• am
  • ru
  • en
Версия для печати
22.03.2012

ՀՀ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐՆ ԸՍՏ ՈԼՈՐՏԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ

   

Աննա Ժամակոչյան

«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ

Հոդվածում ներկայացված են 2011-2012թթ. «ՀՀ տեղեկատվական տարածքի իդեոլոգեմների ուսումնասիրության» ծրագրով1 իրականացրած ԶԼՄ փորձագետների հետ հարցազրույցներից ստացված նախնական գնահատականները՝ ՀՀ-ում լրատվական դաշտի զարգացման ընթացքի վերաբերյալ։ Փորձագիտական հարցազրույցներն իրականացվել են հեռուստատեսության, մամուլի և ինտերնետ լրատվամիջոցների գործող լրագրող-խմբագիրների և մեդիաոլորտի հետազոտողների հետ (8 փորձագետ)՝ նախապես մշակված հարցաշարով և ազատ հարցազրույցի մեթոդով (հարցաշարը տե՛ս Հավելված 1-ում)։ Հոդվածում ընդհանրացվել են փորձագետների նույնական մոտեցումները, միաժամանակ հաշվի են առնվել տարբերվող գնահատականները։ Ներկայացված են նաև հարցազրույցներից որոշ հատվածներ ուղիղ խոսքով և անանուն ձևաչափով՝ ինչպես պահանջում են մեթոդի գիտական և էթիկական սկզբունքները։

Ըստ մեր մոտեցման, ՀՀ լրատվական դաշտի զարգացման ընթացքը հարկ է դիտարկել խորհրդային ուշ շրջանից՝ 1985-ից սկսած, երբ հռչակվեց «վերակառուցումը» և թուլացավ խորհրդային կենտրոնական իշխանության վերահսկումը։ Հենվելով փորձագիտական կարծիքների վերլուծության վրա, հայրենական «նոր» մամուլի ձևավորման շրջանը (1985-2012թթ.) բաժանել ենք մի քանի հիմնական փուլերի և պայմանականորեն անվանել դրանք՝ ըստ հիմնական բնութագրերի։

1. Ազատականացում և ազգայնացում. 1985թ.-1990-ական թթ. կեսեր

Փորձագետների գերակշռող մասը Հայաստանի մամուլի զարգացման այս փուլի հիմնական բնորոշումն են համարում ազատականացումը։ Այդ միտումը սաստկանում էր 1988թ. Ղարաբաղյան շարժման ակտիվացմանը զուգահեռ։ Տեղական լրատվամիջոցներում այդ տարիներին ազգային պատմական հարցերը սկսեցին նոր լույսով ներկայացվել։ Խորհրդային Հայաստանի թերթերն իրենց թույլ էին տալիս գրել մինչ այդ փակ թեմաների մասին՝ տաբու համարվող մեկնաբանություններով։ Ինչպես նշում է փորձագետներից մեկը.

- Այդ ժամանակ հիմնականում ուշադրությունը բևեռված էր Ղարաբաղի խնդրի, հարցի պատմական արմատների վրա, շատ էին նաև հրապարակումներն ու ռադիոհաղորդումները` նվիրված Առաջին հանրապետության պատմությանը, որը ներկայացվում էր նորովի, ոչ ըստ խորհրդային քարոզչության: 1988-ից սկսած՝ մեր պատմաբանները և լրագրողները հնարավորություն ստացան գրել և խոսել այն ամենի մասին, ինչ իրականում տեղի էր ունեցել։

Միևնույն ժամանակ, լրատվամիջոցների ազատականացումն ավելի շատ կապված էր ազգայնացման գործընթացի հետ, քան ժողովրդավարական ազատությունների։ Փորձագետներից մեկը հիշատակում է.

- Խոսքի ազատությունն այն ժամանակ ուներ ակնհայտ ազգայնական երանգ. այն, ինչ կապ ուներ ղարաբաղյան հարցի հետ, առանց խոչընդոտների ներկայացվում էր տպագիր մամուլում։

Նույնիսկ պետական հեռուստաալիքով լրագրողները երբեմն հնարքներ էին կիրառում՝ ցույց տալու ազգային հարցերի շուրջ հասարակությանն իրենց աջակցությունը։ Փորձագետներից մեկն, օրինակ, հիշատակում է «Լրաբեր» համապետական լրատվական թողարկման հաղորդավարի կողմից Մ.Գորբաչովի ազգանունը «գյորբաչով» հնչեցնելու դեպքը։ Նմանօրինակ փաստերով դրսևորվում էր հայկական ազգային ԶԼՄ ինքնատարանջատումը խորհրդայինից։ Չնայած կենտրոնական իշխանությունների քաղաքական ճնշումներին զուգահեռ մեծանում էր ճնշումը նաև ԶԼՄ-ի նկատմամբ՝ ընդհանուր առմամբ, ազգային վեկտորով խոսքի ազատականացման ընթացքը հարաճուն էր։ Դրա վկայությունն էին 1988թ. սումգայիթյան դեպքերի լուսաբանումները։ Որպես օրինակ փորձագետներից մեկը մտաբերում է «Ջրբաժան» (Водораздел) հոդվածը.

- Արմեն Հովհաննիսյանն իր «Ջրբաժան» (Водораздел) հոդվածում ոչ միայն համարձակվեց խոսել 1988-ի սումգայիթյան դեպքերի մասին, թե ինչ էր այնտեղ կատարվել (որքանով դա հնարավոր էր), այլև կապել սումգայիթյան իրադարձությունները հայերի Ցեղասպանության հետ։

Բացի պաշտոնական լրատվամիջոցների փոխակերպումներից, այս շրջանում փորձագետներից մեկը կարևոր ֆենոմեն է համարում «տեղական հայկական սամիզդատ»-ի զարգացումն ու առավել զանգվածայնացումը։ Նրանք, որ մինչ այդ ռուսալեզու «սամիզդատի» ընթերցողներ էին, դարձել էին նաև բովանդակություն կերտողներ. տպագրվում և ստեղծվում էր «հայկական սամիզդատը»՝ ղարաբաղյան ու անկախության թեմատիկայով գրականություն, որը տարածվում էր հանրության լայն շրջանակներում։

2. Տպագիր մամուլի «ոսկեդար». 1990-ական թթ. կեսեր – 1993թ.

Այս «բովանդակային» ազատականացումը և երկրի քաղաքական գործընթացները սահուն անցում ապահովեցին ինստիտուցիոնալ ազատականացման, երբ հեշտացվեց թերթերի գրանցման մեխանիզմը. այն քաղաքականից դարձավ տեխնիկական գործընթաց։ Արդյունքում՝ 1990թ. օգոստոսից սկսեցին նոր թերթեր լույս տեսնել, այդ թվում՝ «հայրենադարձված» կուսակցությունների պաշտոնաթերթերը՝ «Ազգը» և «Երկիրը»։ ՀՀ ԶԼՄ զարգացման այս 2-րդ փուլում ձևավորվեց լրատվական դաշտի՝ նախադեպը չունեցած բազմազանությունը, որին, ըստ փորձագետների, նպաստող գործոններն էին.

  1. թերթերի հիմնադրման հեշտացված մեխանիզմի ներդրումը,
  2. թերթի տպագրության դեռևս խորհրդային մատչելի գինը,
  3. նոր ստեղծված, ինչպես նաև խորհրդային թերթերի պահպանվող մեծ տպաքանակները,
  4. հանրային մեծ պահանջարկը և հետաքրքրվածությունը մամուլով,
  5. լրագրողների՝ ազատականացման հետ կապված խանդավառությունը,
  6. գրաքննության բացակայությունը։

Այս փուլը փորձագետների հիշողություններում մնացել է որպես «ազատ մամուլի», «մամուլի վերածննդի», «ծաղկման» շրջան կամ «մամուլի ոսկեդար»։ Նրանցից մեկի խոսքերով.

- Որքան հիշում եմ, 1990-ականներին ուղղակի ազատություն էր, մարդիկ հաճույք էին ստանում, որ կարող են ազատ գրել։ Ազատ մամուլ ասվածը հենց այդ թվականներին էր։

ԶԼՄ ընդհանուր ազատականացման, մասնավորեցման ու բազմազանության ֆոնին փորձագետները հիշատակում, թեև աննշան և ոչ համակարգային են համարում այդ տարիներին տեղի ունեցած ոտնձգությունները մամուլի նկատմամբ։ Այսպես, օրինակ, փորձագետներից մեկն այսպես է բնորոշում նմանօրինակ դեպքերը.

- Մամուլը բացարձակապես ազատ էր: Ճիշտ է, լինում էին ինչ-որ մասնավոր հարձակումներ լրատվամիջոցների վրա` հարձակվում էին, ինչ-որ մի տեղ այրում, օրինակ, «Ուրբաթ» թերթն ունեցավ այդպիսի խնդիր: Բայց դրանք մասնավոր դեպքեր էին, օրինաչափություն չէին, և հիմնականում մթնոլորտն ու ամբողջ իրավիճակը բավական ազատ էին:

Այս կարճատև «ոսկեդարը» տևեց մինչև 1992թ. վերջին սկսված էներգետիկ ճգնաժամը։

3. Ճգնաժամ և փորձություն. 1993-1995թթ.

Հաջորդած 3-րդ փուլը, թերևս, ամենադժվար շրջանն էր հայաստանյան մամուլի համար. այս տարիներին իրենց գործունեությունը հիմնականում կարողացան շարունակել միայն այս կամ այն կառույցից կախյալ, ֆինանսական ու տեխնիկական միջոցներ ունեցող պարբերականները։ Փորձագետներից մեկը այսպես է նկարագրում իրավիճակը.

- Դժվարությունները սկսվեցին 1992-1993թթ. ձմռանը, երբ էներգետիկ ճգնաժամի պատճառով կանգնեցին որոշ արդյունաբերական հիմնարկներ, այդ թվում՝ որոշ տպարաններ: Այդ ժամանակ, ճիշտ է, տեխնիկական առաջընթաց տեղի ունեցավ՝ ի դեմս համակարգիչների, բայց քանի որ շատ քչերն ունեին այդ հնարավորությունները, քչերն ունեին կանոնավոր լույս, բոլոր անկախ թերթերը, որոնք աջակցություն չէին ստանում պետությունից կամ խոշոր կուսակցություններից, լուրջ խնդիրներ ունեցան. թողարկման պարբերականությունը խախտվեց, գներն ու ծախսերը շատացան և ինքնածախսածածկման հնարավորությունը վերացավ. մենք մտանք լրատվամիջոցների զարգացման ամենամութ շրջանը։

Այս շրջանում տեղի ունեցավ մամուլի տպաքանակի կտրուկ նվազում, թերթերը շարունակեցին տեղեկատվական աղբյուր մնալ սահմանափակ լսարանի համար։ Այդ իսկ պատճառով դրանց բովանդակությունը քիչ էր հետաքրքրում պետական մարմիններին. թերթերի առաջ քաշած հարցադրումները մնում էին անպատասխան, թուլացավ հանրային կյանքի բարեփոխման վրա թերթերի՝ նախկինում (խորհրդային շրջանում) ունեցած բարձր ազդեցությունը2։ Այդպիսով, հանրության այն ակնկալիքները, թե թերթերը պետք է խնդիրները բարձրաձայնելով ստիպեն պատասխանատու մարմիններին տալ դրանց լուծումները, մնացին չիրականացված։ Փորձագետների խոսքերով.

- Խորհրդային ժամանակ մամուլի ազդեցությունը, նշանակությունը այլ էր. թերթերը պետք է, կոպիտ ասած, «հարց լուծող» լինեին, և այդ իներցիան հետագայում՝ մեր անկախ շրջանում, մենք՝ լրագրողներս զգացինք։ Մարդիկ դիմում էին մեզ՝ ակնկալիքով, որ հրապարակումից հետո ինչ-որ բան պետք է փոխվի, և հիասթափվում էին՝ տեսնելով, որ թերթում հրապարակումը շատ քիչ դեպքերում էր դառնում խնդրի կարգավորման միջոց։ - Թերթում գրվածը համարյա ոչինչ էր, այն «բանի տեղ» չէր դրվում իշխանությունների կողմից։ Նրանք, մասնավորապես տպագիր մամուլի նկատմամբ, ունեին այսպիսի վերաբերմունք. «Դե, գրում են իրենց համար, 2000-7000 տպաքանակով նեղ քաղաքականությամբ հետաքրքրվող մարդկանց համար, որոնք առանց այդ էլ գիտեն այն ամենը, ինչ գրված է թերթերում, պետք չէ դրա վրա ուշադրություն դարձնել»։

Այս փուլը նշանավորվեց նաև 1994-1995թթ. դաշնակցություն կուսակցության գործունեության արգելքով և, դրան զուգընթաց, դաշնակցական մամուլի և դրա հետ առնչություն չունեցող մի շարք այլ լրատվամիջոցների, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի փակումով։ Փորձագետների գնահատականներով.

- Լրատվամիջոցների զարգացման ամենամութ շրջանը շարունակվեց մինչև 1995թ. և ավարտվեց շատ դրամատիկ ձևով, երբ փակվեցին դաշնակցություն կուսակցությունն ու նրան հարող բոլոր կառույցները` շաբաթաթերթը, տպարանը, լրատվամիջոցները և նույնիսկ անմիջապես դաշնակցության հետ կապ չունեցող, բայց ընդդիմադիր դիրքերից հանդես եկող թերթերն ուղղակի արգելվեցին, շատերի գույքը ոչնչացվեց, և երևի դա վերջակետն էր Հայաստանում բազմազան և ազատ մամուլի:

- 1995թ. բարձրակետն էր, երբ շատ հրատարակչություններ պատուհանից իրենց համակարգիչները նետում էին բեռնատարները. ուժեղ ճնշումներ էին մամուլի դեմ: «Ազատություն» ռադիոկայանում էլ նույն բանն արվեց այն պատրվակով, որ այնտեղ հիմնականում դաշնակներ են նստում: Այսինքն՝ հակադաշնակցական պատրվակով ճնշվեց ազատ մամուլը։

Ըստ փորձագետների՝ նման իրադարձությունները, մյուս կողմից, խթանեցին լրագրողական առաջին կազմակերպությունների հիմնադրումը, որոնց նպատակն էր ինքնակարգավորման և լրագրության պաշտպանության մեխանիզմներ ձևավորել, ինչպես նաև կապեր հաստատել միջազգային կազմակերպությունների հետ. այդ տարիներին թերթերի փակման ժամանակ եղան առաջին լրագրողական համերաշխության դրսևորումները։

4. Ճգնաժամի հաղթահարում և առաջընթաց. 1996-2001թթ.

Չորրորդ փուլը ԶԼՄ դիրքերի վերականգնման պայքարի անցումային փուլ կարելի է համարել, երբ էներգետիկ ճգնաժամի աստիճանական հաղթահարումը և քաղաքական աշխուժացող գործընթացները մեծացրել էին լրատվամիջոցների աշխատանքի հնարավորությունները։ Այս ընթացքում (1998թ.) վերաբացվեց «Ազատություն» ռադիոկայանը, վերականգնվեցին դաշնակցական լրատվամիջոցները։ Տպագիր մամուլը, ճիշտ է, որոշակի վնասներով՝ ավելի փոքր տպաքանակով և լսարանով, այս կամ այն քաղաքական հովանավորչությունից կախվածության մեջ մտնելով, բայց կարողացավ որոշակիորեն կայունացնել իր գործունեությունը։ Իսկ հեռուստատեսային ոլորտում շատացան հեռարձակողները՝ դառնալով արդեն շուրջօրյա էլեկտրաէներգիա ունեցող հասարակության համար հիմնական տեղեկատվական աղբյուրը։ Այս տարիները հեռուստատեսության առաջխաղացման և զարգացման շրջանն էին. հեռուստաընկերություններ էին հիմնվում և՛ Երևանում, և՛ մարզերում։ Փորձագետների խոսքերով.

- Հետագայում իրավիճակը մի փոքր մեղմվեց, բայց թերթերի համար հին շուկային վերադառնալ այլևս հնարավոր չէր, որովհետև տպագրության ծախսերը շատ էին, թերթերի գինը՝ բարձր, իսկ մարդիկ հետ էին վարժվել թերթեր կարդալուց։ Նույնիսկ այն թերթերը, որոնք շատ թե քիչ վերականգնվեցին, 5-10 անգամ ավելի քիչ տպաքանակ ունեին:

- 1998-1999 թվականներից շատացան հեռուստաընկերությունները, և այլևս Հայաստանում հեռուստաընկերությունները հիմնական տեղեկատվության աղբյուրն էին: Իշխանությունների կողմից վերահսկողություն կար միայն մի քանիսի նկատմամբ, իսկ մյուսներն ազատ էին: Այս շրջանն արդեն ոսկեդար կարելի է համարել ոչ թե մամուլի, այլ հեռուստաընկերությունների համար:

Այս տարիներին քաղաքական ուժերի միջև աճող պայքարը հանգեցրել էր ԶԼՄ դաշտի որոշակի «կուսակցականացման» - «բարիկադավորման», երբ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը սեփական ազդեցության թերթերի և հեռուստաալիքների էր տիրապետում։ Արդյունքում՝ ԶԼՄ դաշտի ազատությունը կրկին սահմանափակ էր, պարզապես ոչ թե բոլորը մեկ կենտրոնի էին ենթարկվում, այլ յուրաքանչյուրը՝ իր։ Փորձագետներից մեկի բնորոշմամբ.

- Եթե խորհրդային շրջանում մամուլն ուղղակի մեկ կենտրոնից՝ կոմկուսից էր կառավարվում, ապա մոտավորապես 1996 թվականից հետո ընդդիմությունն ուներ իր լրատվամիջոցները, իշխանությունն` իր:

Մյուս կողմից, սակայն, 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչությունը իշխանությունների համար հիմք հանդիսացավ ԶԼՄ-ի նկատմամբ վերահսկողությունը լեգիտիմացնելու և այդ ուղղությամբ քայլեր նախաձեռնելու համար։

5. «Բարիկադավորում» և քարոզչականացում. 2002-2006թթ.

Լրատվամիջոցների, հատկապես հեռուստաալիքների նկատմամբ վերահսկողության մեծացումը դրսևորվորվեց 2002թ. «Նոյան տապան» և «Ա1+» հեռուստաալիքների եթերազրկումով, ինչն արդեն ազդարարում էր Հայաստանում ԶԼՄ անցնող ճանապարհի նոր փուլի մասին։ Փորձագետների գնահատմամբ.

- Հեռուստատեսության ոսկեդարն ավարտվեց 2002թ., երբ արտոնագիր չստացան «Ա1+» և «Նոյան տապան» հեռուստաընկերությունները: Հայաստանում սկսվեց վերահսկողությունը հեռարձակվող լրատվամիջոցների նկատմամբ, երբ բոլոր տեղեկատվական հաղորդումները պետք էր համաձայնեցնել իշխանությունների հետ՝ անկախ նրանից, թե ինչ կարգավիճակ ուներ հեռուստաընկերությունը՝ պետական-հանրային, թե մասնավոր. բոլորի տեղեկատվական և քաղաքական հաղորդումները վերահսկողության տակ էին, և այդպես էլ մնում է մինչև այսօր:

- Որքան իշխանությունը դարձավ կենտրոնաձիգ և ավելի ուժեղ, որքան իշխանության համար պայքարը դարձավ ավելի կառուցվածքային, այնքան խոսքի ազատությունը նահանջեց (անկախության առաջին տարիներին եթերն ավելի ազատ էր): Հեռուստաընկերությունները դարձան այդ ամենի գերին:

Հեռուստաալիքների ամբողջական վերահսկումը քաղաքական ընդդիմությանը վերջնականորեն մղեց դեպի իրեն թույլատրված միակ տարածք՝ տպագիր մամուլ, որով ուժեղացան 1990-ականների 2-րդ կեսից սկսված մամուլի իշխանամետ և հակաիշխանական բևեռացումը և լրագրողական պրոֆեսիոնալիզմի հետընթացը։ Հեռուստաալիքների և տպագիր մամուլի խորացող քաղաքական «բարիկադավորումն» է՛լ ավելի խթանեց երկու ոլորտներում էլ լրագրության որակի անկմանը։ Կողմնակալ հեռուստաեթերին հակակշռող միակ միջոցը՝ ընդդիմադիր մամուլը, դարձավ ծայրահեղական, մարգինալացված և ոչ էթիկական։ ԶԼՄ դաշտը մեծ մասամբ վերածվեց կոպիտ քարոզչության միջոցի։ Փորձագետներն իրավիճակը բնութագրում են այսպես.

- Սկսեցին ձևավորվել կոնկրետ ընդդիմադիր ծայրահեղական տպագիր մամուլ և իշխանամետ հեռուստաընկերություններ։

- Թերթերն իրենց փոքր տպաքանակով քաղաքական առումով բավական բազմազան էին, բայց միևնույն ժամանակ՝ բևեռացված, որովհետև առանց քաղաքական աջակցության այլևս գոյատևել հնարավոր չէր, և միայն այն թերթերը կարող էին գոյատևել, որոնք հարում էին այս կամ այն կուսակցությանը, քաղաքական-բիզնես շրջանակներին։ Բայց այդ բազմազանությունն այլևս չէր գրավում բնակչությանը, որովհետև մարդիկ կորցրել էին կարդալու սովորությունը և չնայած միակողմանի, բայց տեղեկատվության միակ աղբյուր դիտարկում էին հեռուստաընկերությունները։ Դա մինչ օրս այդպես է:

ԶԼՄ որակի և պրոֆեսիոնալիզմի անկման վրա (չճշտված կամ միակողմանի տեղեկատվության հրապարակումներ, ստանդարտների, կանոնների վերացում) ազդեցության իր հետքը թողեց նաև մասնագիտական ընդհատված սերնդափոխությունը կամ լրագրողների կտրուկ երիտասարդացումը։ Խորհրդային լրագրողական դպրոցի վերացումը, մի կողմից, հանգեցրեց գրաքննությանն անսովոր լրագրողների ներգրավմանը, մյուս կողմից՝ ոլորտը զրկեց լրագրողական ստանդարտներից ու կանոններից։ Որոշ փորձագետների դիտարկումներով.

- Աստիճանաբար՝ 2000-ականներից սկսած, լրագրողների նոր սերունդը եկավ մամուլ՝ հսկայական քանակությամբ լրագրողներ, որոնք այնտեղ հայտնվում էին հենց ուսանողական նստարանից։ Եթե առաջ թերթում աշխատելը բավական բարդ էր, և միայն հասուն տարիքում կկարողանայիր հասնել դրան, այդ ժամանակ մի փոքր իջավ պրոֆեսիոնալիզմի պահանջվող շեմը:

- Երբ փլուզվեց Սովետական Միությունը, մենք կորցրինք լրագրողական դպրոցը և մի ողջ սերունդ։ Ըստ էության, ստանդարտները հեռուստատեսությունում կորան ու մինչև այսօր էլ չկան: Կարող ես գալ փողոցից և 5 րոպե հետո լուրջ հաղորդում վարել: Այնինչ, հեռուստատեսությունում, հատկապես լրատվական հաղորդումներում, պետք է աշխատեն 30 տարեկանից բարձր, կենսափորձով մարդիկ։

- Նաև ՝ մամուլը լցնելով այնպիսի տեղեկատվությամբ, որը վստահելի և արժանահավատ աղբյուրներից չէր։

Փորձագետներից մեկի բնորոշմամբ լրագրողները ևս իրենք իրենց «արջի ծառայություն» մատուցեցին։ Աշխարհի տարբեր երկրների մամուլին բնորոշ այնպիսի «հիվանդություն», ինչպիսին էր անանուն, «վստահելի», բայց իրականում անարժանահավատ աղբյուրների վկայակոչումը և դրանց անմիջապես հաջորդող հերքումը (երբեմն ոչ թե մեկ օրվա, այլ անգամ մեկ ժամվա ընթացքում), դարձավ նորմ մեր մամուլում։

6. Ցանցայնացում և մրցակցության աճ. 2007թ. մինչև այժմ

Վեցերորդ փուլն առցանց մամուլի առաջխաղացման և դրանից բխող փոխակերպումների փուլն է։ Սկզբնական շրջանում առցանց լրատվամիջոցները, որ սկսել էին ձևավորվել դեռևս 2000-ից, ՀՀ ներքին կյանքում լուրջ դերակատարում չունեին։ Երկրում ինտերնետի մատչելիացմանը զուգընթաց ձևավորվեց առցանց լրատվամիջոցների ներքին լսարանը, և մեծացավ դրանց նշանակությունը։ Այս լրատվամիջոցների ազդեցության աճը հատկապես դրսևորվեց 2007թ. ԱԺ ընտրությունների նախաշեմին։ Ըստ փորձագետների, այդ շրջանում ինտերնետն սկսեց առաջին անգամ օգտագործվել որպես տեղեկատվական և քարոզչական միջոց։ Նոր կամ այլընտրանքային մեդիայի և բլոգների դերակատարումը գագաթնակետին հասավ 2008թ. նախագահական ընտրություններին, հատկապես մարտի 2-20-ին հայտարարված արտակարգ դրության պայմաններում։ Փորձագետների կարծիքով.

- Կարևոր գործոն էր 2008թ. մարտի 2-20-ի արտակարգ դրությունը. հայաստանյան իշխանությունների կողմից առաջին և դեռևս վերջին անգամ ինտերնետի ֆիլտրացումը հանգեցրեց նոր մեդիաների դիրքերի ամրապնդմանը: Այդ պահին միայն այլընտրանքային մամուլն էր աշխատում:

- Այդ օրերին և դրանից առաջ էլ բոլոր ավանդական լրատվամիջոցները հսկողության տակ էին, բայց ինտերնետը բաց էր ու բազմազան, և մենք ականատես էինք, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր տանը չունեին ինտերնետ, հարևանների կամ բարեկամների, ընկերների միջոցով լուրերը սկսեցին վերցնել արդեն ինտերնետից։ Ինտերնետը հետզհետե ավելի մեծ տեղ է զբաղեցնում որպես տեղեկատվական աղբյուր:

Առցանց լրատվամիջոցների հաղթարշավն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվում է մինչ օրս։ Ինտերնետային և մոբայլ տեխնոլոգիաների օգտատերերի թվաքանակի մեծացումը Հայաստանի ԶԼՄ դաշտի փոխակերպումների ժամանակակից փուլը բնորոշող հիմնական գործոններից է։ 2010-ից, օրինակ, նկատելի դարձավ ինտերնետային լրատվամիջոցների, բլոգոսֆերայի և վիրտուալ սոցիալական ցանցերի ազդեցությունը ոչ միայն լսարանի, այլև ավանդական լրատվամիջոցների գործունեության վրա։ Ինտերնետային լրատվամիջոցները, առավել օպերատիվ, ճկուն, ընտրովի, բազմակողմանի և հասանելի լինելու շնորհիվ, ուժեղ մրցակցության մեջ մտան ավանդական ԶԼՄ-ի, առաջին հերթին՝ տպագիր թերթերի հետ։ Փորձագետների դիտարկումներով.

- Հիմա լրագրությունն ընդհանրապես լրագրողների մենաշնորհը չէ. լուր հաղորդել, տեսակետներ տարածել կարող են այնպիսի մարդիկ, ովքեր լրագրության հետ կապ չունեն. պարզապես բլոգ են վարում կամ որևէ սոցիալական կայքում իրենց էջն ունեն։ Վերջին երկու տարիների ընթացքում ողջ աշխարհում տպագիր մամուլը, եթե չասենք՝ «մեռնում» է, ապա զգալիորեն զիջում է դիրքերը համացանցին, որովհետև տպագիր մամուլը չի կարողանում մրցակցել գոնե օպերատիվությամբ։

- Թերթ.am-ը, news.am-ը, 1.am-ը, «Ազատության» կայքը, lragir.am-ը ունեն նույնիսկ մոբայլ տարբերակներ, panarmenian-ը ընդհանրապես ունի լատինատառ հայերեն տեքստեր, այդ իմաստով, կարծում եմ, դրանք լուրջ լրատվամիջոցներ և լուրջ մարտահրավեր են ավանդական ԶԼՄ-ին:

Այսպիսով, տպագիր մամուլը կանգնեց պարտադրված որակական փոփոխությունների հրամայականի առջև։ Շատերը սկսեցին բացել և զարգացնել իրենց առցանց տարբերակները, որտեղ ոչ միայն տեղադրում են տպագիր համարը, այլև տրամադրում են օրվա ընթացքում օպերատիվ թարմացվող լուրեր և լսարանի հետ հակադարձ կապի հարթակ։ Կայք-թերթերից հաջողակները կարողանում են օգտագործել սոցիալական ցանցերն իրենց լսարանի մեծացման նպատակով և վերածվել մեծաքանակ ընթերցողներով առցանց լրատվամիջոցների։ Սոցիալական ցանցերը ոչ միայն տեխնիկական աջակցություն են ցուցաբերում, այլև հաճախ թեմատիկ ուղղվածության հիմք և սկզբնաղբյուր են դառնում լրատվական կայքերի ու թերթերի համար։ Ինչպես նշում են փորձագետները.

- 2010թ. ավանդական և այլընտրանքային մամուլը սկսեցին միասին ընդհանուր դաշտ ձևավորել: Այսինքն՝ սոցիալական ցանցերը ներխուժեցին ավանդական մամուլ, դարձան նյուզմեյքերներ։

- Ամբողջ աշխարհում կա այս միտումը, բայց Հայաստանում այն ավելի արագ ու ցավոտ եղավ. 6000 տպաքանակով թերթերը 2000-3000 տպաքանակի շեմին են կանգնած։ Շատերը պարտադրվեցին լիովին փոխել իրենց աշխատաոճը և ոչ միայն իրենց համարը տեղադրել համացանցում, այլև բացել գոնե օրվա ընթացքում թարմացվող կայքեր, իսկ նրանք, որոնք դա չարեցին, աստիճանաբար մղվում են «լուսանցք»։

- Այն դեպքում, երբ առաջատար ցանցային լրատվամիջոցներն ունեն օրական 50.000-60.000 այցելու, արդեն անլուրջ է խոսել տպագիր մամուլի մասին, որն ունի 5000, առավելագույնը՝ 6000 տպաքանակ։ Նույնիսկ ոչ այնքան դեղին կայքերն ունեն 20.000- 30.000։ Եթե նույնիսկ դրանց 40%-ը Հայաստանից չէ, միևնույն է, տպագիր թերթերից կրկնակի շատ ընթերցող ունի։

Հեռուստատեսությունը ևս սկսեց արձագանքել ինտերնետային լրատվամիջոցների զարգացմանը. այժմ առաջ են եկել ինտերնետային իրադարձությունների տեսություն ներկայացնող հեռուստահաղորդումներ։ Որոշ հայկական հեռուստաալիքներ իրենց ինտերնետային կայքում ոչ միայն տեղադրում են արդեն ցուցադրված հաղորդումները, այլև իրականացնում են ուղիղ հեռարձակում։ Ընդհանուր առմամբ, առցանց տեքստային լրատվամիջոցները ևս փորձում են տեսանյութեր ավելի շատ կիրառել և ձգտում են վերածվել ինտերնետային հեռուստամիջոցների։ Հեռուստատեսության ոլորտի որոշ փորձագետներ նկատում են նաև հեռուստաալիքների բովանդակային փոփոխության միտումներ՝ պրոֆեսիոնալիզմի ձգտելու փորձեր։ Ըստ այս տեսակետի, ինտերնետի միջոցով բազմազան լրատվության հասանելիություն ունեցող հանրության մեջ լսարանի և ազդեցության պահպանման համար նրանք ստիպված են վերանայել իրենց միակողմանի տեղեկատվական քաղաքականությունը.

- Այս 20 տարիների ընթացքում մենք անընդհատ ապրում ենք լրատվամիջոցները որպես քարոզչամեքենա, գործիք օգտագործելու, հետո դրանք ազատականացնելու, հետո նորից օգտագործելու և ազատականացնելու շրջաններ։ Հիմա մենք ապրում ենք հենց այդ ազատականացման բումի շրջանը, երբ շատերը հասկացան, որ կարող են զրկվել լրատվամիջոցների ազդեցությունից, եթե քիչ թե շատ պրոֆեսիոնալ չգտնվեն, չլինի վերադարձ դեպի մասնագիտական կատարում։ Խոսքն, ի դեպ, վերաբերում է ոչ միայն իշխանությանը կամ չինովնիկներին, այլև սեփականատերերին, որովհետև մեդիան մեզ մոտ մասնավոր է։ Իրենք էլ հասկացան, որ հնարավոր չէ այդքան միակողմանի ինֆորմացիա տալ. դու կպարտվես շատերին, այդ թվում նաև առցանց մեդիային, որն այսօր լուրջ գործիք է դարձել, և ոչ միայն գործիք, այլև գործոն. և՛ գովազդն է այնտեղ գնում, և՛ մարդիկ։

- Եթե մարդ կարող է այսօր Youtube-ով մի բան տեղադրել, և հազարավոր մարդիկ դա կարող են տեսնել, իսկ հեռուստատեսությունը լրիվ փակ է, դա արդեն ծիծաղելի է: Այսինքն՝ աճող ինտերնետն իր պայմաններն է թելադրում հեռուստատեսությանը: Հեռուստատեսությունը դեռ զարգանալու տեղ ու հեռանկար ունի:

2008թ. ավանդական լրատվամիջոցների նկատմամբ իր առավելությունները դրսևորած ինտերնետային ոլորտը նաև ավանդական ԶԼՄ տիրապետողների ուշադրությունը գրավեց, ովքեր շատ արագ իրենց ներդրումներն ուղղորդեցին նաև այստեղ։ Արդյունքում՝ Հայաստանում օրեցօր նոր լրատվական կայքեր են հայտնվում. կայուն և մեծաքանակ լսարան պահպանելու թեժ մրցակցությունը խիստ բարձր է նաև ինտերնետային լրատվամիջոցների միջև3։ Փորձագետները նշում են.

- 2008-ին այս երկրում հասկացան, որ չնայած «Ա1+»-ը հեռուստատեսությունում չկա, բայց այդ պահին ինտերնետում այն ամենաուժեղներից մեկն էր, և պետք էր այնպես անել, որ միայն նա չլիներ ուժեղ։ Ինտերնետում սկսեց փող դրվել, ուժեղ ինտերնետային պարբերականներ հայտնվեցին, ու մրցակցությունն ուժեղացավ։

- Հիմա մեծ ուշադրություն են սկսել դարձնել ինտերնետին, որն աստիճանաբար ավելի մեծ տիրույթ է զբաղեցնում մեր լրատվաշուկայում՝ արդեն իսկ մրցակցած և հաղթած լինելով տպագիր մամուլին և արդեն «շնչելով հեռուստատեսությունների ծոծրակին»։

Հետևաբար, եթե մինչև այս փուլը Հայաստանի ԶԼՄ զարգացումները և ազատականացման փուլերը մեծապես պայմանավորված էին քաղաքական գործոններով, ապա հիմա հիմնական գործոն են դիտվում նաև Հայաստանում ակտիվ տարածվող տեխնոլոգիաներն ու դրանցով գործող զանգվածային հաղորդակցման միջոցները։ Որոշ փորձագետներ համոզված են, որ.

- Այսօր կարելի է ասել, որ ինտերնետային լրատվամիջոցները հեռուստաընկերություններից հետո երկրորդ տեղում են, և նրանց լսարանն օրեցօր մեծանում է։ Երբ կարողանա հավասարվել հեռուստաընկերություններին, ըստ իս՝ ընդհանրապես տեղեկատվական դաշտը վերահսկելն անհնարին և անիմաստ է դառնալու, և գուցե մենք վերադառնանք այն վիճակին, որ ունեինք 1990-1992թթ., երբ մարդկանց համար տեղեկատվությունը մատչելի էր, ազատ և բազմազան։

- Որոշակի ազատականացում լինելու է՝ անկախ իշխանություններից. դա տեխնոլոգիաների զարգացում է, որի դեմ նրանք ոչինչ անել չեն կարող։ Եթե կարողանային՝ կանեին, ինչպես որ, ասենք, 2008թ. մարտին, երբ անջատեցին դոմեյնները (կայքի հասցե)։ Այդպիսի վտանգներ այսօր ևս կան, բայց տեխնիկապես փակել բոլոր անցքերն ու ինֆորմացիայի տարածման խողովակները՝ հետզհետե անհնարին է դառնալու:

Այդուհանդերձ, առավել թերահավատ փորձագետները Հայաստանում ԶԼՄ դաշտի բովանդակային-որակական բարելավումները ժամանակավոր են համարում, քանի որ առայժմ՝ համակարգային ու հասարակական այս իրավիճակում, առաջնահերթությունը տալիս են ոչ թե տեխնոլոգիական զարգացման գործոնին, այլ առանձին որոշում կայացնողների անձնական ցանկություններին.

- Քանի դեռ ամեն ինչ կախված է մի քանի հոգու ցանկություններից, միշտ կարող ես մի քիչ ավելի լավը՝ բաց, կամ ավելի փակ լինել, բայց համակարգի առումով փոփոխություն չկա: Հիմա ավելի բաց է, բայց դա բարի կամքի դրսևորում է, ոչ թե համակարգային հատկանիշ: Վաղը կարող է լինել ավելի փակ: Բացի այդ, չկա նաև լրագրողների այն սերունդը, որը պետք է դիմադրի, մթնոլորտ փոխի. ներքևից ևս դիմադրություն չի առաջանում:

- Հեռուստատեսությունը երկար տարիներ դեռ մրցակցություն չի ունենա, որովհետև այն հեշտ հասանելի է լսարանի համար. մարդը ջանք չի գործադրում, սեղմում է կոճակը, միացնում և վերջ: Ինտերնետի համար պետք է ջանք գործադրի, պիտի կարդա: Իսկ հեռուստատեսության պարագայում ուղեղդ անջատում ես, ինքը լցնում է:

Բացի այդ, փորձագետներն ապագայում չեն բացառում առցանց լրատվամիջոցների «բարիկադավորումը» և բևեռացումն ըստ քաղաքական ուղղվածությունների՝ ավանդական ԶԼՄ համանմանությամբ։ Իսկ դա կնշանակի բազմավեկտոր, բազմակողմանի լրատվահոսքից հրաժարում և ծայրահեղացում։ Որոշ փորձագետներ արդեն նկատում են այդպիսի միտումներ.

- Ես լավ տեսնում եմ, որ քաղաքական ուժերը շատ ակտիվ են համացանցում։ Տեսնում եմ, որ որոշակի կայքեր նույն ծագումնաբանությունն ու ձեռագիրն ունեն և գործում են նույն խմբի կամ սեփականատերերի ազդեցության ներքո, թեև այլ անձանց միջոցով, և տեսնում եմ, որ այդ կայքերը շատ ակտիվ առաջ են մղվում։ Ես տեսնում եմ, որ նրանք երևութականորեն չեզոքություն են պահպանում, սակայն հրաշալի իմանալով այդ ասպարեզում գործող տեխնոլոգիաները՝ ես մտավախություն ունեմ, որ նրանք պահպանվում են X ժամի համար։

Այսպիսով, Հայաստանում ԶԼՄ զարգացման ճանապարհը և ներկայիս բուռն փոփոխությունների ընթացքը նորանոր զարգացումներ են խոստանում, որոնց հավանական ուղղվածությունները կարող են տարբեր վեկտորներ ունենալ՝ կախված ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ ներքաղաքական ու հանրային գործոններից։

Հավելված 1

ՄԵԴԻԱՓՈՐՁԱԳԵՏԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ա. Հայաստանյան տեղեկատվական տարածության համատեքստը

1. Ձեր կարծիքով, ի՞նչ զարգացման փուլեր է անցել Հայաստանի տեղեկատվական դաշտը սկսած խորհրդային ուշ շրջանից մինչև այսօր։ Կա՞ն արդյոք շրջադարձային կետեր այդ զարգացման ընթացքում։ Եթե այո, ապա որո՞նք են։

2. Նշեք, խնդրեմ, ներկա հայաստանյան ինֆորմացիոն դաշտի հիմնական և ընդհանուր բնութագրիչները։

3. Որո՞նք են այսօր հայաստանյան հեռուստատեսությամբ, ռադիոյով, մամուլով և ինտերնետով կազմավորվող ինֆորմացիոն դաշտերի առանձնահատկությունները։

4. Գնահատեք, խնդրեմ, հեռուստատեսային, ռադիո, մամուլ և ինտերնետ ԶԼՄ-ների տիպերի համեմատական ազդեցությունները հասարակության արժեքային և գաղափարական դիրքորոշումների վրա։

Բ. Հեռուստաալիքներ; /Գ. Մամուլ; /Դ Ինտերնետ

Կախված հարցվող փորձագետի իմացության ոլորտից՝ հարցերը ձևակերպել միայն հտ-ների կամ միայն մամուլի կամ էլ միայն ինտերնետ կայքերի համար

5. Ձեր կարծիքով, ունե՞ն արդյոք հայաստանյան լրատվամիջոցները տեղեկատվական քաղաքականություն։ Եթե այո, ապա խնդրում եմ փորձեք մեկ-երկու նախադասությամբ բնութագրել տեղեկատվական քաղաքականության առկա հիմնական ուղղությունները (ՊԱՐԶԵԼ Կարծիք ձևավորողների ինչ հիմնական խմբեր կան տեղեկատվական դաշտում)։ Ո՞ր լրատվամիջոցներն են դրանց հիմնական կրողները։

6. Իսկ Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված հենց այդպիսի տեղեկատվական քաղաքականությունը կամ գաղափարախոսական ուղղվածությունը։

7. Ի՞նչ առանձնահատկություններ ունեն՝

հետևյալ ՀՏ ալիքները (Երկիր Մեդիա, Հ1, Կենտրոն, Շողակաթ)
/թերթերը (Ազգ, Առավոտ, Голос Армении, ՀԺ, ՀՀ)
/կայքերը (1in.am, azatutyun.am, lragir.am, news.am, panarmenian.net, 7or.am)
Խոսենք դրանց մասին առանձին-առանձին։

8. Ձեր կարծիքով, տարբերվո՞ւմ են արդյոք նշված լրատվամիջոցների լսարանները։ Եթե այո, ապա ինչո՞վ։

9. Ներկայացնո՞ւմ են արդյոք նշված լրատվամիջոցները ազգային նպատակներ:

a. Եթե այո, ապա որո՞նք են դրանք։
b. Ի՞նչ ձևով են ներկայացվում։
c. Ինչպե՞ս է ներկայացվում ազգային շահի գաղափարը նշված լրատվամիջոցներում (պետություն` ՀՀ և ԼՂՀ, հայկական բանակ, Հայ Առաքելական եկեղեցի, հայոց պատմություն, գիտություն-կրթություն)։Ի՞նչ իմաստավորում է տրվում այդ հասկացություններին։
d. Ինչպիսի՞ն են տեսնում Հայաստանի ապագան նշված լրատվամիջոցները։

10. Նշված լրատվամիջոցներում Հայաստանի հասարակության և Հայության մասին ի՞նչ պատկերացումներ և դիրքորոշումներ կան։ Առկա՞ են արդյոք դրանց վերաբերյալ իդեալականացված պատկերացումներ, եթե այո, ապա ինչպիսի՞։

11. Ինչպե՞ս են նշված լրատվամիջոցները ներկայացնում քաղաքական ոլորտը, քաղաքական հարաբերությունները, (քաղաքական սուբյեկտների միջև, քաղաքական սուբյեկտների և հասարակության միջև): Առկա՞ են արդյոք դրանց վերաբերյալ իդեալականացված պատկերացումներ, եթե այո, ապա ինչպիսի՞։

12. Ի՞նչ դիրքորոշումներ են ձևավորվում և տարածվում մտավորականության և մտավոր աշխատանքի նկատմամբ։ Առկա՞ են արդյոք դրանց վերաբերյալ իդեալականացված պատկերացումներ, եթե այո, ապա ինչպիսի՞։

13. Ըստ Ձեզ, ի՞նչ դիրքորոշումներ են ձևավորվում նշված լրատվամիջոցների կողմից առհասարակ աշխատանքի նկատմամբ, ո՞ր տիպի աշխատանքն է արժևորվում լրատվամիջոցների կողմից։

14. Ունե՞ն արդյոք նշված լրատվամիջոցները ընդգծված կամ գոնե նկատելի դիրքորոշում.

a. տնտեսությունում պետության դերի վերաբերյալ: Եթե այո, ապա ինչպիսի՞:
b. սեփականատերի, կառավարիչների և վարձու աշխատողների միջև աշխատանքային հարաբերությունների:
c. արտադրության արդյունքների բաշխման, վերաբաշխման տարբեր ձևերի նկատմամբ:
d. Առկա՞ են արդյոք դրանց վերաբերյալ իդեալականացված պատկերացումներ, եթե այո, ապա ինչպիսի՞։

15. Ունե՞ն արդյոք նշված լրատվամիջոցներն ընդգծված կամ գոնե նկատելի դիրքորոշում տնտեսական զարգացման հեռանկարների և հայեցակարգերի վերաբերյալ (օրինակ, գիտատեխնիկական և տեխնոլոգիական զարգացում, ինտենսիվ զարգացում և այլն):

16. Ի՞նչ բարոյական արժեքներ և նորմեր են տարածում նշված լրատվամիջոցները։ Առկա՞ են արդյոք դրանց վերաբերյալ իդեալականացված պատկերացումներ, եթե այո, ապա ինչպիսի՞։

17. Ինչպե՞ս են ներկայացվում սոցիալական հարաբերությունները հասարակության տարբեր անդամների, խմբերի միջև (անհատական, ընտանեկան, միջանձնային, սեռերի միջև հարաբերությունները)։Առկա՞ են արդյոք դրանց վերաբերյալ իդեալականացված պատկերացումներ, եթե այո, ապա ինչպիսի՞։

18. Ինչպե՞ս են ներկայացվում հասարակական տարբեր ոլորտները նշված լրատվամիջոցների կողմից (առողջապահություն, կրթություն, գիտություն, էկոլոգիա, ժողովրդագրություն, արտագաղթ, ներգաղթ, սոցիալական պաշտպանություն, հասարակական ինքնավարություն)։ Առկա՞ են արդյոք դրանց վերաբերյալ իդեալականացված պատկերացումներ, եթե այո, ապա ինչպիսի՞։

19. Ունե՞ն արդյոք նշված լրատվամիջոցները իրենց գաղափարները տարածելու, դիրքորոշում ձևավորելու հատուկ և գիտակցված կերպով օգտագործվող մեխանիզմներ, մասնավորապես, հոգեբանական, տեխնիկական կամ այլ։ Խնդրում եմ Ձեր պատասխանները ուղեկցել օրինակներով։

20. Խնդրում եմ ընդհանրացնելով դիրքավորեք նշված լրատվամիջոցները գաղափարախոսական հետևյալ չափողականություններում` լիբերալիզմ – սոցիալիզմ, ազգայնականություն – ինտերնացիոնալիզմ, աշխարհաքաղաքական կողմնորոշումներ։

21. Ձեր կարծիքով, նշված լրատվամիջոցներն ավելի շատ ձևավորում են դիրքորոշումներ.

- իրակա՞ն, թե՞ իդեալական արժեքների շուրջ,
- նյութակա՞ն, թե՞ հոգևոր արժեքների շուրջ,
- գոյապահպանմա՞ն, թե՞ զարգացման տանող արժեք-գաղափարների շուրջ։

22. Ասացեք խնդրեմ, թե ովքե՞ր են նշված լրատվամիջոցները տիրապետողները կամ նրանց քաղաքականության հիմնական որոշողները։

Ե. Մեդիա ոլորտի բարեփոխում

23. Կա՞ արդյոք անհրաժեշտություն բարեփոխելու իրավիճակը մեդիա դաշտում կապված գաղափարների-արժեքների տարածման հետ։ Ի՞նչ մեխանիզմներով և ո՞ւմ կողմից։

1 «ՀՀ տեղեկատվական տարածքի իդեոլոգեմների ուսումնասիրությունը» երկամյան գիտական հետազոտական ծրագիր է, որը մրցութային կարգով ֆինանսավորում է ստացել ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից։

2 Փորձագետները նշում են, որ չնայած խորհրդային թերթերն ազատ չէին ցանկացած հարց առաջ քաշելու մեջ, համապատասխան կազմակերպությունները պարտավոր էին քննության առնել նրանց հնչեցրած խնդիրները և արձագանքել՝ ի պատասխան գրելով, որ ձեռնարկվել են միջոցներ հարցի շտկման ուղղությամբ։

3 Այսպիսի թեժ, բայց անկանոն (նորմերի դաշտից դուրս) մրցակցությունը շուտով ցուցադրեց նաև իր կողմնակի հետևանքները, երբ բլոգերների և օգտատերերի անձնական մտորումները դարձան լրահոսի և վերլուծական հոդվածների առարկա։ Այսպես, ակնհայտ դարձավ, որ առցանց լրատվամիջոցներն ու թերթերը հաճախ ամենաօպերատիվը լինելու առաջնահերթությունից դրդված՝ երկրորդ պլան են մղում ճշգրտված տեղեկատվություն տրամադրելը՝ երբեմն շրջանառության մեջ դնելով ոչ միայն չստուգված, այլև կատակը որպես լուրջ մատուցվող տեղեկություններ։ Առցանց լրատվամիջոցների կողմից լսարան գրավելու տարբեր եղանակների մասին մեր ամբողջական դիտարկումները կներկայացնենք հետագա հոդվածներում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր