգացող և զարգացման ենթակա կարողությունները», «Գնահատականներ և առաջարկներ»:

«Պաշտպանության ղեկավարում» անվանմամբ երրորդ գլուխը ներառում է «Պատմական գործընթաց և ընթացիկ իրավիճակ», «Ազգային պաշտպանության պլանավորման գործունեություն» (MSPF), «Դաշնակից երկրներում տիրող իրավիճակ», «Քաղաքացիական-զինվորական համագործակցություն», «Ազգային անվտանգության խորհուրդ (MGK)», «Քաղաքացիական-զինվորական համագործակցության վերաբերյալ գնահատականներ», «Գնահատականներ և առաջարկներ» ենթագլուխները:

Չորրորդ գլուխն անվանվել է «Պաշտպանական համակարգի մատակարարումները և լոգիստիկան»: Այս հատվածում ուսումնասիրվել են «Համակարգի պլանավորման, ծրագրավորման և բյուջետավորման համակարգ» (PPBS), «Մատակարարումը և լոգիստիկան Թուրքիայում», «Մատակարարումը և լոգիստիկան զարգացած երկրներում», «Թուրքական պաշտպանական արդյունաբերություն», «Ռազմատեխնիկական սպասարկում, մատակարարման կենտրոններ և նավաշինարաններ», «Մասնավոր սեկտորի ընկերություններ», «Գնահատականներ և առաջարկներ» թեմաները:

Հինգերորդ բաժինն առնչվում է «Պարտադիր և պրոֆեսիոնալ զինծառայությանը», որում ներկայացված են «Պատմական զարգացում», «Ընթացիկ իրավիճակ», «Գնահատականներ և առաջարկներ» ենթաբաժինները: Վեցերորդ` «Կրթությունը և ուսուցումը ռազմական դպրոցներում» գլխում ընդգրկվել են «Ընդհանուր իրավիճակ», «ԹԶՈւ ռազմական դպրոցներ», «Ռազմական կրթություն և ուսուցում զարգացած երկրներում», «Գնահատականներ և առաջարկներ» ենթագլուխները:

Զեկույցի 7-րդ գլուխն առնչվում է «Պաշտպանական ծախսերի միջոցների բաշխմանը»: Այն բաղկացած է «Պաշտպանական ծախսերի ծանուցումը», «Պաշտպանական ծախսերի ազդեցությունը տնտեսության վրա», «Ազգային պաշտպանության պլանավորման գործունեությունը» (MSPF), «Ազգային պաշտպանության նախարարության բյուջեն», «ՆԱՏՕ երկրների պաշտպանական (ռազմական) ծախսերը», «Միջոցների բաշխման խնդիրները», «Պաշտպանական արդյունաբերության աջակցության հիմնադրամը» (SSDF), «Գնահատականներ և առաջարկներ» ենթաբաժիններից:

Զեկույցի ութերորդ՝ վերջին գլուխը վերաբերում է «Պաշտպանական ծախսերի վերահսկողությանը»: Այն բաղկացած է «Պաշտպանական ծախսերի վերահսկողության գործընթացի ընթացիկ իրավիճակը», «Պաշտպանական ծախսերի վերահսկողությունը զարգացած դաշնակցային երկրներում», «Գնահատականներ և առաջարկներ» ենթագլուխներից:

Աբդուլա Գյուլը զեկույցի նախաբանում գրել է. «Թուրքիան այն քիչ երկրներից է, որը ԶՈւ վերակազմավորում չի իրականացրել 1960-ից, երբ երկրում իրականացվեց առաջին զինվորական հեղաշրջումը: «Սառը պատերազմի» ավարտից հետո ՆԱՏՕ գծով մեր դաշնակիցներից շատերը` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Իսպանիան և հենց ինքը` ՆԱՏՕ-ն, ռազմական ոլորտում իրականացրել են մասշտաբային բարեփոխումներ: Թուրքիայի կողմից, որն արմատական բարեփոխումներ է անցկացնում բոլոր ոլորտներում, նման իրավիճակում պաշտպանական ոլորտի անտեսումը պետք է դիտարկել որպես թերացում: Ակնհայտ է, որ մենք այլևս չենք կարող հետաձգել պաշտպանական ոլորտի համապարփակ բարեփոխումները` հաշվի առնելով տարածաշրջանային իրադարձություններն ու ավելի բարդացող և անորոշ դարձող միջազգային անվտանգությունը:

Ռազմական արմատական բարեփոխումների թեման քննարկվել է 2012թ. ապրիլի 5-ին` Ռազմական ակադեմիաների հրամանատարությունում, իսկ 2013թ. ապրիլին իմ հրամանով ստեղծվեց Պաշտպանական բարեփոխումների աշխատանքային խումբը, որը գլխավորեց դոկտոր-պրոֆեսոր Ալի Քարաօսմանօղլուն: Ավելի քան մեկ տարում մեծ ջանքերով ու պահանջներով պատրաստված այս զեկույցի կարևոր առանձնահատկությունն այն է, որ ԹՀ պատմության մեջ առաջին անգամ քաղաքացիական և ռազմական փորձագետները համատեղ զեկույց են պատրաստել Թուրքիայի կարիքներին համապատասխանող ռազմական համակարգի կառուցվածքի և պաշտպանության ղեկավարման մասին»:

Զեկույցում անհրաժեշտ է համարվում ժողովրդավարական երկրների նման, սակայն Թուրքիային յուրահատուկ պաշտպանական բարեփոխումներ իրականացնելը: Ուշադրություն է հրավիրվում նրա վրա, որ վերացել է ցամաքային, օդային և ծովային սահմանների «պաշտպանություն» հասկացությունը: Ընդգծվում է, որ ԹԶՈւ-ն պետք է ունակ լինի կարճատև ժամանակահատվածով, անգամ միաժամանակ և նույն հակամարտության մեջ իրականացնել մեծ շառավղով տարբեր (սկսած դասական ճակատամարտից մինչև հումանիտար ու խաղաղապահ) գործողություններ:

Այստեղ պետք է հիշատակել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Մուսթաֆա Շյուքրյու Էլեքդաղի «2.5 պատերազմի ռազմավարություն» հոդվածը, որում նշված էր, որ Թուրքիան (1990-ական թթ.) պետք է պատրաստ լինի միաժամանակ մասշտաբային պատերազմ մղել երկու ճակատում և դրան զուգահեռ մղել «կես» (ներքին) պատերազմ: Օրինակ, Թուրքիան պետք է պատրաստ լիներ մի կողմից հյուսիս-արևմուտքում` Թրակիայում և Էգեյան ծովում, պատերազմել Հունաստանի դեմ, իսկ մյուս կողմից` հարավ-արևելքում պատերազմել Սիրիայի դեմ, և դրա հետ մեկտեղ երկրի արևելքում ու հարավ-արևելքում պայքար մղեր Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ:

Զինվորական-քաղաքացիական հարաբերություններ – Զեկույցի համաձայն՝ ժողովրդավարական երկրներում գործող ԶՈւ վերահսկողության ձևերը բացակայում են Թուրքիայում: ԹԶՈւ-ն պետք է զերծ լինի քաղաքական որևէ կողմնորոշումից, պետք է լինի անկողմնակալ և ծառայի միայն ազգին: Ներկայումս Թուրքիայում զինվորական-քաղաքացիական համագործակցության ամենաբարձր հարթակն Ազգային անվտանգության խորհուրդն (ԱԱԽ) է: ԱԱԽ-ի՝ որպես խորհրդատվական մարմնի օգտագործումը շարունակելը կլինի օգտակար: Մյուս կողմից՝ ԱԱԽ անդամների թիվն ավելին է` ՆԱՏՕ երկրների նմանատիպ կառույցների համեմատ: Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԱԽ անդամներ են համարվում երկրի նախագահը, վարչապետը, ԳՇ պետը, փոխվարչապետերը, արդարադատության, պաշտպանության, ներքին գործերի, արտաքին գործերի նախարարները, ցամաքային զորքերի (ՑԶ), ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ), ռազմածովային ուժերի (ՌԾՈւ), ժանդարմերիայի հրամանատարները:

Զեկույցում ընդգծվում է, որ քաղաքական իշխանությունները պետք է վճռորոշ դերակատարություն ունենան ԱԱԽ-ի կողմից Ազգային անվտանգության քաղաքականության փաստաթղթի (MGSB) պատրաստման հարցում: «Կարմիր գիրք», «Կարմիր սահմանադրություն», «Գաղտնի սահմանադրություն» անվանումներով հայտնի MGSB-ում տեղ են գտնում արտաքին և ներքին անվտանգության սպառնալիքները: MGSB-ը թարմացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, այն կարևոր դեր է խաղում Թուրքիայի ազգային ռազմական ռազմավարության (TÜMAS) մշակման հարցում: MGSB հերթական թարմացումն իրականացվեց այս տարվա ապրիլի վերջին՝ ԱԱԽ 6.5 ժամ տևած նիստում: Չնայած դա գաղտնի փաստաթուղթ է, թուրքական մամուլը գրեց, որ նիստի արդյունքներով Գյուլենական շարժումը («զուգահեռ կառույց») ընդգրկվել է ներքին սպառնալիքների թվում: Ուշագրավ է, որ Գյուլենական շարժումը՝ որպես ներքին սպառնալիք, MGSB-ից հանվել է հենց Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) կառավարման ժամանակ, որը Թուրքիայում իշխանության է եկել 2002թ.: Արտաքին սպառնալիքների թվում MGSB-ում ընդգրկվել էր «Իսլամական պետությունը»: Հայտնի է, որ նիստի ժամանակ քննարկվել են նաև «Քրդական հարցի» կարգավորումը և Հայոց ցեղասպանության հարցը, ինչը, մասնավորապես, վերաբերում է օտար երկրների կողմից դրա ճանաչմանը:

ՊՆ-ԳՇ հարաբերություններ – Զեկույցում նշված է, որ ԹՀ ՊՆ կառուցվածքը, գործառույթները և հնարավորությունները տարբերվում են զարգացած երկրների ՊՆ-ներից: Դաշնակից երկրների համեմատ` Թուրքիայի պաշտպանական համակարգի հիմնական տարբերությունն այն է, որ ՊՆ-ն և ԳՇ-ը միմյանցից առանձնացված կառույցներ են, որ պաշտպանության ղեկավարումն ամբողջականության տեսանկյունից երկատված է: Ընդգծվում է, որ Թուրքիայի ՊՆ-ն պաշտպանական քաղաքականության հստակեցման և իրագործման հարցերում դեր չունի, մինչդեռ ՆԱՏՕ երկրներում պաշտպանության ղեկավարման համար առաջին հերթին պատասխանատու է ՊՆ-ն: Անհրաժեշտ է վերափոխել ՊՆ-ԳՇ հարաբերությունները, դրա հետ կապված՝ իրականացնել սահմանադրական բարեփոխումներ: Քաղաքացիական անձանց և զինվորականների հնարավորությունների օգտագործումը համատեղելի և փոխլրացնող է, ինչն օգտակար կլինի ԹԶՈւ-ի համար:

Որպեսզի ԹԶՈւ-ն դառնա ավելի ազդեցիկ ռազմական ուժ, անհրաժեշտ է, որ ԳՇ-ը կենտրոնանա բուն ռազմական խնդիրների վրա, իսկ օպերատիվ և տակտիկական մակարդակներից դուրս գտնվող մնացյալ հարցերը թողնի ՊՆ-ին: Պաշտպանության ղեկավարման ամբողջականության համար անհրաժեշտ է, որ ՊՆ-ն, ԳՇ-ը և զորատեսակների հրամանատարությունները կենտրոնացվեն մեկ ճամբարում, ինչպես որ ԱՄՆ և Ֆրանսիայի պարագայում է: Առաջարկվում է, որ խաղաղ և պատերազմական ժամանակներում ԹԶՈւ ղեկավարումը զորատեսակների հրամանատարությունների օգնությամբ իրականացնի ԳՇ-ը, իսկ ՊՆ-ն իրականացնի ԹԶՈւ-ին աջակցելու, մատակարարելու, զորակոչի, առողջապահական, բյուջետային, շինարարական և նմանատիպ այլ գործունեություն: ԹԶՈւ-ն պատերազմի պատրաստելու գործառույթն էլ դրվելու է զորատեսակների հրամանատարությունների վրա:

Ռազմական ծախսեր – Զեկույցում անհրաժեշտ է համարվում պաշտպանական արդյունաբերությունն ու տեխնոլոգիաները զարգացնելը: Նպատակահարմար է համարվում ռազմական ծախսերը երկրի ՀՆԱ առնվազն 2.5%-անոց մակարդակի վրա պահելը: Պաշտպանական ոլորտի ծախսերի համար առաջարկվում է մի մոդել, որի դեպքում քաղաքացիական իշխանությունները (խորհրդարան, Հաշվիչ պալատ) ամբողջովին կվերահսկեն այդ գնումների գործընթացը: Ընդգծվում է, որ գործող օրենսդրության համաձայն՝ ռազմական ծախսերը ենթակա չեն հասարակական ստուգման: Ռազմական գնումների հետ կապված՝ նշված է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի նման զարգացած երկրների ԶՈւ-ում ռազմական տեխնիկայի գնման գործունեությունն իրականացնում է ՊՆ-ին կից առանձին կառույցը: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում դրանով զբաղվում է DE&S-ը, Ֆրանսիայում՝ DGA-ն, Գերմանիայում՝ BAAINBw-ը: Թուրքիայի համար անհրաժեշտ է համարվում նմանատիպ կառույց ստեղծելը: Զեկույցում թույլատրվում է ֆինանսական առումով թանկարժեք, սակայն միևնույն ժամանակ երկրի պաշտպանության համար խիստ կարևոր նախագծերի իրագործման նպատակով արտաքին վարկեր վերցնելը: Այդ նախագծերի թվում նշված են միասնական հարվածային կործանիչը (JSF, նկատի է առնվում F-35-ը), մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրները, ազգային կործանիչը, TF 2000 թուրքական արտադրության ֆրեգատը:

Հիշեցնենք, որ Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով` 2014թ. Թուրքիայի ռազմական ծախսերը կազմել են $22.6 մլրդ, որով և Թուրքիան զբաղեցրել է 15-րդ տեղը (2013թ. Թուրքիայի արդյունքները կազմել են համապատասխանաբար $20.6 մլրդ և 14-րդ տեղ):

Պարտադիր և պրոֆեսիոնալ զինծառայություն – Ռազմական բարեփոխումները պետք է ուղղված լինեն ռազմական 3 ծառայության` ՑԶ, ՌՕՈւ և ՌԾՈւ համատեղ օպերատիվ պոտենցիալի մեծացմանը: Ներկա պայմաններին և պահանջներին համապատասխանելու համար առաջարկվում է փոփոխություններ կատարել զինծառայության մասով: Անհրաժեշտ է աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ զինծառայությանը՝ հաշվի առնելով երկրի մարդկային ռեսուրսներն ու տնտեսական հնարավորությունները: Եվ այնուամենայնիվ, նշվում է, որ դա տեղի կունենա երկարաժամկետ հեռանկարում: Դրա հետ կապված՝ առաջարկվում է բանտերի արտաքին անվտանգության ապահովումը հանել պատերազմական ժամանակներում ԳՇ ենթակայության տակ անցնող ժանդարմերիայի վրայից և հանձնել արդարադատության նախարարությանը, իսկ երկրի ցամաքային սահմանների անվտանգության հարցը ԹԶՈւ-ից հանձնել ՆԳՆ-ին: Անհրաժեշտ է համարվում ԹԶՈւ-ն հավասարակշռված ուժի վերածելը: Առաջարկվում է կրճատել ՑԶ (ԹԶՈւ) թվակազմը, սակայն դրա հետ մեկտեղ այն դարձնել ավելի մոբիլ: Նախատեսվում է մեծացնել ՌՕՈւ և ՌԾՈւ հնարավորությունները, ընդլայնել հատուկ նշանակության զորքերի ներուժն ու կարողությունները: Վերջնական նպատակն ավելի ազդեցիկ, ուժեղ և արդյունավետ ԹԶՈւ ունենալն է»3:

Զեկույցի վերջաբանում նշված է, որ, չնայած առաջարկվող բարեփոխումները կրում են համապարփակ բնույթ, այնուամենայնիվ, անհնար է յուրաքանչյուր խնդրի համար վերջնական լուծում առաջարկել: Բարեփոխումների հաջող իրագործման գրավական է համարվում քաղաքական իշխանությունների, զինվորական ղեկավարության և հասարակության համախմբվածությունը:

2015թ. ապրիլի վերջին «ԹԶՈւ-ն 2033թ. վերակազմավորելու» նախագծի շրջանակներում Թուրքիայում անցկացվեց ընթացիկ տարվա առաջին սիմպոզիումը: Երկօրյա սիմպոզիումին մասնակցեցին Նեջդեթ Օզելը, ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, Կրթության և դոկտրինի հրամանատարության (EDOK) ղեկավար, բանակի գեներալ Քամիլ Բաշօղլուն, Էգեյան բանակի հրամանատար, բանակի գեներալ Գալիփ Մենդին, 1-ին բանակի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը, 2-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Ադեմ Հուդութին, 3-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարը, Անկարայի կայազորում ծառայող գեներալներ և սպաներ:

Սիմպոզիումի արդյունքներով հայտարարվեց, որ «ԹԶՈւ-ն մինչև 2033թ. վերակազմավորելու» նախագծի շրջանակներում շեշտը դրվելու է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) և հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի, էլեկտրոնային պատերազմի, կիբեռպատերազմի թեմաների վրա: ԹԶՈւ օպերացիոն ներուժը մեծանալու է F-35 մարտական ինքնաթիռի, ATAK հարվածային ուղղաթիռի, Altay տանկի, MİLGEM ռազմանավի, ANKA անօդաչու թռչող սարքի հաշվին: Նախատեսվում է, որ ԹԶՈւ-ն անցում է կատարելու «տիեզերական դարաշրջանին»: «Տիեզերքից միջամտելու» համար արվելու են անհրաժեշտ քայլեր, թափ են հավաքելու տեղական տեխնոլոգիաներով պատրաստված արբանյակների և իրազեկման համակարգերի շրջանակներում տարվող «տիեզերական աշխատանքները»: Նպատակ է դրվում այդ ճանապարհով վերջ դնել արբանյակային հետախուզությունում առկա արտաքին կախվածությանը: Թուրքական արբանյակները տիեզերք է արձակելու Անկարայի նահանգի Քազան շրջանում կառուցվող Արբանյակային համակարգերի ինտեգրման և փորձարկման կենտրոնը (UMET)4:

Հուլուսի Աքարը հիշեցրել է, որ նախկինում նմանատիպ սիմպոզիումներ անցկացվել են Էրզինջանում (Երզնկա), Ադանայում, Ստամբուլում և Անկարայում, որոնցից 3-ին մասնակցել է ԳՇ պետը: Աքարի խոսքերով` դրանցում առաջ են քաշվում սեփական նախագծեր, որոնք թարգմանված և փոխառված չեն արտերկրից ու ամբողջովին համապատասխանում են երկրի կարիքներին և խնդիրներին. «Մեր կարգախոսն է՝ ունենալ ազդեցիկ, զսպիչ և հարգված ՑԶ»5:

Թուրքական մամուլն այս սիմպոզիումի հետ կապված` ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ ԹԶՈւ-ն, ինչպես արդեն նշվեց, 2033թ. թևակոխելու է «տիեզերական դարաշրջան»: Դրանից ամիսներ առաջ` 2014թ. դեկտեմբերին, թուրքական մամուլը գրել էր, որ տիեզերքում ազդեցիկ ուժի վերածվելու նպատակներ հետապնդող Թուրքիան նպատակադրվել է մինչև 2020թ. հիմնել «տիեզերական քաղաք», որը նման կլինի ամերիկյան NASA բազային: Ընդգծվում է, որ «տիեզերական քաղաքի» շնորհիվ «տիեզերքի դռները» կբացվեն Թուրքիայի առջև, և որ «տիեզերական քաղաքը» հանդիսանալու է Թուրքիայի «82-րդ նահանգը» (ԹՀ-ն ունի 81 նահանգ): Տիեզերական կենտրոնում գտնվելու են արբանյակներ, արձակման համակարգեր, տիեզերական տեխնոլոգիաներ, տիեզերական սարքերի արտադրության աջակցման լաբորատորիաներ: Պլանավորված է նախագծի առաջին փուլի շրջանակներում 2015թ. մասնագիտական պատվիրակություն գործուղել NASA և ESA (Եվրոպական տիեզերական գործակալություն), ուր կպատրաստվեն թուրք մասնագետները: Թուրքիան նախատեսում է 2030թ. թուրքական արտադրության տիեզերանավ և թուրք տիեզերագնացներ ուղարկել տիեզերք6:

2014թ. փետրվարին հաղորդվել էր, որ ԹԶՈւ-ում ստեղծվելու է «տիեզերական հրամանատարություն», որը կկցվի ՌՕՈւ հրամանատարությանը կամ էլ կգործի որպես անկախ հրամանատարություն: Դա պետք է իրականացվի առաջիկա 5 տարում` մինչև 2023թ., երբ կլրանա ԹՀ հիմնադրման 100-ամյակը: «Տիեզերական հրամանատարության» ստեղծման նպատակը ցամաքային, ծովային և օդային ամեն տիպի շարժերին աջակցելն է, այդ շարժերի ազդեցությունը մեծացնելը, ինչպես նաև հետախուզական, դիտարկման, իրազեկման, վաղ ահազանգման և զգուշացման, էլեկտրոնային աջակցման, դիրքավորման, ժամանակային կարգավորման, արբանյակների արձակման ու գետնից տիեզերական դիտարկումների ոլորտներում սեփական հնարավորություններն ընդլայնելը: Դրա շրջանակներում որպես առաջին քայլ դիտարկվում է Հետախուզական և դիտարկման արբանյակների հրամանատարության հիմնումն ու 2012թ. դեկտեմբերի 18-ին Göktürk-2 արբանյակի արձակումը7:

Հիշեցնենք, որ Göktürk-2 արբանյակի (օգտագործվում է ռազմական և հետախուզական նպատակներով) արձակումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան կառուցելու է սեփական տիեզերակայան՝ իր արբանյակների արձակման համար: Էրդողանի խոսքերով՝ աշխարհում միայն 11 երկիր է ունակ արբանյակ ուղարկել ուղեծիր, և որ Թուրքիան արդեն ընդգրկվել է սեփական արբանյակ արտադրած 25 երկրների թվում8:

Ներկայումս հայտնի է, որ Թուրքիայի տիեզերական ծրագրերի իրագործմանը նպաստելու է Ուկրաինան: Կողմերի միջև համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ընթացիկ տարվա մարտի երկրորդ կեսին՝ Էրդողանի ուկրաինական այցի ժամանակ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այդ այցի արդյունքներով հայտարարել է, որ Ուկրաինան և Թուրքիան պայմանավորվել են բազմամիլիարդանոց տիեզերական ծրագրի շուրջ, ինչը կնպաստի ուկրաինական համապատասխան ձեռնարկությունների զբաղվածությանը: Պորոշենկոն ընդգծել էր, որ ներկա փուլում մանրամասներ ներկայացնել չի կարող9:

2015թ. մայիսին Ստամբուլում անցկացված IDEF-2015 12-րդ միջազգային ռազմական ցուցահանդեսի ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայում շարունակվում են արբանյակների նախագծման, արտադրման և դրա հետ մեկտեղ՝ արբանյակների արձակման կենտրոնի (տիեզերակայանի) ստեղծման աշխատանքները: Անդրադառնալով ԱԶԿ տարիներին պաշտպանական արդյունաբերության ոլորտի զարգացմանը` Էրդողանը հայտարարեց, որ իրենք հասել են ԹԶՈւ-ն սեփական արտադրության ռազմական տեխնիկայով և սպառազինությամբ համալրելու 54%-անոց մակարդակի: Էրդողանը հիշեցրել է, որ 2002թ. իրենց իշխանության գալու ժամանակ տվյալ հարցում Թուրքիայի կախվածությունը կազմել է 80%: Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան ծրագրել է մինչև 2023թ. ամբողջովին հրաժարվել ռազմատեխնիկա և սպառազինություն ներկրելուց. «Այսօր աշխարհում պաշտպանական ոլորտի 100 ամենամեծ ընկերությունների թվում են նաև 2 թուրքական ընկերություն: Նախորդ տարի պաշտպանական արդյունաբերության արտադրական ուժը հասցրել ենք $5 մլրդ-ի: Պաշտպանական արդյունաբերության ոլորտի գիտահետազոտական մշակումների համար տարեկան հատկացնում ենք $1 մլրդ: Պաշտպանական արդյունաբերությունը դարձել է մեր տնտեսության առաջնահերթ ոլորտներից մեկը, որին բաժին են ընկնում ամենամեծ ներդրումները»10:

Հիշեցնենք, որ 2010-2014թթ. Թուրքիան ամենաշատ զենք ներկրած երկրների թվում զբաղեցրել է 7-րդ, իսկ ամենաշատ զենք արտահանած երկրների թվում` 17-րդ տեղերը: Ինչ վերաբերում է սպառազինություն ներկրելուց լրիվ հրաժարվելու՝ Էրդողանի լավատեսական հայտարարությանը, դրա հիմքում, թերևս, ընկած է այն հաշվարկը, որ Թուրքիան մինչև 2023թ. պետք է յուրացրած լինի հիմնական զինատեսակների (տանկ, ինքնաթիռ, ուղղաթիռ, անօդաչու թռչող սարք, զենիթահրթիռային համալիր, հրետանային համակարգ, ռազմանավ, հրաձգային զենք և այլն) և դրանց տարբեր տիպերի արտադրության տեխնոլոգիաները:

Այսպիսով, պետք է նշել, որ ԹՀ-ում վերջին ավելի քան կես դարում առաջին անգամ պատրաստվում են ձեռնարկել համապարփակ ռազմական բարեփոխումներ և վերափոխումներ: 1960, 1971, 1980թթ. ռազմական հեղաշրջումների և 1997թ.11, 2007թ.12 հակակառավարական հուշագրերի հեղինակ զինվորականները, որոնք այդ ամենի շնորհիվ մեծ լիազորություններ և ազդեցություն են ձեռք բերել երկրում, ամեն գնով զերծ են մնացել ռազմական արմատական բարեփոխումներ իրականացնելուց:

Իրավիճակը որոշակիորեն փոխվեց 2002թ. Թուրքիայում ԱԶԿ իշխանության գալուց հետո: Դրան հաջորդած ժամանակահատվածում իրականացվեցին ռազմական և անվտանգության ոլորտին առնչվող մի շարք բարեփոխումներ, սակայն դրանք եղել են կոսմետիկ և ոչ թե համապարփակ բարեփոխումներ: Ընդ որում` անգամ այդ բարեփոխումներին հասնել հաջողվել է հիմնականում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի շրջանակներում, քանի որ հայտնի է, որ անդամակցության համար Թուրքիային ներկայացված պահանջների թվում եղել են այնպիսի պահանջներ, որոնք միտված էին երկրում զինվորական ղեկավարության դերակատարության նվազեցմանը: Էրդողանին հաջողվել է այդ կոսմետիկ փոփոխությունների միջոցով իրեն ենթարկեցնել զինվորականներին և անգամ հայտարարել, որ Թուրքիայում անցել են զինվորական հեղաշրջումների ժամանակները:

Հենց դա էլ ներկայումս հնարավոր է դարձրել համապարփակ ռազմական բարեփոխումներ անցկացնելու հարցի առաջքաշումն ու կենսագործումը: Ռազմական ոլորտում համապարփակ բարեփոխումների անհրաժեշտության հիմքում ընկած են «Սառը պատերազմի» ավարտն ու դրան հաջորդած նոր իրողությունների առաջացումը տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում, ժամանակի ռազմական պահանջներին զուգընթաց քայլելու, արդի ԶՈւ ունենալու ձգտումը, Թուրքիայի աճող տարածաշրջանային և միջազգային հավակնությունները: Բացի այդ, համապարփակ ռազմական բարեփոխումներն էլ ավելի կնպաստեն ԶՈւ-ն քաղաքացիական վերահսկողության տակ առնելուն, ինչն էլ, իր հերթին, կարող է դրական ազդեցություն ունենալ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի վրա:

1 Levent Içgen, TSK'nın 2033 planı hazır!, Vatan, 16.12.2013.

2 Org. Özel Savunma ve Havacılık Dergisi'ne konuştu, Hürriyet, 25.03.2015.

3 "Savunma Reformu" raporu açıklandı, Anadolu Ajansı, 22.08.2014.

4 Silahlı Kuvvetler 2033'te "Uzay Çağı"na Geçecek, Milliyet, 22.04.2015.

5 Orgeneral Akar: Yeni sloganımız etkin, caydırıcı, saygın kara kuvvetleri, Cihan Haber Ajansı, 23.04.2015.

6 Türkiye de uzay kapılarını aralayacak, Dünya Bülteni, 08.12.2014.

7 TSK ‘uzay komutanlığı‘ kuruyor, Akşam‎, 17.02.2014.

8 'Uzayda da iddialıyız', Sabah, 19.12.2012.

9 Порошенко: Украина и Турция договорились о многомиллиардной космической программе, Gordonua, 26.03.2015.

10 'Savunma sanayinde hedefimiz özgün tasarım', Anadolu Ajansı, 05.05.2015.

11 Հայտնի է նաև որպես հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջում, որը հանգեցրեց Էրբաքանի կոալիցիոն կառավարության հրաժարականին: Այդ օրը տեղի ունեցած ԱԱԽ նիստի արդյունքներով, որը տևեց 9 ժամ, թուրք զինվորականները կառավարությանը ներկայացրին մի շարք պահանջներ, որոնց մեջ էին մուսուլմանական նորամուծություններից հրաժարվելը, Էրբաքանի կողմից պետության զուտ աշխարհիկ բնույթի ընդունումը և այլն: Դրանից մոտ 4 ամիս անց Էրբաքանը հարկադրված հրաժարական տվեց: Թուրքական մամուլի համաձայն` հետմոդեռնիստական հեղաշրջումը Թուրքիային պատճառել է $21.9 մլրդ-ի վնաս՝ դառնալով 2001թ. տնտեսական ճգնաժամի պատճառ:

12 2007թ. ապրիլի 27-ին ԹԶՈւ ԳՇ պաշտոնական կայքում հայտնվեց մի հուշագիր (e-Muhtıra), որում նշված էր, որ ԹՀ նախագահ կարող է լինել այնպիսի մարդ, ով հավատարիմ կգտնվի երկրի աշխարհիկ բնույթին, Աթաթուրքի իդեալներին և ազգային մտածելակերպին: Այն ժամանակ ԳՇ-ը հանդես էր գալիս Աբդուլա Գյուլի՝ ԹՀ նախագահ ընտրվելու դեմ: Թուրքիայի խորհրդարանում նախագահի ընտրության առաջին փուլն անցկացվեց ապրիլի 27-ին, որի արդյունքներով Գյուլը չընտրվեց երկրի նախագահ։ Նախագահի ընտրությունը հետաձգվեց մինչև նույն թվականի օգոստոս, ինչին նախորդեցին վաղաժամ խորհրդարանական ընտրությունները: Էրդողանն այն ժամանակ 2007թ. ապրիլի 27-ի (էլեկտրոնային) հուշագիրը «երկրաշարժ» որակեց: Թուրքիայի խորհրդարանի` ռազմական հեղաշրջում-ները և հուշագրերը հետազոտող հանձնաժողովի տվյալներով` ապրիլի 27-ի հուշագիրը երկրին պատճառել է $5 մլրդ-ի վնաս:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր