• am
  • ru
  • en
Версия для печати
16.07.2015

ՊՐՈՊԱԳԱՆԴԱ, ԱԳԻՏԱՑԻԱ, ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ ԵՎ ՀԱՄՈԶՈՒՄ

EnglishРуский

   

Աննա Ժամակոչյան
«Նորավանք» ԳԿՀ Ուսումնական կենտրոնի ղեկավար

Պրոպագանդա և ագիտացիա

Պրոպագանդա (լատ. propagare՝ ընդարձակել, տարածել բառից) հասկացությունը ծագել է եկեղեցական համատեքստում՝ ունենալով դարձի բերելու, առաքելականության (միսիոներականության) իմաստ։ Առաջին հայտնի կիրառությունը 1718 թվականից է, որն առնչվում է կաթոլիկ եկեղեցու կողմից 1620-ական թթ. սկզբին հիմնված՝ օտարերկրյա միսիոներականությունը վերահսկող «Հավատքի պրոպագանդման ժողովի» (Congregatio de propaganda fide) անվանմանը1։ 1790-ից ձեռք է բերել որևէ պրակտիկայի կամ գաղափարաբանության տարածմանն ուղղված շարժման իմաստ։

Հայերենում պրոպագանդայի փոխարեն հաճախ կիրառվում է քարոզ (քարոզչություն) բառը։ Այն փոխառվել է ասորերեն karoza՝ մունետիկ, սուրհանդակ (թագավորի, զորավարի, քաղաքապետի, աստծո կամ տերության) բառից և ժամանակի ընթացքում ձեռք է բերել սարկավագի կարդացած աղոթք (պատվեր, կարգադրություն), տոնական տաղ, մեկնաբանական գրվածք կամ ճառ իմաստները2։ Քարոզի ձայնատու, ազդարար, ներբող և քարոզել՝ ազդել, բարձրաձայն հրատարակել, նախաձայնել, ավետարանել իմաստներն առկա են գրաբարում3։

Ինչպես տեսնում ենք, միջնադարյան մտածողության մեջ ազդարարելն ու ազդելը միակցված են։ Քարոզողն ազդարարում է ազդելու համար, ինչն օրինաչափորեն դրական է թվում։ Սա մատնանշում է ազդող քարոզչի տեսանկյունը, ինչը, հասկանալի է, ունի ճիշտ հակառակ պատկերը քարոզվողի հայացքում։ Օրինակ՝ սեփական կրոնը, հավատալիքները, ծեսերը և սովորույթները փոխելու մարտահրավեր, որն առաջադրվել է ուրիշի՝ եկեղեցու կամ տերության կողմից։ Չնայած ծագումնաբանական և ուղիղ իմաստային տարբերություններին՝ կրոնական համատեքստում հայերեն քարոզն ունի համանման` եկեղեցու, աստծո խոսքը տարածելու իմաստը, ինչ ունի և պրոպագանդան։ Հետևաբար, պատահական չէ ժամանակակից հայերենում քարոզի և պրոպագանդայի միջև համանիշային կապի առաջացումը։ 20-րդ դարասկզբին քարոզելը լիարժեքորեն գործածվում է քաղաքական գաղափարներ տարածելու իմաստով4։

Խորհրդային համատեքստում պրոպագանդային զուգահեռ կիրառվում էր նաև «ագիտացիա» հասկացությունը, ինչպես նաև դրանց համադրությունը՝ «ագիտպրոպ», որպես կոմունիստական կուսակցության կոմիտեների ագիտացիայի և պրոպագանդայի բաժինները, դրանց ղեկավարները կամ էլ դրանց գործունեությունը նշող հապավում։ Ագիտացիա հասկացությամբ էլ ավելի է ընդգծվում սեփական քաղաքական նպատակներից ելնելով այլոց գործողությունների մղելու կողմը (լատիներեն agitatio՝ վարել, շարժման մեջ դնել բառից5)։ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում (1969թ.6) ագիտացիան բացատրվում է որպես «բանավոր և գրավոր գործունեություն, որ նպատակ ունի ներգործել ժողովրդական լայն զանգվածների վրա որոշ քաղաքական ուղղությամբ»7։ Ըստ էության, լինելով պրոպագանդայի գործադրման ձևը՝ ագիտացիան քաղաքական բառապաշարում հաճախ կիրառվում է դրա հետ նույնացած կերպով (օրինակ՝ ABBY Lingvo բառարանի անգլ. agitation հոդվածում կարող ենք կարդալ, որ ագիտացիան պրոպագանդիստական գործունեություն է...)։ Խորհրդային բառարաններում ագիտացիան հայերեն չի թարգմանվում, միայն նշվում է փոխաբերական՝ համոզել իմաստը։ Սակայն հետխորհրդային Հայաստանի քաղաքական բառապաշարում ագիտացիան փոխարինվում է քարոզարշավ և քարոզչություն հասկացություններով8։ Արդյունքում՝ ժամանակակից «քարոզչությունը» քաղաքական լեզվում հաճախ ներառում է և՛ պրոպագանդան, և՛ ագիտացիան՝ թույլ չտալով դիտարկել դրանց տարբերությունները։ Հետևաբար, տեսաբանական տեքստերում, որտեղ նշանակալի են տերմինների առանձին կողմերը, անհրաժեշտ է նախապես սահմանել կամ ճշգրտել հասկացությունների իմաստները։ Հաշվի առնելով քարոզի և պրոպագանդայի կրոնական համատեքստային ընդհանրությունը՝ նպատակահարմար է դրանց համանիշային կիրառությունը և ագիտացիան անթարգման թողնելը։ Հատկապես այն պատճառով, որ մեր օրերում ագիտացիային փոխարինող առավել գործածական բառապաշար է հայտնվել՝ իրազեկում, արշավներ, տեղեկատվական արշավներ և այլն։

Դրական պրոպագանդայի հնարավորությունը

Պրոպագանդան, լինելով նույնքան հին սոցիալական ֆենոմեն, որքան կրոնն է, նաև նորագույն պատմությանն է առնչվում, քանի որ քարոզչության առավել մշակված և զանգվածային ձևերն ի հայտ են գալիս արդիության հետ և կատարելագործվում են օրական տեխնոլոգիականացվող ժամանակակից աշխարհում։

Պրոպագանդա հասկացությունն արևմտյան համատեքստում ստացավ բացասական իմաստավորում 20-րդ դարի համաշխարհային պատերազմների, բոլշևիզմի, ֆաշիզմի և ստալինիզմի փորձառությունից հետո, երբ ինտենսիվորեն ուսումնասիրվում, մշակվում և գործադրվում էին զանգվածային պրոպագանդայի ամենակոպիտ մեթոդները, և որոնք ունեցան ամենաողբերգական հետևանքներն արդի արևմտյան մշակույթի շրջանակում։

Դեռևս 1928թ. պրոպագանդայի ամենավաղ տեսաբաններից մեկը՝ Է.Բերնեյսը, իր «Պրոպագանդա» գրքում խոսում է այս հասկացության բացասական նշանակության մասին. «Ես տեղյակ եմ, որ «պրոպագանդա» բառը շատերի մտքում կրում է բացասական հարանշանակություն (կոնոտացիա)։ Մինչդեռ, ամեն դեպքում, արդյո՞ք պրոպագանդան լավ է, թե՞ վատ՝ կախված է առաջ մղվող նպատակի առաքինությունից և հրատարակվող տեղեկատվության ստույգությունից»9։ Այս շրջանում, ուրեմն, դեռ հնարավոր էր խոսել պրոպագանդայի լավ կամ վատ լինելու մասին։ Է.Բերնեյսը Առաջին համաշխարհայինի տարիներին գործակցում էր ԱՄՆ Հանրային տեղեկատվության կոմիտեին (U.S. Committee on Public Information, CPI10) և ձգտում էր պրոպագանդա հասկացության դրական երանգավորումը պահպանել։ Սակայն պրոպագանդան արևմտյան հասարակագիտության մեջ այլևս հնարավոր չէր լինի դրականացնել Երկրորդ համաշխարհայինից և Հոլոքոսթից հետո՝ պրոպագանդայի թողած սարսափելի հետևանքների պատճառով։

Հետևաբար, արևմտյան տեսաբանները 20-րդ դարի 2-րդ կեսին հրաժարվեցին դրական պրոպագանդայից՝ այն փոխարինելով այլ հասկացություններով։ Օրինակ, Է.Բերնեյսը մնաց «Public Relations»-ի (հայերեն՝ հանրային կապեր կամ հասարակայնության հետ կապեր) գործածության շրջանակում։ Է.Բերնեյսն այսօր հիշվում է որպես Public Relations մասնագիտության տեսականացման և պրակտիկ գործածության կնքահայրերից մեկը, որով տեսնում ենք պրոպագանդայի և PR-ի փոխառնչման ակունքը։ Հետագայում՝ 20-րդ դարի վերջին, ժամանակակից փիլիսոփա Նոամ Չոմսկին Public Relations-ի դրական ընկալումը ևս կասկածի տակ կառնի՝ այն քննադատաբար անվանելով «հանրային կապերի արդյունաբերություն»։ Ն.Չոմսկին իր հանրային ելույթներում Է.Բերնեյսին անվանում է հանրային կապերի արդյունաբերության «գուրու» և մատնանշում նրա գործունեության այնպիսի բացասական հետևանքներ, ինչպիսիք են ծխախոտի վաճառքի մեծացման նպատակով կանանց ծխելու սովորույթի ներմուծումը և ամերիկյան United Fruit Company-ի շահերին հակասող, սակայն ժողովրդավարական ճանապարհով ընտրված Գվատեմալայի կառավարության հեղաշրջումը11։

Հետխորհրդային հասարակագիտության և հանրային գիտակցության մեջ, սակայն, դեռևս մնում է պրոպագանդայի և քարոզչության երկիմաստ ընկալումը, ինչի պատճառներից մեկն ենք համարում խորհրդային հասարակագիտության կաղապարվածությունը և մեկուսացվածությունն արևմտյանից։ Մյուս կարևոր գործոնը հետխորհրդային հասարակագիտության կողմից ստալինիզմի փորձի վերիմաստավորման ցածր մակարդակն է։ Այն հարցը, որի պատասխանը փնտրում էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արևմտյան մտածողները, թե ինչպես կարող էր հումանիստական և լուսավորականության պաթոսը կրող Եվրոպայում առաջանալ ֆաշիզմը12 (նաև ստալինիզմը), հետխորհրդային հասարակություններում դեռևս հստակ հնչեցվելու կարիք ունի։ Այս հարցին պատասխաններ փնտրելիս աներկբայորեն բախվում ենք ցանկացած դրական նպատակադրումով պրոպագանդայի և լուսավորականության մութ կողմի հետ և ստիպված ենք լինում վերանայել հասկացության դրական իմաստը։ Եվ որպես երրորդ գործոն կարող ենք նշել հետխորհրդային երկրներում խորհրդային աթեիզմին հակադրված կրոնականության վերելքը, որի հետևանքով քարոզի ֆենոմենը պահպանում է իր դրական նշանակությունն այս տարածաշրջանում։

Ուրեմն, կարող ենք հաճախ հանդիպել հայերեն «քարոզչություն» կամ ռուսերեն «пропаганда» հասկացությունների չեզոք կամ դրական իմաստավորմամբ կիրառումներին, քանի որ դրանք չունեն հասարակագիտական այն զարգացումը, ինչ արևմուտքում «propaganda»-ն։

Պրոպագանդա և ժողովրդավարություն

Ինչպես նշեցինք, Է.Բերնեյսի «Պրոպագանդա» (1928) գիրքն առանցքային տեղ ունի պրոպագանդայի տեսականացման և պրակտիկայի պատմության մեջ։ Հեղինակը պրոպագանդան համարում է «ժողովրդավարական հասարակության կազմակերպման տրամաբանական արդյունք» և «ժողովրդավարության կարևոր բաղադրիչ»։ Նա պնդում է, որ շուկայական մրցակցության պայմաններում, երբ չկա «իմաստուն մարդկանց հանձնաժողով», որն ընտրություն կկատարի մյուսների փոխարեն, պրոպագանդան դառնում է անհրաժեշտություն։ Այդպիսով, Է.Բերնեյսն արդարացված էր համարում էլիտաների կողմից զանգվածներին կառավարելը և մարդու ենթագիտակցական ու անգիտակցական մղումների հիման վրա պրոպագանդելը: Նա իր գիրքն սկսում է հետևյալ դատողություններով. «Զանգվածների կազմակերպված սովորույթների և կարծիքների գիտակից և խելացի մանիպուլյացիան ժողովրդավարական հասարակության կարևոր բաղադրիչն է։ Նրանք, ովքեր մանիպուլացնում են հասարակության այս աննկատ մեխանիզմը, կազմում են այն անտեսանելի կառավարությունը, որը երկրի իրական տիրող իշխանությունն է։ Մենք ուղղորդված ենք, մեր մտքերը ձուլածո են, մեր ճաշակները ձևավորված են, մեր գաղափարներն առաջարկված են մեծապես այն մարդկանց կողմից, որոնց մասին երբեք չենք էլ լսել։ Սա մեր ժողովրդավարական հասարակության կազմակերպվածության ուղու տրամաբանական արդյունքն է»13։

Է.Բերնեյսի (ինչպես նաև շատ այլ մեդիա-տեսաբանների) կարևոր տեսական հիմքերից էին իր քեռի Զիգմունդ Ֆրոյդի բացահայտումները հոգեկանում գիտակցականից զատ անգիտակցականի և ենթագիտակցականի առկայության մասին։ Դրանով ամրապնդվում էին մարդու ռացիոնալ վարքի հանդեպ կասկածները և, ուրեմն. «Հաջողակ պրոպագանդիստը պետք է հասկանա իսկական շարժառիթները և չպետք է բավարարվի մարդու կողմից իր արածի պատճառաբանությամբ»14։

Նրա տեսաբանական մյուս հենասյունն են կազմել հանրային կարծիքի ձևավորման մեխանիզմների մասին Ուոլթեր Լիփմանի մոտեցումները։ Ու.Լիփմանը, որը Է.Բերնեյսի գործընկերն էր ԱՄՆ Հանրային տեղեկատվության կոմիտեում, սոցիալիստական գաղափարներից հրաժարված դեմոկրատիայի տեսությունների քննադատ էր։ Նա հարցականի տակ էր դնում «մեծ մասամբ անուս» հանրության կողմից սեփական կարծիք ձևավորելու կարողությունը։ Նրա կարծիքով. «Անհատ մարդը չունի կարծիքներ հանրային գործերի մասին... Ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է նա իմանար [դրանց մասին] և չկա որևէ պատճառ մտածելու, ինչպես միստիկ դեմոկրատներն են մտածել, թե մարդկանց զանգվածների անհատական անգիտության միասնությունը կարող է արտադրել շարունակական ուղղորդող ուժ հանրային գործերում»15։ Ու.Լիփմանն իր ավելի վաղ գրված «Հանրային կարծիք» գրքում (1922) պրոպագանդան ձևակերպում է որպես «...ձգտում փոխելու այն պատկերը, որին մարդն արձագանքում է՝ փոխարինելու համար սոցիալական մի պատերնը (նմուշը) մեկ ուրիշով»16։ Սակայն, ի տարբերություն Է.Բերնեյսի, Ու.Լիփմանը պրոպագանդայի գործունեությունը համարում է ժողովրդավարության բացակայության ցուցիչ։ Նա պնդում էր, որ պրոպագանդայի իրականացումն անպայմանորեն ենթադրում է ցենզուրա և որոշակի խոչընդոտ հանրության և իրադարձության միջև։ Մարդն, ըստ նրա, ճանաչում է իր շրջակա միջավայրը ոչ ամբողջությամբ ու լիարժեք, այլ միջնորդված ձևով՝ մտքում ստեղծելով «կեղծ միջավայր»։ Հետևաբար, իրական միջավայրի մասին պատկեր կառուցելու համար հնարավոր է ազդել կեղծ միջավայրի ձևավորման վրա՝ կառավարելով անհրաժեշտ պայմանները. «Իրական միջավայրի նկատմամբ մատչելիությունը պետք է սահմանափակվի, քանի դեռ ցանկացած մեկը չի կարողացել կառուցել սեփական կարծիքով իմաստուն կամ ցանկալի կեղծ միջավայր»։ Միջավայրի իրադարձության նկատմամբ զանգվածների անմիջական անհասանելիության միջոցով էլիտան ձեռք է բերում մեդիայի միջոցով իրադարձությունը մանիպուլացնելու կարողություն կամ հանրությանը սահմանափակ տեղեկատվություն ներկայացնելու հնարավորություն։ Ու.Լիփմանի համար պրոպագանդան թեև ոչ միշտ է բացասական, սակայն մնում է գործիք, որից օգտվում են էլիտաները սեփական նպատակները հետապնդելիս՝ անկախ նույնիսկ դրանց «հայրենասիրական» փաստարկից։ Օրինակ, նա ներկայացնում է Առաջին համաշխարհայինի ընթացքում ֆրանսիական ռազմական ղեկավարության կողմից գերմանացիների ուռճացված կորուստների մասին հայտարարությունների անընդհատ կիրառության վնասակար հետևանքները. «Մարդկանց մի խումբ, ովքեր կարող են կանխել իրադարձության անկախ հասանելիությունը, կազմակերպում են դրա մասին լրատվություն՝ իրենց նպատակներին հարմարեցնելու համար։ Այն, որ նպատակն այս դեպքում հայրենասիրական էր, բոլորովին չի փոխում փաստարկը։ Նրանք օգտագործում էին իրենց իշխանությունը՝ ստիպելու դաշնակից հանրությանը տեսնել գործերի դրությունն այնպես, ինչպես իրենք ցանկանում էին ցույց տալ» (Lippmann, 1922, էջ 28)։

Ու.Լիփմանը պրոպագանդայի խնդրի ծանրությունը, մեծ հաշվով, թողնում է չլուծված։ Սակայն կարևորում է վերակրթումը՝ որպես հանրային կարծիքը միջավայրին համապատասխանեցնելու հնարավորություն։ Նա առաջին հերթին նկատի ունի հոգեվերլուծական գիտելիքի ճանաչումը, ինչը թույլ կտա ազատվել գաղափարներից որպես անձի Էգո-ի մասեր և դրանք դարձնել քննադատական վերլուծության ենթակա ինչ-որ բաներ։ Հոգեվերլուծությունն օգնում է, որ գաղափարը Ես-ի սուբյեկտիվ մասից առանձնանա, դառնա օբյեկտիվ մի բան, որից հետո հնարավոր է դառնում դրա շուրջ նոր տեղեկատվության առաջ բաց լինել և այն վերիմաստավորել։

Այսպիսով, մարդկանց համար իրականությունը հասանելի դարձնող ինստիտուտների և կրթության միջոցով նա հնարավոր է համարում ցենզուրայի, կարծրատիպացման և բեմականացման ահռելի ապարատների լիկվիդացումը։ Մի բան, որ կարող է միամիտ թվալ արդեն 20-րդ դարի երկրորդ կեսի հետարդիական տեսաբանների աչքում (ինչպես, օրինակ, Լուի Ալթուսերի կողմից կրթությունն ինքը կդիտվի որպես սուբյեկտի և իրականության կազմավորման «պետական գաղափարաբանական ապարատ»)։

Պրոպագանդա կամ մանիպուլյացիա՞, թե՞ համոզում

Պրոպագանդայի թեման հետագայում էլ և մինչև այսօր բաց է մնում հասարակագետների քննարկման համար, մանավանդ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, մեդիա- կազմակերպությունների հաստատման, բարդ կառուցվածքներ դառնալու և գլոբալանալու պայմաններում։ Ինչպե՞ս, ուրեմն, վերաբերվել տեղեկատվական հոսքերին, որոնք, իհարկե, չեն կարող լինել զուտ անհետևանք տեղեկատվություններ, այլ այս կամ այն չափով ազդում են մարդկանց որոշումների, դիրքորոշումների և վարքի վրա։ Այս խնդրի լուծման համար, օրինակ, Ջոուեթն ու Օ’Դոնելը «Պրոպագանդա և համոզում» գրքում (1-ին հրատ.՝ 1986թ.) տարբերակում են տեղեկատու դիսկուրսը պրոպագանդայից՝ առաջինը համարելով համոզում։ Տարբերությունն այն է, որ տեղեկատու դիսկուրսի կամ համոզման հայացքն ուղղված է ընդունողի (ընթերցողի, ունկնդրի, տեսնողի) կողմը՝ «թույլ տալով նրանց ստանալ տեղեկատվություն, հասկանալ միջավայրը և սովորել» (Jowett & O’Donnell, 2006, էջ 30)։ Իհարկե, համոզման հաղորդագրություն փոխանցողներն ակնհայտորեն շահագրգիռ են ընդունողներին իրենց տեսակետների հետ համաձայն դարձնելու հարցում, սակայն, ըստ հեղինակների, դրանք չեն արտամղում ընդունողների շահերը (Jowett & O’Donnell, 2006, էջ 31-32)։ Եվ հակառակը, պրոպագանդան նախատեսված է պրոպագանդիստի շահերը պաշտպանելու համար, անկախ այն բանից՝ դրանք համընկնո՞ւմ են ընդունողների շահերին, թե՞ ոչ (Jowett & O’Donnell, 2006, էջ 7)։ Ջոուեթն ու Օ’Դոնելը նշում են, որ պրոպագանդիստները հաճախ հանդես են գալիս որպես համոզողներ՝ իրականում առաջ մղելով սեփական շահերը, նաև ի հաշիվ ընդունողի շահերի. «Հարցն այն է, որ պրոպագանդիստը չի համարում լսարանի բարեկեցությունն առաջնային մտահոգություն։ Պրոպագանդիստը հաճախ տարանջատված է ընդունողներից» (Jowett & O’Donnell, 2006, էջ 44)։

Ուրեմն, Ջոուեթն ու Օ’Դոնելը տարբերակում են պրոպագանդան համոզումից իրենց նպատակադրման մակարդակում՝ դրանով մատնանշելով տեղեկատվական դիսկուրսի նպատակների բացահայտման խնդիրը։ Հարցն այն է, որ պրոպագանդան համոզման գործընթացի պես կիրառում է տեղեկատու հաղորդակցություն (Jowett & O’Donnell, 2006, էջ 30)։ Եվ սովորական ընթերցողը, ունկնդիրը կամ դիտողը կարող են դժվարությամբ ճանաչել ու տարբերել պրոպագանդան պատասխանատու տեղեկատվական դիսկուրսից։

Այն, ինչ Ջոուեթն ու Օ’Դոնելը համարում են պրոպագանդա, որոշ տեսաբաններ անվանում են մանիպուլյացիա17։ Եվս մի հասկացություն, որ հաճախ լրացնում կամ փոխարինում է պրոպագանդային։ Մանիպուլյացիան հայերեն թարգմանվում է ձեռնածություն, որը հոմանիշ է աճպարարություն, կախարդություն և խաբեություն բառերին18։ Մանիպուլյացիան, ինչպես և հայերենում ձեռնածությունը, ունի շատ ավելի հստակ բացասական նշանակություն, քանի որ ենթադրում է անհատի հույզերի, դիրքորոշումների և մինչև իսկ վարքի կառավարում՝ տվյալ անհատի գիտությունից, կամքից անկախ և հաճախ նրա շահին հակառակ։

Այն իրականացվում է ինչպես դիսկուրսների կառավարման միջոցով, այնպես էլ իրադարձությունների միջոցով (օրինակ, պրովոկացիաներ կազմակերպելով, որոնք կանխատեսելի մտավոր կամ վարքային արձագանքի են մղում)։ Առաջին միջոցն առավել տարածված է համարվում և հաճախ ուղեկցում է նաև վերջինիս։ Հետևաբար, մանիպուլյացիա ասելով նախ նկատի են ունենում անհատների վրա դիսկուրսիվ ազդեցության հաղորդակցական, սիմվոլիկ փոխգործողության պրակտիկաները։

Այս իմաստով մանիպուլյացիաների ուսումնասիրության մեջ առավել տեղին է քննադատական դիսկուրս-վերլուծության շրջանակը, որը ներառում է և՛ դիսկուրսի, և՛ սոցիալական համատեքստի մակարդակները։

Այսպես, օրինակ, Թ.Ա. վան Դեյքն առաջարկում է մանիպուլյացիային եռաչափ մոտեցում ցուցաբերել, ինչի շնորհիվ չի հիմնվում միայն պրոպագանդիստի կամ մանիպուլացնողի մտադրությունների վրա, այլ կարևորում է դրա հետևանքները։ Նա իր տարբեր տարիների աշխատություններում (Van Dijk, 1998, 2001), մասնավորապես նաև 2006թ. Discourse and manipulation19 հոդվածում, մանիպուլյացիան դիտարկում է որպես՝

1. սոցիալական իշխանության չարաշահման ձև,

2. ճանաչողական (կոգնիտիվ) մտքի կառավարման ձև,

3. դիսկուրսիվ-նշանային փոխգործողության ձև։

Ըստ վան Դեյքի, այս եռակողմ ձևաչափը կապակցում է դիսկուրսը, ճանաչումը և հասարակությունը։ Եվ այն սկզբունքային է մանիպուլյացիայի կառուցվածքների և դրանում ներառված գործընթացների համակարգային հասկացման համար։

Սոցիալական առումով մանիպուլյացիան սահմանվում է որպես «անօրինական տիրապետություն, որը (վեր)արտադրում է կամ ամրապնդում է սոցիալական անհավասարությունը»։ Մանիպուլյացիան ոչ միայն իշխանության գործադրումն է, այլև դրա չարաշահումը, այսինքն՝ տիրապետության հաստատումը։ Մանիպուլյատորն անիրավասու (ոչ լեգիտիմ) ազդեցություն է գործադրում դիսկուրսիվ միջոցներով, որպեսզի ստիպի այլոց հավատալ բաների և կամ անել բաներ, որոնք առաջնահերթորեն իր շահերն են սպասարկում և դրանով հանդերձ ամրապնդում անհավասարությունը։

Մանիպուլացվողները մարդիկ են, մանիպուլացման գործընթացը տեղի է ունենում նրանց մտքով միջնորդված, հետևաբար երկրորդ՝ ճանաչողության հարցը ևս կարևոր է։ Ճանաչման մակարդակում «մանիպուլյացիան՝ որպես մտքի կառավարում, ներառում է փոխգործողություն այնպիսի գործընթացների հետ, ինչպես հասկանալն է, շեղված մտային մոդելներ ձևավորելը և սոցիալական վերաներկայացումները, օրինակ՝ գիտելիքը և գաղափարաբանությունները»։ Իսկ արդեն դիսկուրսիվ-նշանային՝ տեքստային, տեսապատկերային և խոսքային փոխգործողությունների մակարդակում «մանիպուլյացիան ընդհանրապես ներառում է գաղափարաբանական դիսկուրսի սովորական ձևերն ու ձևաչափերը, ինչպես, օրինակ՝ Մեր լավ կողմերի և Նրանց վատ կողմերի շեշտադրումները»։ Կարևոր է, սակայն, նկատի ունենալ այն իրավիճակը, որում տեղի է ունենում դիսկուրսիվ իրադարձությունը, քանի որ միևնույն դիսկուրսիվ կառուցվածքը կարող է մի իրավիճակում գնահատվել իբրև մանիպուլյատիվ, իսկ մեկ այլ իրավիճակում՝ ոչ։

Վերլուծության վերոնշյալ 3 մակարդակներից որևէ մեկը, ըստ հեղինակի, հնարավոր չէ սղել կամ հանգեցնել մեկը մյուսին. դրանք մանիպուլյացիայի երևույթի ամբողջական ըմբռնման համար անհրաժեշտ փոխլրացնող կողմեր են։ Վան Դեյքն իր այս մոդելով ցույց է տալիս, թե ինչպես է մանիպուլյացիան տարբերվում մտքի օրինական, իրավասու կառավարումից, ինչպիսիք են, օրինակ՝ համոզումն ու տեղեկատվության տրամադրումը։

Համոզման դեպքում խոսակիցներն ազատ են հավատալ կամ գործել ինչպես կցանկանան, կախված այն բանից՝ իրենք ընդունո՞ւմ են համոզողի փաստարկները, թե՞ ոչ։ Այնինչ, մանիպուլյացիայի ժամանակ ընդունողներին տրված է առավել պասիվ դեր. նրանք «զոհեր» են20: Այս բացասական հետևանքն, ըստ վան Դեյքի, ի հայտ է գալիս, երբ ընդունող կողմն ի վիճակի չէ հասկանալ և տեսնել մանիպուլացնողի իրական նպատակադրումները և նրա կողմից առաջ մղվող օրակարգի ամբողջական հետևանքները։ Դա տեղի է ունենում, օրինակ, այն հատուկ գիտելիքի կամ տեղեկատվության պակասի պատճառով, ինչով հնարավոր կլիներ դիմադրել մանիպուլյացիային։ Որպես սրա հանրահայտ օրինակ՝ վան Դեյքը նշում է եվրոպական երկրներում կառավարությունների կամ մեդիայի դիսկուրսը ներգաղթյալների մասին, որի պատճառով սովորական քաղաքացիները ներգաղթյալներին են մեղադրում վատ տնտեսական դրության (գործազրկության) համար և ոչ թե նկատում տնտեսական քաղաքականությունների թերությունները։

Վան Դեյքը նշում է նաև անիրավասու (ոչ լեգիտիմ) մանիպուլյացիայի և իրավասու (լեգիտիմ) համոզման սահմանների անորոշության և համատեքստից դրա ունեցած կախվածության մասին։ Հետևաբար, նա պայմանականորեն կանգ է առնում առանցքային չափանիշի վրա։ Ըստ այդմ՝ մանիպուլյացիան ծառայում է տիրապետող խմբի լավագույն շահերին և դեմ է տիրապետվող խմբերի լավագույն շահերին, որոնք ուղղորդվում են գործելու իրենց լիարժեք գիտակցական կամքին և շահերին հակառակ։

Թերևս, պրոպագանդայի, մանիպուլյացիայի և համոզման տարբերությունների մասին Ջոուեթի, Օ’Դոնելի և վան Դեյքի պատասխաններն ավելի շատ են նոր հարցեր առաջ բերում, ինչպես, օրինակ, սեփական շահի գիտակցման, սահմանման և ձևակերպման հնարավորության հարցերն են։ Ինչ-որ իմաստով նրանց մոտեցումների ամենաարժեքավոր կողմն էլ հենց դա է, որ թույլ է տալիս մեզ էլ ավելի խոր մտածել մեր մտքում ծագած հարցերի շուրջ։

1 http://www.merriam-webster.com/dictionary/propaganda

2 Գ. Ջահուկյան, Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ», Երևան, 2010, էջ 779 կամ http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=51&pageNumber=1200&query=%D6%84%D5%A1%D6%80%D5%B8%D5%A6 և այլ բառարաններ, նույն կայքից։

3 Ռ.Ս. Ղազարեան, Գրաբարի հոմանիշների բառարան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն, Անթիլիաս, 2006, էջ 692 կամ http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=36&query=%D6%84-%D5%A1%D6%80%D5%B8%D5%A6

4 Տե՛ս, օրինակ. «Մի շարք մարդիկ գրչով, խօսքով քարոզում էին ազատութիւն», Ալ. Խատիսյան (1938, մայիս); https://nakhshkaryan.wordpress.com/category/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B6%-D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/

5 http://www.etymonline.com/index.php?term=agitation&allowed_in_frame=0

6 http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=29&query=%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%81%D5%AB%D5%A1

7 http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24&query=%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%81%D5%AB%D5%A1

8 Օրինակ՝ նախընտրական քարոզարշավ կամ շարժման քարոզչություն։

9 Edward Bernays, Propaganda, 1928, p. 20.

10 Այս կոմիտեն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացնում էր երկրի ներսում պատերազմի մասին ամերիկյան քարոզչությունը։

11 Օրինակ, Չոմսկու «What Makes Mainstream Media Mainstream» բանախոսությունը Z Media Institute-ում (հունիս, 1997թ.)։

12 Մաքս Հորքհայմերը և Թոդոր Վ. Ադորնոն իրենց «Լուսավորականության դիալեկտիկան. փիլիսոփայական ֆրագմենտներ» գրքի նախաբանում պատերազմից 2 տարի անց՝ 1947թ. հունիսին, գրում են, որ գործը ձեռնարկել են՝ պատասխանելու այն հարցին, թե «...ինչու է մարդկությունն իրական մարդկային վիճակի գալու փոխարեն խորասուզվում նոր տիպի բարբարոսության խորխորատները»։

13 Edward Bernays, Propaganda, 1928, p. 10.

14 Edward Bernays, Propaganda, 1928, p. 52.

15 W.Lippmann, Phantom Public, 1925, p. 39.

16 Նույն տեղում, p. 19.

17 Donna L. Lillian Modality, Persuasion and Manipulation in Canadian Conservative Discourse // Critical Approaches to Discourse Analysis across Disciplines. 2008. Vol 2 (1), 1–16.

18 Ա.Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, ԵՊՀ, Երևան, 2009, էջ 679, http://nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=47&query=%D5%B1%D5%A5%D5%BC%D5%B6%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

19 Van Dijk T.A. (2006). Discourse and Manipulation. Discourse & Society 17(3), 359-383.

20 Van Dijk T.A. (2006). Discourse and Manipulation. Discourse & Society 17(3), p. 361.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր